Հունահռոմեական ոճի ըմբշամարտ. Հայաստանի հավաքականը լուրջ համալրում ստացավ

downloadՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից ելույթ ունենալու մեծ ցանկություն հայտնած Ռուսաստանի առաջատար ըմբիշներից մեկը՝ ծննդով Էջմիածինցի Միհրան Հարությունյանը, ով անցած տարեվերջին նվաճել էր 66 կգ քաշային կարգի Հայաստանի չեմպիոնի կոչումը, վերջապես ՖԻԼԱ-ից պաշտոնապես իրավունք է ստացել հուլիս 1-ից միջազգային մրցասպարեզում ներկայացնելու Հայաստանը: Մեր թղթակցի հետ զրույցում երիտասարդ ըմբիշն ասաց հետևյալը.

«Ուրախ եմ հայտնելու, որ բյուրոկրատական գործընթացները, որոնց պատճառով ես ստիպված եղա բաց թողնել Սասարիի (Իտալիա) և Դորտմունդի (Գերմանիա) հեղինակավոր մրցաշարերը, մնացին ետևվում: Հուլիսի 1-ին ՖԻԼԱ-ն պաշտոնապես հաստատեց միջազգային մրցաշարերում Հայաստանի հավաքականից ելույթ ունենալու իմ իրավունքը:

Շատ ուրախ եմ, որ դա վերջապես իրականություն դարձավ ու ես արդեն կարող եմ հայրենիքիս դրոշի ներքո հանդես գալ: Շատ ափսոս միայն, որ աշխարհի առաջնության նախապատրաստական փուլ հանդիսացող վերոհիշյալ կարևորագույն մրցաշարերը ստիպված եղա բաց թողնել: Ժամանակը աղետալի ձևով չի բավականցնում: Իմ առաջիկա մեկնարկները կլինեն նախ հուլիսի 19-20-ին հունական Օլիմպիայում, ապա հուլիսի 27-29-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեատում կայանալիք միջազգային մրցաշարերում: Քիչ ժամանակ է մնում մինչ աշխարհի առաջնության մեկնարկը, սակայն այդ 2 մրցաշարերում կջանամ առաջնությանը լավագույնս նախապատրաստվելու համար առավելագույնը անել:

Հավաքականի անդամները բոլորն էլ կարևոր մրցաշարերում արդեն փորձակել են իրենց ուժերը, միայն ես դեռ մրցաշարերին մասնակցելու կարիք ունեմ: Հավաքից-հավաք ընկած ժամակաշրջանում մարզվում եմ հայրենի Էջիածնում ու Երևանում: Երբեմն անգամ ինձ համար հատուկ մարզումային մարզադահիճների անհրաժեշտությունում չի լինում. ես գործնականում ամենուր կարող եմ ինքս ինձ համար անհրաժեշտ մարզումային մթնոլորտ ստեղծել: Հունաստանում բնակող ընկերս տեղեկացրել է, որ Օլիմպիայի մրցաշարը բավական ուժեղ կազմ է հավաքելու:

Ես հիմա Հայաստանի հավաքականի կազմում հուլիսի 5-ին կմեկնեմ Ալուշտա ուսումնամարզական հավաքի, իսկ այնտեղից արդեն կուղևորվեմ Հունաստանի և Ռումինիայի մրցաշարերում հանդես գալու»:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա

Tags: ,