Մայրաքաղաքում բացվել է ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հուշարձանը

Մայրաքաղաքում բացվել է ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հուշարձանըԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Հայ քաղաքական գործչի հուշարձանը տեղադրվել է Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասի նորակառույց հանգստի գոտում, որը կրում է ազգային հերոսի անունը: Քանդակագործ Հայկ Թոքմաջյանի կողմից իրականացված հուշարձանի բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Մովսես Գորգիսյանի այրուն՝ Ռուզաննա Գորգիսյանին: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Մովսես Գորգիսյանի ընտանիքի անդամները, զինակից ընկերներն ու երևանցիներ: Հուշարձանի տեղադրման հարցում ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ՀՀ ազգային հերոսի ընտանիքի անդամները նկատել են, որ հանգստի գոտին իսկապես սիրված վայր է դարձել տարածքի բնակիչների համար և կարևոր է, որ Մովսես Գորգիսյանի հիշատակը հավերժացնող այս կոթողը տեղադրվեց հենց այդ միջավայրում: Հարկ է նշել, որ Չարբախ թաղամասի այս հանգստի գոտին բարեկարգվել է Երևանի քաղաքապետարանի բակերի համալիր բարեկարգման 2013թ. ծրագրի շրջանակում:  Շուրջ 6000 քմ տարածք զբաղեցնող հատվածում ընդամենը մի քանի ամսում կառուցվեց նոր պուրակ՝ ապահովված լիարժեք հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Օգտվելով առիթից՝ բակի բնակիչները մեկ անգամ ևս շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին՝ կատարած մեծ աշխատանքի ու մայրաքաղաքի ծայրամասերին ցուցաբերվող հետևողական ուշադրության համար: 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Tags: