«Անունը կա, ամանում չկա». Նոր վարկավորում ՓՄՁ ոլորտին

փմձՀայաստանը փոքր և միկրո ձեռնարկատիրությունը խթանելու նպատակով վերջերս մի քանի օրենսդրական փոփոխություններ է կատարել հատկապես հարկային դաշտում, որոնց «Անկախն» անդրադարձել է: Գործարարությունը խթանելու գործիքները ստեղծված են` հարկային արտոնություններ, էլեկտրոնային հաշվետվություն, ձեռնարկատիրության գրանցում մի քանի րոպեների ընթացքում, հարկային վարչարարության պարզեցում և այլն:

Անդրադառնանք նաև Հայաստանի տնտեսություն ուղղվող ֆինանսական ռեսուրսներին, որոնք այս կամ այն կերպ միտված են նպաստելու ՓՄՁ-ների զարգացմանը: Վերջերս տեղեկացանք, որ միջազգային կառույցների կողմից հայաստանյան բանկային համակարգին են տրամադրվել միլիոնավոր դոլարներ, որոնց մասին պայմանագրերը վավերացվել են երկու կողմերի ներկայությամբ:

ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավարի հրավերով Հայաստանում էին գտնվում Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի` EFSE-ի ներկայացուցիչները` իրենց տարեկան ժողովը այստեղ անցկացնելու նպատակով: Գործնական ամփոփիչ հանդիպումն ավարտվել է նաև Հայաստանին վարկ տրամադրելու պայմանագրով:

Դեռևս 2010-ից մեր երկիրն ակտիվ համագործակցում է EFSE-ի հետ` համարվելով ամենաակտիվ վարկառու երկրներից մեկը: Ըստ մեր օտարերկրյա գործընկերների` Հայաստանը վարկավորման բավական բարձր մակարդակ ունի և երկրորդն է 16 երկրների թվում, որոնք գյուղական բնակչության սպասարկման բավական լավ ցուցանիշներ ունեն: Վարկառու երկրների շարքում երրորդ տեղում ենք Ադրբեջանից հետո, իսկ առաջին հորիզոնականում Վրաստանն է:

Իրավիճակը գոհացնող է նաև վարկերի վերադարձելիության առումով, և այդ ցուցանիշը 2 տոկոսից քիչ է, ինչը, ըստ կառույցի ներկայացուցիչների, վստահություն է ներշնչում վարկառու ֆինանսական կառույցների նկատմամբ:

EFSE հիմնադրամը հիմնվել է KFW գերմանական զարգացման բանկի նախաձեռնությամբ, նպաստում է Արևելյան Եվրոպայի և եվրոպական հարևանության տարածաշրջանի տնտեսական զարգացմանը` լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրելով միկրո և փոքր ձեռնարկություններին, ինչպես նաև ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին` ֆինանսական հաստատությունների միջոցով: Հիմնադրամին անդամակցում են Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Մակեդոնիան, Վրաստանը, Կոսովոն, Մոլդովան, Մոնտենեգրոն, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան։

Կարևորելով ֆինանսական միջոցների հասանելիությունը փոքր և միկրո ձեռնարկությունների զարգացման առումով` հիմնադրամն աջակցում է տեղական ֆինանսական հաստատություններին՝ բարձրացնելու իրենց հնարավորություններն ու կարողությունները:

Այս տարի հիմնադրամն իր վարկային փաթեթում որոշակի մասնաբաժին հատկացրել է նաև մեր երկրին: Հունիսի 18-ին միջազգային կառույցն ազգային արժույթով նոր վարկ է տրամադրել հայաստանյան երկու առևտրային բանկերի` «Արարատբանկին» և «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկին: 12 մլն դոլար վարկ հատկացվել է «Արարատբանկին», որը նախատեսված է Հայաստանում միկրո և փոքր ձեռնարկատիրության վարկավորման համար: Հատկացված փոխառությունն օգտագործվելու է 5-ամյա մարման ժամկետում, 10-11% տոկոսադրույքով: «Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը տեղեկացրեց, որ վարկավորման տոկոսադրույքը կախված կլինի բիզնեսի ռիսկայնությունից, բայց ամեն դեպքում չի գերազանցի 11 տոկոսը: Համապատասխան պայմանագիր ստորագրվել է նաև «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկի հետ, որին տրամադրված գումարը կազմում է 15 մլն դոլար: Ֆինանսական այս հոսքերը. ըստ բանկի հիմնադիրների, հնարավորություն կտա վարկավորելու շուրջ 15 հազար փոքր ու միկրո ձեռնարկություններ, ներառյալ ֆերմերային տնտեսություններն ու գյուղատնտեսները:

Ներգրավված ֆինանսական միջոցները երկու բանկերին էլ հնարավորություն կտան ավելացնելու փոքր բիզնեսին հատկացվող ռեսուրսները` նպաստելով նրանց գործունեությանը:

Նկատենք, որ խոսքը ոչ թե մլն դրամների այլ դոլարների մասին է, որոնք ընդհանուր առմամբ նախատեսված են երկրի տնտեսության մեջ շրջանառվելու համար:
EFSE-ը մինչ օրս Հայաստանում համագործակցել է 6 առևտրային բանկերի հետ, որոնք 12 հազար վարկ են տրամադրել ՓՄՁ-ներին 113,3 մլն եվրոյի շրջանակներում: Այսինքն` Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկիրը վերջին 3-4 տարիների ընթացքում կարողացել է միլիոնավոր եվրոների փոխառություն վերցնել և շրջանառել տնտեսությունում:
Սովորական քաղաքացու համար, սակայն, դժվար է այս ցուցանիշները հավանական համարել, քանի որ հարց կծագի, թեկ ուր են կամ ինչ նպատակի են ծառայեցվել միլիոնավոր եվրոները, եթե գործարարության ոլորտում ակնառու բարելավումներ չեն դիտվել: Հակասությունները թերևս շատ են:
Ինչքան էլ խոսվում է գործարարության միջավայրի բարելավման, վարկավորման գործիքների մատչելիության և այլ գործոնների մասին, դժվար է անտեսել օրեցօր լուծարվող կամ սնանկացող ձեռնարկությունները: Հատկապես մայրաքաղաքի կենտրոնով շրջելիս հաճախակի ենք տեսնում փակվող խանութներ, որոնք կա՛մ վաճառքի են հանվում, կա՛մ տրվում են վարձով: Նույնիսկ տարիներով գործող և համբավ ունեցող բրենդային խանութներն են լիկվիդացիոն գների առաջարկով ազդարարում իրենց գործունեության լուծարումը: Իսկ փոքր ձեռնարկատիրությունների կամ սկսնակ գործարարության մասին խոսք լինել չի կարող այն պարագայում, երբ նույնիսկ խոշորներն են փակուղու առաջ հայտնվում:
Բավական ռիսկային է գործարարությամբ զբաղվելը, երբ ներդրվող գումարը ոչ թե սեփական միջոցներից է, այլ վերցվում է փոխարինաբար: Փաստորեն, ևս 27 մլն դոլար նախատեսվում է նպատակաուղղել ՓՄՁ ոլորտի վարկավորմանը, մինչդեռ չունենք վիճակագրություն, թե 113, 3 մլն եվրոն իրականում ինչ նպատակների համար է ծառայեցվել:
Շատ գործարարներ դժգոհում են այն հանգամանքից, որ վարկավորվելն այնքան էլ դյուրին գործընթաց չէ, իսկ տոկոսադրույքներն էլ` ոչ այնքան գրավիչ: Թերևս ոգևորում է այն փաստը, որ տարեցտարի Հայաստանի ֆինանսական համակարգը դառնում է ավելի հուսալի և կայուն օտարերկրյա կազմակերպությունների շրջանում, սակայն մյուս կողմից էլ հիասթափեցնում է, երբ սովորական քաղաքացու` սեփական կենցաղը բարելավելու ճիգերն այդպես էլ չեն արդարացվում:
Լ.Ն

 

Tags: ,