Թուրքիայի նախագահի թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Էքմելեդդին ԻհսանօղլուԹուրքիայի նախագահի թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն այսօր պաշտոնապես սկսել է իր նախընտրական քարոզարշավը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրան հարց է ուղղել «Թարաֆ» թերթի հայազգի սյունակագիր Հայկո Բաղդադը: «Դուք միջազգային հարթակներում պաշտոններ զբաղեցրած մի անձ եք և Թուրքիայի նախագահ լինելու պարագայում մոտ ժամանակներում Թուրքիայի ամենակարևոր հարցերից մեկը 1915 թվականի դեպքերի 100–ամյակն է լինելու և այս հարցը օրակարգային կլինի և միջազգային հարթակներում, և Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Դուք համաշխարհային իրավունքի տեսանկյունից ինչպես եք գնահատում 1915 թվականի դեպքերը: Ի՞նչ կասեք հրապարակված ցավակցական ուղերձի մասին: Արդյո՞ք այն թերի է, չափից ավելի է, թե՞ բավարար»,-հարցրել է Բաղդադը Իհսանօղլուն: «1915 թվականին եղած ցավալի դեպքերը մեզ միշտ վշտացրել են և շարունակելու են վշտացնել: Ես շատ լավ եմ հիշում, երբ 1970–ականներին, որպես համալսարանի դասախոսական կազմի երիտասարդ անդամ, մասնակցում էի մշակույթի նախարարության միջոցառումներին և սերտ կապեր ունեի արտգործնախարարության հետ: Այս երկու նախարարությունների միջոցառումներին մասնակից լինելով տեղյակ եմ նաև հարցի էությանը: Կառավարության ցավակցական ուղերձը ճիշտ և տեղին էր: Թուրքիան այս հարցը պետք է լուծի համբերատարությամբ, սառնասրտությամբ` օգտագործելով դիվանագիտության և գիտության բոլոր ճանապարհները: Այս պահին ավելին չեմ ուզում ասել»,-պատասխանել է Իհսանօղլուն:

Անկախ

 

Tags: ,