Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում

 

Տարոն ՄարգարյանԵրևան քաղաքի զարգացման 2014 թվականի ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները: Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է այս տարվա ծրագրով արդեն բարեկարգված, ժամանակակից խաղահրապարակներով, մարզական գույքով, զրուցարաններով և նստարաններով կահավորված ու գիշերային լուսավորությամբ ապահովված հերթական բակերը: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին բակերի բարեկարգման ծրագիրը հետևողականորեն կյանքի կոչելու համար՝ Կոմիտասի 55 և Քոչարի 17 բակային տարածքների բնակիչները նկատել են, որ տասնյակ տարիներ անխնամ մնացած տարածքներն այսօր այլևս համալրել են մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը:

003Իր հերթին շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս նշել է, որ որպես ծրագրային առաջնահերթություն՝ բակերի բարեկարգման ծրագիրը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգված. «Մենք յուրաքանչյուր տարի շուրջ 400 բակ ենք բարեկարգում և հանձնում մեր բնակիչներին:

005 Այս տարի բարեկարգվող բակերի թիվը կարող է հասնել մինչև 600-ի, քանի որ համայնքային բյուջեով նախատեսված շուրջ 400 բակերին կարող է ավելանալ նաև մասնավորի կողմից մինչև 200 բակերի բարեկարգումը: Անշուշտ, սա Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության ևս մեկ հրաշալի ապացույցը կդառնա, ինչը մշտապես ողջունվել և ողջունվելու է մեր կողմից: Բազմիցս եմ առիթ ունեցել հայտարարելու, որ մասնավորի կողմից նախաձեռնվող յուրաքանչյուր աշխատանք, որը միտված է Երևանի զարգացմանն ու երևանցիների միջավայրն առավել հարմարավետ դարձնելուն, մեր լիազորությունների շրջանակում մշտապես ստանալու է մեր աջակցությունը: Ավելորդ չեմ համարում նաև նշել, որ բակերի բարեկարգման ծրագիրը մեր կողմից իրականացվում է մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքով ու, ըստ այդմ, այդ աշխատանքներն իրականացվում են բոլոր 12 վարչական շրջաններում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

001

Կոմիտասի 55 հասցեում բարեկարգված բակի  կանաչապատման գոտում Երևանի քաղաքապետը եղևնիներ է տնկել:

006

Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է նաև Արաբկիրի բարեկարգվող մի շարք բակերի շինհրապարակներ: Պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել բակային տարածքներում նախատեսվող համալիր բարեկարգման նախագծերն ու աշխատանքների ընթացքի մանրամասները: Հանգստի հարմարավետ գոտիների ստեղծման ու բակերի համալիր բարեկարգման 2014 թվականի ծրագրերի շրջանակում Արաբկիր վարչական շրջանում ընդհանուր առմամբ նախատեսվում է կառուցել և բարեկարգել 63 բակ: Դրանցից 23-ում աշխատանքներն արդեն ավարտված են: Զեկուցվել է, որ բարեկարգմանը զուգահեռ՝ ընթանում են նաև կանաչապատման աշխատանքներ: Տարեկան ծրագրով նախատեսվում է ազատել և ընդհանուր օգտագործման ծառայեցնել 12800 քմ տարածք: Հարկ է նշել, որ այս տարի ևս բարեկարգման ծրագրերում ներառվել են բակային տարածքների նկարազարդման աշխատանքները: Արդյունքում կնկարազարդվի ևս 5500քմ մակերես. «Քաղաքապետարանն ամենօրյա աշխատանք է տանում բակերի բարեկարգման ուղղությամբ, որպեսզի օր առաջ դրանք հանձնի մեր բնակիչների տնօրինմանը: Բոլորս էլ գիտակցում ենք, որ սա ոչ մեկ օրվա և ոչ էլ մեկ տարվա աշխատանք է, բայց կարևորը դրա մեկնարկը տալն էր, ինչը արել ենք ու շարունակելու ենք՝ մինչև մայրաքաղաքի բոլոր բակերը բարեկարգենք ու հանձնենք մեր բնակիչներին»,-  շեշտել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը զրուցել է բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրներն ու տեղում մեկ անգամ ևս պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնել բնակիչների առաջարկներն ու նրանց ևս մասնակից դարձնել վարչական շրջանում իրականացվող ծրագրերին: Առանձնակի կարևորելով բակերի համալիր բարեկարգման ծրագրի իրականացումը՝  բնակիչներն իրենց հերթին  նշել են, որ մեծ ոգևորությամբ ու պատրաստակամությամբ են միացել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին ու սեփական նախաձեռնությամբ են ազատել զբաղեցրած տարածքները:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ըմբռնումով են մոտենում բակերի բարեկարգման մեր ծրագրին և հաճախ անգամ իրենց ավտոտնակներից են հրաժարվում՝ բարեկարգ բակ ունենալու համար: Օրինակ հենց Արաբկիրում, որտեղ այս տարի կառուցում ենք 60-ից ավելի բակ, ապամոնտաժվել է շուրջ 80 ավտոտնակ: Մի խոսքով, մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի առաջիկա տարիներին լիարժեք ավարտենք բակերի բարեկարգման ծրագիրն ու մայրաքաղաքում այլևս անբարեկարգ բակ չունենանք», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Բակերի համալիր բարեկարգման ծրագրից բացի, բնակիչների հանգստի կազմակերպման համար հարմարավետ են դառնում նաև պուրակներն ու հանգստի գոտիները: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետին է ներկայացրել նաև Գյուլբենկյան փողոցում գտնվող պուրակի բարեկարգման աշխատանքների ընթացքը: Զեկուցվել է, որ աշխատանքները կավարտեն սահմանված ժամկետում, և հանգստի այս գոտին ևս կհանձնվի բնակիչների տնօրինմանը: Ի դեպ, կառուցվող այս պուրակում կտեղադրվի նաև Գալուստ Գյուլբենկյանի կիսանդրին:

Աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Սարաջյանի անվան երաժշտական դպրոց: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ հիմնանորոգման ծրագրի արդյունքում կրթօջախի սաների համար կապահովվեն հարմարավետ պայմաններ: Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրերի շրջանակում ամբողջությամբ լուծվեց ինչպես այս, այնպես էլ մայրաքաղաքի բոլոր երաժշտական դպրոցների ջեռուցման խնդիրը: Ծանոթանալով հիմնանորոգման աշխատանքների ընթացքին՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ այս ծրագիրը ևս լինելու է շարունակական, և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր երաժշտական դպրոցներում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն   

Tags: , ,