ՎԱՇԽԱՌՈՒԹՅՈՒՆ. ՈՉ ԹԵ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

վաշխառությունԳումարը, գույքը կամ, այսպես ասած, կապիտալը տնօրինելը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացուն: Նա է որոշում` իր գումարը պահել տանը` բարձի տա՞կ, բանկո՞ւմ, թե՞ տալ տոկոսով:

Գումարը տոկոսով տալու դեպքում ոչ բոլոր քաղաքացիներն են հաջողում «չենթարկվել» քրեական պատախանատվության: Եթե տոկոսի գումարը ՀՀ Կենտրոնական բանկի բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցում է, ապա դա ոչ թե դիմացինին օգնելու ցանկություն է, այլ` վաշխառություն: ՀՀ քրեական օրենսգիրքը խիստ է հատկապես վաշխառություն իրականացրած անձանց նկատմամբ: Վաշխառություն կատարած անձանց սպառնում է ազատազրկում մինչև 4 տարի ժամկետով:

ՊԱՐՏՔՈՎ ԳՈՒՄԱՐ` ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ
2009-ի ապրիլի սկիզբն էր: Քաղաքացի Հովհաննես Բ.-ն առևտրային գործունեություն ծավալելու համար որոշում է պարտքով գումար ճարել: Օրերն անցնում էին, բայց Հովհաննեսը նպատակասլաց էր, ու ցանկանում էր, որ ձեռնարկված գործը չձախողի… Այդ նպատակով Հովհաննեսը Սվետլանա Ս.-ի և Ռոբերտ Թ.-ի միջոցով ծանոթանում է Սուսաննա Պ.-ի հետ: Կնոջ հետ Հովհաննեսը երկար է շփվում: «Պայմանավորվածության» համաձայն` Հովհաննեսն ամսական 6 տոկոս հավելավճար տալու պայմանով տիկնոջից վերցնում է 51.000 ԱՄՆ դոլար:
Գործի գլուխ կանգնած կինը գումարը հեշտությամբ է տալիս, բայց երաշխիքներ է ուզում: Ի վերջո, որպես գումարի վերադարձման երաշխիք` Հովհաննեսը, իբր, ձևական առուծախի պայմանագրով Սուսաննա Պ.-ին է հանձնում իր հորը` Նավասարդ Բ.-ին պատկանող առանձնատունը, որ գտնվում է Կոտայքի մարզի գյուղերից մեկում:
2009-ի ապրիլի վերջն էր. նոտարական վավերացմամբ առուծախի պայմանագրով վերոհիշյալ տունը Սուսաննա Պ.- ի անվամբ գրանցելուց հետո վերջինս Երևան քաղաքի նոտարական գրասենյակներից մեկի մոտ Հովհաննես Բ.-ին է տալիս 51.000 ԱՄՆ դոլար գումար և նույն պահին էլ ստանում երկու ամսվա տոկոսագումարի հավելավճարը:
Հովհաննեսը դեռ չգիտեր, որ տոկոսով գումար վերցնելն ու բիզնես հիմնելը չիրագործվող երազանքի պես մի բան է: Պայմանավորվել էր ընկերոջ հետ, ընկերոջն էր վստահել ու գումարը տվել նրան` շենք-շինությունում տարածք վարձակալելու, վերանորոգելու, պետական ռեգիստրի գործակալությունում հիմնարկ գրանցելու և այլ ծախսեր իրականացնելու նպատակով: Ըստ ժողովրդական ասացվածքի` ընկերոջ հետ կերուխում են անում, բայց գործով չեն զբաղվում:
Հովհաննեսն իրեն մի քանի ամիս շռայլություններ էր թույլ տալիս, բայց ամեն ինչ դեռ նոր էր սկսվում: Ապագա գործարարն իր ծանոթ Սվետլանա Ս.-ի և Ռոբերտ Թ.-ի միջոցով Սուսաննա Պ.-ին է փոխանցում հաջորդ ամիսների հավելավճարների ընդամենը մի մասը:
Դրանից հետո Հովհաննեսը չի կարողանում վերադարձնել պարտքով վերցրած գումարը և վճարել հավելավճարները: Փորձում է այլ անձից դարձյալ փոխարինաբար գումար վերցնել և մարել կնոջ պարտքի գումարը: Այդ նպատակով դարձյալ դիմում է իր ծանոթ Ռոբերտ Թ.-ին, որը Արմինե Ա.-ի միջոցով ծանոթանում է տոկոսով գումար տվող Օֆելյա Խ.-ի հետ: Վերջինս համաձայնում է Հովհաննեսի հորը փաստացի պատկանող և Սուսաննա Պ.-ի անվամբ գրանցված տունը, դարձյալ ձևական առուծախի պայմանագրով, իր անվամբ վերաձևակերպելուց հետո, ամսական 10 տոկոս հավելավճարով տալ 40.000 ԱՄՆ դոլար: Օֆելյա Խ.-ի առաջադրած պայմանի համաձայն՝ Հովհաննեսը երկու ամիս հետո պետք է վերադարձներ ամբողջ, այսպես ասած, մայր գումարը և խոստացած երկու ամսվա հավելավճարը:
Մղձավանջ թվացող գործարքից անցել էր 1 տարի և մի քանի ամիս:
Նոտարական գրասենյակներից մեկի մոտ Հովհաննեսի համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում Սուսաննա Պ.-ի և Օֆելյա Խ.-ի միջև կնքվել է տան առուծախի ձևական պայմանագիր, որի հիման վրա իր հորը սեփականության իրավունքով պատկանող առանձնատունը 18.000.000 ՀՀ դրամի դիմաց վերաձևակերպվել է Օֆելյա Խ.-ի անվամբ: Հովհաննես Բ.-ի և Օֆելյա Խ.-ի պայմանավորվածության համաձայն` 18.000.000 դրամի մեջ ներառվել է ամբողջ գումարը և երկու ամսվա հավելավճարները: Դրանից հետո, Հովհաննեսը չի կարողանում Օֆելյա Խ.-ին վճարել ինչպես պարտքի գումարը, այնպես էլ հավելավճարները, որի պատճառով 2010 թ. մայիսին վերջինս հայցադիմում է ներկայացնում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` տան առուծախի պայմանագրի հիման վրա անշարժ գույքը Հովհաննես Բ.-ին ապօրինի տիրապետումից ազատելու պահանջով:

ԳՈՐԾՈՎ ՏՈՒԺՈՂԸ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼ
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը արագացված կարգով կատարում է, այսպես ասած, քաղաքացիական գործով դատավարությունը: Գործով տուժող կինը՝ Օֆելյա Խ.-ն, հաղթում է դատը: Դատարանը որոշում է առանձնատնից վտարել Հովհաննես Բ.-ին և իր հորը:
Շատ չանցած, տուժողի հաղորդման հիման վրա, նախապատրաստված նյութերով՝ հարուցվում է քրեական գործ, և դատարանը ըստ ընդդատյա վարույթն ուղարկում է նախաքննական մարմին:
Իր ծուղակը գցող կնոջը ոչ հաճելի իրադարձություններ էին սպասվում: Շուտով վարույթն իրականացնող անձինք նրան՝ Օֆելյա Խ.-ին, գործով մեղադրյալ ներգրավելու մասին որոշում են կայացնում և մեղադրանք առաջադրում ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (վաշխառություն, որի հետևանքով տուժողն ընկել է նյութական ծանր կացության մեջ) հատկանիշներով նախատեսված արարքի կատարման համար:
Նախաքննական մարմինը հիմնավորել է. քաղաքացի Հովհաննես Բ.-ին պարտք տված առանձնապես խոշոր չափերի գումարի դիմաց Օֆելյա Խ.-ից ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալու նպատակով, Հովհաննես Բ.-ի հորը սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի գյուղերից մեկում գտնվող առանձնատունը ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում, ձևական առուծախի պայմանագրով, ձևակերպել է իր անվամբ, ապա դատարանի վճռի հիման վրա նրանց վտարել տանից, որի հետևանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ:

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Դատաքննության փուլում Օֆելյա Խ.-ն իրեն մեղավոր չի ճանաչում: Նա ցուցմունք է տալիս, որ 2009թ. ապրիլին ինքը վաճառել է Երևան քաղաքի իր բնակարանը և գումարը դրել բանկում: Իր բարեկամներին ասել է, որ եթե քաղաքամերձ վայրում հարմար բնակարան լինի, իր ունեցած գումարի սահմաններում, իրեն տեղյակ պահեն: Իր խնդրանքից շատ չանցած՝ փեսան իրեն ասել է՝ տուն է գտել: Պայմանավորվել են, և ինքը Ռոբերտ Թ.-ն, Արմինե Ա.-ի, ևս մեկ անձի հետ (ում չի ճանաչում) և իր փեսայի հետ գնացել է տունը տեսնելու: Հիշում է, որ երբ մտել են տուն, նա խոհանոցում տեսել է մի տարեց կնոջ և մի աղջկա, որոնք ոչ մի կերպ չեն արձագանքել: Իր հարցին, թե ովքեր են, Ռոբերտը պատասխանել է, որ իր մտերիմներն են, որ տունը գնեն` նրանք անմիջապես դուրս կգան, պրոբլեմ չեն ստեղծի:
Օֆելյա Խ.-ն նաև ասել է, թե իրեն ասել էին, որ Ռոբերտը զբաղվում է մեքենաների ներկրմամբ, մաքսատանը հարցեր ունի լուծելու, այդ պատճառով է տունն ավելի մատչելի գնով վաճառում: Բացի այդ, ինքը գիտեր, որ տների գներն ընկել են: Հետագայում պարզվել է, որ ինքը նախապես պայմանավորվել էր նոտարի հետ: Ոմն Սերոբ ներկայացել է որպես տանտեր, որը լիազորագրով պետք է վաճառեր: Ինքը նոտարին հարցրել է, թե, արդյոք լիազորագիրը ճիշտ է, ինչին վերջինս պատասխանել է, որ ամեն ինչ կարգին է: Եվ իր փեսան ու վերոնշյալ թվարկված անձինք առանձնատունը լիազորագրի հիման վրա վաճառել են իրեն:
Օֆելյա Խ.-ն չի ընդունել վաշխառություն կատարելու հանգամանքը և պնդել է, որ բնակարանը գնել է:

ԱՊԱՑՈՒՑՎԵԼ Է
Ամբաստանյալ Օֆելյա Խ.-ին առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է քրեական գործով ձեռք բերված հետևյալ ապացույցներով.
Տուժողը ցուցմունք է տվել այն մասին, որ իր որդին որոշել է զբաղվել առևտրային գործունեությամբ, որի իրագործման համար իրեն գումար է անհրաժեշտ եղել: Համաձայնության գալով 2009-ի ապրիլին ընտանիքի անդամների հետ, գնացել են նոտարական գրասենյակ, որտեղ ծանոթացել են գումար տվող Սուսաննա Պ.-ի և Ռոբերտ Թ.-ի հետ: Ինքը նոտարին հարցրել է, թե արդյոք վտանգ չկա: Իրեն ասել են, որ ոչ մի վտանգ չկա, ձևական առուվաճառքի պայմանագիր է կնքվում: Ստորագրել է և քանի որ շտապում էր, գնացել է աշխատանքի: Կարճ ժամանակ անց լսել է, որ որդին չի կարողանում տոկոսները տալ: Ինքը նրան ասել է, որ գնա Սուսաննային և Ռոբերտին խնդրի, որ մի քիչ ժամանակ տան: Անասուններին կվաճառեին, բարեկամներին կդիմեին, կօգնեին: Բավական ժամանակ անց Օֆելյա Խ.-ն սկսել է տոկոսներ պահանջել: Հետո իմացել են, որ ուզում է իրենց վտարել տնից: Հարկադիր կատարողները եկել են իրենց տուն և իրենց սեփական տնից հանել-գցել են դուրս:
Օֆելյա Խ.-ի նպատակը իրենց տունը վերավաճառել և մեծ գումար աշխատելն է եղել: Իրենք երբեք տունը վաճառելու մտադրություն չեն ունեցել:
Իսկ իրենց տունն արժեր 200.000 դոլարից ոչ պակաս: Այդ տարիներին այդքան արժեր:

ՎՃԻՌ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Վերլուծելով և գնահատելով դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցներն իրենց համակցության մեջ, դատարանը ձեռք բերված ապացույցները բավարար է գտել և գործի փաստական հանգամանքներով հաստատված է համարել, որ ամբաստանյալ Օֆելյա Խ.-ն կատարել է հանցավոր արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներին, և արարքի որակումը ճիշտ է:
Ամբաստանյալ Օֆելյա Խ.-ի նկատմամբ պատիժ նշանակելիս, դատարանը հաշվի է առել նրա կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, ինչպես նաև հանցավորի անձը:
Որպես ամբաստանյալ նրա անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առել այն, որ նա նախկինում դատված չի եղել, նրա խնամքին է գտնվում հիվանդ մայրը:
Դատարանը վճռել է Օֆելյա Խ.-ին մեղավոր ճանաչել և նրան դատապարտել ազատազրկման երկու տարի ժամկետով:
Ասենք, որ սույն վճիռը բողոքարկվել է նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Սակայն բողոքը մերժվել է: Հերթը բարձրագույն դատական ատյանինն է՝ վճռաբեկ դատարանինը:

 

Tags: , ,