Առաջատար ղեկավարներ՝ պետական և մասնավոր հատվածի համար

images (2)ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է “Սիանս Պո” ընկերության տնօրեն Քրիստիան Դյուվալի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը ողջունել է Հայաստանում  “Սիանս Պո” Արմենիա-ի գործունեությունը` կարևորելով վերջինիս գիտակրթական և հետազոտական, ինչպես նաև քաղաքական և տնտեսական  ոլորտների առաջատար ղեկավարների վերապատրաստման կուրսերը: Ա. Աշոտյանի խոսքով` նման հաստատության բացումը տարածաշրջանում աննախադեպ իրադարձություն է և, ըստ էության, առաջինն է ԱՊՀ տարածքում: Նախարարը նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն ավանդաբար գտնվում են բարձր մակարդակի վրա` ընդգծելով, որ պատահական չէ, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նախատեսվող միջոցառումներին:
“Սիանս Պո” ընկերության տնօրեն Քրիստիան Դյուվալը ողջունել է Հայաստանի` Բոլոնիայի քարտուղարության նախագահության ստանձնումը` նշելով, որ այն նոր խթան կհանդիսանա` Հայաստանի կրթական ոլորտի ինտեգրմանը եվրոպական միասնական կրթական տարածքին: Վերջինիս խոսքով` “Սիանս Պո” Արմենիան ՀՀ հանրային ծառայողներին և ուսանողներին առաջարկում է համատեղ բարձրագույն մասնագիտական (մագիստրոսի որակավորմամբ), հետբուհական կրթական ծրագրեր և լրացուցիչ, շարունակական կրթություն` ընդգծելով, որ ընկերությունն իր ծառայությունը կմատուցի ոչ միայն հայ ուսանողներին, այլև օտարերկրյա քաղաքացիներին` դառնալով նաև տարածաշրջանում միջազգային մակարդակի կառույց: Քրիստիան Դյուվալը նշել է նաև, որ Էքս-ան-Պրովանսի “Սիանս Պո” քաղաքագիտության ինստիտուտի առաքելությունը ի սկզբանե եղել է առաջատար ղեկավարների պատրաստումը թե՛ Ֆրանսիայի պետական համակարգի, թե՛ մասնավոր հատվածի համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երիտասարդ գիտաշխատողների,  դիպլոմների փոխճանաչման, ուսանողների շարժունության, Ֆրանսիական համալսարանին գիտահետազոտական բուհի կարգավիճակ տալու, ֆրանկոֆոնիայի կազմակերպության շրջանակներում համագործակցության ընդլայնման և այլ հարցեր:
Նշենք, որ այսօր Ֆրանսիայի դեսպանատանն իրենց ավարտական վկայականներն են  ստացել դասընթացի առաջին 7 շրջանավարտները:

 

Անկախ

Tags: ,