Մենք ունենք ամենաթույլ նախագահը՚

հրայր թովմասյանԻնչու է պետք փոխել երկրի մայր օրենքը, որովհետև այն չի կարգավորում մի շարք խնդիրներ՝ կոռուպցիա, իշխանությունների կամայականություն, գերկենտրոնացում, սոցիալական լարված վիճակ և այլն: Ըստ արդարադատության նախկին նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի նոր սահմանադրությունն այդ խնդիրները չի լուծելու, բայց դրանց մեծ մասն անցնում է սահմանդրական փոփոխություններով: Նա Սահմանադրությունը համեմատում է արձակ ստեղծագործության հետ ու նշում, որ գլխավոր գործող հերոսը պետք է լինի ոչ թե նախագահը, վարչապետը, ԱԺ-ն, այլ հասարակ մարդը:

Քանի որ Թովմասյանն իր կարծիքն հայտնում էր Գյումրիում, համահունչ օրինակով շարունակեց.

ՙՍահմանադրորեն ամրագրված է՝ յուրաքանչյուր ոք ունի բնակարանի իրավունք: Չունենք չէ էդ իրավունքը, բայց դրա կողքին մենք գրել ենք ընտրական, կրթական իրավունք: Եթե բնակարանի իրավունքը չենք ապահովում, ով ասաց որ կրթության իրավունքը պետք է ապահովենք՚, – ասում է Հրայր Թովմասյանը: Հետո հստակեցնում է՝ երբ ասում ենք իրավունք՝ հասկանում ենք պետության պարտականություն, եթե պետությունը ոչինչ չունի այստեղ ասելու, ոնց է էս ամեն ինչը ապահովելու:

Անդրադառնալով պետության կառավարման մոդելին, Թովմասյանը նշեց. ՙԻրական կյանքում չկա կիսանախագահական համակարգ. այսօրվա սահմանադրությամբ մենք ունենք ամենաթույլ նախագահը, որովհետև չունի լիազորություններ՚:

Հրայր Թովմասյանը կառավարման խորհրդարանական մոդելի կողմնակիցն է և գտնում է, որ կիսանախագահականը չի արդարացնում իրեն, անգամ, եթե նախագահն ԱԺ-ում ունի մեծամասնություն, կառավարությունում բոլորն իր թիմակիցներն են, ուրեմն՝ բոլոր հավկիթները գտնվում են մեկ զամբյուղի մեջ, որը մի մարդու ձեռքում է: Իսկ եթե կառավարությունը տարբեր կուսակցություններից է կազմված, ինչպես մեր դեպքում, արդյունքն էլի նույնն է՝ հավկիթները տարբեր զամբյուղների մեջ են, բայց բոլորն էլ գտնվում են մեկ մարդու ձեռքում: Արդյունքում, ի վերջո, նախագահը պատասխանատու է ընդամենը երեք ոլորտների համար՝պահպանություն, պաշտպանություն և արտաքին հարաբերություններ, որոնց պարագայում էլ աշխատում է կառավարության հետ: Հետևապես, նախագահի պաշտոնն այս պարագայում իմաստ չունի:

Անկախ

Tags: ,