Մինչ մեր պատկան մարմինները քնած են էշի ականջում, ադրբեջանցիներն աննկատ իրենց նպատակին են մոտենում

Haykuhi-Barseghyan1Եթե Երևանի բնակիչներիս համար տարվա այս ժամանակահատվածն ընդամենը անտանելի տապի շրջան է, երբ ամեն ոք մտածում է թեկուզ կարճ ժամանակով շոգից կտրվելու ու ինչ-որ զով վայրում հանգստանալու մասին, ապա գյուղացու համար սա նախ և առաջ բերքահավաքի ժամանակաշրջան է, երբ պիտի քաղի իր ողջ տարվա չարչարանքների պտուղները:

Բայց արի ու տես, որ սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչների համար բերքահավաքը «շքեղություն» է. ադրբեջանցիները թույլ չեն տալիս հայ գյուղացուն աշխատել իրեն մնացած մի թիզ հողի վրա:
Գրեթե ամեն օր լրատվամիջոցները հաղորդում են հանդում աշխատողների ուղղությամբ ադրբեջանցիների բացած կրակահերթի մասին: Մարդկային կորուստներ Տավուշում բարեբախտաբար չունենք (ցավոք, ունենք Արցախում. հուլիսի 14-ին Ասկերանում ադրբեջանցի դիպուկահարները սպանեցին դաշտում հերկ անող քաղաքացուն), բայց նյութական և բարոյական վնաս` որքան ասես:
Բոլորը գիտեն` սահմանամերձ գյուղերը սոցիալապես շատ խոցելի են. չկա աշխատանք, իսկ եկամտի միակ աղբյուր հողերը հիմնականում զավթված են ադրբեջանցիների կողմից, ականապատված են, եղածն էլ ցանքսի և բերքահավաքի ժամանակ շարունակական կրակահերթերով չեն թողնում մշակել: Էլ ինչո՞վ պետք է գյուղացին պահպանի իր գոյությունը: Եվ սա այն դեպքում, երբ մեր պետությունը սահմանամերձ բնակավայրերին միայն երբեմն արվող հայտարարություններով է ուշադրության արժանացնում, իսկ լուրջ գործուն քայլեր, որոնք երկրի դարպասները պահող գյուղացու մատից փուշ կհանեին, այդպես էլ չեն արվում (Մովսես գյուղին կառավարությունը հազիվ մի կոմբայն էր նվիրել, այն էլ մի քանի օր անց վնասվեց ադրբեջանցիների կրակոցներից):
Այժմ բարոյական վնասների մասին: Անկասկած է, որ հակառակորդի դիպուկահարի նշանառության տակ ապրող ամեն ոք անչափ սիրում է իր երկիրը, եթե պատրաստ է կյանքն ամեն վայրկյան վտանգի տակ դնել, զրկվել վաղվա օրը պլանավորելու հնարավորությունից, հարսանիք, քեֆ և ուրախությունն անել գիշերով, որպեսզի ադրբեջանցիները չհարամեն, դաշտում աշխատել գիշերով` էլի նույն ադրբեջանցիների կրակոցներից պաշտպանվելու համար: Բայց հայրենիքի հանդեպ սերն էլ իր սահմաններն ունի: Այո, գուցե քաղաքացին իր ընտրությունը կատարել է և որոշել իր կյանքը նվիրել հայրենի բնակավայրին, բայց վստահաբար նա նման ապագա չի ցանկանում իր երեխաների համար: Այս պարագայում արդեն գործում է իսահակյանական հանրահայտ արտահայտությունը, որի մասին երբեմն կարելի է նաև սահմանամերձ գյուղերի բնակիչներից լսել. «Իմ հայրն իմ դեմ մեղանչեց, սակայն ես ոչ մեկի դեմ չմեղանչեցի»: Բայց բոլորիս է հասկանալի` առանց այն էլ ծերացող գյուղերում նման մտայնությունը կործանարար է: Ստացվում է, որ ադրբեջանցիներն աստիճանաբար իրենց ուզածին հասնում են` հայկական բնակավայրերը դատարկվում են:
Ի՞նչ են անում մեր հակառակորդները: Այո, մասշտաբային լայնածավալ պատերազմ չի ընթանում, բայց որ պատերազմական վիճակում ենք, փաստ է: Ու գուցե այս վիճակն ավելի վատ է, քանի որ հակառակորդն աստիճանաբար շահեկան վիճակում է հայտնվում, իսկ մենք դա կարծես չենք էլ նկատում: Ադրբեջանական մտայնությունը հետևյալն է. եթե ես չեմ ապրում այդ հողերում, ուրեմն դու էլ չես ապրի: Իսկ տրամաբանական շարունակությունը պարզ է` դու հեռացար այդ հողերից, ուրեմն դրանք իմը կլինեն: Հասկանալի է, որ սահմանը պահող զինվորին հոգեպես ամուր է պահում այն միտքը, որ իր թիկունքում մարդիկ, բնակիչներ կան: Իսկ գյուղերի դատարկվելու հետ նաև դեմքով դեպի թշնամին կանգնած զինվորի թիկունքն է թուլանում: Ադրբեջանն ինտենսիվորեն հայերին բարոյալքելու գործընթաց է տանում: Եվ առայժմ միայն հաջողություններ է արձանագրում: Իսկ պատմությունից գիտենք, որ բարոյալքված հանրությունը, բանակը պայքար մղել չի կարող (հիշենք, թե ինչպես Կարսի բերդը հանձնվեց առանց որևէ կրակոցի):
Ադրբեջանական վերջին դիվերսիան Քարվաճառում ևս վստահաբար հայերին բարոյալքելու, սարսափի մեջ պահելու քաղաքականության մի մասն էր: Դիվերսանտների ներթափանցումը և խաղաղ բնակիչների վրա հարձակումները ուղերձ էին հայությանը, որ անկախ այն բանից, թե որքան հեռու են ապրում սահմանից, միևնույն է, ոչ ոք ապահովության մեջ չէ, որ մեր սահմանները հուսալի չեն:
Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի իշխանությունն այս լուռ պատերազմում. գոնե բացահայտ` ոչ մի քայլ: Ծանրության ողջ բեռը դրված է բանակի ուսերին, բայց սա էլ մասշտաբային որոշման իրավունք չունի, որը կբարելավեր վիճակը:
Հետաքրքիր է, թե ինչի համար է Հայաստանի Հանրապետությանը պետք արտաքին գործերի նախարարություն. անիմաստ ու անարդյունք հանդիպումներ կազմակերպելու ու դեպի երրորդ աշխարհի երկրներ այցելություններ իրականացնելու համա՞ր: Դժվար թե:
Տրամաբանական կլիներ, որ մեր ԱԳՆ-ն երբեմն, չեմ ասում կոշտ, բայց գոնե ադրբեջանական քայլերի մասին հայտարարություններով հանդես գար, դատապարտեր, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեր ադրբեջանական ագրեսիայի վրա: Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է ամեն սուտ առիթով վայնասուն բարձրացնել, բոլորի ուշադրությունը հրավիրել իր կամակորությունների վրա, իսկ մենք անգամ կենսական հարցերում ծպտուն չենք հանում: Գուցե ավելի շահեկան կլիներ, եթե ԱԳՆ-ին հատկացվող անիմաստ գումարն ավելի իմաստալից ծախսվեր` ուղղվելով դեպի սահմանամերձ բնակավայրեր:
Զինվորականների հետ զրույցներում հաճախ է ասվում, թե մեր բանակը մի քանի ժամում կարող է Տավուշում մեր դիրքերն այնպես բարելավել, որ հակառակորդն այլևս չկարողանա մեր բնակավայրերը նշանառության տակ պահել:
Այսքանից հետո ինչո՞ւ մեր պետական համապատասխան այրերն այնքան համարձակություն չունեն, որ նման հրաման արձակեն: Մի՞թե չգիտեն, որ ուժն է ծնում իրավունք, որ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, իսկ քանի Հայաստանը «քաղաքակիրթ» ու համեստ կերպարի մեջ է, միայն և միայն կորցնելու ենք: Լավ է, որ գոնե 90-ականների սկզբին կային մարդիկ, որոնք հայության շահերը գերադասում էին այսպես կոչված միջազգային հանրության աչքին քաղաքակիրթ ձևանալուց: Բայց նման մարդիկ նույնքան անհրաժեշտ են և հիմա, երբ հայության և Հայաստանի շահերն ամեն վայրկյան ոտնահարվում են հանուն ինչ-որ կողմնակի կարծիքի, որը մեզ ոչինչ չի տալիս:

 

Tags: , , , ,