Հրաձգության կազմալուծված ազգային հավաքական և հուսադրող երիտասարդական թիմ

1-ին նյութ 28415.pngՉինաստանի Նանջինգ քաղաքում օգոստոսին կայանալիք պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերին նախապատրաստվում են նաև մեր երկրի հրաձիգները: Թե ովքեր են նրանք` խնդրեցինք պարզաբանել Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանին:

- Հայաստանը կներկայացնի այդ ստուգատեսում երկու մարզիկի: Հրաչյա Բաբայանը հանդես կգա օդամղիչ հրացանով, և Զավեն Իգիթյանը` ատրճանակով հրաձգության կրակահերթերում: Ներկայումս նրանք պարապում են Երևանի հրաձգության դպրոցում: Հրաձիգներին օգնում են նախապատրաստվելու մարզիչներ Անդրանիկ Այվազյանը և Խորեն Իգիթյանը: Երկու նշանառուներն էլ խաղերին մասնակցելու ուղեգրերը նվաճել են 2014-ի փետրվարին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Զավենը դարձել է չեմպիոն, իսկՀրաչյան զբաղեցրել է 5-րդ տեղը: Երկուսն էլ հանդես են գալու 10 մ հեռավորությունից կրակահերթերում: Մոսկվայում խաղարկվում էին նաև մարզուհիների ատրճանակով և հրացանով հրաձգության պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր, սակայն մեր լավագույն մարզուհին վարկանիշային ստուգատեսից առաջ անսպասելիորեն վիրահատվեց:

- Ի՞նչ սպասելիքներ կան մեր նշանառուներից:
- Մրցումներից առաջ միշտ էլ լավի մասին ենք մտածում, տեսնենք, թե ինչ կստացվի: Մեր հրաձիգները նորմալ մարզավիճակում են: Երկուսն էլ հեռանկարային են, բայց ֆինանսների պակասի պատճառով միջազգային քիչ մեկնարկների են մասնակցել: Այդուհանդերձ, Բաբայանը և Իգիթյանը միջազգային մրցաշարերում բարձր արդյունքներ ունեն: Բաբայանը 600 հնարավորից խոցել է 599 նիշ: Փաստը խոսուն է և վկայում է, որ նա շատ բանի է ի վիճակի:

- Այդուհանդերձ, այն տպավորությունն է, որ վերջին շրջանում մեր նշանառուները մարզասերներին քիչ են ուրախացնում:
- Ընդհակառակը, այս տարի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մերոնք 5 մեդալի են արժանացել` 1 ոսկե, 4 բրոնզե: Նախկինում այսպիսի հաջողություն չենք ունեցել, առաջընթացն ակնառու է: Իսկ ահա մեծահասակների Հայաստանի հավաքականը կազմալուծվել է: Մեր ամենափորձառու հրաձիգը` Նորայր Բախտամյանը, անվերադարձ մեկնել է ԱՄՆ: Մյուսները ընտանիք են կազմել, այլ աշխատանքի են անցել: Ապրուստի խնդիր է, վիճակը լավ չէ: Գերմանիայից Հայաստանի հավաքականը համալրել է Քրիստիան Լաուերը, նրա կինը` Իրինա Աղաջանյանը, նույնպես հրաձգուհի է, հանդես է եկել Հայաստանի հավաքականի կազմում: Լաուերը Հայաստանի քաղաքացիություն ստացել է, բայց դրանից նոր խնդիրներ են ծագել: Գերմանիայում երկքաղաքացիությունն ընդունված չէ: Նրա նկատմամբ ճնշումներ են գործադրվում, և այդ մարզիկը հոգեբանական ծանր վիճակում է: Նա բարձրակարգ հրաձիգ է, սակայն սթրեսային վիճակը թույլ չի տալիս, որ բարձր արդյունքներ ցույց տա: Քրիստիանը գրեթե մարզվելու ժամանակ չի ունենում, դատական նիստերը հաջորդում են իրար: Հուսով են, որ ամեն ինչ կհարթվի և նա նորմալ կմասնակցի միջազգային մեկնարկներին: Արդեն մեկ տարի է, ինչ նշանառուների ընտանեկան զույգը Գերմանիայում է, ծնվել է առաջնեկը` աղջիկ: Դմիտրի Օռլովը փորձառու ստենդային հրաձիգ է: Նա բնակվում է Ռուսաստանում, սակայն Հայաստանի դրոշի ներքո է հանդես գալիս: Լաուերը և Օռլովը կմասնակցեն սեպտեմբերին Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:

- Ռուսաստանում բնակվող տիտղոսակիր հրաձգուհի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնուհի Երջանիկ Ավետիսյանը Ռուսաստանի թիմի կազմից դուրս է եկել և կրկին համալրել է մեր երկրի ընտրանին: Նա ներկայումս ինչո՞վ է զբաղված:
- Երջանիկը, ինչպես նաև նրա երկու որդիները լավ հրաձիգներ են, սակայն տեսադաշտում չկան: Հեռախոսազանգեր են եղել, նամակ է ուղարկվել, մի քանի անգամ եկել են Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, և դրանով էլ ամեն ինչ ավարտվել է:

- Իսկ եթե աշխարհի առաջնությանը մասնակցելու ցանկություն առաջանա:
- Արդեն ուշ է, հնարավոր չէ: Պետք էր նախապես հայտ ներկայացնել:

- Նորից խնդիրներ առաջանո՞ւմ են, երբ մրցումներից առաջ անհրաժեշտ է լինում զենքեր տեղափոխել:
- Թերևս միակ երկրի այս մարզաձևի ներկայացուցիչներն ենք, որ այդ առումով տարբեր փորձություններ ենք կրել և նույնը շարունակ կրկնվում է: Համակարգը բարդ է, բայց կարելի է այնպես անել, որ այդ ամենը հեշտ կարգավորվի:

- Մեր մարզիկներն ապահովվա՞ծ են ժամանակակից զենքերով և զինամթերքով:
- Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մեր երկրի պատանեկան օլիմպիական խաղերի մասնակիցների համար գնել է ավստրիական «Շտայեր» ֆիրմայի ժամանակակից հրացան և ատրճանակ: Մարզիկները ստացել են համապատասխան հանդերձանք: Միայն Իգիթյանի մարզակոշիկների հարցն է առայժմ մնացել չլուծված: 14-ամյա պատանի հրաձիգը 45 համարի մարզակոշիկ է հագնում… Փափուշտներ նույնպես տրամադրվել են: Գոհ ենք, որ ՀԱՕԿ-ն աջակցում է:

- Նշանառուների կարիքները հոգալու համար Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի միջոցները բավականացնո՞ւմ են:
- Ֆեդերացիան պետությունից աջակցության կարգով 26 մլն դրամ է ստանում, որը շատ քիչ է: Կազմակերպության նախագահ Արթուր Հովհաննիսյանն օգնում է: Լուծված է մասնագետների, պարապողների վարձատրության հարցը:

- Խորհրդային տարիներին հավաքականի հրաձիգների համար անվանական փամփուշտներ էին արտադրվում: Ներկայումս նման բան արվո՞ւմ է:
- Արտասահմանացի հրաձիգները, մեծ ֆինանսներ վճարելով, օգտվում են այդ հնարավորությունից: Դրա համար պետք է զենքը ներկայացնել ռազմական գործարան, այն թեստավորել և համապատասխան զինամթերք ստանալ:

- Տարիներ են եղել, երբ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում հրաձիգներ են եղել: Այժմ կարո՞ղ ենք հույս ունենալ, որ նման բան էլի կարող է լինել:
- Հույսը մեր երիտասարդներն են: Վերջին 2-3 տարում նկատելի աճ կա, նույնիսկ մեր արտասահմանցի գործընկերներն են զարմանում:

- Մերոնք դրսում ուսումնամարզական հավաքներ անցկացնելո՞ւ են:
- Նախատեսված էր, բայց չի կայացել: Սովորաբար, այդ հավաքներն անցկացնում էինք Ուկրաինայում, այդ երկրում միջազգային մեկնարկների էինք մասնակցում, բայց 2014-ին բաց ենք թողել: Ուկրաինայում պատերազմական վիճակ է: Մերոնք նախապատրաստվում են Նոր Նորքում գտնվող հրաձգության դպրոցի հարմարավետ մարզաբազայում: Կան նաև խնդիրներ: Օրինակ` պարապմունքների համար սահմանափակ քանակով փամփուշտներ ունենք, 50 մ-ոց հրաձգարանի թիրախակալներն են շարքից դուրս եկել: Այդ էլեկտրոնային սարքավորումները նորոգելու համար մեծ ֆինանսներ են անհրաժեշտ:

Tags: ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

CAPTCHA
Reload the CAPTCHA codeSpeak the CAPTCHA code
 

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>