Իրանը և Հայաստանը կհամագործակցեն քաղաքաշինության բնագավառում

քաղաքաշինություն

Քաղաքաշինության ոլորտում հայ-իրանական համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին:

Դեսպան Ռեյիսին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝  շնորհավորել է Ն. Սարգսյանին քաղաքաշինության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ:

Դեսպանը նշել է, որ թեպետ Հայ-իրանական միջկառավարական համատեղ համաժողովների շրջանակներում հստակ սահմանված դրույթներ կային քաղաքաշինության բնագավառում երկու երկրների համագործակցության շուրջ, այդ թվում՝ սեյսմակայուն շինարարության նախագծման, շենքերի վերականգնման ու սեյսմազինվածության բարձրացման նորագույն եղանակների, ուսուցողական դասընթացների և գիտական սեմինարների կազմակերպման, ինչպես նաև՝ երկու երկրների պատասխանատուների և մասնագետների փոխայցելությունների վերաբերյալ, սակայն  այդ համատեքստում ակնառու արդյունքներ դեռևս չեն գրանցվել:

Ն. Սարգսյանը նշել է, որ ծանոթ է միջկառավարական հանձնաժողովների կողմից իրականացված աշխատանքներին և վստահ է, որ երկուստեք շահագրգռությունների առկայության պարագայում միայն համագործակցությունն արդյունք կունենա: Նա կարևորել է հատկապես Իրանի հետ համագործակցությունը շինարարական նոր տեխնոլոգիաների բնագավառում, այն մտայնությամբ, որ այսօր Հայաստանում հրատապ խնդիր է ժամանակակից նյութերով կյանքի կոչելու սոցիալական բնակարանաշինությունը: Նա վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակ անց գործնական հարաբերությունների արդյունքում արդեն կոնկրետ ծրագրեր կլինեն ներդրումային, գիտական, կրթական և նոր տեխնոլոգիաների մասով:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Ռեիսին փոխանցել է ԻԻՀ ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարի ողջույները՝ շեշտելով քաղաքաշինության ոլորտում համագործակցության վերաբերյալ իրանական կողմի պատրաստակամության մասին:

 

 

Tags: , , ,