Պատահական չէ, որ նախագահի բոլոր ընտրությունները դառնում են կիսահեղափոխական

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

- Պարոն Մանուկյան, երեկ դուք հանդիպել եք Սերժ Սարգսյանի հետ և բազմաթիվ տարողունակ հարցեր եք բարձրացրել: Հետաքրքիր է, թե նա ինչ պատասխաններ է տվել: Օրինակ` ի՞նչ է ասել սահմանադրական փոփոխությունների մասին Ձեր բարձրացրած հատկապես այն դիտարկմանը, թե Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահի ընտրությունը «հեղափոխական» փոփոխություն է:

- Մեր բարձրացրած հարցերն այնքան մեծածավալ էին, որ չէր ենթադրվում, թե դրանք պետք է վերջնական լուծում ստանան: Դրանք այն հարցերն են, որ անընդհատ պետք է քննարկվեն, որոնց մասին պետք է մտքեր փոխանակվեն, ապա փորձեն ինչ-որ բան իրականացնել: Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, մենք այդ մասին մի քանի հարց ենք բարձրացրել, բայց  կարևորագույն հարցը, իհարկե, նախագահի ընտրությունն է Ազգային ժողովի՞, թե՞ ժողովրդի կողմից: Մենք ԱԺՄ կուսակցությունում միշտ կողմնակից ենք եղել խորհրդարանական կառավարման համակարգին: Բայց հիմա ես մտահոգություն ունեմ, որ ժողովուրդը խորհրդարանական ընտրություններին այնքան էլ լավ չի վերաբերվում, շատ չարաշահումներ են լինում: Կարծես թե ինչ-որ մարդկանց լավություն անելու հարց է, և չի ընկալվում, որ ԱԺ-ն է իշխանությունը: Ընկալվում է թագավորի, նախագահի ընտրությունը: Եվ պատահական չէ, որ նախագահի բոլոր ընտրությունները դառնում են կիսահեղափոխական:

Այս փոփոխություններով, փաստորեն, ժողովուրդը զրկվում է այդ մի միջոցառումից: Նախագահն ասում էր, թե այն, ինչ ներկայացվում է, դեռ վերջնական չէ, և ամեն ինչ ենթակա է քննարկման: Ինձ համար կարևոր չէ, թե ով կլինի նախագահ կամ վարչապետ, պարզապես Հայաստանի շահերից ելնելով՝ կարծում եմ, իսկապես պառլամենտականը ավելի լավ համակարգ է: Եվրոպայի մեծ մասը պառլամենտական է, բայց մյուս կողմից էլ` մեր պայմաններում այդ անցումը բավականին բարդ կլինի: Եվ ես կարծում եմ, որ Ընտրական օրենսգիրքը պետք է էապես փոխել, բացառել, որ ընտրությունների ժամանակ կեղծիքներ լինեն: Իհարկե, միայն օրենքը չի կարող ապահովել, որ կեղծիքներ չլինեն, բայց կարող է նպաստել, որ նվազագույն կեղծիքներ լինեն:

- Ընդդիմությունը շատ է բարձրաձայնում այն պահանջը, որ ընտրություններից հետո անհրաժեշտ է հրապարակել ընտրություններին մասնակցած անձանց ցուցակը: Եվ գտնում են, որ դա կնպաստի ընտրակեղծիքների վերացմանը:

- Համաձայն եմ, որ դա իսկապես պետք է անել, դա ինձ մոտ կասկած չի առաջացնում:

- Անդրադարձել եք արտագաղթին և նշել, թե դրան նպաստող պատճառներից է օրենքի «թվացյալ բացակայությունը բոլորի համար անխտիր»: Վստահաբար կարելի է ասել՝ Ս. Սարգսյանը տեղյակ է, որ մեր երկրում օրենքները բոլորի նկատմամբ հավասար չեն կիրառվում, և կան օրենքից դուրս արտոնյալ մարդիկ: Ձեր բարձրացրած այդ հարցին ի՞նչ պատասխան ստացաք:

- Արտագաղթի հիմնական պատճառներից մեկը անավարտ պատերազմն է, և այդ մասին նախագահն էլ հնչեցրեց: Երբ անընդհատ խոսակցություններ են հնչում, թե այսօր-վաղը պատերազմ է լինելու, ծնողը ձգտում է իր երեխային փրկել: Օրինակ` դեպքերը սահմանի վրա: Ինչու են ժամանակ առ ժամանակ սահմանի վրա Ադրբեջանի կողմից դեպքեր հրահրվում: Մի կողմից` նրանք անընդհատ հայ ժողովրդին պահում են լարվածության մեջ, վախեցնում, թե հեսա պատերազմ կսկսվի, որպեսզի Հայաստանը դատարկվի: Մենք էլ շատ անգամ ներսում նույն քարոզչությունն ենք անում, Ալիևի ջրաղացին ջուր լցնում և մեր մարդկանց համար դեպի դուրս ճանապարհ ենք բացում: Մյուս կողմից՝ Ալիևը դա անում է իր ժողովրդի համար, որն այնքան էլ պատերազմ չի ուզում: Այսինքն` Ադրբեջանի ժողովրդի մեջ պետք է անընդհատ լարվածության մեջ պահել այդ զգացողությունը, և Ալիևը նաև այդ խնդիրն է լուծում:

Գնացողների մի զգալի մասի համար պատճառ են հանդիսանում սոցիալական հարցերը, աշխատանք չունենալը, կամ աշխատավարձն այնքան ցածր է, որ չեն կարողանում ապրել: Մարդիկ ուզում են լավ ապրել: Դրանք հիմնական պատճառներն են, որոնց ավելանում է մարդկանց վրա օրենքի ոչ հավասար կիրառումը: Ընդ որում` սա կախված է մեզանից: Եթե շրջափակման այս պայմաններում տնտեսության կտրուկ զարգացումը բարդ է, ապա օրենքների կիրառումը, ազատ մրցակցությունը մեզանից է կախված: Դրա համար մենք նախագահի ուշադրությունը ուզում ենք գրավել այդ հարցի վրա, որ այդ ուղղությամբ է պետք հարցեր լուծել: Ասեմ, որ այնտեղ նույնիսկ կարմիր գծերի վերաբերյալ վիճաբանություն եղավ: Մեր կարծիքն էր, թե ինչ իմաստ ուներ այդպիսի բան մտցնել, որովհետև մարդկանց համար ամեն մի այսպիսի երևույթ կարծես թե մի լրացուցիչ կաթիլ է: Լցվում է բաժակը, ու մարդ թողնում՝ գնում է:

- Ս. Սարգսյանը տեղյա՞կ է, որ ավտոտրանսպորտային խախտումների դեպքում տուգանքների այնպիսի մեխանիզմ է ներդվել, որ հազարավոր քաղաքացիներ չեն կարողանում օգտվել իրենց բանկային հաշիվներից:

- Մենք այդ մասին էլ խոսեցինք: Նախագահի ասածն այն էր, որ դա բավականին բարդ համակարգ է, բայց հիմա հաղթահարվում է այդ դժվարությունը: Ես մարդկանց գիտեմ, որ գնացել են արտերկիր բուժվելու, հասել են այնտեղ ու պարզել են, որ այստեղ վերջին օրը ինչ-որ խախտում են արել, որի պատճառով նրանց քարտերի վրա կալանք է դրվել, ու չեն կարողանում գումար հանել: Սա աննորմալ երևույթ է: Երկրորդը կարմիր գծերի տեխնիկական ապահովումն է, երրորդը 70 տոկոս մասնավոր/30 տոկոս պետություն համաչափությունն է: Որքան էլ բացատրվի, թե այնտեղ պետք է միլիոնավոր դոլարներ ներդրվեն, պետությունը, քաղաքապետարանը կարող էր վարկ վերցնել, և ինքն իրականացնել: Ամեն մի այսպիսի հարց դառնում է լրացուցիչ մի հոգու հեռանալու պատճառ:

Իհարկե, մենք առաջարկություն էինք անում, որ կառավարությունն իր ամենամյա հաշվետվության մեջ ներկայացնի, թե ինչ է արել և ինչքանով է զսպել արտագաղթը: Եվ ես ասացի, որ հետագա ընտրություններում ամենակարևորագույն թեզը դա է լինելու: Ժողովուրդը ձայն է տալու այն քաղաքական ուժին, որը կխոստանա, որ արտագաղթը նվազեցնելու միջոցներ է ձեռնարկելու:

- Արտագաղթի հիմնական պատճառներից մի քանիսը անմիջապես կապ ունեն իշխանությունների գործունեության հետ: Աշխատատեղերի, տնտեսության մեջ ազատ մրցակցության բացակայություն, մենաշնորհների գերակայություն և այլն: Եվ այդ մասին տեղյակ է նաև Ս. Սարգսյանը:

- Համաձայն եմ: Թե դա ինչքան կավելացնի աշխատատեղերը` այլ հարց է, բայց գոնե մարդկանց մոտ վստահություն կառաջանա, որ պետությունը երկու-երեք հոգու չի պատկանում:

- Պարոն Մանուկյան, կարծիք կա, որ Հայաստանը համարժեք չափով չի հակադարձում Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին: Հակադարձում է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Ձեր կարծիքով` ո՞րն է ճիշտը, ներկա՞ կեցվածքը, թե՞ ավելի ուժգին հակադարձելը:

- Դա քաղաքական մոտեցում է: Կա մոտեցում, որ եթե ինձ հարվածում են, ես էլ եմ իրենց հարվածում, բայց ես չեմ բորբոքում իրավիճակը, որովհետև դա հակառակորդն է անում: Եվ ես ամեն մի այսպիսի խախտում ներկայացնում եմ համաշխարհային հանրությանը, բայց առանձնապես շահագրգռված չեմ բորբոքելուն: Մեր իշխանությունները որդեգրել են այդ քաղաքականությունը: Մյուս քաղաքականությունն էլ սա է՝ մի հատ ինձ ձեռք տվեցին, տասին ես ձեռք կտամ, ինչպես Պաղեստին-Իսրայելում է տեղի ունենում: Դա անընդհատ բերում է պատերազմական իրավիճակների, որը նույնպես կարող է  Հայաստանին ձեռնտու լինել: Չէի ուզենա ասել, թե այս մոտեցումներից մեկը մյուսից լավն է: Կարևորն այն է, որ քաղաքականությունը լինի հետևողական:

 

Հարցազրույցն ամբողջությամբ` մեր տեսանյութում:

Tags: , ,