f

Անկախ

ՀՈՂ ՉՏԱԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ


1996-ի վաղ գարնանը, տամուկ ու սրսփուն օրով գնում էինք Կարս` Ազգային ժողովի պատվիրակությանը ճանապարհելու Անկարա: Ինչպես հին ու մոռացված ժամանակներում՝ Գյումրիով անցանք սահմանը, եւ մեր երթը հուզախռով էր, քանի որ բոլորս առաջին անգամ էինք անցնում այդ ճանապարհով եւ առաջին անգամ էինք տեսնելու Կարսը, որտեղ Չարենցը թողել էր Կարինե Քոթանջյանին եւ իր տունը գետափին` շինած անտաշ քարով:

Մեր ուշադրությունն այնքան սեւեռ էր տեսանելի ամեն ինչի հանդեպ, որ չնկատեցինք էլ, թե ինչպես հասանք Կարսի օդակայան, որտեղ մեզ ուղեկցող թուրքական անվտանգության եւ ոստիկանության աշխատողները հրավիրեցին օդակայանի պետի սենյակ` մի բաժակ թեյի: Թալին անունով Պոլսում ծնված թարգմանչուհին, որ Կարսում թուրք ինժեների կին էր, հրաշալի էր խոսում արեւմտահայերեն եւ փորձում էր մեզ համար տաք ու հարազատ մթնոլորտ ստեղծել:

Ես թեյ չեմ սիրում, սուրճ էլ ոչ ոք չառաջարկեց, ուստի դռների մոտ նստած, մեկուսի ծխում էի` հետեւելով երկուստեք քաղաքավարի զրույցին, երբ մեր վարորդներից մեկը կիսաբաց արեց դուռը եւ ինձ հրավիրեց դուրս: Նա ինձ ցույց տվեց ձեռքի մոմլաթե տոպրակը եւ շինարարությունից առաջացած սեւահողի հսկայական բլուր եւ ասաց, որ ուզում է մի բուռ հող վերցնել, տանել, շաղ տալ իր պապի գերեզմանին: Պապը ծնունդով կարսեցի է եղել, բայց ոստիկանները թույլ չեն տալիս:

Ես կատակեցի` այ տղա, երեւի իրենք մեր պատմական հողերն են հասկացել, ոչ թե մի բուռը, եւ իմ հերթին դուրս հրավիրեցի Թալինին, որ բացատրվենք: Ոստիկաններն ուշադիր լսեցին եւ ասացին` ո՛չ, հող չի կարելի տանել: Մի քիչ հետո կմտնեք Կարս, խանութներում ամեն ինչ կա, գնեք՝ ինչ ուզում եք: Ոստիկանը խոսում էր հանգիստ, նույնիսկ բարեկիրթ, բայց միջադեպն այնքան անսպասելի էր, որ ես ցնցված էի, ու չկար ոչ մի ասելիք…

Պատվիրակությունը ճանապարհելուց հետո մենք գնացինք Կարս, տեսանք Վարդանի կամուրջը, Առաքելոց եկեղեցին, Կարսի հին բերդը: Նույնիսկ ինչ-որ ռեստորանում խմեցինք ու երբ շատ խնդրեցինք, մեզ թույլ տվեցին տեսնել Անին… Մեզ հետ էր նաեւ իմ Անի աղջիկը, որ համբուրում էր մեր կիսավեր եկեղեցիների պատերն ու լաց լինում՝ մեզ հսկող ոստիկանների զարմացած հայացքների ներքո։

Դժվար օր էր։ Բոլորս առաջին անգամ էինք Անին տեսնում։ Անի աղջիկս լաց էր լինում, մենք՝ տղամարդկանցով, մեր ներսում էինք լալիս։

Ես հնագույն աշխարհների բազմաթիվ հուշարձաններ էի տեսել, բայց դրանցից ոչ մեկը կիսավեր Անիի տպավորությունը չէր թողնում։ Դա զարմանալի մեծ քաղաք էր՝ շրջապատված անառիկ պարիսպներով, որոնց վրայով նույնիսկ ինքը՝ Արեւելքի մեծ զինվոր Լենկ Թեմուրը, երկու անգամ փորձեց ու չկարողացավ անցնել։ Եվ Բագրատունյաց վագրը մնաց մենակ, բայց կանգուն, ափսոս, սակայն, քանդված-թալանված մայրաքաղաքը հսկելու։

Վագրը, սակայն, մեղավոր չէր։ Մեղքն անցյալում էր, երբ Պետրոս Գետադարձ կաթողիկոսը՝ անհասկանալիորեն սուրբ հռչակված, Անին ոսկով վաճառեց Բյուզանդիային՝ այդ նույն վագրի հայացքի տակ։ Չգիտեմ՝ ինչպես էր վագրը նայում Անիի հզորության օրերին, սակայն մեր օրը տխուր էր վագրը…

Իմ հող, իմ երկիր, իմ վագր… մտածում էի ես, երբ հեռվում մնացող մեծ քաղաքի վրա անձրեւ էր գալիս։

Եվ երբ արդեն վերադառնում էինք, սահմանի մոտ նույն ոստիկանը ժպիտով ինչ-որ բան ասաց հող ուզող վարորդին, որը թուրքերեն գիտեր: Հարցրի` ի՞նչ ասաց, վարորդը երկար լռեց, հետո պատասխանեց. ասում է` մեքենաների անիվներին ցեխ է կպել, տար պապիդ գերեզմանին շաղ տուր:

Հետո պատվիրակությամբ վերադարձանք տուն…

Բայց ես մի բան սովորեցի՝ հող չտալու … արվեստը։

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ֊ԳՈՒԼԱՆՅԱՆ

էսսե Մերուժան Տեր-Գուլանյան արևմտյան Հայաստան Թուրքիա Հայաստան խմբագրի ընտրանի

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին