Խոսք ընթերցողի
Երևանում ծնված, փարիզաբնակ Մարի Լուիզ Վարդանյանի մեծ մայրը՝ նրա ՛՛Սիրանուշ՛՛ փաստագրական վեպի (Երևան, ,ՎՄՎ Պրինտե հրատ․, 2013թ․) գլխավոր հերոսուհին հաճախ էր կրկնում․ ՛՛Թագավորի կինն էլ դժգոհ է իր կյանքից՛՛։
Հայի դաժան ճակատագրով աապրած 78 տարիներին Սիրան Տերտերյանը սեփական փորձով էր համոզվել, որ կյանքը լի է անակնկալներով, եթե այդպես չլիներ, այն ուղղակի կդառնար անտանելի։ Վերջերս եմ ես հնարավորություն ունեցել կարդալ այս իրապատումը՝ պատմություն մեկի, որ հայերից շատերինն է եղել։ Եվ երիցս կմնամ երախտապարտ իմ վաղեմի բարեկամ, համահայկական գրողների միության նախագահ, ճանաչված գրականագետ Աբգար Ափինյանին, ով ինձ տրամադրեց սրբացած մասունքներ համատեղող այս գիրքը։ Այն կարդում էի այն օրերին, երբ քիչ ժամանակ էր անցել չարաբաստիկ օրերից, որ աշխարհի անտարբեր աչքի առջև, ընդհամենը անատամ հայտարարությունների ուղեկցությամբ հայերից դատարկվեց Արցախ աշխարհը։ Ասում են պատմությունը կրկնվելու դառը սովորություն ունիև ապրիլյան այս օրերին ցանկացա ընթերցողի հետ կիսել զգացածս, բացել դառնացած և ինչոր տեղ անօգնական հոգիս։
․․․ Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգում ծնված Սիրանուշը իր լույս աշխարհ գալու օրը կորցրել է իր մոր սերն ու հոգատարությունը։ Հոր՝ Գրիգորի ջանքերը, հորեղբոր կնոջ՝ Վարդուհու սերն ու ջերմությունը բավարար չեղան և նա հայտնվեց ամերիկյան որբանոցում։
Գուցե նա էլ իր դժբախտ հայրենակիցների ճակատագրին արժանանար, եթե չլիներ ամերիկյան որբանոցի սան։ Հետո Աննա կոչեց նա իր ավագ դստերը, ում կորցրեց գաղթի ճանապարհին, նրա անշնչացած մարմինը թողնելով Եփրատի ափին, թուրք Հասան Բեյի և նրա կնոջ Լեյլիի ողորմածությանը։ Դեգերումներով, զրկանքներով, ահ ու սարսափով նա հասավ մայր Հայաստան։ Հերոսուհու բոլոր զրկանքները կիսում էր դուստրը՝ Աղավնին, հետո անչափ կարևոր դարձան թոռների՝ Ժակի, Արամի, Լուիզի, Վարդանի, հետո էլ ծոռների Լուսվարդի, Անահիտի, Կարապետի, Խաթունի, Պարգևի անսահման ուշադրությունը։ Վերջիններիս աչքերի փայլը ուղղակի երջանկացնում էր տիկին Սիրանուշին։ Եվ ես հենց այս պահին ցանկանում եմ ընթերցողի ուշադրությունը հրավիրել վերը հիշատակված ու վեպում տեղ գտած նաև մյուս անունների հայեցի լինելու փաստի վրա։
․․․ Տիգրանակերտ, Բեյրութ, Մարսել, ուր գնացին դստեր՝ Աղավնու սիրո ետևից, ուր Անդրանիկին գտան, ով որդու համ էր տալիս տիկին Սիրանուշին։ Հենց Անդրանիկի շնորհիվ էլ Սիրանուշը վեցերորդ օրը սարսափահար իջավ նավից։
․․․ Հայաստան՝ Գորիս։ Զրկանքները շարունակվեցին։ Վերջապես հասան Երևան։ Հեղինակը վեպն ավարտում է ամբողջ աշխարհի հզորներին հասցեագրված խնդրանքով՝ Միացրե՛ք ձեր զորեղ ձայները, ցույց տալու համար, որ դեռ դուք կաք և ուշադիր եք այն ամենի հանդեպ ինչը մոռացված է համարվում։ Եթե լսող լիներ, արձագանքներ լինեին, Արցախը չէինք կորցնի։ Այս ուշագրավ փաստագրության հեղինակը համոզված է, որ միշտ էլ կա պատիժ անխիղճ, անօրենների համար։
՛՛Տանջվել մեռնելուց առաջ՛՛,- սա է հայոց ճակատագիրը՝ մինչև ե՞րբ ․․․
Հ․Գ․ Ավարտեցի վեպի ընթերցումը և ուղեղումս ծանրացավ ,Հայի ճակատագիրե բառակապակցությունը։ Բայց և հավատում եմ, որ գալու են լավ օրեր։ Եվ մեր այսօրվա վայ ղեկավարները որքան էլ հակադրեն պատմական և ներկայիս Հայաստանները ու փորձեն, եթե անգամ հաջողեն, մեր սահմանադրոթյունը ազատել մեծ եղեռնի և անկախության հռչակագրի մասին հիշատակումներից, դրանք մնալու են հայի հոգում, մտքում, գործողություններում։ Այսօր էլ հայերիս աչքի առաջ չթառամող անմոռուկի գունեղ պատկերն է, ականջներիս նրա թերթիկների կանչը՝ հիշում ենք և պահանջում։
Վաղարշակ Ղորխմազյան