Հայաստանում որոշ հիվանդությունների դեպքում զինծառայողը կհամարվի պիտանի, բայց զինծառայություն կանցնի սահմանափակումով։
«Նախատեսվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի, ինչպես նաև հստակեցնել այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները»,- այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Խոսքը վերաբերում է առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների, կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ և ուսուցման ու գրագիտության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց զինվորական ծառայությունը ոչ պիտանի ճանաչելուն, ինչպես նաև ուռոլոգիական և նյարդաբանական հիվանդությունների առանց ախտանիշների հաստատված գիշերամիզություն հիվանդություն ունեցող պարտադիր ժամկետային զինծառայողների զորացրման դեպքերին»,- մանրամասնեց նախարարը:
Պապիկյանը նշեց՝ վերը նշված հիվանդությունների դրսևորման համապատասխան վիճակներն առաջարկվում է ճանաչել սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար:
Նրա խոսքով` կիստաների առկայության սահմանափակումները սահմանվելու են զորամասի բժշկի ցուցումով, գիշերամիզություն ունեցող զինծառայողի ծառայությունը շարունակվելու է օրվա հեշտացված կարգավիճակով, իսկ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող զինծառայողները չեն ընդգրկվի մարտական հերթապահության մեջ, կարգելվի նրանց վարել տրանսպորտային միջոցներ և տեխնիկա, ղեկավարել անձնակազմ։
Նույն գիշերամիզությամբ էլի զորակոչվում են բանակ, խնդիրը հետագայում ծառայությունից ազատվելն է։ Մենք ունենք վիճակագրական տվյալներ, ըստ որոնց` նկատվում է վերոնշյալ հիվանդություններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա»,– ընդգծեց Պապիկյանը։
Նախարարը վստահեցրեց` իր թվարկած հիվանդությունները ոչ մի կերպ չեն կարող զինծառայության ընթացքում վնաս հասցնել մարդու առողջությանը։
«Վիճակագրական տվյալները մեզ ցույց են տալիս, որ նկատվում է վերոնշյալ հիվանդություններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկան, խոսքը անգամների մասին է, և ելնելով այս հանգամանքից, խորհրդակցելով նաև Առողջապահության նախարարության հետ՝ հասկացանք, որ այնպիսի հիվանդությունների փոփոխության մասին է, որոնք ծառայության ընթացքում որևէ կերպ չեն կարող վնաս հասցնել մարդու առողջական վիճակին»,- եզրափակեց նա: