«Հավաքական Արևմուտքի» գործողությունները կարող են հանգեցնել միջուկային տերությունների միջև ուղղակի ռազմական բախման, ընդ որում ԱՄՆ-ի հետ զենքի վերահսկման հարցում ներկայում երկխոսություն վարելու հիմքեր չկան։ Ըստ ռուսական Ведомости-ի՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Արևմտականները միջուկային տերությունների միջև ուղիղ ռազմական բախման եզրին վտանգավոր լարախաղացություն են անում, ինչը հղի է աղետալի հետևանքներով: <...> Դրանում միջուկային վտանգի մակարդակի բարձրացմանը հանգեցնող լուրջ ռազմավարական ռիսկեր ենք տեսնում»,- ընդգծել է Լավրովը։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի համոզմամբ՝ ԱՄՆ-ը և «հավաքական Արևմուտքը» ձգտում են հասնել միակողմանի ռազմական գերազանցության։ Ըստ նրա՝ այդ նպատալով նրանք մի շարք ապակայունացնող ռազմատեխնիկական ծրագրեր են մշակում։
Լավրովը դրանց թվին է դասել գլոբալ հակահրթիռային պաշտպանության համակարգի կառուցումը, ԱՄՆ միջուկային ներուժի խարսխումը Եվրոպայում, ինչպես նաև զենքի տեղակայման նախապատրաստումը տիեզերքում և աշխարհի տարբեր տարածաշրջաններում միջին և փոքր հեռահարության ցամաքային հրթիռների տեղակայումը:
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը միաժամանակ մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև՝ ռազմական դաշինքի հատկանիշներ ձեռք բերող AUKUS գործընկերության ձևավորման և ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ծախսերի ավելացման առնչությամբ։
Լավրովի համոզմամբ՝ արևմտյան երկրները ձգտում են միաժամանակ վերափոխել Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն «իրենց եսասիրական շահերին համապատասխան»՝ «սեփականաշնորհելով» նրա քարտուղարությունը։ Ըստ նախարարի՝ դրա արդյունքը կազմակերպության պառակտումն էր, նրա անկախ կարգավիճակի կորուստն ու հեղինակազրկումը։ Լավրովը նշել է նաև, որ ամերիկյան քաղաքական կառույցը շահագրգռված չէ վավերացնել Միջուկային համապարփակ համաձայնագիրը (CTBT), որը ԱՄՆ Կոնգրեսը մերժել էր դեռ 1999 թվականին։
Լավրովն նշել է, որ թեև Մոսկվան որպես պատասխան միջոց իր հերթին կասեցրել է պայմանագրի վավերացումը, Ռուսաստանը շարունակում է մնալ CTBT-ի լիիրավ մասնակից անդամ: «Մենք պատրաստ ենք վերադառնալու պայմանագրի վավերացման հարցին, հենց որ դա անի Միացյալ Նահանգները»,- ընդգծել է նա։
Լավրովն անհիմն և անհեթեթ է անվանել մեղադրանքները, ըստ որոնց Ռուսաստանը տիեզերքում միջուկային զենք է տեղադրում։ ՌԴ արտգործնախարարը շեշտել է, որ ՌԴ-ն նպատակ ունի մշակելու միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք՝ կանխելու համար տիեզերքում զենքի տեղակայումը, ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքը տիեզերական օբյեկտների նկատմամբ։ «Հիմքը կա. զինաթափման համաժողովում Ռուսաստանի և Չինաստանի կողմից ներկայացված պայմանագրի նախագիծը»,- եզրափակել է ՌԴ արտգործնախարարը։