Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց։ Այս մասին ապրիլի 24-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի օմբուդսմեն Անահիտ Մանասյանը։
Նա նշել է, որ տարեկան հաշվետվության մեջ մանրամասն անդրադարձել է ոստիկանության կողմից թույլ տված իրավախախտումների խնդրին և պահանջել ոչ միայն հետաքննել նման դեպքերը, այլև քայլեր ձեռնարկել պետական մարմինների կողմից խնդիրը հաղթահարելու ուղղությամբ։
Մանասյանը պարզաբանել է, որ մարդու իրավունքների տեսանկյունից խնդիրներ են արձանագրվել գրեթե բոլոր ոլորտներում.
«Մենք նաև արձանագրել ենք դեպքեր, երբ խնդիրները լուծվել են, այդ թվում՝ մեր միջամտությամբ և իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ։ Մարդու իրավունքների տեսանկյունից կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Այն դեպքերում, երբ մենք խնդիրներ ենք ներկայացրել պետական մարմիններին, դրանք լուծվել են, բայց դրանք պետք է համակարգված լուծվեն։ Այս տեսանկյունից անելիքներ կան»,- ընդգծել է նա։
Օմբուդսմենը չի ցանկացել մանրամասներ հայտնել կալանքի տակ գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման մասին։