ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադի Հանրապետությունից դուրս կբերի հատուկ նշանակության ուժերի տասնյակ ծառայողների։ Խոսքը 75 զինվորականի մասին է, որոնք կլքեն Չադի մայրաքաղաք Նջամենան։
Ըստ The New York Times-ի՝ սա մեկ շաբաթվա ընթացքում կդառնա երկրորդ խոշոր հարվածը Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում ԱՄՆ-ի դիրքերին։ Ամերիկյան վարչակազմն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկա ամիսներին ամերիկյան ուժերը դուրս կբերի Նիգերից:
Նիգերից ուժերը դուրս բերելու որոշումը վերջնական է: Վաշինգտոնն ակնկալում է Չադում մայիսի 6-ին անցկացվելիք նախագահական ընտրություններից հետո վերսկսել անվտանգության ոլորտում համագործակցության շուրջ բանակցությունները։
Չադի Հանրապետության իշխանությունները նախկինում նամակ էին հղել ԱՄՆ՝ սպառնալով խզել երկրում ամերիկյան զորքերի գործողությունների կանոններն ու պայմանները սահմանող անվտանգության համաձայնագիրը։