Ֆրանսիայի հայկական միությունների համակարգման խորհրդի (CCAF) ղեկավարներից Մուրադ Փափազյանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ մոտ մեկ ժամ տևած հանդիպումից հետո զրուցել է թուրքական «Հյուրիյեթի» լրագրողի հետ: «Օլանդին այցելել ենք որպես մեր միության ներկայացուցիչներ: Նախագահին ճանաչում եմ շուրջ 15 տարի: Նա բազմիցս մեզ աջակցել է Հայ դատի հարցում: Նրա հետ խոսեցինք այն մասին, թե ինչ է արվելու 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով: Սրա շրջանակներում ձեռնարկել ենք Փարիզում Ազգային հիշողության թանգարանի հիմնումը: Մասնավորապես նախատեսել ենք 2014 թվականին Օլանդի այցը Հայաստան»,-նշել է Փափազյանը:
Խոսելով հունվար ամսին Օլանդի՝ Թուրքիա կատարելիք այցի մասին, Փափազյանը հետևյալ մեկնաբանությունն է արել. «Իհարկե, թուրք-ֆրանսիական հարաբերությունների զարգացումը կարևոր է: Մենք հասկանում ենք դիվանագիտական և քաղաքական այս մերձեցումը: Սա մեզ համար ոչ մի խնդիր չի առաջացնի: Նախագահը ևս մեկ անգամ հաստատեց հայ ժողովրդին տված իր բոլոր խոստումները»:
