Մտորումներ ստեղծվելիք կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի շուրջ

sarhat_4Մինչ մեր քաղաքացիներն արդարացի կերպով ընդվզում են Երևան քաղաքում տրանսպորտի թանկացման դեմ, իսկ ճարտարապետական հանրույթի շրջանակում սկսել են ընթանալ քննարկումներ առհասարակ գլխավոր ճարտարապետի պաշտոնի նպատակահարմարության ու դրան վերագրվող լիազորությունների շուրջ, հանրապետության նախագահի հուլիսի 22-ի հրամանագրով ստեղծվեց Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտե: Մեկամսյա ժամկետում ընդունվելու են դրանից բխող համապատասխան որոշումներ: Սա մտորելու տեղիք է տալիս, մանավանդ որ այդ կոմիտեն գործելու է քաղաքաշինության նախարարությանը զուգահեռ, նույն կառավարության կազմում:

Դեռ մի տարի առաջ` 2012 թ. մայիսի 14-ին, «Անկախ» շաբաթաթերթում «Քաղաքաշինությունն ու նոր կառավարությունը» հոդվածում մի շարք առաջարկություններ էի արել նոր ստեղծվող կառավարությանը, ի թիվս որոնց առաջարկում էի ստեղծել ՀՀ կառավարությանն առընթեր կայուն զարգացման (կամ քաղաքաշինական գործունեության) պետական կոմիտե` նպատակ ունենալով համակարգել մեր երկրի տարածքում մարդածին միջավայրում տեղի ունեցող գործընթացների կառավարումը։ Ենթադրաբար նախագահի հրամանագրի նախապատրաստական աշխատանքների շրջանակում այս առաջարկության վերաբերյալ տեղի է ունեցել տարընթերցում, կամ էլ հոդվածը չի ընթերցվել ամբողջությամբ, որի հատկապես վերջին պարբերությունում խոսք  կա այս գործընթացում բացառապես նոր կադրերի ներգրավման անհրաժեշտության  մասին (տե՛ս http://archive2.ankakh.com/wp-content/uploads/2012/05/206745)։

Չնայած այն հանգամանքին, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում տեղի են ունենալու քննարկումներ, հաշվի առնելով մեր օրերում քաղաքաշինական քաղաքականության իրացման առկա ավանդույթները, այն է` հիմնականում փակ ու նեղ թիմային շրջանակների շահերի վերադասում հասարակականից, ստորև ներկայացնում եմ մի շարք նկատառումներ, որոնք ակնառու են դեռևս այս փուլում։

Նախևառաջ անվանման վերաբերյալ, որը չի կարելի է համարել երկրորդական։ «Կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտե» հասկացությունը ոչ միայն ժամանակավրեպ է, այլև չի տեղավորվում Հայաստանի Հանրապետության օրենսդրության տրամաբանության շրջանակներում։ Անկախությանը հաջորդած տարիներին մշակված օրենսդրությունը ճարտարապետությունը չի դիտում որպես առարկա, այն հիմնականում միտված է քաղաքաշինական գործունեությունը կարգավորելուն։ Ի  պատիվ մի շարք ներկա և նախկին պետական ծառայողների (որոնք ներկայացնում են քաղաքաշինության ոլորտը) նշենք, որ քաղաքաշինությանը վերաբերող օրենսդրական դաշտը համեմատաբար բարձր որակով ու արհեստավարժությամբ է մշակված, չնայած կան բազմաթիվ վերապահումներ։ Քաղաքաշինական գործունեությունը ներառում է մարդածին միջավայրում տեղի ունեցող փոփոխություններին առնչվող բոլոր ոլորտները, որոնք միգուցե իրականացվում են ճարտարապետների կողմից, սակայն այն շատ ավելի լայն հասկացություն է։ Քաղաքաշինությունն այդ բոլոր խնդիրների համալիր մոտեցման գիտություն է, իսկ ճարտարապետությունը դրա բաղկացուցիչներից մեկն է միայն։ Սա դասագրքային ճշմարտություն է։

Ճարտարապետության կոմիտեի գաղափարը լավագույնս ներգծվում է վերջին տարիներին տարվող հատվածային, ասել է թե` կետային, նեղ, քաղաքաշինական քաղաքականության ենթատեքստում, որը հատկապես ցայտուն է դառնում քաղաքաշինական զարգացում արձանագրող տարածքներում (Երևանի կենտրոնում, միջպետական ճանապարհների երկայնքով և այլն)։ Այս մոտեցման շրջանակում գրեթե բոլոր նախաձեռնությունները չեն դիմանում որևէ մասնագիտական քննադատության ու որակազրկում են Հայաստանի բնական ու մարդածին լանդշաֆտն ու մշակութային նյութական ու ոչ նյութական դարավոր ժառանգությունը։

Վստահաբար ինչ-որ մեկը, ի պատասխան այս նկատառման, նորից կմեջբերի Ալեքսանդր Թամանյանին, որը 1920-ականներին զբաղեցրել է նման պաշտոններ, սակայն, մեղմ ասած, անընդունելի ու ծիծաղելի են նման համեմատությունները, քանի որ խոսքը մոտ մեկդարյա վաղեմության կառավարման մոտեցման մասին է։ Նման փորձ արվեց, երբ մի քանի տարի առաջ ստեղծվեց Հայաստանի գլխավոր ճարտարապետի ինստիտուտը, որը սպառվեց շատ կարճ ժամանակահատվածում ու ոչ միայն չնպաստեց ոլորտում առկա խնդիրների լուծմանը, այլև խորացրեց դրանք։

Մեկ այլ խումբ էլ վկայակոչելու է խորհրդային տարիներին նման կառույցի առկայության փաստը, ինչը կարող է ոմանց համար համոզիչ թվալ։ Այդ կառույցի վերջին անվանումը եղել է «Ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչություն», իսկ նախկինում՝ Պետշին։ Եթե հաշվի առնենք առկա քաղաքաշինական համակարգում հնացած՝ խորհրդային կառավարման ոգին ու ճարտապետական հանրույթի մեծամասնության շրջանակում տիրող ոչ բավարար գիտելիքներն արդի քաղաքաշինական գործընթացների վերաբերյալ, ապա հասկանալի կդառնան նման մոտեցման խորքային պատճառները։

Աներկբա է, որ խնդիրը միայն անվանումը չէ, այլ այդ նորաստեղծ կառույցին վերապահվող դերը։ Մեր օրերում քաղաքաշինական գործունեության ոլորտում հատկապես կարևոր է տարբերակել մի շատ կարևոր դրույթ, որը շուկայական տնտեսության պայմաններում էական փոփոխություն է կրել։ Եթե խորհրդային տարիներին պետությունը նման կառույցների միջոցով էր իրականացնում ամբողջ շինարարական գործունեությունը, ապա մեր օրերում դա արդեն պետք է վերապահված լինի մասնավոր սեկտորին, իսկ պետությունը պետք է հանդես գա որպես խոշոր, բայց մասնավորին հավասար կառուցապատողի դերում։ Վերջին տարիներին շինարարության նախարարության վերածված քաղաքաշինության նախարարությունն ինքնին իրականացնում էր այդ գործունեությունը, որն իր մասով կատարում է շինարարական ոլորտում պետական գնումների իրականացման գործառույթը։ Եթե նման մարմնի ստեղծմամբ ոլորտին վերաբերող ավելի լայն լիազորություններ են նախատեսվում, ապա պետք է լինել շատ զգուշավոր, քանի որ վերջին տարիներին բազմաթիվ մասնագետներ, այդ թվում և տողերիս հեղինակը, բարձրաձայնել են ոլորտում ընթացող մենաշնորհայնացման ու պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերի մասին։

Հաշվի առնելով նաև արդեն կուլիսներում ընթացող խոսակցություններն այդ կոմիտեի նախագահի հավանական թեկնածուի վերաբերյալ, դժվար չէ ենթադրել, որ ոլորտում առկա մեծագույն մարտահրավերներ համարվող կոռուպցիան ու կլանային համակարգն արդեն տարածվում են ողջ հանրապետության տարածքում։ Ավելին, սրանով իմաստազուրկ է դառնում առհասարակ քաղաքաշինության նախարարության առկայությունը։

Հատկապես հաշվի առնելով վերջին նկատառումը, ինչպես նաև նախորդ «Քաղաքաշինությունն ու նոր կառավարությունը» հոդվածում բարձրացված հարցերը` պետք է կարևորել ոլորտում նոր, երիտասարդ և ունակ կադրերի մուտքը։ Այս օրերին ոլորտի կառավարման աշխատանքներում ներգրավված հիմնական անձինք, որոնք մասնակից են եղել վերջին երկու տասնամյակներում տարվող քաղաքաշինական վիճահարույց գործընթացներին, կարող են վարկաբեկել և արժեզրկել ոլորտում իրականացվող գոնե արտաքուստ բարեփոխման տպավորություն թողնող գործընթացները, ինչպես եղավ Երևանի փոքր կենտրոնում առկա ծանր իրավիճակի փրկությանը միտված սառեցման գործընթացի պարագայում, որն առաջարկվեց քաղաքացիական հանրության կողմից: Այն ձևախեղվեց և որևէ լուրջ ազդեցություն չունեցավ` վերածվելով նախընտրական սին խոստման։

Չնայած վերոնշյալ մարտահրավերներին` նման քայլը վկայում է, որ պետական կառավարման համակարգի բարձրագույն մակարդակում քաղաքաշինական ծանր իրադրության փաստի ըմբռնում գոյություն ունի։ Մնում է սպասել, որ կլինի նաև իրավիճակի շտկման քաղաքական կամք: Այդ դեպքում միայն կարելի է քաղաքաշինական անարխիայի մոտալուտ վերացման հույսեր փայփայել։

Սարհատ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ճարտարպետ, քաղաքաշինարար

«Ուրբանլաբ Երևան» ՀԿ-ի հիմնադիր