Հայաստանին առաջարկվում է գայթակղիչ, բայց վտանգավոր ընտրություն

armenia-europeԵթե անցյալ տարի որևէ մեկն ասեր, որ ընդամենը մեկ տարուց մեր տարածաշրջանում ուժերի ու քաղաքական գործընթացների այնպիսի ընթացք կարձանագրվի, ինչպիսին այսօր է, թերևս, ծիծաղի կարժանանար: Բայց այսօր տեսնում ենք, որ թե՛ Արևմուտքը և թե՛ Ռուսաստանը բավական կոշտ ու վճռական քայլերի են դիմում Հարավային Կովկասում: Այդ քայլերի ազդեցությունը մենք ամեն օր զգում ենք:

Նախանցյալ շաբաթ Երևանում հաջողությամբ ավարտվեց Հայաստանի և ԵՄ-ի միջև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման հետ կապված բանակցությունների վերջին` 7-րդ փուլը: Դա նշանակում է, որ կողմերն արդեն իսկ պատրաստ են նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում համապատասխան համաձայնագրի ստորագրմանը: Այս կապակցությամբ համատեղ հայտարարությամբ հանդես եկան ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը և ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` նշելով. «2010 թ. սկսված այդ բանակցությունների ավարտը մեծ ձեռքբերում է երկկողմ հարաբերություններում: Դա կողմերին հնարավորություն կտա անցկացնելու բարեփոխումներ` հիմնված ընդհանուր արժեքների վրա, խորացնել տնտեսական ինտեգրումը: Այդ համաձայնագրի ստորագրումը դրական կազդի Հայաստանի բնակիչների առօրյա կյանքի վրա` երկիրը մոտեցնելով Եվրամիությանը»:

Այսինքն` Հայաստանի` եվրաինտեգրման համար, բացի տեխնիկական խնդիրներից, որևէ խոչընդոտ այլևս գոյություն չունի, և ամեն ինչ կախված է Հայաստանի կամքից:

Սակայն օրեցօր ավելի է ընդգծվում Արևմուտքի ու Ռուսաստանի միջև առճակատման եզրագիծը, ու այս պայմաններում, բնականաբար, երկու կողմերից յուրաքանչյուրն ավելի կոշտ լծակներով է փորձելու ստիպել մեզ` բռնել իր կողմը:

Ինչպես նշում էր նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը, ռուսական կողմնորոշման միակ առավելությունն այն կլիներ, եթե Ռուսաստանը մեզ ռեալ երաշխիքներ տար, որ, օրինակ` Ղարաբաղի հարցում հստակ հայամետ դիրքորոշում է որդեգրում: Բայց նման բան չկա: Հետևաբար` Ռուսաստանի դերը պետք է լինի ՀՀ ֆիզիկական անվտանգությունն ապահովելը: Մյուս կողմից` Հայաստանը լավ է հասկանում, որ եթե դրսից փող չտան, Հայաստանի տնտեսությունը չի կարող գոյատևել, իսկ փող ունի Եվրոպան: Այսինքն` ԵՄ-ի հետ հարաբերությունները Հայաստանին, առաջին հերթին, պետք են հենց ֆինանսական առումով: Ու ռուսաստանյան կողմն արդեն սկսում է անցնել «ռուսական արջին» բնորոշ վայրի, բռի քաղաքական շանտաժի` փորձելով կշեռքի հակառակ նժարին դնել Հայաստանի ու ԼՂՀ-ի ռազմական անվտանգության հարցերը:

Այս ընթացքում Ռուսաստանը, թերևս վիրավորված Հայաստանի «դավաճանական» քայլերից, միանգամից ու գրեթե ամբողջապես է օգտագործում Երևանի վրա ազդելու իր ամբողջ զինանոցը` թե՛ տնտեսական ու էներգետիկ, թե՛ քաղաքական և թե՛ հոգեբանական ու քարոզչական: Ռուսաստանյան փորձագիտական շրջանակների կողմից արդեն որերորդ անգամ հնչում են տեսակետներ, թե «հայաստանյան արևմտյան թևը կարող է անգամ գերազանցել էքստրավագանտ Սահակաշվիլուն». նման տեսակետ օրեր առաջ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր ռուս քաղաքագետ, ՌԴ հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը: Առաջին հայացքից սա ռուսաստանյան փորձագիտական ու քաղաքագիտական շրջանակների անհանգստություն է թվում` Հայաստանի եվրաինտեգրման կուրսի կապակցությամբ: Սակայն մեկ այլ «փորձագիտական տեսակետի» հետ համադրելիս արդեն ակնհայտ է դառնում, որ սա ոչ այնքան անհանգստության դրսևորում է, որքան Հայաստանի նկատմամբ սանձազերծվող քարոզչական էքսպանսիա:

Ռուսական REX ինֆորմացիոն գործակալությունը հուլիսի 21-ին և 22-ին հաջորդաբար հրապարակեց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովի երկու հոդված` «շանտաժոտ» վերնագրերով` «Երևանը պատրաստվում է Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին» և «Ե՞րբ և որտե՞ղ է Ալիևն ընդունելու Սարգսյանի կապիտուլյացիան»: Այս հոդվածներով Տարասովը փորձում է առաջ մղել այն տրամաբանությունը, թե, իբր, Եվրամիության հետ ասոցացման քաղաքականության` Հայաստանի ընդունած կուրսը տանում է դեպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսային ու տնտեսական տարանջատման, ինչը նշանակում է, որ Հայաստանը, ընկնելով կապանքների մեջ Ադրբեջանում էներգետիկ շահեր ունեցող Արևմուտքից, մենակ է թողնում ԼՂՀ-ին Ադրբեջանի դեմ ու ստիպում Ստեփանակերտին իր անվտանգության ապահովման բանալին փնտրել ադրբեջանական հետաքրքրությունների տիրույթում: Նշվում է, թե ԵՄ ինտեգրման քաղաքականությունը տանում է դեպի ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցություն, ինչը հակասում է ՀԱՊԿ-ի սկզբունքներին: Դրանով Հայաստանը քանդում է իր ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքները: Ըստ Տարասովի` ելնելով վերոգրյալից` Հայաստանի իշխանությունը գործում է ոչ թե Ռուսաստանի հարավկովկասյան շահերի, այլ սեփական պետության և ազգային շահերի դեմ, որովհետև այդ քաղաքականությունը նշանակում է ԼՂՀ-ի անկախության զոհաբերում:

russia-armenia-flagsԱյս շեշտադրումների նպատակն առավել քան հասկանալի է. մի կողմից անվստահություն ներշնչել վարվող եվրաինտեգրման քաղաքականության նկատմամբ և առաջացնել հանրային դիմադրություն դրա նկատմամբ` պայմանավորված ազգային անվտանգության ապահովմանն առաջնահերթություն տալու հանգամանքով, երկրորդ` հասարակությանը մեծ հաշվով հանել սեփական իշխանության դեմ` դավադրության մեղադրանքով և այդ ճանապարհով ուժեղացնել ճնշումը ԵՄ-ի հետ ասոցացումից հրաժարվելուն տրամադրելու առումով: Ռուսաստանը դա անում է` չխորշելով դիմել ակնհայտ զեղծարարությունների և փաստերի աղավաղման, որը մանիպուլյացիաների միջոցով ներհայաստանյան և հանրային կարծիքի ուղղորդման փորձ է: Մասնավորապես` Տարասովն իր հոդվածում գրում է, թե ստեղծված իրավիճակը շատ նման է 20-րդ դարի երկրորդ և երրորդ տասնամյակի սահմանագծին տեղի ունեցող իրադարձություններին… Հիշեցնելով 20-ականների տխուր իրադարձությունները` Ռուսաստանը պարզապես զգուշացնում է` խելո՛ք մնացեք, եթե չեք ուզում մեր միջոցով կրկին կորցնել Լեռնային Ղարաբաղը…

Այստեղ հատկանշական է մեկ այլ` ոչ պակաս կարևոր իրադարձություն, որը, «չգիտես թե ինչու», դուրս մնաց հայկական ուշադրության կիզակետից: Բացի ֆինանսատնտեսական օգնությունից, Արևմուտքը, դատելով իրադարձությունների ընթացքից, նաև Հայաստանի հանդեպ որոշակի ռազմական աջակցության պարտավորություններ էլ է խոստանում ստանձնել: Առաջին օրինակն այն էր, որ Ադրբեջանին ռուսական զենք տրամադրելուց հետո, ինչպես նշվեց ադրբեջանական մամուլում, Եվրոպան մեզ գերմանական հակատանկային հրթիռներ տրամադրեց: Երկրորդ` հենց այն ժամանակ, երբ ռուսաստանյան փորձագիտական շրջանակները Հայաստանի դեմ քարոզչական արշավանք էին նախապատրաստում, Արցախ ժամանեց Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհրդի պատվիրակությունը: Հիշեցնենք, որ նախորդ տարի` հոկտեմբերի 25-ին, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդրական խորհուրդը միաձայն բանաձև ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և 20 տարի առաջ իր անկախության մասին հայտարարած Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին:

Դա, ինչպես այդ ժամանակ բացատրեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, նախազգուշացում էր Ադրբեջանին, քանի որ այդ օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրանքներ էր հղել բրիտանական «Բրիթիշ փեթրոլիում» նավթարդյունաբերական ընկերությանը, որը, ինչպես գիտենք, միջազգային հարաբերություններում այնքան էլ երկրորդական սուբյեկտ չէ. Նոր Ուելսի նահանգապետը նշանակվում է Մեծ Բրիտանիայի թագուհու կողմից, այդ նահանգն Ավստրալիայի հնագույն նահանգն է` արդյունաբերական տեսանկյունից առավել զարգացած, որտեղ ապրում է Ավստրալիայի բնակչության մոտավորապես մեկ երրորդը, որի կազմի մեջ է գտնվում Ավստրալիայի խոշորագույն Սիդնեյ քաղաքը և այլն, այսինքն` սա պարզապես մի խուլ նահանգ չէ: Առավել ևս եթե նախորդ տարվա հոկտեմբերին այս նահանգի ձայնը բարձր լսվեց` հաշվի առնելով «Բրիթիշ փեթրոլիում»-Ալիև հակադրությունը: Իրադարձությունների ընթացքն այս պրիզմայով դիտարկելով` ԼՂՀ Ազգային ժողովում բավականին հատկանշական մեսիջներ հնչեցին ավստրալացի գործիչների շուրթերով:

«Նոր Հարավային Ուելս նահանգում, ընդունելով Արցախի ինքնորոշման իրավունքն ու անկախությանը սատարող բանաձև, ընդամենը սկզբնակետն ենք դրել մի գործընթացի, որը դեռևս շարունակվելու է: Կասկած չկա, որ ձեր երկրի ապագան կախված է նաև այս երկրի տնտեսական հաջողություններից, և մենք պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով աջակցելու նաև այս գործում: Գաղտնիք չէ նաև, որ պետության հաջողությունը պայմանավորված է ինչպես նրա տնտեսական աճով, այնպես էլ սահմանների անձեռնմխելիությամբ, ու մենք պատրաստ ենք սատարելու ձեզ այդ գործում ևս»,- ԼՂՀ ԱԺ-ում հայտարարեց Նոր հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհրդի անդամ, ԼՂՀ անկախության,   Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման օրինագծերի հեղինակ Մարի Ֆիկարան:

Ու երբ համադրում ենք իրադարձություններն ու փաստերը, ստացվում է հետաքրքիր պատկեր` Հայաստանը դրսից ակնկալում է ֆինանսատնտեսական ու ռազմատեխնիկական աջակցություն: Ընդ որում, Ռուսաստանը Հայաստանի տեսանկյունից դիտարկվում է որպես ռազմական անվտանգության երաշխավոր, իսկ Արևմուտքը` ֆինանսատնտեսական: Սակայն Ռուսաստանը, ռազմական աջակցությանը զուգահեռ, չի առաջարկում ֆինանսատնտեսական աջակցություն, մինչդեռ Արևմուտքը` տարբեր խողովակներով և ձևերով, պատրաստակամություն է հայտնում Հայաստանին ոչ միայն փող, այլև զենք էլ տրամադրել: Սրան գումարենք նաև, որ այն ժամանակ, երբ Ռուսաստանը սպառնում է ԼՂՀ-ի կորստով, Արևմուտքը, ԼՂՀ անկախությունը ճանաչած Նոր Հարավային Ուելսի պատվիրակների միջոցով հիշեցնում է, թե ովքեր են ճանաչել և դեռ ովքեր են պատրաստ ճանաչելու ԼՂՀ անկախությունը, ինչպես նաև ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին ու ԼՂՀ-ին… Կողմնորոշվելը, բնականաբար, դառնում է գայթակղիչ, բայցև վտանգավոր…

 

Tags: , , ,