«40 տարվա եղածը կոմպյուտերի նման դիլիթ անել չես կարող…»

Պերճ ՄսռլըանՍիրիայի մանկական հագուստի արտադրության խոշորագույն ընկերություններից մեկի` «Յուպիտերի» հիմնադիր, սիրիահայ Պերճ Մսրլյանն արդեն մեկ տարուց ավելի է` կնոջ ու երկու զավակների հետ Հայաստանում է:

Մանկական հագուստի արտադրության ոլորտում 20 տարիների ընթացքում իր ուժերով լուրջ հաջողությունների հասած 40-ամյա սիրիահայ գործարարը ցավով է պատմում, թե քանի արտադրամաս է լքված ու անտեր թողել ու հեռացել Սիրիայից: «Գործվածքի ֆաբրիկան առանձին էր, ջինսինը` առանձին, բամբակյա հագուստինը, բրդյա հագուստինը` առանձին, մեծածախ առևտրի կենտրոնը` առանձին»,- թվարկում է նա:

«Յուպիտերի» արտադրանքը սպառվում էր գրեթե ողջ արաբական աշխարհում:

Երբ Սիրիայում իրադրությունը լարվեց, բիզնեսն անմիջապես անկում ապրեց և ի վերջո կաթվածահար եղավ: Պերճ Մսրլյանը ստիպված էր կամաց-կամաց արտադրամասերը փակել: Արդեն 6-7 ամիս է` փակ են բոլորը, իսկ արտադրանքը բարձիթողի վիճակում է պահեստներում, և հայտնի էլ չէ` պահեստները թալանվա՞ծ են, թե՞ ոչ:

Գործարարը նշում է, որ Սիրիայում ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ իրադարձություններն այդքան արագ կզարգանան: «Չես կարող համակերպվել, որ մեկ օրում այդ ամենը, այդ անունը, որ շուկայի համար ստեղծել ես, թողնես և գնաս ուրիշ տեղ` սկսելով մի բան, որը չգիտես` կհաջողվի՞, թե՞ ոչ»,- ասում է նա:

Հագուստի ոլորտում թրծված գործարարը, ուսումնասիրելով հայաստանյան շուկայի այդ ոլորտը, մեծ հիասթափություն է ապրում` հասկանալով, որ չի կարող նույն գործը դնել նաև այստեղ, քանի որ բարենպաստ պայմաններ չկան. «Զարմանքով իմացա, որ այստեղ ոչ մի հումք չկա այդ բիզնեսը սկսելու համար,- ասում է նա,- ամեն ինչ ներկրվում է դրսից, ինչը շատ թանկ է: Իսկ Սիրիայի առավելությունն այն էր, որ այնտեղ ամեն ինչի արտադրությունը կար, հումքի գերակշիռ մասը տեղում էր արտադրվում և շատ էժան էր»:

Նրա խոսքով` Սիրիայում մոտ 30 հազար հագուստի արտադրամաս կար, և այդ ոլորտը բավականին զարգացած էր:

Պերճ Մսրլյանը, սակայն, ուսումնասիրելով հայաստանյան շուկան, երկու ընկերների` Հմայակ Սանոսյանի և Վիգեն Փիլիպոսյանի հետ որոշում է սննդի բիզնեսով զբաղվել. «Քանի որ ես առայժմ ծանոթ չեմ հայաստանյան բիզնես միջավայրին, քաղաքին, օրենքներին, ընտրեցի այդ բիզնեսը` մտածելով, որ այն համենայն դեպս ավելի քիչ ռիսկային կլինի. սնունդը մարդիկ փորձում են, և եթե լավն է, որակով է, ապա օգտվում են»:

Այս ոլորտում էլ երիտասարդ գործարարը շատ արագ իր հմտությունները ցուցաբերեց: Ընդամենը երեք ամիս է անցել, սակայն Սայաթ-Նովա 20 հասցեում գտնվող «Միսթեր Բարբիքյու» արագ սննդի կենտրոնը հասցրել է գրավել երևանցիների ուշադրությունը. «Առաջընթաց կա,- ասում է Պերճը,- օրեցօր հաճախորդների թիվն ավելանում է, մենք էլ մեր կողմից ենք բիզնեսը զարգացնում: Տեսնենք` մինչև ուր կարող ենք հասնել: Ամեն ինչի սկիզբն էլ դժվար է, մանավանդ որ մենք այստեղ օտար ենք, չնայած որ սա մեր հայրենիքն է»:

Ինչպես Հայաստանում բիզնես սկսող բոլոր սիրիահայերը, այս դեպքում էլ գործարարները պհարկերից են նեղվում. «Շատ բարձր են, տարբերություն չկա` նոր ես բիզնես դնում, թե արդեն կայացած ես: Ամեն բիզնեսի պարագայում պետք է նորին որոշ ձևով օգնեն,- կարծում է Պերճ Մսրլյանը` նշելով, որ Սիրիայում, օրինակ, այդպես էր,-հատկապես արտադրության պարագայում. բաներ կային` երեք տարի, բաներ կային` հինգ տարի հարկ չէիր մուծում: Համաձայնություններ կային արաբական աշխարհի տարբեր երկների միջև առանց մաքսի առևտուր անելու, մի խոսքով` շատ առավելություններ կային»:

Գործարարի հույսերը քիչ են, իսկ ցանկությունը` մեծ, որ Սիրիայում իրավիճակը լավանա, և իրենք կարողանան վերականգնել կորցրածը: «Եթե հնարավոր չլինի վերականգնել, գոնե կարողանանք բիզնեսի փակման գործընթացը նորմալ կազմակերպել»,- ասում է նա:

Որպես գործարարի` հայաստանյան շուկայում ամենից շատ նրան զարմացրել են արտահանման չնչին տոկոսներն ու ներկրման հսկայական չափերը. գրեթե ամեն ինչ դրսից է բերվում, ինչը, ըստ նրա, երկրի տնտեսության ամենամեծ սխալներից մեկն է: «2-3 մլն ժողովուրդ ունեցող պետությունն իրավունք չունի աղքատ լինելու,- կարծում է սիրիահայ գործարարը,- տարածքներ կան, հողեր կան, սովետից մնացած բազմաթիվ գործարաններ, ո՞ւր են դրանք: Պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն, որ տնտեսությունը զարգանա, և մարդիկ չհեռանան»:

Կատակով նշում է, որ իրենցից մեծ ջանքեր չի պահանջվել, ոչ էլ արևելահայերենի չտիրապետելն է խանգարել, որպեսզի արագ նկատեն Հայաստանում երկու ծայրահեղ խավերի գոյությունը` չափազանց հարուստներ և չափազանց աղքատներ:

Եվ տեսնելով հայաստանյան իրողությունը` հատկապես արտագաղթը, նրանց էլ առաջին հերթին անհանգստացնում է իրենց երեխաների ապագան Հայաստանում մնալու դեպքում. «Մենք Սիրիայում ամեն ինչ ունեինք, չէինք զգում, որ օտար երկրում ենք, որևէ խնդիր չկար: Ընդհակառակը, եթե հայ ես, ուրեմն առավելություն ունես, ինչը երևի մեր պապերից է եկել:  Այնտեղ գիտեին` հայն ինչ անում է, լավ է անում, կամ չի անում: Դրա համար էլ մեզ մեծ հարգանքով էին վերաբերվում»:

Ինչ վերաբերում է նոր միջավայրին, նոր բարքերին, ապա Պերճ Մսրլյանը կարծում է, որ հարմարվողը պետք է իրենք լինեն, քանի որ իրենք են եկել Հայաստան: Որքան էլ դժվար լինի, նրանք ցանկանում են համակերպվել այն մտքի հետ, որ սիրիական պատերազմը ոչ թե վատ երազ էր, այլ իրողություն, որը խլեց իրենց բոլոր ձեռքբերումներն ու կայուն ապագայի հույսերը: Ուստի հաղթահարելով հոգեկան ճգնաժամը` պետք է առաջ գնալ. «Եթե պիտի աչքդ մնա ետև, որևէ քայլ անել չես կարող: Մյուս կողմից էլ 40 տարվա եղածը կոմպյուտերի նման դիլիթ անել չես կարող: Մի խոսքով, մեր վիճակը հիմա շատ դժվար է: Բայց մեկ է, ուր էլ գնայինք, զրոյից էլ նվազով պիտի սկսեինք: Ես ընտրեցի Հայաստանը: Եթե ամեն ինչ լավ լինի, ապա այստեղ էլ կմնանք: Հիմա կարծես զրոյին մոտեցել ենք»,- ծիծաղում է նա:

 

Tags: ,