Նորամուծություններ բռնցքամարտում և նոր խնդիրներ

Դերենիկ ԳաբրիելյանՕրերս Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանիմարզիկներից  ոչ  ոք չարդարացրեց սպասելիքները: Ձախողվեցին: Այդ ստուգատեսում տևական ընդմիջումից հետո բռնցքամարտիկները կրկին հանդես էին գալիս առանց պաշտպանիչ սաղավարտների: Այդ մասին խնդրեցինք  իր տեսակետը հայտնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանին:

- Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան այդ փոփոխությունը կատարել է, բայց դեռևս պարզ չէ` օլիմպիական խաղերում այն կկիրառվի՞, թե՞ ոչ: Դա պետք է որոշի ՄՕկ-ի գործկոմը: Մասնագետներս ողջունում ենք, որ մարզիկները կրկին առանց սաղավարտների են հանդես գալիս: Կարևոր է, որ բռնցքամարտիկների դեմքը երևում է: Այդուհանդերձ, այն փաստը, որ երկար ժամանակ բռնցքամարտիկներն առանց  սաղավարտների են հանդիպումներ անցկացրել, ունեցավ նաև իր խանգարիչ հանգամանքները: Մասնավորապես, մարզիկները սովորել էին մերձամարտում գլուխները մրցակիցների գլխին հպել: Սաղավարտներն օգնում էին, որ վնասվածքներ չլինեն: Իսկ այժմ  դրանց թիվը շատացել է: Ընդ որում,  եթե անգամ մարզիկն առավելություն էր ունենում և նրա հոնքը բացվում էր, ապա հանդիպումը դադարեցվում էր, և հաղթանակը շնորհվում էր նրա մրցակցին: Հոնքը բացված հաղթելու դեպքում էլ բռնցքամարտիկը տուժում էր, հաջորդ հանդիպումն անցկացնելու հնարավորություն չէր ստանում, բժիշկն արգելում էր: Մարզիչները պետք է աշխատեն այս ուղղությամբ, որպեսզի իրենց սաները հեռու տարածությունից մարտեր վարեն, մերձամարտում գլխով վտանգավոր շարժումներ չկատարեն և այլն:

Ի դեպ, առանց սաղավարտների միայն մեծահասակ բռնցքամարտիկներին է թույլատրվել ռինգ դուրս գալ: Պատանիները, երիտասարդները և գեղեցիկ սեռի բոլոր տարիքի ներկայացուցիչները հանդիպումները պարտավոր են սաղավարտներով անցկացնել:

 - Փոխվել է նաև միավորների հաշվարկի ձևը: Ի՞նչ հետևանքներ եղան:

- Մրցավարները համակարգչով են աշխատում: Մինչև գործի անցնելը կատարվում է վիճակահանություն, մրցավարները համարներ են ստանում` 1,2,3,4,5: Դարձյալ վիճակահանությամբ նախապես որոշվում է 3 մրցավար, որոնց գնահատականները լինելու են հաշվարկային: Բայց սպասարկող մրցավարներն այդ մասին չեն իմանում: Ամեն ռաունդում գնահատականներ են տրվում 10 միավորանոց համակարգով: Ընդ որում, մրցավարը հավասար արդյունք տալ չի կարող: Նախապատվությունը պետք է տրվի կողմերից մեկին: Վերջում  հանրագումարի է բերվում արդյունքը:

 - Հնարավո՞ր է, որ այս պայմաններում անգամ զեղծարարություններ արվեն:

-Դժվար է ասել: Այս ամենը մարդն է ստեղծում, և ոչինչ չպետք է բացառել: Ակնհայտ է, որ մրցավարական աշխատանքում թերություններ շատ կան, որոնք պետք է շտկվեն: Հնարավոր է` 5 մրցավարից 3-ը նախապատվությունը տան մեկին, 2-ը` մյուսին, և վերջինս 2:1 հաշվով հաղթի: Սրա մասին պետք է մտածել:

 - Մերոնց առնչությամբ այդպիսի դեպքեր եղա՞ն:

- Այո, տուժեց 60 կգ քաշային գյումրեցի Հովհաննես Բաչկովը: Նա կորեացի մարզիկին հաղթեց 3 ռաունդներում: Մեզ արդեն շնորհավորում էին, բայց հաղթանակը 2:1 հաշվով տրվեց նրա մրցակցին:

 - Նաև բողոքարկման կարգում փոփոխություններ կան:

- Եթե կողային մրացավարները սխալներ են կատարում, չի կարելի բողոքարկել: Թուլատրվում է դժգոհել միայն ռինգի մրցավարի գործողություններից, եթե նա մարզիկին նկատողություն չի արել կամ էլ ժամանակը ճիշտ չի պահպանել: Մյուս պարագաներում բողոքարկումը չի ընդունվում:

 

Tags: ,