«Ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն» թեմայով խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում

AJ lsumnerԱպրիլի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Ազգային ժողովում տեղի ունեցան «Ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, հայ եւ օտարերկրյա փորձագետներ, ոստիկանության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ տեղեկացնելով, որ խորհրդարանական այս լսումների հիմնական նպատակն է նախանշել այն ուղիները, որոնք միտված են քաղաքացի – ոստիկան քաղաքակիրթ հարաբերությունների եւ ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահության ձեւավորմանը: Նրա գնահատմամբ՝ ոստիկանությունը հասարակությանը ծառայություններ մատուցող, բնակչության անդորրն ու անվտանգությունը, հասարակական կարգը պահպանող անվտանգության այն մարմինն է, որն ամենաշատն է շփվում քաղաքացիների հետ, եւ նրա նկատմամբ հասարակական վերաբերմունքը որոշ առումով պայմանավորում է նաեւ հասարակություն-պետություն փոխհարաբերությունը: Հանձնաժողովի նախագահը արձանագրեց, որ վերջին տարիներին լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել ոլորտում, որոնք տեսանելի արդյունք են տվել, բայց անելիքները դեռ շատ են հատկապես ոստիկանության հանդեպ հանրային վստահությունը բարձրացնելու առումով, ինչը նաեւ Հայաստանի Հանրապետության գերակա խնդիրներից է դարձել: Կորյուն Նահապետյանը Հայաստանի ոստիկանության 95-ամյակի եւ մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորեց ոստիկանության ծառայողներին:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ներկայացնելով վերջին տարիներին կատարված բարեփոխումներն ու դրանց արդյունքները, աջակցության համար շնորհակալություն հայտնեց միջազգային կառույցներին, մասնավորապես ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին ու ներկաներին հավաստիացրեց, որ պետությունը վճռական ու հաստատակամ է՝ շարունակելու եւ ավարտին հասցնելու սկսած բարեփոխումները: Փոխնախարարն անդրադարձավ նախորդ տարիներին կատարված աշխատանքին՝ ոստիկանության բարեփոխման ծրագրերին, օրենսդրական, կառուցվածքային, ծառայությունների մատուցման ոլորտի բարեփոխումներին եւ ոստիկանության հանդեպ հասարակության վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումներին: Օրենսդրական բնույթի բարեփոխումներից նա առանձնացրեց «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնց նպատակը օրենքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելն է: Մասնավորապես նա անդրադարձավ ուժի գործադրման հիմքերի հստակեցմանը, ոստիկանության սպառազինման գաղտնազերծմանն ու հատուկ միջոցների ներառմանը, ծառայողի տարբերանշաններ կրելու պարտավորությունների ամրագրմանը: Նա տեղեկացրեց, որ դրան զուգահեռ՝ անձնակազմի համար օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ մշակվել եւ հրատարակվել են ոստիկանության գործունեությանն առնչվող ուղեցույցներ: Կառուցվածքային բարեփոխություններից փոխնախարարը առանձնացրեց գործառույթների հստակեցումը, քաղաքացիական ծառայության համակարգի ներդրումը, Երեւանում համայնքային ոստիկանության 11 հենակետերի ստեղծումը, Երեւանում եւ Գյումրիում հասարակական կարգի ապահովմանն ուղղված նոր գումարտակի հիմնադրումը եւ օպերատիվ կառավարման կենտրոնի ձեւավորումը: Արթուր Օսիկյանի գնահատմամբ՝ ոստիկանության հանդեպ հասարակության վստահության բարձրացմանն են ուղղված ոստիկանության նոր կայք-էջի ներդրումն ու կարգապահական հանձնաժողովի ստեղծումը:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ ոստիկանության նկատմամբ հանրային կարծիքը որոշ դեպքերում համարժեք է դառնում պետության եւ իշխանության հանդեպ վստահությանը, որը պատշաճ մակարդակի բարձրացնելու համար անհրաժեշտ է օրենքի գերակայություն, կոռուպցիայի, անպատժելիության բացառում, օրինապաշտության, թափանցիկության եւ քաղաքացու նկատամամբ ոստիկանի հարգալից վերաբերմունքի խրախուսում: Այս խնդիրների կարգավորման գործում նա կարեւորեց կարծիք ձեւավորող ինստիտուտների հետ համագործակցությունը: ԱԺ պատգամավորի կարծիքով՝ պետք է գտնել ոստիկանության հանդեպ անվստահության ամենախորքային պատճառները եւ կատարել անհրաժեշտ բարեփոխումներ: Նա առաջարկեց հանրության վստահության բարձրացմանն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել, հասարակական վերահսկողության հստակ մեխանիզմներ մշակել, բարելավել օրենսդրական դաշտն ու իրավակիրառական վիճակը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Վիլյամ Հենլոն տեղեկացրեց, որ քննարկվող խնդիրն իրենց գրասենյակի գերակա խնդիրներից մեկն է, եւ իրենք պետական մարմինների ու հասարակական կազմակերպությունների հետ համապատասխան ծրագրեր են իրականացնում, որոնք բավական արդյունավետ են, քանի որ Հայաստանում այս հարցը ոլորտի բարեփոխման կիզակետն է դարձել. խնդրի լուծումը կարեւորում են եւ պետությունը, եւ հասարակությունը: Նա կարեւորեց նաեւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի մասնակցությունը ՀՀ անվտանգության մարմինների բարեփոխման եւ հանրային կարծիքի ձեւավորման աշխատանքներին:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետ Արտաշես Անդրիասյանը, ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Ղազարյանը, ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Մեհրաբյանն անդրադարձան համակարգում կրթական եռաստիճան համակարգի ներդրմանն ու նրա օգուտներին, ուսումնական հաստատությունների ընդունելության կարգին, ոստիկանության համայնքային հենակետերի եւ համայնքային խորհուրդների ստեղծման, պարեկային ծառայության կազմակերպման աշխատանքներին, հասարակական կարգի պահպանության ձեւերին եւ հասարակական վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումներին:

ԶՈՒԺՎ անկախ փորձագետ Կարմեն Վեսայլը լսումների մասնակիցներին ծանոթացրեց ոստիկանների հանդեպ հանրային վստահությունը բարձրացնելու Ռումինիայի փորձին: Նա տեղեկացրեց, որ Ռումինիայում բարեփոխումները կատարվել են նախ համակարգի ներսում, ապառազմականացվել է ոստիկանությունը, ինչը հանրային վստահության բարձրացման առաջին լուրջ ազդակն է դարձել, թեեւ դրա համար երկար ժամանակ ու հետեւողական ջանքեր են պահանջվել: Կարմեն Վեսայլը ոստիկան-քաղաքացի հարաբերության սերտացման առումով կարեւորեց ոստիկանության նոր կայքի ստեղծումն ու ԶԼՄ-ների ու քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ համատեղ միջոցառումներ կազմակերպելու՝ ոստիկանների պատրասատակամությունը:

Խորհրդարանական լսումների ընթացքում քննարկվող հարցի վերաբերյալ իրենց մոտեցումները ներկայացրին նաեւ ՀԿ-ների ներկայացուցիչներն ու փորձագետները:

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը մտահոգիչ համարեց խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով քրեական գործերով կասկածյալի նկատմամբ կիրառվող բռնությունները, պաշտպաններից պարտադրաբար հրաժարվելու դեպքերը, անօրինական հրամանները, ընտրությունների ժամանակ ոստիկանների պահվածքը: Նա նկատեց, որ վերջին տարիներին դրական տեղաշարժ է նկատվում ոստիկանության աշխատանքներում, նրանց հետ հանդիպումները փոխըմբռնման առումով դարձել են առավել արդյունավետ, իսկ Մաշտոցի պուրակում վրանի տեղադրման հետ կապված ոստիկանական խորհրդակցությունն ու վերջերս խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանության պահվածքը նա գնահատեց «համաչափ»:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը նկատեց, որ ոստիկանությունն առանց հասարակական վստահության դառնում է «ռեպրեսիվ» մարմին: Նա հասարակական վստահության բարձրացման կարեւոր պայման համարեց քաղաքացու նկատմամբ ոստիկանի բարյացակամ վերաբերմունքը, արհեստավարժությունը, հասարակությանը ծառայելու պատրաստակամությունը, իրավապաշտությունը: Խորհրդարանական լսումներին ներկա ոստիկանության պաշտոնյաներին նա առաջարկեց հետեւողական քայլեր ձեռնարկել խոշտանգումների բացահայտման ուղղությամբ:

«Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ փոխնախագահ Վիրաբ Խաչատրյանը ներկայացրեց իրենց կազմակերպության իրականացրած ծրագրերը, որոնք վերաբերում են ոստիկանական աշխատանքների թափանցիկությանը, լրատվամիջոցների հետ փոխհարաբերությունների բարելավմանը, հասարակություն-ոստիկան համագործակցության ձեւաչափերին, համայնքային ոստիկանության մոդելի վերաբերյալ հանրային իրազեկմանը: Նա արձանագրեց, որ վերջին տարիներին ոստիկանությունը պատրաստակամություն է ցուցաբերում թե համատեղ միջոցառումների կազմակերպման եւ թե հասարակության հետ հարաբերությունների առումով:

ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, կրիմինոլոգների հայկական ասոցիացիայի համանախագահ Աննա Մարգարյանը ներկայացրեց 2009-2011 թթ. Երեւանում ու Հայաստանի մարզերում 14 հազար քաղաքացու հետ անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, ըստ որի՝ հասարակության մի զգալի մասը դեռեւս իրեն անվտանգ չի զգում եւ իր անվտանգությունը չի վստահում ոստիկանին: Քրեական իրավունքի մասնագետի գնահատմամբ՝ որքան պաշտպանված է զգում քաղաքացին, եւ որքան պատշաճ է կատարում ոստիկանն իր պարտականությունները, այնքան բարձր է ոստիկանի հանդեպ քաղաքացու վստահությունը:

ԶՈՒԺՎ անկախ փորձագետ Յուրի Կովիրշինը ներկայացրեց Ռուսաստանի ոստիկանական համակարգում կատարված բարեփոխումները: Նրա գնահատմամբ՝ ոստիկանական բարեփոխումները պետք է զուգակցվեն բոլոր ոլորտների համակարգային փոփոխություններով եւ մշակվեն հասարակական վերահսկողության գործուն մեխանիզմներ:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը խորհրդարանական լսումների վերջում շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ակտիվ քննարկումների համար եւ հավաստիացրեց, որ հնչած առաջարկները հաշվի կառնվեն օրենսդրական բարեփոխումներ կատարելիս եւ ոստիկանության հանդեպ հասարակական վստահության բարձրացմանն ուղղված կոնկրետ մեխանիզմներ մշակելիս:

 

 

Tags: