Ի՞նչ ընթացակարգով է կազմվում դատախազների թեկնածուների ցուցակը

դատախազությունԴատախազների թեկնածությունների ցուցակը համալրվում է դատախազության որակավորման հանձնաժողովի կողմից տարին մեկ անգամ` որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին, գլխավոր դատախազի սահմանած կարգով անցկացվող բաց մրցույթի միջոցով: Գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազների թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար տարվա ընթացքում կարող է անցկացվել հավակնորդների լրացուցիչ ստուգում:

Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձը պարտավոր է ներկայացնել`
1) անձը հաստատող փաստաթուղթ,
2) հավակնորդի մոտ բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ,
3) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).
4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է).
5) դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության կողմից սահմանված կարգով տրված փաստաթուղթ:
Որակավորման հանձնաժողովը ստուգում է հայտատուի մասնագիտական պատրաստվածությունը, գործնական ունակությունները և բարոյական հատկանիշները, ինչպես նաև նրա կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենքով նախատեսված այլ պահանջներին: Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, ներկայացվում են գլխավոր դատախազին, որն իր համար ընդունելի թեկնածուներին ընդգրկում է դատախազների թեկնածությունների ցուցակում:
Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը արդարադատության ակադեմիայում անցնում է ուսումնառության ծրագիր: Անձն ազատվում է արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից և որակավորման քննություն հանձնելուց, եթե`
1) ունի դատախազի, դատավորի, քննիչի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի,
2) իրավաբանական գիտությունների դոկտոր է,
3) իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Tags: , ,