«Կոչումով բժիշկ» նախագծի նոր թողարկումը (տեսանյութ)

13ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ իրականացվող «Կոչումով բժիշկ»  նախագիծը հաջողությամբ շարունակում է իր ընթացքը:  Նախագծի միջոցով  հանրության դատին են ներկայացվում Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ բժիշկների   ամենօրյա բարդ, հարգանքի արժանի աշխատանքը:  Մեր երրորդ  անդրադարձը նվիրված է Անանիկյանների ընտանիքին:

 

ՀՀ Գիտությունների վաստակավոր գործիչ, պրոֆեսոր-ակադեմիկոս Պավել Անանիկյանը մտավորականների` բժիշկների, նկարիչների, գրողների մի քանի սերունդների արժանի հետնորդն է: Բժիշկներ են եղելնրա ծնողները, նաև նրանց ծնողները:

Պետրոս Անանիկյանը ՀԽՍՀ-ում անոթային վիրաբուժության հիմնադիրներից է: 1955 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 1963-ին աշխատել է նույն բուհի  ընդհանուր վիրաբուժության ամբիոնում (1976-2000թթ. որպես վարիչ):  Գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի վիրաբույժների միության նախագահության պատվավոր անդամ, այս և շատ այլ կոչումներ ունեցող բժիշկը տարբեր տարիների կտրվածքով  աշխատե, նաև  ղեկավարել է հայաստանյան առաջատար բժշկական հաստատություններ: Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ աշխատում է հարազատ դարձած Երևանի 3-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցում, որի գլխավոր վիրաբույժն է: Ամեն օր վաղ առավոտյան  մտնելով այժմյան «Արամյանց» բժշկական կենտրոն Անանիկյանը   հետաքրքրվում է հիվանդների առողջական վիճակով, ակտիվ հետևում հիվանդանոցի անցուդարձին, շտապում վիրահատարան: Հենց նրա խորհուրդն է կրտսեր գործընկերների համար ամենաարժեքաավորն ու սպասվածը

«Այնպես ստացվեց, որ ես ընտանեկան ավանդության  համաձայն դարձա բժիշկ-վիրաբույժ: Շատ եմ սիրել իմ մասնագիտությունը, անաչառ աշխատել եմ, վիրահատել եմ և շարունակում եմ վիրահատել»,- մասնագիտության ընտրությունը մեկնաբանելով՝ ասում է Անանիկյանը, ում կարծիքով վիրահատարանը նման է մարտի դաշտի, ուր պայքարում են մարդու կյանքի համար:

Անանիկյանի գնահատմամբ` բժիշկը պետք է լինի քաջ և ուժեղ, դիամակայի ցանկացած փորձության:

Գիտնականի աշխատանքները հիմնականում վերաբերում են սիրտանոթային վիրաբուժությանը: Նա  մշակել է ստամոքս-տասներկումատնյա աղիքային արյունահոսությունների բուժման եղանակներ, ինչպես նաև պարբերական հիվանդության, լեղապարկի բորբոքման ախտորոշման, կլինիկայի, վիրաբուժության հարցերը: Առաջարկել է լեղապարկի սուր և քրոնիկ բորբոքման բուժման միասնական եղանակ:  1976-98 թթ. եղել է Երևանի գլխավոր վիրաբույժը:

Բացի  որովայնի, կույրաղիքի, ճողվածքի, լեղապարկի ընդհանուր վիրահատություններից, Անանիկյանը վարպետորեն կատարել է նաև էնդոկրինոլոգիական, գինեկոլոգիական, ուրոլոգիական, ուռուցքաբանական վիրահատություններ: Անանիկյանը  մշտապես ձեռք է մեկնել բոլորին:

Վիրաբուժական գործունեության ընթացքում վիրաբույժին մշտապես ուղեկցել են հանդիպումները նշանավոր մարդկանց հետ:  Քչերը գիտեն, որ վիրաբույժը  մամուլում  հրատարակված  պատմվածքների, ակնարկների հեղինակ է, Հայաստանի գրողների և նկարիչների միությունների անդամ:  Վիրաբույժ աշխատելու երկարամյա  փորձի արդյունքում նա հավաքագրել է  արժեքավոր հուշեր հիվանդների, նրանց հարազատների և գործընկերների մասին, որոնք իրեն բնորոշ հումորի յուրահատուկ զգացումով  ամփոփել է «Բեկորներ»,  «Կուրիոզներ վիրաբույժի կյանքից» գեղարվեստական, ինչպես նաև «Վիրաբույժի զրույցներ» գիտահանրամատչելի գրքերում:

Անանիկյանը 1999 թ. տպագրված  «Բեկորներ» գիրքը նվիրել է իրեն մայրություն արած քույրերին`  Օվսաննային, Մարգարիտային և Արուսյակին, ովքեր մեծ դերակատարում են ունեցել նրա կյանքում:

«Նրանք հսկայական դեր են խաղացել իմ անհատականության կայացման գործում և մշտապես սրտումս մնացին որպես երեք սիրելի մայրեր»,- գրում է պրոֆեսոր- ակադեմիկոսը:

Պատահական չէ, որ Անանիկյանին հաճախ բնորոշել են որպես բժիշկ-նկարիչ:

Ինքնուս նկարիչը մի շարք անհատական և խմբակային ցուցահանդեսների մասնակից է: Իր ձեռքով ստեղծած կտավների մեծ մասը տանն է, մի մասն էլ յուրահատուկ արվեստի շունչ է հաղորդում աշխատասենյակին:

Անանիկյանը անմասն չի մնացել նաև հանրապետության քաղաքական կյանքի վճռորոշ խնդիրների շուրջ հրապարակումներից  և ելույթներից, բայց առաջին հերթին նա եղել է բժիկ, ով օրվա ցանկացած ժամին պատրաստ է զննել հիվանդին, տալ համապատասխան ցուցումներ, անհրաժեշտության դեպքում վիրահատել:

Հայաստանում բժշկության բնագավառի բարձրագույն պետական մրցանակի «Մխիթար Հերացու» շքանշանակիրն առանձնակի խանդավառությամբ ու սիրով է հիշում կյանքի ուղեկցի` պրոֆեսոր-նյարդաբան Էլմիրա Գևորգյանի հետ հանդիպումը` դեռ ուսանողական տարիներին:  Անանանիկյանի խոսքով` Գևորգյանը մշտապես ոգևորել է իրեն և հնարավորություն ստեղծել, որպեսզի կյանքի ամենօրյա դժվար հոգսերից շեղվելով, ժամանակ հատկացնի նաև ստեղծագործական  գաղափարների իրականացմանը:

Երևանի «Թիվ 2 բուժմիավորման» գլխավոր տնօրենի խորհրդատու Էլմիրա Գևորգյանին 2012 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով առողջապահության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար շնորհվել է վաստակավոր բժշկի պատվավոր կոչում: Գևորգյանը Կովկասյան տարածաշրջանի ամենափորձառու և արհեստավարժ նյարդաբաններից մեկն է, ով աշխատանքային գործունեության երկարամյա տարիներին անթիվ-անհամար հիվանդներ է ապաքինել, նաև ստեղծել է  նյարդաբան-բժիշկների դպրոց, հեղինակել մի շարք լուրջ գիտական աշխատանքներ, թեմային վերաբերող դասագրքեր, ձեռնարկներ հրատարակել: Նա  անսահման հարգանք է վայելում հիվանդների, կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի կողմից:

«Դպրոցն ավարտելուն պես ուզում էի աստղագետ դառնալ, սակայն հայրս  ինձ հետ պահեց` ասելով, որ աստղագետն այնքան էլ հարմար մասնագիտություն չէ»,- հիշում է պրոֆեսոր Գևորգյանը:

Այսպիսով մասնագիտության ընտրությունը նրան ոչ թե Բյուրականի աստղադիտարան, այլ Երևանի պետական բժշկական համալսարան տարավ: Աստղագիտությունն այժմ էլ հետաքրքրությունների տիրույթում է, սակայն բժշկությունն անփոխարինելի տեղ ունի նրա  կյանքում:

Ամուսնանալով՝ նրանք որպես երիտասարդ մասնագետներ գործուղվել են  Իջևան, երկու տարի անց, Կալինինո: Կարճ ժամանակահատվածում Գևորգյանն աշխատել է  որպես թերապևտ, և նյարդաբան,  զբաղեցրել նաև գլխավոր բժշկի տեղակալի, ապա գլխավոր բժշկի պաշտոնները:

«Այնպես ստացվեց, որ մեր ընտանիքում բոլորը բժիշկներ են: Չեմ պատկերացնում, որ կարող էի այլ մասնագիտություն ընտրել, դա մեր կյանքն է:

Բժշկությունը ոչ թե  գումար վաստակելու միջոց է, այլ առաքելություն:

Դա իմ եսն է, ես այլ կերպ ինձ չեմ պատկերացնում»,- անկեղծանում է նյարդաբանը, ով ամբողջ կյանքը նվիրել է նաև դասախոսական գործունեությանը:

Ավելի քան 20 տարի Գևորգյանը  զբաղեցրել է ԵՊԲՀ-ի նյարդաբանության ամբիոնի և կիցգիտահետազոտական լաբորատորիայի վարիչի պաշտոնը` հետագայում համարվելով նույն ամբիոնի պրոֆեսոր: 1962-ին Մոսկվայում հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Գլխուղեղի ուռուցքների կլինիկական սիմտոմատիկան և նեյրովիրաբուժական ախտորոշումը» թեմայով:

Տասնամյակների ընթացքում հեղինակել է նյարդային համակարգի հիվանդությունների տեղագրական ախտորոշմանը վերաբերող ուսումնական 7 ձեռնարկ և 2 դասագիրք:  Երկու մենագրությունների «Ճակատային բլթերի օջախային ախտահարումների ախտորոշման կատարելագործման ուղիները» (Ա.Ստեփանյանի հետ համատեղ) և «Պարբերական հիվանդության հոգենյարդաբանական տեսանկյունները» (Ա.Պ.Գևորգյանի հետ համատեղ) հեղինակ է: 220-ից ավելի նրա գիտականաշխատանքները  նոր խոսք են գլխուղեղի օջախային ախտահարումների ախտորոշման կատարելագործման, նյարդաբանական այլ բարդ հիվանդությունները յուրովի ներկայացնելու առումով:

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 7 ատենախոսություն, ուսուցում է անցել ավելի քան 80 կլինիկական օրդինատոր:

1973-ից մինչև 2000 թվականը Էլմիրա Գևորգյանը ՀՀ առողջապահության նախարարությանգլխավոր նյարդաբանն էր: Դրանից հետո մինչև օրս ստանձնել է մայրաքաղաքիգլխավոր նյարդաբանի պարտականությունները:  1980-1990թթ. եղել է Նյարդաբանների համամիութենական ընկերության վարչության անդամ, ՀՀ նյարդաբանների ընկերության նախագահ, Գլխուղեղի ուսումնասիրության հայկական միջազգային ասոցիացիայի փոխնախագահ (1996-ից), Եվրոպականգիտության ասոցիացիայի հայկական բաժնի վարչության անդամ (1995-ից): Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից (ԱՄՆ, Հյուսիսային Կարոլինա)  Գևորգյանն ընտրվել է «2005 թվականի գիտության նշանակալի կին», իսկ Քեմբրիջի միջազգային կենսագրական կենտրոնը նույն թվականին նրան ճանաչել է առողջապահության բնագավառի առաջատար մասնագետ:

Բժիշկ-հիվանդ փոխհարաբերություններում փորձառու մասնագետն ունի խորհուրդների իր զինանոցը:  Նա հորդորում է սկսնակներին  միշտ լինել ուշադիր հիվանդների հանդեպ, խորհրդակցել գործընկերների հետ:

«Բժշկությունը հեշտ գիտություն չէ, բայց պետքական է»,- նկատում է Գևորգյանը: Նրա խոսքով`  այս բարդ գործում հաջողելու լավագույն միջոցը դիմացինին սիրելն է:

Պավել Անանիկյանի և Էլմիրա Գրոևգյանի ընտանիքի բժշկական գիծը  հաջողությամբ  շարունակում են երեխաներն ու թոռները:

Նրանց դուստրը հոգեբույժ Անահիտ Գևորգյանն է, որդին` վիրաբույժ Պետրոս Անանիկյանը: Բժիշկի ուղին են ընտրել նաև նրանց երեխաները: Անահիտի դուստրը Աննան նույնպես հոգեբույժ է, Պետրոսի որդին`  Պավել Անանիկյան կրտսերը  բժշկական կրթություն է ստացել: Այժմ բնակվում է Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում և որպես երկրորդ մասնագիտություն  ընտրել է իրավագիտությունը:

Պետրոս Անանիկյանը խոստովանում է, որ  հոր հետ միևնույն հիվանդանոցում աշխատելը և հաճելի է, և պարտավորեցնող:

«Միշտ փորձել եմ հետ չմնալ նրա ավանդույթներից»,- ասում է պրոֆեսոր Պետրոս Անանիկյանը, ում համոզմամբ` բժիշկը պետք  է լինի ազնիվ իր և հիվանդի առջև:

Ինչպես յուրաքանչյուր ընտանիք, Անանիկյաններն էլ բժշկագիտության արդի խնդիրների մասին քննարկումներից անմասն չեն մնում:

«Բոլոր այն երիտասարդները, ովքեր ցանակնում են բժիշկ դառնալ, չպետք է մոռանան, որ այս մասնագիտությունը չեն ընտրում միայն լսելով. պետք է սիրել այն,  լինել պարտաճանաչ և  նվիրված»,-  ընդգծում է վիրաբույժը հավելելով, որ  բժիշկի համար լավագույն շնորհակալությունը կատարված աշխատանքի դիմաց մարդկանց գոհունակությունն է:

Բժշկական այս մեծ ընտանիքի  կրտսեր գործընկերներին ուղղված հիմնական հորդորն է լինել նվիրված իրենց գործին, աշխատել անշահախնդիր: Հայկական բժշկագիտության նվիրյալների մեծագույն ցանկություններից է նաև, որ առաջիկայում ծոռները ևս ընտրեն բժշկի ուղին:

Նախագծի շրջանակում Անանիկյաններին հյուրընկալվել էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

CAPTCHA
Reload the CAPTCHA codeSpeak the CAPTCHA code
 

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>