Ազգային ինքնության բացահայտման ևս մեկ միջոց

Yervand-Zoryan-Աշխարհասփյուռ հայությունն իր երկրի արմատներին ու պատմությանը կառչելու ևս մեկ հնարավորություն ունի: Հայկական վիրտուալ համալսարանն իր նորարարության շնորհիվ ևս մեկ անակնկալ է մատուցում մեր հայրենակիցներին: Խոսքը վերջերս թողարկված «Հայկական լեռնաշխարհ» էլեկտրոնային գիրքն է, որն ընթերցելու մի քանի տարբերակներ է առաջարկում ընթերցողներին` թե՛ խտասկավառակով, թե՛ առցանց: Գրքի հեղինակը մեր սփյուռքահայ բարեկամ, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ Երվանդ Զորյանն է, որի հետ է մեր զրույցը այս կապակցությամբ:

- Որքանո՞վ է գիրքն արդիական և սփյուռքում ունե՞նք կրթական համայնք, որի համար դեռևս ազգապահպանման գործոնը չի կորցրել կարևորությունը:

- Աշխարհում օնլայն կրթության վերջին զարգացումներին զուգընթաց` կրթական համայնք է ձևավորում նաև հայկական վիրտուալ համալսարանը, որն աշխարհի տարբեր երկրներում ունի շուրջ 3 հազար ուսանող և գործում է արդեն մի քանի տարի: Համալսարանը համացանցի միջոցով բոլոր սփյուռքահայ ուսանողների համար իրականացնում է հասանելի և մատչելի կրթություն` մշակութային, կրթության և այլ ուղղություններով: Համալսարանը նպատակ ունի նաև համապարփակ կրթություն իրականացնել գերժամանակակից մուլտիմեդիայի միջոցներով, որի առաջին թողարկումն այս գիրքն է: Այն բավական սպասված էր ուսանողների շրջանում, և կարծում եմ` ըստ արժանվույն կգնահատվի: Այն համարվում է ՀՎՀ-ի նորարար էլեկտրոնային մատենաշարի առաջին գիրքը` «Հայկական լեռնաշխարհ» անվամբ, որը ներկայացնում է հայկական մշակույթն ու պատմությունը: Գրքում ներկայացված են հայկական լեռնաշխարհի բազմադարյան մշակույթը, շրջակա միջավայրը և վարչական տարածաշրջանային բաժանումները, որոնցից յուրաքանչյուրը հագեցած է պատկերներով և տեսանյութերով:
- Իսկ ինչո՞ւ թեմայի ընտրությունը կանգ առավ հայկական լեռնաշխարհի վրա:
- «Հայկական լեռնաշխարհի» թեմայի ընտրությունը բացատրվում է նրանով, որ հենց հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում մեր ազգային արմատներն ու պատմությունը, հենց հայկական լեռնաշխարհով է պայմանավորված մեր պատմության և ազգային ճակատագրի առանձնահատկությունները:
- Իսկ թողարկումը միայն հայալեզո՞ւ է, թե՞…
- Ոչ, գիրքը սկզբնական շրջանում ընթերցողին կներկայանա արևելահայերեն և անգլերեն, այնուհետև արևմտահայերեն և ևս 4 լեզվով` թուրքերեն, իսպաներեն, ֆրանսերեն, ռուսերեն: Այս գիրքն ընդգրկում է Հայաստանին վերաբերող թեմաների բավական լայն շրջանակ` պատմություն, մշակույթ, տուրիզմ, տնտեսություն և այլն: Գիրքը կազմելիս հաշվի են առնվել ընթերցողների բազմազանությունը և նրանց ակնկալիքները գրքից, ուստի փորձ է արվել տեղեկությունները մատուցել մատչելի լեզվով` միաժամանակ ապահովելով ոճային ինքնատիպությունը:
Ընթերցողները հնարավորություն ունեն հարցաշարերի միջոցով գնահատելու իրենց առաջընթացը, առանձնացնելու ժամանակաշրջանի կարևորագույն իրադարաձությունները և ծանոթանալու հատուկ այդ աղբյուրի համար մշակված հարուստ բառապաշարին:
- Ինչպե՞ս կարող է ընթերցողը ձեռք բերել այն:
- Գիրքը բոլորի համար կլինի անվճար և ամենուրեք հասանելի: Բացի թողարկված տեսաերիզներից, ցանկացած ընթերցող բավական հեշտ ներբեռնումով կկարողանա այն ընթերցել մոբայլ սարքերով, պլանշետներով և այլն:
- Որքանո՞վ է գրքում հնարավոր եղել ապահովել նյութերի գիտական հավաստիությունը, և ի՞նչ աղբյուրներ են օգտագործվել:
- Դրանք վերցվել են ՀՎՀ-ի ուսումնական գրականությունից, ակադեմիական ամսագրերից, պատմական փաստաթղթերից, բուհերում կիրառվող կրթական նյութերից և այլն: Իսկ ինչ վերաբերում է գրքի ակադեմիական խորությանը, ապա այն կարող է ծառայել որպես գիտական աղբյուր` շնորհիվ գրքում տեղ գտած ճշգրիտ և մանրակրկիտ ուսումնասիրությունների: Գրքի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ տեղեկատվությանը զուգահեռ, նյութը մեկնաբանվում է տեսաշարի ձևով, տեսողական 3D էֆեկտներով, լուսանկարներով, տեսահոլովակներով, իրադարձությունների ժամանակագրությամբ, դինամիկ քարտեզներով և այլն:
- Կլինե՞ն նոր թողարկումներ:
- Այո, նախատեսվում է առաջիկա ամիսներին թողարկել հաջորդ գրքերը, որոնցից երկուսը, ի դեպ, նույնպես հիմնված կլինեն վերոհիշյալ աղբյուրների վրա և կներկայացնեն Հայաստանի տնտեսությունը, տուրիզմն ու փոփ մշակույթը: Իսկ մնացած թողարկումները կընդգրկեն տարբեր բնագավառներ` ճարտարապետություն, երաժշտություն, գեղարվեստ, ժողովրդական մշակույթ և այլն: Այդ գրքերի միջոցով կընդլայնվի նաև ՀՎՀ-ի վիրտուալ լսարաններում ընդգրկված միջազգային ուսանողների շրջանակը: Ի դեպ, աշխարհի տարբեր վայրերի կրթական համակարգի ներկայացուցիչներն ու ուսանողները բավական մեծ անհամբերությամբ են սպասել այս վիրտուալ գրքի թողարկմանը, և այն իրականություն դարձնելու ցանկությամբ էլ պայմանավորված է եղել գրքի թողարկումը: Կարծում եմ, ինչպես այս, այնպես էլ հետագա թողարկումները նոր էջ կբացեն հայկական ինքնության բացահայտման գործում:
Լ. Ն

Tags: , , ,