Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկանաբանել է իր աղմկահարույց հարցազրույցը

1“Մենք Ադրբեջանի անկախության 23 տարիների ընթացքում երբեք չենք խառնվել նրա ներքին գործերին։ Ես պարզապես ներկայացնում էի իմ տեսակետը որոշ հարցերի շուրջ՝ ԱՄՆ-ի հավասարակշռված քաղաքականության բերումով։ Եվ եթե իմ հարցազրույցից հետո հանրության և անգամ կառավարության շրջանում քննարկվում է իմ տեսակետը, ապա կարծում եմ, որ այն հասել է իր նպատակին”,-հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը՝ մեկնաբանելով իր աղմկահարույց հարցազրույցն ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ, որում ընդգծել էլ Ադրբեջանում դրանց կրկնման հավանականությունը։

Դեսպանը հայտարարել է, որ իր խոսքերը ճիշտ չեն ներկայացրել։ “Յուրաքանչյուր ցանկացող դեսպանության կայքում կարող է ծանոթանալ իմ հարցազրույցի տեքստին և համոզվել, որ այն հավասարակշռված է եղել և արդար”,-ասել է դեսպանը։

Նա ընդգծել է, որ ասել է բառացիորեն հետևյալը. “Եթե չափազանց խիստ վերաբերմունք դրսևորվի քաղաքացիական հասարակության հանդեպ, նրանց շնչելու հնարավորություն չտրվի, ապա կարող է անցանկալի հետևանքներ առաջանան։ Եթե ոչ այսօր, ապա 5, 10, 20 տարի հետո”։

Մորնինգսթարը նորից հայտարարել է, որ Ադրբեջանում կայունության և զարգացման ապահովման համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել քաղաքացիական հասարակության գործունեության համար։ “Ինձ հետ ինչ-որ մեկը կարող է չհամաձայնել, յուրաքանչյուր ոք իր տեսակետն ունի, իսկ սա էլ իմ տեսակետն է”,-ասել է նա։

Հիշեցնենք, որ վերջերս դեսպանը քաղաքացիական հասարակության ճնշմանն անրադառնալիս  ընդգծել էր, որ Ադրբեջանում կարող են կրկնվել ուկրաինական Մայդանի իրադարձությունները: “Եթե Ադրբեջանի կառավարությունը ավելի ծանր մեթոդներ կիրառի քաղաքացիական հասարակության դեմ, ապա Մայդանի իրադարձությունները կարող են կրկնվել նաև Բաքվում: Եթե նույնիսկ ոչ հիմա, ապա 5-10 տարի հետո կրկնվեն”,- ընդգծել է դեսպանը:

Tags: , ,