Որո՞նք են կատարողական թերթ տալու հիմքերը

օրենքԿատարողական թերթ տալու հիմքերը սպառիչ կերպով տրված են օրենքով, ըստ որի` կատարողական թերթը տրվում է`

1) դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա,
2) արբիտրաժային տրիբունալների վճիռների հիման վրա,
3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների վճիռների և որոշումների հիման վրա,
4) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի (արբիտրաժի) դատական վճիռների կամ որոշումների հիման վրա,
5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հիման վրա:
Կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա: Կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` դիմումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` անհապաղ:
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետության դատարանի վճիռների և որոշումների կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացրել տվյալ օտարերկրյա պետության դատարանի վճիռը և որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ:
Եթե կատարման ենթակա է օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը` վնասի հատուցման կամ այլ գույքային բռնագանձման մասով, ապա կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այդ դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը:
Եթե Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի հիմնադրման վերաբերյալ միջազգային պայմանագրով կամ դրա կանոնակարգերով նախատեսված է այդ դատարանի դատավճիռների կամ որոշումների կատարում, ապա դրանց վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը` պահանջատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումը ներկայացնելուց հետո անհապաղ, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ միջազգային դատարանը, իր կանոնակարգերով սահմանված կարգով, տվել է համապատասխան կատարողական թերթ, որը պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Tags: ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

CAPTCHA
Reload the CAPTCHA codeSpeak the CAPTCHA code
 

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>