Նոր Խարբերդում «Աուդի» է այրվել

ավտոմեքենան այրվել էՆոյեմբերի 26-ին, ժամը 03.10-ին, ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 5-րդ փողոցի թիվ 63/Ա տան դիմաց ավտոմեքենա է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.30-ի սահմաններում, անհայտ պայմաններում այրվել է 1981 թ. ծնված Սերոբ Շ.-ին պատկանող «Աուդի 80» մակնիշի ավտոմեքենան:
Հանգամանքները պարզվում են:
Նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ Արարատի հրդեհային տեսչություն:

 

Գևորգը հետախուզվում էր Կալուգայի մարզում ավազակություն կատարելու մեղադրանքով

ձերբակալությունՆոյեմբերի 25-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1992 թ. ծնված  Գևորգ Հ.-ին, որը ապրիլի 18-ից ՌԴ Կալուգայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 162 հոդվածի 2-րդ մասի (ավազակություն) մեղադրանքով:

Դիլիջանի միջազգային դպրոցը ստացել է «IB World School» կարգավիճակի հավաստագիր

Դիլիջանի_միջազգային_դպրոցի_լոգոԴիլիջանի միջազգային դպրոցը (UWC Դիլիջան) ստացել «IB World School» դպրոցի լիարժեք կարգավիճակ: Դա նշանակում է, որ դպրոցն իրավունք է ստացել 2014թ. սեպտեմբերից իր 16-ից 18 տարեկան սաներին առաջարկել անգլերեն լեզվով դասավանդվող IB (Միջազգային Բակալավրիատի) դիպլոմ ծրագիրը:

IB ծրագիրը համաշխարհային կրթական շրջանակներում ակադեմիական ազնվության եւ մտավոր հզոր ներուժի խորհրդանիշն է դարձել ՝ ուսանողներին կրթական ամենաբարձր չափանիշներով նախապատրաստելով աշխարհի լավագույն համալսարաններ ու քոլեջներ ընդունվելու համար:

«Դիպլոմա» ծրագրի շրջանակներում UWC Դիլիջանի ուսանողները կանցնեն երեք «Բարձր մակարդակի» (HL) եւ երեք «Ստանդարտ մակարդակի» (SL) առարկաներ: IB ծրագրի դիմորդներից կպահանջվի ներկայացնել ծավալուն շարադրություն (Extended Essay), ավարտել ճանաչողության տեսության (Theory of Knowledge (TOK) դասընթացը եւ ակտիվորեն ներգրավված լինել զանազան  ստեղծագործական, սոցիալապես ակտիվ  եւ կամավորական (Creativity, Action and Service (CAS) ծրագրերում:

Ս.թ. հոկտեմբերին Դիլիջանի միջազգային դպրոցը դարձավ Միացյալ Համաշխարհային Քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի լիիրավ անդամ եւ ստացավ UWC Dilijan անվանումը:

Դիլիջանի միջազգային դպրոցը լայնածավալ բարեգործական նախաձեռնություն է, որի շնորհիվ Հայաստանը ներկայացված կլինի համաշխարհային կրթական քարտեզի վրա:

Դպրոցն իր դռները կբացի 2014 թ. սեպտեմբերից` 90 աշակերտների համար: 2023-ին դպրոցում կուսանեն 650 աշակերտներ 60 երկրներից: Աշակերտների 90 տոկոսը կսովորեն նվիրատուների կողմից հատկացված կրթաթոշակներով:

Ըստ մեղադրյալի հաղորդման` ոստիկանության աշխատակիցներն անցել են պաշտոնեական լիազորությունները

ոստիկանՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի և ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի առանձին պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունների անցում կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Հիշեցնենք, որ 2013 թվականի սեպտեմբերի 30-ին Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 6-րդ կետերով, 138-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի քննչական բաժնում հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության շտաբի ոստիկան Էդգար Վարագյանը դանակի և ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում է կատարել Ք. Բ.-ի և նրա 13-ամյա դստեր` անչափահաս Է. Ս.-ի վրա ու հափշտակել 186.000 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և հեռուստացույց: Դրանից հետո ոստիկանության աշխատակիցն առևանգել է նրանց, ավտոմեքենայով տեղափոխել ամայի տարածք, որտեղ բռնաբարել է Ք.Բ.-ին:
Էդգար Վարագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով ու 138-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Առաջադրված մեղադրանքում Էդգար Վարագյաննն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման կասկածանքով ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկվելուց հետո` 2013 թվականի սեպտեմբերի 24-ից 26-ն ընկած ժամանակահատվածում, հիշյալ բաժնի, ինչպես նաև ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի աշխատակիցների կողմից ենթարկվել է ծեծի և բռնության, որի ազդեցության տակ, վերջիններիս պահանջով, քննչական փորձարարության ընթացքում, նրանց իսկ կողմից մատնանշված վայրում մատնացույց է արել Ք. Բ.-ին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան` առանց գիտակցելու նշված քննչական գործողության նպատակն ու հետևանքները:
Էդգար Վարագյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ դիմում են ներկայացրել նաև վերջինիս ծնողները:
ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

ՀՀ Առողջապահության նախարարը և Երևանի քաղաքապետի տեղակալը այցելել են Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ Կենտրոն ենթակայան

001 (2)ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը այցելել են Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ Կենտրոն ենթակայան, հանդիպել բուժաշխատողների հետ։

ՀՀ ԱՆ Դերենիկ Դումանյանը,  իր և ողջ նախարարության անունից շնորհակալություն հայտնելով շտապօգնության բուժաշխատողներին կատարած ամենօրյա հսկայական աշխատանքի համար, նշել է, որ հանդիպման նպատակը անմիջական շփումը և շտապօգնության բուժաշխատողների խնդիրներին ու առաջարկներին ծանոթանալն է։

«Մեզ հետաքրքրում են ձեր խնդիրները, որոնք կարող ենք միասին լուծել։ Մեզ անշուշտ մտահոգում է նաև վերջերս տեղի ունեցած միջադեպը, երբ քաղաքացին ծեծի էր ենթարկել իր պարտականությունը պատշաճորեն կատարող շտապօգնության բժշկին, և ուզում եմ վստահեցնել, որ պայքարելու ենք, որ այդպիսի դեպքերը բացառվեն»,- նշել է նախարարը։

Դավիթ Օհանյանը շնորհակալություն է հայտնել նախարարին մշտական ուշադրության, ինչպես նաև այս հանդիպումը նախաձեռնելու համար։ Քաղաքապետի տեղակալը ևս անդրադարձել է միջադեպին՝ նշելով, որ կա Երևանի քաղաքապետ Տաորն Մարգարյանի հստակ հանձնարարականը՝ անել հնարավորը այսուհետ նման անցանկալի դեպքերը բացառելու ուղղությամբ։

«Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է նման դեպքերը և հետևողական է լինելու որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»,- նշել է Դավիթ Օհանյանը։

Ծանոթանալով բուժաշխատողների առաջարկներին ու խնդիրներին՝ Դերենիկ Դումանյանը հավելել է նաև, որ առաջիկայում ներկայացվելու է շտապօգնության նոր հայեցակարգը, որը էապես կնպաստի ոլորտի զարգացմանը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

ԱԳՆ-ում մարվեց ԵԽ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշը

ԱԳՆ,ԵԽ, Հայաստանի նախագահություն,նամականիշՆոյեմբերի 25-ին արտաքին գործերի նախարարությունում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ու Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը մարեցին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը նվիրված փոստային նամականիշը։ Նամականիշի մարման արարողությունը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, «Հայփոստ» ընկերության ներկայացուցիչները:

ԱԳՆ,ԵԽ, Հայաստանի նախագահություն,նամականիշՄիջոցառմանը, հանդես գալով ողջույնի խոսքով, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ասաց.

«Վերջին վեց ամիսներին Հայաստանը ղեկավարում էր Եվրոպայի ամենահին և ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկը՝ Եվրոպայի խորհուրդը:

Հայաստանը ակտիվ և արդյունավետ կատարեց նախագահողի առաքելությունը: Անցած վեց ամիսների ընթացքում մենք կարևոր ներդրում ունեցանք Եվրոպայի խորհրդի նպատակների իրականացման գործում:

Հոկտեմբերի 2-ին Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այց կատարեց Եվրոպայի խորհուրդ: Հայաստան այցելեցին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Տեղական շրջանային իշխանությունների կոնգրեսի, Եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի նախագահները, Մարդու իրավունքների հանձնակատարը:

Հայաստանի նախագահության ծրագրում ընդգրկվեցին երեք տասնյակից ավելի միջոցառումներ, որոնք կառուցված էին նախագահության հիմնական առաջնայնությունների շուրջ:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը խորհրդանշող փոստային նամականիշի մարման արարողությունն ամփոփում է նախատեսված միջոցառումների շարքը՝ Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահությունը դարձնելով մնայուն խորհրդանիշ: Philatelia-ն, ինչպես գիտեք, ծագում է հունարեն philos – «ընկեր, բարեկամ»  և ateleia «անկեղծ, ազատ» արմատներից: Ես կցանկանայի, որ Հայաստանի նախագահության խորհրդանշանով դրոշմանիշերը շարունակեին տարածել Եվրոպայի խորհրդի կողմից պաշտպանվող համամարդկային արժեքներն ու սկզբունքները, որոնց նպատակը մարդու ազատությունն է, մարդկանց հավասարությունը, փոխըմբռնումը, երկխոսությունն ու բարեկամությունը:»

Սա տհասության արդյունք է, նրանք չգիտեն՝ քանդակն ինչ բան է. Լեւոն Թոքմաջյանը՝ Ֆլորա Մարտիրոսյանի հարազատների դժգոհության մասին

Ֆլորա ՄարտիրոսյանԱռաջին անգամ եմ տեսնում, որ շիրմաքարը դարձնեն քննարկման առարկա, դրանով նրանք ցեխ են շպրտում Ֆլորայի վրա։ Այս մասին այսօր՝  նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն  ասաց Ֆլորա Մարտիրոսյանի արձանի հեղինակ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը՝ անդրադառնալով Ֆլորա Մարտիրոսյանի մարմարե արձանի շուրջ բարձրացած աղմուկի ու հարազատների դժգոհության մասին,հաղորդում է news.am-ը:

Նա նշեց, որ քանդակի ստեղծման ամբողջ ընթացքում ինքը կապի մեջ է եղել երգչուհու ընտանիքի հետ, աշխատանքի բոլոր փուլերում երգչուհու Հայաստանում գտնվող եղբայրը եւ նրա ընտանիքը ներկա են եղել բոլոր տարբերակներին, լուծումներին։  «Սկզբից ցանկանում էի նրան պատկերել երգելուց, բայց դա չընդունեցին, ասացին, որ ցանկանում են, որ լուսանկարին մոտ լինի: Ամերիկայից ընկերուհիները եկան, տեսան, իրարամերժ տեսակետներ էին հայտում, մեկը ասում էր, կարող ենք այնպես անել, որ գանք, ձեռ տանք քարին եւ իր երգը հնչի, բայց դա քանդակագործության հետ կապ չունի, տեխնիկական հարց է։ Լուսանկարը քանդակից տարբեր է, ես ուզում էի հասնել իրականությանը, այնպիսին, ինչպիսին տեսել եմ, ինչպիսին կա Ֆլորան»,- ասաց քանդակագործը։

Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերին, երբ արդեն ամեն ինչ պատրաստ էր, հարազատները եկան, տեսան եւ ոչինչ չասացին, «հաշտվել էին, որ պետք է պահպանեմ Ֆլորայի ծիծաղը»։

Լեւոն Թոքմաջյանի փոխանցմամբ՝ սա մահարձան, որը նեղ ընտանիքի քմահաճույքն է, «ամեն մի քանդակում աշխատել եմ դնել սիմվոլիկա, պոեզիա, ոչ թե լուսանկարչություն»։ Սեպտեմբերին խնդրեցին քանդակագործին, որ քանդակը տեղափոխեն, այդպես էլ եղավ, ընտանիքի անդամները մեքենա բերեցին եւ քանդակը տեղափոխեցին, երեք ամիսը քանդակը գտնվում էր քաղաքային Պանթեոնում՝  երգչուհու շիրիմի վրա, ու հանկարծ այս օրերին սկսեցին քննարկումներ։

«Քրոջ ընտանիքը եւ ամուսինը իրարամերժ են, քրոջ ընտանիքը ասում էր, որ մենք քեզ ճանաչում ենք, պետք է ազատ աշխատես, ամուսինը գտնում էր, որ ես լուսանկարչություն անեմ։ Ամուսնու կողմից մեղադրանք կա, որ սա Ֆլորան չէ, հարց է առաջանում՝ միթե սա պղծում չէ Ֆլորայի հիշատակին, փոխանակ գային, ծաղիկ դնեին, հավերժացնեին նրա հիշատակը, գալիս պղծում են, միթե Ֆլորան նրանց համար արժեք չունի։ Ես ամեն ինչ արել եմ, որ ստանամ իրական Ֆլորան, բայց սա ինչ-որ ընտանեկան տարաձայնությունների արդյունք է, այս աշխատանքը արժանի է գնահատման եւ պետք է իմ աչքերով նայեն Ֆլորային։ Ես մի անգամ ասել եմ, եթե շատ էիք ուզում լուսանկար լիներ, փայլեցված քարի երեսին նկարը դնում են եւ ծեծում են, նույնիսկ եթե Միքելանջելոն արթանար, չէր կարող այս գունագեղ նկարից ստանար Ֆլորային։ Առանց ամաչելու ամուսինը օվկիանոսից այն կողմ ինձ դասեր է տալիս, մի արվեստագետի, որ ամբողջ աշխարհում ինձ ճանաչում են, Ամերիկայից ինձ դասեր են տալիս եւ հրահանգներ են տալիս»,- ասաց Լեւոն Թոքմաջյանը։

Հարազատների դժգոհությունները, թե քանդակը նախնական պայմանավորված գումարից ավել գումար է ուզել, սկզբից պայմանավորվել էին, որ քանդակը լիներ մեկ քարից, բայց հետո այն դարձավ երկու քարից, Լեւոն Թոքմաջյանը այսպես պատասխանեց. «Ես իմ պայմանավորված գումարից ավել չեմ ուզել, նույնիսկ ինձ կոպեկներ են մնացել, սկզբից պատվիրատուն քրոջ ընտանիքն էր, ինձ ասացին ամուսնու հետ գործ չունես։ Պայմանավորվել էինք բյուստ, բայց  երբ տեսա, որ մի ամբողջական քար չի տեղավորվում Ֆլորայի ծավալների մեջ, պայմանավորվեցինք երկու քարով։ Ընտանիքի անդամները եկան, վերցրին պատվանդանը, տարան պալիրովկա արեցին, բերեցին, վրան կապույտ բաներ առաջացան, ասացին, թե բա ինչի են կապույտ բծեր առաջացել, բայց մարմար է չէ՞, հնարավոր է նման բան։ Իրենց ասածները անիմն են,ես փող չեմ ավելացրել, իրենք տեղյակ էին, որ պետք է երկու կտորից լինի։ Երբ ես իմացա որ պատվիրատուն փոխվում է, ես գիտեի, որ ամուսինը քմահաճ մարդ է, հրաժարվում էի, ընտանիքը խնդրեց շարունակել, նկարները ուղարկում էի ամեն էտապում, փոքր դիտողություններ արեցին, եթե համաձայն չէին, ինչի՞ երեք ամսի շուտ եկան տարան։ Սա տհասության արդյունք է, նրանք չեն իմանում քանդակն ինչ բան է,սա տգիտության արդյունք եմ համարում, ուզում էին լուսանկարը լիներ, բայց ես չէի կարող մարմարը ներկել աչքերի մոտ կապույտ քսել, ինքը պարիկ էր դնում»,- ասաց Լեւոն Թոքմաջյանը։

Քանդակագործը նշեց, որ գոհ է իր քանդակից, եւ իր համար զարմանալի է, թե ինչի այս աղմուկը առաջացավ քանդակի տեղադրումից երեք ամիս հետո։ Նա կարծիք հայտնեց, որ հակասություն կա Ֆլորա Մարտիրոսյանի եւ նրա քրոջ ընտանիքների միջեւ։ Շարունակությունը `սկզբնաղբյուր կայքում:

Միջազգային կազմակերպոթյունները ողջունում են ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հայտարարությունը

միջազգային կազմակերպություններԿանանց նկատմամբ խտրականության վերացման միջազգային օրը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և Եվրամիության պատվիրակությունը, ԵԱՀԿ և Եվրախորհրդի երևանյան գրասենյակները ողջունում են ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նոյեմբերի 22-ի հայտարարությունը` վերահաստատելով ՀՀ կառավարության պատրաստակամությունը գենդերային հավասարության հարցում:

Մենք մեծապես ողջունում ենք Կանանց հարցերով խորհրդի վճռականությունը` հավատարիմ մնալու Հայաստանի Հանրապետության` գենդերային հավասարությանն առնչվող միջազգային իր պարտավորություններին, ներառյալ “Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման” ՄԱԿ-ի կոնվենցիան, որի ստորագրող կողմ է հանդիսանում Հայաստանը դեռևս 1993թ.-ից: Մենք խրախուսում ենք նաև Հայաստանի կողմից “Կանանց և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման” Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրումը:

Բացի այդ, մենք աջակցում ենք նաև Խորհրդի կոչը` երաշխավորելու <<Կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ>> օրենքի արդյունավետ կիրառումը:

Ինչպես նաև, մենք սատարում ենք իրավապահ մարմիններին ուղղված կոչը. այն է` ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները կանխելու և պատասխանատվության ենթարկելու գենդերայի հավասարության և կանանց իրավունքների հարցերով զբաղվող անհատների և կազմակերպությունների հասցեին ուղղված սպառնալիքները:

Մենք գնահատում ենք ՀՀ կառավարության` օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերով պայմանավորված դրույթների և պարտավորությունների իրականացմանն ուղղված ջանքերը` լինելով այդ փաստաթղթերի ստրագրող կողմ:

Գենդերային հավասարությունը հանդիսանում է ժողովրդավարական կառավարման և կայուն զարգացման անկյունաքարը: Մենք ևս մեկ անգամ հայտնում ենք մեր պատրաստակամությունն ու վճռականությունը աջակցելու ՀՀ կառավարությանը` կանանց և տղամարդկան հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների, և խտրականության դեմ օրենսդրության հետագա կիրառման հարցում:

Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին, 10 մարդ հիվանդանոցում է

ավտովթարՆոյեմբերի 24-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Վաղարշապատի Մաշտոցի պողոտայի և Վ. Կոստանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21063»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նոյեմբերի 24-ին, ժամը 22.15-ին, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Նարեկացու փողոցի թիվ 43 շենքի մոտ բախվել է «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել-Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նոյեմբերի 24-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատաշեն-Նոյեմբերյան ճանապարհի 12-րդ կմ-ին` Բերդավան գյուղի տարածքում, վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նոյեմբերի 23-ին, ժամը 08.00-ին, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Երևան գյուղամիջյան ճանապարհի 5-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
Բախման հետևանքով «ՎԱԶ-21011»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նոյեմբերի 24-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 26-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և հարվածել ճանապարհի երկաթյա արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նոյեմբերի 23-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Հաճըն քաղաքի Տոռոզյան փողոցի թիվ 16 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:

Նոյեմբերի 23-ին, ժամը 08.35-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 87-րդ կմ-ին «Ֆոլկսվագեն-LT» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նոյեմբերի 23-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 170-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Ջետա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ վերոնշյալ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» 2013 թ. քարոզարշավը մեկնարկեց համատեղ մամլո ասուլիսով

PC-3Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված Հայաստանում «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի մեկնարկին: Ասուլիսի հիմնական բանախոսներն էին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Եվրոպայի միության, ԵԱՀԿ գրասենյակի և Եվրոպայի խորհրդի պատվիրակությունների ղեկավարները:

Ասուլիսը բացեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ով նաև ընթերցեց բանախոսների համատեղ հայտարարությունը՝ ի աջակցություն ՀՀ վարչապետին կից Կանանց խորհրդի վերջերս ընդունած որոշման: Վերջինս, մասնավորապես, կոչ էր անում երաշխավորել «Կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ» օրենքի արդյունավետ կիրառումը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը ներկայացրեց 16-օրյա քարոզարշավի օրացույցը: Այս տարի այն ներառում է տարատեսակ միջոցառումներ, այդ թվում՝ երթ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության, 16-օրյակի հարցերի բարձրաձայնում Ազգային Ժողովում, թեմատիկ հանդիպում-քննարկումներ, Հայաստանում սեռական բռնության խնդրին նվիրված վավերագրական ֆիլմի դիտում, լուսանկարչական ցուցահանդես, ինտերակտիվ ֆորում թատրոնի ներկայացում և այլն:

«Գենդերային բռնության վերացումը և գենդերային հավասարության հաստատումն առանցքային նշանակություն ունեն աշխարհի յուրաքանչյուր հասարակության զարգացման համար՝ լինի դա զարգացման տնտեսական, քաղաքական, սոցիալական, թե որևէ այլ բաղկացուցչի առումով», – ասուլիսում նշեց պրն. Բուզետտոն:

Ասուլիսի ավարտին ներկաները հրավիրվեցին ՄԱԿ-ի շենքի նախասրահ՝ դիտելու կանանց հնարավորությունների ընդլայնմանը նվիրված լուսանկարների ցուցահանդեսը:

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ը  ամենամյա միջազգային քարոզարշավ է, որը մեկնարկում է նոյեմբերի 25-ին և տևում է մինչև դեկտեմբերի 10-ը` Մարդու իրավունքների միջազգային օրը: Բացի բուն 16-օրյակի քարոզարշավից, այն ներառում է ևս մեկ` կանանց նկատմամբ բռնությունից հրաժարումը խորհրդանշող «Սպիտակ ժապավեն» քարոզարշավը: 1991 թ.-ից ի վեր իրականացվող քարոզարշավի մասնակիցների բանակը ներառում է ավելի քան 3,700 կազմակերպություն` 164 երկրում: Հայաստանում 16-օրյակն իրականացվում է 2001 թ.-ից:

Շաքե գյուղում հրդեհը 600 հազար դրամի վնաս է պատճառել

հրդեհՆոյեմբերի 24-ին, ժամը 18.30-ին,  ոստիկանության Սիսիանի բաժին է դիմել 1969 թ. ծնված Մուրադ Գ.-ն և  հայտնել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Շաքե գյուղում գտնվող իր գոմի անասնակերի պահեստավորման շինությունում:
Պարզվել է, որ հրդեհի հետևանքով այրվել է Մուրադ Գ.-ին պատկանող անասնակերի պահեստի 60 քմ մակերեսով ծածկը և փայտյա կոնստրուկցիաները, 600 հակ խոտը և 200 հակ ծղոտը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում` մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով Մուրադ Գ.-ին պատճառվել է շուրջ 600.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

 

3 տարի շարունակ հետախուզվողը Հայաստան է տեղափոխվել Բեռլին-Մոսկվա-Երևան չվերթով

ձերբակալությունՈստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 23-ին, ժամը 04.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի համատեղ օպերատիվ խմբի կողմից Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Բեռլին-Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1970 թ. ծնված Անդրանիկ Ք.-ն, որը 2010 թ. նոյեմբերի 25-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր մաքսանենգության մեղադրանքով:

Վաղարշապատում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է

ձերբակալելԻնչպես նախկինում տեղեկացրել էինք. նոյեմբերի 22-ին, ժամը 23.20-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցում` թիվ 2-րդ ավագ դպրոցի դիմաց, վրաերթի էր ենթարկել 1987 թ. ծնված Ավետիք Բաբայանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1972 թ. ծնված Եղիշե Պ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 24-ին, ժամը 21.40-ին, կամավոր ներկայացել է բաժին և հայտնել, որ Ա. Բաբայանին, «Միցուբիշի Պաջեռո»  մակնիշի ավտոմեքենայով, ինքն է վրաերթի ենթարկել:
Եղիշե Պ.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից տեղեկացնում են,  որ կատարվում է քննություն:

3 օրում 28 ավտոպատահար է գրանցվել, 2 մարդ զոհվել է, 28-ը` վնաստածքներ ստացել

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 22-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 20-ը, խարդախության` 10, ավազակային հարձակման, յուրացման կամ վատնման և խուլիգանության 1-ական  դեպքերն էլ բացահայտվել են:  Բացահայտվել է գողության 10 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 5, յուրացման կամ վատնման և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար. 2 մարդ զոհվել է, 32-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դոլարը շարունակում է իջնել

դոլարՆոյեմբերի 25-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 7,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404.23 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 404.2 դրամ:

Ըստ քաղաքացու հաղորդման` ոստիկանության աշխատակիցներն անցել են պաշտոնեական լիազորությունները

հքծՀՀ Հատուկ քնչական ծառայությունում ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով քաղաքացի Ա.Ս.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:
Ըստ Ա.Ս.-ի հաղորդման, 2011 թվականի մարտի 23-ին` ժամը 02:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցներն իրեն և Ա. Ղ.-ին գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ իրենց ծեծի և խոշտանգումների միջոցով ստիպել են խոստովանել գողության կատարումը:
Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Լանդշաֆտի խնդիրները` ՀՀ քաղաքաշինության նախարարի օրակարգում

Սամվել Թադեւոսյան, Եվրոպայի Խորհրդի փորձագետ Օդուն ՄոֆլագՀասարակության շահերում լանդշաֆտի կարեւորագույն դերակատարությանը, լանդշաֆտի պահպանությանը, կառավարման ու տարածքային պլանավորմանը վերաբերվող հարցեր են քննարկվել նոյեմբերի 25-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի եւ Եվրոպայի Խորհրդի փորձագետ Օդուն Մոֆլագի հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Քաղաքաշինության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

“Ստանձնելով Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիայի պարտավորությունները, կարեւորելով լանդշաֆտի առանձնահատուկ դերակատարությունը հասարակության շահերում` մշակույթի, բնապահպանության, շրջակա միջավայրի ու սոցիալական ոլորտներում` այս տարիներին մեր պետությունը կոնկրետ քայլեր է կատարել այդ պարտավարությունների կատարման գործընթացում”,- ողջունելով հյուրին նշեց նախարար Թադեւոսյանը:

Իր հերթին, պարոն Մոֆլագը պատրաստակամություն հայտնեց իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանում Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի իրագործման ճանապարին: Ի դեպ, տեղեկացնենք, որ ԵԽ փորձագետ Օդուն Մոֆլագը Հայսատան է ժամանել նոյեմբերի 27-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից կազմակերպվող Հայաստանում Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիայի իրագործման խնդիրների վերաբերյալ աշխատաժողովին մասնակցելու նպատակով:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը «Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիային» միացել է 2004 թվականին, ստանձնելով բնական եւ ձեռակերտ լանդշաֆտների պահպանության, կառավարման եւ պլանավորման գործընթացի իրականացման պարտավորությունը:

 

 

Հայաստանի ԲՈՒՀ-երի ավելի քան 100 ուսանող կստանան Beeline կրթաթոշակ

բիլայնի կրթաթոշակ«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի և ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ հայտարարում են «Beeline Scholarship» ծրագիրի մեկնարկի մասին:

Ծրագրի շրջանակում Հայաստանի պետական ԲՈՒՀ-երի ուսանողները մրցակցային հիմունքներով կարող են ստանալ Beeline կրթաթոշակ մինչև 300.000 դրամի չափով: Ծրագրին կարող են մասնակցել երկրորդից չորրորդ կուրսերում վճարովի համակարգում սովորող այն ուսանողները, ովքեր մասնագիտանում են` սոցիալական և հումանիտար գիտություններ, արվեստ, ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, իրավունք, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, բիզնես կառավարում և ճշգրիտ ու բնական գիտություններ ոլորտներում:

«Համոզված եմ, որ մեր ծրագիրը հնարավորություն կընձեռի տաղանդավոր ուսանողներին ձեռք բերել այնպիսի մասնագիտություն, որն, անշուշտ,  օգտակար կլինի իրենց հայրենիքի համար: «Beeline Scholarship» ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, իսկ դա նշանակում է, որ 38 պետական համալսարանի ավելի քան 50.000 ուսանող կարող են դառնալ այս ծրագիրը մասնակիցը: Ինձ համար շատ հաճելի է, որ «ԱրմենՏել» ընկերության հերթական սոցիալական ծրագիրը, կօգնի երիտասարդներին ինքնուրույն ստեղծել պայմաններ ապագայում հաջողության հասնելու համար»,- նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Բրիտանական խորհրդի համար կարևորագույն ուղղություն է կրթությունը: Beeline Scholarship ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին ոչ միայն կրթաթոշակ ստանալ, այլև ընտրական հանձնաժողովում ընդգրկված մարդկանց ներկայանալ որպես ապագայում փոփոխություններ բերող մասնագետներ: Մենք ուրախ ենք համագործակցել «ԱրմենՏել»  ընկերության հետ և հուսով ենք, որ առաջիկայում ականատես կլինենք ծրագրի նկատելի արդյունքներին»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

«Beeline Scholarship» ծրագիրն իրականացվելու է երկու հիմնական փուլով: Առաջին փուլում մասնակիցները պետք է ներկայացնեն «Ինչ փոփոխություն եմ պատրաստվում իրականացնել իմ ոլորտում» ծրագիր-առաջարկը: Երկրորդ փուլում Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարության, միջազգային, կրթական և բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներից, այդ թվում նաև կրթական ոլորտում առաջատար էքսպերտներից կազմված հանձնաժողովն առաջին փուլն անցած մասնակիցներից կընտրի այն 80-110 ուսանողին, ովքեր կարժանան  «Beeline կրթաթոշակ»-ին: Կրթաթոշակի գումարը չի կարող գերազանցել ուսանողի մեկ ուսումնական կիսամյակի համար նախատեսված գումարի չափը:

 Ծրագրի մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղից զանգահարելով  +374 10 552945 (ներքին 5109) կամ ուղարկելով նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև Facebook սոցիալական ցանցում` ընկերությունների պաշտոնական կայքերում

 https://www.facebook.com/BritishCouncilArmenia և https://www.facebook.com/beeline.am

Սեմինարներ ՄԻԱՎ-ի վերաբերյալ՝ ուսանողների շրջանում

DSC_0426Նոյեմբերի 25-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեց «Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրը։ Բուհի ուսանողները տեղեկություններ ստացան ՄԻԱՎ-ի, դրա փոխանցման ճանապարհների, այն կանխարգելելու վերաբերյալ։

«Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագրի համակարգող Նարինե Մեժլումյանը տեղեկացրեց, որ պաշտոնական տվյալներով 1988-ից մինչև 2013թ. հոկտեմբերի 31-ը Հայաստանում գրանցվել է 1563 ՄԻԱՎ վարակակիր, որոնցից 228-ը` 2012թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: Հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500:

«ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 583 դեպք, երկրորդ տեղում Շիրակի մարզն է: ՄԻԱՎ-ի դեպքերի հաշվարկը 100 հազար բնակչի հաշվով ցույց է տալիս, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է, որին հաջորդում են Լոռու մարզը, Երևանը, Արմավիրի մարզը»,- նշեց Նարինե Մեժլումյանը։ ՄԻԱՎ-ով վարակվածների գերակշիռ մասը՝ մոտ 55 տոկոս, 25-39 տարիքային խմբում են։ Վարակի դեպքերի բաշխումն ըստ փոխանցման ուղիների հետևյալ պատկերն ունի՝ հետերոսեքսուալ ճանապարհ՝ 58,5 տոկոս, թմրամիջոցների ներարկման ճանապարհով՝ 31,5 տոկոս և այլն։ Ծրագրի համակարգողը նկատում է, որ իրենց նպատակն է՝ որքան հնարավոր է շատ երիտասարդների ուսումնասիրել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, որպեսզի վերջիններս իմանան իրենց ՄԻԱՎ կարգավիճակը։

Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի համակարգող Սևակ Խաչատրյանը նշեց, որ իրենք բուհում պարբերաբար նման սեմինարներ անցկացնում են։ «Մենք ունենք քաղպաշտպանության և առաջին բուժօգնության ամբիոն, և ուսումնական ծրագրերից դուրս կազմակերպվում են նաև ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ քննարկումներ»,- ասում է ուսխորհրդի նախագահը։

Քննարկումներից հետո ուսանողները հնարավորություն ունեցան հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ։ Այդ հետազոտություններն անցկացնում էին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները։

Նշենք, որ «Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» նախաձեռնության կողմից հայտարարված ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Եղանակը Հայաստանում`առաջիկա հինգ օրերին

եղանակը աշնանըՀանրապետության տարածքում`

Նոյեմբերի 26-ին և 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկը և 28-30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 27-30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 27-28-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում`

Նոյեմբերի 26-ին և 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկը և 28-30-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև: