Համատարած որակյալ կրթությունը պետական անվտանգության երաշխիքներից է

Որևէ մեկը չի կարող վիճարկել այն փաստը, որ երկրիս անվտանգությունն ուղիղ
համեմատականորեն կախված է կրթության այն որակից ու մակարդակից, որն
հավասարապես իրականացվում է պետության ամբողջ տարածքում:

Բախշյան

ԿԳ նախարարության Հանրակրթության վարչության պետը 2 օր առաջ հայտարարեց, որ. «Կոնկրետ խնդիրներ չկան, շատ կարևոր հարցեր լուծված են սեպտեմբերի մեկի համար, դրանք երեխաներին դասագրքերով ապահովելն է, հնարավորինս բարեկարգ շենքերում նրանց ընդունումն է, չնայած դեռ ունենք դպրոցներ, որոնք պետք է կարգավորվեն, բոլոր դեպքերում դպրոցների համար լուծված է ջեռուցման հարցը»:

Հատուկ տիկին Հովհաննիսյանի համար, եթե մտահոգ է, կարող եմ տրամադրել
հանրապետությունում ջեռուցման խնդիր, անբարեկարգ և շատ հին գույք ունեցող
դպրոցների ցանկը:  Հանրապետության գործող նախագահը վերջերս իրենց բազեականների հետ հանդիպման ժամանակ հատուկ ընդգծեց մեր աշակերտների միջազգային
օլիմպիադաներում ունեցած թվային հաջողությունները՝ դրանք համեմատելով հարևանների ձեռքբերումների հետ, որն իհարկե ի օգուտ Հայաստանի է:
Միջազգային օլինպիադաներում մեդալներ շահած աշակերտները հանրապետության 3-4 դպրոցների ներկայացուցիչներ են:

Պատկերացնու՞մ եք այս թիվը որքան ավելի մեծ կլիներ, եթե բոլոր դպրոցները լինեին բարեկարգ, նրանց մեծ մասն ապահովվեին որակյալ տնօրեններով ու ուսուցիչներով, գույքը լիներ համապատասխան, մեծամասնությունն ունենային կահավորված լաբորատորիաներ:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով կրթության նպատակներից է հայրենասեր
քաղաքացի դաստիարակելը:

Հայրենասիրական դաստիարակության օրինակ պետք է առաջինը տա իշխանությունը, որը պետության ողջ տարածքում գտնվող բոլոր դպրոցների կարիքների նկատմամբ լինի հոգատար, իսկ սահմանամերձ գյուղերի նկատմամբ  հայրենասեր կառավարությունը պետք է դրսևորեր արտոնյալ վերաբերմունք: Այս գյուղերի դպրոցներում առնվազն պետք է կրկնապատկել աշակերտ թվով ֆինանսավորման չափը, որպեսզի այնտեղ ուսուցիչն ավելին ստանա և մնա՛ գյուղում, այս գյուղերում դպրոցների շենքերն առանց բացառության պետք է լինեն բարեկարգ, ջեռուցվող, գույքը թարմ, հագեցած լաբորատորիաներով ու կայացած ուսուցիչներով, որպեսզի երեխաները ուզենան մնալ իրե՛նց գյուղի դպրոցում:

Սա կլինի հայրենասիրական օրինակելի վերաբերմունք կառավարության կողմից, որի արդյունքում իսկապես կունենանք համատարած հայրենասեր քաղաքացիներ: Իսկ սահմանամերձ գյուղերի դպրոցներում իրականությունը շատ հեռու է նկարագրածից, հետևաբար վտանգված է պետության անվտանգությունը:

Հարգանքներով՝

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու կրթության

հանձնաժողովի անդամ

 

​«Դո՛ւք կգաք կպարապեք, ե՛ս կպարապեմ». Ներքին Կարմիրի դպրոցի տնօրեն

մովսեսի դպրոց«Դո՛ւք կգաք կպարապեք, ե՛ս կպարապեմ». Ներքին Կարմիրի դպրոցի տնօրեն
Սեպտեմբերի 1-ին Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի դպրոցում առաջին զանգը կհնչի ինը երեխայի համար: Վերջին շրջանի սահմանային դեպքերից հետո հյուսիսարևելյան սահամանագոտում հարաբերական խաղաղություն է, ամառային արձակուրդն էլ ավարտվում է, ուստի ժամանակավորապես գյուղից տեղափոխված ընտանիքներն ու նրանց դպրոցահասակ երեխաներն աստիճանաբար վերադառնում են Մովսես:
«Իմ հաշվարկով` բոլոր դասարանները միասին` 12 աշակերտ, դուրս էին եկել գյուղից, նրանք վերադառնում են գյուղ»,- նշեց Մովսեսի դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանը: 2014-ի նոր ուսումնական տարում դպրոց կհաճախի 130 աշակերտ: «Ճիշտ է` երեխաների թիվը նվազել է,- ասում է Ադամյանը,- բայց չենք հասել նրան, որ երկկազմ դասարաններ ձևավորենք: 1960-70-ական թթ. Մովսեսի դպրոցն ունեցել է 1200 աշակերտ, այդ ցուցանիշը նվազեց 1990-ականների պատերազմի հետևանքով»: Նրա խոսքով` Մովսեսի դպրոցը մասնագետների խնդիր գրեթե չունի:
«Միայն թե մեր քիմիայի ուսուցչուհին, որը նաև փոխտնօրենն է, Մովսեսից տեղափոխվել է Բերդ, այնտեղ 1-ին հիմնական դպրոցում հայտարարված մրցույթը հաջողությամբ հաղթահարել է և ընդունվել աշխատանքի: Փաստորեն, քիմիայի դասն է, որ բաց է մնում: Այս առարկան դասավանդվում է ընդամենը 10 ժամ, Բերդում մեկ մասնագետի մասին եմ լսել, նրան կզանգահարեմ, եթե ցանկանա, կառաջարկեմ` մեր գյուղում աշխատի, մրցույթ կհայտարարենք: Մնացած առարկաների գծով մասնագետներով ապահովված ենք, ունենք նաև թոշակառու մանկավարժներ, բայց կարողանում ենք մեր երեխաներին անհրաժեշտ կրթությամբ ապահովել»,- նշեց Մովսեսի դպրոցի տնօրենը:
Ի դեպ, Մովսեսի դպրոցը գտնվում է ադրբեջանական դիրքապահների տեսադաշտում և բազմիցս, հատկապես վերջին շրջանի գնդակոծությունների ժամանակ փամփուշտները դիպել են կրթական հաստատության պատերին: «Մեծ վնասներ չեն հասցվել, կրակել են ԴՇԿ-ով, եղել է, որ կրակահերթերը սկսվել են հենց դասապրոցեսների ժամանակ: Մայիսին` քննությունների ժամանակ, խփեցին գյուղապետարանի շենքին, ապա նաև դպրոցին, գնդակներից մեկը մնացել էր պատուհանի շրջանակի մեջ: Բայց եթե անգամ դասերի ժամանակ կրակոցներ են լինում, խուճապի չենք մատնվում, պարզապես երեխաներին թույլ չենք տալիս դուրս գալ շենքից, յուրաքանչյուրն իր ուսուցչի հետ պատսպարվում է իր դասարանում: Երբ կրակոցները մի փոքր դադարում են, ներքևի թաղամասի մեր դպրոցականներաշակերտներին կցում ենք վերևի` ավելի ապահով հատվածում գտնվող թաղամասում ապրող աշակերտներին, երբեմն էլ ավտոմեքենաներով տեղափոխում ենք, որպեսզի երեխաները կրակի տակ երկար ճանապարհ չանցնեն: Ապա նաև զանգահարում ենք նրանց ծնողներին, տեղեկացնում, որ չանհանգստանան` երեխաներին ընկերուհիների հետ ապահով վայրեր ենք ուղեկցել»,- պատմում է Մովսեսի դպրոցի ղեկավարը:
Դպրոցի անմիջական հարևանությամբ է գտնվում գյուղի մարզադաշտը: Ռուզաննա Ադամյանն ասաց, որ թույլ չի տրվում երեխաներին օգտվել այդ դաշտից, քանի որ խիստ վտանգավոր հատվածում է: «Դասերից հետո երեխաները երբեմն ֆուտբոլ են խաղում, բայց դասերի ընթացքում խստորեն արգելել եմ խաղալ այդ դաշտում, ֆիզկուլտուրայի դասերն անցկացնում ենք փակ դահլիճում»:
Ուղիղ մեկ դար անց սահմանապահ գյուղը դարձյալ քահանա ունի: Տեր Հովհաննես Բադալյանցը Մովսեսում հոգևոր ծառայություն է իրականացրել մինչև 1914 թ.: Ռուզաննա Ադամյանն ուրախությամբ նշեց, որ Մովսես գյուղի նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին նոր քահանա ունի, որի կինը կաշխատի գյուղի միջնակարգ դպրոցում, կդասավանդի երգեցողություն: Տեր Աբել քահանա Քարտաշյանը ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, ապա նշանակվել է այս հեռավոր գյուղի եկեղեցու քահանա: «Մենք լքել ենք Երևանը և եկել Հայաստանի այս գեղեցիկ անկյունում մեր ժողովրդի հետ միասին հայրենիքի սահմանները պահելու»: Տեր Աբելն ավելացնում է, որ չափազանց կարևոր է հատկապես այս դժվարին ժամանակներում, երբ սահմանամերձ համայնքների բնակիչներն ապրում են պատերազմի ու խաղաղության սահմանագծում, ամրապնդել նրանց մեջ հայրենիքի հանդեպ սերը և համախմբել հավատքի շուրջ. «Որդիս նոր է զորացրվել, դուստրս սովորում է Երևանի պետական մանկավարժական համալսարանում, իսկ փոքր աղջիկս Մովսեսում է, սովորում է տեղի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում»:
Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցն այս տարի դռները կբացի վեց առաջին դասարանցիների առաջ: «Այս պահին 6 երեխա են, որ գալու են առաջին դասարան, դե, շատ կուզեի` 26-ը լինեին, բայց դե ինչ անեմ, այս պահին այս տարվա երեխաների թիվն այդքան է»,- ասաց գյուղի դպրոցի տնօրեն Իվան Ադամյանը: Նա նաև տեղեկացրեց, որ դպրոցն անհրաժեշտ մասնագետներ ունի, սակայն այս տարի երկու դասվարի թափուր տեղ է առաջացել. «Երեխեքս սեպտեմբերին գալու են, տեսնեն` դասվար չունեն»:
Մեր հարցին` բա ինչ եք անելու, եթե դասվար չգտնեք, Իվան Ադամյանը պատասխանեց. «Դո՛ւք կգաք կպարապեք, ե՛ս կպարապեմ»: Փոխարենը Ներքին Կարմիրաղբյուրն ունի պատմության հրաշալի մասնագետ` Հենրիկ Գալստյանը, որն արժանացել է վարչապետի բարձր գնահատականին` ճանաչվելով լավագույն ուսուցիչ: Հենց նա է, որ երեխաների մեջ ամրապնդում է հայրենասիրական ոգին` բացատրելով, որ հակառակորդը վախկոտ է, հենց «մեր առյուծներն արթնացան»` նրանք նահանջում են:
Սեպտեմբերի 1-ին սահմանամերձ Չինարի գյուղի միջնակարգ դպրոց կհաճախի 105 երեխա: Չինարիի դպրոցն ունի երկկազմ դասարաններ: Տնօրեն Գրետա Դալլաքյանի խոսքով` երկրորդ և չորրորդ դասարանները դասերն անցկացնում են միասին: Ինչ վերաբերում է կադրային խնդիրներին, ապա դպրոցը որոշ մասնագետների խնդիր ունի: «Հինգ ուսուցիչ ունենք, որոնք թեև կենսաթոշակի տարիքի են, բայց շարունակում են աշխատել և իրենց երկարամյա փորձառությունն ու գիտելիքները փոխանցել չինարեցի աշակերտներին: Նրանցից երկուսը դասվար են, մեկը` ֆիզիկայի մասնագետ, մյուսը` անգլերենի»: Ամեն ինչից անկախ, Չինարիում Գիտելիքի օրը կդիմավորեն ինչպես հարկն է. շնորհավորանքներ` նախորդ ուսումնական տարին գերազանցությամբ ավարտած աշակերտներին և բարի գալուստ կրթօջախ նոր ոտք դնողներին:
Գրետա Դալլաքյանն ասաց, որ օգոստոսի 7-ին ադրբեջանական կողմից գերեվարված և սպանված Կարեն Պետրոսյանին ինքը չի դասավանդել: Նա դպրոցում երեք տարի է սովորել, դպրոցի արխիվում տղայի փաստաթղթերում նշված չէ` նրա դպրոցից դուրս գալու մասին: Տիկին Դալլաքյանը նշեց, որ ամբողջ գյուղն է ցավում երիտասարդ, խելոք, համեստ ու աշխատասեր տղայի մահվան կապակցությամբ: Չինարիի վերջին ողբերգական դեպքը լրիվ փոխել է սեպտեմբերմեկյան օրակարգը: Առաջին դասը կսկսեն պատմության հերթական դասը լավ սերտած. նենգ հակառակորդի դեմ պետք է պայքարել միասնական` կրթվելով, ապրելով ու ամրացնելով հայկական սահմանապահ գյուղերն ու դիրքերը…

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը երկարաձգվում է մինչև սեպտեմբերի 30-ը

ԿԳՆ

 

 

 

 

 

 

 

 

   ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել օտարերկրյա և սփյուռքահայ ուսանողների  ընդունելության հանձնաժողովի նիստ, որը վարել է նախարար Ա. Աշոտյանը: Մինչ օրակարգի հիմնական հարցերին անդրադառնալը՝ ՀՀ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ ընդառաջելով սիրահայ դիմորդների խնդրանքին՝ սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետը բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա վճարովի համակարգում, ինչպես նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական  հաստատություններում երկարաձգվում է մինչև սեպտեմբերի 30-ը:

  Նախարարի համապատասխան հրամանը այժմ մշակվում է: Անդրադառնալով Ուկրաինայից եկած դիմորդների խնդիրներին՝ նախարար Ա. Աշոտյանը ընդգծել է, որ պետք է ցուցաբերել անհատական մոտեցում և յուրաքանչյուր հարց, քննարկելով ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ուկրաինայում ՀՀ դեսպանատան հետ, աջակցել բոլոր դիմորդներին:
  Ինչ վերաբերում  է պետպատվերով հատկացված տեղերին՝ նախարարն ընդգծել է, որ դրանք հատկացվում են հայագիտական մասնագիտություններին: Մանկավարժական մասնագիտությունների համար սփյուռքահայ ուսանողների պետական պատվերը  այս տարի հատկացվելու է բացառապես Գյումրու Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտին: 
   Նիստի օրակարգում ներառված հարցերը վերաբերել են ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացված 2014-2015 ուսումնական տարվա համար սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման և հաշվառման ընթացքին: Օգոստսի 22-ի դրությամբ ՀՀ բուհեր ընդունվելու համար դիմել են 337 սփյուռքահայեր, հիմնական մասը՝ շուրջ 154 դիմորդ Վրաստանից, 71 Ռուսաստանից, 67 Սիրիայաից: Օտարերկրյա դիմորդների թիվը նույն օրվա դրւթյամբ կազմել է 117: 
   Նիստի ընթացքում  սփյուքահայ ուսանողների ընդունող  հանձնաժողովը որոշմամբ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսուցման 2014-2015 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկով նախատեսված միասնական և կենտրոնացված կարգով պետական քննություններին մասնակցած ու համապատասխան առարկաներից դրական գնահատականներ ստացած դիմորդներին ազատել այդ առարկաների համար նախատեսված գիտելիքների ստուգումից:
Որոշվել է սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների գիտելիքների ստուգումը կազմակերպել ս.թ. օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում և արդյունքները ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

Մեր պահանջը ՀՀ կրթական օրենսդրության և պետական քաղաքականության լիարժեք իրագործումն է. Ա. Աշոտյան

Արմեն Աշոտյան

Օգոստոսի 27-ին տեղի է ունեցել հանրապետության ավագ դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն անդրադառնալով ավագ դպրոցներում առկա խնդիրներին՝ նշել է, որ hանրապետությունում ավագ դպրոցների մատուցած կրթական ծառայության որակն այս պահին չի բավարարում հանրային ակնակալիքը, թեպետ ակնհայտ է, նաև, որ հանրապետությունում կան նաև  լավ աշխատող, կայացած ավագ դպրոցներ: Նախարարն ընդգծել է, որ կրթական բարեփոխումների այն ճանապարհը, որն ընտրվել է, ճիշտ էր և 12-ամյա կրթության համակարգն ու ավագ դպրոցի գոյությունը հետադարձ չունի. «Վստահաբար մեր կրթական համակարգին անհրաժետ է ավագ դպրոցի գոյությունը, այլ հարց, որ կայացման ընթացքը չի բավարարում և՛ մեր հասարակությանը և ինձ, իբրև կրթության ոլորտի պատասխանատու. «Ավագ դպրոցները շատ տարբեր են. մենք ունենք ավագ դպրոցներ, որոնք, ցավոք, հեռու են իրենց ուսումնառության կազմակերպման մակարդակով և որակով այն տեսլականից, որ դրված է մեր քաղաքականության հիմքում, թեպետ դրանց կողքին ունենք նաև դպրոցներ, որոնք կարողանում են թողարկել փայլուն շրջանավարտներ, ովքեր միջազգային և հանրապետական օլիմպիադաների հաղթողներ են դառնում:
 Բայց դա բավարար չէ, և մեր պահանջներն ու ակնկալիքներն  ավագ դպրոցից ավելի մեծ ու հավակնոտ են և մենք մրցունակ կրթոթւյան պահանջ ենք դնում բոլոր ավագ դպրոցների առջև»,- դիմելով տնօրեններին հայտարարել է Ա. Աշտյանը՝ հավելելով, որ վերջին տարիներին ավագ դպրոցների գործունեությունը եղել է պետության ուշադրւթյան կենտրնում:
Անդրադառնալով գալիք տարվա անելիքներին՝ նախարարը ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերից առանձնացրել է հատկապես  ավագ դպրոցում աշակերտների հաճախելիության խնդիրը՝ ընդգծելով, որ կարգապահության վերահսկողությունը առաջնային է լինելու. «Նախորդ ուսումնական տարվա ընթացքում մի քանի ավագ դպրոցի տնօրեններ ազատվել են աշխատանքից, ես այդ մասին դեռևս նախորդ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ էի զգուշացրել,- դիմելով խորհրդակցության մասնակիցներին ասել է նախարարը և շարունակել,- Այս քաղաքականությունը շարունակվելու և ընդլայնվելու է: Իբրև նախարար՝ ավագ դպրոցներից մեր պահանջը հետևյալն է.  ՀՀ կրթական օրենսդրության և պետական քաղաքականության ամբողջական և լիարժեք իրագործում: Սա վերաբերում է ինչպես կադրային քաղաքականությանը, ուսուցչական անձնակազմի համալրման և պահպանման քաղաքականությանը, այնպես էլ կրթական գործընթացի կազմակերպմանը: Գաղտնիք չէ, որ ծնողների մի ստվար զանգված, հատկապես մայրաքաղաքում շահագրգիռ է, որ երեխան վերջին տարվա ընթացքում չգնա դպրոց, այլ հաճախի կրկնուսույցի մոտ: Այս երևույթի դեմ շատ դժվար է պայքարել, որովհետև մեր և այդ ծնողների՝ երեխայի կրթություն ստանալու ընկալումները տարբերվում են: Այսօր կրկնուսույցի մոտ պարապելը բուհ ընդունվելու պարտադիր պահանջ չէ այլևս. շտեմարանների ներմուծումը թույլ տվեց կանխատեսելի դարձնել ընդունելության գործընթացը և կրկնուսույցների մոտ պարտադիր պարապելու լեգենդը վերանում է: Այդ մասին է փաստում նաև բարձր միավորներով բուհեր ընդունված ուսանողական համակազմի վերլուծությունը. նրանց մեջ շատ են հատկապես մարզերի դիմորդները, որտեղ չկան ակադեմիական տիտողսներ ունեցող  կրկնուսույցներ»,- նշել է նախարարը՝ շեշտելով, որ տարվա ընթացքում լինելու են անակնկալ այցեր ավագ դպրոցներ, և բացակայությունների նկատմամբ լինելու է կտրուկ մոտեցում: Ա. Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ քոլեջներից դեպի բուհ անցման կարգում կատարվել է օրենսդրական փոփոխություն. քոլեջից բուհ տեղափոխվելը առկա համակարգում վերացվել է՝ քոլեջների  շրջանավարտները կրթությունը կարող են շարունակել միայն բուհերի հեռակա բաժիններում: Անդրդառնալով ավագ դպրոցների շենքային պայմաններին՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրով նախատեսվում է ավագ դպրոցների նորոգում և գույքային համալրում: Հանրապետությունում կձևավորվեն նաև կապիտալ նորոգված և արդիական դպրոցի բոլոր պահանջներին համապատասխան 17 ավագ դպրոցներ՝ յուրաքանչյուր մարզում մեկական և ևս մի քանիսը Երևանում: Նախարարը նաև տեղեկացրել է, որ ՀՀ ԿԳՆ-ն ՊՆ-ի ու «Երկրապահ կամավորականների միության հետ համատեղ մշակում է ռազմահայրենսաիրական դաստիարակության նոր հայեցակարգ, որը նպատակ ունի բարձրացնել ռազմահայրենեսիրական կրթության դերը:
Խորհրդակցության ավարտին նախարար Ա. Աշոտյանը պատասխանել է դպրոցների տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են սովորողների բացակայություններին, մանկավարժների աշխատավարձերի բարձրացմանը, ավագ դպրոցներւմ կրեդիտային համակարգի ներդրմանը և բազմաթիվ այլ խնդիրների:

Հայաստանում Բոլոնիայի քարտուղարության նախարարական գագաթաժողովին ընդառաջ՝ կրթական բարեփոխումների վերլուծության մրցույթ

ԿԳՆ2015թ. մայիսի 14-15-ը Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի կազմակերպման համար ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2014թ. տեղեկատվական նյութերի մշակում, հրատարակում, որոնք վերոնշյալ գագաթաժողովի և ֆորումի մասնակից երկրներին կտրամադրեն ընդգրկուն և մանրամասն տեղեկատվություն ՀՀ կրթության և գիտության ոլորտի մասին: Մասնավորապես, նշված տեղեկատվական նյութերը պետք է ամփոփ ներկայացնեն ՀՀ բարձրագույն կրթության համակարգը, դրա առավելությունները և զարգացման հիմնական միտումները, ինչպես նաև Հայաստանում Բոլոնիայի գործընթացը և կրթական բարեփոխումները: 
2014-2015թթ. ընթացքում նախատեսվում է իրականացնել ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի ներկա իրավիճակի և Բոլոնիայի գործընթացի համատեքստում իրականացված բարեփոխումների արդյունքների վերաբերյալ վերլուծություն: Մանրամասները տրված են ստորև.
1.հավաքագրել տեղեկատվություն ՀՀ բարձրագույն կրթության համակարգի ներկայիս իրավիճակի և Բոլոնիայի գործընթացի համատեքստում իրականացված բարեփոխումների արդյունքների վերաբերյալ,
2.կատարել հավաքագրված տեղեկատվության վերլուծություն,
3.մշակել տեղեկատվական գրքույկ անգլերեն լեզվով, 
4.իրականացնել գրքույկի դիզայնի աշխատանքի համակարգում և էլեկտրոնային տարբերակով ներկայացնել ԿԳ նախարարություն.
Վերոնշալ աշխատանքների իրականացման համար հայտեր կարող են ներկայացնել այն  կազմակերպությունները, որոնք.
ա) ունեն նմանատիպ գործունեությամբ զբաղվելու իրավունք, 
բ) ունեն նմանատիպ աշխատանքների իրականացման փորձ (գերադասելի է կրթության ոլորտում),
գ) ունեն անհրաժեշտ կարողություններ՝ ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի ներկա իրավիճակի և Բոլոնիայի գործընթացի համատեքստում իրականացված բարեփոխումների արդյունքների վերաբերյալ վերլուծություն կատարելու և տեղեկատվական գրքույկ մշակելու համար:
 Ներկայացվող հայտերն իրենց մեջ պետք է ներառեն.
1.պետական գրանցման վկայականը և կազմակերպության կանոնադրությունը՝ ի ապացույց Հայաստանի Հանրապետությունում օրինականորեն գործելու և ինքնուրույն իրավաբանական անձ լինելու,
2.տեղեկանք կազմակերպության մասին՝ ներառելով տեղեկություններ ստեղծման տարեթվի, գործունեության ոլորտների և նախկին ու ներկայումս իրականացվող աշխատանքների մասին,
3.տեղեկանք ՀՀ բարձրագույն կրթական ոլորտին վերաբերող, նախկինում կատարած վերլուծությունների, մշակումների և նմանատիպ այլ աշխատանքների մասին,
4.տեղեկանք պահանջվող աշխատանքների կատարման կարողությունների մասին, մասնավորապես նշելով կազմակերպության գործունեության հասցեն և այս աշխատանքներում ներառվող հիմանական աշխատակազմի փորձը և որակավորումը (կցել անձնական թերթիկներ):

Հայտերը ներկայացնել 2014 թվականի օգոստոսի 25-ից սեպտեմբերի 1-ը ներառյալ, ՀՀ կառավարության №3 շենք, ՀՀ կրթության և գիտության նախարարություն /6-րդ հարկ/, 609 սենյակ:
Հայտերն ուսումնասիրելու ընթացքում նախարարությունը իրավասու է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 010-52-56-62 հեռախոսահամարով:

Անկախ

Հայաստանում Բոլոնիայի քարտուղարության նախարարական գագաթաժողովին ընդառաջ՝ կրթական նյութերի հրատարակման մրցույթ

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն
  2015թ. մայիսի 14-15-ը Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի կազմակերպման համար ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2014թ. տեղեկատվական նյութերի մշակում, հրատարակում, որոնք վերոնշյալ գագաթաժողովի և ֆորումի մասնակից երկրներին կտրամադրեն ընդգրկուն և մանրամասն տեղեկատվություն ՀՀ կրթության և գիտության ոլորտի մասին: Մասնավորապես, նշված տեղեկատվական նյութերը պետք է ամփոփ ներկայացնեն ՀՀ բարձրագույն կրթության համակարգը, դրա առավելությունները և զարգացման հիմնական միտումները, ինչպես նաև Հայաստանում Բոլոնիայի գործընթացը և կրթական բարեփոխումները:
  2014-2015թթ. ընթացքում նախատեսվում է որևէ ամսագրում հրատարակել հոդվածների շարք: Մանրամասները տրված են ստորև.
1.    8-10 հոդված ՝ Բոլոնիայի գործընթացի գագաթաժովի և ֆորումի ակնկալիքների մասին (հայերեն լեզվով), յուրաքանչյուրը 3-4 էջ ծավալով,
2.    հրատարակել անգլերեն լեզվով հատուկ համար, համաժողովի մասնակից երկրների ներկայացուցիչների մասին՝ ներառելով հարցազրույցներ, որը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.
•    էջերի թիվը – մոտ 100,
•    թղթի չափը – A4,
•    տպագրության թուղթը – 115 գր/մ2 գրամայնությամբ, նախատեսված օֆսեթ տպագրության համար, ճերմակությունը  առնվազն 130% (ISO 2470), 99.5% պայծառությամբ,
•    կազմի թուղթը – 250 գր/մ2 գրամայնությամբ, թղթի մակերեսը մի կողմից պետք է լինի երեսապատված և փայլուն, հակառակ կողմի երեսապատումը անհրաժեշտ չէ, ճերմակությունը առնվազն 130% (ISO R457) պայծառությամբ, ունենա առնվազն 340 միկրոն հաստություն և հարմար լինի երեսապատման համար (լամինացիա)
•    տպաքանակը – 500 օրինակ:
Վերոնշալ աշխատանքների իրականացման համար հայտեր կարող են ներկայացնել այն  կազմակերպությունները, որոնք.
ա) ունեն նմանատիպ գործունեությամբ զբաղվելու իրավունք,
բ) ունեն նմանատիպ աշխատանքների իրականացման փորձ (գերադասելի է կրթության ոլորտում),
գ) ունեն անհրաժեշտ տեխնիկական և մարդկային ռեսուրսներ՝ բարձրագույն կրթության բնագավառի մասին հոդվածներ մշակելու և հրատարակելու համար:
Ներկայացվող հայտերն իրենց մեջ պետք է ներառեն.
1.    պետական գրանցման վկայականը և կազմակերպության կանոնադրությունը՝ ի ապացույց Հայաստանի Հանրապետությունում օրինականորեն գործելու և ինքնուրույն իրավաբանական անձ լինելու,
2.    տեղեկանք կազմակերպության մասին՝ ներառելով տեղեկություններ ստեղծման տարեթվի, գործունեության ոլորտների և նախկին ու ներկայումս իրականացվող աշխատանքների մասին,
3.    տեղեկանք կրթական ոլորտին վերաբերող, նախկինում հրապարակված համանման հոդվածների և հրատարակումների մասին,
4.    տեղեկանք պահանջվող աշխատանքների կատարման կարողությունների մասին, մասնավորապես նշելով կազմակերպության գործունեության հասցեն, զբաղեցվող տարածքը (քմ-ով), առկա սարքավորումների և այլ գույքի տեսակները, ինչպես նաև այս աշխատանքներում ներառվող հիմանական աշխատակազմի փորձը և որակավորումը (կցել անձնական թերթիկներ):

Հայտերը ներկայացնել 2014 թվականի օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ, ՀՀ կառավարության №3 շենք, ՀՀ կրթության և գիտության նախարարություն /6-րդ հարկ/, 609 սենյակ:
Հայտերն ուսումնասիրելու ընթացքում նախարարությունը իրավասու է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 010-52-56-62 հեռախոսահամարով:

Սահմանվել է ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու միջին որակական գնահատականի նվազագույն շեմը

ԿԳՆՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով սահմանավել է պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը.

1)բակալավրի կրթական ծրագրի համար` 75% /ՄՈԳ/,
2)մագիստրոսի կրթական ծրագրի համար` 80% /ՄՈԳ/:
Նախարարի նույն հրամանով Բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին հանձնարարվել է մինչև սույն թվականի սեպտեմբերի 17-ը ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման նպատակով` ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողների անվանացանկը:

Անկախ

Քաղաքապետարանը չի կանխում դպրոցի բյուջեն վատնելու շարունակական փաստը

Անահիտ Բախշյան   Սույն պատմությունն այն մասին է,թե ինչպես որևէ դպրոցին կրթության համար հատկացված պետական միջոցները օրինական ճանապարհով կարող են վատնվել և որևէ պատասխանատու պաշտոնյա չի փորձում կանխել այս օրինական թվացող վնասակար գործընթացը: Որոշ դպրոցների ինքնասիրահարված տնօրեններ անօրեն ազատված ուսուցիչների օգտին կայացվող դատավճիռներ նանընդհատ բողոքարկելու ճանապարհով պարզապես վատնում են կրթության համար նախատեսված գումարները՝

ստիպված լինելով վճարել հարկադիր պարապուրդի համար:
Ասելիքիս համար որպես ակնառո օրինակ է ծառայում կրկին Երևանի թ.27
հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից աշխատանքից անօրեն կերպով
ազատված հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու և սոցաշխատողի կողմից
դատարան դիմելն ու վերականգնման մասին դատավճիռները:
Երկու դեպքում էլ դատական գործերն անցել են դատական բոլոր աստիճաններով
և ի վերջո դատավճռով թ.27 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ը պետք է վճարի հարկադիր
պարապուրդները: Սոցաշխատողի դեպքում այդ գումարը 1.4 միլիոնի կարգի է,
իսկ լեզվի ուսուցչու պարագայում վերջին դատավճիռն ուժի մեջ մտնելու է
22.08.2014թ.-ից և դատավճռով հարկադիր պարապուրդը դպրոցը պետքէ
հաշվարկի 29.03.2013 թվականից մինչև աշխատանքի վերականգնվելու օրը, որը
նույնպես բավականին կլորիկ գումար է լինելու: Նշեմ նաև, որ այս
ուսուցչուհին դեռևս 2012 թվականի դեկտեմբերի դատարանի որոշմամբ պետք է
վերականգնվեր աշխատանքի և նրան պետք է վճարվեր հարկադիր պարապուրդի
գումար 01.01.2013-28.03.2013 ժամանակահատվածի համար, որը վճարվելէ,
սակայն վերականգնելու հրամանի փոխարեն դպրոցի նախկին տնօրենը նոր
հրամանով ուսուցչուհուն կրկին ազատում է աշխատանքից ժամ չունենալու
հիմնավորմամբ այն դեպքում, երբ հենց այդ ընթացքում՝ 2013թ. փետրվարի 1-ին
լեզվի և գրականության ուսուցիչ է նշանակում մեկին, ում կրթությունը չի
համապատասխանում մանկավարժական գործունեությանը: Բնականաբար այս փաստը
բացահայտվելուց հետո ազատում է վերոնշյալ ուսուցչուհունունշանակում
ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ, որը նշանակվում է 2013թ. դեկտեմբերի
26-ին, երբ դատարանը նույն օրն արդեն կայացրել էր անօրեն կերպով
աշխատանքից ազատված ուսուցչուհու վերականգման մասին մի որոշում ևս:

Նշեմ, որ մրցույթի արդյունքում աշխատանքային պայմանագիր է կնքվում ոչ թեմեկ, այլ
երկու ուսուցիչների հետ: 2013թ. դեկտեմբերի 26-ի դատավճիռը նույնպես
բողոքարկվում է դպրոցի տնօրենի արդեն ժամանակավոր պաշտոնակատարի կողմից,
որովհետև նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործի արդյունքում
կասեցվել էր նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Փաստորեն տնօրենի
ժամանակավոր պաշտոնակատարի ձեռագիրը ոչնչով չտարբերվեց նախկին տնօրենի
աշխատանքային ձեռագրից, այսինքն փաստորեն դատապարտված նախկին տնօրենը
շարունակում է պաշտոնավարել մինչ օրս, նամանավանդ եթե հայտնի դառնա, որ նա
կրկին բողոքարկել է վերջին՝ 21.07.2014թ. դատավճիռը, որն ուժի մեջ է մտել
22.08.2014 թվականին:
Մազաչափ չեմ կասկածում, որ այս բողոքարկման արդյունքում ևս դատավճիռը
լինելու է ի օգուտ ուսուցչուհու, սա նշանակում է, որ հարկադիր պարապուրդի
գումարներն ավելի են աճելու՝ ի վնաս դպրոցի բյուջեի: Արդյունքում, արդեն
դատապարտված նախկին տնօրենի կամակորության հետևանքով տուժում է դպրոցի
բյուջեն, այնտեղ աշխատող ուսուցիչները, իսկ դպրոցի լիազոր պետական
մարմինը՝Երևանի քաղաքապետարանը ոչ մի ձևով չի կանխում այս ամենը,
ժամանակավոր պաշտոնակատարին չի սանձում ասելով, որ բավական է ենթարկվես
նախկին տնօրենին, դու պետք է առաջնորդվես դպրոցի շահերով, պետք է կատարես
դատարանի վերջին վճիռն ու վերականգնես անօրեն ազատված ուսուցչուհուն,
որպեսզի հարկադիր պարապուրդի վճարները չաճեն: Իվերջո, եթե տարեվերջին
պարզվի, որ դպրոցի բյուջեն պակասորդ ունի, դա գլխացավանք է հենց
քաղաքապետարանի համար:
Ավելացնեմ որ ժամանակավոր պաշտոնակատարն արդեն աշխատանքից ազատել է դպրոցի 63 տարին օրերս լրացած, կրթությամբ միակ լոգոպեդին, բայցպահում է 74
տարեկան գրադարանավարին, ով նախկին տնօրենի մայրն է և չունի համապատասխան
կրթություն, ինչպես նաև թոշակի տարիքը բավականին առաջացած տարբեր
ուսուցիչներ:
Սա կրթության համար նախատեսված պետբյուջեն անարդյունավետ ծախսելու
ընդամենը մեկ օրինակ է, այսպիսիք, ցավոք շատ են, որն ի ցույց եմ դնում
պատկան պաշտոնյաներին ասելու, որ դուք պարտավոր եք վերահսկել և
պաշտպանել մեր երեխաների կրթության համար նախատեսված գումարների
արդյունավետ ծախսելու գործընթացը, բացահայտելու կանխել այս
ուղղությամբ ցանկացած ոտնձգություն:
Իսկ այն, ինչ այսօր կատարվում է վերոնշյալ դպրոցի բյուջեի հետ, լիազոր
պետական մարմնի կողմից կամ թողտվության կամ անզորության ու
անտարբերության տպավորություն է թողնում:
Հարգանքներով՝

 

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան»

խմբակցության ղեկավար

Գյումրեցիները վարկ են վերցնում երեխաներին դպրոց ճանապարհելու համար

DSC00541Գյումրու 24 նախակրթարանների  ավարտական խմբերի 771 սաներ և սոցիալապես անապահով ընտանիքների 250 դպրոցահասակ երեխաներ այսօր ստացան դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ: Այս նպատակով Գյումրու ավագանին հուլիսի 30-ի նիստում քաղաքային բյուջեից հատկացրեց 5 մլն դրամ:

Երեխաների մի մասին պայուսակաները հանձնվեցին հենց քաղաքապետարանում, մյուսներինը՝ մանկապարտեզներում: Քաղաքապետարանը հազար առաջին դասարանցու համար գնել էր պայուսակ, ալբոմ, տետր, մատիտներ և այլ պիտույքներ:

ՙԱյնպես ենք արել, որ շատ էժանի հետևից չվազենք և նախապատվությունը տվել ենք 4000-4500 դրամանոց պայուսակներին, որպեսզի երեխաները դրանք օգտագործեն, ոչ թե դեն շպրտեն: Գոնե էդ մի բանով թեթևացնենք ծնողների հոգսը՚, – նշեց քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը:

Պայուսակներն ընտրվել էին՝ աղջիկների համար վառ գույներով, տղաների համար՝ ավելի մուգ երանգներով:

Արդյո՞ք դպրոցական այս պարագաները կհասնեն բոլոր երեխաներին, թե այնուամենայնիվ մանկապարտեզներում խտրականություն կդրվի հարցին նախակրթարանների տնօրենները միահամուռ պատասխանեցին՝ անգամ եթե մեկի երեխան մեկ օր ուշ ստանա իր նվերը, ծնողներն աղմուկ կբարձրացնեն, էլ ուր մնա՝ ընդհանրապես չստանան:

Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանն էլ նշեց, թե պայուսակներն ու գրենական պիտույքները մանկապարտեզներին բաժանվելու են ցուցակներով, որտեղ նշված են ծնողի անուն-ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը: Իսկ յուրաքանչյուր ծնող նվերները ստանալիս պետք է ստորագրի իր անվան դիմաց, այնուհետ այդ ցուցակները ներկայացվում են քաղաքապետարանի ֆինանսական բաժնի: Հետևաբար, ճշգրտումներ կատարելը շատ հեշտ է:

Իսկ մեր հարցին, թե կա՞ն ծնողներ, ովքեր հրաժարվում են իրենց հասանելիք նվերներից, և՛ մանկապարտեզների տնօրենները, և՛ քաղաքապետարանի կրթության բաժնի պետը հայտնեցին, որ մինչ այս պահը դեռևս նման դեպք չի եղել:

Խոսելով ծնողների հետ, ովքեր առաջին դասարան են ճանապարհում իրենց զավակներին, փորձեցինք պարզել՝ որքան գումար է անհրաժեշտ 6 տարեկան երեխային դպրոցական պարագաներով ապահովելու համար: Պարզվեց՝ 100,000 դրամն այս դեպքում այնքան էլ բավական չէ. հագուստ, կոշիկ, գրենական պարագաներ, դրան գումարած՝ սեպտեմբերմեկյան ծաղկեփունջ, ապա առաջին տետրերը, որ վաճառվում են երեխաներին դպրոցներում:

Նարինե Հարությունյանը առաջին դասարան է ճանապարհում արդեն երրորդ բալիկին, ասում է արդեն 200,000 դրամ ծախսել է երեխաների համար, ճիշտ է, պարտք է արել: Ամուսինն արտագնա աշխատանքի է մեկնել, մի քանի ամսում պարտքը կփակի: Ընտանիքն ընդգրկված է ընտանեկան նպաստ համակարգում, դիմում է գրել՝ առաջին դասարանցիներին տրամադրվելիք 25,000-ական միանվագ գումարը ստանալու համար, բայց դա էլ սեպտեմբերի վերջ են տալու. ՙՈր ես պարտք անելու տեղ չունենայի ու մնայի էդ գումարի հույսին, պիտի իմ էրեխեն դպրոց չգնա՞ր: Պայուսակներն էլ շատ թանկ առա, որ իմանայի քաղաքապետարանն այսքան որակովները պիտի բաժաներ, մի հատ պակաս կառնեի՚ ,-ասում է Նարինեն:

Գյումրիում Նարիների նման շատ ծնողներ սեպտեմբերի մեկին պատրաստվում են կամ բանկերից վարկ վերցնելով, կամ պարտքեր կուտակելով, բայց երեխաներին տեղը-տեղին դպրոց են ճանապարհում:

 

Անկախ

ՀՀ ԿԳ նախարարը հաստատել է հանրակրթական դպրոցների դասագրքերի վարձավճարների չափը

   Արմեն Աշոտյան  Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009  թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանով հաստատված “ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքեր հրատարակելու կարգը”,   Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության   14-րդ կետի պահանջները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել  “2014-2015 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումային գումարների չափը սահմանելու  մասին”: 

   Ըստ հրամանի` 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների “Հայոց լեզու”,  “Հայ գրականություն”, “Հայոց պատմություն”, “Հասարակագիտություն” դասագրքերի համար ներդրված գումարները անհրաժեշտ է փոխանցել “Դասագրքերի, դասամատյանի իրացումից մուտքեր” 900005281499 պետական գանձապետական հաշվեհամարին:
 ՀՀ ԿԳ նախարարի նշված  հրամանի համաձայն՝ կրտսեր դպրոցում բոլոր դասագրքերը աշակերտներին տրամադրվում են անվճար:

Միջազգային համագործակցություն

   Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված ներդրումային ծրագրի իրականացման անհրաժեշտությունը՝ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ և դրանով իսկ կարգավորել կառավարության և բանկի ֆինանսական հարաբերությունները:

Հովիկ Աբրահամյան   ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Կրթության բարելավում» ծրագրի ֆինանսավորման և վարկային համաձայնագրերին: Դրանց համաձայն Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի 9 մլն 800 հազար ՀՓԻ գումարի չափով վարկ և 15 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում, որոնք կուղղվեն կրթության բարելավման բարեփոխման ապահովմանը: Կառավարության կողմից նախատեսվում է 20 տոկոս համաֆինանսավորում: Ծրագիրն իրականացվելու է 2014-2019 թթ. ժամանակահատվածում:Վարչապետը կարևորել է համաձայնագրերը՝ նկատելով, որ դրանց շնորհիվ էապես կբարելավվի ավագ դպրոցների աշխատանքը:
Ֆրանսիական «Մոբիոժ Տապի» ընկերությունը շուրջ մեկ տարի իրականացնում է Հայաստանի ազգային պատկերասրահի 16-17-րդ դարերի գոբելենի (Ֆլանդրիա) վերականգնման և կոնսերվացման աշխատանքները: Ստեղծագործության պահպանվածությունն ապահովելու և հետագայում հանրությանը ներկայացնելու համար անհրաժեշտ է շարունակել աշխատանքը: Այդ նպատակով կառավարությունը մաքսային հայտարարագրով Ֆրանսիա արտահանված գոբելենի արտահանման ժամկետը երկարաձգել է մինչև ս.թ. հոկտեմբերի 20-ը:
Կառավարության որոշմամբ 2012 թ. հաստատվել է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներին ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր կարող է տրվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում: Հաշվի առնելով Իրաքում ստեղծված վիճակը՝ նիստում որոշում է ընդունվել ցուցակ ներմուծել այդ երկրի անունը, ինչպես նաև փաստաթղթի գործողության ժամկետը երկարացնել մինչև 2015 թ. սեպտեմբերի 1-ը: Մեկ այլ որոշմամբ Իրաքի ներքաղաքական բախումների հետևանքով տուժած և իրենց բնակավայրերից տեղահանված եզդիներին օգնություն տրամադրելու համար գործադիրը հատկացրել է 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Օգնության տրամադրումն իրականացվելու է ՄԱԿ-ի փախստականների հարցերի բարձրագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի, Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության կառավարությունների միջև՝ կրթության և գիտության բնագավառում համագործակցելու համաձայնագրերի կնքման առաջարկություններին:

Օգոստոսյան խորհրադակցությունների մեկնարկ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է 2014-2015 ուսումնական տարվա մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակացույցը: Համաձայն հրամանի՝ օգոստոսի 26-30-ը, ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ  հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների հետ կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրները քննարկելու նպատակով,  հանրապետության մարզերում և մայրաքաղաք Երևանում կանցկացվեն ուսուցիչների և տնօրենների խորհրդակցություններ:

Հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ հանդիպելու, խորհրդակցություններին մասնակցելու, տեղում  իրավիճակին ծանոթանալու և առկա խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով     կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով  մարզեր կգործուղվեն  կրթության և գիտության նախարարի տեղակալներ Մ.Մկրտչյանը,   Կ. Հարությունյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը:

Նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 27-ին ներկա կլինի ՀՀ կրթության և գիտության  նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությանը, օգոստոսի 28 -ին կայցելի  Շիրակի, 29-ին՝ Լոռու, իսկ 30-ին Տավուշի մարզեր՝ մասնակցելու մարզային խորհրդակցություններին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նույն հրամանով   մարզերում առարկայական սեկցիոն պարապմունքների կազմակերպումը հանձնարարվել է  ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղերի մասնագետներին:

Մեկնարկել է բուհերում հեռակա ուսուցմամբ դիմորդների փաստաթղթերի ընդունելությունը

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014 թվականի հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկւ՝ ըստ բուհերի, ընդունելության քննությունների և տեղերի:

ԿԳՆ
Համաձայն հրամանի՝ ընդունելության քննությունների առարկայական ծրագրերի ու գիտելիքների գնահատման չափանիշների համար հիմք են ընդունվել 2014թ. առկա ուսուցման ընդունելության քննությունների առարկայական ծրագրերն ու գիտելիքների գնահատման չափանիշները։
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի չափը պետք է սահմանվի առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված վարձի սահմաններում, իսկ մանկավարժական մասնագիտություններով նպատակային տեղերում ընդունվողների համար՝ 50 հազար դրամից ոչ ավելի:

Բուհերում դիմորդների փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 10-ից մինչև սեպտեմբերի 20-ը: Քննություններն անց են կացվելու սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 20-ը:                                                                                                                                                 

Պետության նվերը սահմանապահ շրջանավարտներին

10569035_779217222100869_6284585842413334929_nՏավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ վեց գյուղերի` Չինարիի, Չորաթանի, Ներքին կարմիրաղբյուրի, Մովսեսի, Այգեպարի ու Պառավաքարի 30 ուսանողներ սեպտեմբերի մեկից կսովորեն 30 տոկոս զեղչով: Այս համայնքներից երևանյան պետական բարձրագույն հաստատություններ են դիմել 35 շրջանավարտներ, որոնցից 32-ը հաջողությամբ հաղթահարել են մրցութային շեմերը և ընդունվել բուհեր: Հաշվի առնելով վերջին շրջանում սահմանային լարվածությունն ու սահմանամերձ բնակավայրերում սովորելու մեծ ձգտումը` կառավարությունն այս երեք տասնյակ երեխաների համար բացառություն է արել և ուսման վարձերը զեղչել 30 տոկոսով:

ՀՀ Կրթության նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ չափազանց ուրախացնում է հանգամանքը, որ ապրելով ու արարելով Երևանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու, քննական հարցերը պարապելով առանց կրկնուսույցների` սահմանամերձ գոտու շրջանավարտները դիմել և հաջողությամբ դարձել են բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողներ: Նրանք ընդունվել են տարբեր բուհեր` այդ թվում ԵՊՀ, Մանկավարժական, Լեզվաբանական, Ագրարային, Տնտեսագիտական համալսարաններ:

 

Անկախ

Ուսուցիչները ծանոթանում են Ցեղասպանության թեմայի դասավանդման նրբություններին

DSC_9787Շուրջ 30 ուսուցիչ՝ Հայաստանից, Արցախից և սփյուռքից, հուլիսի 30-31-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մասնակցում է «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով ամառային դպրոցին։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն ընդգծեց, որ թանգարան-ինստիտուտը կարևորում է դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայի ճիշտ դասավանդումն ու մատուցումը։ Այն իր մեջ պարունակում է բարդություններ և սպառնալիքներ, քանի որ կարող է հոգեբանական ազդեցություն ունենալ երեխաների վրա և սխալ մատուցման դեպքում ազդել ապագա սերնդի վրա՝ բարդույթներ առաջացնելով աշակերտների մոտ։ «Այս դասընթացի միջոցով փորձում ենք նոր մեթոդներ մատուցել ուսուցիչներին, ովքեր դրանք լայնորեն կկիրառեն իրենց աշխատանքներում։ Կարևորագույն շեշտադրումը լինելու է այն, որ մենք վերջապես պետք է վերանանք զոհի բարդույթից։ Հայոց ցեղասպանության մատուցումը սպանվածի, կոտորվածի հոգեբանության շարադրելն ու տարածելը չէ։ Հակառակը՝ ավելի պատասխանատու, գրագետ ու հպարտ սերնդի դաստիարակումն է։ Մենք պետք է հասկանանք, որ Ցեղասպանության հիմնական նպատակը հայ ազգի ոչնչացումն էր։ Եվ մեր ազգը, լինելով ուժեղ, տոկուն, պայքարող, կարողացավ վերապրել Ցեղասպանությունը, ստեղծել պետականություն»,- ասում է Սուրեն Մանուկյանը։ Նա նաև ընդգծում է, որ կա պայմանավորվածություն ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի հետ, և դասընթացի արդյունքում ուսուցիչների համար ստեղծվելու է Ցեղասպանության թեման դասավանդելու ուղեցույց։

Սուրեն Մանուկյանը նաև տեղեկացնում է, որ մյուս տարվանից Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր մասնաշենքում կսկսի գործել առանձին հարկաբաժին, որտեղ հնարավորություն կստեղծվի աշակերտների համար անցկացնել պարապմունքներ։

Մարի Թութելյանը հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն է դասավանդում Կալիֆոռնիայի Հայ քույրերի վարժարանում, որն ունի 2-14 տարեկան մոտ 300 հայ աշակերտ։ Տիկին Թութելյանը նշում է, որ գրեթե յուրաքանչյուր դասի ընթացքում անդրադառնում են Ցեղասպանությանկ։ Ցանկացած թեմայի մեջ փորձում են ինչ-որ բան գտնել ու կապել այդ մեծ ողբերգության հետ։ Մշտապես կազմակերպում են միջոցառումներ, քայլարշավներ՝ ոգեկոչելով Ցեղասպանության զոհերի հիշատակը և բարձրաձայնելով հայոց պահանջատիրությունը։

Դավիթ Եղիազարյանը պատմություն է դասավանդում է Քարվաճառի Վիլյամ Սարոյանի անվան դպրոցում։ Նշում է, որ աշակերտների մոտ տարբեր զգացումներ կան Հայոց ցեղասպանության նկատմամբ՝ անհանգստություն, վրեժխնդրություն և այլն։ Պատմության ուսուցիչը նկատում է, որ դասագրքերում բավականին ծավալուն ներկայացված է Ցեղասպանության թեման, սակայն ցանկալի է, որպեսզի մշտապես արտածրագրային միջոցառումներ իրականացվեն. «Ցեղասպանության թեման շատ նուրբ ու լայն է, և մասնագիտական նրբությունները շատերին հասու չեն, ուստի նման դասընթացները կարևոր են՝ ավելի լայն պատկերացում կազմելու համար»։

«Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով ամառային դպրոցում դասախոսություններ են կարդում անվանի մասնագետներ (Կալիֆոռնիայի համալսարանի գիտաշխատող, հայոց լեզվի և գրականության դոկտոր Ռուբինա Փիրումյան, պ.գ.դ., ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հարություն Մարության, պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյան)։ Քննարկվող թեմաների շարքում են՝ Հայոց ցեղասպանության թեման տարբեր տարիքային խմբերին դասավանդելու առանձնահատկությունները, Հայոց ցեղասպանության դասավանդման առանձնահատկությունները Հոլոքոստի պատմության դասավանդման համեմատությամբ, Հայոց ցեղասպանություն թեմայի տեղն ու դերը հանրակրթության բովանդակության մեջ և այլն։

«Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով ամառային դպրոցն իրականացնում է «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

 

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ

ՀՀ Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունել է հիմնադրամի 2014-2015 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողներ և շրջանավարտներ:

Լույս հիմնադրամ

Նրանք Հանրապետության Նախագահին ներկայացրել են «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակներում իրենց կողմից իրականացվող աշխատանքները՝ ստացած գիտելիքները, փորձառությունն ու կապերն ի բարօրություն Հայաստանի օգտագործելու ուղղությամբ իրենց ձեռնարկումներն ու առաջին ոգևորիչ հաջողությունները:

Լույս հիմնադրամ

Նախագահ Սերժ Սարգսյանը, ավանդույթի համաձայն, նոր ընդունված ուսանողներին հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը:

2014-2015թթ. կրթաթոշակին արժանացել է 57 նոր ուսանող՝ ամեն բուհից ոչ ավելի, քան 10 ուսանող, ովքեր առաջինն են դիմել ամբողջական փաթեթով:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ուսանողներին, նոր հաջողություններ մաղթել ուսումնառության մեջ և հետագա ծրագրերի իրականացման գործում:

unnamed (4)

«Այսպիսի հանդիպումներն արդեն ավանդական բնույթ են կրում, և այս հանդիպումներին ես, անկեղծ ասած, շատ անհամբերությամբ եմ սպասում, որովհետև դրական ազդակներ, դրական էներգիա եմ ստանում, որովհետև, մեծ հաշվով, այստեղ հավաքվածները Հայաստանի ապագան են, իսկ ապագայի հետ շփվելը և՛ պատասխանատվություն է, և՛ անհրաժեշտություն: Անշուշտ, լավ անցյալ ունենալը, հերոսական երկար պատմություն ունենալը շատ լավ է, բայց որպեսզի երկարատև պատմություն ունենաս միշտ՝ պետք է հայացքդ ուղղես ապագային: Եվ մեր ժողովուրդը մշտապես այդպես է վարվել: Կարող եմ բերել տասնյակ օրինակներ՝ սկսած քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինն ընդունելուց մինչև Երևանի Մերգելյանի անվան ինստիտուտում հաշվողական մեքենաներ ստեղծելը: Եթե ժողովուրդը ունակ չէ վերցնելու առաջավորը, նա չի կարող երկարատև պատմություն ունենալ: Նույնն էլ վերաբերում է անհատին: Այնպես որ, ես հաճույքով շնորհավորում եմ ձեզ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու կապակցությամբ: Սա մեծ հաջողություն է: Ակնհայտորեն, հաջողություն է, որովհետև աշխարհում, երևի, հարյուր միլիոնավոր հասակակիցներ ունեք, և այդ հարյուր միլիոններից ընդամենը մի քանի հազարին է հաջողվում դառնալ աշխարհի լավագույն տասը բուհերի ուսանողներ: Համոզված եղեք, որ ձեր հաղթանակը մեր ժողովրդի հաղթանակն է, որովհետև յուրաքանչյուր հասարակության հաջողություն, յուրաքանչյուր հասարակության հաղթանակ հանրագումարն է անհատների հաղթանակների, անհատների հաջողությունների:

unnamed (5)

Ես վերջին մի քանի շաբաթների ընթացքում նմանօրինակ այլ շատ հաճելի պահեր եմ ունեցել, որովհետև ձեզնից մի քիչ կրտսերները ևս հաջողություններ և հաղթանակներ են ունեցել: Խոսքս վերաբերում է համաշխարհային դպրոցական առարկայական օլիմպիադաներին, որտեղ մեր երեխաները 15 մեդալ են շահել»,-ասել է Սերժ Սարգսյանը:

unnamed (2)

 

 

 

 

 

 

unnamed (3)

Նախագահը սա շատ լավ արդյունք է համարել՝ նկատի առնելով նաև, որ հարևան Վրաստանի և Ադրբեջանի երեխաները միասին շահել են 11 մեդալ: Հայաստանի երեխաների ցուցանիշները, Հանրապետության Նախագահի գնահատմամբ, շատ քիչ են զիջում տարածաշրջանի մյուս հարևաններին. բազմամիլիոնանոց Իրանից և Թուրքիայից երեխաները շահել են 18-ական մեդալ, իսկ ավելի քան 3 միլիոն բնակչությամբ Հայաստանից երեխաները շահել են 15 մրցանակ, ինչը մեծ հաջողություն է: Այդ հաջողությունները, Սերժ Սարգսյանի համոզմամբ, պետք է ոգևորեն մեր երեխաներին, հնարավորություն տան նրանց վստահ նայելու դեպի առաջ, ձեռք բերելու գիտելիքներ նաև այն համոզմամբ, որ այդ գիտելիքներից օգտվելու է Հայաստանի Հանրապետությունը, օգտվելու է հայ ժողովուրդը:

««Լույս» հիմնադրամի նպատակը մեկն է՝ ձևավորել փոփոխություններ իրականացնելու ունակ երիտասարդ մարդկանց մի խումբ կամ, ինչպես ասում են, կրիտիկական մի զանգված, որը կարողանա Հայաստանն առաջ մղել, որը կարողանա դիմակայել, ինչպես այստեղ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանն ասաց, մարտահրավերներին, իսկ մարտահրավերները մեր տարածաշրջանում, ցավոք, շատ են: Մեր ժողովուրդը հազարամյակների ընթացքում, ցավոք, միշտ էլ ունեցել է բազմաթիվ մարտահրավերներ: Բայց, ինչպես նաև նշվեց, այդ մարտահրավերները հնարավորություն են. հնարավորություն են ամեն մի փորձությունից ավելի ամուր դուրս գալու, և ինչպես հայտնի մտավորականն էր ասում՝ եթե փորձությունը չի սպանում, ուրեմն ավելի ամրացնում է: Մենք պետք է շատ ավելի ամուր լինենք: Այս տարիների ընթացքում ո՛չ իմ, ո՛չ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների մոտ հիմնադրամի նկատմամբ հետաքրքրությունը չի պակասել, ընդհակառակը՝ ավելացել է, որովհետև մենք, անկեղծորեն եմ ասում, չէինք սպասում, որ կունենանք այդքան շահառուներ, կունենայինք այդքան երիտասարդներ, ովքեր մրցունակ են և ոչնչով չեն զիջում ամենազարգացած երկրների իրենց հասակակիցներին: Ես շատ լավ հասկանում եմ, և մենք դա արել ենք գիտակցաբար, որ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, և դա նաև մեր առավելությունն է: Ես վստահ եմ՝ ո՛ր երկրի քաղաքացի էլ լինեք, կամ էլ լինելով Հայաստանի քաղաքացի, սովորեք դրսում, դուք պարտավոր եք ապրել Հայաստանով, ձեր ժամանակի մի հատվածն անպայման նվիրել Հայաստանին: Առանց Հայաստան կենսունակ սփյուռք լինել չի կարող, այնպես, ինչպես ուժեղ Հայաստան չի կարող լինել առանց ուժեղ սփյուռքի»,- «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը «Լույս» հիմնադրամի բոլոր շահառուների անունից շնորհակալություն է հայտնել հիմնադրամի բարերարներին, ովքեր իրենց ներդրումն են ունենում ոչ պետական այս հիմնադրամում և մտահոգված են մեր երկրի ու մեր ժողովրդի ապագայով և պատրաստ են իրենց ունեցածից մաս հանել, որպեսզի Հայաստանը կարողանա զարգանալ ու հարատևել:

Հանրապետության Նախագահը հաջողություն է մաղթել հանդիպման մասնակիցներին և պատրաստակամություն հայտնել պատասխանել նրանց ցանկացած հարցի, լսել «Լույսի» ուսանողների և շրջանավարտների գաղափարները, կարծիքները, տեղեկանալ նրանց կողմից կատարվող աշխատանքների մասին:

Նախագահը մասնակցել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-ամյակի և ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառմանը (լուսանկարներ)

 ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի և ռազմաուսումնական հաստատությունների 2014 թվականի շրջանավարտների ավարտական միջոցառման առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է արարողության մասնակիցներին, շնորհավորել ռազմական ինստիտուտի 20-ամյա հոբելյանի և ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառությունն ավարտած շրջանավարտներին՝ սպայական առաջին կոչումներն ստանալու կապակցությամբ, մաղթել նրանց հաջողություններ և բարի երթ դեպի հայկական փառապանծ զինված ուժերի շարքերը:

Նախագահը լավագույն շրջանավարտներին անձամբ է հանձնել սպայական վկայականները և պարգևատրել անվանական դաշույններով: Պատվո պահակախմբի ցուցադրական շարանցումից հետո, միջոցառման առիթով Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան և ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

Նախագահի խոսքը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի և ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին սպայական կոչումների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ

 

 

 
Սիրելի՛ հայրենակիցներ,
Պարոնա՛յք գեներալներ, սպաներ,

 

 

 

Այսօր, իհարկե, նշանակալի օր է մեզ համար: Նշանակալի այն առումով, որ հավաքվել ենք տոնելու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման քսանամյակը, սպայական առաջին կոչումները շնորհելու ուսումնական հաստատությունների շրջանավարտներին և նշելու ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների առաջին հոսքի սպաների ուսումնառության ավարտը:

 

 

 

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը հիրավի պատմական նշանակություն ունեցող կրթահամալիր է մեզ համար: Ստեղծվելով Արցախյան պատերազմի հաղթական ավարտի հետքերով` այն նշանավորեց ռազմական կադրերի սեփական դարբնոցն ունենալու հայ ժողովրդի վաղեմի երազանքի իրականացումը: Կարող եմ վերհիշել, թե այժմ արդեն հեռավոր 1994 թվականի ամառային օրերին ինչպես էր իր առաջին մանկական, բայց և հաստատուն քայլերը կատարում բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը` ապագա ռազմական ինստիտուտը: Դրանք այն օրերն էին, երբ անհրաժեշտ ուսումնանյութական բազան բառի բուն իմաստով մեկիկ-մեկիկ հավաքում էինք պատերազմը նոր ավարտած զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներից, երբ պրոֆեսորադասախոսական կազմի հավաքագրման համար շրջում էինք հանրապետության բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններով, երբ հրամանատարական կազմի համալրման համար ընտրում էինք պատերազմի բովով անցած լավագույն սպաներին, իսկ առաջին հոսքի կուրսանտները նորաստեղծ ինստիտուտի կառուցապատման աշխատանքներին ստիպված էին հատկացնել ուսումնական գործընթացից ոչ պակաս ժամանակ: Հայի ճակատագիրն է սա, միաժամանակ կառուցել և սովորել, կերտել և մարտնչել` արևի տակ ապրելու իրավունքն իր քաջությամբ, խելքով և աշխատասիրությամբ պաշտպանելու համար:

 

 

 

Այժմ արդեն քսանամյա երիտասարդը` հայոց բանակի ռազմական կրթության ողնաշարը, տարեցտարի մեր զինված ուժերը համալրում է հայրենիքի նվիրյալ պրոֆեսիոնալ սպաներով և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հետ մեկտեղ ապահովում է հայոց բանակի շարքեր հմուտ, բանիմաց, բայց ամենակարևորը` հայրենի միջավայրում թրծված առաջնորդների մուտքը: Ընդ որում, արժանահիշատակ է այն հանգամանքը, որ առաջին անգամ զինված ուժերը կհամալրվեն այստեղ ներկա երեք կին պրոֆեսիոնալ սպաներով` ռազմաավիացիոն ինստիտուտի սաներով: Սա վկայում է հայրենիքի պաշտպանության գործում հայ կնոջ օրըստօրե աճող դերակատարության մասին:

 

 

 

Շնորհավորելով բոլոր ռազմաուսում¬նական հաստատությունների երիտասարդ շրջանավարտներին՝ ցանկանում եմ, որ պատվով կրեք հայոց բանակի սպա լինելու նվիրական կոչումն ու առաքելությունը: Լինի դա մեր սահմանները պաշտպանելու, թե առօրյա մարտական պատրաստության գործունեությունը, հիշեք, որ դուք պրոֆեսիոնալ սպայի մասնագիտության կրողներ եք, ուստի առաջնորդեք սեփական օրինակով և եղեք այնպիսի հավերժական արժեքների կրողներ, ինչպիսիք են «Պատիվը», «Պարտքը» և «Հայրենիքը»: Երբեք չընկրկեք, քանի որ ձեր թիկունքին մշտապես զգալու եք ծառայակից ընկերների, վերադաս հրամանատարության, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ողջ համակարգի և ամբողջ հայ ժողովրդի ֆիզիկական և հոգևոր աջակցությունը:

Հատկապես ցանկանում եմ շնորհավորել ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացի անդրանիկ շրջանավարտ¬ներին: Դուք եք, որ հանդիսանալու եք այսօրվա երիտասարդ սպաների և բանակի բարձրագույն ղեկավար կազմի միջև կապակցող օղակը: Ուստի ցանկանում եմ, որ ամենաեռանդուն կերպով զինված ուժերի բոլոր գործառութային ոլորտներում տարածեք ձեր ստացած ժամանակակից գիտելիքներն ու հմտությունները՝ դառնալով արդիական մարտարվեստի, պլանավորման, ղեկավարման, կառավարման, առաջնորդման ու զինվորական էթիկայի լավագույն փորձի կիրառման առաջամարտիկներ:

Հարգելի՛ շրջանավարտներ.

 

 

 

Վստահ եմ, որ գիտակցում եք այսօրվա հանդիսավոր արարողության վայրի ընտրության ոչ պատահական լինելը: Հավաքվելով այս սրբավայրում և խոնարհվելով անմեղ նահատակների հավերժ հիշատակի առջև՝ մեր ազգի ու պետականության բոլոր ախոյաններին նաև հստակ ուղերձ ենք հղում առ այն, որ այլևս անցել են այն ժամանակները, երբ հայ մարդուն վնասելը մնում էր անպատիժ: Դիպուկահար զենքով մեզ թիրախավորող, մեր թիկունքում դավադիր ոտնձգություններ իրականացնել ցանկացող և մեր դեմ լայնածավալ ռազմական գործողություններ պլանավորող հակառակորդին ասում ենք. «Զգու՛յշ եղեք, սա Հայոց աշխարհն է, որտեղ գտնելու եք ձեր վախճանը»: Եվ ես շնորհակալ եմ ձեզնից, որ ընտրելով սպայի մասնագիտությունը՝ գիտակցաբար ու անմնացորդ նվիրումով դարձել եք այս պատվիրանների հետևորդները ու դրանք գործով իրականացնողները: Սակայն ես հրամայում եմ ձեզ, խնդրում եմ, տղանե՛ր, անել ամեն ինչ, հերոսանալու ոչ թե սեփական կյանքը կորցնելու, այլ մեր աշխարհի անդորրը խաթարող ելուզակներին վնասազերծելու միջոցով: Դուք հայրենիքին շատ եք պետք:

Բարի երթ եմ մաղթում ձեզ դեպի մեր փառապանծ զինված ուժերի շարքերը, որոնք գտնվում են քաղաքակրթության ու բարբարոսության, լույսի ու խավարի պայքարի կիզակետում: Բարի ծառայություն: Եվ թող Աստված բոլորին հաջողություն տա:

 

 

 

Շնորհակալություն:

MHM89437 copy - Copy


MHM89438 copy - Copy
MHM89441 copy - CopyMHM89442 copyMHM89443

 

 

Երևանի գրադարաններն ու երաժշտական դպրոցները համալրվում են գրականությամբ

Երևանի բոլոր գրադարանները, մասնաճյուղերով հանդերձ, համալրվում են նորատիպ գրքերով։ Այն տարվա ծրագրով Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 145 անուն 4800 կտոր գիրք, որոնք այս օրերին բաշխում է գրադարաններին։

Երևանի գրադարաններ

«Արդեն ծրագրի երրորդ տարին է, որ գրադարանները համալրվում են վերջին տարիներին տպագրված գրականությամբ։ Ծրագրին ձեռնամուխ եղանք 2012 թվականին, երբ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք էր։ 2014 թվականը Երևանի գրադարանների համար ծավալուն, կարևոր ծրագրերով է հատկանշվում։ Այս օրերին 12 գրադարան է վերանորոգվում, մեծ մասը հիմնանորոգվում է։ Եվ բավականին գոհացուցիչ է, որ սեպտեմբերից դրանք կգործարկվեն բարետես, ջեռուցվող, լուսավոր ու նոր գրականությամբ համալրված։ Գրքերի խմբաքանակում ներառված է մասնագիտական և գեղարվեստական գրականություն, հայ ու համաշխարհային դասականների ստեղծագործությունների վերահրատարակումներ, ինչպես նաև ժամանակակից հեղինակների նորատիպներ, մանկական գրականություն։ Այս տարի նաև երաժշտական գրականություն, այդ թվում և պարտիտուրաներ ենք ձեռք բերել և Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր 25 երաժշտական դպրոցների գրադարաններին ենք բաժանում»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյնաը։

Գրադարանների տնօրեններն ու աշխատակիցներն իրենց հերթին նշել են, որ ոլորտում հատկապես վերջին տարիներին մեծ ոգևորությամբ են աշխատում։

«Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական 15-ամյա գրադարանը 5 մասնաճյուղ ունի զանգվածներում։ Արդեն երկու ամիս է գրադարանը հիմնանորոգվում է, այս օրերին էլ համալրվում է արժեքավոր նորատիպ գրականությամբ։ Սա խոսուն վկայությունն է այն ուշադրության, որ վերջին տարիներին քաղաքապետարանը այնչափ կարևոր ծրագրերով է արտահայտում»,- նշել է Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանը։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարականության հետ կապերի վարչություն

 

Սփյուռքի 9 կրթօջախ ներկայացնող 30-ից ավելի երիտասարդ այցելեցին Մայր բուհ

07-21-2014 (1)Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռությամբ 20-րդ ուսանողական ֆորումի շրջանակներում ԱՄՆ-ի, Լիբանանի, Սիրիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Կանադայի, Բրազիլիայի, Վրաստանի, Կիպրոսի տարբեր բուհեր ներկայացնող շուրջ 33 հայ երիտասարդներ հանդիպեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ:

Համազգային հայ կրթական և մշակութային միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Լիլիթ Գալստյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտորին հյուրընկալության համար և նշեց, որ Մայր բուհ այցելությունը ծրագրի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է: «Այս հայրենաճանաչ ծրագրի շրջանակներում ԵՊՀ այցելությունը մեծ առաքելություն ունի, քանի որ Մայր բուհն այն կրթօջախն է, որը Հայաստանի և Սփյուռքի համար կրթել է բավականին նշանավոր անհատներ, ովքեր լուրջ դերակատարություն են ունեցել ամենատարբեր բնագավառներում: Այսօր էլ Երևանի պետական համալսարանը ոչ միայն երկրի, այլև տարածաշրջանի առաջատար կրթական հաստատություններից է, որը շարունակում է կրթել սերունդներին: Եվ քանի որ ես նույնպես համալսարանական եմ, հպարտ եմ և ուրախ, որ հնարավորություն ունեմ սփյուռքահայ ուսանողներին ծանոթացնելու Մայր բուհին»,- ասաց Լիլիթ Գալստյանը:

Արամ Սիմոնյանը ողջունեց երիտասարդներին, ներկայացրեց ԵՊՀ պատմությունը, կրթական և գիտահետազոտական ծրագրերը, միջազգային համագործակցությունը, ուսանողական և մշակութային կյանքը, ինչպես նաև Մայր բուհում կրթությունը շարունակելու հնարավորություններն ու առավելությունը: «Մեր երիտասարդությունը շատ բանիմաց է և խելացի: Պետք է նշեմ, որ հրաշալի ուսանողներ ունենք, հատկապես բնագիտական թևի շրջանավարտները ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում լուրջ հաջողություններ են ունենում: Ցավով պետք է ասեմ նաև, որ այսօր սփյուռքահայ ուսանողների թիվը մեծ չէ, սակայն մենք ուրախ կլինենք ձեզնից յուրաքանչյուրին հյուրընկալելու մեր բուհում, քանի որ ԵՊՀ կրթական ծրագրերը համապատասխանում են եվրոպական չափանիշներին, իսկ այստեղ կուտակած կրեդիտները կարող եք օգտագործել եվրոպական ավելի քան 40 համալսարաններում»,- իր ելույթում նշեց ԵՊՀ ռեկտորը, այնուհետև պատասխանեց ծրագրի մասնակիցների հարցերին:

07-21-2014Համազգային հայ կրթական և մշակութային միության ուսանողական ֆորումն այս տարի մեկնարկել է հուլիսի 19-ին և տևելու է 17 օր՝ մինչև օգոստոսի 4-ը։ Ծրագիրն աշխարհի տարբեր երկրներում սովորող հայ երիտասարդներին համախմբելու, ինչպես նաև ազգային արմատներին ու մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելու նպատակ ունի։

Սփյուռքահայ ուսանողներն առիթ կունենան հանդիպելու հայաստանաբնակ մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների հետ, լսելու պատմամշակութային թեմաներով դասախոսություններ, հայաստանցի իրենց հասակակիցների հետ քննարկելու ժամանակակից հայ երիտասարդներին հուզող տարաբնույթ խնդիրներ և այլն։

Ծրագրի շրջանակներում երիտասարդները հանդիպումներ կունենան նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ դասախոսություններ կլսեն «Ո՞վ է հայը. ինքնության խնդիրներ», «Հայ դատ, 100-ամյակ, հատուցում», «Հայոց գրերը, մշակույթն ու պատմությունը», «Հայկական ժառանգությունը Ջավախքի և արդի Վրաստանի մեջ», «Ազգային նվագարաններ» և այլ թեմաներով։

Ուսանողական ֆորումը, որին, ի դեպ, մասնակցում են նաև Հայաստանի և Արցախի երիտասարդները, քառօրյա ծրագրով կայցելի նաև Արցախ, ինչպես նաև կհյուրընկալվի Ազգային ժողովում և տարբեր զորամասերում։

Հավելենք, որ հանդիպման վերջում սփյուռքահայ ուսանողներն այցելեցին ԵՊՀ պատմության թանգարան, որտեղ  մանրամասն ծանոթացան Մայր բուհի պատմությանը և զարգացման փուլերին:

«Ես առաջին անգամ եմ Հայաստանում և պետք է նշեմ, որ շատ ուրախ եմ, որ այսպիսի հնարավորություն է ընձեռվել: Իհարկե, դեռ ծնողներիս հետ չեմ խոսել, սակայն կուզենայի կրթությունս հայրենի երկրում շարունակել»,- ասում է Ֆրանսիայից ժամանած 18-ամյա Օտէմիս Մատլէնը:

 

Անկախ

Հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակները շարունակվում են

մեդալՇարունակվում են դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաները: ՀՀ դպրոցականների հավաքականը հուլիսի 13-20-ը մասնակցել է «Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադային, որն անցկացվել է Ղազախստանում: Հայաստանի հավաքականը նվաճել է 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ: ՀՀ դպրոցականների «Ֆիզիկա» առարկայի թիմը ղեկավարել են «Այբ» ավագ դպրոցի  ֆիզիկայի ավագ ուսուցիչ, ՀՀ-ում «Կենգուրու առանց սահմանների» միջազգային ասոցիացիայի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Գրիգորյանը և ԵՊՀ դասախոս Բիլոր Կուրղինյանը:

«Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալի են արժանացել Գևորգ Մարտիրոսյանը, Վարդգես Մամբրեյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ  դպրոց/, Արսեն Վասիլյանը / ՀՊՃՀ վարժարան/, բրոնզե մեդալի` Աշոտ Մովսիսյանը և  Հրանտ Թոփչյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ  դպրոց/:

«Ինֆորմատիկա» առարկայի 25-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 13-20-ը, Թայվանում: Հայաստանի թիմը նվաճել է 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ: «Ինֆորմատիկա» առարկայի թիմը ղեկավարել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը և նույն ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը: «Ինֆորմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալի են արժանացել Էդուարդ Գրիգորյանը /«Քվանտ» վարժարան/ և Մուշեղ Շահինյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ  դպրոց/, բրոնզե մեդալի` Տիգրան Գալստյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ  դպրոց և Սպարիկ Հայրապետյանը /Երևանի «Այբ» ավագ դպրոց/:
Ընդհանուր առմամբ, այս պահին Հայաստանի հավաքականն արդեն ունի 15 մեդալ:
Առջևում քիմիայի և աստղագիտության միջազգային օլիմպիադաներն են:

Անկախ