Ալեքսանդր Բազարչյանը` ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ առողջապահության նախարարության Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալեքսանդր Բազարչյանը, ով  զբաղեցնում էր ինստիտուտի տեղեկատվական և վերլուծական հարցերով փոխտնօրենի պաշտոնը:

      Ալեքսանդր Բազարչյան

Մինչ այդ առողջապահական այս կառույցը ղեկավարում էր Պարունակ Զելվեյանը, ով սեփական դիմումի համաձայն անցել է այլ աշխատանքի:

ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» կառավարումն իրականացնում է հիմնադիրը` ՀՀ առողջապահության նախարարությունը:

Առողջապահության ազգային ինստիտուտը Հայաստանի բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարելավման նպատակով հանրապետության տարածքում գործող առողջապահական հաստատություններում իրականացնում է ազգային կլինիկական ուղեցույցների և դրանց հիման վրա մշակված ազգային կլինիկական գործելակարգերի ներդրում ու գործարկում:

 

 

 

 

 

 

 

Հանրային քննարկում ՀՀ արդարադատության նախարարությունում

Օգոստոսի 26-ին ՀՀում, Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում, տեղի է ունեցել ՀՀ դատական օրենսգրքով նախատեսված դատավորների թեկնածուների թեստավորման ու նշանակման, ինչպես նաև դատավորների գնահատման ու առաջխաղացման ընթացակարգի վերաբերյալ հանրային քննարկում: Վերջինին մասնակցել են ինչպես ՀՀ արդարադատության նախարարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: 
արդարադատության նախարարություն
Հանրային քննարկման նպատակը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու ոլորտի մասնագետների միջև մտքերի փոխանակումն էր՝ դատավորների թեկնածուների թեստավորման ու նշանակման, ինչպես նաև առաջխաղացման գործող կարգի հնարավոր բարեփոխումների վերաբերյալ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտյոմ Գեղամյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և կարևորել օրակարգում ընդգրկված հարցի անհրաժեշտությունը: Նա  պատրաստակամություն  է հայտնել լսել բոլորի կարծիքներն ու կառուցողական առաջարկները:

ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հովհաննես  Հովակիմյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ՀՀ դատական օրենսգրքում՝ դատավորներին նշանակելու, գնահատելու, խրախուսելու, կարգապահական տույժերի ենթարկելու և դատավորների անկախությունն ամրապնդելու կառուցակարգերի առնչությամբ կատարված փոփոխություններն ու լրացումները:

Նա տեղեկացրել է, որ դատավորների թեկնածուների թեստավորումն ու նշանակումը կարգավորող համապատասխան օրենսդրությունը վերանայված և ընդունված է:  «Այս փոփոխության շնորհիվ դատավորները կընտրվեն և կնշանակվեն Արդարադատության խորհրդի կողմից օբյեկտիվ և թափանցիկ գործընթացով` կիրառելով նաև համակարգչայնացված ընթացակարգ»,- նշել է Հովհաննես Հովակիմյանը:

Փոփոխության արդյունքում Արդարադատության խորհրդում հարցազրույցների ընթացակարգն արդեն կարգավորվում է օրենքով, իսկ վերանայված օրենսդրությունը կիրառվում է բոլոր նոր դատավորների թեկնածուների նկատմամբ:

Դատական օրենսգրքում կատարվել է նաև համապատասխան լրացում, որը հնարավորություն է ընձեռում կարգապահական պատասխանատվության ենթարկելու նաև դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց:

Նախարարության ներկայացուցիչ Հովհաննես Հովակիմյանը կարևորել է նաև օրենսդրական այն փոփոխությունը, համաձայն որի, ՀՀ նախագահը այսուհետ կամ հաստատում է Արդարադատության խորհրդի կազմած ցուցակը կամ այն վերադարձնում է Արդարադատության խորհուրդ` պահանջելով նոր քննարկում:

Քննարկմանը ներկա քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները մի շարք առաջարկներ են ներկայացրել, մասնավորապես դատավորների քննության ողջ գործընթացն առավել թափանցիկ դարձնելու, ապագա դատավորի անձնային հատկանիշները՝ նրա հուզական վիճակը, կողմնորոշվելու ունակությունը և այլ հոգեբանական հատկանիշների գնահատման համար  համապատասխան մասնագետ-հոգեբաններ ներգրավելու վերաբերյալ:

Հովհաննես Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել առաջարկների ու կարծիքների համար և ընդգծել, որ ՀՀ արդարադատության նախարարությունը մեծապես կարևորում է հանրային քննարկումների և, հատկապես, հասարակական կազմակերպությունների դերակատարությունը` դատաիրավական բարեփոխումներ իրականացնելիս, իսկ բարձրացված հարցերը հաշվի կառնվեն հետագայում կատարվող օրենսդրական բարեփոխումների ժամանակ:

 

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի ԱԳ նախարարի հետ

 Էդվարդ Նալբանդյան Օգոստոսի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` արգենտինական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հեկտոր Տիմմերմանի հետ։

Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են հուլիսին ՀՀ Նախագահի` Արգենտինա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

Էդվարդ Նալբանդյանն ու Հեկտոր Տիմերմանը կարևորել են երկու երկրների արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը։

Անկախ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Հյուսիսային պողոտա

Կենտրոն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Հյուսիսային պողոտա:

Հյուսիսային պողոտա

Վարչական շրջանի ղեկավարի և շինարարությունն իրականացնող ընկերության տնօրենի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է շինհրապարակում, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ պողոտայի 12200քմ ընդհանուր մակերեսով տարածքում ընթացող նորոգման աշխատանքների արդյունքում ամբողջությամբ կնորացվեն պողոտայի 8600 քմ գրանիտե կենտրոնական և 3600 քմ բազալտե եզրային մակերեսները։ Ժամանակակից լուծումներով կթարմացվի և կնորացվի նաև արտաքին լուսավորության համակարգը։ Պողոտայի երկու ծայրերում կգործեն զույգ շարժասանդուղքներ՝ 0.00 նիշից մինչև -1.0 նիշը։ Բացի այդ, նորոգման աշխատանքների ավարտին նախկինում տեղադրված 60 քմ ընդհանուր մակերեսով 60 ծառամանների փոխարեն պողոտայում կտեղադրվի 270 քմ ընդհանուր մակերեսով 67 ծառաման։ Քաղաքապետը տեղում պատասխանատուներին հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել կանաչ տարածքների ձևավորմանը՝ այն Երևանի արտաքին տեսքին համահունչ դարձնելու նկատառումով: Հարկ է նկատել, որ այս ծրագրի իրականացումը ևս կդառնա քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության հերթական հաջողված օրինակներից մեկը. «Հյուսիսային պողոտան, որպես ընդհանուր օգտագործման տարածք, իրոք Երևանի կարևոր հանգույցներից մեկն է ու, հատկապես հաշվի առնելով, որ, որպես հետիոտնային տարածք, մշտապես մարդաշատ է, իրոք անհրաժեշտություն կար, որ պողոտայի հատկապես սալահատակը հիմնանորոգվի, բացի այդ նաև որոշակի նոր լուծումներով այն դարձվի առավել արդյունավետ հանգստի գոտի: Եվ ներկայումս այստեղ ընթացող աշխատանքները հենց այդ նպատակով են ու, օգտվելով առիթից, պետք է շնորհակալություն հայտնեմ «Տաշիր գրուպ» ընկերությանը՝ ի դեմս ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի, որ ստանձնեց այդ աշխատանքների իրականացումը: Սա Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության ևս մեկ հրաշալի օրինակ է: Այս աշխատանքների իրականացման համար ընկերությունը շուրջ 6 մլն դոլարի ներդրում է կատարել և, ըստ էության, սա նվեր է Երևան քաղաքին: Ու որ կարևոր է՝ փոխարինվող սալիկները բարձրորակ են և, մասնագետների հավաստմամբ, դրանք մի քանի տասնամյակ կծառայեն իրենց նպատակին: Ամենակարևորը նաև այն է, որ պողոտայում կավելանա կանաչ զանգվածը, ինչպես նաև նստարանների քանակն ու պողոտայի արտաքին լուսավորությունը, որն, ի դեպ, լինելու է ժամանակակից լուծումներով: Մի խոսքով, աշխատանքների ավարտից հետո մենք կունենանք իսկապես ներկայանալի ու առավել արդյունավետ տնօրինվող տարածք, որը, համոզված եմ, կարժանանա բոլորի բարձր գնահատականին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Այնուհետ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը ծանոթացել է նաև Երևան քաղաքի Գլխավոր հատակագծով նախատեսված Տերյան փողոցի շարունակությունը հանդիսացող Արամի և Բուզանդի փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները զեկուցել են, որ շուրջ 90մ երկարությամբ և 12մ երթևեկելի մասի լայնությամբ ճանապարհահատվածը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնի այդ հատվածի երթևեկելի և հետիոտն շարժման լարվածությունը։ Զեկուցվել է նաև, որ ծրագրի շրջանակում երթևեկելի մասի երկու կողմերով նախատեսվում են 4.5մ լայնությամբ մայթեր։ Փողոցի երկարությամբ էլ կտնկվեն ծառեր։ Հետևելով իրականացվող աշխատանքների ընթացքին` Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել աշխատանքների որակի ապահովման ուղղությամբ և գործն ավարտել նախատեսված ժամկետներում:

 

Արտգործնախարարն ընդունեց Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը

Օգոստոսի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի անդամներ Բրեթ Բաթին, Լեոն Բենուային և Ռաս Հայբերթին, որոնց ուղեկցում էր «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջեդ էլ Շաֆին։ 

ԱԳՆ

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց կանադացի խորհրդարանականների ներդրումը` հայ-կանադական բարեկամական հարաբերությունների զարգացման, միջպետական համագործակցության խորացման գործում։ 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պատվիրակության անդամները վստահեցրին, որ շարունակելու են գործունեությունը` ուղղված Հայաստանի և Կանադայի միջև համագործակցության առավել սերտացմանը։

Հանդիպմանը քննարկվեցին հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, մտքեր փոխանակվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումների վերաբերյալ։ 

Նախարար Նալբանդյանը հյուրերի խնդրանքով ներկայացրեց տարածաշրջանային և միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը:

ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Թոմաս Էբերհեռին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Թոմաս Էբերհեռին:

Արամայիս Գրիգորյան

Նախարար Արամայիս Գրիգորյանը ողջունել է հյուրին և կարևորելով ՀՀ բնապահպանության նախարարության և GIZ-ի  համագործակցությունը՝ կապված կենսաբազմազանության կայուն կառավարման հետ, առաջիկա առավել ակտիվ և արդյունավետ համագործակցության հույս է հայտնել:

Թոմաս Էբերհեռն, իր հերթին կարևորելով ակտիվ համագործակցությունը, ներկայացրել է 2009-ից Հայաստանում գործող <<Կենսաբազմազանության կայուն կառավարումը Հարավային Կովկասում>>   ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացված և առաջիկայում իրականացվելիք գործողությունների ընթացքը, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության հետ նախատեսվող հետագա համագործակցության հնարավորությունները՝ կապված անտառային և արոտավայրերի կառավարման ոլորտում հեռահար զոնդավորման, ԱՏՀ-ի /GIS/, անտառակառավարման տեղեկատվական համակարգի և այլ նորարարական մեթոդների կիրառման հետ:

Նախարար Արամայիս Գրիգորյանը, գնահատելով GIS համակարգի ներդրումը անտառային և արոտավայրերի կառավարման ոլորտում, ընդգծել է նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում այդ համակարգի ներդրման, տվյալների հիմնարար  բազա ունենալու կարևորությունը և հույս է հայտնել, որ համագործակցության շրջանակներում կողմերին կհաջողվի բարձրացնել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետությունը:

 

​ԱԳ նախարարը կմասնակցի Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը

 Էդվարդ Նալբանդյան ​Օգոստոսի 28-ին կայանալիք Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Անկարա։

 

 

 

 

Արտգործնախարարն ընդունեց Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը

Արտգործնախարարն ընդունեց Կանադայի խորհրդարանական պատվիրակությանըՕգոստոսի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի անդամներ Բրեթ Բաթին, Լեոն Բենուային և Ռաս Հայբերթին, որոնց ուղեկցում էր «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջեդ էլ Շաֆին։

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց կանադացի խորհրդարանականների ներդրումը` հայ-կանադական բարեկամական հարաբերությունների զարգացման, միջպետական համագործակցության խորացման գործում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պատվիրակության անդամները վստահեցրին, որ շարունակելու են գործունեությունը` ուղղված Հայաստանի և Կանադայի միջև համագործակցության առավել սերտացմանը։

Հանդիպմանը քննարկվեցին հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, մտքեր փոխանակվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումների վերաբերյալ։

Նախարար Նալբանդյանը հյուրերի խնդրանքով ներկայացրեց տարածաշրջանային և միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նամակ է հղել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյին

կարեն անդրեասյանՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյին հետևյալ բովանդակությամբ.

 

‹‹Իմ խորին մտահոգությունն եմ հայտնում Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների նկատմամբ խոշտանգումերի և սպանությունների, մասնավորապես, 2014թ. օգոստոսի 7-ին Ադրբեջանում գերի ընկած և մեկ օր անց սպանված ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի դեպքի առթիվ:

Ադրբեջանական կողմը հրապարակավ նվաստացրել ու խոշտանգել է հոգեկան առողջության ակնհայտ խնդիր ունեցող Պետրոսյանին՝ նրան ներկայացնելով որպես «դիվերսանտ»: Դրան հետևեց Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, որ Պետրոսյանը հանկարծամահ է եղել «սրտային անբավարարությունից»: Մինչդեռ, ըստ Պետրոսյանի բժշկական քարտի, վերջինս եղել է ֆիզիկապես լիովին առողջ:

Կարեն Պետրոսյանի սպանությունից 17 օր անց ադրբեջանական կողմը դիակը դեռ չի հանձնել Հայաստանին: Ես հիմնավոր կասկածներ և մտավախություն ունեմ, որ Պետրոսյանի դիակի հանձնման ձգձգումը խոշտանգման հետքերը թաքցնելու նպատակ է հետապնդում: Նույն կերպ 2010թ. Ադրբեջանում գերության մեջ սպանվեց քաղաքացիական անձ Մանվել Սարիբեկյանը, իսկ մեկ այլ քաղաքացիական անձ Մամիկոն Խոջոյանը 2014թ. մահացավ Ադրբեջանում խոշտանգվելու հետևանքով, հայրենիք վերադառնալուց հետո:

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար, Օմբուդսմենների միջազգային ինստիտուտի և Օմբուդսմենների եվրոպական ինստիտուտի անդամ Էլմիրա Սուլեյմանովան մինչ օրս որևէ դիրքորոշում չի հայտնել Կարեն Պետրոսյանի սպանության վերաբերյալ: Ակնկալելի էր Սուլեյմանովայի նման պահվածքը, քանի որ նույն այդ պաշտոնյան ողջունել էր իր հայրենակից Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թվականին քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանի գլխատումը կացնահարման միջոցով՝ ոճրագործի գործողություններն անվանելով «հայրենասիրության օրինակ երիտասարդների համար»:

Գերուն խոշտանգելը խորապես հակասում է միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված նորմերին, մասնավորապես, պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի դրույթներին:

Կոչ եմ անում Ձեզ անմասն չմնալ և հանդես գալ Ադրբեջանի ապօրինի գործողությունները դատապարտող հայտարարությամբ, նպաստել Կարեն Պետրոսյանի դիակի՝ Հայաստան տեղափոխմանը և սպանության համակողմանի, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննության անցկացմանը››:

Պաշտպանի աշխատակազմ

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է «Միասին-2014» ֆորումի մասնակիցների հետ

7787Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 24-ին այցելել է «Սևան» ազգային պարկի տարածքում «Միասին» երիտասարդական շարժման կողմից կազմակերպված «Միասին-2014» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբար: Արդեն վեցերորդ տարին անցկացվող այս հավաքին այս տարի մասնակցում է 500 երիտասարդ՝ Երևանից և Հանրապետության մարզերից: Նախագահը շրջել է ճամբարի տարածքում, զրուցել ֆորումի մասնակիցների հետ, ծանոթացել ճամբարականների պայմաններին և առօրյային, նախորդ օրերին անցկացված միջոցառումներին, նաև պատասխանել երիտասարդներին հետաքրքրող հարցերին:

Նախագահին ներկայացվել է, որ ճամբարի մասնակիցներն ապրում են հագեցած և հետաքրքիր օրակարգով, ճամբարում անցկացվում են ամենօրյա դասախոսություններ ամենատարբեր թեմաներով, հյուրընկալվում են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, կազմակերպվում են սպորտային մրցումներ, ժամանցային այլ միջոցառումներ:

Նախագահն այցելել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության Բյուրականի բանակավայր

7752_bՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության (ՀԱՍԿ) Բյուրականի բանակավայր, որտեղ ս.թ. օգոստոսի 18-ից հերթական համահայաստանյան բանակումին մասնակցում է 12-17 տարեկան ավելի քան 300 սկաուտ, ինչպես նաև արդեն երկրորդ տարին «Խաղաղության սուրհանդակներ» նախագծում ընդգրկված՝ Հայաստանի տարբեր մարզերի սոցիալական խնամքի հաստատությունների երեխաներ:

Հանրապետության Նախագահը ողջունել է բանակումին մասնակցող սկաուտներին, շրջայց կատարել բանակավայրի տարածքում, ծանոթացել պայմաններին և սկաուտների առօրյային:

7753_bՀՀ կառավարության որոշմամբ «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությանը 2011թ. անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված մեկ հեկտար հողատարածքի վրա ստեղծված բանակավայրում նվիրատվության շնորհիվ, ըստ պատասխանատուների, հնարավոր է դարձել այս տարվա բանակումին ավելի մեծ թվով սկաուտների հյուրընկալել: 2014թ. մարտի 29-ից բանակավայրում ՀՀ Նախագահի հովանու ներքո և «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ մեկնարկած շինարարական աշխատանքներն ավարտվել են հուլիսի 29-ին: Նախագահը բացել է բանակավայրի նոր տարածքի գործունեությունն ազդարարող ցուցատախտակը: Կառուցապատված տարածքն այժմ կարող է ընդունել շուրջ 400 մասնակցի:

7754_bՍերժ Սարգսյանը Բյուրականում ներկա է գտնվել նաև համահայաստանյան բանակումի փակման արարողությանը:

***

Լրացուցիչ տեղեկություններ «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» (ՀԱՍԿ) հասարակական կազմակերպության վերաբերյալ

1918թ. Պոլսում հիմնադրված Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ) Հայաստանում գործել է 1920-1923 թթ.: Կազմակերպությունը Հայրենիքում վերահիմնադրվել է 1989թ. դեկտեմբերի 2-ին և համարվում է նորանկախ Հայաստանի՝ պատանիների և երիտասարդության շրջանում գործունեություն ծավալած առաջին հասարակական կազմակերպություններից: Հայաստանի ազգային սկաուտական շարժում` ՀՄԸՄ-ՀԱՍԿ կազմակերպությունը հանդիսանում է Հայ մարմնակրթական ընդհանուր միության գործունեության և ավանդույթների կրողը: 1997թ.-ից ՀԱՍԿ-ը հանդիսանում է նաև Համաշխարհային սկաուտական շարժման լիիրավ անդամ, իսկ 1998-ից՝ նախկին Խորհրդային Միության անդամ երկրները միավորող «Եվրասիա» սկաուտական տարածաշրջանի հիմնադիր անդամ: 

Ավարտվել է Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան (լուսանկարներ)

   11497_am_111497_am_6ճանապարհման պաշտոնական արարողություն11497_am_7

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ավարտելով երկօրյա պաշտոնական այցը, մեկնել է Երևանից: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի ճանապարհման պաշտոնական արարողությունը:
 

Հայաստանի և Վրաստանի վարչապետներն ամփոփել են երկկողմ բարձր մակարդակի բանակցությունների արդյունքները

c3e70e90d7f6392e000aec0f05334c13Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից հետո կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Այնուհետև վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:

Ստորև ներկայացվում է Հայաստանի և Վրաստանի վարչապետների հայտարարությունների տեքստն ամբողջությամբ.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյան – Վրաստանի վարչապետ, հարգարժան պարոն Իրակլի Ղարիբաշվիլիի հետ վերահաստատելով երկու երկրների միջև առկա ամուր բարեկամական կապերը և առկա հարաբերություններն էլ ավելի զարգացնելու պատրաստակամությունը՝ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որը ներառում է առևտրատնտեսական հարաբերություններին, ենթակառուցվածքների զարգացմանը, կրթական, հումանիտար և մշակութային կապերի խորացմանն առնչվող խնդիրներ:
Հատուկ ընդգծվեց հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և կանոնավոր հանդիպումների անհրաժեշտությունը, որը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցն է:
Շահագրգիռ քննարկումներ կայացան ենթակառուցվածքների զարգացման և տրանսպորտային կապի բարելավման հետ կապված հարցերի շուրջ: Մանրամասն քննարկվեց սահմանային անցակետերի արդիականացման խնդիրը, մասնավորապես, Բագրատաշեն-Սադախլո անցակետում նոր կամրջի շինարարության հարցը:
Քննարկեցինք անցած գիշեր Վերին Լարս անցակետում տեղի ունեցած սողանքի ու դրա հետևանքները վերացնելու խնդիրը, իմ գործընկերոջն առաջարկեցի Հայաստանի համապատասխան ծառայությունների աջակցությունը:
Երկուստեք կարևորվեց նաև պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման և վերականգնման խնդիրը:
Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացան բարեկամ երկրներին բնորոշ ջերմ և կառուցողական մթնոլորտում:
Շնորհակալություն:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի – Շնորհակալություն Ձերդ գերազանցություն, պարոն վարչապետ:
Տիկնայք և պարոնայք,
ցանկանում եմ սրտանց ողջունել պարոն Հովիկ Աբրահամյանին և շնորհակալություն հայտնել ջերմ հյուրընկալության համար: Ինձ համար անչափ ուրախալի է, որ ինձ հնարավորություն տրվեց այցելել մեր բարեկամ երկիր՝ Հայաստանի Հանրապետություն, որի հետ մեզ կապում են բազմադարյա բարիդրացիական հարաբերությունները և համագործակցությունը:
Մենք համաձայնության եկանք, որ էլ ավելի պետք է խորացնենք Վրաստանի և Հայաստանի միջև գոյություն ունեցած սերտ համագործակցությունը, և տվյալ այցը հենց այս նպատակին է ծառայում: Մենք ընթացիկ տարվա 6 ամսվա կտրվածքով 42 տոկոսով ավելացրել ենք առևտրաշրջանառությունը: Այս ամենը խոսում է այն մասին, որ մեր երկու երկրների միջև գոյություն ունեցած տնտեսական հարաբերությունները զարգանում են, և մենք, իհարկե, դա կշարունակենք: Շատ կարևոր է, որ մեր երկրների միջև հանդիպումներն ընթանան ու զարգանան ոչ միայն բարձր մակարդակով, այլև գերատեսչությունների մակարդակով:
Մենք խոսեցինք տարածաշրջանում կայունության ամրապնդման հարցերի շուրջ: Հավելեմ, որ ունենք զբոսաշրջության աճ, դրական միտում կա այդ բնագավառում և համաձայնության ենք եկել, որ ամեն ինչ կանենք էլ ավելի խորացնելու այս հարաբերությունները:
Ցանկանում եմ նաև նշել, որ մենք համաձայնության ենք եկել, որ Հայաստանը և Վրաստանը համատեղ կկառուցեն կամուրջ: Այսօր իմացանք, որ կա հետաքրքիր նախաձեռնություն կամուրջը կոչել Բարեկամության կամուրջ, և մենք հաճույքով համաձայնեցինք այդ առաջարկին:

Մենք խոսել ենք նաև մշակութային և մարդասիրական բնագավառների հարցերի շուրջ: Պարոն վարչապետը հիշատակեց երեկ գիշեր Վրաստանում տեղի ունեցած սողանքը, որն արդեն երկրորդ անգամ է արձանագրվել: Մենք մեր պատրաստակամությունը հայտնեցինք, որ երկու-երեք օրում կվերականգնենք գազի մատակարարումը, և գազատարը կվերականգնվի:
Վերջում մեկ անգամ ևս նշեմ, որ մենք երախտապարտ ենք, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, պարոն վարչապետ, այսպիսի ջերմ և բարեկամական ընդունելության համար:
Շնորհակալություն:

Անկախ

Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան (լուսանկարներ)

   Իրակլի Ղարիբաշվիլի 11490_am_2 11490_am_4 11490_am_6 11490_am_7 11490_am_8

   

 

 

 

11490_am_9 11490_am_10

 

 

 

 

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի իր գործընկերոջը դիմավորել է Հովիկ Աբրահամյանը: Հայաստանի և Վրաստանի վարչապետները ողջունել են երկու երկրների կառավարությունների անդամներին և ուղևորվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

   Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և ծաղիկներ՝ անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: 
Այնուհետև Իրակլի Ղարիբաշվիլին եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում: 

Կառավարության այլ որոշումներ

Հովիկ Աբրահամյան

ՀՀ կառավարությունը քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, և որի նպատակն է հստակ կարգավորել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի որոշումների հանձնման ընթացակարգերը: Կառավարության եզրակացությունը դրական է: Օրենքի նախագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Կառավարությունն իր որոշմամբ ՀՀ 2014 թ. պետբյուջեի բյուջետային հատկացումների միջծրագրային վերաբաշխման եղանակով 5 մլրդ ՀՀ դրամով ավելացրել է ՀՀ կառավարության պահուստային գծով նախատեսված տարեկան գումարը՝ ի հաշիվ այլ կրթական օբյեկտների համար նախատեսված գումարների:
Գործադիրն ընդունել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի մարզերի մի շարք համայնքների ղեկավարների և ավագանու անդամների ս.թ. հոկտեմբերի 19-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում:
Կառավարության որոշմամբ Երևանի «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և ՀՀ կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության արտոնագիր:
Նիստում Արմեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին հանձնարարել է առաջիկա սեպտեմբերի 1-ին այցելել կրթօջախներ և սաների հետ հավուր պատշաճի նշել Գիտելիքի օրը:

Միջազգային համագործակցություն

   Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված ներդրումային ծրագրի իրականացման անհրաժեշտությունը՝ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ և դրանով իսկ կարգավորել կառավարության և բանկի ֆինանսական հարաբերությունները:

Հովիկ Աբրահամյան   ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Կրթության բարելավում» ծրագրի ֆինանսավորման և վարկային համաձայնագրերին: Դրանց համաձայն Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի 9 մլն 800 հազար ՀՓԻ գումարի չափով վարկ և 15 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում, որոնք կուղղվեն կրթության բարելավման բարեփոխման ապահովմանը: Կառավարության կողմից նախատեսվում է 20 տոկոս համաֆինանսավորում: Ծրագիրն իրականացվելու է 2014-2019 թթ. ժամանակահատվածում:Վարչապետը կարևորել է համաձայնագրերը՝ նկատելով, որ դրանց շնորհիվ էապես կբարելավվի ավագ դպրոցների աշխատանքը:
Ֆրանսիական «Մոբիոժ Տապի» ընկերությունը շուրջ մեկ տարի իրականացնում է Հայաստանի ազգային պատկերասրահի 16-17-րդ դարերի գոբելենի (Ֆլանդրիա) վերականգնման և կոնսերվացման աշխատանքները: Ստեղծագործության պահպանվածությունն ապահովելու և հետագայում հանրությանը ներկայացնելու համար անհրաժեշտ է շարունակել աշխատանքը: Այդ նպատակով կառավարությունը մաքսային հայտարարագրով Ֆրանսիա արտահանված գոբելենի արտահանման ժամկետը երկարաձգել է մինչև ս.թ. հոկտեմբերի 20-ը:
Կառավարության որոշմամբ 2012 թ. հաստատվել է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներին ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր կարող է տրվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում: Հաշվի առնելով Իրաքում ստեղծված վիճակը՝ նիստում որոշում է ընդունվել ցուցակ ներմուծել այդ երկրի անունը, ինչպես նաև փաստաթղթի գործողության ժամկետը երկարացնել մինչև 2015 թ. սեպտեմբերի 1-ը: Մեկ այլ որոշմամբ Իրաքի ներքաղաքական բախումների հետևանքով տուժած և իրենց բնակավայրերից տեղահանված եզդիներին օգնություն տրամադրելու համար գործադիրը հատկացրել է 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Օգնության տրամադրումն իրականացվելու է ՄԱԿ-ի փախստականների հարցերի բարձրագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի, Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության կառավարությունների միջև՝ կրթության և գիտության բնագավառում համագործակցելու համաձայնագրերի կնքման առաջարկություններին:

Սոցիալական և մշակութային մի շարք հարցերի լուծում

Կառավարության նիստ

Համաշխարհային բանկի միջոցներով կառուցված Գյումրու բժշկական կենտրոնին կառավարությունն իր որոշմամբ սեփականության իրավունքով տրամադրել է հողամասեր, շենք, շինություններ և հնարավորություն՝ հոգալու դրանց պահպանման և շահագործման ծախսերը:
Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման նպատակով անհատույց տրամադրելու համար ՀՀ կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 2 մլրդ ՀՀ դրամ: Նախատեսվում է Սևանա լճի ավազանում ստեղծել Սևանի իշխանի մանրաձկան արտադրության գործարան և ձկան վերամշակման գործարան, որոնց հիմնման համար անհրաժեշտ է համապատասխանաբար 3 մլրդ և 600 մլն ՀՀ դրամ: Առաջին փուլի ծախսի ֆինանսավորման համար անհրաժեշտ գումարը 2 մլրդ ՀՀ դրամ է:
AREAL արագացուցչի էներգիան իր առավելագույն՝ 20 ՄԷՎ հզորության հասցնելու, ՔԵՆԴԼ ինստիտուտի գիտաարտադրական բազան և լաբորատորիաները զարգացնելու նպատակով նիստում որոշվել է լրացուցիչ հատկացնել 175 մլն ՀՀ դրամ:
Ուժը կորցրած ճանաչելով իր նախկին որոշումներից մեկը՝ գործադիրը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի գյուղական համայնքի ավելի քան 28 հա տարածքը վերադարձրել է գյուղատնտեսական նշանակության արոտավայրերի շարքը, քանի որ սահմանված եռամյա ժամկետում նշված հողամասը նպատակային նշանակությամբ չի օգտագործվել:
Նիստում համաձայնություն է տրվել Դիլիջան քաղաքի պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարումից քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված ավելի քան 3 մլն ՀՀ դրամն ուղղել քաղաքի Հովհ. Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցի դահլիճի նորոգմանը:

 

Կդյուրանա կենդանական մթերքի արտահանումը Եվրամիության երկրներ

Հովիկ Աբրահամյան

    ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետությունից Եվրամիության տարածք արտահանվող կենդանական ծագում ունեցող մթերքներում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակները, հաստատել մնացորդային նյութերի հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգը, միջազգային չափանիշներին չբավարարելու պատճառաբանությամբ ուժը կորցրած ճանաչել ոլորտին վերաբերող իր նախկին որոշումը: 2013 թվականին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Եվրամիության համապատասխան մարմին է ներկայացրել «Մեղրում և մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը», լրացված հարցաթերթը և ուղեկցող այլ փաստաթղթերը, որոնք հաստատվել և ընդունվել են ԵՄ հանձնաժողովի և անդամ երկրների կողմից: Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվել է մեղր արտահանելու իրավասություն ունեցող երկրների ցանկ: 2014 թվականին ներկայացվել են ձկան, ձկնամթերքի «Մնացորդային քանակների պլանը» և մյուս փաստաթղթերը, որոնք այժմ քննարկվում են: Որոշման ընդունման նպատակն է կենդանական մթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակության սահմանը համապատասխանեցնել Եվրամիության հրահանգին և ապահովել այդ մթերքում մնացորդային նյութերի հսկողությունը:
   Կառավարությունը թույլատրել է «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ՊՓԲԸ-ն միացնել «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ ակնկալելով, որ ավելի արդյունավետ կիրականացվեն դրանց վերապահված գործառույթները, կօպտիմալացվեն մասնագիտական և նյութական ռեսուրսները, կտնտեսվեն ֆինանսական միջոցները:

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդը գնորդ չլինելու հիմքով չկայանալու և պարտքի դիմաց ամրացվելու է «ՀՀ պաշտպանության նախարարություն» պետական կառավարչական հիմնարկին

Կառավարության ծրագիր

Կառավարությունը կայացրել է «Պարտքի դիմաց գույք ընդունելու միջոցառումների մասին» որոշումը, որը պայմանավորված է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ բյուջետային վարկի պարտքի (ավելի քան 10 մլրդ ՀՀ դրամ) և նախապես վճարված պետական տուրքի գծով դատական ծախսի (ավելի քան 205 մլն ՀՀ դրամ) բռնագանձման հարկադիր կատարման վարույթի շրջանակում ԵԿԴ 0191/04/14 սնանկության գործով ՀՀ ֆինանսների նախարարության մորատորիում չտարածելու մասին 04.08.2014 թ. ծանուցման հիման վրա դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից 2014 թ. օգոստոսի 14-ից հայտարարած՝ անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդը գնորդ չլինելու հիմքով չկայանալու և պարտքի դիմաց ավելի քան 10 մլրդ ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) գնով անշարժ գույքի (հողամաս ավելի քան 9 հա, շենք-շինություններ շուրջ 53 հազ. քմ) ընդունման մասին հարկադիր կատարողի առաջարկով:
Պետության սեփականության իրավունքի գրանցումից հետո անշարժ գույքն ամրացվելու է «ՀՀ պաշտպանության նախարարություն» պետական կառավարչական հիմնարկին՝ հաշվեկշիռ մուտքագրելով մոտ 10.5 մլրդ ՀՀ դրամ ձեռքբերման արժեքով: Որոշման համաձայն մարզահամերգային համալիրն օգտագործվելու է նպատակային նշանակությամբ:

Տարերքի հետևանքով վնասված ճանապարհները պետք է հնարավորինս շուտ բացել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության նիստՆիստում վարչապետն անդրադարձել է հորդառատ անձրևի հետևանքով երեկ փակված Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհի վերականգնման աշխատանքի ընթացքին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի տեղեկացմամբ՝ Վերին Լարսում նաև սողանք է եղել: Ոչ միայն ճանապարհն է փակվել, այլև Հայաստան եկող գազի խողովակը: «Մեզ համար շատ կարևոր է ճանապարհի բացման ժամկետը ճշտել՝ գործարարներին հայտնելու համար», – ասել է վարչապետը: Նախարար Երիցյանը խոստացել է այսօր ճշտել այդ հարցը և զեկուցել: «Բոլորդ տեղյակ եք, որ այսօր Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է լինելու, և եթե մինչ այդ տեղեկություն ունենանք, խնդրենք, որպեսզի այնտեղ համապատասխան ուժեր ավելացնի, որ հնարավորինս սեղմ ժամկետում բացվի ճանապարհը: Մենք տնտեսական մասով անցած ամիս խնդիր ունեցանք, որովհետև ճանապարհն ահագին ժամանակ փակ էր, բեռների տեղափոխման և տնտեսական ակտիվության վրա բացասական ազդեցություն ունեցավ: Դրա համար հիմա մենք ամեն ինչ պետք է անենք, որ ճանապարհը հնարավորինս արագ բացվի», – հավելել է Հովիկ Աբրահամյանը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը զեկուցել է նաև, որ չնայած քարաթափման հետևանքով երեկ մասամբ փակված Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհն այսօր ամբողջությամբ երթևեկելի է, բայց պահպանվում է քարաթափման վտանգը:
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014 թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում, ինչը թույլ կտա մինչև 2014 թ. հոկտեմբերի 31-ն ավարտել Հ-37, Մ-4-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածի շրջանցիկ ճանապարհի շինարարությունը: Վարչապետը կարևոր այս ճանապարհի շինարարության ավարտը մինչև հոկտեմբերի վերջ հետաձգելու համար քննադատել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը: «Պետք է ձեր աշխատանքի ոճը փոխեք, – ասել է Հովիկ Աբրահամյանը: – Չի կարելի մարդկանց պարտադրել, որ այսքան գումարով պետք է ճանապարհ կառուցեք: Նախագիծ կա, նախագծողներ կան, որոնք գնահատում են. դրանով պետք է ֆինանսավորեք: Հիմա ո՞ւմ կարող եք համոզել, որ լրացուցիչ 55 մլն ՀՀ դրամն անհրաժեշտ է պայթեցումների հետևանքով ի հայտ եկած գրունտի տարբեր կատեգորիաների պատճառով»: