Մայիսի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության իրականացրած աշխատանքների վերաբերյալ

Արդարադատության նախարարության աշխատակիցները ծեծել և հայհոյել են քաղաքացուն. Օմբուդսմենը հրապարակում է ձայնագրությունըՃանապարհային երթևեկության ոլորտի իրավախախտումներին առնչվող ՀՀ կառավարության 2014 թ-ի ծրագրով նախատեսված խնդիրներն, ինչպես նաև տեսանկարահանող սարքերի միջոցով վարչական պատասխանատվության ենթարկելու համար հասարակության շրջանում առաջացած դժգոհությունները լուծելու համար ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ:

Արդյունքում 2014թ-ի հունիսի 21-ին փոփոխություններ են կատարվել «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում և նվազեցվել են ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների համար սահմանված տուգանքների չափերը՝ հաշվի առնելով վարչական տուգանքների չափերի անհամաչափությունը վարչական իրավախախտման հանրային վտանգավորության աստիճանին:

  • Նախատեսվել է վարչական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն՝ տեսանկարահանման սարքերի միջոցով ամրագրված նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտման դեպքում:
  • Օրենքը  տարբերակված մոտեցում դրսևորեց հանրային տրասնպորտային միջոցներ վարողներին ծխելու համար պատասխանատվության ենթարկելիս՝ սահանելով ավելի բարձր տուգանք: 

Հանրային իրավական դրամական պահանջների կատարում և վարչական ակտի հանձնում

ՀՀ արդարադատության նախարարության կողմից չափազանց կարևոր է համարվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և այլ վարչական իրավախախտումների հետևանքով ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառված վարչական տույժերի գանձման հիմքով հարուցված կատարողական վարույթներով բանկային հաշիվների արգելափակման վերաբերյալ խնդիրը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ խնդիրը պայմանավորված է առանձին բանկերի ներքին բանկային գործառույթներով:

Մասնավորապես՝ բանկերը չունեին համակարգչային ծրագրեր, որոնք հնարավորություն կտային արգելանքի տակ դնել իրենց հաճախորդի բանկային հաշիվը` միայն կատարողական թերթում նշված գումարի չափով: Պրակտիկայում և տեսականորեն, խնդիրը ԴԱՀԿ տիրույթում չէր:

ԴԱՀԿ գործունեությունն ապահովող համակարգչային ծրագիրը նախատեսում է պահանջ հարկադիր կատարողի համար, այն  է՝ կատարողական փաստաթղթում պարտադիր լրացնել բռնագանձման ենթակա գումարի չափը: ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության արդյունքում որոշակի լուծումներ են մշակվել:

Խնդիրը կարգավորելու նպատակով մշակվել են նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքներում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր, որոնք որոշ դեպքերում նախատեսում են դատական ընթացակարգեր` հանրային իրավական դրամական պահանջների կատարման համար, երբ, հանրային իրավական դրամական պահանջի կատարման արդյունքում անձը կարող է զրկվել միակ բնակության վայրից կամ կատարման ենթակա դրամական պահանջներն անձի համար էական են (նախագծով նախատեսվել է ստորին շեմ՝ 200000 ՀՀ դրամը գերազանցող գումարի չափով):

Նախագծով սահմանվել է՝ վարչական ակտը չի կարող դառնալ անբողոքարկելի, եթե անձն այն չի ստացել: Հստակեցվել է նաև վարչական ակտը  հանձնված համարվելու սահմանումը:

 Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց խնդիրներ

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում ներկայում կա  ցմահ ազատազրկման դատապարտված 104 անձ:  Այդ անձանց իրավունքների ապահովման,  քրեակատարողական հիմնարկներում նրանց պահման պայմանների հետ կապված խնդիրները գնտվում են նախարարության ուշադրության կենտրոնում:, Խոսքը, մասնավորապես, վերաբերում է նրանց պահման պայմաններին, գործնականում դատապարտյալներին պատժի կրումից պայմանակն վաղաժամկետ ազատման համակարգի արդյունավտությանը, դատապարտյալներին պահելու ուղղիչ հիմնարկների տեսակների փոփոխության ժամկետներին ու ընթացակարգին, ցմահ ազատազարկման դատապատվածներին այլ դատապարտյալներից անջատ պահելուն և այլն:

Միջազգային փորձի և ոլորտի միջազգային չափանիշների հիման վրա հիշյալ խնդիրներին տալ օրենսդրական և գործնական արդյունավետ լուծումներ: Խոսքը հատկապես վերաբերում է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու կառուցակարգերի կատարելագործմանը, ազատման համար օրենքով առավել օպտիմալ ժամկետներ նախատեսելուն, դատապարտյալների իրավունքների իրականացման գործուն միջոցներ սահմանելուն նրանց նկատմամբ տույժի միջոցներ կիրառելիս և այլն: Ցմահ ազատազրկվածների խնդիրները վեր հանելու և օրենսդրական փոփոխություններ նախատեսելու  կարևոր նշանակություն ունեցավ ցմահ ազատազրկված Կարեն Բոյաջյանի  դեպքը: Նրա առողջական խնդիրները պարզելու համար կազմակերպվել է քաղաքացիական հոգեբուժարանում դատապարտյալի առողջության փորձաքննության անցկացումը, որից հետո նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Քրեակատարողական համակարգի գերբեռնվածության խնդիրը լուծելու, ձերբակալված, կալանավորված անձանց, պատիժը կրող դատապարտյալների պահման պայմանները բարելավելու նպատակով Արմավիրի քրեակատարողական հիմնարկի 400 անձի համար նախատեսված շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել և շենքը շահագործման հանձնել 2014 թ-ի սեպտեմբերի վերջին: Զուգահեռ նախատեսվում է ևս 400 անձի համար մասնաշենքի կառուցումը:

Լուծվել են քրեակատարողական համակարգի բուժական անձնակազմի վերապատրաստման խնդիրները: Միջազգային գործընկերների հետ մշակվում է քրեակատարողական համակարգի բուժական ծառայության նոր մոդելը: 

Ստեղծվել է ՀՀ արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ 

ՀՀ Արդարդատության նախարարի 2014 թ-ի մայիսի 3-ի հրամանով ստեղծվել է ՀՀ արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ (Խորհուրդ): Դրա հիմնական նպատակը հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները հասու դարձնելու միջոցով ՀՀ արդարադատության նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելուն աջակցելն է: Խորհրդի կազմում ընդգրկված են ոլորտում գործող քաղաքացիական հասարակության ինստիտուտների 29 ներկայացուցիչներ, հեղինակավոր և ճանաչված հասարակական գործիչներ` Արամ Աբրահամյան, Տիգրան Լիլոյան, Արտակ Զեյնալյան, Արթուր Սաքունց, Ավետիք Իշխանյան, այլք:

2014 թ-ի հուլիսի 18-ին անցկացվել է Խորհրդի առաջին նիստը: Քննարկվել են պրոբացիոն ծառայության ներդրման իրավական նախադրյալները և գործունեության հիմնական ուղղություններն, ինչպես նաև պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի հիմնախնդիրներն ու բարեփոխումների ուղղությունները: Խորհրդի նիստերը դռնբաց են: 

ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծ 

    ՀՀ կառավարության 2014 թվականի ծրագրային խնդիրներից քրեական վարույթի ընթացքում անձի իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդումն ապահովող կանոնակարգումներ նախատեսվել են ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում:  Այն ՀՀ Ազգային Ժողովում ստացել է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը և ընդգրկված է նիստերի օրակարգում: Հանձնաժողովում օրենսգրքի նախագծի քննարկման արդյունքներով նախատեսվում է կատարել մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերում են խափանման միջոցների համակարգին, դրանց կիրառության հիմքերին և ընացակարգերին, մինչդատական վարույթում դատարանի դերին և այլն 

ՀՀ Քրեական նոր օրենսգիրք

ՀՀ նոր Քրեական օրենսգրքի հայեցակարգն ամբողջականացվել է, կազմվել է հայեցակարգի հիմնավորումը և հաստատելու համար ներկայացվել է ՀՀ կառավարությանը: Նախատեսվում է, որ հայեցակարգը հաստատելու մասին որոշումը Կառավարությունը կարող է ընդունել Սեպտեմբերին: ՀՀ արդարադատության նախարարի հրամանի հիման վրա ստեղծված աշխատանքային խմբի վրա դրված է պարտականություն մշակել օրենսգրքի նախագծի տեքստը և այն հաջորդ տարվա ամռանը ներկայացնել նախարարություն:

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի(Ծրագիր) իրականացում

2014թ. հունիսի 30-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում Ծրագրի պաշտոնանական մեկնարկին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կարևորել է ծրագիրը որպես ոլորտում միասնական և համակարգված քաղաքականության իրականացման կարևորագույն գործիք:

ՀՀ ԱՆ-ի կողմից իրականացվել են Ծրագրի VIII–րդ («Խոշտանգման կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունք»-ը) գլխի մի շարք միջոցառումներ և դրանց արդյունքներն օգտագործվել են ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծման աշխատանքներում և ՀՀ Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու համար: Մասնավորապես, ուսումնասիրվել է միջազգային փորձը`

  • ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ բողոքների ընդունման և դրանց հետագա ընթացքն ապահովող անկախ ընթացակարգերի վերաբերյալ,
  • հարցաքննությունների տեսաձայնագրման վերաբերյալ,
  • անձի՝ իրենից խոստովանությունը խոշտանգումների միջոցով ստանալու վերաբերյալ հիմնավոր պնդման արդյունավետ քննություն (վարույթի կասեցման հնարավորություն նախատեսելով) իրականացնելու վերաբերյալ,
  • քրեակատարողական հիմնարկներում հացադուլ իրականացնող անձանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ:

Ռազմավարության մեկ այլ միջոցառման կատարման, այն է՝ արդարադատության մատչելիության իրավունքի իրականացման նպատակով հասարակության համապատասխան ներկայացուցիչների կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների, գործողությունների և անգործությունը վիճարկելու հնարավորություն ապահովելու հարցի ուսումնասիրության արդյունքում մի շատ կաևոր ինստիտուտ է ներդրվել ՀՀ իրավական համակարգ` խմբային հայցը: Խմբային հայցերով խմբի անունից հայց հարուցելու և խմբի անդամ համահայցվորներին ներկայացնելու իրավունք վերապահելու վերաբերյալ առաջարկը ՀՀ ԱՆ ներկայացրել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որն ընդունվել էր` հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների դերը պետության և հասարակության կյանքում:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (UNDP)  հետ ռազմավարության որոշ միջոցառումների վերաբերյալ սեմինար-քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ: 

ՀՀ կառավարության 2014 թ. ծրագրով դատարանների անկախության և արդյունավետ գործունեության ապահովմանն ուղղված ծրագրային խնդիրներն իրականացնելու առումով ուշագրավ են ՀՀ դատական օրենսգրքում 2014 թ. հունիսի 10-ին և հունիսի 21-ին կատարված հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝ 

       Կատարված փոփոխությունը Փոփոխության նպատակն ու արդյունքները
–         ներդրվել է դատավորների գնահատման ինստիտուտը

 

–         սահմանվել են դատավորների գնահատման որակական և քանակական չափորոշիչները

–              բացահայտելու և դատավորներին մատնանշելու է իրենց աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղիները,

–              նպաստելու է դատավորների կողմից իրենց գործունեության վերլուծությանը և խթանելու ինքնավերլուծությունը

–              նպաստելու է դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները կազմելիս լավագույն թեկնածուների ընտրությանը 

–         հստակ սահմանվել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի` նյութական կամ դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում հասկացությունների բովանդակությունը

–         հստակեցվել են ակնհայտ և կոպիտ խախտումը գնահատելու չափանիշները

–         ապահովվելու է դատավորներին օրենքի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու պրակտիկայի միասնականությունը,

 

–         վերանալու է դատավորների կարգապահական վարույթի շրջանակներում տարատեսակ մեկնաբանությունների  հնարավորությունը

– ներդրվել է դատական գործերի պատահական բաշխման համակարգը՝

ինչպես առաջին ատյանի դատարանների, այնպես էլ  վերաքննիչ դատարանների և վճռաբեկ դատարանի համար

– գործերը հավասարաչափ բաշխվելու են դատավորների միջև՝ հատուկ համակարգչային ծրագրի միջոցով՝ պատահական ընտրությամբ` հաշվի չառնելով գործերի մուտքագրման հերթականությունը և բացառելով սուբյեկտիվ մոտեցումները
– էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, ուսումնական հարցերի, ինչպես նաև դատավորների գնահատման հանձնաժողովները ձևավորվելու են ոչ թե դատարանների նախագահների խորհրդի կողմից, այլ՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից

– դատարանների նախագահներն ու Արդարադատության խորհրդի անդամները չեն կարող ընդգրկվել գնահատման հանձնաժողովի կազմում:

–              բարձրանալու է դատական իշխանության ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետությունը

 

–  ներդրվել է Արդարադատության խորհրդի անդամի հատուկ կարծիքի ինստիտուտը,

 

–   նախատեսվել է, որ նույն անձն ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ Արդարադատության խորհրդի անդամ ընտրվելու կամ նշանակվելու իրավունք չունի

–         հնարավորություն է տալու Արդարադատության խորհրդի անդամին՝ շարադրելու Արդարադատության խորհրդում հարցերի քննության ժամանակ մեծամասնության հետ չհամընկնող իր դիրքորոշումը

–         կբարձրանա Արդարադատության խորհրդի գործունեության արդյունավետությունը

–            դատավորի թեկնածուի համար նախատեսվել է 22-ի փոխարեն 28 տարվա նվազագույն տարիքային ցենզ –         կարևորվել է ոչ միայն թեկնածուի մասնագիտական փորձառությունը, այլև կյանքի համապատասխան փորձ ունեցող անձանց  դատական իշխանության ոլորտ ընդգրկելը
–         հատուկ կարգավորումներ են նախատեսվել՝ դատական վիճակագրության վարման առումով,

–         ներդրվել է դատական իշխանության կողմից իր գործունեության վերաբերյալ հաշվետվությունները հրապարակելու համակարգը,

–          նախատեսվել է այն նվազագույն վիճակագրական  տեղեկատվության ցանկը, որն ենթակա է պարտադիր հրապարակման

–         հավաքագրվելու է օբյեկտիվ վիճակագրություն,

–         ապահովվելու է հանրության առջև դատական իշխանության արդյունավետ հաշվետվողականությունը,

–         երաշխավորվելու է հանրության համար կարևոր տվյալների հրապարակումը

ՀՀ դատական օրենսգրքում, ինչպես նաև հարակից այլ իրավական ակտերում կատարվել են այլ ուշագրավ էական փոփոխություններ և սահմանվել սկզբունքային կարգավորումներ, մասնավորապես, օրենքը `

–       դատավորների ընտրության գործընթացում բացի դատավորներից նախատեսվել է ընդգրկել իրավաբան գիտնականների,

–       նախատեսվել է, որ նույն անձը միաժամանակ չի կարող կատարել քննական հարցերի մշակման, գնահատման և Արդարադատության խորհրդում հարցազրույցի վարման գործառույթներ,

–       քաղաքացիական դատավարությունում կատարելագործվել է պատշաճ ծանուցման կարգը, ընդլայնվել են դատական նիստի հետաձգման համար հիմք հանդիսացող հանգամանքները,

–       կատարելագործվել են վճռաբեկ բողոքին ներկայացված պահանջները՝ սահմանելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի առկայությունը հնարավորինս մանրամասն հիմնավորելու պահանջը,

–       նախատեսվել է, որ վճռաբեկ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտում պարտավոր է մանրամասն հիմնավորել բողոքը վարույթ ընդունելու հիմքերը,

–       նախատեսվել է վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունված վճռաբեկ բողողոքները տեղադրել պաշտոնական կայքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում դռնփակ կարգով քննվող գործերի:

 Նոտարական համակարգ 

ՀՀ կառավարության 2014 թ-ի ծրագրով նախատեսված նոտարների գույքային պատասխանատվության առավել արդյունավետ համակարգ ներդնելու միջոցառումն իրականացնելու նպատակով մշակվել է ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի «Նոտարիատի զարգացման հայեցակարգ» N 53 արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի նպատակը նոտարների գույքային պատասխանատվության և պատասխանատվության ռիսկի ապահովագրության, նոտարական գործողությունների սակագներին առնչվող խնդիրների լուծումն է:

Ներկայում նոտարի նյութական պատասխանատվությունը սահմանափակված է նրա կողմից դիտավորյալ հասցված վնասի փոխհատուցմամբ: Հայեցակարգի փոփոխությունների նախագիծը նախատեսել է նոտարի գույքային պատասխանատվություն նաև նրա կողմից անզգուշությամբ հասցված վնասի համար:

          Նոտարիատում լիարժեք ինքնակառավարման համակարգ ունենալու նպատակով ՀՀ նոտարական պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ է պատրաստվել, որով ձեռնարկվել են քայլեր՝ նոտարական համակարգի ինքնակառավարումն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ` տալով մեծ ֆինանսական ինքնուրույնություն ՀՀ նոտարական պալատի վարչությանը և նոտարների ընդհանուր ժողովին, ավելացնելով էթիկայի հանձնաժողովի անդամների քանակը, ստեղծելով  նոտարական պրակտիկայի և վերապատրաստման հարցերով հանձնաժողով, որը մշակելու և ՀՀ ԱՆ է ներկայացնելու նոտարական գործունեության վերաբերյալ իրավական ակտեր, մեթոդական ձեռնարկներ:

«Էլեկտրոնային նոտար» համակարգի ներդրումն և նոտարական գործողությունները «մեկ պատուհանի» սկզբունքով իրականացնելու աշխատանքները շարունակվում են՝ ներկայումս  աշխատանքներ են ընթանում ՀՀ ԿԱ ոստիկանության և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից վարվող էլեկտրոնային գրանցումների և էլեկտրոնային նոտարիատի համակարգի միջև  ծրագրային համակցում ստեղծելու ուղղությամբ: 

Ուշագրավ զարգացումներ նախատեսող և նոր ինստիտուտներ ներդնող

այլ օրենքներ և օրենքների նախագծեր

ՀՀ ԱՆ-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում մշակվել է 35 իրավական ակտի նախագիծ:

  • ՀՀ ԱԺ կողմից 2014թ. մայիսի  19-ին ընդունված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով ներդրվել է ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և ՀՀ սահմանադրական դատարանի 2013թ. նոյեմբերի 5-ին թիվ 1121 որոշման իրավական դիրքորոշումների հիման վրա՝ նախատեսելով փոխհատուցում Եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), 3-րդ (խոշտանգման արգելք) կամ 5-րդ (ազատության իրավունք) հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտման համար և 7-րդ արձանագրության 3-րդ հոդվածի (սխալ դատապարտում և դատական սխալ) հիման վրա:

ՀՀ սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հիման վրա նախատեսվում է լրամշակել այդ նախագիծը, և քննարկվում է նոր ներկայացվող նախագծում ներառել վերը հիշատակված հոդվածների շրջանակն ընդլայնելու, հատուցաման չափերը փոփոխելու հարցերը:

  • 2014 թվականի հունիսին ընդունված «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն սեպտեմբերի 30-ից ՀՀ արդարադատության նախարարությունում գործելու է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որով ՔԿԱԳ  վերաբերյալ դիմումները կմուտքագրվեն ու ակտերը կգրանցվեն էլեկտրոնային եղանակով:

 

  • 2014 թվականի հունիսի 21-ին ԱԺ կողմից ընդունվել է ՀՀ ԱՆ-ի կողմից մշակված «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը:

 

Նախագծեր 

  • ՀՀ Արդարադատության նախարարի հրամանով 2014 թ. հունիսի 13-ին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ մշակելու նպատակով:
  • Մշակվել է «Շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենք, որը նախատեսում է անշարժ չհամարվող ցանկացած շարժական գույք, բացառությամբ՝ արժեթղթերն ու դրամական միջոցները, դնել որպես գրավ՝ ստեղծվելիք էլեկտրոնային միասնական ռեգիստրի միջոցով: Սա նպաստելու է փոքր և միջին ձեռնարկություններին և Համաշխարհային բանկի կողմից մշակված «Doing Business»-ի չափանիշներով Հայաստանի առաջխաղացմանը:
  • Մշակվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով նախատեսվում է դատարանի և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև փաստաթղթաշրջանառությունը իրականացնելու համար ստեղծել էլեկտրոնային կառավարման համակարգ:
  •          Օրենքի նախագծով նախատեսվել է, որ վարչարարություն իրականացնելու լիազորություններ կարող են վերապահվել նաև պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին և պետական ու համայնքային հիմնարկներին:
  • Մշակվում է «Անհատական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ  նոր օրենքի նախագիծ, որի նպատակը պետք է լինի անձանց պաշտպանությունն այն չարաշահումներից, որոնք կարող են տեղ գտնել անհատական տվյալների հավաքման կամ մշակման ժամանակ:
  • § Մշակվում է Հայաստանի Հանրապետոությունում պրոբացիոն ծառայություն ստեղծելու հայեցակարգը: 

Համագործակցությունը խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի(CPT)հետ

ՀՀ Արդարադատության նախարարությունը կարևորում է համագործակցությունը Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի հետ: Նախարարության կողմից անհապաղ միջոցներ են ձեռնարկվել Կոմիտեի Հայաստան կատարած վերջին այցի (2014թ. մայիս) շրջանակներում ազատությունից զրկված անձանց պահելու պայմանների, նրանց հետ վատ վերաբերմունքի կանխարգելմանն ուղղված Կոմիտեի առաջարկությունների կատարման վերաբերյալ: Արդյունքների մասին տեղեկացվել է Կոմիտեի քարտուղարություն: Ձեռնարկված միջոցներն արժանացել են դրական գնահատականի:

ՀՀ ԱՆ-ն մշակում է ՀՀ Քրեակատարողական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որն ուղղված է Կոմիտեի առաջարկությունների կատարմանը: Այդ նախագծի նախնական տարբերակը նույնպես ուղարկվել է Կոմիտե: Ավելին, նախարարությունում ստեղծվել է բաժին, որի հիմնական խնդիրներից է Կոմիտեի իրավական չափանիշների ներդրումը Հայաստանում: 

Մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծում

ՀՀ ԱՆ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հետ կապերի վարչության կառուցվածքում ստեղծվել է նոր բաժին, որը զբաղվելու է ՄԻԵԴ-ի վճիռների կատարմամբ և եվրոպական իրավական չափանիշները հայկական իրավական համակարգ ներդնելով: Այս բաժինը պատասխանատու է լինելու նաև Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների չափանիշների հիման վրա նոր օրենքների մշակման, ինչպես նաև ՄԻԵԴ-ի իրավական պրակտիկայի ներդրման համար:       

Իրավական ակտերի փորձաքննություն
ՀՀ ԱՆ Իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից պետական փորձագիտական եզրակացություն է ներկայացվել

 

  • 124 օրենքների նախագծերի,
  • 36 ընդունված օրենքների,
  • ՀՀ Նախագահի 2 նորմատիվ և անհատական հրամանագրերի նախագծերի,
  • ՀՀ կառավարության 224 նորմատիվ  և 132 անհատական որոշումների նախագծերի,
  • ՀՀ վարչապետի 2 նորմատիվ և 124 անհատական որոշումների նախագծերի,
  • ՀՀ կառավարության 28 արձանագրային որոշումների նախագծերի
պետական գրանցում են ստացել 135 գերատեսչական նորմատիվ ակտեր
կատարվել է 678 տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի փորձաքննություն

Միջազգային պայմանագրերի փորձաքննություն

միջազգային պայմանագրերի տեքստերի վերաբերյալ տրամադրվել է  32 կարծիք
միջազգային պայմանագրերի և ՀՀ  օրենսդրության միջև հակասությունների առկայության կամ բացակացության մասին տրվել է  16 տեղեկանք
ՀՀ ԱՆ-ի կողմից կարգապահական վարույթ հարուցվել է 5 դատավորի նկատմամբ:

 

Միջազգային համագործակցություն

          Կազմակերպվել են ՀՀ արդարադատության նախարարի և օտարերկրյա պետությունների  պատվիրակությունների միջև պաշտոնական հանդիպումներ, մասնավորապես, Լիտվայի Հանրապետության և ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպանի, ԱՄՆ սենատոր տիկին Սյուզան Չան Օքլանդի, ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի, ԵԱՀԿ գրասենյակի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Եվրոպայի Խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավարների հետ:

ՀՀ Արդարադատության նախարարը բավարարել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի խնդրանքը` այդ երկրի ութ քաղաքացիների պատժի մնացած մասը կրելու նպատակով Հայաստանի Հանրապետությունից ԻԻՀ փոխանցելու վերաբերյալ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել իրավական դիրքորոշումներ Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան ներկայացված 12 գանգատներով:

Մարզային այցելություններ

       ՀՀ Արդարադատության նախարարն այցելել է Վայոց Ձոր և Սյունիք` մարզի բնակիչների ու նախարարության մարզային կառույցների խնդիրներին տեղում ծանոթանալու և դրանց լուծում տալու նպատակով: 

Լրատվամիջոցների հետ աշխատանք 

ՀՀ արդարադատության նախարարն ու թիմը չի հետևել 100 օր լռություն պահպանելու սկզբունքին և նշանակման օրվանից մինչ օրս ակտիվորեն համագործակցել է զանգվածային լրատվության միջոցների հետ:

Նրանց հետ համագործակցության արդյունքում մամուլում տեղ է գտել ութ տասնյակից ավելի հրապարակումներ:

Մենք կհայտնվենք ՙԿարմիր գրքում՚. Շիրակի եզդիներ

Հյուսիսային մարզերի եզդիների միավորում հկ

Այսօր Գյումրիում մամուլի ասուլիս էին հրավիրել Հյուսիսային մարզերի եզդիների միավորում հասարակական կազմակերպության անդամները: Նրանք իրենց անհանգստությունն էին հայտնում արդեն երկու շաբաթից ավել Հյուսիսային Իրաքում կատարվող իրադարձությունների շուրջ: Այս դեպքերն ուղղված են տեղի այլակրոն ազգային փոքրամասնությունների դեմ, գտնում են բանախոսներն ու հավելում, որ իրենց քույրերն ու եղբայրներն իսլամիստ ծայրահեղականների պատճառով կանգնել են ցեղասպանման եզրին:

ՙԱյս պահին Հյուսիսային Իրաքում կոտորած է գնում, ցեղասպանություն: Արաբ իսլամիստները սպանում են եզդիներին, խաղաղ բնակչությանը, չեն խնայում ոչ ծերերին, ոչ փոքրերին. երեխաներին մորթում են: Ժողովրդի մեծ մասը բարձրացել է Շանգալի լեռները, առանց օգնության, առանց սննդի ու ջրի՚, – ասում է Հյուսիսային մարզերի եզդիների միավորում ՀԿ նախագահ Հուսիկ Ֆերոյանը: Վերջինիս դիտարկմամբ, եթե գերտերությունները ժամանակին Թուրքիային պատժեին Հայոց ցեղասպանության համար, ապա այսօր Իրաքում եզդիների ցեղասպանություն չէր լինի:

Այս ամենի շուրջ աշխարհի հզորները լռում են՝ չնայած եզդիների պաշտոնական գրություններին. ՙԺողովուրդ է կործանվում, այն էլ փոքր ժողովուրդ, որն ընդամենը աշխարհում 2 մլն էլ չկա և սփռված է ամբողջ աշխարհով: Միակ երկիրը Հայաստանն է, որտեղ եզդիները գտել են իրենց ազատությունը. օգնում են մեզ զարգացնել մեր մշակույթը, կրթությունը, հոգևոր կյանքը՚, – շարունակում է ՀԿ նախագահը:

Նրանք այսօր ուղերձով դիմեցին ՀՀ նախագահին, վարչապետին ու Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որպեսզի նրանք խնդրանքով դիմեն ԱՄՆ-ի, ՌԴ-ի նախագահներին ու Հռոմի պապին, որպեսզի սաստեն իսլամիստ ազգայնականներին: Հայաստանի եզդիները Շանգալ հումանիտար օգնություն ուղարկելու համար բացել են նաև հաշվեհամար: Իսլամիստները ոչ միայն սպանում են եզդիներին, այլև ոչնչացնում նրանց մշակութային արժեքները: Հուսիկ Ֆերոյանի փոխանցմամբ, այս պահին եզդիներին միակ պաշտպանողը տեղի քրդերն են, բայց նրանք էլ իսլամիստների դեմ անզոր են:

ՙԷսպես որ շարունակվի՝ մեր ազգը կհայտնվի Կարմիր գրքում՚:

ՙՄենք խնդրում ենք Հայաստանի իշխանությունների աջակցությունը, ի վերջո այնտեղ կան նաև հայկական գյուղեր, նրանք էլ են մեր ազգի հետ սարերը բարձրացել՚, – նշեց ՀԿ անդամ Քյարամ Թամոյանը:

Այս օրերին իրենց ազգակիցների փրկության համար տարբեր երկրների եզիդներ իրենց ձայնն են բարձրացրել, դիմել պատկան մարմիններին, անգամ ՄԱԿ-ին, սակայն որևէ արձագանք մինչ օրս չկա:

Եզդիներն էլ հայերի նման սփռված են աշխարհով մեկ՝ ամենամեծ եզդիական համայնքներ կան ՌԴ-ում՝ մոտ 300 հազար եզդի, Գերմանիայում՝ 250 հազար, Ֆրանսիայում 100 հազար: Թուրքիայում ապրում է 15 հազար եզդի, իսկ Իրանում 100 հազար, սակայն, ինչպես Հուսիկ Ֆերոյանն է ասում նրանք ձայնազուրկ են, անգամ չեն կարող բարձրաձայնել, որ իրենք եզդի են: Հայաստանում այսօր ապրում է շուրջ 60 հազար եզդի, որից 1000-1100-ը Շիրակի մարզում՝ 200 ընտանիք: Նրանք հիմնականում հաստատվել են մարզի Ազատան համայնքում: Գյումրիում էլ ժամանակին բավական մեծ եզդիական համայնք կար, սակայն երկրաշարժից հետո՝ 90-ականներին, շատ-շատերը արտագաղթել են, 100-ից մնացել է 20-25 ընտանիք:

ՙԱրդեն 1000 տարի՝ 10 դար, մենք հայերի հետ կողք-կողքի ապրում ենք, այստեղ մեզ լավ ենք զգում, մեզ լավ են վերաբերում, շատ հարցերում ընդառաջում: Մենք էլ ենք Հայաստանի քաղաքացիները, ծնվել ենք այստեղ: Ուրիշ ոչ մի երկրում եզդիների հանդեպ այսքան ջերմ չեն՚, – ասում է Հյուսիսային մարզերի եզդիների միավորում ՀԿ անդամ Բադր Բրոյանը:

Ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ ունեն դատապարտյալները

դատավճիռՊատիժ կրող դատապարտյալին և հատկապես նրա բարեկամներին ու հարազատներին միշտ հետաքրքրում է այն հարցը, թե նա ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի և որ դեպքերում կարող է օգտվել դրանցից: Այդ իսկ նպատակով ուսումնասիրելով ՀՀ քրեկատարողական օրենսգիրքը` մասնավորապես 2-րդ գլուխը, մեզ համար պարզ է դառնում հետևյալը. Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է դատապարտյալի իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը պատիժը կատարելու ընթացքում, ապահովում է դատապարտյալի նկատմամբ կիրառվող հարկադրանքի միջոցների օրինականությունը: Դատապարտյալի իրավունքները, ազատությունները և պարտականություններն իրականացնելու կարգը սահմանվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքով, ինչպես նաև ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով: Դատապարտյալը իր իրավունքները, ազատությունները և պարտականություններն իրականացնելիս չպետք է խախտի պատիժը կրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև ոտնահարի այլ անձանց իրավունքները կամ օրինական շահերը:

Հիշյալ օրենսգրքի 12 հոդվածի համաձայն` դատապարտյալն իրավունք ունի՝
1) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով տեղեկություններ ստանալու իր իրավունքների, ազատությունների և պարտականությունների, դատարանի նշանակած պատժի կատարման կարգի և պայմանների, դրանց փոփոխությունների, առաջարկությունների, դիմումների և բողոքների, ինչպես նաև միջազգային համապատասխան փաստաթղթերի մասին,
2) իր նկատմամբ բարեկիրթ վերաբերմունքի,
3) իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմ, նրանց վերադաս մարմիններ, դատարան, դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական միավորումներ և կուսակցություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ կամ կազմակերպություններ.
4) առողջության պահպանման, այդ թվում՝ բավարար սնունդ, բժշկական օգնություն ստանալու,
5) սոցիալական ապահովության,
6) իրավաբանական օգնություն ստանալու,
7) անձնական անվտանգության ապահովման,
8) մտքի, խղճի և դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության,
9) արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու, այդ թվում՝ վարելու նամակագրություն, ունենալու տեսակցություններ, օգտվելու հեռախոսակապից, գրականությունից և հնարավոր լրատվական միջոցներից,
10) հանգստի, ներառյալ՝ բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի իրավունքը,
11) իր անվամբ կամ ազգանվամբ կոչվելու,
12) անձնական ընդունելության խնդրանքով դիմելու պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի ղեկավարին, այդ մարմնի կամ հիմնարկի գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններ,
13) քաղաքացիաիրավական գործարքների մասնակցելու,
14) հնարավոր և օրենքով նախատեսված կրթություն ստանալու, ստեղծագործ աշխատանքով զբաղվելու,
15) պատիժը կատարող հիմնարկի խանութից կամ կրպակից կամ վարչակազմի միջոցով ձեռք բերելու լրացուցիչ սնունդ և առաջին անհրաժեշտության առարկաներ,
16) դրամական փոխանցումներ, հանձնուքներ և ծանրոցներ ստանալու և ուղարկելու:
Ինչ վերաբերում է պարտականություններին, ապա դրանք հետևյալն են`
1) դրսևորել օրինապահ վարքագիծ, կատարել և պահպանել պատիժը կամ պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կրելու կարգը և պայմանները սահմանող իրավական ակտերի պահանջները,
2) բարեկիրթ վերաբերմունք դրսևորել պատիժները կատարող մարմինների կամ հիմնարկների ծառայողների և աշխատողների, այդ մարմիններ կամ հիմնարկներ այցելող անձանց և մյուս դատապարտյալների նկատմամբ,
3) պահպանել անձնական և ընդհանուր հիգիենայի կանոնները,
4) խնամքով վերաբերվել պատիժները կատարող հիմնարկների գույքին,
5) կատարել պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմի օրինական պահանջները:
Դատապարտյալն իր պարտականությունները, ինչպես նաև պատիժները կատարող մարմինների և հիմնարկների վարչակազմի օրինական պահանջները չկատարելու դեպքում ենթարկվում է օրենքով սահմանված պատասխանատվության:
Դատապարտյալի՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները տարբերակվում են՝ հիմք ընդունելով դատավճռով նշանակված պատժի, առանձին դեպքերում՝ նաև ուղղիչ հիմնարկի տեսակը և դրանում սահմանված ներքին կանոնակարգը:

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Սկանդալ Սաուդյան Արաբիայում.հեռուստահաղորդավարուհին առանց հիջաբի է եթեր դուրս եկել

o_991264Աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել Սաուդյան  Արաբիայում: Պետական հեռուստատեսության կենտրոնական ալիքներից մեկի նորությունների հաղորդավարուհին եթեր է դուրս եկել առանց գլխանոցի: Դա պահպանողական իսլամական պետությունում վերածվել է սկանդալի, հաղորդում է Independent-ը:

Al Ekhbariya-ի աշխատակցուհին, ով առաջներում միշտ հիջաբով էր եթեր դուրս գալիս, այս անգամ ներկայացել է չծածկած գլխով: Այդ տեսքով նա լուրեր է կարդացել: Սաուդյան Արաբիայում խիստ կանոն գոյություն ունի կանանց համար. հանրության մեջ նրանք պետք է երկար , կառուցվածքը  քողարկող հագուստ  հագնեն ու դեմքը ծածկող քող ունենան: հեռուստատեսության աշխատակցուհիները երբեմն եթեր են դուրս գալիս առանց գլուխը ծածկելու, սակայն լուրերի հաղորդավարուհիները երբեք նման բան իրենց թույլ չեն տվել:

Սաուդյան ռադիոյի ներկայացուցիչը բացատրել է, որ հաղորդավարուհին երկար ժամանակ լոնդոնյան ստուդիայում  է  աշխատել. «Նա երկար ժամանակ եղել է Սաուդյան Արաբիայի սահմաններից դուրս, սակայն դա չի նշանակոմ, որ մենք պետք է հանգիստ նայենք, թե ինչպես են ոտնահարում մեր երկրում ընդունված արժեքները»: Նա նշել է, որ բոլոր միջոցները կձեռնարկի նման բան չկրկնվելու նպատակով:

Բանն այն է, որ լրատվական հաղորդումից հետո հեռուստատեսություն բազմաթիվ բողոքներ են եղել:

Al Ekhbariya հեռուստաալիքը գրասենյակներ ունի Մերձավոր Արևելքում, Եվրոպայում ու Ամերիկայում և հայտնի է նրանով, որ այնտեղ շատ կին-հաղորդավարներ են աշխատում:

Առանց հիջաբի հաղորդավարուհու մասին սոցիալական կայքերում են աղմուկ բարձրացրել. օգտատերերը գտնում են, որ հաղորդավարուհին խախտել է ազգային ավանդույթը:

Սաուդյան Արաբիայում սահմանափակել են օտարերկրացի կանանց հետ ամուսնությունները

pic_234b42a8570940f901401c28f9c8fd88Սաուդյան Արաբիայի իշխանությունները մի շարք սահմանափակումներ են մտցրել օտարերկրացի կանանց հետ ամուսնության հարցում, հաղորդում է  տեղի «Մեքքա»  թերթը: Սաուդացիներին հիմա արգելվում է ամուսնանալ Չադի, Պակիստանի, Մյանմարի ու Բանգլադեշի քաղաքացուհիների հետ: Ոստիկանության տվյալների համաձայն, այդ կանանց թիվը Սաուդյան Արաբիայում գերազանցում է  կես մլն-ն ու շարունակում է աճել:

Նոր օրենքներ են սահմանվել նաև օտարերկրացի կանանց հետ ամուսնության կարգում. փեսացուն պետք է առնվազն 25 տարեկան լինի, իսկ եթե նրա առաջին կինը թագավորության հպատակ է. ապա երկրորդ անգամ ամուսնանալու համար նա լուրջ պատճառներ պիտի ունենա, ասենք, նման միություն կարող է լինել, եթե առաջին կինն անբուժելի հիվանդ է քաղցկեղով, Պարկինսոնի կամ էլ անպտղության հիվանդություն ունի: Իսկ եթե կինն է դիմել ամուսնալուծվելու, ապա սաուդացի տղամարդը կարող է նորից ամուսնանալ ոչ շուտ,  քան ամուսնալուծությունից կես տարի անց:

Սաուդյան Արաբիան բացարձակ միապետություն է, որտեղ կառավարման համակարգը շարիաթների օրենքների վրա է հիմնված: Յուրաքանչյուր սաուդացու կյանքը խիստ կանոնակարգված է.արգելված են ալկոհոլն ու թմրանյութերը, իսկ արտամուսնական սեռական կապերի համար նույնիսկ հնարավոր է զրկվի կյանքից:

«Պարտքդ կալանքով կտրեմ»

Hovhannes-ManukyanՎերջերս հասարակության շրջանում` հատկապես վարորդների, դժգոհության նոր պատճառ, ավելի ճիշտ` առիթ է ի հայտ եկել` պայմանավորված արագաչափերով, տեսա-լուսանկարահանող սարքերով ու վճարովի ավտոկայանատեղերի համար նշանակված տուգանքներով ու տույժերով: Մարդիկ միաբերան բողոքում են հատկապես դրանց գանձման մեխանիզմների, մանավանդ ԴԱՀԿ-ի միջոցով բռնագանձելու, բանկային հաշիվների ու կրեդիտ քարտերի հաշիվների սառեցման գործելակերպի դեմ:

Իհարկե, ԴԱՀԿ-ի անվանումը` դատական ակտերի հարկադիր կատարում, ենթադրում է ԴԱՏԱԿԱՆ, այսինքն` դատարանի որոշմամբ հաստատված ակտեր: Բայց վերջին շրջանում անվանման տրամաբանությունը խաթարվել է. մարմինը հարկադիր կատարման գործողություններ է կատարում նաև առանց դատարանի համապատասխան որոշումների ու վճիռների: Դրա լիազորությունները, անշուշտ, ստացել է: Օրինակ` բանկային հաշիվ ունեցող ինչ-որ վարորդ խախտել է երթևեկության կանոնները, այդ խախտումն արձանագրել է փողոցում տեղադրված տեսախցիկը, դրա կապակցությամբ վարորդը տուգանվել է, ու մեկ էլ մի օր գնում է բանկ` իր հաշվից գումար ստանալու կամ այլ գործարք կատարելու, և օ զարմանք, հաշիվը սառեցված է: Պարզվում է, որ ինքը խախտում է արել, դրա համար տուգանվել է, տուգանքն էլ չի մուծել ու դրա համար հաշիվը սառեցվել է:

Նման մի տհաճ պատմության մեջ վերջերս ընկել էր մեր ծանոթ Վ.Ի-ն: Պարզվել էր, որ խախտման ու տուգանվելու վերաբերյալ ծանուցումը Վ.Ի.-ն ավելի ուշ էր ստացել, քան կսառեցվեր նրա բանկային հաշիվը: Դրա հետևանքով նա հայտնվել էր տհաճ իրավիճակում. ապրանք էր պատվիրել, ու երբ ցանկացել էր պլաստիկ քարտով իր հաշվեհամարից կատարել դրա դիմաց վճարումը, պարզվել էր, որ հաշիվը սառեցված է: Հետո պարզվել էր ավելի հետաքրքիր բան. նա տուգանված է եղել 10 հազար դրամի չափով, սակայն սառեցվել է նրա հաշիվն ամբողջությամբ` հաշվին եղած մոտ 250 հազար դրամով հանդերձ…

Մեկ այլ դեպք, որ մեզ պատմեց երևանաբնակ մի երիտասարդ` Ռուբենը: Իբր հոծ գիծ խախտելու համար նա էլ էր տուգանվել: «Ես հաստատ գիտեի, որ խախտում չեմ արել: Բողոքարկեցի, ինձ ցույց տվեցին ինչ-որ լուսանկարներ, թե իբր կոնկրետ ամիս-ամսաթվին ես խախտում եմ արել: Նախ` լուսանկարներն այնքան վատ որակ ունեին, որ դժվար էր պարզել` իմ մեքենան է եղել, թե ոչ, հետո խախտումն էր վիճելի: Իմ մեքենայի վրա տեսախցիկ է տեղադրված, ու ինձ հաջողվեց, կոնկրետ նշված օրվա ու ժամի տեսագրությունը ցույց տալով, ապացուցել, որ ես խախտում չեմ արել: Բայց ինձ տուգանած են եղել, մինչ ես կիմանայի դրա մասին, հետո, մինչ կբողոքարկեի` հաշիվս արդեն սառեցված էր»,- մեզ հետ զրույցում պատմեց Ռուբենը:

«Բանկային հաշիվների սառեցման, հաշիվների վրա արգելանքների կիրառման խնդիրն իսկապես կարևոր է, քանի որ վերաբերում է բազմաթիվ քաղաքացիների ու բազմաշերտ է»,- լրագրողներին հուլիսի 24-ին ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը` հավելելով, որ այդ իսկ պատճառով իր նախաձեռնությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում, բացի արդարադատության նախարարության, այդ թվում նաև ԴԱՀԿ-ի ծառայության ներկայացուցիչներից, ընդգրկված են նաև ոստիկանության ու ԿԲ-ի ներկայացուցիչները:

Մի խոսքով, խնդիրը հասել է նաև «դիվանբաշուն», ու հիմա թեժ գիծ է գործում, ինչպես տեղեկացրեց նախարարը: Այն դեպքում, երբ մարդը հայտնվում է անհարմար վիճակում, օրինակ` մեկնել է արտասահման հանգստի, ու մեկ էլ պարզվում է, որ իր բանկային ու քարտային հաշիվները սառեցված են, արդարադատության նախարարը խնդրում է անմիջապես զանգել թեժ գծին: Իսկ նման առաջարկ անողները պատկերացնո՞ւմ են, թե մինչ թեժ գծին զանգելը ինչ անի մարդը, երբ օրինակ` Հռոմի կամ Փարիզի ինչ-որ ռեստորանում կերած-խմածի համար պիտի քարտից վճարում կատարի, ու… Ֆրանսիացի, իտալացի կամ այլազգի մատուցողին ի՞նչ, թե մեր հայրենի ԴԱՀԿ-ն որոշել է նրա հաշիվների վրա արգելանք դնել ու հայրենի թեժ գիծն էլ կարձանագրի այդ փաստը:

Ինչ վերաբերում է ծանուցումներին, ապա արդարադատության նախարարն էլ նշեց, որ ծանուցումը երբեմն ոստիկանության կողմից պատշաճ չի իրականացվում:
«Իհարկե, այստեղ պետք է մի քիչ ավելի հստակություն մտցնել ու վարչարարությունն ավելի ամրապնդել, որպեսզի նման դեպքերը բացառվեն կամ մինիմումի հասցվեն: Բայց միևնույն ժամանակ ուզում եմ հաշվի առնենք, որ նման ահռելի ծավալի մեջ (տասնյակ հազարներ են այդպիսի տուգանքները), այնուամենայնիվ, հնարավոր են դեպքեր, երբ պատշաճ ծանուցումը հնարավոր չի լինում ապահովել: Սա նաև կապված է փոստի աշխատանքի հետ և միայն ոստիկանության խնդիրը չէ, այս ուղղությամբ մենք աշխատում ենք»,- ասաց Հովհաննես Մանուկյանը:

Այսինքն` շատ լավ են հասկանում, որ քաղաքացին, օրինակ, փոստի աշխատանքի պատճառով կարող է անհարմարություն կրել:

Մյուս խնդրի` բանկային համակարգում հաշիվների արգելանքի կապակցությամբ էլ Հովհաննես Մանուկյանը նշում է, որ այնուամենայնիվ կա խնդիր` կապված բանկային հաշիվների վրա դրվող արգելանքի չափի հետ: Եվ խնդիրն այն է, որ ԴԱՀԿ ծառայությունը բոլոր փաստաթղթերում, որ կազմվում են ԴԱՀԿ ծառայողի կողմից կատարում ապահովելու համար, հստակ նշվում են արգելանքի չափերը:

«Բայց պարզվեց, որ դեռևս տեխնիկական խնդիրներ կան, որ որոշ բանկերում լուծված չեն, ու այդ բանկերում ավտոմատ կերպով արգելանքը տարածվում է ամբողջ գումարի վրա: ԿԲ-ի հետ մենք հիմա ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ, փորձում ենք լուծումներ գտնել ու շատ շտապ այդ խնդիրները լուծել»,- նշեց նախարարը:

Այստեղ էլ հարց է առաջանում` եթե ինչ-որ նորմի կամ դրույթի կիրարկման համար տեխնիկական խնդիրներ կան, ապա ինչո՞ւ է այն կիրառվում` հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ այդ խնդիրը կարող է անհարմարություն պատճառել հազարավոր մարդկանց:

Վերջիվերջո մեկ այլ խնդիր էլ կա կրեդիտ քարտերի արգելափակման կապակցությամբ, որի մասին ևս թյուրըմբռնում կա ու որին անդրադարձավ արդարադատության նախարարը: Հարցն այն է, որ կրեդիտ քարտերը պարտքեր են` վարկային գծերի տեսքով: Այսինքն` դա վարկ չէ ու չի հանդիսանում վարկառուի սեփականությունը: Ենթադրենք, ինչ-որ կրեդիտ քարտի համար բացված է 300 հազար դրամի վարկային գիծ, դա նշանակում է, որ այդքան գումարի չափով քարտապանը կարող է գնումներ կատարել, գումար կանխիկացնել և այլն: Բայց դա որպես վարկ է սկսում հաշվարկվել այն պահից, երբ գումարը հանվում է: Այսինքն` կրեդիտ վարկային գիծը չի համարվում մարդու սեփականությունը, քանի դեռ նա չի ստացել այդ գումարը, թեպետ դա եղել է նրա քարտային հաշվի վրա: Այսինքն` զուտ տրամաբանական հակասութուն է առաջանում, քանի որ արգելանք է դրվում ուրիշի սեփականության վրա:

Այս հարցում ևս, ինչպես ընդգծեց նախարարը, որոշակի իրավակարգավորումներ պետք է փոփոխվեն:

Իսկ մինչև կարգավորումներն ու իրավակարգավորումները մարդիկ ստիպված են անհարմարություններ կրել` անկախ իրենց կամքից ու ցանկություններից:

 

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում դեպոնացման ինստիտուտը կլրամշակվի

DSC00064-copy-2-440x292ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ամբողջությամբ ավարտվել են Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի քննարկումները:
Աժ պատգամավորների ներկայացրած առաջարկություններն այժմ ամփոփվում են աշխատանքային խմբի կողմից: Ուստի՝ Փաստինֆոն Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին խնդրել է ամփոփել ԱԺ-ում կայացած շուրջ կես տարվա քննարկումների արդյունքները:
«Քրեական դատավարության օրենսգիրքը շատ մանրամասն քննարկվեց ԱԺ-ում` սկսած այս տարվա հունվար ամսից: Հոդված առ հոդված մենք քննարկելով գնացել ենք առաջ: Քննարկումները շատ կառուցողական էին, արդյունավետ, որովհետև դրանց հիման վրա մենք արդեն ունենք ինստիտուտներ, որոնք ենթարկվելու են փոփոխության»,- ասաց Արման Թաթոյանը` հավելելով. «Կարևոր հարցն այն է, որ հիմա ամփոփենք, վերջացնենք և կարողանանք նաև մյուս շահագրգիռ մարմինների հետ էլ վերջնական քննարկում իրականացնել»:
Հարցին, թե պատգամավորներն ինչպե՞ս գնահատեցին Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, Արման Թաթոյանը պատասխանել է. «Գնահատականը, իհարկե, դրական էր, որովհետև սկզբունքային լուծումներ են, ճիշտ է` նոր, բայց այդ սկզբունքային լուծումներն ուղղված են մեր միջազգային պարտավորությունների կատարմանը, և, որ շատ ավելի կարևոր է, անձի իրավունքների ապահովմանը` քրեական վարույթում:
Այն չարաշահումները, որ այսօր հնարավոր է տեղի ունենան պրակտիկայում՝ գործող օրենսգրքի թերի կարգավորումների արդյունքում, խնդիր ունենք վերացնելու: Այստեղ խնդիր կա նաև ամփոփելու Վճռաբեկ դատարանի դատական պրակտիկայի ձևավորած չափանիշները, Սահմանադրական դատարանի ձևավորած չափանիշները և մեկտեղել մեկ միասնական հարկի տակ»:
Արման Թաթոյանից թղթակիցը նաև հետաքրքրվել է, թե կա՞ն արդյոք նախագծում սկզբունքներ, որոնք ընդհանրապես անընդունելի էին պատգամավորների համար:
«Չեմ կարծում, թե կային սկզբունքներ, որոնք ընդհանրապես անընդունելի էին, պարզապես կան սկզբունքային հարցեր, որոնց վերաբերյալ մեր ԱԺ գործընկերներն ունենան այլ դիրքորոշում: Մենք դրանք քննարկել ենք, ներկայացրել մեր հիմնավորումները, թե ինչու ենք այդպես նախատեսել, և, իհարկե, ունենք նաև մեր գործընկերների հիմնավորումները»,- ասել է Արման Թաթոյանը, այդուհանդերձ, չթաքցնելով, որ որոշ հարցերի շուրջ իրենք համաձայնել են պատգամավորների տեսակետին, կատարել համապատասխան փոփոխություններ:
«Օրինակ` հենց  դատավարական սանկցիաների հետ կապված: Մենք ունենք դատավարական սանկցիա` «դատական նիստերի դահլիճից հեռացնելը»: Եթե այս սանկցիան մեղադրյալի նկատմամբ կիրառվում է առաջին և երկրորդ անգամ, դատական վարույթը հետաձգվում է, եթե երրորդ անգամ շարունակվում է դատական սանկցիայի կիրառության հիմքը պահպանվել, ապա դատական նիստը շարունակվում է առանց մեղադրյալի ներկայության: Հետագայում արդեն դատական ակտի հրապարակման ժամանակ անազատության մեջ գտնվող մեղադրյալի ներկայությունը դառնում է պարտադիր: Մեր գործընկերների կողմից առաջարկություն ներկայացվեց` ևս մեկ հնարավորություն տալ մեղադրյալին ներկա գտնվելու, օրինակ` վերջին խոսքի ժամանակ, և մենք այստեղ որևէ խնդիր չենք տեսնում»,- նշել է նա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Կապանում քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

ՀՀ Սահմանադրություն

Կապանում հուլիսի 25-ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլի վերջին հանդիպումը: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ներառված մասնագիտական առաջարկությունները, եզրակացությունները, հայեցակարգի կառուցվածքը, դրանում առկա դրույթները, սկզբունքներն ու գաղափարները  ներկայացրեցին ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գեորգի Կուտոյանն ու Վարդան Պողոսյանը: Ներկա էր նաև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

Գեորգի Կուտոյանը, խոսելով սահմանադրական բարեփոխումների սկզբունքային նշանակության ու հասունացած անհրաժեշտության մասին, նշեց, որ դա պայմանավորված է հասարակական նոր իրողությունների ձևավորմամբ, միջազգային չափանիշներով և մի շարք այլ գործոններով: Հասարակական հարաբերությունների տարբեր ոլորտներում ձևավորված պահանջների հրամայականը վկայում է, որ սահմանադրական բարեփոխումը տրամաբանորեն ձևավորված և օբյեկտիվ անհրաժեշտություն է: Այն հիմնված է միջազգային փորձի գիտական ու գործնական հետազոտությունների վրա: Նրա խոսքով` առաջին հերթին պետք է ամրագրվի իրավունքների անմիջական գործողության սահմանադրական կարգավորումը:

Ըստ նրա` սահմանադրությամբ որոշված չեն իրավունքների սահմանները, որոնք առնչվում են մարդու ազատությունների սահմանափակումներին, օրինակ` ազատ տեղաշարժի դեպքում պետք է հստակորեն սահմանվի հանցագործությունների դեպքում տեղաշարժի սահմանափակումը: «Սոցիալական պետության սահմանադրաիրավական ամրագրումները պետք է հստակեցվեն: Դրա  էությունը սոցիալական ապահովագրության նպատակային քաղաքականության իրականացումն է»,-նշեց նա: Պետք է սահմանվեն իրավական ուղենիշներ, որոնք ուղղված կլինեն սոցիալական ապահովության և սոցիալական ծառայության իրականացմանը: Դատական իշխանությունը պետք է հստակորեն սահմանադրական կարգավորումներով ունենա կայունություն և գործառույթային անկախություն, որպեսզի կարողանա հակակշռել իշխանության մյուս ճյուղերին:

«Սահմանադրական փոփոխությունների գործընթացում ամենից շահարկվողը կառավարման մոդելն է: Մարդիկ չեն ուզում տեսնել հասունացած անհրաժեշտությունը, որը ենթադրում է կառավարման համակարգի վերանայում»,- նշեց Վարդան Պողոսյանը: Նա պարզաբանեց, որ հայեցակարգով վերջնական որոշում չկա կառավարման ձևի վերաբերյալ, դա դեռևս մշակման փուլում է, պառլամենտական ձևին անցումը քննարկումների այլընտրանքային  մոտեցում է, նույնը նաև երկաստիճան դատական համակարգին անցնելուն է վերաբերում: Այս երկու սկզբունքների վերաբերյալ դեռևս առկա չէ վերջնական որոշում: «Կիսանախագահական կառավարման ձևը կառավարման հիբրիդային մոդել է: Գործող սահմանադրությամբ անբնական իրավիճակ է, քանի որ նախագահը ղեկավարում է արտաքին քաղաքականությունը, պաշտպանությունն ու ազգային անվտանգությունը, սակայն մեկ այլ դրույթով նշվում է, որ արտաքին ու ներքին քաղաքականությունն իրականացնում է կառավարությունը: Քաղաքական առճակատման պայմաններում մենք չունենք կոնֆլիկտը լուծելու բավարար հնարավորություն»,- նշեց հանձնաժողովի անդամը:

Վարդան Պողոսյանի խոսքով՝ պառլամենտական կառավարման համակարգում նախագահը քաղաքական գործընթացներում ուղղակի ներգրավվածության հնարավորություն չունի: Սահմանադրությամբ մենք ամրագրում ենք, որ նախագահը հանդիսանում է սահմանադրական կարգի երաշխավորը, սակայն դրա համար պետք է այնպիսի նախագահ, ով պետք է լինի վերկուսակցական, որպեսզի հետևի Մայր օրենքի անաչառ պահպանմանը: Անդրադառնալով ընտրական համակարգին` հանձնաժողովի անդամը նշեց, որ Սահմանադրությամբ հստակ սահմանված դրույթով հնարավոր կլինի ապահովել ընտրական համակարգի կայունությունը` հընթացս բարձրացնելով կուսակցական համակարգի կայացման մակարդակը: Նախատեսվում են այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն են կտան քաղաքացիներին ավելի ակտիվորեն ներգրավվել կառավարման գործընթացներում հանրաքվեների միջոցով: Հանրային քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև տեղական ինքնակառավարման խնդիրներին: «Համայնքների խոշորացմամբ պետք է հնարավորություն տրվի փոքր համայնքներին միավորվել և իրականացնել արդյունավետ տեղական ինքնակառավարում»,-նշեց Վարդան Պողոսյանը:

Հարցուպատասխանի ժամանակ ներկաները հետաքրքրվեցին Սահմանադրությամբ հասարակական հարաբերությունների զարգացման հեռանկարով,  սահմանադրական փոփոխությունների մեխանիզմների կիրառմամբ` արդյոք հնարավոր է որոշ դրույթներ փոփոխել պառլամենտի միջոցով, կառավարման մոդելի փոփոխության սկզբունքներով, համայնքների խոշորացմանն առնչվող հիմնախնդիրներով և այլն: Հանձնաժողովի անդամները հանգամանորեն անդրադարձան բարձրացված բոլոր հարցերին:

ՀՀ ԱՆ տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Ի՞նչ հարաբերություններ է կարգավորում վարձույթի պայմանագիրը

պայմանագիր«Վարձույթ» եզրույթը քաղաքացիական իրավունքին հայտնի է շատ վաղուց: Հաճախ այն օգտագործվում էր որպես գույքային վարձակալության պայմանագրի անվանումներից մեկը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 35-րդ գլխի 2-րդ պարագրաֆը նվիրված է վարձույթին, որը ներառում է 629-634 հոդվածները: Վարձույթի հարաբերությունները կարգավորվում են նաև վարձակալության մասին ընդհանուր դրույթներով: Օրենսգրքի 629 հոդվածի 1-ին կետի համաձայն` «վարձույթի պայմանագրով, որպես մշտական ձեռնարկատիրական գործունեություն, գույքը վարձակալության հանձնող վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել շարժական գույք»:
Վարձույթի պայմանագրով տրամադրված գույքն օգտագործվում է սպառողական նպատակներով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ չի բխում պարտավորության էությունից: Վարձույթի պայմանագիրը կնքվում է գրավոր: Ի տարբերություն վարձակալության պայմանագրի, որը կնքվում է պայմանագրով որոշված ժամկետով, վարձույթի պայմանագիրը կնքվում է մինչև մեկ տարի ժամկետով:
Վարձույթի պայմանագիր կնքող վարձատուն պարտավոր է վարձակալի ներկայությամբ ստուգել վարձով տրվող գույքի սարքինությունը, ինչպես նաև վարձակալին ծանոթացնել գույքի շահագործման կանոններին կամ նրան հանձնել այդ գույքի օգտագործման մասին գրավոր հրահանգներ:
Վարձակալի կողմից վարձակալության հանձնված գույքից օգտվելուն ամբողջությամբ կամ մասնակիորեն խոչընդոտող թերություններ հայտնաբերելիս, վարձատուն պարտավոր է թերությունների մասին վարձակալի դիմելու օրվանից հետո` տասնօրյա ժամկետում, եթե ավելի կարճ ժամկետ սահմանված չէ վարձույթի պայմանագրով, տեղում անհատույց վերացնել գույքի թերությունները կամ այդ գույքը փոխարինել պատշաճ վիճակում գտնվող նույնանման այլ գույքով:
Եթե վարձակալած գույքի թերությունները վարձակալի կողմից գույքը շահագործելու և պահպանելու կանոնները խախտելու հետևանք են, ապա վարձակալը վարձատուին վճարում է գույքը վերանորոգելու և տեղափոխելու արժեքը:
Վարձույթի պայմանագրով վարձավճարը սահմանվում է պարբերաբար կամ միանվագ մուծվող որոշակի կայուն գումարի տեսքով:
Վարձակալի կողմից գույքը ժամկետից շուտ վերադարձնելու դեպքում վարձատուն նրան է վերադարձնում ստացած վարձավճարի համապատասխան մասը` այն հաշվարկելով գույքը փաստացի վերադարձնելու օրվան հաջորդող օրվանից:
Վարձույթի պայմանագրով վարձատուն պարտավոր է կատարել վարձակալության հանձնված գույքի հիմնական և ընթացիկ վերանորոգում:
Վարձույթի պայմանագրով արգելվում են վարձակալին հանձնված գույքը ենթավարձակալության հանձնելը, իր իրավունքները և պարտականություններն այլ անձի փոխանցելը, այդ գույքն անհատույց օգտագործման տրամադրելը, վարձակալության իրավունքների գրավը, և դրանք, որպես գույքային ավանդ, տնտեսական ընկերակցությունների ու ընկերությունների կանոնադրական կապիտալում մուծելը:

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՎԱՇԽԱՌՈՒԹՅՈՒՆ. ՈՉ ԹԵ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

վաշխառությունԳումարը, գույքը կամ, այսպես ասած, կապիտալը տնօրինելը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացուն: Նա է որոշում` իր գումարը պահել տանը` բարձի տա՞կ, բանկո՞ւմ, թե՞ տալ տոկոսով:

Գումարը տոկոսով տալու դեպքում ոչ բոլոր քաղաքացիներն են հաջողում «չենթարկվել» քրեական պատախանատվության: Եթե տոկոսի գումարը ՀՀ Կենտրոնական բանկի բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցում է, ապա դա ոչ թե դիմացինին օգնելու ցանկություն է, այլ` վաշխառություն: ՀՀ քրեական օրենսգիրքը խիստ է հատկապես վաշխառություն իրականացրած անձանց նկատմամբ: Վաշխառություն կատարած անձանց սպառնում է ազատազրկում մինչև 4 տարի ժամկետով:

ՊԱՐՏՔՈՎ ԳՈՒՄԱՐ` ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ
2009-ի ապրիլի սկիզբն էր: Քաղաքացի Հովհաննես Բ.-ն առևտրային գործունեություն ծավալելու համար որոշում է պարտքով գումար ճարել: Օրերն անցնում էին, բայց Հովհաննեսը նպատակասլաց էր, ու ցանկանում էր, որ ձեռնարկված գործը չձախողի… Այդ նպատակով Հովհաննեսը Սվետլանա Ս.-ի և Ռոբերտ Թ.-ի միջոցով ծանոթանում է Սուսաննա Պ.-ի հետ: Կնոջ հետ Հովհաննեսը երկար է շփվում: «Պայմանավորվածության» համաձայն` Հովհաննեսն ամսական 6 տոկոս հավելավճար տալու պայմանով տիկնոջից վերցնում է 51.000 ԱՄՆ դոլար:
Գործի գլուխ կանգնած կինը գումարը հեշտությամբ է տալիս, բայց երաշխիքներ է ուզում: Ի վերջո, որպես գումարի վերադարձման երաշխիք` Հովհաննեսը, իբր, ձևական առուծախի պայմանագրով Սուսաննա Պ.-ին է հանձնում իր հորը` Նավասարդ Բ.-ին պատկանող առանձնատունը, որ գտնվում է Կոտայքի մարզի գյուղերից մեկում:
2009-ի ապրիլի վերջն էր. նոտարական վավերացմամբ առուծախի պայմանագրով վերոհիշյալ տունը Սուսաննա Պ.- ի անվամբ գրանցելուց հետո վերջինս Երևան քաղաքի նոտարական գրասենյակներից մեկի մոտ Հովհաննես Բ.-ին է տալիս 51.000 ԱՄՆ դոլար գումար և նույն պահին էլ ստանում երկու ամսվա տոկոսագումարի հավելավճարը:
Հովհաննեսը դեռ չգիտեր, որ տոկոսով գումար վերցնելն ու բիզնես հիմնելը չիրագործվող երազանքի պես մի բան է: Պայմանավորվել էր ընկերոջ հետ, ընկերոջն էր վստահել ու գումարը տվել նրան` շենք-շինությունում տարածք վարձակալելու, վերանորոգելու, պետական ռեգիստրի գործակալությունում հիմնարկ գրանցելու և այլ ծախսեր իրականացնելու նպատակով: Ըստ ժողովրդական ասացվածքի` ընկերոջ հետ կերուխում են անում, բայց գործով չեն զբաղվում:
Հովհաննեսն իրեն մի քանի ամիս շռայլություններ էր թույլ տալիս, բայց ամեն ինչ դեռ նոր էր սկսվում: Ապագա գործարարն իր ծանոթ Սվետլանա Ս.-ի և Ռոբերտ Թ.-ի միջոցով Սուսաննա Պ.-ին է փոխանցում հաջորդ ամիսների հավելավճարների ընդամենը մի մասը:
Դրանից հետո Հովհաննեսը չի կարողանում վերադարձնել պարտքով վերցրած գումարը և վճարել հավելավճարները: Փորձում է այլ անձից դարձյալ փոխարինաբար գումար վերցնել և մարել կնոջ պարտքի գումարը: Այդ նպատակով դարձյալ դիմում է իր ծանոթ Ռոբերտ Թ.-ին, որը Արմինե Ա.-ի միջոցով ծանոթանում է տոկոսով գումար տվող Օֆելյա Խ.-ի հետ: Վերջինս համաձայնում է Հովհաննեսի հորը փաստացի պատկանող և Սուսաննա Պ.-ի անվամբ գրանցված տունը, դարձյալ ձևական առուծախի պայմանագրով, իր անվամբ վերաձևակերպելուց հետո, ամսական 10 տոկոս հավելավճարով տալ 40.000 ԱՄՆ դոլար: Օֆելյա Խ.-ի առաջադրած պայմանի համաձայն՝ Հովհաննեսը երկու ամիս հետո պետք է վերադարձներ ամբողջ, այսպես ասած, մայր գումարը և խոստացած երկու ամսվա հավելավճարը:
Մղձավանջ թվացող գործարքից անցել էր 1 տարի և մի քանի ամիս:
Նոտարական գրասենյակներից մեկի մոտ Հովհաննեսի համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում Սուսաննա Պ.-ի և Օֆելյա Խ.-ի միջև կնքվել է տան առուծախի ձևական պայմանագիր, որի հիման վրա իր հորը սեփականության իրավունքով պատկանող առանձնատունը 18.000.000 ՀՀ դրամի դիմաց վերաձևակերպվել է Օֆելյա Խ.-ի անվամբ: Հովհաննես Բ.-ի և Օֆելյա Խ.-ի պայմանավորվածության համաձայն` 18.000.000 դրամի մեջ ներառվել է ամբողջ գումարը և երկու ամսվա հավելավճարները: Դրանից հետո, Հովհաննեսը չի կարողանում Օֆելյա Խ.-ին վճարել ինչպես պարտքի գումարը, այնպես էլ հավելավճարները, որի պատճառով 2010 թ. մայիսին վերջինս հայցադիմում է ներկայացնում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` տան առուծախի պայմանագրի հիման վրա անշարժ գույքը Հովհաննես Բ.-ին ապօրինի տիրապետումից ազատելու պահանջով:

ԳՈՐԾՈՎ ՏՈՒԺՈՂԸ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼ
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը արագացված կարգով կատարում է, այսպես ասած, քաղաքացիական գործով դատավարությունը: Գործով տուժող կինը՝ Օֆելյա Խ.-ն, հաղթում է դատը: Դատարանը որոշում է առանձնատնից վտարել Հովհաննես Բ.-ին և իր հորը:
Շատ չանցած, տուժողի հաղորդման հիման վրա, նախապատրաստված նյութերով՝ հարուցվում է քրեական գործ, և դատարանը ըստ ընդդատյա վարույթն ուղարկում է նախաքննական մարմին:
Իր ծուղակը գցող կնոջը ոչ հաճելի իրադարձություններ էին սպասվում: Շուտով վարույթն իրականացնող անձինք նրան՝ Օֆելյա Խ.-ին, գործով մեղադրյալ ներգրավելու մասին որոշում են կայացնում և մեղադրանք առաջադրում ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (վաշխառություն, որի հետևանքով տուժողն ընկել է նյութական ծանր կացության մեջ) հատկանիշներով նախատեսված արարքի կատարման համար:
Նախաքննական մարմինը հիմնավորել է. քաղաքացի Հովհաննես Բ.-ին պարտք տված առանձնապես խոշոր չափերի գումարի դիմաց Օֆելյա Խ.-ից ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալու նպատակով, Հովհաննես Բ.-ի հորը սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի գյուղերից մեկում գտնվող առանձնատունը ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում, ձևական առուծախի պայմանագրով, ձևակերպել է իր անվամբ, ապա դատարանի վճռի հիման վրա նրանց վտարել տանից, որի հետևանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ:

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Դատաքննության փուլում Օֆելյա Խ.-ն իրեն մեղավոր չի ճանաչում: Նա ցուցմունք է տալիս, որ 2009թ. ապրիլին ինքը վաճառել է Երևան քաղաքի իր բնակարանը և գումարը դրել բանկում: Իր բարեկամներին ասել է, որ եթե քաղաքամերձ վայրում հարմար բնակարան լինի, իր ունեցած գումարի սահմաններում, իրեն տեղյակ պահեն: Իր խնդրանքից շատ չանցած՝ փեսան իրեն ասել է՝ տուն է գտել: Պայմանավորվել են, և ինքը Ռոբերտ Թ.-ն, Արմինե Ա.-ի, ևս մեկ անձի հետ (ում չի ճանաչում) և իր փեսայի հետ գնացել է տունը տեսնելու: Հիշում է, որ երբ մտել են տուն, նա խոհանոցում տեսել է մի տարեց կնոջ և մի աղջկա, որոնք ոչ մի կերպ չեն արձագանքել: Իր հարցին, թե ովքեր են, Ռոբերտը պատասխանել է, որ իր մտերիմներն են, որ տունը գնեն` նրանք անմիջապես դուրս կգան, պրոբլեմ չեն ստեղծի:
Օֆելյա Խ.-ն նաև ասել է, թե իրեն ասել էին, որ Ռոբերտը զբաղվում է մեքենաների ներկրմամբ, մաքսատանը հարցեր ունի լուծելու, այդ պատճառով է տունն ավելի մատչելի գնով վաճառում: Բացի այդ, ինքը գիտեր, որ տների գներն ընկել են: Հետագայում պարզվել է, որ ինքը նախապես պայմանավորվել էր նոտարի հետ: Ոմն Սերոբ ներկայացել է որպես տանտեր, որը լիազորագրով պետք է վաճառեր: Ինքը նոտարին հարցրել է, թե, արդյոք լիազորագիրը ճիշտ է, ինչին վերջինս պատասխանել է, որ ամեն ինչ կարգին է: Եվ իր փեսան ու վերոնշյալ թվարկված անձինք առանձնատունը լիազորագրի հիման վրա վաճառել են իրեն:
Օֆելյա Խ.-ն չի ընդունել վաշխառություն կատարելու հանգամանքը և պնդել է, որ բնակարանը գնել է:

ԱՊԱՑՈՒՑՎԵԼ Է
Ամբաստանյալ Օֆելյա Խ.-ին առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է քրեական գործով ձեռք բերված հետևյալ ապացույցներով.
Տուժողը ցուցմունք է տվել այն մասին, որ իր որդին որոշել է զբաղվել առևտրային գործունեությամբ, որի իրագործման համար իրեն գումար է անհրաժեշտ եղել: Համաձայնության գալով 2009-ի ապրիլին ընտանիքի անդամների հետ, գնացել են նոտարական գրասենյակ, որտեղ ծանոթացել են գումար տվող Սուսաննա Պ.-ի և Ռոբերտ Թ.-ի հետ: Ինքը նոտարին հարցրել է, թե արդյոք վտանգ չկա: Իրեն ասել են, որ ոչ մի վտանգ չկա, ձևական առուվաճառքի պայմանագիր է կնքվում: Ստորագրել է և քանի որ շտապում էր, գնացել է աշխատանքի: Կարճ ժամանակ անց լսել է, որ որդին չի կարողանում տոկոսները տալ: Ինքը նրան ասել է, որ գնա Սուսաննային և Ռոբերտին խնդրի, որ մի քիչ ժամանակ տան: Անասուններին կվաճառեին, բարեկամներին կդիմեին, կօգնեին: Բավական ժամանակ անց Օֆելյա Խ.-ն սկսել է տոկոսներ պահանջել: Հետո իմացել են, որ ուզում է իրենց վտարել տնից: Հարկադիր կատարողները եկել են իրենց տուն և իրենց սեփական տնից հանել-գցել են դուրս:
Օֆելյա Խ.-ի նպատակը իրենց տունը վերավաճառել և մեծ գումար աշխատելն է եղել: Իրենք երբեք տունը վաճառելու մտադրություն չեն ունեցել:
Իսկ իրենց տունն արժեր 200.000 դոլարից ոչ պակաս: Այդ տարիներին այդքան արժեր:

ՎՃԻՌ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Վերլուծելով և գնահատելով դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցներն իրենց համակցության մեջ, դատարանը ձեռք բերված ապացույցները բավարար է գտել և գործի փաստական հանգամանքներով հաստատված է համարել, որ ամբաստանյալ Օֆելյա Խ.-ն կատարել է հանցավոր արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներին, և արարքի որակումը ճիշտ է:
Ամբաստանյալ Օֆելյա Խ.-ի նկատմամբ պատիժ նշանակելիս, դատարանը հաշվի է առել նրա կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, ինչպես նաև հանցավորի անձը:
Որպես ամբաստանյալ նրա անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առել այն, որ նա նախկինում դատված չի եղել, նրա խնամքին է գտնվում հիվանդ մայրը:
Դատարանը վճռել է Օֆելյա Խ.-ին մեղավոր ճանաչել և նրան դատապարտել ազատազրկման երկու տարի ժամկետով:
Ասենք, որ սույն վճիռը բողոքարկվել է նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Սակայն բողոքը մերժվել է: Հերթը բարձրագույն դատական ատյանինն է՝ վճռաբեկ դատարանինը:

 

Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է

Նելլի Դուրյան2014 թվականի առաջին վեցամսյակում գրանցվել է  անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թվաքանակի նվազում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյան:

Արձանագրվել է անչափահասի կողմից կատարված 180 հանցագործություն: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել էր 212: Եթե 2013-ին անչափահաս հանցագործների թիվը կազմում էր 180 անձ, ապա այս տարի այդ թիվը կրճատվել է 20-ով:  160 իրավախախտ երեխաներից միայն 10-ն է գտնվում քրեակատարողական հիմնարկում:

Նման հանցագործություններ ամենից շատ տեղի են ունեցել Լոռու և Շիրակի մարզերում, ինչը գնդապետը պայմանավորում է բնակչության ընդհանուր քանակով:

Այս տարի նվազել են գողության, թմրամիջոց օգտագործելու, խուլիգանության, մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը: Փոխարենը ավելացել են անօրինական զենք կրելու դեպքերը. 2013-ին գրանցվել է 4 դեպք, իսկ 2014-ին` 7 դեպք: «Այս տարի ունենք սպանության դեպք: Հայտնաբերվել է աշխատանքային թրաֆիքինգի դեպք»,- տեղեկացրեց Նելլի Դուրյանը:

Կրկնահանցագործության դեպք անչափահասների կողմից չի եղել:

Ըստ Դուրյանի` երեխայի ընտանիքի սոցիալական վիճակը չի ազդում նրա հետագա քայլերի վրա. «Ես գիտեմ երեխաներ, ովքեր սոցիալական ամենածանր վիճակում անգամ երբեք հանցագործության չեն դիմի: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ անչափահասը իր քայլը գիտակցում է միայն հանցագործությունը կատարելուց հետո: Օրինակ, երեխան ցանկանում է ճագար ունենալ և գողանում է հարևանի կենդանուն: Դա ծիծաղելի, անմեղ միջադեպ է թվում, սակայն ամեն դեպքում կա տուժող. կատարվել է գողություն: Խնդիրը դաստիարակության հարցն է: Ծնողը պետք է զգոն լինի և փորձի ճիշտ ուղի ցույց տալ երեխային»:

Անկախ

Մենք ունենք ամենաթույլ նախագահը՚

հրայր թովմասյանԻնչու է պետք փոխել երկրի մայր օրենքը, որովհետև այն չի կարգավորում մի շարք խնդիրներ՝ կոռուպցիա, իշխանությունների կամայականություն, գերկենտրոնացում, սոցիալական լարված վիճակ և այլն: Ըստ արդարադատության նախկին նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի նոր սահմանադրությունն այդ խնդիրները չի լուծելու, բայց դրանց մեծ մասն անցնում է սահմանդրական փոփոխություններով: Նա Սահմանադրությունը համեմատում է արձակ ստեղծագործության հետ ու նշում, որ գլխավոր գործող հերոսը պետք է լինի ոչ թե նախագահը, վարչապետը, ԱԺ-ն, այլ հասարակ մարդը:

Քանի որ Թովմասյանն իր կարծիքն հայտնում էր Գյումրիում, համահունչ օրինակով շարունակեց.

ՙՍահմանադրորեն ամրագրված է՝ յուրաքանչյուր ոք ունի բնակարանի իրավունք: Չունենք չէ էդ իրավունքը, բայց դրա կողքին մենք գրել ենք ընտրական, կրթական իրավունք: Եթե բնակարանի իրավունքը չենք ապահովում, ով ասաց որ կրթության իրավունքը պետք է ապահովենք՚, – ասում է Հրայր Թովմասյանը: Հետո հստակեցնում է՝ երբ ասում ենք իրավունք՝ հասկանում ենք պետության պարտականություն, եթե պետությունը ոչինչ չունի այստեղ ասելու, ոնց է էս ամեն ինչը ապահովելու:

Անդրադառնալով պետության կառավարման մոդելին, Թովմասյանը նշեց. ՙԻրական կյանքում չկա կիսանախագահական համակարգ. այսօրվա սահմանադրությամբ մենք ունենք ամենաթույլ նախագահը, որովհետև չունի լիազորություններ՚:

Հրայր Թովմասյանը կառավարման խորհրդարանական մոդելի կողմնակիցն է և գտնում է, որ կիսանախագահականը չի արդարացնում իրեն, անգամ, եթե նախագահն ԱԺ-ում ունի մեծամասնություն, կառավարությունում բոլորն իր թիմակիցներն են, ուրեմն՝ բոլոր հավկիթները գտնվում են մեկ զամբյուղի մեջ, որը մի մարդու ձեռքում է: Իսկ եթե կառավարությունը տարբեր կուսակցություններից է կազմված, ինչպես մեր դեպքում, արդյունքն էլի նույնն է՝ հավկիթները տարբեր զամբյուղների մեջ են, բայց բոլորն էլ գտնվում են մեկ մարդու ձեռքում: Արդյունքում, ի վերջո, նախագահը պատասխանատու է ընդամենը երեք ոլորտների համար՝պահպանություն, պաշտպանություն և արտաքին հարաբերություններ, որոնց պարագայում էլ աշխատում է կառավարության հետ: Հետևապես, նախագահի պաշտոնն այս պարագայում իմաստ չունի:

Անկախ

Որո՞նք են կատարողական թերթ տալու հիմքերը

օրենքԿատարողական թերթ տալու հիմքերը սպառիչ կերպով տրված են օրենքով, ըստ որի` կատարողական թերթը տրվում է`

1) դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա,
2) արբիտրաժային տրիբունալների վճիռների հիման վրա,
3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների վճիռների և որոշումների հիման վրա,
4) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի (արբիտրաժի) դատական վճիռների կամ որոշումների հիման վրա,
5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հիման վրա:
Կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա: Կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` դիմումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` անհապաղ:
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետության դատարանի վճիռների և որոշումների կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացրել տվյալ օտարերկրյա պետության դատարանի վճիռը և որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ:
Եթե կատարման ենթակա է օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը` վնասի հատուցման կամ այլ գույքային բռնագանձման մասով, ապա կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այդ դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը:
Եթե Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի հիմնադրման վերաբերյալ միջազգային պայմանագրով կամ դրա կանոնակարգերով նախատեսված է այդ դատարանի դատավճիռների կամ որոշումների կատարում, ապա դրանց վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը` պահանջատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումը ներկայացնելուց հետո անհապաղ, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ միջազգային դատարանը, իր կանոնակարգերով սահմանված կարգով, տվել է համապատասխան կատարողական թերթ, որը պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Որո՞նք են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական երաշխիքները

սպորտՖիզիկական կուլտուրան ազգային մշակույթի մի մասն է: Արդար խաղի, հարգանքի և համագործակցության վրա հիմնված սպորտը դիտվում է որպես ժողովուրդների մերձեցման, խաղաղության և բարեկամության հաստատման ու ամրապնդման միջոց: Պետությունը նպաստում և աջակցում է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, որի իրականացման համար սահմանում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական երաշխիքներ, մասնավորապես`

1) ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու, այդ բնագավառը որպես մասնագիտություն ընտրելու, ֆիզկուլտուրային և օլիմպիական շարժմանը մասնակցելու մարդկանց հավասար իրավունքների ապահովումը,
2) բնակչության ֆիզիկական դաստիարակության ապահովումը, «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդումն ուսումնական բոլոր հաստատություններում` ուսումնառության ամբողջ ընթացքում,
3) Հայաստանի Հանրապետության առաջնությունների, համահայկական խաղերի անցկացման, օլիմպիական խաղերին, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, համաշխարհային ունիվերսիադաներին, միջազգային և այլ մրցաշարերին Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի ու մարզիկների նախապատրաստման և մասնակցության ֆինանսավորումը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին,
4) աջակցությունը մանկապատանեկան մարզադպրոցների ցանցի ընդլայնմանը, դրանց նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը,
5) այդ բնագավառի համար կադրերի պատրաստման, վերապատրաստման ապահովումը, բնակչության ֆիզիկական դաստիարակության և բարձրագույն նվաճումների` սպորտի հիմնահարցերին վերաբերող գիտական հետազոտությունների նպատակային ֆինանսավորումը,
6) աջակցությունը ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական և ուսումնական բազաների պահպանմանն ու նպատակային օգտագործմանը, նոր ուսումնամարզական բազաների կառուցմանը,
7) մարզական գույքի արտադրության և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառում այլ տնտեսական գործունեության խթանումը,
8) մարզական գործունեության ընթացքում պրոֆեսիոնալ մարզիկների հաշմանդամ դառնալու դեպքում սոցիալական պաշտպանության ապահովումը:

 

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Մաքսային միությանը անդամակցելու դեպքում միգրացիոն խնդիրները չեն լուծվի. Ռուբեն Եգանյան

Ռուբեն Եգանյան«Միգրացիայի խնդիրը լուծված չէ, և դրա արմատական լուծման համար ես տեսանելի ապագայում ոչինչ չեմ նկատում: Հայաստանի համար առանձին մոտեցումների հավանականությունը ես լուրջ չեմ համարում, քանի որ սա միայն Հայաստանի խնդիրը չէ. օրենքը գործում է նաև այլ երկրների համար», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Ըստ նրա` ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը փորձում է օգնել մարդկանց, որոնց համար Ռուսաստանի մուտքը արգելափակվել է այդ երկրում ուժի մեջ մտած նոր օրենքի պատճառով: Հատկանշական է, որ այդ խնդիրների առջև են կանգնել նույնիսկ այնպիսի մարդիկ, ովքեր նախկինում երբեք Ռուսաստանում չեն եղել:

«Այնուհանդերձ ազգային միգրացիոն ծառայությունը փորձում է նեցուկ կանգնել այն մարդկանց, ովքեր իրենց դիմել են»,-նշեց ժողովրդագիրը, հավելելով, որ արդեն 50-60 մարդու գործ ընթացքի մեջ է, և փորձ է արվում խնդիրը լուծել Ռուսաստանի միգրացիոն ծառայության հետ:

Անդրադառնալով այն հարցին թե խնդիրը չի լուծվի արդյոք Մաքսային միությանն անդամակցելու դեպքում, Ռուբեն Եգանյանը պատասխանեց, թե «դա ուրիշ օպերայից» է, և ոչ ոք անգամ չգիտի, թե այդ Միությունը երբ կկայանա:

Ժողովրդագիրը գտնում է, որ անգամ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում մեր միգրացիոն խնդիրները չեն լուծվի: «Ըստ ՌԴ օրենքի` այս մարդիկ անօրինական միգրանտներ են,  եթե մտնենք Մաքսային միություն, դա նշանակո՞ւմ է, որ իրենք օրենքը չեն խախտել: Չեմ կարծում, որ հենց անդամ դարձավ, այս օրենքը չեղյալ կհայտարարվի»:

 

Անկախ

Ի՞նչ ընթացակարգով է ներկայացվում ամուսնության մասին դիմումը

ամուսնությունԱմուսնության պետական գրանցման համար հիմք է համարվում ամուսնացող անձանց համատեղ դիմումը: Ամուսնության պետական գրանցումը կատարում է ամուսնացողներից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը:

Ամուսնացող անձինք ՔԿԱԳ մարմին են ներկայացնում ամուսնության համատեղ գրավոր դիմում: Համատեղ դիմումի մեջ պետք է հաստատվի ամուսնության փոխադարձ կամավոր համաձայնությունը և ամուսնական տարիքի հասնելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված` ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների բացակայության փաստը:
Ամուսնության մասին համատեղ դիմումի մեջ պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները.
ա) ամուսնացող անձանցից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, կրթությունը, աշխատանքի վայրը և զբաղմունքը,
բ) ամուսնացող անձանց կողմից ընտրվող ազգանունը` ամուսնության պետական գրանցումից հետո,
գ) ընտանեկան դրությունը,
դ) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները,
ե) անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Ամուսնացող անձինք ստորագրում են ամուսնության մասին համատեղ դիմումը և նշում այն ներկայացնելու ժամանակը: Ամուսնության մասին համատեղ դիմում տալու հետ միաժամանակ անհրաժեշտ է ներկայացնել՝
ա) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը,
բ) եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ, նաև նախորդ ամուսնության դադարման մասին փաստաթուղթը,
գ) եթե ամուսնացող անձը 16 կամ 17 տարեկան է, ապա ամուսնացող անձի ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի՝ նոտարական կարգով հաստատված կամ ՔԿԱԳ մարմնում տրված գրավոր համաձայնությունը:
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության գրանցման վերաբերյալ դիմումները ներկայացնում և ամուսնության գրանցման մասին թույլտվություն են ստանում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից:
Եթե ամուսնացող անձանցից մեկը չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին` համատեղ դիմում տալու համար, ապա ամուսնացող անձանց կամքի արտահայտությունը կարող է ձևակերպվել առանձին հայտարարություններով: Նման հայտարարություն տվող անձանց ստորագրությունները պետք է վավերացվեն օրենքով սահմանված կարգով:

 

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումները շարունակվում են

IMG_3910Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումների մարզային փուլը շարունակվում է:

Արտաշատ քաղաքում այսօր կայացած հանդիպմանը մասնակցել են   ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մարզի բնակիչներ։

ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, խոսելով երկրի զարգացման գործում Սահմանադրության կարևորությունից, նշել է, որ Սահմանադրությունը պետք է  կարողանա ապահովել պետության, հասարակության կյանքի նորմալ կենսագործունեությունը: «Մենք այսօր խոսում ենք դատական համակարգի անկատարությունից, հավաքների ազատությունից և այլն. սրանց լուծման միջոցներից մեկը հենց Սահմանադրությունն է»,- ասել է Հանձնաժողովի անդամը:

Նրա խոսքով Սահմանադրությունը պետք է լուծի մի քանի կարևոր խնդիր՝ մարդու իրավունքների և ազատությունների սահմանում և այդ իրավունքների ու ազատությունների պաշտպանություն, ինչպես նաև դրանց ապահովման իրական մեխանիզմներ: Անդրադառնալով կառավարման ձևի փոփոխությանը՝ Հրայր Թովմասյանը  խոսել է նաև պառլամենտական կառավարման մոդելին անցնելու անհրաժեշտությունից: Ըստ նրա՝ կիսանախագահականի դեպքում, եթե նախագահն ունի պառլամենտական մեծամասնություն, կառավարման ձևը վերածվում է սուպերնախագահականի, իսկ եթե չունի այդ մեծամասնությունը, ապա՝ պառլամենտականի: «Այդ դեպքում մենք ունենալու ենք թույլ նախագահ, ով չի կարողանա արձակել պառլամենտը, ազատել վարչապետին և այլն, հետևաբար` կհասունանա սահմանադրական, քաղաքական ճգնաժամ»,- ընդգծել է Հրայր Թովմասյանը:

Հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանը կարևորել է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, նշելով, որ գործող Սահմանադրությունը  չի կարգավորում որոշ դրույթների լեգիտիմության ապահովումը: «Մենք ունենք կայացած իրավական պետություն, կայացած դատական համակարգ, սակայն կան հարցեր, որոնց լուծումը հնարավոր կլինի իրականացնել միայն սահմանադրական բարեփոխումների միջոցով»,- ասել է Հանձնաժողովի անդամը:

Քննարկմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հարց են բարձրացրել, թե ինչպես են Սահմանադրությամբ ապահովվելու պաշտոնատար անձանց հանրային պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները: Հարցին ի պատասխան Հրայր Թովմասյանը նշել է, որ Սահմանադրությամբ պետք է հստակեցվի հանրային պաշտոնատար անձանց լիազորությունների շրջանակը, ներառվի հաշվետվողականության հստակ ընթացակարգեր: «Ստացվում է, որ հանրային պաշտոնատար անձն ունի լիազորություն՝ ընտրություններից առաջ հայտարարություններ անելու, սակայն չունի հանրային պատասխանատվության պարտավորություն: Հետևաբար, սրանք, միանշանակ,  սահմանադրության մակարդակում լուծվող խնդիրներ են»,- ասել է Հանձնաժողովի անդամը:

Հաջորդ հանրային քննարկումը տեղի կունենա հուլիսի 7-ին՝ Արմավիրում:

 

Անկախ

«Մարդուն զրկել պաշտպանվելու հնարավորությունից՝ շատ վտանգավոր է». Արտակ Զեյնալյան

03.07.14Այն բարեփոխումները, որոնք  նախատեսվել են իրականացնել Քրեական դատարավարության նոր օրենսգրքով,   կոմպենսացման մեխանիզմներ են նախատեսում, որպեսզի Քրեական դատավարության օրենսգիրքը շարունակի մնալ այն մամլիչը,  որով սանձում են ազատության ձգտող ժողովրդին: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Մասնավորապես, ըստ Արտակ Զեյնալյանի,  վտանգավոր է Քրեական դատավարության նոր օրենսգրքի  նախագծում առաջարկվող մեղադրյալի ցուցմունքի դեպոնացման ինստիտուտը:

«Նախաքննական ցուցմունքը հրապարակում են դատական նիստում ու համարում, որ  դա ապացույց է: Ոչ հրապարակային կարգով տրված ցուցմունքը բերում են  դատարան ու  արձանագրում, որպեսզի   հետագայում այլևս հնարավոր չլինի որևէ բան փոխել»,- ասաց Ա.Զեյնալյանը:  Հիշատակելով իր կողմից շատ հարգված մի դատավորի խոսքերն առ այն, որ «բացառությունները կարճ ժամանակ հետո դառնում են օրինաչափություն», իրավապաշտպանը նշեց, որ  չի կարելի այդպիսի բացառություններ թողնել հրապարակային դատաքննության ժամանակ: «Պետությունը ու հանրությունը որոշակի ռիսկեր պետք է կրեն,  որ կարող է հանցագործը չբացահայտվել, բայց բացահայտել ամեն գնով չի կարելի՝  ցույց տալու համար, որ հանցագործությունը  բացահայտված է, չի կարելի»,- ասաց Ա.Զեյնալյանը:

Ըստ իրավապաշտպանի,  շատ վտանգավոր է նաև Քրեական դատավարության օրենսգրքում գործի վերաբացման, նորոգման երկու ինստիտուտների՝ նոր ի հայտ եկած փաստի և իրավունքի նորմի միաձուլումը, դրանք կոչվում են նոր ի հայտ եկած հանգամանք: Ա.Զեյնալյանը նշեց. «Այն, ինչ որ մենք հիմա ունենք,  ձեռք է բերվել Սահմանադրական դատարանի շուրջ 10 որոշումների արդյունքում,  այս ոլորտը կարգավորող նորմերի հակասահմանադրական ճանաչվելու արդյունքում:  Պատկերացնո՞ւմ եք ինչքան ջանք ու  եռանդ է ներդրվել այս իրավակարգավորումը ձեռք բերելու համար»,- ասաց Արտակ Զեյնալյանը՝ նկատելով, որ  Սահմանադրական դատարանի որոշումների, Եվրոպական դատարանի վճիռների կատարման   այսօրվա իրավակարգավորումները, այս ոլորտում ձևավորված իրավակիրառ պրակտիկան շատ առաջադիմական  է և համապատասխանում է Եվրոպայի խորհրդի հանձնարարականներին և շարժում է լուրջ եվրոպական, միջազգային տեսաբանների նախանձը:  Բայց նոր Քրեական դատավարության օրենսգրքով  ինստիտուտները՝ փաստն ու իրավունքը,  միավորվում են և երկուսի համար էլ պետք է լինի հայեցողություն՝  որպես այդպիսին գնահատել կամ չգնահատել:  «Ինստիտուտներն ահռելի ճանապարհ են անցել, չի կարելի այս աստիճան դիմադրել, հակառակվել Սահմանադրական դատարանին, ժողովրդին, իրավունքին ընդհանրապես»,- ասաց Ա.Զեյնալյանը:

Իրավապաշտպանը հայտնեց նաև, որ իրենք առաջարկություն են  ներկայացրել, որպեսզի մարդու  անձնական կյանքի հարգանքի իրավունքին դատարանի  որոշման հիման վրա  միջամտելուց հետո  և այդ միջամտության ժամկետների  ավարտվելուց հետո մարդն անպայման այդ մասին տեղեկացվի, որպեսզի նա կամ նրա ներկայացուցիչը մասնակցեն  այդ նյութերի ոչնչացմանը,  և մարդը միջամտության արդյունքում  կրած վնասը հատուցելու հնարավորություն ունենա: «Շատ լուրջ միջամտություն է և այն իրականացվում է աջ ու ձախ, ես չգիտեմ դեպք,  երբ դատարանը մերժած լինի կամ շատ բացառիկ դեպքերում կարող է  մերժի գաղտնալսումը, տեսաձայնագրումը, արտաքին և ներքին դիտումները: Որպես կանոն՝  դատարանն ընդամենը դակողի դեր է կատարում, որևէ մեկը չի մտածում ինչ իրավունքի է միջամտում, որքան է սա հիմնավոր, եթե միջամտությունը արվեց և որևէ բան չհայտնաբերվեց՝ ինչպիսի փոխհատուցում պետք է տրամադրվի այդ մարդուն»:

Ըստ իրավապաշտպանի, գործուն չեն նաև բնակարանի անձեռնմխելիության  իրավունքին միջամտելուց հետո այդ իրավունքի վերականգնման մեխանիզմները:

Արտակ Զեյնալյանը բացասաբար է  վերաբերվում Քրեական դատավարության նոր օրենսգրքի իրավակարգավորումն առ այն, որ այլևս մեղադրյալը իրավունք չունի սուտ ցուցմունք տալ՝  նա ցուտ ցուցմունք տալու համար վկաների ու տուժողների պես ենթակա պետք է լինի քրեական պատասխանատվության: «Մարդուն զրկել պաշտպանվելու հնարավորությունից շատ վտանգավոր է»,- գտնում է իրավապաշտպանը:

Փաստինֆո

 

Անկախ

Քննչական կոմիտեի նախագահը կնշանակվի 20-օրվա ընթացքում

28.06.1611Այսօր՝ հունիսի 28-ին, ուժի մեջ մտավ ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքը:
Ըստ այդմ, ներկայումս գործող հինգ քննչական մարմիններից Քննչական կոմիտեի կազմում առայժմ կընդգրկվեն երկուսը` Ոստիկանության և Պաշտպանության նախարարության քննչական մարմինները:
Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ վարչապետի ներկայացմամբ, 20-օրյա ժամկետում կնշանակի քննչական կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով:
Քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը 60 տարեկանն է: Սահմանային տարիքը լրանալուց հետո քննչական կոմիտեի նախագահը կարող է մինչև 5 տարի ժամկետով երկարաձգել ծառայության ժամկետը:
Քննչական կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալի պաշտոնի սահմանային տարիքը 65 տարեկանն է, որը Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից կարող է երկարաձգվել մինչև 2 տարի ժամկետով:
Քննչական կոմիտեի նախագահը պաշտոնի նշանակվելուց հետո՝ 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարությունում քննարկման ներկայացնելու նպատակով, վարչապետին  պետք է ներկայացնի քննչական կոմիտեի և վերջինիս դեպարտամենտի կառուցվածքները, անվանացանկերը և հաստիքացուցակները:
Քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը հաստատվելուց հետո՝ 5-օրյա ժամկետում, ՀՀ Նախագահին, նշանակման նպատակով, Քննչական կոմիտեի նախագահը ներկայացնում է իր տեղակալների թեկնածությունները, մեկամսյա ժամկետում նշանակումներ է կատարում քննչական ծառայության մյուս պաշտոններում:
Մինչև քննչական կոմիտեի ծառայող նշանակվելը ոստիկանության և պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչները կշարունակեն նյութեր նախապատրաստել և իրենց վարույթում եղած քրեական գործերով նախաքննություն իրականացնել՝ հանդես գալով համապատասխանաբար որպես ոստիկանության կամ պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչներ:
Քննչական կոմիտեում որպես քննիչ նշանակվելու պահից քննիչները կշարունակեն իրենց վարույթներում եղած նյութերի նախապատրաստումը և քրեական գործերով նախաքննության իրականացումը, եթե քննչական կոմիտեում իրենց զբաղեցրած պաշտոնում նման լիազորություն  իրենց վերապահված է։ Հակառակ դեպքում՝ քննչական կոմիտեում նշանակվելու պահից նրանք նախապատրաստվող նյութերը և վարույթները կհանձնեն ըստ քննչական ենթակայության:
Քննչական կոմիտեում ծառայության կարող է անցնել Հայաստանում մշտապես բնակվող, ՀՀ-ում բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող ՀՀ այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն՝ բացառությամբ իգական սեռի անձանց կամ «Զինապարտության մասին» օրենքով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ մինչև 27 տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և պահեստազորում հաշվառված անձանց:
Քննչական կոմիտեում ծառայության անցնող անձին ներկայացվող հիմնական պահանջներից է նաև հայերենին տիրապետելը և քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն չունենալը:
Քննչական կոմիտեում ծառայության չի կարող անցնել վերոհիշյալ հիմնական պահանջներին չհամապատասխանող անձը, նաև այն քաղաքացին, ով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, ով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է հանրային ծառայությունում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից, ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար` անկախ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից, ինչպես նաև՝ այն անձը, ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում կամ առկա է ոչ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում:
Քննչական կոմիտեի ծառայողների առաջին ատեստավորումը նախատեսվում է 1,5 տարի հետո։

 «Փաստինֆո»

Անկախ

Լրագրողն ընդդեմ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի. Լրագրողի դիմումը կքննարկվի Էթիկայի հանձնաժողովում. Փաստինֆո

հերմինե նաղդալյանԱզգային ժողովի Էթիկայի հանձանաժողովը հունիսի 26-ի դռնփակ նիստում կքննարկի լրագրող Արևիկ Իսաջանյանի դիմումն ընդդեմ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի: Հանձնաժողովը պետք է որոշում կայացնի՝  դիմումի քննությունը սկսելու կամ մերժելու վերաբերյալ: Այս մասին գրում է Փաստինֆոն:

Խորհրդարանում հավատարմագրված լրագրողը հունիսի 12-ին դիմել է հանձնաժողովին՝ մասնավորապես հայտնելով, որ  իր մասնագիտական գործունեության իրականացման շրջանակում հունիսի 10-ին, մոտեցել է ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանին՝ «մի քանի հարց ուղղելու իր սեփականատիրական գործունեության վերաբերյալ»:

«Դրան ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը վիրավորել է ինձ՝ լրագրողիս՝ անվանելով «անգրագետ» (որպես ապացույց՝ կարող եմ ներկայացնել նաև իմ և տկն Նաղդալյանի զրույցի ձայնագրությունը)»,- մասնավորապես ասված է դիմումում:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.