Թուրքիան նախագահական ընտրությունների շեմին

օգոստոս 10

1923 թվականին հիմնվեց Թուրքիայի Հանրապետությունը, որի առաջին նախագահը դարձավ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը: Այդ ժամանակներից գրեթե մեկ դար անց 2014 թվականի օգոստոսի 10–ին Թուրքիան պատրաստվում է ընտրել իր 12–րդ նախագահին: Առաջին անգամ երկրի պատմության մեջ նախագահին կընտրի ժողովուրդը` ուղիղ քվեարկության միջոցով:

Այսպես նախագահական ընտրություններին առաջադրված է երեք թեկնածու: Ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանը հանդես կգա իշխող Արդարություն և զարգացում կուսակցության անունից: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և Ազգայնական շարժում կուսակցությունները որոշեցին առաջադրել միասնական թեկնածուի` Էքմելեդդին Իհսանօղլուին: Իսկ ահա Թուրքիայի փոխրամասնություններին միավորած Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից պայքարի մեջ մտավ Սելահադդին Դեմիրթաշը:

Հետևելով Թուրքիայում ընթացող նախընտրական քարոզարշավի ընթացքին` կարելի է նկատել, որ քաղաքացիները առանձնապես հետաքրքրված չեն գալիք ընտրություններով, երկրում ոգևորությունն աննշան է, քանի որ արդյունքը առավել քան կանխատեսելի է: Համեմատություն անցկացնելով մարտ ամսվա վերջին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների հետ` ակնհայտ է, որ հիմնական պայքարը ընթանում էր այն ժամանակ և պարզ էր, որ գրանցված արդյունքները պայմանավորելու են նախագահական ընտրությունների ելքը: Այս պարագայում սպասել է, որ Էրդողանը պարզապես ամրապնդելու է իր հաղթանակը:

Նախագահական ընտրություններին ընդառաջ անցկացված վերջին սոցիալական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Էրդողանը հավաքելու է քվեարկողների ձայների 55 տոկոսը (ՏԻՄ ընտրություններ ժամանակ Էրդողանի գլխավորած ԱԶ կուսակցությունը հավաքել էր ձայների 45,6 տոկոսը, հանարապետականները` 27,8, իսկ ազգայնականները 15,2 տոկոս ձայներ), այսինքն շատ քիչ է հավանականությունը, որ ընտրությունները կտեղափոխվեն հաջորդ փուլ: Ինչ վերաբերում է մյուս թեկնածուներին, ապա Իհսանօղլուն ակնկալում է ստանալ 38 տոկոս ձայներ, իսկ Դեմիրթաշը միայն 7,5 տոկոս:

Անդրադառնալով թեկնածուների նախընտրական քարոզարշավներին, ելույթներին և խոստումներին` պետք է նշել, որ ընտրապայքարի առաջին իսկ օրերից ակնհայտ դարձավ, որ թեկնածուները շեշտը դնելու են կրոնական գործոնի վրա: Բանն այն է, որ Թուրքիայում ընտրողների մոտ երկու երրորդը հավատացյալ մուսուլմաններ են և բնական է, որ թեկնածուները հաշվի էին առնելու այս հանգամանքը: Թայիփ Էրդողանը, պայքարի մեջ մտնելով «Ազգային կամք, ազգային ուժ» կարգախոսով, իր առաջին ելույթը սկսեց աղոթքով և այն ավարտեց Ղուրանից տողերի մեջբերմամբ: Լինելով չափավոր իսլամի հայեցակարգով առաջնորդվող կուսակցության ղեկավար` Էրդողանի այս մոտեցումը բնական էր: Իսկ ահա նրա մրցակից ԺՀԿ-ԱՇԿ միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուի առաջադրումը այնքան էլ սպասել չէր: Իհսանօղլուն, տարիներ շարունակ գլխավորելով Իսլամական համագործակցություն կազմակերպությունը, ներակացնում է պարկեշտ հավատացյալի մի կերպար: Սա թույլ է տալիս նրան ձայներ ակնկալելու ոչ միայն իրեն առաջադրած կուսակցությունների, այլև կրոնամետ ԱԶԿ-ականների կողմից: «Հացի համար Էքմելեդդին» կարգախոսի ներքո հանդես եկող թեկնածուն Էրդողանից տարբերվում է իր զուսպ և հավասարակշիռ պահվածքով, միջազգային հարթակներում աշխատելու բազմամյա փորձով:

Իսկ ահա ԺԴԿ-ի թեկնածու Սելահադդին Դեմիրթաշը որոշեց գնալ այլ ճանապարհով: Էրդողանի և Իհսանօղլուի հետ պահպանողական զանգվածների ձայների համար պայքարելու փոխարեն նա նախընտրեց հիմնվել երկրի աշխարհիկ ազգաբնակչության վրա: Իրեն համարելով Թուրքիայի փոքրամասնություններին ներկայացնող թեկնածու` Դեմիրթաշը ակնկալում է ստանալ ոչ միայն քուրդ քաղաքացիների ձայները, այլ նաև մյուս փոքրամասնությունների` այդ թվում և հայերի աջակցությունը: Կանխատեսվում է, որ քուրդ թեկնածուի օգտին կքվեարկեն նաև զգալի թվով ալևիներ: Դեմիրթաշը իր նախընտրական ելույթներում մշտապես շեշտը դնում է միասնության և խաղաղության գաղափարի վրա` մերժելով ազգային և կրոնական խտրականության դրսևորումները:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հայության դիրքորոշմանը, ապա այս հարցում միասնական կարծիք չկա: Երեք թեկնածուն էլ կարող են ձայներ ստանալ հայ համայնքից: Մասնավորապես համայնքի ավելի ավագ և պահպանողական սերունդը, քիչ թե շատ գոհ լինելով Էրդողանի վարչապետության տարիներին տեղի ունեցած դրական փոփոխություններից, կքվեարկի նրա օգտին: Իհսանօղլուին աջակցող հայերի թիվը քիչ է, իսկ ահա Դեմիրթաշին նախագահի պաշտոնին ցանկանում են տեսնել ընդդիմադիր, ձախ կողմնորոշում ունեցող, հիմնականում երիտասարդ սերունդի ներկայացուցիչները: Այնուհանդերձ հասկանալի է, որ փոքրաթիվ հայ համայնքի ձայները ոչ մի էական նշանակություն չեն կարող ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

Թուրքիայում նախագահական ընտրություններից հաշված օրեր առաջ ամեն ինչ կարծես պարզ է: Ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, հաղթանակ կտոնի հենց առաջին փուլում` դառնալով Թուրքիայի նոր նախագահը: Այնուհետև կմեկնարկի սահմանադրական բարեփոխումների գործընթացը` նպատակ ունենալով փոփոխել պետության կառավարման համակարգը և վարչապետականից անցնել նախագահական ղեկավարման: Կարելի է նկատելի է, որ այժմ Թուրքիայում ավելի շատ քննարկվում է այն հարցը, թե Էրդողանից հետո ով է ստանձնելու վարչապետի պաշտոնը: Հավանական թեկնածուները երկուսն են` ներկայիս ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն և Էրդողանի մտերիմ ընկեր, ԱԶ կուսակցության հիմնադիրներից Մեհմեդ Ալի Շահինը: Այսպիսով, Թայիփ Էրդողանն ու նրա գլխավորած կուսակցությունը դեռ երկար ժամանակ կշարունակեն ղեկավարել Թուրքիան` փորձելով հանրապետության հիմնադրման 100–ամյակին ընդառաջ կյանքի կոչել «Նպատակ-2023» ծրագրի կարևոր կետերը:

 

 

Տաթևիկ Սարգսյան, Թուրքիա

Մինչ մեր պատկան մարմինները քնած են էշի ականջում, ադրբեջանցիներն աննկատ իրենց նպատակին են մոտենում

Haykuhi-Barseghyan1Եթե Երևանի բնակիչներիս համար տարվա այս ժամանակահատվածն ընդամենը անտանելի տապի շրջան է, երբ ամեն ոք մտածում է թեկուզ կարճ ժամանակով շոգից կտրվելու ու ինչ-որ զով վայրում հանգստանալու մասին, ապա գյուղացու համար սա նախ և առաջ բերքահավաքի ժամանակաշրջան է, երբ պիտի քաղի իր ողջ տարվա չարչարանքների պտուղները:

Բայց արի ու տես, որ սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչների համար բերքահավաքը «շքեղություն» է. ադրբեջանցիները թույլ չեն տալիս հայ գյուղացուն աշխատել իրեն մնացած մի թիզ հողի վրա:
Գրեթե ամեն օր լրատվամիջոցները հաղորդում են հանդում աշխատողների ուղղությամբ ադրբեջանցիների բացած կրակահերթի մասին: Մարդկային կորուստներ Տավուշում բարեբախտաբար չունենք (ցավոք, ունենք Արցախում. հուլիսի 14-ին Ասկերանում ադրբեջանցի դիպուկահարները սպանեցին դաշտում հերկ անող քաղաքացուն), բայց նյութական և բարոյական վնաս` որքան ասես:
Բոլորը գիտեն` սահմանամերձ գյուղերը սոցիալապես շատ խոցելի են. չկա աշխատանք, իսկ եկամտի միակ աղբյուր հողերը հիմնականում զավթված են ադրբեջանցիների կողմից, ականապատված են, եղածն էլ ցանքսի և բերքահավաքի ժամանակ շարունակական կրակահերթերով չեն թողնում մշակել: Էլ ինչո՞վ պետք է գյուղացին պահպանի իր գոյությունը: Եվ սա այն դեպքում, երբ մեր պետությունը սահմանամերձ բնակավայրերին միայն երբեմն արվող հայտարարություններով է ուշադրության արժանացնում, իսկ լուրջ գործուն քայլեր, որոնք երկրի դարպասները պահող գյուղացու մատից փուշ կհանեին, այդպես էլ չեն արվում (Մովսես գյուղին կառավարությունը հազիվ մի կոմբայն էր նվիրել, այն էլ մի քանի օր անց վնասվեց ադրբեջանցիների կրակոցներից):
Այժմ բարոյական վնասների մասին: Անկասկած է, որ հակառակորդի դիպուկահարի նշանառության տակ ապրող ամեն ոք անչափ սիրում է իր երկիրը, եթե պատրաստ է կյանքն ամեն վայրկյան վտանգի տակ դնել, զրկվել վաղվա օրը պլանավորելու հնարավորությունից, հարսանիք, քեֆ և ուրախությունն անել գիշերով, որպեսզի ադրբեջանցիները չհարամեն, դաշտում աշխատել գիշերով` էլի նույն ադրբեջանցիների կրակոցներից պաշտպանվելու համար: Բայց հայրենիքի հանդեպ սերն էլ իր սահմաններն ունի: Այո, գուցե քաղաքացին իր ընտրությունը կատարել է և որոշել իր կյանքը նվիրել հայրենի բնակավայրին, բայց վստահաբար նա նման ապագա չի ցանկանում իր երեխաների համար: Այս պարագայում արդեն գործում է իսահակյանական հանրահայտ արտահայտությունը, որի մասին երբեմն կարելի է նաև սահմանամերձ գյուղերի բնակիչներից լսել. «Իմ հայրն իմ դեմ մեղանչեց, սակայն ես ոչ մեկի դեմ չմեղանչեցի»: Բայց բոլորիս է հասկանալի` առանց այն էլ ծերացող գյուղերում նման մտայնությունը կործանարար է: Ստացվում է, որ ադրբեջանցիներն աստիճանաբար իրենց ուզածին հասնում են` հայկական բնակավայրերը դատարկվում են:
Ի՞նչ են անում մեր հակառակորդները: Այո, մասշտաբային լայնածավալ պատերազմ չի ընթանում, բայց որ պատերազմական վիճակում ենք, փաստ է: Ու գուցե այս վիճակն ավելի վատ է, քանի որ հակառակորդն աստիճանաբար շահեկան վիճակում է հայտնվում, իսկ մենք դա կարծես չենք էլ նկատում: Ադրբեջանական մտայնությունը հետևյալն է. եթե ես չեմ ապրում այդ հողերում, ուրեմն դու էլ չես ապրի: Իսկ տրամաբանական շարունակությունը պարզ է` դու հեռացար այդ հողերից, ուրեմն դրանք իմը կլինեն: Հասկանալի է, որ սահմանը պահող զինվորին հոգեպես ամուր է պահում այն միտքը, որ իր թիկունքում մարդիկ, բնակիչներ կան: Իսկ գյուղերի դատարկվելու հետ նաև դեմքով դեպի թշնամին կանգնած զինվորի թիկունքն է թուլանում: Ադրբեջանն ինտենսիվորեն հայերին բարոյալքելու գործընթաց է տանում: Եվ առայժմ միայն հաջողություններ է արձանագրում: Իսկ պատմությունից գիտենք, որ բարոյալքված հանրությունը, բանակը պայքար մղել չի կարող (հիշենք, թե ինչպես Կարսի բերդը հանձնվեց առանց որևէ կրակոցի):
Ադրբեջանական վերջին դիվերսիան Քարվաճառում ևս վստահաբար հայերին բարոյալքելու, սարսափի մեջ պահելու քաղաքականության մի մասն էր: Դիվերսանտների ներթափանցումը և խաղաղ բնակիչների վրա հարձակումները ուղերձ էին հայությանը, որ անկախ այն բանից, թե որքան հեռու են ապրում սահմանից, միևնույն է, ոչ ոք ապահովության մեջ չէ, որ մեր սահմանները հուսալի չեն:
Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի իշխանությունն այս լուռ պատերազմում. գոնե բացահայտ` ոչ մի քայլ: Ծանրության ողջ բեռը դրված է բանակի ուսերին, բայց սա էլ մասշտաբային որոշման իրավունք չունի, որը կբարելավեր վիճակը:
Հետաքրքիր է, թե ինչի համար է Հայաստանի Հանրապետությանը պետք արտաքին գործերի նախարարություն. անիմաստ ու անարդյունք հանդիպումներ կազմակերպելու ու դեպի երրորդ աշխարհի երկրներ այցելություններ իրականացնելու համա՞ր: Դժվար թե:
Տրամաբանական կլիներ, որ մեր ԱԳՆ-ն երբեմն, չեմ ասում կոշտ, բայց գոնե ադրբեջանական քայլերի մասին հայտարարություններով հանդես գար, դատապարտեր, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեր ադրբեջանական ագրեսիայի վրա: Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է ամեն սուտ առիթով վայնասուն բարձրացնել, բոլորի ուշադրությունը հրավիրել իր կամակորությունների վրա, իսկ մենք անգամ կենսական հարցերում ծպտուն չենք հանում: Գուցե ավելի շահեկան կլիներ, եթե ԱԳՆ-ին հատկացվող անիմաստ գումարն ավելի իմաստալից ծախսվեր` ուղղվելով դեպի սահմանամերձ բնակավայրեր:
Զինվորականների հետ զրույցներում հաճախ է ասվում, թե մեր բանակը մի քանի ժամում կարող է Տավուշում մեր դիրքերն այնպես բարելավել, որ հակառակորդն այլևս չկարողանա մեր բնակավայրերը նշանառության տակ պահել:
Այսքանից հետո ինչո՞ւ մեր պետական համապատասխան այրերն այնքան համարձակություն չունեն, որ նման հրաման արձակեն: Մի՞թե չգիտեն, որ ուժն է ծնում իրավունք, որ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, իսկ քանի Հայաստանը «քաղաքակիրթ» ու համեստ կերպարի մեջ է, միայն և միայն կորցնելու ենք: Լավ է, որ գոնե 90-ականների սկզբին կային մարդիկ, որոնք հայության շահերը գերադասում էին այսպես կոչված միջազգային հանրության աչքին քաղաքակիրթ ձևանալուց: Բայց նման մարդիկ նույնքան անհրաժեշտ են և հիմա, երբ հայության և Հայաստանի շահերն ամեն վայրկյան ոտնահարվում են հանուն ինչ-որ կողմնակի կարծիքի, որը մեզ ոչինչ չի տալիս:

 

Գազան եւ իբրեւ ցեղասպան փոխամբաստանությունները

շահանԳազայում արձանագրված սպանդը անկասկած արժանի է միջազգային դատապարտանքի: Կոչերը, հայտարարությունները, պատգամներն այս դեպքում որեւէ հիմնական նշանակություն չեն ունենում, երբ բացահայտ պատերազմ է հայտարարված ժողովրդի դեմ, երբ տուժողն ու սպանվողը անզեն բնակչությունն է` կանայք, երեխաներ, տարեցներ:

Սա առաջին դեպքը չէ, երբ Իսրայելը զինվորական գործողությունների հունավորումը ուղղում է դեպի բնակչությունը: Ի վերջո, պատերազմը եւս ունի իր օրինաչափությունները, երբ հասկացությունը վերաբերում է զինյալ ուժերի միջեւ արձանագրվող բախումներին: Այս դեպքում այդպես չէ։ Երեխա զոհերն ու վիրավորները ցնցել են աշխարհն ու հանրային կարծիքը: Այդ ցնցումը սակայն չի առարկայանում` վայրագությունները սանձելու առումով միջազգային համապատասխան կառույցների կողմից սպասվող միջոցառումներով: Հրադադարը ուշանում է, սպառնալիքները շարունակվում են, հեռակա եւ օդային ռմբակոծումները վերածվում են ցամաքային ներխուժումների եւ զոհերի թիվը բազմապատկվում է:

Գազայի սպանդը լուսաբանվում է միջազգային լրատվամիջոցների կողմից՝ ստեղծելով տեղեկատվականի եւ զինվորաքաղաքականի միջեւ զգալի տարբերություն: Լրատվական բաց համակարգն այս օրերին, լուրերի արտահոսք փակելը, զոհերի ազգային պատկանելիությունը կեղծելը դժվար իրականցվելիք գործողություններ են: Պատերազմական գործողությունների դիմելու հիմնավորումներն են, որոնք հակադրվում են իրար, ողողում են տեղեկատվական դաշտը, անվերջ մեկնաբանում են ինքնապաշտպանվելու իրավունքը: Սակայն արդյունքը եւ հեռարձակվող պատկերները միանշանակ ընդգծում են Իսրայելի բանակի կողմից պաղեստինցի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի առաջացրած հետեւանքները:

Այս բոլորի մեջ հերթական անգամ իրադրությունները վերլուծելու պահին, ազգային ոսպնյակները լարելու անհրաժեշտության առաջ ենք կանգնած: Նախ իհարկե, տարածաշրջանի բռնկվածության նոր տարողության ի տես, եւ ապա նկատելու, որ միեւնույն տարածաշրջանում խալիֆայություն հաստատողները, որոնք անհանդուրժող են այլադավանության նկատմամբ նույն կատաղությունը չունեն իսլամ բնակչություն ոչնչացնող Իսրայելի նկատմամբ: Եւ հիշել պարզապես, որ Մուսուլի քրիստոնյա ազգաբնակչության հեռացման հետ հեռանում էին նաեւ այնտեղ մնացած վերջին մի քանի հայերը:

Դիտակետերի այս արագ անցումի ընթացքում կենտրոնանանք Ցեղասպանության խաղաթղթի հանգամանքի վրա: Առաջին անգամ չէ, որ Թուրքիայի վարչապետը Իսրայելին ամբաստանում է Գազայում ցեղասպանություն իրագործելու հանցանքով: Առաջին անգամ էլ չէ, որ Թել Ավիւից իրեն հիշեցնում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը: Այս խաղաթուղթը Անկարայի կողմից շահարկվում է վարչապետի մակարդակով, մինչ Թել Ավիվի կողմից` նախարարի։ Առաջին հայացքից նախարարով հիշեցում կատարելը դիվանագիտական ոճով սպառնալ է Անկարային, որ եթե շարունակի նման բնութագրումներ տալ Գազայի պատահարներին, ապա իրենք եւս կբնութագրեն 1915-ի դեպքերը: Իրատեսական չէ ակնկալելը, որ նման պաշտոնական եւ իրավական բնութագրումներ կատարվեն. այսուհանդերձ իբրեւ ցեղասպան այս փոխամբաստանությունները կարող են որոշ ժամանակի համար շարունակվել, ընդհատվել եւ վերստին բարձրաձայնվել: Չմոռանանք, որ էրդողանը նախընտրական փուլում է եւ հայտարարությունները ինչպես արտաքին, այնպես ներքին սպառման համար իսլամական կարեւոր շրջանակներ կարող են  ներգրավել: Ի վերջո, Անկարա-Թել Ավիվ պատերազմը հայտարարողական մակարդակի վրա է, մինչեւ այն պահը, որ  ուժի մեջ է մնում երկու երկրների միջեւ կնքված ռազմավարական դաշինքը:

Իհարկե այս բոլորը հայկական կողմի համար խանդավառիչ տվյալներ ունենալու պատճառ չունեն: Վերընդգծելը կարեւոր է սակայն, որ շուրջ 100 տարի առաջ գործադրված Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումն ու հետեւանքների վերացումը անհրաժեշտություն է` կանխարգելելու համար այսօր Գազայում եւ այլուր արձանագրվող զանգվածային ջարդերն ու պատերազմական ոճիրները: Կրկնակիորեն անհրաժեշտ` երբ ցեղասպանը ի՛նքն է ցեղասպանությամբ ամբաստանում զանգվածային սպանդների պատասխանատուներին:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

 

Արտագաղթի լավ պայմաններ հանուն արտագաղթի

Գևորգ Ավչյան«Մարդը հայրենիքում իրեն պիտի տեր զգա: Եթե նա իրեն ճորտ է զգում մի տարածքում, որը նրան որպես հայրենիք է մատուցվում, նրա մեջ կամա-ակամա առաջանում է նաև մերժողական վերաբերմունք: Եվ այստեղ ցավալի մի բան էլ կա. այն, որ հաճախ հայրենիք և իշխանություն հասկացությունները նույնացնում են, ինչը ամենամեծ խնդիրն է»,- արտագաղթի վերաբերյալ օրերս ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Գոնե կիմանամ, որ ինձ չի հարգում օտարը, ոչ թե սեփական պետությունս

Օրերս հերթական մտերիմս լքեց Հայաստանը` 29-ամյա գործունյա, աշխույժ ու կյանքով լեցուն Արմանը: Նա բարձրագույն կրթություն ունի` բնակավայրերի կանաչապատման ու անտառատնկման մասնագիտացմամբ, շատ էր սիրում իր մասնագիտությունն ու հպարտանում դրանով, թեպետ երբեք իր մասնագիտությամբ չէր աշխատել ու չէր զբաղվել: Ու չնայած իր բարձրագույն կրթության դիպլոմում նշված մասնագիտությանը, Արմանը վերջին 3-4 տարիներին ձեռներեցությամբ էր զբաղվում, բավականին հաջող: Իսկ իր գործը սկսել էր պաղպաղակ պատրաստող փոքրիկ սարք վարձակալելով ու իրենց բակում պաղպաղակ վաճառելով, այնուհետև պաղպաղակի տաղավարի կողքին ավելացրել էր դարակաշար ու նաև միրգ-բանջարեղեն էր վաճառում: Մի քանի ամիս հետո արդեն խանութ վարձեց, որտեղ վաճառում էր ոչ միայն պաղպաղակ, միրգ ու բանջարեղեն, նաև ձուկ, գինի, գարեջուր, խեցգետին: Աշխատանքից ու եկամտից էլ գոհ էր, արդեն փոքրիկ բիզնեսն ընդլայնելու ծրագրեր էր մտմտում: Մեկ էլ անցյալ տարի մի օր լսեցի, որ Արմանն իր խանութը փակում է: Հարցրի պատճառը, պատասխանեց կարճ ու տրամաբանական. դրանից մեկ տարի առաջ իր խանութում հաճախորդի պակաս չէր զգացվում, հաճախորդներն էլ ավելի շատ գնումներ էին կատարում, իսկ այդ տարի «բակի ժողովրդի մեծ մասն արտագաղթեց, հիմա հաճախորդ չկա, խանութ մտնողներն էլ խնայելով են գնումներ անում, մարդիկ փող չունեն: «Անցյալ տարվա համեմատ էս տարի օրական 3-4 անգամ քիչ առևտուր եմ անում, արդեն ձեռքի փող էլ չեմ կարողանում աշխատել»:
Խանութը փակելուց հետո Արմանը վերջին մեկ տարում մի քանի մանր-մունր գործեր էլ արեց ձեռքի հետ: Շատ փոքր քանակով` մեկ ուղևորի ուղեբեռի չափով, ավտոմեքենայի քսայուղ էր բերում հարևան Վրաստանից ու հարմար գներով վաճառելով` գլուխը պահում, բայց մի օր, չնայած սահմանին բոլոր հարկերն ու տուրքերը մուծում էր, պարզվեց, որ ինչ-որ մեկը խոշոր քանակներով ներկրում է այդ քսայուղերը, ու Արմանի պես «մանր-մունր» ներկրողներին արդեն չեն թույլատրում նման ապրանք բերել երկիր: Հետո էլի ինչ-որ բաներ մտմտաց, ու մի էլ օրերս հանկարծակի զանգեց` «Գնում եմ, աղբե՛ր, երևի էլ չեմ էլ գա»:

Եվ Արմանը գնաց Ռուսաստան` Մոսկվա` իր չսիրած ու երբևէ չարած գործով զբաղվելու` կահույքի արտադրամասում աշխատելու: Մեկնելու օրը, սակայն, ինքնաթիռի թռիչքից մի քանի ժամ առաջ սիրտը մի լավ բացեց:
«Տեսնում եմ, որ ով գնում ա ու դրսում սկսում անել էն, ինչ որ Հայաստանում էր անում, հաջողության ա հասնում, աղբեր, գիտես` երբեք չեմ մտածել Հայաստանը թողնելու մասին, բայց դե ինչ անեմ: Հիմա հնարավորություն ա բացվել, կանչում են, հարազատ մարդ ա, հազար անգամ կանչել ա, չեմ գնացել. էս անգամ որոշեցի` գնամ: Գիտեմ, որ էնտեղ ինձ չեն հարգելու, վերաբերվելու են որպես գաստարաբայտերի, բայց էդ ոչինչ: Համ էլ ի՞նչ տարբերություն, մեկ ա, էստեղ էլ իմ պետությունն ինձ չի հարգում: Ավելի լավ ա գնամ ու հոգուս մխիթարանք լինի, որ օտարի պետությունը ինձ որպես օտարի չի հարգում, ու հենց տենց էլ պիտի լիներ, քան գիտակցեմ, որ սեփական պետությունը, չինովնիկները ինձ չեն հարգում: Ստեղ չեմ մնում, Հայաստանը թող ձեզ մնա, ավելի ճիշտ` մեր չինովնիկներին, թող մենակ իրանք մնան էս երկրում»,- արագ-արագ վրա էր բերում Արմանը, բայց երկու տարեկանից նրան ճանաչելով` աչքերի մեջ տեսնում էի, որ ոչ թե ինձ է փորձում համոզել, այլ իրեն…

Սուս, պետությունը մտածում է «միգրանտների» մասին

Հրանուշ Խառատյանը նշում է նաև, որ ո՛չ հասարակության և ո՛չ էլ իշխանությունների կողմից արտագաղթը երբևէ լրջորեն չի գնահատվել և չի ընկալվել իր իրական ծավալներով ու պատճառահետևանքային կապերով:

Մի՞թե, կարծես թե լավ էլ ընկալել է, նույնիսկ որոշ քայլեր էլ է ձեռնարկել գիտաժողովներից, ձևական ուսումնասիրություններից, հայտարարություններից բացի: Բայց, իհարկե, հակառակ մտայնությամբ` արտագաղթը խթանելու: Հակառակ դեպքում կառավարությունը հուլիսի 3-ին չէր հաստատի ՀՀ և ՌԴ միջև միգրացիայի ոլորտին վերաբերող երկու համաձայնագիր:

Առաջին համաձայնագրով սահմանվում է, որ կողմերի տարածք մուտք գործելուց հետո երկու երկրների քաղաքացիները կարող են հաշվառման կանգնել 30 օրվա ընթացքում: Մինչ այս համաձայնագիրը գործող կանոնների համաձայն` ՌԴ մեկնելիս մեր քաղաքացին պարտադիր 7 օրվա ընթացքում պետք է հաշվառման կանգներ, ու եթե այդ ժամկետը խախտվում էր, առաջանում էին անցանկալի հետևանքներ, ընդհուպ մինչև մուտքի արգելք 3 տարի ժամկետով:

Երկրորդ համաձայնագիրն ավելի տարողունակ ու կարևոր հարցեր է լուծում: Կողմերի տարածքում քաղաքացիները աշխատանքային գործունեություն կարող են ծավալել առանց լրացուցիչ աշխատանքային գործունեության թույլտվության:
«Այսօր մեր քաղաքացին, որպեսզի ՌԴ-ում աշխատանքային գործունեություն ծավալի, դիմում է համապատասխան մարմիններին` ներկայացնելով սահմանված փաստաթղթեր, վճարելով պետական տուրք, սպասելով որոշակի ժամանակահատված, և արդյունքում որոշում է կայացվում կա՛մ դրական, կա՛մ բացասական` թույլատրել կամ մերժել: Այս համաձայնագրով այդ թույլտվությունը մեջտեղից հանվում է, այսինքն` աշխատաշուկան դառնում է միասնական. ինչպես Ռուսաստանի քաղաքացին ՌԴ-ում աշխատելու հնարավորություն կունենա, այնպես էլ Հայաստանի քաղաքացին»,- համաձայնագրերի էությունը լրագրողներին բացատրեց ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Երկրորդ համաձայնագրով սահմանվում է նաև, որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում համարվում է, որ անձն օրինական է գտնվում ՌԴ տարածքում, և ոչ միայն անձը, այլև նրա ընտանիքի անդամները: Այս առումով էլ ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետն ընդգծում է. «Հաշվի առնելով, որ Հայաստան-Ռուսաստան միգրացիոն շրջանառությունը գերակա նշանակություն ունի մեր երկրի համար, այս նպաստավոր պայմանները մեր շատ քաղաքացիների համար դյուրություններ կբերեն»:

Այսինքն` դյուրություն կբերի ոչ միայն ՀՀ քաղաքացու` արտագնա աշխատանքի մեկնելու, այլև ընտանիքը հետը տանելու` արտագաղթելու հարցում:
Հայաստանից հատկապես Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները, որոնց ընտանիքը մնում է այստեղ, տարեկան գոնե մեկ անգամ գալիս է Հայաստան` հարազատներին տեսակցելու: Վերջին շրջանում բազմաթիվ են հրապարակումները, որ արտագնա աշխատանքի մեկնած մարդիկ կամաց-կամաց փորձում են, թեկուզ դժվարությամբ, իրենց ընտանիքներն էլ տանել, այդպիսով թե՛ տարեկան մեկ անգամ Հայաստան գալու հետ կապված դժվարություններն ու ծախսերը քչացնելու, թե՛ աշխատած գումարը երկու տեղ` իրենց ու ընտանիքի վրա առանձին-առանձին չծախսելու նկատառումներից ելնելով: Ու եթե աշխատանքային միգրանտի համար ընտանիքը հայրենիքի հետ ամենաուժեղ կապն է, ապա այժմ այս համաձայնագրերով այդ աշխատողը հնարավորություն կստանա իր ընտանիքը նույնպես օրինական հիմունքներով Ռուսաստան տեղափոխելու, ինչն էականորեն կազդի արտագաղթի ծավալների վրա:

 

ԴԵՊԻ ՆԵՄՐՈՒԹ

նեմրութ Օր առաջին. 19 հունիսի, 2014 թվական:

Երեկոյան առաջին ուխտավորները հավաքվեցին գրասենյակում: Սկզբում` Արորդաց ուխտի քրմերը, ապա և մյուսները: 34 հոգի էինք: Ժամը երկուսին ավտոբուսը տեղում էր և փութով իրերը բարձեցինք ու շարժվեցինք:
Ընդհանուր ոգևորությունը մեծ էր: Խմբից քչերն էին եղել Արևմտյան Հայաստանում: Համընդհանուր ոգևորության քողի տակ բոլորին թվում էր, թե ավտոբուս նստելով` արդեն իսկ Էրգրում են: Գուցե և այդպես էր, քանզի մթնոլորտը տրամադրող էր. այս ուխտագնացությանը բոլորն էին սպասում, օրերն ու ժամերն էին համրում:
Երևանից շարժվեցինք նախատեսված ժամին` 3-ին: Ճանապարհը երկար էր, հոգնեցնող. հայ-վրացական սահմանի Բավրայի մաքսակետով մուտք գործեցինք Վրաստան, ապա Ջավախքով ուղևորվեցինք դեպի Թուրքիայի Հանրապետության սահման ու Վալեի մաքսակետով մտանք Արևմտյան Հայաստան:
Վրաստանի և Թուրքիայի պետական սահմանը հատելիս առանձին դժվարություն չունեցանք: Սա ընթացիկ տարում իմ երրորդ այցելությունն էր Արևմտյան Հայաստան, և մինչ այժմ միակ խոչընդոտը թուրք սահմանապահների` օտար լեզվով հաղորդակից չլինելն էր, քանզի ողջ անցակետում օտար լեզվի տիրապետող որևէ սահմանապահ չկար: Այս անգամ, սակայն, նման խնդիր չունեցանք, ուխտավորների մեջ երկու հոգի վարժ տիրապետում էին թուրքերենին:
Ուխտավորների խումբը հիմնականում մտավորականներից էր բաղկացած: Արորդաց ուխտի քրմերից զատ, նաև երգիչ-երգահաններ Գուսան Հայկազունը, Արսեն Համբարյանը, Վարուժան Աղաջանյանը, Գրիգոր Համբարյանն էին, հեռուստալրագրող Վարդան Օնանյանը, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը և այլք:
Ավելորդ չէ նշել, որ ողջ ճանապարհն անցավ ակտիվ զրույցներով, քննարկումներով, երգ ու ասմունքով:
Սահմանը հատեցինք առավոտյան 10-ին ու… Էրգիրը մեզ խռոված դիմավորեց. անձրև, ցուրտ:
Մռայլ էինք նաև մենք: Ճնշող էր: Բնական գեղեցիկ տեսարանները, գույները հաջորդում էին իրար, Արևմտյան Հայաստանը աստիճանաբար իր գիրկն էր առնում մեր ավտոբուսը, բայց… Անցանք թուրքական զորամասի մոտով, ու հանկարծ մի խրոխտ, հուժկու ձայն պայթեց ավտոբուսում.
-Դե ելեք քաջեր, հայ ֆիդայիներ,- Գրիգոր Համբարյանն էր:
Ուխտավորները մեկեն արթնացան ասես, ու ողջ ավտոբուսը միասին թնդաց` կանչ հայ ֆիդայիների անմահ ոգիներին:
Ավտոբուսի ազգությամբ քուրդ վարորդը` Մահմադը, քթի տակ բարեհոգի ժպտաց. պարզ էր` հայերեն փոքրիշատե հասկանում էր:
Հայոց Կարսը
Հնամենի մայրաքաղաքն անհրապույր տեսքով դիմավորեց մեզ: Ծուռումուռ փողոցներ, ամենուր աղբակույտեր: Շուրջ 80 հազար բնակիչ ունեցող քաղաքն արևելյան հետամնաց բնակավայրի է նմանվում: Կարսում շատ են հին հայկական շինությունները: Պատմական արժեքներից կանգուն են միայն բերդը և Առաքելոց եկեղեցին: Հին շենքերի կողքին այժմ վեր են խոյանում նորակառույցները, բայց անճաշակ շինություններ են` ներկված կարմիր, դեղին, կանաչ, կապույտ գույներով: Զգացվում է, որ Կարսը մինչ օրս չունի զարգացման կայուն հատակագիծ:
Կարսում երկար չմնացինք. Ճաշեցինք ու ճանապարհ ընկանք դեպի Անի:

Անի` հայի կորցրած երազը
Սմբատաշեն պարիսպներով ներս մտանք քաղաք ու լուսանկարվեցինք Ավագ դռան առջև` Վահագնական կեռխաչի տակ: Սա Անի քաղաքի խորհրդանիշն է եղել: Նախաքրիստոնեական Հայաստանում հայ ռազմիկը աջ բազկին դաջել է խաչ պատերազմին ու սլացել ոսոխի դեմ: Խաչ պատերազմին հետագայում դարձավ Անվո խորհրդանիշը:
Ճնշող է Անին: Պարիսպների վրա ու մայրաքաղաքի միջնաբերդում ծածանվում է թուրքական կարմիր կիսալուսինը: Ոչինչ. արորդիք համոզված են, որ ի վերջո թուրքի լուսինը պիտի խոնարհվի:
Շարժվեցինք դեպի Մայր տաճար: Խոնարհված է Մայր տաճարը, ինչպես որ խոնարհված է Անին: Մենք չմտանք քրիստոնեական այս հրաշագեղ կոթողն աղոթելու: Այստեղ չկան ոգիներ, այստեղ ամայություն է տիրում:
Մենք ալելույա չենք կանչում, Հայր մեր չենք արտասանում, պատարագ չենք անում այստեղ:
Խոնարհված է Անին, ու հայոց չքնաղագեղ մայրաքաղաքը խոնարհվեց հենց իր շուրթերով Հայր մեր կարդացող ու այս տաճարում պատարագ անող դավաճան ու սրիկա կաթողիկոսի` Պետրոս Գետադարձի ձեռքով:
Բայց մեկեն երգեց տաճարը: Նրա պատերի տակ հանկարծ թնդաց երգը հայոց: Արսենը, Գրիգորը, Գուսանը, բոլոր ուխտավորներս հայի երգով, ռազմակոչով թնդացրինք տաճարը:
Քանի-քանի հարյուրամյակ Մայր տաճարի պատերի տակ հայի երգ չէր հնչել: Քանի-քանի հարյուրամյակ Անին` մեր վշտացած, խոնարհված ու չքնաղ Անին սպասել է հայի կանչին:
Մեր երգը մարտակոչ էր: Մեր երգը վրեժի, ցասման կոչ էր, որով կոչ էինք անում արի հայերին միանալ, համախմբվել ու խոնարհել թուրքի լուսինը, մաքրել Էրգիրը պղծությունից:
Զարթնիր, Հայկ Նահապետ, զարթնիր, Մեծն Տիգրան, զարթնիր, Պապ թագավոր, զարթնիր, Գևորգ Չաուշ, զարթնեցեք հայեր, Վահագնի զորությամբ գոտեպնդվեք ու մարտի ելեք… Ահա մեր աղոթքը Մայր Տաճարում:
Իսկ քրիստոնեական Ամենի փոխարեն մեր աղոթքի վերջում հնչեց Գրիգոր Համբարյանի բամբ ձայնը. «Մա՛հ ոսոխին…»:

Օր երկրորդ
20 հունիսի 2014
Չքնաղ է Վանը: Հայկական հետքերն այստեղ էլ քիչ են. Վանա բերդ, Մհերի դուռ… Բայց Վանը հայի շունչ ունի: Վանն անձնատուր չեղավ, Վանը մաքառեց ու հաղթեց ոսոխին: Վանը հպարտ է: Այն դատարկվեց սոսկ ռուսի դավաճանության հետևանքով: Բայց հաղթեց: Վանը սպասում է մեզ, Վանը կանչում է մեզ:
Ուղևորվեցինք Մհերի դուռ:
Ժայռի մեջ պարփակված Մհերը սպասում է մեզ, սպասում է մեր բազկի հարվածին, սպասում է վահագնական ուժով մարտի ելած հային, որ ջարդի, փշրի ժայռեղեն դուռն ու ազատի Մհերին` աշխարհում հաստատելու արդարությունն ու հայի կամքը: Մհերը սպասում է մեզ…
Մագլցեցինք ժայռը, Մհերի դռան առջև Արսեն Համբարյանին ձայնակցեցինք: Հնչեց Վահագնի ծնունդը:
Քերթողահոր ավանդած բառերը նոր շունչ են առել Արսենի մշակմամբ, ու տասնյակ ուխտավորները Վանում, Մհերի դռան մոտ կանչում են Վահագնին` ուժդ, շնորհդ տուր, Մեծն Վահագն, օգնիր խորտակել ժայռը, խոնարհել թուրքի լուսինը, օգնիր ազատել Մհերին:
Ուղևորվեցինք Աղթամար:
Նավ ենք վարձել, միայն մենք էինք ու թուրք նավավարը: Նավի վրա դարձյալ թուրքի լուսինն է: Բայց մենք իսկապես խոնարհեցինք այդ փոքրիկ լուսինն ու ծածանեցինք մեր եռագույնը:
Աղթամարում, եկեղեցում դարձյալ թնդաց հայի երգը` արի հայի երգը: Եկեղեցու թուրք պահապանները զարմացած էին: Հայաստանից շատ խմբեր են եկել, քահանայի ուղեկցությամբ անգամ սաղմոս կարդացել, պատարագ արել, բայց նման խրոխտ երգ, այն էլ` մարտակոչ, չէին լսել:
Չքնաղ է Աղթամարը` Գագիկ Արծրունի արքայի Ոստանը: Ափսոս, նրա ժառանգներն անարժան գտնվեցին փառապանծ այդ արքային ու լքեցին իրենց երկիրը, լքեցին առանց պայքարի ու հայոց չքնաղ ոստանը` Վասպուրականը, 1021 թ. հանձնեցին թշնամուն: Հանձնեցին առանց մարտի` ունենալով 400 թեմաբերդ: Սենեքերիմ Արծրունի` ողորմելի գահակալ…
Աղթամարից հետ նավարկեցինք, լողացանք Վանա ծովակում ու շտապեցինք դեպի Նեմրութ:
Ճանապարհն անցնում էր Հայկական Տավրոսի փեշերով. ամենուր հայկական լքյալ բնակավայրեր, շեներ, քաղաքներ, որոնք 100 տարի առաջ մերն էին, որտեղ 100 տարի առաջ հայի շունչն էր:
Կեսգիշերի մոտ էր, երբ լաստանավով անցանք Եփրատն ու ուղևորվեցինք Քյաղթա քաղաք, ուր ընթրեցինք տեղաբնակ հայի ռեստորանում ու… դեպի Նեմրութ:

Օր երրորդ
22 հունիսի 2014
Կեսգիշերն անց տեղավորվեցինք «Եփրատ» հյուրանոցում ու մեկժամյա հանգստից հետո անքուն, հոգնած, ծանրացած տպավորություններով բարձրացանք Նեմրութ լեռ:
Անտիոքոս Երվանդունի արքայի կերտած հրաշքը բառերով դժվար է նկարագրել: Մեզ համար այն ավելի քան ոգեղեն արժեք է:
Գրեթե երկու հազար տարի այստեղ ծես չէր արվել: Գրեթե երկու հազար տարի այստեղ հայի շունչ չէր եղել, հայի ոգի չէր թևածել:
Հայոց աստվածները սպասում էին մեզ: Նրանց արձանները, ճիշտ է, գլխատված, բայց խրոխտ ու հպարտ էին` անհաղորդ շրջապատին, ոսոխին, թուրքին: Նրանք սպասում են հայի ոգեղեն զարթոնքին, սպասում են հայի բազկի հարվածին:
Բայց միայն մեր աստվածները չէ, որ մեզ սպասում էին:
Նեմրութի գագաթին մոտ 3 հարյուր թուրք կար, հիմնականում` երիտասարդ: Կարծում եմ` ավելորդ է նկարագրել, թե մեզ ինչ ընդունելություն էր սպասում:
Երբ արևածագին միասնաբար երգեցինք Վահագնի ծնունդը` թուրքերը մեկեն շարք կանգնեցին, ձեռքով ցույց տալով «Գորշ գայլեր» կազմակերպության նշանները` սկսեցին երգել Թուրքիայի Հանրապետության օրհներգը:
Բավական էր սակայն, որ մենք բռունցք դառնայինք, համախմբվեինք քրմերի շուրջը, որոնք, հանելով իրենց սրերը, ավելի խրոխտ, ավելի վճռական սկսեցին հայոց ծեսն անցկացնել` թուրքերը փախան: Րոպեներ անց տարածքում գրեթե մենակ էինք: Այսպիսին է թուրքը. նա հասկանում է միայն ուժի, զորության լեզուն, նա հասկանում է միայն զենքի շաչյունը:
Ոգևորությունը մեծ էր. ծեսից հետո դեպի Էրգիր վերադարձ ուխտելով իջանք Նեմրութից:
Հազիվ մեկ ժամ հանգստացած` շարժվեցինք դեպի Էրզրում:
Ճանապարհն անցնում էր Բյուրակն լեռներով, Սասունով…
Հրաշալի տեսարանները փոխարինում էին մեկմեկու` մեր հոգիները լցնելով հրճվանքով ու տրտմությամբ: Տպավորությունները հակասական էին:
Թուրքիայի Հանրապետությունը աշխարհի ամենաարագ տեմպերով զարգացող երկրներից է: Ողջ Արևմտյան Հայաստանում չեք գտնի գեթ մեկ կտոր հող, որ մշակված չլինի, ամենուր ցորենի ոսկե արտեր, անվերջանալի արտեր:
Թուրքը, քուրդը` քոչվոր ու անապատական այդ ցեղերը, տեր դառնալով մեր դրախտային երկրին, այսօր մշակում, խնամում են մեր պապերի հողերը, իսկ հայը թափառում է օտար երկրներում:
Սասնո լեռների մի բարձրադիր վայրում կանգնեցինք ու միասին թնդացրինք հայոց քոչարին: Թնդացին լեռները հայոց, թնդաց հողը հայի, ցնցվեց ու կանչեց իր զավակներին ետ` դեպի Էրգիր:
Գալու ենք, անպայման գալու ենք դեպի Էրգիր:
Երգեցինք Գուսան Հայկազունի երգը.
-Հրով լինի, սրով լինի,
Պիտի գնանք վաղ թե ուշ:

Պիտի գնանք, անպայման կգնանք ու ուժով կգնանք, սրով ու հրով կգնանք: Բավ է հույսներս դնենք օտար աստծու վրա: Նա մեզ սոսկ ուժաթափ արեց, նա մեզ զրկեց մեր հայրենիքից:

Օր չորրորդ.
23 հունիսի 2014
Էրզրումում առավոտյան միջադեպ եղավ: Լուսանկարչական ապարատը ձեռքիս պտույտ էի կատարում հյուրանոցի մերձակա փողոցներում` մոտեցավ միջին տարիքի մի տղամարդ ու թուրքերեն հարցրեց` հա՞յ ես: Դրական պատասխան լսելով` ինձ հրավիրեց իր խանութ: Մտա: Ակնոցներ էր վաճառում: Ասաց, որ ինքն էլ հայ է, շուրջը նայելով` խաչակնքեց: Ապա ցուցափեղկից մի ակնոց հանեց, նվիրեց ինձ. թանկարժեք նվեր էր: Փորձեցի հրաժարվել նվերից` նեղացավ: «Փեշքեշ, յոլդաշ, փեշքեշ»:

Դեպի Կարս հետդարձի ճամփան անցնում էր Բասենով: Կանգ առանք Արաքսի ափին, Հովվի կամուրջի մոտ: Դարձյալ երգ, դարձյալ ցավ ու կսկիծ:
Մեր ավտոբուսի մոտ կայանեց թուրքական «Աղթամար տուր» տուրիստական ընկերության ավտոբուսը: Տասնյակ զբոսաշրջիկներ իջան ու զարմացած նայում էին մեզ` ցավից ու կարոտից ասես խենթացած հայերիս խմբին, մեր երգին…
Նրանցից առանձնացավ մի տղամարդ, ներկայացավ: Ասաց, որ քուրդ է, ծնվել է Մուշում և բնակվում է Ավստրալիայում: Ասաց` բարով եք եկել ձեր հայրենիքը` ձեր վաթանը:

Հետ ենք գալիս հակասական զգացումներով: Էրգրում ամեն սարի գլխին կոչ է` Հայրենիքը սրբություն է, Հայրենիքը ամենից վեր է… Ամեն տեղ ծածանվում է թուրքական դրոշը, թուրքական կիսալուսինը. մանկապարտեզ, դպրոց, պետական հաստատություններ, մասնավոր տներ, անգամ գերեզմանոցներում…
Երբ մտանք Հայաստանի Հանրապետություն, ամեն սարի, ամեն բլրի գլխին մի խաչ էր կանգնեցված` մեծ, հսկա չափերի խաչ, իսկ հայրենիք, ազգ, վրեժ, ազգային հպարտություն խորհրդանշող` ոչինչ:
Խաչվում ենք` 1700 տարի շարունակ, խաչվում ենք:
Խաչով թուրքի լուսինը չես խոնարհեցնի, խաչով չես հասնի իղձերիդ, ուժ է պետք, մենք վահագնական ուժով կխոնարհենք թուրքի լուսինն ու Էրգիրը կազատենք թուրքի պղծությունից:

 

 

Իրողական եւ վիրտուալ պետությունների ստեղծման առնչությունները

շահանՏարածաշրջանի իրադարձային թեժ կետը թվում է, թե Սիրիայից արագ անցում կատարել է դեպի Իրաք: Իսլամականության անվան տակ բազմազգ մահիկակիրների արշավանքը հետզհետե ձեւ է ստանում, հայտարարելու համար իսլամական խալիֆայության կազմությունը, նրա աշխարհագրական սահմանների գծումը եւ նույնիսկ խալիֆաների եւ իշխանների նշանակման հրամանագրերը: Մեծ խալիֆայից մինչեւ մահիկակիր զինվորները ամեն առիթով խոսում են կրոնական գաղափարախոսության եւ դրա ներշնչման տակ արձանագրվող եւ տեղի ունենալիք գործընթացների մասին:

Սակայն, իրադրությունները այնպես են ընթանում, որ ներկա թեժ կետում արձանագրվող զարգացումները, եթե մի կողմից խոսում են դեռեվս վիրտուալ իսլամական խալիֆայական պետության մասին, մյուս կողմից արագացնում են այս անգամ իրողական Քուրդիստանի իրավականացման քայլերը: Արդեն խոսվում է իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի ճշտված թվականի մասին: Խոսքը վերաբերում է Իրաքի տարածքային ամբողջականության վերաձեւավորման  գործընթացի մեկնարկին:

Իսլամական պետության ջատագովները զգուշավոր մոտեցում ունեն անկախացող Քուրդիստանի նկատմամբ: Թվում է, որ փոխադարձ է այս վերաբերմունքը, հայտնապես եթե նկատի ունենանք սուննի-շիի դեպի հայտարարված պատերազմի վերածվող դեպքերը: Այս փաստը միայն ավելի  է համոզում, որ կրոնականության անվան տակ կատարվող նոր քարտեզագծումը խորքում այլ էություն ունի: Այլադավանությունը չէ այստեղ բաժանարար գիծը, այլ դա պարզապես օգտագործելի եւ հրահրիչ հանգամանք ունի:

Այս փոխադարձ զգուշավորությունը երեւաց նաեւ Սիրիայում. այլադավանություն չհանդուրժող ծայրահեղականները զսպված էին սիրիական ինքնավար քրդական շրջանների նկատմամբ: Առայսօր արձանագրված դեպքերը միայն մանրապատկերներ կարելի է նկատել համեմատաբար այն տարողության, որը կիրառվեց Սիրիայում այս տարրերի եւ կառավարական ուժերի միջեւ:

Հալեպից մինչեւ արեւելյան Իրաքի Տիյալա նահանգ հռչակված իսլամական խալիֆայության ճարտարապետները նոր կացություն են հրամցնում ամբողջ տարածաշրջանին: Դեռեվս վիրտուալ այս պետության ձեւավորման համար մղվող պայքարը կատաղի է սակայն: Տրամադրված միջոցները հուշում են աշխարհաքաղաքական կենտրոնների ներշնչումները, հովանավորչությունը, ֆինանսավորումն ու զինումը:

Այստեղ իրադրությունների մեկնաբանության համար պետք է գերլարել ազգային ոսպնյակը: Նախ անշուշտ այն, որ հայտարարվող պետության սահմաններին կամ առնվազն սահմանամերձ շրջաններին հայ ավանդական համայնքների գոյությունը պարտավորեցնում է հեռանկարի ճիշտ ուրվագծման հնարավոր ձեւավորումները տեսնել. երկրորդ այն, որ մեր գլխավոր հակառակորդը որքանով է շահագրգռված աշխարհաքաղաքական այս փոփոխություններով, արձանագրվող զարգացումներով եւ իր գործոնի ազդեցության խնդրով:

Դեռեվս շատ թանաք կհոսի այս ուղղությամբ: Համացանցային մեծածավալ տարածքներ կգրավվեն լուսաբանելու եւ մեկնաբանելու այս խնդիրները:

Նկատենք առայժմ, որ իրավականացման ճանապարհը բռնած իրաքյան Քուրդիստանը , համաքրդական հայեցակետով վաղվա մեծ Քուրդիստանի մի մասն է միայն: Ու թեեւ այսօրվա անկախացողը այս պահի դրությամբ բնականոն հարաբերություններ ունի Անկարայի հետ, այսուհանդերձ վաղվանի առաջին քայլն է, իսկ վաղվանը Թուրքիայի մասնատումն է: Մինչ, չմոռանանք, որ իրաքյան պաշտոնական Քուրդիստանի հետ հատկապես առեւտրական ոլորտի համագործակցության նախադրյալներ ստեղծվել էին նաեւ Երեւանի նախաձեռնությամբ:

Բաժանարար ծրագրեր, հանրաքվեների կազմակերպումներ, իրողական անկախությունների ճանաչման մեկնարկներ, տարածաշրջանի իսլամացման սպառնալիքներ, Միջին Արեւելքի ապաքրիստոնեացման տանող գործնթացներ, այս բոլորը հուշում են տարածաշրջանում նոր իրավիճակների ստեղծման մասին: Այս հեռանկարները անուղղակի վերաբերում են նաեւ տեղի հայ համայնքներին:

Հեռանկարային հարցերի քննարկումը Երեւանի եւ միջինարեւելյան հայ համայնքների համար հրամայական է: Մեզանից անկախ ծավալվող իրադարձությունների ընդհանուր ուղղվածությունները նկատելը առնվազն կօգնի հետագայում առնվելիք քայլերի ճշտման աշխատանքներին:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

«Ընդհանուր ապագա» եւ միակողմանի հատուցում

շահանԹուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունը որեւէ նոր տվյալ չի ապահովում Անկարայի կողմից որոշ ժամանակից  ի վեր կիրառվող թավշյա ժխտողականության քաղաքականության մեջ: Ուղերձը նույն հստակությամբ է  բանաձեւվել: Թուրքիայի վարչապետը «խաղաղասիրական մեծ քայլ է կատարել»: Կատարվածը ցավակցությունից այն կողմ «հավերժ խաղաղության» առաջադրանքով ընդհանուր ապագայի ապահովման միտող ծրագիր է: Բնականաբար պիտի հետեւեր հայկական կողմից առնվելիք համապատասխան քայլի սպասումը:

Մինչեւ այստեղ նույն հանգերգն է: Այս բանաձեւի իրականացման համար ներկայացվող հիմնավորումները որոշակի դիտարժանություն են ապահովում:

Թուրքիայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ նոր եւ ավելի հիմնավորված խաղաղության ժամանակաշրջան կսկսվի, եթե մտավորականները եւ քաղաքագետները կողմերի միջեւ հոգեբանական պատվարները հաղթահարելու եւ արդար հիշողություն կառուցելու համար իրենց ներդրումը ունենան:

Նախքան հաջորդ կետերին անցնելը, մի պահ կենտրոնանանք առաջին այս հիմնավորման վրա: Առաջարկվածը, գուցե մասնագետների աշխատանք է. եւ եթե խոսվում է հոգեբանական պատվարները հաղթահարելու մասին,  մտավորականներից եւ քաղաքագետներից առաջ գուցե հոգեբանների կարիքը զգացվեր, ուսումնասիրելու համար երկու կողմերի միջեւ գոյացած հոգեբանական պատվարների պատճառները: Բայց այստեղ, խորքում թուրքական միեւնույն հանգերգային առաջարկի մի այլ տարբերակն է, որը  սահել է Դավութողլուի հայտարարությունում: Մտավորականներ ասելով, Անկարայի վարիչը խորքում հասկանում է  պատմագետներ եւ գիտակցաբար բառի չօգտագործումով առաջադրում է  պատմաբանների միացյալ հանձնաժողովի միեւնույն ծուղակը: Նույն Դավութողլուն պատասխանո՞ւմ է արդյոք Ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովի նիստի բացմանը նախագահ Սարգսյանի այն հայտարարությանը, որ արխիվների ուսումնասիրության կարիքը չկա համոզվելու համար, որ դեպքերը Ցեղասպանություն էին:

Առաջին հիմնավորումում թուրք նախարարը խոսում է արդար հիշողություն  կառուցելու անհրաժեշտության մասին: Պարզ է ակնարկը: Հայերը ապրում են անարդար հիշողությամբ: Եթե արդարացման ենթարկենք հիշողությունը, ապա այնտեղ պիտի հայտնվի ընդհանուր ցավը, որը նաեւ թուրքերինն է: Այստեղ ահա սկսում է աշխատել Անկարայի մյուս թեզը, որը կառուցվել է զոհերի համահավասարեցման սկզբունքի վրա: Արդար հիշողությունը դժվար թե այլ բացատրություն ունենա:

Հիմնավորումները զարգանում են. եթե արդար հիշողությունը չկայանա, այլ ուժեր պիտի շահարկեն հայ-թուրքական հակամարտությունը եւ երկու կողմերը պիտի ենթարկվեն շահագործման: Ներկա գոյավիճակի պահպանման, առ այդ թե՛ հայերի եւ թե՛ թուրքերի շահագործման ենթակա մնալու պատասխանատվությունը հայկական կողմինն է, ուրեմն, ըստ թուրք դիվանագետի տրամաբանության: Ավելին, հայկական կողմը այսպիսով պատասխանատվության տակ է դրվում է ոչ միայն ընդհանուր անցյալի ճիշտ գնահատականը չտալու, այլ նաեւ գրավի տակ դնելու երկու ժողովուրդների ընդհանուր ապագան:

 

Կարմիր թելի նման բոլոր հիմնավորումներում գծվում է ընդհանուր բառը. ընդհանուր անցյալ, ընդհանուր պատմություն, ընդհանուր ցավ, ընդհանուր հիշողություն, եւ հիմա ընդհանուր ապագա:  Ընդհանրացման այս քաղաքականությունը, որ խորքում թավշյյա ժխտողականություն է, հատկանշում է 100-ամյակի թուրքական ռազմավարությունը: Թվում է, թե հայկական կողմը ընդհանուր ապագա կառուցելու բազմաթիվ առաջարկներ պիտի ստանա Անկարայից:

Հայկական պատասխանը բոլոր խնդիրները ընդհանրացնելու  թուրքական այս խաղին լսվեց կոնգրեսի ժողովասրահներում, երբ հատուցման բանաձեւը  4347 համարակալմամբ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անունով  Անկարայից պահանջեց իրավատիրոջը վերադարձնել քրիսոտնեապատկան գույքերը:

Հատուցման իրավաքաղաքական գործընթացը, 100-ամյակի արդեն հիմնական փուլում, մեկնարկել է: Եւ այստեղ հոգեբաններից եւ մտավորականներից առաջ իրավագետները աշխատանք ունեն կատարելիք. եւ արդեն կատարում են։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Անկախ

Ուկրաինայի ներկա վիճակը թավալ-գլոր անելով տարածվելու է ամեն տեղ

Ռաիսա Ղարագյոզյան«Այսօր Ուկրաինայում մեծ սուգ է: 49 զոհ, 49 ջահել տղամարդ, 49 հիանալիորեն պատրաստված մարտիկ, որ այնպես չի հերիքում ուկրաինական փաստորեն նորաստեղծ բանակին: Այնքա՜ն երեխաներ մնացին անհայր, ջահել կանայք այրիացան, մայրեր խելագարվեցին որդիների հանկարծական կորստից…» – “Անկախի” հետ զրույցում ասել է ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյի կինը` ծնունդով գորիսեցի Ուկրաինայում բնակվող գրող և հրապարակախոս Ռաիսա Ղարագյոզյանը:

 

Նրա խոսքով, թվում է պատերազմը երբեք չի վերջանալու, որովհետև իբր պատերազմ էլ չկա, պատերազմի պաշտոնական հայտարարություն չկա, ուրեմն ոչ ոք ոչնչի համար պատասխանատու չէ: Ինքնաթիռն ուկրաինական է, Լուգանսկը ուկրաինական տարածք է, կռվողները Դոնբասի ապստամբներն են, իսկ ուկրաինական կառավարությունը ապստամբների դեմ հակաահաբեկչական զինված գործողություններ է կիրառում: Վ. Պուտինը Պիղատոս է՝ ոչ մի ինքնաթիռ չի խփում, ոչ մի տանկ չի մտցնում Ուկրաինա, ոչ ոքի չի զինում, չի ֆինանսավորում, ոչ մի հանցավոր հրաման չի տալիս, այլ միայն փափուկ, շատ գեղեցիկ տեմբրով ու դեմքին հմայիչ-ամոթխած ժպիտ խաղացնելով` հարցազրույց է տալիս եվրոպական և ոչ եվրոպական ԶԼՄ-ի թղթակիցներին, հիմարացնում ամենքին և շարունակում իր բնությանը շատ հարազատ ճիզվիտական հիբրիդային պատերազմը: Առայժմ Ուկրաինայի դեմ, Դոնբասում: Ռուսաստանն ու իր ճիզվիտ ղեկավարն իրերի դրությունն այսպես են ներկայացնում աշխարհին:

 

«Հարց է ծագում, բա Դոնբասի այդ «խեղճուկրակ ապստամբները» ո՞րտեղից են այդքան զենք ու զինամթերք, տանկեր, զենիթային հրանոթներ ձեռք բերում, այդ այսպես կոչված ապստամբները ե՞րբ հասցրին ինքնաթիռներ խփելու մեջ նման փայլուն հմտություն ձեռք բերել: Իբր՝ « դե, մենք՝ ռուսներս, բանից անտեղյակ չենք, դուք եք՝ ձեր խնդիրները, ոնց ուզում եք՝ գլուխ հանեք»: Այդ երիցս անիծված երկիրն իր ճիվաղային համակարգով անհեթեթության է վերածել ամբողջ աշխարհը, սևը սպիտակի տեղ է մատուցում, ստին ճիշտ ասում, իսկ ճշմարտութունը կեղծություն ներկայացնում, այնինչ անբարոյականությունը խրախուսում, ավազակին հերոսի կոչում տալիս, հերոսին խայտառակության սյունին գամում, չարը բարի է ներկայացնում, բարին՝ չար», – հավելել է տիկին Ղարագյոզյանը: Այնուհետև շարունակել է, թե աշխարհն ինչ անի՝ շիվարած թե շիվարած ձևանալով սպասում է, սպառնում, սպասում ու սպառնում, որ… Ճիվաղի ականջը կձգի: Չգիտակցելով, որ Ուկրաինային վիճակվել է քավել այս անկատար աշխարհի մեղքը, որովհետև Ուկրաինայում իսկական համաշխարհային հիբրիդային պատերազմի սկիզբն է դրվել, որը անշտապ-անշտապ թավալ-գլոր անելով տարածվելու է ամեն տեղ՝ Եվրոպայում, Կովկասում, ամենուր, որքան թույլ տանք ամենքս՝ Պուտինի ձեռքը սեղմող և Ռուսաստանի պետական տոնը կեղծավորաբար շնորհավորող նախագահ Պորոշենկոն, ռուսի հետ առևտուր անել սիրող գերմանացիներն ու շրթներին խաղաղարարի շինծու ժպիտ սարքած ֆրանսիացի Օլանդը, տակից Ռուսաստանին ծածուկ ռազմական նավեր վաճառելով ու փաստորեն զինելով նրան, Մաքսային միությանը միանալու պատրաստակամ Սերժ Սարգսյանը, Միկոյանի արձան դնող ու Սասուցի Դավթի արձան քանդող երևանյան ավագանին ու դրան խրախուսող ու իրենք իրենց տակը փորող հայ ռուսամետ զոմբիները:
«Ժամանակն է վերջապես արթնանալ լեթարգիական քնից, առավոտյան անհոգ, ծուլորեն ծխախոտ փստացնելով սուրճ խմելուց և գիտակցել, որ համաշխարհային հիբրիդային պատերազմը, որը կարող է շատ անսպասելիորեն լայնամասշտաբայինի վերածվել, արդեն ծմլկտում է մեր շեմին: Ու մտածել, թե ինչ անել, ոնց չարի առաջն առնել, ոնց կանգնեցնել, չեզոքացնել Պուտինին, որ հետո ուշ չլինի», – եզրափակել է հրապարակախոսը:

Անկախ

Փոխառաջարկ եւ առերեսվելու հրաւեր

Շահան ԳանտահարյանՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստին Հայաստանի Հանրապետության նախագահի բացման խոսքի մեջ համեմատաբար աւելի ուշագրաւ է հետեւեալ բաժինը.

«Պաշտոնական Անկարան շարունակում է խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին: Նախ և առաջ հայտնի է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը: Բաց են եղել նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: Բայց ողջ հարցը նրանում է, որ Հայոց ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու համար արխիվային աշխատանք ընդհանրապես չի պահանջվում: Բավական է մտնել ցանկացած հայկական տուն, ցանկացած ընտանիք և վկայությունները կլցնեն ցանկացած ունկնդրի սիրտը: Բավական է լինել Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին և տեսնել, թե ո՞րն է այդ օրվա խորհուրդը յուրաքանչյուր հայի համար` Հայաստանում և Սփյուռքում: Բավական է գնալ Սփյուռքի ցանկացած համայնք և հարցնել` ինչպե՞ս են ձեր նախնիները հայտնվել այստեղ: Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»:

Բնականաբար այստեղ, իր հերթին լուսարձակ գրաւողը Թուրքիայի նախագահին ուղղված հրավերն է Սերժ Սարգսյանի կողմից։ Բայց նախքան այդ, կենտրոնանանք պատմաբանների միացյալ հանձնաժողովի ստեղծման թուրքական առաջարկի` նախագահ Սարգսյանի կողմից մերժմանը եւ դրա փոխառաջարկին։ Սա հիշեցնում է արդեն նախորդ նախագահին Էրդողանի նշանաւոր նամակի դիմաց կատարած փոխառաջարկը. ու թեեւ բովանդակությունը  տարբեր է այն առումով, որ նախագահ Քոչարյանը առաջարկում էր պատմաբանների փոխարեն ստեղծել միջկառավարական հանձնաժողով, նախագահ Սարգսյանը ասում է, որ արխիվային հետազոտության կարիք չկա, այսուհանդերձ թուրքերը կարող են գալ եւ ուսումնասիրել մեր արխիւները։ Իհարկե ոչ համատեղ հանձնաժողովի տեսքով։

Այստեղ, իհարկե, երկու կարեւոր իրողություն պետք է վերհիշել. նախ այն, որ ֆուտբոլային դիւանագիտության մոսկովյան հայտարարությունը պայմանական համաձայնություն էր տվել պատմաբանների միացյալ հանձնաժողովին։ Պայմանը այն էր, որ հայկական կողմը կհամաձայնի ստեղծել այն միայն Անկարայի կողմից սահմանի բացման դեպքում։ Ինչ որ մերժումի դիւանագիտական ձեւին համահունչ արտահայտչաձեւ էր։ Իսկ երկորդը, որը աւելի վաւերականություն է հուշում, վերաբերում է Երեւան-Անկարա արձանագրություններին, որտեղ կա կողմերի համաձայնություն երկու ժողովրդների դարաւոր վեճերը համատեղ պատմագիտական քննարկման ենթարկելու։

Այժմ նախագահի հայտարարածը համազոր է սրա հերքմանը. եւ դա  կարեւոր է, որովհետեւ ասվում է մի միջավայրում, որտեղ համախմբվել է համայն հայության ներկայացուցչությունը։ Գուցե իր նախադեպը չունեցող ներկայացուցչական տարողությամբ եւ համընդգրկվածությամբ։

Այսքանը պատմաբանների միացյալ հանձնաժողով ստեղծելու թուրքական առաջարկի հրապարակային պաշտոնական մերժման վերաբերյալ։ Այս փոխառաջարկը ծառայեցվել է իբրեւ հիմնաւորում հրաւերի ուղղմանը։ Այսինքն թուրքական առաջարկի դիմաց մերժողական դիրք որոշելու փոխարեն, արխիւները բաց հայտատարելով, եւ հրաւեր հղելով թուրք հետազոտողներին գալու եւ արխիւները ուսումնասիրելու,  նախագահը շրջել է թուրքական առաջարկը։ Եւ աւելին, պատմության հետ առերեսվելու, այդ արխիւների ուսումնասիրությանը կարիքը չզգալու համար հրաւիրել է Թուրքիայի ներկայիս նախագահին ապրիլի 24-ին գալու Երեւան։

Թվում է, թե քաղաքական տրամաբանության աշխատելը ունի որոշակի հետեւողականություն։ Միացյալ հանձնաժողովի դիմաց փոխառաջարկ, հետո նաեւ Էրդողանի «ցաւակցության» դիմաց Երեւան գալու հրաւեր։ Փոխառաջարկն ու հրաւերը իրենց հիմնաւորումներով խելամիտ քայլեր են եւ փորձում են շրջել Անկարայի ճշտած խաղի կանոնները։ Երկու դիտարկում այսուհանդերձ կարող է նկատի ունենալ որոշ կետեր։

Նախ այն, որ երկու դեպքերում առաջին քայլը թուրքական կողմն է առնում եւ տպավորություն է ստեղծում որ մենք հակազդողի դիրքում ենք։ Խորքում սակայն հայկական կողմի հակակառաջարկները, կամ գուցե միջազգային ընտանիքի նկատառումով կատարվող փոխառաջարկները հայկական կողմի համար առավելություններ կապահովեն։ Եթե…

Նախագահ Սարգսյանի հայտարարությունը միայն ներքին սպառման համար չէ  եւ ոչ էլ զուտ Անկարային ուղղված, ինչպէս որ Էրդողանի կամ Դաւութօղլուի բարձրաձայնումները։ Միջազգային ընտանիքն ու միջազգային հանրային կարծիքը պիտի ընկալեն պաշտոնական Երեւանի կողմից առնվող կարեւոր քայլերը։ Դրա համար էլ հայտարարությունների եւ հրաւերի լուսաբանումն ու մեկնաբանությունները  շատ կարեւոր են։ Տեղեկատվական ոլորտի մեջ հայկական կողմը աշխույժ նախաձեռնողականությամբ հանդես գալու բոլոր պատճառներն ունի։ Մեր արխիւները բաց են, եւ Թուրքիայի նախագահը հրաւիրվել է Երեւան 100-ամյակին։ Կգա՞ն արխիւներ հետազոտելու, թե կուղարկե՞ն իրենց նախագահին 2015-ի ապրիլին, դա իրենց գործն է։ Իրենց գործն է միաժամանակ միջազգային ընտանիքին բացատրելը թե ինչու չեն գալիս։

Իսկ մեր գործը մինչեւ այդ, միջազգային հանրային կարծիքը տեղեկացված պահելն է հայկական կողմի նախաձեռնությունների մասին, կամ թե ո՞վ եւ ինչո՞ւ է մերժում կառուցողական առաջարկները։

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Ինչո՞ւ թուրքերին հաջողվեց բնաջնջել հայերին, բայց հրեաներին` ոչ (մաս 2-րդ)

Հարութ-Սասունյան1Սա նախորդ ամսվա իմ հոդվածի երկրորդ և վերջին մասն է, որտեղ վերլուծել էի, թե ինչու երիտթուրքերը կարողացան ոչնչացնել հայերին, սակայն չկարողացան իրագործել Պաղեստինի հրեա ներգաղթողներին բնաջնջելու իրենց միաժամանակյա ծրագիրը:

 

1917 թվականի մայիսի 9-ին «Ռոյթերս» գործակալությունը տարածեց ներգաղթող Ահարոն Ահարոնսոնի հետևյալ մամլո հաղորդագրությունը. «հրաման է տրվել 48 ժամվա ընթացքում արտաքսել բոլոր հրեաներին Թել Ավիվից, այդ թվում՝ Կենտրոնական տերությունների [Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի] քաղաքացիներին: Մի շաբաթ առաջ 300 հրեաներ վտարվել են Երուսաղեմից: Ջեմալ փաշան հայտարարել է, որ նրանց ճակատագիրը կլինի հայերի ճակատագրի նման: Թել Ավիվից ութ հազար բռնագաղթվածներին թույլ չեն տվել որևէ մթերք վերցնել իրենց հետ, իսկ վտարումից հետո նրանց տները թալանվել են բեդուինների (քոչվոր արաբներ) ամբոխների կողմից»:

 

Շատ չանցած, Գերմանիայի խորհրդարանի հրեա պատգամավոր, սոցիալիստ Օսկար Քոհենը խնդրել է կանցլերին ճնշում գործադրել թուրքական կառավարության վրա՝ «վճռականորեն կանխելու Պաղեստինում վայրագությունների կրկնությունը» հրեաների դեմ, նման այն վայրագություններին, որոնք իրականացվել էին հայերի դեմ:

 

Հունիսի 8-ին Ահարոնսոնը գրել է իր օրագրում. «Մեր բարձրացրած աղմուկը արդյունավետ եղավ: Թուրքերը և գերմանացիները արագ հասկացան, որ հրեաներին չի կարելի կոտորել այնպես, ինչպես հայերին: Գերմանիայի կողմից պատերազմի ֆինանսավորումը կարող է տուժել հրեաների պատճառով: Հետևաբար, նրանք դադարեցրեցին նոր տեղահանությունները»:

 

Բրիտանական սիոնիստական շարժման պաշտոնական «Պաղեստին» ամսագիրը նկարագրել է հրեաների և հայերի լոբբիստական կարողությունների միջև եղած էական տարբերությունը. «Գերմանական կառավարությունը գիտի, որ հրեաներին չի կարելի համեմատել հայերի հետ իրենց համաշխարհային հզորության առումով, և հետևաբար հրեաների կշիռը Գերմանիայում տարբերվում է հայերի ունեցած կշռից»:

 

Պաղեստինում հրեական պատմության ականավոր ժամանակագիր Մորդեխայ Բեն-Հիլել Հակոհեն, 1917 թ. մարտի 30-ին գրել է իր օրագրում. «թուրքական կառավարությունը հայերի դեմ գործած իր ոճրագործության պատճառով խայտառակվել էր ամբողջ երկրի աչքում, և թերևս, կառավարությունը կվերանայի հրեաների հետ այդպես վարվելու իր մտադրությունը….»:

 

Պաղեստինում հրեական գյուղատնտեսական բնակավայրերի առաջնորդ Մոշե Սմիլյանսկին հայերի սարսափելի ջարդերի վերաբերյալ լուրերից հետո եկավ հետևյալ եզրակացության. «Ականատեսների վկայությունները խուճապ էին առաջացրել հրեական հանրության շրջանում: Ով գիտի, թե ինչպիսին կլիներ մեր ճակատագիրը, եթե չլինեին Կոնստանդնուպոլսում ամերիկյան ներկայացուցիչ Մորգենթաուն և վախը համաշխարհային մամուլից, որ «վերահսկվում է» հրեաների կողմից»:

 

Յաիր Աուրոնն իր գրքում հայտնում է, որ Պաղեստինում հրեա փախստականների առաջնորդ Մեիր Դիզենգոֆը Առաջին համաշխարհային պատերազմի ողջ ընթացքում «սերտորեն աշխատել է սիոնիստական պատվիրակության հետ Կոստանդնուպոլսում, որը գերմանամետ և թուրքամետ էր: Ըստ Դիզենգոֆի՝ նաև գերազանց հարաբերություններ են եղել Պաղեստինում գերմանական հյուպատոսի հետ…. Հյուպատոսը ծառայել է որպես խողովակ գումար փոխանցելու համար Յիշուվին [հրեական համայնք]՝ Կոստանդնուպոլսում գերմանացի դեսպանի հրամաններով»: Դիզենգոֆը նաև նշել է՝ գերմանացիներն էին, որ աջակցեցին և փրկեցին Յիշուվը: «Այն փաստը, որ Ջեմալ փաշան ավելի կարեկից դարձավ հրեաների հանդեպ, Գերմանիայի շնորհիվ էր»: Դիզենգոֆը վերհիշում է Ջեմալ և Էնվեր փաշաների սպառնալիքներն ուղղված հրեաներին. «Սիոնիստներ, զգուշացե՛ք: Եթե մեզ դեմ լինեք, ապա ձեզ հետ կանենք այն, ինչ արել ենք հայերի հետ»:

 

1917 թվականի հոկտեմբերին, երբ թուրքական իշխանությունները բացահայտեցին հրեական «Նիլի» լրտեսական ցանցը, մի նոր վտանգ կախվեց Պաղեստինում հրեա ներգաղթողների վրա՝ ևս մեկ արդարացում տալով թուրքերին ճնշելու նրանց: Հրեաները վախեցան, որ նման հակաթուրքական ջանքերը կհանգեցնեն ծանր հակաքայլերի, ինչպես կիրառվել էր հայերի դեմ: 1917 թվականի հոկտեմբերի 4-ին Հայֆայի թուրք նահանգապետը հանդիպեց Զիխրոն Յակով գյուղի հրեա ղեկավարների հետ և սպառնաց, որ եթե նրանք չկատարեն իր պահանջները, նրանց հետ նույնը կանի, ինչ արել է հայերի հետ: Նա ասել է, որ ինքը «իր ձեռքերով սպանել է մի քանի հայերի, իսկ նրա զինվորները սպանել են հազարավոր հայերի»: Գալիլեայի հրեական գաղութացման ընկերության ներկայացուցիչ Խաիմ Մարգալիտ-Կալվարիսկին հետևյալ գրառումն է կատարել իր օրագրում. «Ես լուր էի ստացել շատ վստահելի աղբյուրից, որ [թուրքական] բարձր հրամանատարությունը խիստ զայրացած է հրեական բնակավայրերի վրա և նրանք խորհրդակցում են Պաղեստինի բոլոր հրեաների ընդհանուր տեղահանության հնարավորության մասին դեպի Կայսրության [Օսմանյան] ամենահեռավոր մարզերը»: Կալվարիսկին գրի է առել Ջեմալ փաշայի սպառնալից խոսքերը նրա հետ բուռն վեճից հետո. «Աստված օգնական այն մարդկանց, որոնց որդիներն այդ անիծյալ լրտեսներն են: Մենք դաս ենք տվել հայ ժողովրդին նման գործերով և առանց վարանելու նույն քայլերը կձեռնարկենք նաև այս դեպքում»:

 

 

Ականատես լինելով թուրքերի գազանություններին ընդդեմ հայերի, որոնց մեղադրում էին անհնազանդության և ապստամբության մեջ, հրեա ներգաղթողները որոշեցին ամբողջովին հնազանդվել և չբախվել թուրքական իշխանությունների հետ: Պրոֆեսոր Աուրոնը նկատել է, որ «ոչ մի անգամ որևէ հրեա ներգաղթողի կողմից հարձակում չի եղել թուրք զինվորի վրա»: Պաղեստինի գրավումը բրիտանական զորքերի կողմից վերջնականապես փրկեց հրեաներին` կանխելով թուրքական իշխանությունների հետագա վայրագություններն ու ջարդերը:

 

Վերջում, 1.5 միլիոն հայեր ոչնչացվեցին, մինչդեռ Պաղեստինի հրեա ներգաղթողները համեմատաբար քիչ կորուստներ ունեցան: Պատերազմի տարիներին, Պաղեստինի հրեա բնակչությունը 86 հազարից կրճատվեց 55 հազարի: Չնայած այն հանգամանքին, որ հայերը նույնպես իրենց կողմնակիցներն ունեին Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, սակայն հրեա ներգաղթողները կրկնակի պաշտպանություն էին վայելում պատերազմի երկու կողմի հզոր պետությունների` արևմտյան երկրների կողմից, այդ թվում` Միացյալ Նահանգների և Գերմանիայի, որ Թուրքիայի ռազմական դաշնակիցն էր: Վահագն Տատրյանն իր «Հայոց ցեղասպանության պատմությունը» գրքում գրում է, որ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմն ասել է Հենրի Մորգենթաուին. «Ես կօգնեմ սիոնիստներին… սակայն ոչինչ չեմ անի հայերի համար»:

 

Մինչ Գերմանիան փրկում էր Պաղեստինի հրեա նեգաղթողներին, նա աջակցում էր երիտթուրքերի վարչակարգին բնաջնջելու հայերին:

 

 

 

 

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

 

Սերունդ կրթելու փոխարեն` դեպի խոպան

Գևորգ Ավչյան«Գոնե էս 50 հազար դրամը շուտ տան. էլի մի 3 ամիս «փամփերսի» մասին չեմ մտածի, թե չէ առավոտից իրիկուն տելեվիզրով իրանց ճղում են, թե ինչ անում են, երեխեքի` նոր սերնդի համար են անում: Սուտ ա, ոչ մի տենց բան էլ չկա, երկրորդ երեխես ա ծնվել, ու արդեն դժվարանում ենք պահել-մեծացնել»,- օրերս Քանաքեռ-Զեյթունի սոցապ բաժնի միջանցքում սրտնեղած պատմում էր հազիվ 24-26 տարեկան երիտասարդ մի մայր: Հետո իմացա` անունն Անուշ է:

Երբ արդեն 4-րդ օրն էր, ինչ պետական այս հիմնարկից վազում էի մյուսը` հիվանդանոցից` ՔԱԿԳՎ բաժին` «դասական հայերենով» ասած` ԶԱԳՍ, այնտեղից` նորից հիվանդանոց, այնտեղից` թաղապետարան, թաղապետարանից` սոցապ բաժին, սոցապից` ոստիկանության անձնագրային և վիզաների բաժին, հետո` նորից սոցապ, ընթացքում մի ամբողջ թղթապանակ փաստաթղթերի պատճեններ անելով, այս բյուրոկրատական քաշքշուկի նախավերջին օղակում` անձնագրային և վիզաների բաժնում Անուշին հանդիպեցի: Ուսից կախված «կենգուրուի» մեջ փաթաթված նորածնին գրկած` նա լուռ լսում էր բաժնի աշխատակցուհու ցուցումներն ու փորձում հասկանալ, թե ուր պետք է ներկայացնի երեխայի սոցիալական համարանիշը, որպեսզի ստանա երեխայի ծնվելու կապակցությամբ պետության կողմից միանվագ տրամադրվող նպաստը:
Անուշին ցուցումներ տվող աշխատակցուհին նրան ուղղորդում էր նույն անիմաստ տեղը` թաղապետարան, որտեղ, իբրև, պետք է լիներ սոցապ բաժինը: Քանի որ ընդամենը 2 օր առաջ էի նույն ճանապարհով անտեղի անցել, հետո ինքնուրույն գտել, թե ուր, երբ ու ինչպես պետք է գնամ թղթաբանական ամբողջ շղթան ավարտելու համար, միանգամից մեջ ընկա ու Անուշին ասացի, թե իրականում ուր պետք է գնա: Նա շնորհակալություն հայտնեց ու դուրս եկավ: Նրանից հետո ինձ էլ տվեցին նորածիններին տրամադրվող սոցիալական համարանիշը հավաստող տեղեկանքը, ու ես էլ դուրս եկա: Անուշն անվստահ քայլերով գնում էր իմ մատնանշած ուղղությամբ, ասացի, որ ես էլ եմ սոցապ բաժին գնում, ցանկության դեպքում կարող է ինձ հետ գալ` տեղը հաստատ իմանալու համար: Ուրախացավ ու քայլեց:
Հասանք սոցապ բաժին, գործավարուհին խնդրեց սպասել, մինչև համապատասխան աշխատակցուհին կվերջացներ մեկ այլ քաղաքացու սպասարկելը: Ժամանակը սպանելու համար սկսեցինք դեսից-դենից զրուցել: Այդ ընթացքում հավանաբար իմ հանդեպ Անուշի վստահությունը մեծացավ, հետո էլ երբ իմացավ, որ թերթում եմ աշխատում, մի փոքրիկ պատմություն պատմեց իր մասին:
Անուշի ծնողները բանվոր են, ներկայումս` գործազուրկ: Հինգ տարի առաջ ավարտել է մանկավարժական համալսարանը և այդպես էլ ըստ մասնագիտության աշխատանք չի գտել: Համալսարանն ավարտելուց երկու տարի անց ամուսնացել է: Ամուսնու հետ տեղափոխվել է ապրելու վարձու բնակարանում: Սկզբում ամուսինը պտուղ-բանջարեղենի մի փոքրիկ կրպակ է բացել իրենց բակում ու դրանով սկսել ընտանիքի հոգսը հոգալու համար վաստակել:
«Սկզբում գործերը վատ չէին, ես օգնում էի Հովիկին (ամուսնու անունն է), առևտուր էինք անում ու ապրում: Համենայն դեպս` և՛ տան վարձն էինք վճարում, և՛ մենք էինք կարողանում լավից-վատից ապրել: Գոհ էինք: Բայց ամսից ամիս մեր առևտուրը նստեց` մարդիկ կամաց-կամաց սկսեցին ավելի քիչ այցելել մեր կրպակ, այցելելիս էլ` ավելի քիչ առևտուր անել: Դե բոլորի վիճակն էլ նույնն ա, մարդիկ փող չունեն: Ամուսինս էլ, կրպակի ապրանքը չդատարկվելու համար միշտ թարմ ապրանք էր բերում, ու քանի որ մեր ապրանքը շուտ փչացող էր ու արդեն քիչ էր ծախվում, գործերը սկսեցին վատանալ, կամաց-կամաց պարտքեր սկսեցին կուտակվել: Հարկայինը, սանէպիդկայանը, կրպակի մնացած բոլոր ծախսերն էլ մի կողմից` ամսեամիս ընկանք պարտքերի տակ»,- պատմեց Անուշը:
Երեք տարի առաջ, երբ ծնվեց նրանց առաջնեկը, Անուշի ամուսինը երեխայի քառասունքը դուրս գալուց հետո որոշեց մեկնել արտագնա աշխատանքի` խոպան: Ամուսիններով որոշում են, որ ամուսինը կգնա, բարեկամի մոտ մի քիչ կաշխատի, կվերադառնա: Իսկ Անուշն այն ժամանակ ոչ մի կերպ չէր մտածում Հայաստանը լքելու մասին:
«Ամուսինս գնաց, սկսեց աշխատել, սկսեց նաև գումար ուղարկել: Բայց հետո Ռուսաստանում վիճակը վատացավ, ու նա ամեն անգամ սկսեց ավելի քիչ գումար ուղարկել: Ստիպված էի փոխել վարձով բնակարանը, գումարը չէր հերիքում, իսկ նախկին բնակարանը համեմատաբար ավելի թանկ էր, ամեն կերպ սկսեցի խնայել: Էլի նորմալ էր, չէի դժգոհում»:
Ամուսինը վերադառնում է` իր հետ բերելով մի փոքրիկ գումար, որը փորձում են նոր փոքրիկ գործի մեջ դնել, բայց դարձյալ չի հաջողվում: Անուշի ամուսինը դարձյալ բռնում է Ռուսաստանի ճանապարհը, այդ ժամանակ նրանք սպասում էին երկրորդ երեխային: Ամուսինը հիմա Ռուսաստանում է, Անուշին էլ կանչում է իր մոտ:
«Ասում ա` արի էստեղ ապրենք, որովհետև Հայաստանում չեմ կարողանում գործ անել, երկու անգամ փորձեցի, չստացվեց: Ասում ա, ինքը Ռուսաստանում կարող ա մեզ պահել, քանի որ էդքան աշխատում ա, ու եթե երկու տեղ չլինենք, այլ միասին ապրենք` նորմալ կլինի, ստիպված չի լինի տարվա մեջ կիսատ թողնել գործերն ու գալ մեզ տեսության` ավելի փող ծախսելով: Ես անկեղծ չեմ ուզում մեկնել Հայաստանից, չեմ պատկերացնում, թե ոնց պիտի ապրեմ Հայաստանից դուրս, ես իմ երկիրը շատ եմ սիրում: Բայց արդեն ամենավերջին, ամենակարևոր բանն եմ կորցրել` ապագայի հավատը: Ու երևի ես էլ գնամ ամուսնուս մոտ: Ճիշտ է, Հայաստանի բնակչությունը միանգամից 4 հոգով էլ կպակասի, բայց դե ինչ անեմ, էսպես չի կարող շարունակվել»,- եզրափակեց Անուշը` հավելելով, որ համալսարանն ավարտելիս հույս ուներ` իրեն, որպես լավ սովորած, կրթություն ստացած երիտասարդ ուսուցչուհու, հեշտ կլինի հաստատվել ու կայանալ Հայաստանում, երեխաներին դասավանդել, սերունդ կրթել ու դրանով երջանիկ լինել, քանի որ միշտ էլ հավանել է ուսուցչի կերպարը: Իսկ հիմա ստիպված է լքել իր սիրած Հայաստանը, Երևանը:

Հայի ճակատագրի հեգնանքը. հայրենի հողից փախչում են, բայց ամուր կառչում օտարի հողից

haykuhiՀայը Հայաստանում և Հայաստանից դուրս երկու ծայրահեղություն է, թե ինչու` հայտնի չէ:
Երբ Քեսաբի դեպքերը տեղի ունեցան, մտածեցի, որ շատերի համար գուցե լավագույն տարբերակը կլինի պատմական հայրենիք վերադառնալը. կհաստատվեն Արցախում, կշարունակեն իրենց խաղաղ կյանքը: Բայց, ի զարմանս ինձ, հեռուստաեթերից հնչեց Լաթաքիայում ապաստան գտած հայերի տեսակետը` Քեսաբը մեր հայրենիքն է, ու մենք որևէ տեղ չենք հեռանա: Տրամաբանությունը հուշում է, որ Քեսաբի ազատագրումից հետո անգամ այնտեղ ամեն ինչ ավերված կլինի, հետևաբար մարդիկ ստիպված կլինեն ամեն ինչ զրոյից սկսել: Նաև հայտնի չէ, թե երբ Քեսաբը կազատագրվի գրոհայիններից, հետևաբար, մարդիկ անորոշ ժամանակով, առանց իրերի, սննդի ու օթևանի, պետք է մնան Լաթաքիայում: Դեռ ավելին, եթե Ասադի ուժերը չկարողանան ազատագրել Քեսաբը, գրոհայինների հաջորդ թիրախը կդառնա Լաթաքիան: Ու նման պայմաններում մարդիկ հրաժարվում են հեռանալուց` հայտարարելով, որ իրենց հայրենիքը դա է: Նախանձելի հայրենասիրության դրսևորում է, բայց, ցավոք, Սիրիայի, ոչ թե Հայաստանի նկատմամբ:
Աստված չանի, եթե նման իրավիճակ Հայաստանում լինի: Պատկերացնո՞ւմ եք` ինչ կկատարվի…
Վստահաբար, որքան էլ ծանր լինի Հայաստանի սոցիալ-տնտեսական ներկայիս վիճակը, այն համեմատելի չէ արդեն երրորդ տարին քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Սիրիայի հետ, ավերակների վերածված երկրի, որը հումանիտար աղետի մեջ է հայտնվել, և դեռ մութ թունելի վերջում լույս չի երևում:
Ինչպե՞ս դա հասկանալ, ինչո՞ւ է հայը, որ ապրում է Հայաստանում` իր հայրենիքում, երազում օր առաջ փախչել: Ոմանք անգամ պատրաստ են հրաժարվել իրենց մասնագիտությամբ աշխատանքից ու դիրքից հասարակության մեջ, այն փոխել բանվորական ծանր աշխատանքով, միայն թե հեռանան:
Մյուս կողմից` Սիրիայում մարդիկ ոչ միայն զրկվել են տարիներ շարունակ վաստակած ունեցվածքից, այլև ամեն վայրկյան կարող են կորցնել իրենց կյանքը: Բայց հայերը հեռանալու մտադրություն չունեն, ամուր կառչած են օտար հողին: Ճակատագրի հեգնանք, ուրիշ ոչինչ…
Հայաստանի ու Սփյուռքի հայերի մտածողության տարբերությունները, սակայն, նոր չեն ի հայտ եկել: Ահա ծանոթներիցս մեկի վկայությունը: Անցյալ դարի 70-ականներին, երբ լիբանանյան պատերազմի ժամանակ մի քանի հայ ընտանիքներ կարողացան Հայաստան տեղափոխվել, եկածների թվում էր և 14-ամյա մի պատանի` Մանուկը: Նա ծանր վիրավոր էր: Հիվանդանոցում հայ կանայք սկսում են կշտամբել տղայի մորը, թե էլ ինչ մայր է, որ թույլ է տվել` իր մանկահասակ տղան կռվի մասնակցի ու վիրավորվի: Մայրը, սակայն, հպարտորեն պատասխանել է, որ իր տղան հանուն իր հայրենակիցների է կռվել: «Եթե ամեն մեկն ասի` թող իմ տղան չկռվի, էլ ո՞վ պետք է մեզ պաշտպանի»,- ասել է լիբանանահայ կինը:
Մտածողություն, որ այնքան պետք է Հայաստանում բնակվող հայերիս, սակայն որը չունենք ու չենք ունեցել (չհաշված բացառությունները, որոնց շնորհիվ մինչ օրս մեր երկիրը գոյատևում է):
Հոգեբան Անուշ Ալեքսանյանն ասում է, որ քաղաքացու վերաբերմունքը երկրի նկատմամբ մի քանի գործոնների ազդեցությամբ է ձևավորվում: Նախ և առաջ կարևոր է դաստիարակությունը, ապա նաև պետության վերաբերմունքը քաղաքացուն: «Եթե քաղաքացին զգում է, որ իր կարծիքը և ընտրությունը հարգված են, իրեն զգում է ոչ ֆիկտիվ, իրական քաղաքացի, հետևաբար, ստանձնում է պատասխանատվություն իր երկրի նկատմամբ»,- ասում է Ալեքսանյանը:
մնալ-գնալ (1)Խոսելով Հայաստանում տիրող տրամադրվածության մասին` հոգեբանն ասում է, որ այստեղ մարդն իրեն պաշտպանված չի զգում, չնայած արտաքուստ խաղաղ պայմաններում ենք ապրում: Նրա կարծիքով` այստեղ քաղաքացին իրեն իրականում երկրի քաղաքացի չի զգում, քանի որ իր կարծիքի հետ հաշվի չեն նստում, որոշումների կայացման գործընթացում ընդգրկված չէ:
«Հայրենիքի զգացողությունը ձևավորվում է երկրի հանդեպ ունեցած պատասխանատվությամբ, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ քաղաքացին մասնակցում է որոշումների կայացման գործընթացներին և տեսնում իր իսկ որոշման արդյունքները, լինի դա լավ, թե վատ»,- ասում է Ալեքսանյանը` հավելելով, որ նման պարագայում մարդը պատրաստ կլինի դիմանալ անգամ ծայրահեղ պայմաններին` չլքելով երկիրը, որի նկատմամբ պատասխանատվություն է զգում:
Ալեքսանյանն ասում է, որ քաղաքացու կարծիքն անտեսելու դեպքում մարդը սկսում է իրեն տվյալ երկրի լիարժեք քաղաքացի չզգալ, օտարվում է: Եվ այժմ Հայաստանում ունենք օտարված քաղաքացիների մի հոծ զանգված:
Հոգեբանի կարծիքով` իրավիճակը շտկելի է, միայն թե պետական մոտեցում է հարկավոր. «Եթե անգամ 2-3 որոշում ընդունվի ժողովրդի մասնակցությամբ, դա շատ բան կփոխի»:
Հիմա անդրադառնանք պետական մոտեցմանը. կա՞ արդյոք պետական ընդհանուր քաղաքականություն, թե ինչ քաղաքացի է ուզում ապագայում ունենալ, ըստ որի էլ կկազմակերպվեր վաղվա սերնդի կրթությունն ու դաստիարակությունը: Կարծում եմ` ոչ: Վաղվա քաղաքացու տեսլականը չկա, հետևաբար չկա նաև ցանկալի արդյունքին հասնելու ուղին: Սկսած մանկապարտեզից ու դպրոցից` երեխան ստանում է ոչ թե ազգային, այլ բառիս բուն իմաստով` ապազգային կրթություն. ոչ դասագրքերն են բանի պետք, ոչ էլ ուսուցիչների դիրքորոշումը որպես քաղաքացիների (եթե չհաշվենք հատուկենտ բացառությունները, որոնք ընդամենը կաթիլ են մեկ բաժակ ջրում):
Ահա երեխան իբրև թե կրթություն է ստանում, բայց այդպես էլ չի ծանոթանում մեր պատմության փառահեղ էջերին, որոնք կարող էին նրա մեջ հայրենասիրություն դաստիարակել, օրինակ ծառայել: Դասագիրքն ավելի շատ ժամանակագրության է նման: Պատկերացրեք` նման չոր շարադրանքը մատուցում է ուսուցիչը, որը երազում է օր առաջ լքել այս երկիրը, ուստի ամեն կերպ վատաբանում է այն, դժգոհում, միամիտ անվանում երեխային, որը գուցե հայտարարում է, որ բանակում լավ զինվոր կլինի, հետո էլ լավ քաղաքացի (ինքս մեկ անգամ չէ, որ դպրոցում նման իրավիճակների եմ հանդիպել): Ստացվում է, որ այսօրվա օտարացած սերունդը դաստիարակում է վաղվա առավել օտարացած քաղաքացիների` հույսի նշույլ չթողնելով հայրենասիրության ու հայրենանվիրության համար:
Իրավիճակը կարելի է շտկել միայն պետական մակարդակով քայլեր ձեռնարկելով` ըստ նախապես մշակված գործողությունների պլանի:
Հստակ է, որ քաղաքացու կարծիքը պետք է լսել ու նրան մասնակից դարձնել որոշումների կայացմանը, ինչպես ժողովրդավարությունն է ենթադրում: Բացի այդ, դպրոցական դասագրքերը չպետք է տաղտուկ ժամանակագրության նմանվեն. երեխան դեռ վերլուծական մտածողություն չունի, հարկավոր է մատչելի շարադրանքով մեկնաբանել, թե՛ մեր անցած ուղին, թե՛ թույլ տված սխալները` մատնանշելով դրանցից խուսափելու եղանակները: Երրորդ` հարկ է դեռ մանկապարտեզի հասակից երեխայի մեջ սեր ու հարգանք սերմանել դեպի պետական խորհրդանիշները` դրոշը, գերբը, օրհներգը: Ունենք, չէ՞, բազմաթիվ երկրների օրինակներ, որտեղ ուսումնական հաստատություններում օրը սկսվում է դպրոցի բակում հոտնկայս հիմնը երգելով ու դրոշի առջև խոնարհումով: Նույնը հարկավոր է և մեզ մոտ կիրառել:
մնալ-գնալ (2)Բացի այդ, հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից: Մինչդեռ ներկայիս մատաղ սերունդն իր բակից այն կողմ ոչինչ չի տեսնում: Ուստի հարկ է ԿԳՆ նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ տարվա մեջ գոնե 2 անգամ էքսկուրսիաներ կազմակերպել դեպի Հայաստանի պատմական վայրեր, որի ընթացքում բանիմաց զբոսավարը կներկայացնի տվյալ վայրի, հուշարձանի ողջ պատմությունը: Կարևոր է նաև, որ մարզերի երեխաները հնարավորություն ունենան պարբերաբար պատմության, գրականության դասերը թանգարաններում անցնելու, որտեղ տեսածն ու լսածը շատ ավելի լավ կամրապնդվի երեխայի գիտակցությունում:
Վստահ եմ, որ այս ամենը գիտակցողներ կան: Մնում է, որ պետական մակարդակով կամք դրսևորվի ու քայլեր ձեռնարկվեն վերոնշյալը և դեռ ավելին կյանքի կոչելու համար:

Ամեն ինչ վերածվել է ցածրարժեք հումորի. մինչև ո՞ւր

Haykuhi-Barseghyan1Ծիծաղի միջազգային օրը հայկական լրատվադաշտում կատարվողը առիթ դարձավ մտածելու, թե ինչպես ենք մեզանում օգտագործում երգիծանքը: Ինչպես գիտենք, երգիծանքը կարող է լինել բուժող դեղամիջոց, բայց նաև հակառակ ազդեցությունն ունեցող` կախված նրանից, թե ինչպես ու որ պարագայում ենք այն օգտագործում: Պետք է նշել, որ մեր իրականությունը զննելիս պարզ է դառնում, որ առավել հաճախ երգիծանքը մեզ մոտ սխալ է կիրառվում. կյանքի որևէ ասպարեզ զերծ չի մնացել, ամեն ինչ վերածվել է ցածրարժեք հումորի, որն իրականում անգամ ժպիտ չի առաջացնում, փոխարենը արժեզրկում է այն, ինչին որ դիպչում է:
Պատանիների, նոր կյանք մտնող սերնդի հետ խոսելիս սովորություն ունեմ առիթն օգտագործել ու հայրենիքից, երկրի հանդեպ պարտքից ու սիրուց խոսել` հասկանալու նրանց տրամադրվածությունը և մտածելակերպը: Վերջերս, սակայն, ամեն անգամ նման խոսակցություններից տհաճ եզրակացություն եմ անում. ազգային ինչ արժեքից էլ խոսք լինի` ավարտվում է ինչ-որ հիմար արտահայտությամբ, որն իբրև թե հումոր է, համենայն դեպս, այդ արտահայտությունները մեր ռեյթինգ վայելող երգիծական հեռուստահաղորդումները որպես այդպիսին են ներկայացրել:
Արդյունքում` Րաֆֆու Սամվելի արարքը դառնում է ոչ թե հայրենասիրության ծայրագույն դրսևորում, այլ «դարի մեծագույն կրիմինալ, որն արդարացվում է «հայրենասիրություն» սուտ եզրույթով», բանակը դառնում է «անկարողների» վայր, հայրենիքը` ոչինչ չասող ու չնշանակող բառ ու այսպես շարունակ:
Կյանքում արժեքներ կան, որոնք անձեռնմխելի են: Կան, չէ՞, հնագիտական արժեք ունեցող իրեր, որոնք վակուումում են պահվում օդի հետ շփումը բացառելու և իրը քայքայումից փրկելու համար: Այդպես էլ մի շարք ազգային ու բարոյական արժեքներ և գաղափարներ կան, որոնք պետք է վակուումում պահել` բոլորի համար անձեռնմխելի վիճակում: Սակայն երբ դա չենք գիտակցում ու արժեքն իջեցնում ենք իր անձեռնմխելիության պատվանդանից կամ էլ հանում վակուումից, միանգամից վրա է հասնում քայքայումը, իմաստազրկումը:
Այս պահը մեր իրականությունում արդեն վրա է հասել: Մի ողջ սերունդ դաստիարակվում է առանց արժեքների, որոնք պիտի հիմք դառնան երկրի ու ազգի պահպանությանը: Ժամանակն է դա գիտակցել ու ստեղծված իրավիճակից ելքեր փնտրել: Սակայն ճիշտ հակառակն է տեղի ունենում. հետզհետե ամեն ինչ ոտնատակ տվողների ու արժեզրկողների բանակն ավելանում է: Ապրիլի 1-ին լրատվադաշտում կատարվողը դրա վառ ապացույցն էր:
Քլիքամանիայուվ տառապող լրատվամիջոցներից շատերը հնարեցին հրատապ լուրեր` առանց ընթերցողին տեղյակ պահելու, որ դա ապրլիմեկյան կատակ է: Մարդիկ, բնականաբար, շփոթության մեջ ընկած, աջ ու ձախ փորձում էին ճշտել` իսկապե՞ս եղել է. երկրի նախագահը Քեսաբ է մեկնել, ՍԴ-ն որոշումը հրապարակել է, ինչի կարիք ունեն նորածին յոթնյակի ծնողներն ու այդպես շարունակ: Եվ քանի որ «կատակ անողները» չէին բարեհաճել գոնե վերջում իրենց ընթերցողին տեղեկացնել, որ դա իրականությանը չհամապատասխանող լուր է, մի շարք այլ լրատվամիջոցներ էլ արտատպել էին լուրերը:
Փաստորեն, հայկական լրատվադաշտի որևէ լուր այդ օրը հավաստիություն չէր ենթադրում: Ի՞նչ տեղի ունեցավ. գուցե մի քանի կայքեր այդ մեկ օրը մի քանի տասնյակ կամ հարյուրյակ ավելի դիտում ունեցան: Փոխարենը վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ ևս մեկ աստիճանով ընկավ, լրատվամիջոցներն էլ իրենց հեղինակության բարձունքից ևս մեկ աստիճանով իջան: Եվ կարևոր չէ, թե որոնք են մասնակցել բոլորովին ոչ ծիծաղելի հումորին . լսարանի վերաբերմունքը մեծ մասամբ ընդհանրացված է: Ընթերցողն այլևս նյութ կարդալիս միշտ ներքուստ կասկած կունենա` հնարավոր է, որ սա ևս չի համապատասխանում իրականությանը…
Վերջում հումորասերներին հիշեցման կարգով տեղեկացնեմ, որ հումորի սահմանումներից մեկի համաձայն` այն ծիծաղելին հասկանալու, տեսնելու և դա ի ցույց դնելու կարողությունն է:
Կյանքում ծիծաղելի բաներ կան ինչքան ուզեք, վեր հանեք դրանք: Բայց արժեքները, որոնք բոլորովին էլ ծիծաղելի չեն, չպետք է արհեստականորեն ծիծաղի առարկա դարձնել:

 

 

Քեսապը` թուրքական ահաբեկչության եւ ռուսական ապատեղեկատվության միջեւ

Շահան ԳանտահարյանՔեսապի դեպքերի առնչությամբ թվում է, որ տեղեկատվական պատերազմը Սիրիայում իր գագաթնակետին է հասել: Խոսքը չի վերաբերում միայն պատերազմի առաջին օրից սկսած իշխանություն-ընդդիմություն դիրքեր գրավել-վերագրավել անվերջանալի հաստատվող-հերքվող (ապա)տեղեկությունների  շղթային:

Մի կողմից Անկարան քաղաքական անհեթեթության նմուշներ  է հրամցնում ոչ միայն իր տարածքներից դեպի Քեսապ թափանցման գործողություններին նկատմամբ պյուղատոսություն ցուցադրելով, այլ տարհանված քեսապահայությունը ՙՙհյուրընկալ՚՚ Թուրքիա հրավիրելով: Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ Սիրիայի ընդդիմադիրների կողմից Քեսապի գրավմանը Թուրքիայի ուղղված ամբաստանությունները անհիմն են:
Անկարայի այս դիրքորոշումը հերքելու համար հենց Թուրքիայում յութուբյան բացահայտումներ արձանագրվեցին, թե ինչպես թուրքական սահմանապահ զորքերը հանգիստ անցք էին տրամադրում զինյալ խմբավորումներին` անցնելու սիրիական սահմանը: Ավելի՛ն. արտգործնախարարի, բանակի հրամանատարի եւ ծառայության պետի միջեւ հեռախոսային գաղտնալսված խոսակցությունների հրապարակումը պարզ դարձրեց, որ դեպի Սիրիա ներխուժման գործողությունները ծրագրավորված էին: Յութուբյան այս բացահայտումները գուցե ներթուրքական հարթության վրա կարելի է դիտարկել վերջին շրջանում գործող վարչակարգի հեղինակազրկման միտող բացահայտումների ընդհանուր պարունակում: Ինքնակառավարման ընտրությունները եկան ընդգծելու, որ այդ բացահայտումները վճռորոշ ազդեցություն չեն գործել ընտրազանգվածի դիրքորոշման վրա:
Անկարայի յուրահատուկ այս «հյուրընկալության» հայտարարությունը նոր չէ. Սիրիայի պատերազմի առաջին օրերից սկսած նման խաղաղասիրական «բարի կամեցողության» դրսեւորումներ ունեցան Անկարայի բարձրաստիճան դեմքերը հատկապես սիրիահայության ուղղությամբ: Պատրանքային տպավորություն ստեղծող քարոզչաքաղաքական այս գործողություններին համընթաց զարգանում է նաեւ թուրքական տեղեկատվական համակարգը, որ քաղաքական անհեթեթության նշանավոր օրինակներ է տրամադրում դիպաշարին հետեւողներին:
Սակայն տեղեկատվական պատերազմը միակողմանի չէ: Նույն ուժգնությամբ համարժեք գործողությունների ծավալ կա նաեւ ռուսական կողմից: Հատկապես Քեսապի դեպքերի առաջին օրվանից ապատեղեկատվության ալիք բարձրացավ, որի տեղաշարժի աղբյուրները այս դեպքում ռուսական ներշնչումներ ունեին: Հայ տեղեկագիտությունը վերջերս համացանցի վրա բացահայտեց, իբրեւ թե քեսապահայության դեմ գործադրվող ջարդերի, հավաքական սպանությունների, գնդակահարումների տեսաերիզների մի շարք: Առաջադրանքը այս դեպքում, ոչ անպայման հայկական գործոնը ներքաշելուն էր վերաբերում, որքան հանրային կարծիքը ցնցելու, թե Արեւմուտքի օժանդակությամբ եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ուղղակի նախաձեռնությամբ միջազգային ահաբեկչությունը ի՛նչ ավերներ  է գործում Սիրիայում:
Տեղեկատվական պատերազմի ալիքի մակընթացության այս մակարդակի նվաճումը բացատրվում է այն իրականությամբ, որ Քեսապը նախադուռն է ծովեզերյա Սիրիայի, որ գործող իշխանության գլխավոր հենակետն է եւ ռուսական ռազմանավերի ռազմակայանը: Ուրեմն ռազմավարական կարեւորագույն այս հենակետի պահպանման կամ կորստի նախապատերազմն է, որ առայժմ կիրառվում է տեղեկատվական հարթության վրա: Բայց տեղեկատվականը նախապատրաստությունն է այլ գործողությունների: Չի ուշանա հստակացումը, թե սիրիական զորքերի շրջանում կուտակումը նախանշում է ծայրահեղականների մաքրագործման ընդհանուր արշավը: Բայց առաջադրվածը հայտնապես ավելին է: Պաշտոնական Մոսկվայի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարելու առաջարկը ավելի պարզ է դարձնում Մոսկվայի վճռականությունը միջինարեւելյան իր կարեւորագույն հենակետը չզիջելու:
Աշխարհաքաղաքական այս մեծ օրակարգի տակ հայտնված Քեսապի ուղղությամբ արձանագրվող զարգացումներին առընթեր հայկական գործոնը նվազագույն վնասով դուրս գալու առաջնային խնդիրն է դիմագրավում: Անկարան մի կողմից ծայրահեղականների ձեռքով սանձազերծում է հարձակում Քեսապի դեմ եւ ապա տարհանված քեսապահայությանը Թուրքիա է հրավիրում, մինչ Մոսկվան տեղեկատվական պատերազմի թեժացում է կազմակերպում աշխարհին ցույց տալու համար, որ քրիստոնյա հայերը Քեսապում ջարդի եւ բռնության  են ենթարկվում եւ որի համար ՄԱԿ-ի արտակարգ նիստ է անհրաժեշտ։
Քեսապը այսօր ներկայացնում է աշխարհաքաղաքական տարողություն: Հայտնված իբրեւ կարեւոր հանգույց` տարածաշրջանային մակարդակի վրա արձանագրվող գործընթացների: Առանց ներքաշվելու ռուսական ապատեղեկատվության դաշտ, հայկական կողմը բոլոր պատճառներն ունի Անկարայի դերակատարության բացահայտման քարոզչաքաղաքական աշխատանքները ծավալելու:

 

Շահան Գանտահարյան

«ԱԶԴԱԿ» թերթի գլխավոր խմբագիր

Անկախ

 

Քեսապ. 0 Ժամ. տարհանում, ապաստանի եւ օժանդակության տրամադրում, բայց նաեւ քարոզչաքաղաքական աշխատանք

քեսաբ,Քեսապի ուղղությամբ իրականացվող ներթափանցման զինվորական գործողությունները, անկախ  հետապնդած ռազմավարական առաջնային նպատակներից, աղետալի հետեւանքներ են ունենում տեղի հայ ազգաբնակչության համար:

Պետք է արձանագրել, որ դեպի Քեսապ թուրքական անցակետերից նախաձեռնվող նման թափանցման լայնամասշտաբ գործողության հաւանականությունը սիրիական պատերազմի առաջին օրերից գոյություն ուներ հայկական կողմի համար: Երբ Թուրքիան բացահայտ զինում և ֆինանսավորում է զինյալ խմբաւորումներին, ապա այս դեպքում Քեսապի շրջանը պոտենցիալ կարեւոր միջավայրերից էր նկատվում եւ շարունակում է նկատվել թափանցման, բայց մանաւանդ Սիրիա-Թուրքիա տվյալ սահմանի շփման գծին տիրապետելու համար: Զինվորական այս ծրագրի պահն էր պարզապես, որ չէր ճշտվել: Թուրքական տարածքներից Սիրիա հարձակման 0 ժամը:

Այս մտահոգությունը, աւելի ճիշտ պիտի լիներ ասել վտանգը, առկա էր Քեսապի համար. հայտնաբար մնայուն այս սթափ եւ համապատասխան պատրաստվածության իրականությունն էր, որ դեպքերի սկսմանը զուգահեռ շատ արագ կազմակերպվեցին տարհանման գործողությունները: Պաշարված շրջանները եւս, երբ բանակի մարտերի թեժացման եւ որոշ դիրքերի վերագրաւման հետ նկատելի դարձաւ պայմանների համեմատական փոփոխությունը, ճեղքվեցին եւ այդ տեղերը եւս ապաստանած  հայրենակիցները տեղափոխվեցին համեմատաբար աւելի ապահով վայրեր:

Պետք է աւելացնել, որ տարհանման նման տարողության ընկալման պատրաստ էր նաեւ Լաթաքիայի շրջանի հայկական շտաբը, որ անմիջապես տարհանված հայրենակիցներին ընդունելու միջոցառումների դիմեց: Փաստորեն, մի քանի  հանգրվանով իրականացած տարհանման գործողություններըը, հակառակ ծանր բախումներին, ռմբակոծումներին, հրացանաձգություններին եւ բնակավայրերի ուղղությամբ արձակազենների արձակած կրակահերթերին, անցան առանց մարդկային վնասների:

Մյուս կողմից սակայն, ամբողջ մի հայկական գյուղի ամայացումը մռայլ հուսահատական գույներով պարուրեց ոչ միայն շրջանի հայությանը, այլ նաեւ հայկական աշխարհը: Քեսապահայության արմատները ձգվում են մինչեւ 10-րդ դար: Երկու օրվա ընթացքում արագ ամայացումը եւ մինչ այժմ նաեւ գյուղի եւ հայկական կառույցների ճակատագրի անորոշությունը, մեղմ ասած, մխիթարական հեռանկարներ չեն ուրվագծում հայրենիքի սահմանամերձ գաղթօջախների հեռանկարին:

Հրատապ աշխատանքների հրամայականը աւելի քան գերակա օրակարգ է Հայաստանի Հանրապետության եւ սփիւռքահայ հոգեւոր եւ քաղաքական կենտրոնների համար: Քաղաքական-հարաբերական աշխատանքներ, զինյալ խմբաւորումների չեզոքացման եւ գյուղի անդորրի վերահաստատման նպատակով օպերատիւ հանդիպումներ, կոչեր: Բայց մանաւանդ Լաթաքիայում ժամանակաւոր հաստատված քեսապահայության օժանդակության աշխատանքների արտակարգ թափ:

Քաղաքական տրամաբանությունը եւ նրան ուղեկցող Սիրիայի տարածքում ծաւալվող զինվորական գործողությունների հաջորդականությունն ու ընդհանրապես երեւացող ռազմավարությունը կարող են հուշել, որ թեկուզ Թուրքիայից սանձազերծված լինելուն այս գործողությունները քեսապահայությունը չունեն իբրեւ առաջնային թիրախ: Որ քեսապահայության տարհանումը (այս դեպքում` տեղահանությունը), գյուղի ամայացումը, հաւանական թալանն ու հայ կազմակերպված համայնքի չեզոքացումը եւս բխում են սահմանից այն կողմ գործող պետության շահերից, վիճարկման խնդիր չէ անշուշտ: Ռազմավարական նշանակություն ունեցող հենակետերի գրաւումն ու հայության հասանելիք վնասները իբրեւ թուրքական տարածքներից կառավարվող ծրագրերի հետապնդած համատեղելի շահեր աւելի համոզիչ կարող է  դարձնել գործողությունների պատճառահետեւանքային մղումները:

Հայկական կողմին վերապահված նշված աշխատանքներից  բացի, քարոզչաքաղաքական աշխատանքները բոլորից աշխույժ ձեւով կարող են կենտրոնանալ միջազգային ահաբեկչության դեմ միջոցառումներ որդեգրած, դրա դեմ աննահանջ պայքար հայտարարած միջազգային ընտանիքի առնչված կառույցների վրա` Թուրքիայի այս առումով ունեցած փաստացի դերակատարությունը լույսի բերելու նպատակով եւ համարժեք հակազդեցություն ակնկալելով։ Դժվար չէ ենթադրել, թե Անկարայի ի՜նչ տեսակ ծառայությունների համապատասխան լայնածիր օժանդակություններ է ստացել  Թուրքիայում գործող, ֆինանսաւորվող, ռազմափորձերի մասնակցող աշխարհաքաղաքացիական ահաբեկչությունը:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Անկախ

Նախընտրական Թուրքիա. հայացք ներսից

թուրքիա,ընտրություններ Հայտնի է, որ մարտի 30–ին Թուրքիայում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց ընթացքում քաղաքական կուսակցությունները հերթական անգամ պայքարի մեջ կմտնեն իրենց թեկնածուների հաղթանակի ակնկալիքով: Ընտրական գործընթացը, ինքնին լինելով բարդ, հաճախ անկանխատեսելի մի երևույթ, թուրքական միջավայրում կրում է մի շարք առանձնահատուկ գործոնների ազդեցություն, որոնք կարծես թե դարձել են այս պետության քաղաքական օրակարգի անբաժան մասը: Դրանք ունեն ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հիմքեր:

Ինչպես գիտենք, հանրության քվեարկությանը դրված ընտրություններին սովորաբար նախորդում է նախընտրական բուռն շրջան, որն ուղեկցվում է քարոզարշավներով, հանրային ելույթներով ու ակցիաներով: Հետևելով Թուրքիայի քաղաքական օրակարգին՝ կարելի է նկատել, որ կուսակցական պայքարը այստեղ ընթանում է ամեն օր, իհարկե թեժանալով նախընտրական շրջանում: Հաշվի առնելով թուրքական հասարակական-քաղաքական կյանքի անկանխատեսելի բնույթը` պետք է փաստել, որ երբեմն մեկ օրում ծագած իրադարձությունները կարող են շրջադարձային նշանակություն ունենալ՝ էականորեն ազդելով հետագա գործընթացների վրա:

Ընդհանրապես Թուրքիայում ընտրական գործընթացը կարելի է համեմատել թղթախաղի հետ, այսինքն հաղթում է նա, ով ավելի ուժեղ ու ազդեցիկ խաղաքարտ ունի հակառակորդի դեմ: Եթե ուսումնասիրենք վերջին տասը տարում Թուրքիայի նախընտրական տարբեր ժամանակահատվածները, ապա կարող ենք նկատել, որ հակահարվածների քաղաքականության մեջ ամենից գործածականը հակառակորդին վարկաբեկելու մեթոդն է: Այս նպատակին հասնելու համար քաղաքական կուսակցությունները օգտագործում են ամենատարբեր եղանակներ: Այժմ դիտարկենք, թե ՏԻՄ ընտրություններին, ինչպես նաև դրանցից կարճ ժամանակ անց սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ ինչ իրադարձություններ տեղի ունեցան Թուրքիայում, որոնք, անկասկած, իրենց հետքը կթողնեն ընտրությունների արդյունքների վրա:

Այսպես, անցած տարի Ստամբուլի «Գեզի» այգու ծառահատման պատրվակով սկսված և ողջ Թուրքիան համակած հակակառավարական բողոքի ակցիաները, թերևս սկիզբն էին այն մեծ խառնաշփոթի, ինչից հետո երկիրը չի կարողանում ուշքի գալ մինչ օրս: Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի տասնամյա անպարտ իշխանությունը սկսեց ճաքեր տալ: Զանգվածային բողոքի ելույթները արտահայտությունն էին այն դժգոհության, որն առաջ էր եկել կառավարության ընդունած մի շարք սահմանափակիչ որոշումների պատճառով: Ինչպես թուրքական, այնպես էլ միջազգային մամուլում, սկսեցին գրել Էրդողանի հեռանալու անհրաժեշտության, նրա միաապետական վարչակարգի փոփոխման, Թուրքիայում «արաբական գարնան» մոդելի կրկնության հավանականության մասին:

Չնայած «Գեզի» այգու իրադարձություններից հետո Թուրքիայի, ինչպես նաև Էրդողանի միջազգային հեղինակությունը անկում ապրեց, այնուհանդերձ երկրի բնակչության շրջանում անցկացված նախընտրական հարցումների արդյունքները ցույց տվեցին, որ Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությունը ձայների չնչին կորուստ է ունենալու: Սակայն մեծ խաղը դեռ նոր էր թափ հավաքում:

Մինչ Էրդողանը զբաղված էր իր խաթարված հեղինակության վերականգնմամբ, վերջինիս հակառակորդները նոր խաղաքարտ էին փնտրում նրա դեմ: Այս անգամ ընտրվեց կուսակցությունը ներսից թուլացնելու ճանապարհը: Մասնավորապես սկսեցին հակասություններ առաջանալ Թայիփ Էրդողանի և նրա կուսակցության գաղափարական հենքը հանդիսացող Ֆեթուլահ Գյուլենի շարժման միջև: Տարաձայնությունները այնքան խորացան, որ Էրդողանը Գյուլենին մեղադրեց պետության ներսում «զուգահեռ պետություն» ստեղծելու մեջ, կոչ արեց նրան վերադառնալ ԱՄՆ-ից, կազմավորել քաղաքական կուսակցություն և պայքարի մեջ մտնել արդար ճանապարհով, այնուհետև կադրային լուրջ փոփոխություններ կատարեց անվտանգության համակարգում: Ի պատասխան սրան՝ Գյուլենը Էրդողանի հասցեին անեծքներ հղեց, նույնիսկ բարձրաձայնվեց, թե «ինչու չի մահանում բարձրահասակ մարդը (Էրդողանը), քանզի նա հիվանդ է»:

Տարեվերջին Թուրքիան հերթական ցնցումը ապրեց: Կոռուպցիոն խոշոր սկանդալը, ընդգրկելով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, նախարների ու նրանց որդիներին, աստիճանաբար նեղանալով, սկսեց պտտվել վարչապետ Թայիփ Էրդողանի ու նրա որդու՝ Բիլալ Էրդողանի անվան շուրջ: Հոր ու որդու հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, հայտնվելով համացանցում, կարծես ժողովրդին ցույց տվեցին իրենց առաջնորդի իրական դեմքը՝ վտանգի տակ դնելով մոտակա ընտրություններում նրա կուսակցության հաղթանակը: Եվ սա այն պարագայում, երբ Էրդողանը հավակնում է դառնալ երկրի հաջորդ նախագահը:

Բոլորովին վերջերս Թուրքիայում բարձրացավ հակակառավարական ցույցերի նոր ալիք, որի համար պատճառ հանդիսացավ «Գեզի» այգու ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից վիրավորված և 269 օր կոմայի մեջ մնացած 15-ամյա Բերքին Էլվանի մահը: Մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ Էլվանը վաղուց արդեն կյանքի ոչ մի նշան ցույց չէր տալիս և նրան փաստացիորեն կենդանի էին պահում բժշկական սարքերի միջոցով, որպեսզի նրա մահը արձանագրեն հենց նախընտրական շրջանում: Հենվելով այս դիտարկման վրա՝ կարելի է հստակ տեսնել խաղաքարտերի քաղաքականության ձեռագիրը:

Խոսելով նախընտրական շրջանում իրար դեմ խաղաքարտեր օգտագործելու երևույթի մասին, պետք է անդրադառնալ նաև հայկական ծագման գործոնի շահարկմանը: Թուրքիայում քիչ չեն դեպքերը, երբ հակառակորդին հեղինազրկելու համար նրան «մեղադրում են» հայկական ծագում ունենալու մեջ՝ նվազեցնելով նրա շանսերը հասնելու ցանկալի արդյունքի: Այս խաղաքարտը օգտագործվեց ներկայիս նախագահ Աբդուլահ Գյուլի դեմ, երբ վերջինս դեռ այդ պաշտոնի թեկնածու էր: Նման «մեղադրանք» ներկայացվեց նաև Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին: Երկու քաղաքական գործիչներն էլ շտապեցին դատական գործ հարուցել իրենց վարկաբեկողների դեմ:

Այսպիսով Թուրքիան գտնվում է նախընտրական կրքերի հորձանուտում և ամեն օր այս երկրում տեղի են ունենում նոր զարգացումներ: Հաշվի առնելով վարչապետ Էրդողանի վերջին ցնցող քայլը՝ «Թվիթեր» սոցիալական կայքի արգելափակումը, մինչև մարտի 30-ը կարող ենք սպասել անսպասելին:

 

Տաթևիկ Սարգսյան, Ստամբուլ

 Անկախ

Ղրիմի հանգույցը հայկական գործոնի հարաբերակցությամբ

Շահան1Ռուս-ուկրաինական հարաբերությունների խորապատկերի վրա լուսարձակները  տեղաշարժեր են արձանագրում եւ կենտրոնացման արագ փոփոխություններ են կատարում, իրադարձությունների միջավայրային տեղափոխումների անմիջական զուգահեռականությամբ։ Մայդանը համեմատաբար ստվերում է մնացել այս օրերին Ղրիմի վրա աշխարհաքաղաքական ուշադրության շատ արագ սեւեռման պատճառով։

Փորձենք հեռու մնալ աշխարհաքաղական մեծ օրակարգերի հետ կապված հայտարարողական թե գետնի վրա երեւացող ոլորապտույտներից, ամփոփվելու համար հայկական գործոնի հարաբերակցությամբ իրադրային նշանակություն ունեցող գործընթացները։

Ղրիմում տեսանելի դարձող քաղաքական շարժերը հայկական գործոնի հարաբերակցությամբ երկու ուղղությամբ մեկնաբանությունների դուռ են բացում։ Եթե մի պահ շատ արագ մտաբերենք Ղրիմի հայ համայնքի պաշտոնական մարմինների հրապարակումները, որ հայությունը այնտեղ ներքաշված չէ լարված իրավիճակի մեջ, անմիջապես  իբրեւ թեժ առաջնային կետ տեսանելի է դառնում արցախյան հիմնահարցը, դիպաշարի զարգացման առընթեր անպայման նկատի ունենալով Ղրիմի նկատմամբ Մոսկվայի որդեգրելիք զինվորաքաղաքական քայլերը, Արեւմուտքի պատժամիջոցային ճնշման հակազդեցությունը, ՀԱՊԿ-ի (չ)աշխատելը եւ Հայաստանի Հանրապետության, այս առումով դեպքերից զերծ մնալու փաստը կամ ՎՈՒԱՄ-ի վերաշխուժացման հավանականության (ան)իրատեսությունը։ Ղրիմը Ռուսաստանին վերադարձնելու պահանջների կողքին իբրեւ հնարավորություն կքննարկվի նաեւ Աբխազիայի եւ Հարաւային Օսիայի կարգավիճակի շնորհման հարցը։ Այս ենթադրյալ տեսությունն է, որը առաջնորդում է նույն կարգավիճակի մասին մտածելու նաեւ Արցախի դեպքում։

Արցախը կարող է դուրս մնալ քաղաքական այս առեւտրից, նկատի ունենալով արդեն իսկ ռուս-վրացական եւ ռուս-ուկրաինական ոչ բնականոն  հարաբերությունների վրա նաեւ չաւելացնելու ռուս-ադրբեջանականը։ Որոշակի ուղղվածություն կա սակայն, որ իրեն զգալի է դարձնում։ Այն էլ ռուս եւ տվյալ կողմի հետ պատերազմների իբրեւ անմիջական հետեւանք տարածքային ամբողջականությունների վերաքարտեզագծումն է, որ եթե ոչ այս հանգրվանին, գուցե այլ հանգամանքներում վերաբերի նաեւ Արցախին։ Իրողական անկախութիւնների  ռուսական միակողմանի ճանաչման մասին է խոսքը առաւելաբար։

Հայաստանի Հանրապետության հետ կապված, փորձ պետք է կատարել դիտարկելու համար կազմաւորման ընթացքում եղող Մաքսային միության ճակատագիրը, տրված լինելով, որ մեծ հանգույցը այս գործընթացում Կիեւն էր. իշխանափոխված Կիեւը արդեն իսկ խանդավառ պատրաստակամություն է հայտնում դեպի Եվրամիություն սուրալու։

Ուղղակի անուղղակի յուրաքանչուր աղերս իր հերթին քաղաքական վերլուծումների կարիքն ունի, միշտ նկատի ունենալով աշխարհաքաղաքական գերտերությունների շահագրգռվածության չափն ու կշիռը այս բոլորում։

Վերջապես, թուրքական գործոնի աշխուժացումը Ղրիմի աշխարհաքաղաքական օրակարգ հայտնվելու առիթով։ Ղրիմում ստեղծված անկայունության առաջին օրերից իսկ Անկարան սկսել  էր ներգրավվել այս հարցում, իր աշխույժ հետաքրքրությունը  պայմանաւորելով այն բնորոշումով, որ Ղրիմի թաթարները իրենց հայրենակիցներն ու ցեղակիցներն են։ Անկախ այն իրողությունից, որ Անկարան Ղրիմի նկատմամբ լուրջ հաւակնություններ մատնող քայլեր է կատարում, աւելորդ չի լինի ենթադրել, որ ներքին բարդ մարտահրաւերներ եւ ճգնաժամներ ունեցող Թուրքիան այսպիսով իր տագնապը արտահանում է դեպի արտաքին օրակարգ համաթուրքական առաջադրանքներ ձեւակերպելով`  ցեղակիցներին, հայրենակիցներին տիրություն անելու կարգախոսներով։ Հետաքրքրական է մեջբերել նաեւ Դավութօղլուի հայտարարության այս բաժինը.

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, դիմելով Ղրիմի բնակիչներին, ասել է. «Թող ձեզ մոտ անգամ հարց չառաջանա այն մասին, որ մենք իրադարձություններից դուրս կմնանք։ Մենք առաջինը կշտապենք մեր եղբայրներին օգնության, որոնք դժվարության մեջ են հայտնվել», – «Մենք առաջինը կշտապենք Ղրիմին օգնության. մասունքներ, որոնք թողել են մեր նախնիները»:

Դավութօղլուի պաշտոնավարած երկրում այլ մասունքներ թողած այլ ժողովրդներ էլ կան, որոնք երբ պահը գա դեպի այնտեղ շտապելու պատճառներ ունեն։ Այս մասին էլ Դավութօղլուի ներկայացրած պետության համար «անգամ հարց չպետք է առաջանա»։

Հայկական ոսպնյակը բազմաթիւ ուղղություններով իր կենտրոնացումը Ղրիմի վրայից չհեռացնելու պատճառներ ունի։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

 Անկախ

ՙՙԱզատությունը՚՚ կանխել է ՙՙՄայդանը՚՚ 26 տարով

Շահան ԳանտահարյանՈւկրաինայի  քաղաքական դաշտում  արձանագրվող դիպաշարը ընդհանուր առումով կարող է բնութագրվել ռուսամետ եւ արեւմտամետ կողմնորոշումների բախումներով: Սա, իհարկե, շատ ընդհանուր բնութագրում է. միջանկյալ պետք է նկատի ունենալ ժողովրդի երկու հատվածնեի բեւեռայնացման հանգամանքները` սկսած պատմական, դավանական բաժնից, լեզվական տարբերությունից, անցնելով մշակութային, հասնելու համար քաղաքական սուր հայացքների: Այստեղ համաուկրաինական հղացքը արդեն մշուշապատված է եւ տարանջատումը հետզհետե խորանում է:

Ուկրաինական պատկերների մեկնաբանությունը ենթադրում է բազմագործոնային բացատրություններ եւ հիմնավորումներ։ Այս գործընթացները դեռեվս երկար ժամանակ պիտի զբաղեցնեն միջազգային, տարածաշրջանային իրադրությունները մեկնաբանողների ուշադրությունը: Անիրատեսական չէ արձանագրելը, որ մինչեւ իսկ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խնդրո առարկա է, չասելու համար երկրի բաժանումը:

Այս արագակշռույթ զարգացումներում փորձենք կենտրոնանալ «Մայդանի» հայկական տարբերակի առաջացման հավանականության շուրջ մեր հայրենիքում ծավալվող քննարկումների վրա:

Անշուշտ «Մայդանի» աշխուժացումը հետեւեց Վիլնյուսում ասոցացման համաձայնագիրը Կիեւի կողմից չնախաստորագրելու հանկարծակի որոշմանը: Պարզ էր ռուսական գործոնի ուղղակի միջամտությունը եւ ճնշումը: Զուգահեռը այստեղ Երեւանի կեցվածքի շարժառիթը լուսաբանելու առումով հստակ գծվում է: Մոսկվան, ավելի վաղ, Երեւանից պահանջելով Մաքսային միության անդամակցության մասին որոշման հրապարակումը, նախաբանը կատարեց Ուկրաինայի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի գործընթացը առկախելու:

Ուկրաինական եւ հայկական ներքաղաքական դաշտերի կառուցվածքը եւ մանավանդ ժողովրդների այս հարցերը ընկալելու եւ հակազդեցություն ունենալու մոտեցումները բավականաչափ տարբերվում են իրարից: Եւ ճիշտ պիտի չլիներ հայկական դաշտի վրա ուկրաինական տարբերակի պատճենահանումը ակնկալելը  Երեւանում: ՙՙԱզատության՚՚ հրապարակի մայդանացման առաջադրանքի իրականացման հավանականության քննարկումը, ամենայն հավանականությամբ, պիտի հայտնվեր հայ քաղաքական մտքի այսօրվա վերլուծությունների մեջ։

Բայց. պետք չէ մոռանալ, որ Մայդանի վրա հսկայական լուսարձակներ բացողը Արեւմուտքն է, որն ի վերջո ռուսական ազդեցության գոտու փոքրացման նպատակն է հետապնդում: Ռուսական գաղութարարության դեմ բացված համաարեւմտյան այս համազարկը ճշտում է նաեւ քարոզչաքաղաքական ալիքի բարձրացման եւ տարածաշրջանի վրա տարածման կշռույթներն ու տարողությունները:

Այս ալիքից անմասն չի մնում մեր երկիրը: Ուր, անշուշտ, կա հարստապետության եւ ժողովրդի միջեւ խորացած վիհ, ուր կա նաեւ ռուսական գաղութարարության դեմ արտահայտվելու նկատառելի տրամադրություն, ուր կա, իհարկե, համակարգային փոփոխության պահանջ:

Միաժամանակ, սակայն մեր երկիրն ու ժողովուրդը փաստել են, որ համազգային ռազմավարական եւ անվտանգության էական նշանակություն ունեցող հիմնահարցերն են, որոնք կարող են մի մարդու նման ոտքի հանել հայ ժողովուրդը թե հայրենիքում, թե հայրենիքից դուրս: Ուկրաինայից օրինակ վերցնելու հորդորները չպետք է մտահան անեն, որ մեր Մայդանը` ՙՙԱզատության՚՚ հրապարակը, ամբողջ աշխարհի ուշադրության կիզակետը գրավեց, երբ դեռեվս հյուսիսի բեւեռը կայսրության հանգամանք էր վայելում թե՛ իրողապես եւ թե՛ իրավական առումով: Քաղաքագիտական տեսաբանությունը նույնիսկ այնպիսի վերլուծումներ էր կատարում, որ Խորհրդային Միության փլուզման առաջին ճեղքերի տեսանելիությունը արձանագրվեց Ղարաբաղի հարցով հայության պոռթկումներով: Հիշելը օգտակար է նաեւ, որ երբ մեր երկիրը ներքաշվեց ուկրաինական օրինակով ստեղծված իրավիճակի մեջ, մեր սահմանների ուղղությամբ շատ արագ զարգացան ոտնձգության գործողությունները հակառակորդի կողմից:

Արցախի ինքնորոշման թե երկրի անկախացման պահանջներով, ժամանակին, հզոր Հյուսիսի դեմ դուրս եկած մեր ժողովուրդը դասեր տվել է այլոց: Մեր երկիրն ու ժողովուրդը գիտեն ճշտել պահը փողոց դուրս գալու իրողապես համաժողովրդային տարողությամբ: Արեւմտամետ թե ռուսամետ կողմնորոշումների խնդիրը կամ Վիլնյուսը ընդդեմ Մաքսային միության երկվությունները արեւմտյան աշխարհի ճշտած օրենքներով ընթացող գործընթացներն են, որոնց ներքաշվելու  կամ (չ)մասնակցելու որոշումը կարող է կայացնել մեր ժողովուրդը, որը փաստել է, թե ազգային հիմնախնդիրների նկատմամբ ինչ տեսակ պահվածք է որդեգրում:

ՙՙԱզատությունը՚՚ կանխել է ՙՙՄայդանը՚՚ 26 տարով: Ռուսամետ-արեւմտամետ բախումը  պատճենահանելը անպայման չի բխում մեր երկրի ու պետության շահերից: Մենք դասեր առնելուց ավելի, դասեր ունենք տալիք այս իմաստով:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Որտեղ հույզերն են, այնտեղ փաստարկներին տեղ չկա

Haykuhi-Barseghyan1Ամենից բարձր գողն է գոռում` բռնեք գողին: Ժողովրդական այս իմաստությունն արդիական է նաև մեր օրերում:
Թուրք ազգայնականի` Հայաստան կատարած այցի շուրջ բարձրացրած աղմուկը ևս մեկ անգամ տեղիք տվեց մտածելու, թե մեր հասարակությունն իրադարձություններն ինչպես է ընկալում ու ինչպես արձագանքում: Ցավոք, ևս մեկ անգամ համոզվեցի, որ ոչինչ չի փոխվել. հասարակությունը նույն հուզական մակարդակում է, իսկ որտեղ հույզերն են, այնտեղ փաստարկները տեղ չունեն:
Վաղուց եմ նկատել` հայերիս մեջ հուզական արձագանքն ավելի մեծ դրսևորում ունի: Դպրոցական տարիներին ֆորումների էի մասնակցում, որտեղ քննարկվում էր Հայոց ցեղասպանությունը: Հենց ֆորումի շնորհիվ հասկացա, որ թեև հուզական արձագանքը սրտից է բխում ու անկեղծ է, արժեք չունի, միայն փաստարկված խոսքն է, որ կարող է դիմացինին համոզել, արժեք ներկայացրել: Իսկ եթե չունես փաստեր, ստիպված բացը լրացնում ես հուզախառն ածականներով: Սա հասկանալուց հետո այլևս կանոն է` բանավիճելիս կա՛մ ունեցիր փաստարկներ, կա՛մ էլ պարզապես բանավեճի մի բռնվիր, այլապես խղճուկ վիճակում կհայտնվես:
Սակայն, ինչպես փորձն է ցույց տալիս, այս դասը ոչ բոլորն են սերտում: Եվ նաև դրանով է պայմանավորված, որ մեր հանրության մի ստվար զանգված չի կարողանում տարբերակել կարևորն անկարևորից, փաստը հույզից:
Տարբեր ոլորտների ներկայացուցիչ-մասնագետները հաճախ են դժգոհում լրագրողներից, թե նրանք թացն ու չորը, կարևորն ու անկարևորը չեն տարբերում, ասուլիսի են գալիս, բայց բուն թեման թողած ինտրիգային, սկանդալային հարցերի վրա են կենտրոնանում ու միայն դա լուսաբանում: Բայց տխուր իրականությունն այն է, որ լրատվամիջոցի որակյալ արտադրանքն էլ հանրության կողմից պահանջարկված չէ. մարդիկ նախընտրում են լուրջ տոնով քննարկել որևէ աստղի վարտիքի գույնը, ինչ-որ երգչի կամ պաշտոնյայի սիրուհիներին կամ սիրեկաններին, հաշվել այլոց փողերը և այլն: Իսկ երբ լրատվամիջոցը լուրջ վերլուծություն է մատուցում, օրինակ` տնտեսական վիճակի մասին կամ հանրության կյանքին վերաբերող որևէ այլ ոլորտից, մարդիկ դրանով չեն հետաքրքրվում: Ստացվում է, որ հանրությունը մեծ մասամբ ցանկանում է կարդալ էժանագին, գրոշի արժեք չունեցող նյութեր` միաժամանակ քննադատելով դրանք մատուցած լրատվամիջոցներին: Պարադոքս:
Վերջերս հանրության ոչ ադեկվատ արձագանքի պատճառ դարձավ թուրք ազգայնականի այցը Հայաստան, որը ոչ առաջինն էր, ոչ էլ հավանաբար վերջինը: Բայց այս այցելության նպատակը բացառիկ էր` Հայաստանում թուրքական լրատվական գործակալության գրասենյակ բացել: Հանրությունը, փոխանակ մտածելու, թե թուրքերն ի՜նչ հեռուն գնացող նպատակներ ունեն, մտածելու, թե մենք ինչպես կարող ենք հակադարձել, թույլ չտալ, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրքերն իրենց ժխտողական քաղաքականությունն առաջ տանեն ու հայերի մեջ էլ այս հարցում պառակտում սերմանեն, աղմկում է, թե «ինչպե՞ս եք համարձակվել թուրքի հետ հաց կիսել», «ինչո՞ւ եք թուրքին հյուր ընդունել», «ո՞վ է թույլ տվել, որ թուրքը Հայաստան այցելի» և այլն:
Ստացվում է, որ «ինչո՞ւ» հարցի պատասխանը փնտրելու փոխարեն մեր հանրությունը հռետորական հարց է բարձրացնում` ո՞նց թե: Միայն թե հռետորական հարցը պատասխան չի ենթադրում, հետևաբար շոշափելի լուծման էլ չի հանգեցնի:
Այստեղ հարց է առաջանում` ինչո՞ւ ամեն մարդ իրեն ազգի դավաճան չի զգում, երբ իր հանգիստն անցկացնում է Անթալիայում ու վերադարձին էլ գոհ-գոհ թուրքերին գովերգում, նրանց փոխվելու մասին հեքիաթներ պատմում: Ինչո՞ւ հանրությունը չի դատապարտում, որ շատ հայեր Հայաստանում վաստակած գումարը վատնում են Թուրքիայում հանգստի վրա` իմանալով հանդերձ, որ զբոսաշրջության եկամուտների մի մասն ուղղվում է բանակի կարիքներին, իսկ թուրքական բանակն էլ զենք և «ուղեղներ» է մատակարարում Ադրբեջանին: Ինչո՞ւ հանրությունը չի բոյկոտում թուրքական ապրանքները, որով ողողված է շուկան, կամ ազգադավ չի հանում այն վաճառողին, որն իր ապրանքի որակը գովելու համար հպարտությամբ հայտարարում է` թուրքական է: Ինչո՞ւ է հանրությունը հանգիստ ընդունում բազմաթիվ ծրագրեր, որոնք երկու հասարակությունների երկխոսություն են քարոզում` ապահովելով երկկողմանի այցելություններ ու հանդիպումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Սակայն, չգիտես ինչու, հանրությունը դատապարտում է իրեն թուրք ազգայնական հռչակած մեկի այցելությունը Հայաստան կամ հանդիպումը նրա հետ:
Էլ ո՞ւր մնաց սթափ դատողությունը:
Այստեղ մի միտք էլ է առաջանում` իսկ ինչո՞ւ է իրավիճակն այսպիսին: Գուցե պետք է, որ դպրոցներում երեխաների մեջ վերլուծական մտածողությունը ձևավորելու և զարգացնելու ուղղությամբ աշխատեն: Չի խանգարի նաև բանավեճի մշակույթի ձևավորումը: Եթե երեխան դպրոցական տարիքից սովորի բանավիճելուն ու իր ճշմարտացիությունը փաստարկներով ապացուցելուն, ապա նույն կերպ կշարունակի վարվել նաև հասուն կյանքում` դրսևորելով ճիշտ քաղաքացիական վարք: Մինչդեռ այդ ունակության կամ մշակույթի բացակայության պայմաններում հասարակական արձագանքը ցանկացած հարցի շուրջ կողքից միայն քմծիծաղի է արժանանում ու լուրջ չի ընդունվում:
Կարծիք կա նաև, որ հանրային կարծիք ձևավորողները պետք է հանրությանը ճիշտ հունով ուղղորդեն` նման հարցերում շեշտադրությունը ճիշտ, էական խնդրի վրա կատարելով: Բայց ովքե՞ր են այսօր Հայաստանում հանրային կարծիք ձևավորում… Մի բան է պարզ, Հայաստանում լավ է գործում հանրության ուշադրությունը կարևոր հարցերից շեղելու մեխանիզմը, փոխարենը կաղում է հանրության ուշադրությունն իսկապես կարևոր, կենսական հարցերի վրա կենտրոնացնելու, կարծիք ձևավորելու մեխանիզմը, կամ էլ գուցե դա որևէ մեկին ձեռնտու չէ:
Չնայած վերջին շրջանում այս առումով կան որոշ բացառություններ, ինչպես, օրինակ` «100 դրամի» շարժումը կամ «Դեմ եմ» նախաձեռնությունը` ուղղված կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ: Հետևաբար, գուցե և կարելի է հույս փայփայել, որ առաջիկայում, շնորհիվ գիտակից ու կրթված քաղաքացիների, հնարավոր կլինի կենսական հարցերին հանրության ճիշտ արձագանքը օրինաչափություն դարձնել, բայց առայժմ դա երազանք է: Ընդ որում, դպրոցն ու ուսուցիչներն այս երազանքն իրականություն դարձնելու գործում որոշիչ դեր ունեն:

Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Անկախ

Վարուժանն ու Արմենը գիտակցված մահով կերտեցին իրենց անմահությունը

Սահմանամերձ գյուղՀացուպանրի տոպրակը միշտ թախտի ոտքից կախված էր: Ամեն րոպե հավանական էր ստիպված տնից փախչելը, տեղափոխվելը հատուկ կացարաններ` ապաստարաններ, գիշերը կամ գուցե մի քանի օր այնտեղ մնալը: Կռիվ սկսելու համար ադրբեջանական կողմի համար ժամ-պատարագ չկար: Մի անգամ հողը հերկելն էր կիսատ մնում, մեկ ուրիշ անգամ` խաղողաքաղը, մեկ այլ դեպքում ադրբեջանական գնդացիրը դպրոցական դասերն էր անավարտ թողնում, կամ էլ գյուղի մշակույթի տան ամանորյա հանդեսի երգերի ձայներն էին խլանում հակառակորդի կրակահերթի տակ: Ու եթե Բերդի ռադիոն այդ օրը լռում էր վիրավորների կամ զոհերի մասին, նշանակում էր` կարելի է լույսը բացվելուն պես շարունակել գյուղական առօրյան, ապրել ու ապրեցնել հայրենիքի այդ հողակտորը:

Ադրբեջանի հետ Հայաստանի ամենաերկար սահմանը հյուսիսարևելյան դարպասն է` Տավուշի մարզը: Ապաստարաններում միայն կանայք, երեխաներն ու պապիկ–տատիկներն էին: Տղամարդիկ դիրքերում էին, կամավոր, զենքը ձեռքին: Ասկյարը հենց որոշ ժամանակ կտրում էր ձայնը, գյուղի ամենաընդարձակ ապաստարանը` դպրոցի նկուղը, միանգամից դատարկվում էր: Եթե ոչ, ապա մեծերը զրուցում էին, փոքրերը հայրենասիրական երգերը բարձր ձայնով երգում: Խմբակային համերգը կուլ էր տալիս գյուղի վրա թափվող անգամ ամենամեծ տրամաչափի զենքի` գրադի դղրդացող աղմուկը:

90-ականների պատերազմական իրավիճակում շատերը չէին էլ գիտակցում այն նվիրական գործը, որ կատարեցին նոր ծնվող հայկական բանակն ու կամավորական ջոկատներն անկախացող Հայաստանի կայացման ու հետագա ընթացքի համար: Այդ օրը նենգ թշնամին առանց նախնական փոքր կրակոցների, միանգամից սկսեց Տավուշի ուղղությամբ խոշոր տրամաչափի զինատեսակներով գնդակոծումը: Հացուպանրի տոպրակը մնաց թախտի ոտքից կախ… Ապաստարան չկարողացանք հասնել: Բոլորի տան պատուհանները փակված էին ավազով լի մի քանի պարկերով. այդպես ավելի անվտանգ էինք զգում: Մտել էինք սեղանի տակ ու ձեռքերով ամուր փակել ականջները: Հակառակորդը դադարեցնում էր կրակահերթը, երբ մերոնք մի լավ պատասխան էին տալիս, ու մենք գիտեինք` որոնք են մեր կողմից տրվող հակահարվածները, անգամ մեր զենքերի ձայնն էինք տարբերում…

Նման մի օր էր, երբ խոզերին կերակրելիս Ռուբեն պապիկը խփվեց, գնդակից հրդեհված խոտի դեզը փրկելիս Տիգրան պապիկի ոտքը ջարդվեց, հնգամյա Ավետիքը ծանր վիրավորվեց, երիտասարդ Վարսիկին հացի հերթում այլևս չտեսանք: Երբ կրակը մի քիչ դադարեց, սեղանն ազատ թողեցինք ու բակ դուրս եկանք: Տատիկս մինչև այգու ծայրը հասավ ու արագ էլ վերադարձավ. «Վարուժը, Սաշայի տղա Վարուժը…»: Տատ, Վարուժն ի՞նչ…

1743191_691784970844095_1468161855_n1992-ի ամառն էր` օգոստոսի առաջին օրը: Տավուշի ամբողջ սահմանագծում լարված իրավիճակ էր: Վարուժան Պողոսյանն ընդամենը 19 տարեկան էր, բայց հասցրել էր արդեն Հադրութում բազկի ուժը ցույց տալ, ապա վերադառնալ հայրենի գյուղ, մտնել կամավորական ջոկատ ու դառնալ զինվորական, հագնել հայրենիքի պաշտպանի համազգեստը: Այգեպարի ուղեկալում էր, Վարուժանը եղավ նաև Պառավաքարի, Մովսեսի, Ներքին Կարմիրաղբյուրի սահմանագծում: Վարուժանի տատը` Խանում տատիկը, հետո, արցունքները սրբելով, պետք է պատմեր, որ կես ժամով թոռը եկավ տուն, ինչքան համոզեց` իր պատրաստած կարտոֆիլի տապակայից մի քիչ գոնե ուտի, նոր գնա, զինվոր թոռը չլսեց, շտապում էր, դիրքեր պետք է բարձրանար: Հին գերեզմանոցի տարածքը հիմա էլ Այգեպարի ամենավտանգավոր հատվածն է: Հակառակորդը սկսեց Մովսեսից, այնուհետև Այգեպարի սահմանագծում հարձակման անցավ: Վարուժանն ու նրա մարտական ընկերները` թովուզցի Աշոտը, վերինկարմիրաղբյուրցի Ռոբերտը, նավուրցի Հրաչն ու այգեպարցի Դավիթը, հակահարաձակման անցան: Դավիթ Անիկյանը, որ այժմ Պառավաքարի գումարտակի հրամանատարն է, ասում է, որ իրավիճակն առավել քան լարված էր: Թշնամին ընդամենը հարյուր մետրի վրա էր, դիրքը` խաչաձև կրակի տակ: Այն տարիներին այստեղ խրամատներ չկային, տղաները ցրված էին, քարերի հետևից դիմագրավում էին հակառակորդի առաջախաղացումը: Դավիթն ամենամոտն էր Վարուժանին: Երբ փամփուշտները սպառվեցին, Դավիթն իջավ լիցքավորելու զենքը: Մի քանի մետր էր հեռացել մարտական ընկերոջից: Թշնամին նախ տանկն էր գործի դրել, ապա հետևակը:

Տանկը դեռ չէր մոտեցել, Վարուժանը նռնականետով հետ շպրտեց դավադիր հակառակորդին: Իսկ տանկի դեմ տղաների պայքարը վերածվեց հերասամարտի: Ադրբեջանցիների առաջխաղացումը կանխվեց: Դավիթը հիշում է` Վարուժանը ծնկաչոք մարտնչում էր: Վարուժանը կյանքի գնով պաշտպանեց հայրենի հողը` կասեցնելով ադրբեջանցիների ներթափանցումը: Լսված վերջին բառերը` վայ, խփվեցի… Մենք այլևս չտեսանք հարևան Վարուժանին: Վստահ էինք, որ հենց խաղաղվի, նրա հարսանիքն է լինելու: Բակի հինգ-վեց երեխաներով չարաճճիությամբ հետևում էինք, գիտեինք, որ Վարուժանն ընտրած հարսնացու ունի: Նրանց այլևս չտեսանք:

Հիմա մեծ է գիտակցությունը, թե որքան թանկ է զինվորի սխրանքը, որի արդյունքն այժմ անկախ Հայաստանն է ու նրա ամուր բանակը, անվտանգ սահմաններն ու հայրենիքի խաղաղ լուսաբացները: Վարուժանի աճյունն ամփոփված է հայրենի գյուղի գերեզմանատանը: Հայացքը հայրենի եզերքին, հպարտ կանգնած, դեմ դիմաց Ղարադաշին, որը հիմա հակառակորդի համար Տավուշի ուղղությամբ գլխավոր դիտակետն է:

krtser-serzhant-arme-d106

Արմեն Հովհաննիսյան

Դարանակալած թշնամին զգուշանում է, քանի դեռ քաջարի մարտիկի հայրենիքում Վարուժանի օրինակը ոգեշնչում է անընդհատ հզորացող Հայկական բանակ զորակոչվող նոր զինվորին: Այս դեպքից անցել է ուղիղ 22 տարի, շատ բան է փոխվել, բայց հայ զինվորի ոգին մնացել է նույնը: Վարուժանը ևս 19 տարեկան էր, ինչպես և Արմեն Հովհաննիսյանը: Երիտասարդության սահմանագիծը նոր-նոր հատող, հայրենիքի պաշտպանի համազգեստով տղաների սխրանքի շնորհիվ թշնամին նահանջեց: Վարուժանն ու Արմենը գիտակցված մահով կերտեցին իրենց անմահությունը…

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Անկախ