«Ադրբեջանը չարաչար սխալվեց». Վազգեն Մանուկյան

Վազգեն ՄանուկյանՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն «Անկախի» հետ զրույցում անդրադառնում է սահմանային վերջին միջադեպերին, Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին, Թուրքիայի նախագահական ընտրություններին, Լևոն Հայրապետյանի հարցին, ինչպես նաև ներքաղաքական խնդիրներին:

– Պարոն Մանուկյան, հուլիսի վերջին հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին սկսված աննախադեպ լարվածության վերաբերյալ այն ժամանակ հնարավորություն չունեցանք Ձեր կարծիքն իմանալու, քանի որ արձակուրդում էիք, բայց հետևել եք բոլոր իրադարձություններին: Ի՞նչ եք կարծում, ի՞նչն էր Ադրբեջանի կողմից հրահրած գործողությունների նպատակը, և ինչի՞ հասան նրանք:

– Ադրբեջանի նպատակների մասին նախագահն իր հարցազրույցի մեջ բավականին հանգամանալի խոսել է, և ես համամիտ եմ նրա հետ. Ադրբեջանն ուներ և՛ ներքին, և՛ արտաքին խնդիրներին վերաբերող, և՛ Հայաստանի դեմ ուղղված նպատակներ, սակայն Ադրբեջանը չարաչար սխալվեց:

Ցավալի դեպքեր եղան, մարդիկ զոհվեցին, սակայն այս ամենի մեջ 2 շատ կարևոր հանգամանք երևաց. առաջին` մեր բանակն իսկապես մարտունակ է և կարողանում է անել այն, ինչ միշտ կարողացել է՝ ի տարբերություն մեր հակառակորդի, երկրորդ՝ երևաց մի աննախադեպ միասնություն հասարակության մեջ: Բոլոր դժգոհությունները մի կողմ դրվեցին: Ճիշտ է, ոչ ոք ոչ ոքի ոչինչ չներեց, բայց կարճ ժամանակում բոլորը միավորվեցին հայրենիքի պաշտպանության շուրջ: Ինձ այդ օրերին շատ էին զանգում, անգամ այդ նորաստեղծ կամավորական ջոկատներից, ու շատ էի ափսոսում, որ Հայաստանում չեմ: Այդ ամենը շատ ոգևորիչ էր և ցույց տվեց, որ ապագայում նույնպես մեզ այդպես կդրսևորենք: Իհարկե, դա իշխանությունների համար նշան չպիտի դառնա, որ ինչ էլ անեն, մեկ է, հասարակությունը կհամախմբվի: Ոչ, այդպես չէ, կա եզր, որից հետո այդ համախմբումը կարող է դժվար լինել:

 

– Այսինքն` վերջին տարիների այն մտահոգությունը, որ ներկայիս բարոյահոգեբանական մթնոլորտում, եթե պատերազմ կամ պատերազմի վտանգ լինի, մենք այլևս չենք կարող նախկինի պես համախմբվել, չափազանցվա՞ծ էր:

– Այդ մտահոգությունն ուներ հասարակության մի շերտ, իսկ ես երբեք նման մտահոգություն չեմ ունեցել: Բնականաբար, չէի ուզենա, որ պատերազմ լիներ, որովհետև պատերազմ նշանակում է զոհեր, բայց միաժամանակ, ոչ մի րոպե չեմ կասկածել, որ մենք կհաղթենք, եթե հանկարծ Ադրբեջանը պատերազմ հրահրի:

Այստեղ մի շատ կարևոր բան էլ կա. այդ դեպքերը հետաձգեցին պատերազմը, որի մասին Ադրբեջանն անընդհատ հնչեցնում է իր ռազմատենչ հայտարարություններում: Ադրբեջանը, այնուամենայնիվ, երկու ճանապարհ ունի. կա՛մ պետք է համակերպվի այն մտքի հետ, որ Ղարաբաղն իրենը չէ և մտնի բանակցությունների մեջ փախստականների, սահմանների, տարածքների շտկման վերաբերյալ, կա՛մ փորձի պատերազմով Ղարաբաղը վերցնել: Բայց մեր այս վերջին հակահարվածը ցույց տվեց հայոց բանակի ուժը, ինչը թուլացրեց հակառակորդի ախորժակը: Այսինքն, եթե Ադրբեջանը նախատեսում էր պատերազմ, և սա փորձարկում էր, ապա նրանք հասկացան, որ պատերազմը պետք է հետաձգել:

– Կամ գուցե բացառե՞լ:

– Կա՛մ բացառել, կա՛մ հետաձգել: Իսկ մի բան, որ անընդհատ հետաձգվում է, հետո բացառվում է:

– Անդրադառնանք արտաքին աշխարհին: Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները և Ռուսաստանի հակադարձումներն ի՞նչ բացասական հետևանքներ կունենան Հայաստանի տնտեսության վրա: Մյուս կողմից` հնչում են տեսակետներ, որ դա կխթանի մեր ապրանքների արտահանումը և այլն:

– Իհարկե, եթե հնարավորություն է առաջանում ավելացնելու արտահանումը, ապա պետք է օգտվել, բայց ընդհանուր առմամբ այդ ամենի մեջ բացասականն այնքան մեծ է մեզ համար քաղաքական, տնտեսական, ազգային շահերի տեսանկյունից, որ մեզ պետք է` Ռուսաստանի և Արևմուտքի սուր առճակատումը չեզոքանա: Այդ սրացման ժամանակ, եթե կարճատև ժամանակում մի քանի լոլիկ ավելի վաճառես, հարց չի լուծվում: Այդ սրացումը շատ վտանգավոր և շատ վնասակար է Հայաստանի համար: Եթե մեր ձեռքում կա գոնե մի փոքր հնարավորություն նպաստելու, որ մեղմանան այդ հարաբերությունները, Հայաստանը դա պետք է օգտագործի: Մտածողությունը դա պետք է լինի և ոչ թե մի քանի լոլիկ ավելի վաճառելը:

– Թուրքիայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, երկրի ղեկավար ընտրվեց Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն էլ իր հերթին վարչապետի թեկնածու առաջադրեց Ահմեդ Դավութօղլուի թեկնածությունը: Այս վերադասավորումները տարածաշրջանի, մասնավորապես` Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն կարող են թողնել:

– Անկեղծ ասած, ես նոր վերադասավորումներ չեմ տեսնում, որովհետև Թուրքիայի վերջին տարիների քաղաքականությունը թելադրվում էր Էրդողանի և Դավութօղլուի միջոցով: Պարզապես հիմա ավելի հստակեցվեցին նրանց կարգավիճակները, և ես կարծում եմ, որ դա նրանց ավելի մեծ հնարավորություն կտա մտածելու պրագմատիկ և ոչ թե պոպուլիստական՝ այս կամ այն շերտին դուր գալու համար: Այդ տեսակետից, կարծում եմ, հայ-թուրքական հարաբերությունները կարող են մտնել մի նոր փուլ, որն ավելի բարենպաստ է: Կարող է մի քիչ պարադոքսալ թվալ, որովհետև երկու գործիչներն էլ բավական կոշտ հայտարարություններ են արել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, բայց մինչ այս նրանք իրենց իշխանության ստատուսն ամրապնդելու խնդիր էին լուծում: Հիմա, երբ այդ ստատուսն ամրապնդված է, պետք է առաջնորդվեն Թուրքիայի շահերով: Այդ տեսանկյունից, կարծում եմ, բարենպաստ պայմաններ են ստեղծվում հետագա հարաբերությունների համար:

– Օրերս հայտնի դարձավ, որ ռուսաստանաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյանի հարցով Դուք անձամբ նամակ եք գրել ՌԴ պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկուն: Ինչո՞ւ որոշեցիք դիմել հենց նրան և որևէ պատասխան ստացե՞լ եք:

– Արձակուրդ մեկնելուց առաջ ես Ժիրինովսկուն նամակ գրեցի, որի մեջ չեմ պնդում, թե մեր հայրենակիցը մեղավոր է կամ մեղավոր չէ, քանի որ դա իմ գործը չէ, այլ դատարանի գործն է, բայց մյուս կողմից նշել եմ, որ Լևոնը բավականին հիվանդ է, ու նրան բանտում կամ բանտի հիվանդանոցում պահելը մարդկային չէ: Իմ դիմումը Ժիրինովսկուն խափանման միջոցը փոխելուն էր վերաբերում:

Իսկ թե ինչու դիմեցի ժիրինովսկուն, ապա 2 պատճառով. նախ` նման դեպքերում պիտի դիմես մի մարդու, որն ազդեցություն ունի, իսկ նա ունի, երկրորդ՝ ես նրա հետ ունեմ բավականին լավ, անձնական հարաբերություններ ու գիտեմ, որ անկախ նրա կոնյունկտուրային հարաբերություններից՝ կապված Ադրբեջանի հետ, նա խորապես փոխկապակցված է տեսնում Հայաստանի և Ռուսաստանի շահը: Այդ տեսակետից ես բնական համարեցի նրան դիմելը: Նամակին դեռ արձագանք չկա, և ես մոտ ժամանակներս կզանգեմ նրան կամ նորից կգրեմ:

– Բացի այդ նամակից, որևէ այլ քայլ պատրաստվո՞ւմ եք իրականացնել՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի:

– Կարծում եմ, որ որոշակի մարդիկ պետք է կոորդինացնեն այդ քայլերը, չարժե, որ ամեն մեկն ինքնուրույն ինչ-որ քայլեր անի: Ես դեռ ներկա իրավիճակին ծանոթ չեմ, պետք է ծանոթանամ, ըստ այդմ, քայլեր կձեռնարկվեն:

– Անդրադառնանք ներքաղաքական խնդիրներին: ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը հունիսի սկզբին ներկայացրեցին 12 կետից բաղկացած իրենց պահանջներն ու կառավարությանը ժամանակ տվեցին դրանք իրագործելու: Այսօր ընդդիմության որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, որ ոչ մի տեղաշարժ չկա, և իրենք պետք է պահանջեն ամբողջական իշխանափոխություն: Ի՞նչ եք կարծում, աշնանն այդ ուժերը նման համատեղ պահանջով հանդես կգա՞ն, և դա արդյունավե՞տ ճանապարհ է:

– Ընդդիմության այդ 12 կետերին, իհարկե, ծանոթ եմ, կան պահանջներ, որ համարում եմ թույլ, ավելի սուր կարելի էր դնել, կան պահանջներ, որոնք անիմաստ են, բայց կան նաև նորմալ առաջարկություններ, և եթե մարդիկ պայքարեն այդ առաջարկություններն անցկացնելու համար, դա կլինի ընդդիմության բնականոն ընթացքը: Ընդդիմությունը բարձրացնում է հարցեր և փորձում է դրանք լուծել ընդդիմադիր վիճակում: Եթե ժողովուրդը տեսնում է, որ այդ հարցերը լավ հարցեր են, բայց իշխանության միջոցով չեն լուծվում, որոշում է հետագայում ձայնը տալ ընդդիմությանը: Սա դեմոկրատական երկրի դասական համակարգն է: Սակայն այս վերջին տարիներին ես միշտ տեսնում եմ, որ ընդդիմության միակ նպատակը իշխանափոխությունն է, ինչին ես դեմ եմ: Այո, ցանկացած դեմոկրատական երկրում ժամանակ առ ժամանակ առաջանում է նման պահանջ, բայց հիմնականում ընդդիմության և իշխանության միջև պայքարը որոշակի հարցերի շուրջ է, և եթե հաջողվում է այդ հարցերը լուծել, ապա փառք և պատիվ ընդդիմությանը, իհարկե, այդ ժամանակ պետք է գնահատել նաև իշխանությանը: Իսկ եթե չի ստացվում այդ հարցերը լուծել, ապա դա հնարավորություն է տալիս ընդդիմությանը ընտրությունների ժամանակ, շեշտադրումը դրա վրա դնելով, ձայներ հավաքել և գալ իշխանության:

Մեզ մոտ 20 տարի է՝ խոսքը իշխանությունը փոխելու մասին է: Ես կարծում եմ, որ վերջին տարիների փորձը, երբ քաղաքացիական հասարակությունը որոշակի հարցեր էր բարձրացնում և դրանց մի մասը լուծվում էր, ավելի ճիշտ ճանապարհ է, քան անընդհատ պայքարը իշխանափոխության համար: Ընդդիմության կողմից բարձրացված հարցերի մեջ կան շատ բնական հարցեր, որոնք նաև Հանրային խորհուրդն է բարձրացնում, և պետք է փորձել դրանք համատեղ ուժերով լուծել՝ հօգուտ մեր պետության և ժողովրդի: Իշխանափոխության մասին խոսք միշտ բացվում է ընտրությունների ժամանակ: Հիմա երկրի առջև ծառացած հարցերը լուծելու ժամանակն է:

 

Նախագահ Սերժ Սարգսյանի զրույցը «Բազե-2014»-ի երիտասարդ լրագրողների ջոկատի անդամների հետ  

7783
Սուրեն Արեենց, «Արմենիա» հեռուստաընկերություն

Պարոն Նախագահ, ինձ` որպես տղայի, ավելի շատ մեր երկրի անվտանգության հարցն է անհանգստացնում. ի՞նչ զարգացումներ ունենք Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Ու՞ր ենք հասել:

Կարծում եմ, որ վերջերս դուք բավականաչափ տեղեկատվություն ստացաք: Ես ուղղակի ուզում եմ այդ տեղեկատվությանն ավելացնել հետևյալը, որ ինձ համար միանշանակ է Ադրբեջանի գործողությունների նպատակը՝ միջազգային հանրությանը հստակ հասցնել այն գաղափարը, որ պատերազմը չի ավարտվել, որ ստատուս քվոն անընդունելի է: Եվ դա կատարվում է ոչ թե պարզապես կրտսեր հրամանատարների կամ միջին հրամկազմի ցուցումով, այլ ամենաբարձր մակարդակով: Ես մի անգամ ասել եմ, որ Ադրբեջանի նախագահը դա չի թաքցնում, և վստահաբար հիմա էլ կարող եմ ասել, որ դա այդպես է: Բայց այս անգամ որոշակի երանգներ կային, և այդ երանգներից մեկն այն է, որ ադրբեջանցիները լրացուցիչ նպատակներ էին դրել: Նպատակներից մեկը, իհարկե, ինչպես ասվում էր՝ մեր աչքը վախեցնելն էր և իրենց ահռելի ծախսերն արդարացնելը: Ուզում էին արդեն որոշակի լրջության աստիճանով ցույց տալ և՛ մեզ, և՛ իրենց ժողովրդին, որ իրենք առավելություն ունեն: Ինչու՞ եմ ասում լրջության աստիճանով, որովհետև վերջին 20 տարիներին, իհարկե, տարբեր ժամանակաշրջաններում հրադադարի խախտման դեպքեր եղել են, բայց երբեք չի եղել, օրինակ, կրակ ականանետերից: Այս անգամ եղավ, և հաստոցավոր նռնականետերից, այսինքն՝ սա նշանակում է, որ տրամաչափն ավելանում է, և վտանգը, իհարկե, մեծանում է: Երկրորդ, կարծում եմ, որ նրանք իրենց քաղաքականությունն էին առաջ տանում: Այսինքն, այս առաջինը, եթե իրենց հաջողվեր, ապա պետք է մշտապես իրենց թեզը ամրապնդեին. այն թեզը, թե ռազմական գործողություններ չսկսելը՝ բանակցային գործընթացում զիջում է Ադրբեջանի կողմից: Ծիծաղելի է, բայց փաստ է: Այսինքն, դա փաստարկ չի, դա ուղղակի շանտաժ է: Նաև տարբեր այլ խնդիրներ են իրենք իրենց առջև դրել, և երբ մեր հերթական հանդիպումն էր տեղի ունենում, կարծում եմ, որ նրանք լավ վիճակում չէին: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա 2011 թվականից սկսած մենք էական առաջխաղացում չունենք, և Կազանում Ադրբեջանի կողմից բանակցությունների ձախողումը վերջին հանգրվանն էր: Դրանից հետո այդ փաստաթղթում որևէ ուղղում կամ լրացում չի եղել:

Կարծում եմ՝ մեր դիրքորոշումը ձեզ ծանոթ է, նորից չկրկնեմ. մեր ամբողջ նպատակն է, որպեսզի Ադրբեջանն ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը: Մենք այլ խնդիր չունենք, և ուզում ենք, որպեսզի դա լինի խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե՝ նոր զոհերի գնով:

Եթե իմի բերելու լինենք` պիտի ասեմ, որ մեծ առաջընթաց չեմ տեսնում բանակցային գործընթացում, բայց բանակցությունները շարունակվում են: Այսքանը:

 

 

«Առավոտ» օրաթերթ, Տաթև Հարությունյան

 

 

– Պարոն Նախագահ, այնպիսի տպավորություն է, որ Մաքսային միությունում կարծես թե ուրախ չեն մեզ տեսնել: Արդյո՞ք ճիշտ տպավորություն է ստեղծվել, տեղի՞ն տպավորություն է կամ որտեղի՞ց է այդ տպավորությունը գալիս:

Մաքսային միությունը մեկ երկիր չէ, և ես ինչ-որ տեղ, այո, համաձայն եմ այն կարծիքի հետ, որ երևի թե բոլորը չեն ուրախ: Մենք փոքր երկիր ենք, խնդիրներ ունեցող երկիր ենք, և, բնականաբար, ցանկացած միության անդամակցելը որոշակի խնդիրներ է առաջացնում նաև այդ միության անդամների համար: Բայց մյուս կողմից էլ այնպես չէ, որ Մաքսային միության անդամները չեն ցանկանում մեր անդամակցությունը: Եթե չցանկանային, ապա ուղղակի վետո կդնեին այս խնդրի վրա, և խնդիրն ընդհանրապես առաջ չէր շարժվի: Ճիշտ գնահատականը հետևյալն է՝ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, իբր թե մեզ ստիպում են, որպեսզի մենք արագ և գլխակորույս դառնանք Մաքսային միության անդամ: Ես սա ասում եմ ամենայն անկեղծությամբ, և ընթացքը, որի համար մեր հասարակության մի մասը մեզ մեղադրում է՝ ասելով, թե ինչու՞ ենք «այսպես գլխապատառ գնում այնտեղ», մեզնով է պայմանավորված, ոչ թե որևէ մեկի ցանկությամբ կամ պնդումներով: Այնպես որ՝ նորմալ ընթացք է:

Գիտե՞ք, դա էլ մեր երկրի զարգացման համար փուլային կարևոր մի շրջան է: Ակնհայտ է, որ շատ բան է փոխվելու մեր երկրում: Եվ հանգիստ, հանդարտ, առանց մտավախությունների կամ ամբողջ հանրապետությունով միասնական, մեկ կարծիք ունենալը շատ բարդ է: Կարծում եմ, նորմալ է: Ես որևէ խնդիր չունեմ ոչ այն մարդկանց հետ, ովքեր կոշտ քննադատում են, և ոչ էլ այն մարդկանց, ովքեր ամուր պաշտպանում են այս գաղափարը: Ժամանակը ցույց կտա, և բոլորը կտեսնեն, թե ով էր ճիշտ: Ես նոր ողջունում էի բազեականներիդ և ասում, որ քսանչորս տարի առաջ, երբ Անկախության հռչակագիրն էր ընդունվում, բոլորը չէ, որ միանշանակ ընկալում ունեին: Շատ մարդիկ մտավախություններ, կասկածներ ունեին, բայց փառք Աստծո, այսօր արդեն 2014 թվականն է: Քսանչորս տարի է անցել, և չնայած բարդություններին, դժվարություններին, մեր ընթացքը հաստատուն է:

«Հանրային ռադիո», Արմինե Գևորգյան

-Պարո՛ն Նախագահ, այ ասում եք, որ մեզ փոփոխություններ են սպասվում, ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը, և կուզենայի նաև անդրադառնայիք այն հայտարարությանը, երբ Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարեց, որ պայքարելու է ստվերի դեմ, խոշորին անպայման բերելու են հարկային դաշտ: Հիմա, այսպես ասած, ժամանակ է խնդրել այդ ստվերի դեմ պայքարելու, հարկային դաշտ բերելու համար, ընդդիմությունը հայտարարում է, որ ծրագիրը պարզապես ձախողված է: Ի՞նչ եք կարծում այս առումով, կառավարության այդ քայլերն ի վերջո արդյունք կունենա՞ն: Հովիկ Աբրահամյանն ասաց՝ ես կախարդական փայտիկ չունեմ, որպեսզի մեկ օրում այդ ամենն իրականացնեմ: Ե՞րբ կգա իրականացնելու այդ ժամանակը: Շնորհակալություն:

-Նախ այդ փոփոխությունների մասին մենք հետո կխոսենք, որովհետև, նորից եմ ասում՝ մենք բանակցային գործընթացը դեռևս չենք ավարտել, և ավելորդ ջանասիրությունը կամ ջանքերը, ավելորդ փաստարկները օգուտ չեն տալիս այդ գործընթացին: Ինչ վերաբերում է կառավարության հայտարարությանը, ապա ես կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ ընթացքի մեջ է: Նախ պիտի ասեմ, որ բոլոր նրանք, ովքեր անմիջականորեն չեն աշխատում այդ խնդրով, լավ պատկերացում չունեն ստվերի մասին, ընդհանրապես մեր տնտեսության մասին: Եվ ասել, որ մինչ Հովիկ Աբրահամյանը ընդհանրապես ստվերն ահռելի է եղել տնտեսության մեջ, ես չեմ կիսում այդ կարծիքը կամ ասել, որ այս ընթացքում այդ ուղղությամբ աշխատանք չի տարվել, նորից չեմ կիսում այդ կարծիքը: Գիտեք, ցանկացած խնդրի մասին խոսելիս պետք է տրամաբանական մոտեցում ցուցաբերել և հասկանալ, թե որոնք են չափանիշները, որոնցով գնահատելու ես այդ գործընթացը: Մարդիկ, երբ ասում են ստվեր կա կամ ստվերը յոթանասուն տոկոս է, որտեղի՞ց գիտեն, այսինքն՝ այդ մարդիկ ի՞նչ է, ունեն սեփական վիճակագրական վարչությու՞ն: Միակ բանը, որով կարող են իրենք դատել այդ մասին՝ իրենց գործունեությամբ, բիզնեսով, իրենց հարևանների և բարեկամների բիզնեսով է, երբ գիտեն, որ իրենք, իրենց հարևանները, իրենց բարեկամները ստվերում են աշխատում: Հակառակ պարագայում, որտեղի՞ց գիտեն: Իսկ ընդհանրապես ամբողջ աշխարհում դա ինչպե՞ս է չափվում. չափվում է հետևյալով, թե համախառն ներքին արդյունքի ո՞ր մասն է գալիս բյուջե հարկերի տեսքով, և երբ մենք հինգ-վեց տարի առաջ ունեինք տասներեք տոկոս հավաքելիություն, այսօր ունենք քսաներկու տոկոս: Հիմա հաշվեք՝ մեր երկրում ստվերը կրճատվե՞լ է, թե՞ ավելացել: Սա՛ է ամբողջ իրականությունը: Իհարկե, ես կցանկանայի, որ այդ տոկոսը հասներ քսանութ, քսանինը, երեսուն, ինչպես զարգացած երկրներում, բայց, իրոք, Հովիկ Աբրահամյանը շատ ճիշտ է ասում՝ չկա կախարդական փայտիկ, որով շատ կարճ ժամանակում կարելի է դրան հասնել: Մեր հարևանների մոտ էլ, մեծ տարբերություն չկա մեզնից: Նայեք, տեսեք մեր տնտեսությունը որքան է զարգացել վերջին հինգ տարիներին. ես չեմ ասում շատ է զարգացել, և մեր համախառն ներքին արդյունքը շատ է ավելացել, բայց տեսեք՝ մեր բյուջեն գրեթե կրկնապատկվել է, իսկ դա ինչպե՞ս է եղել, որտեղի՞ց: Մենք չունենք բյուջեի համալրման այլ աղբյուր, քան մեր հարկերը ու նաև մեր վերցրած վարկերը:

– Պարո՛ն Նախագահ, բայց տեսեք՝ մենք խոսում ենք թվերի լեզվով, բայց դրա հետ մեկտեղ ահագնանում է նաև արտագաղթը: Չենք կարող հերքել, որ այդ փաստը այսօր Հայաստանում չկա:

– Ի՞նչ է նշանակում ահագնանում է: Կարո՞ղ եք ինձ բացատրել, ի՞նչ է նշանակում ահագնանալ:

-Թռիչքային աճը:

-Բայց աճո՞ւմ է:

-Այո:

-Ո՞վ է ասում, ո՞վ է Ձեզ ասել:

– Դատելով հարևանների փակ դռներից, բարեկամների…

– Այ տեսու՞մ եք, Դուք ենթադրություններով եք զբաղվում: Մենք ունենք վիճվարչություն, որը շատ հստակորեն բոլոր թվերը տալիս է. անցյալ տարի կրճատվել է, և այս տարվա թվերը խոսում են այն մասին, որ այս տարի էլ ավելի է կրճատվելու: Ահագնանալը ո՞րն է: Գիտեք, ահագնանալը ջրի հոսքի մասին են ասում, երբ որ հեղեղ է սկսվում, մի առու է լինում, հետո այդ առուն գետի է վերածվում, ահագնանալը ես այդպես եմ հասկանում հայերենով:

– Մենք թվերի լեզվով…

– Այո, թվերի լեզվով, խնդրում եմ Ձեզ՝ վիճվարչության տվյալներով: Համակարգիչ ունե՞ք այստեղ:

– Այո:

– Կգնաք, կբացեք վիճվարչության թվերը, կնայեք: Ես մեկ անգամ այդ թեմայով ասել եմ, հիմա էլ ավելորդ չեմ համարում շեշտել՝ մենք միայն անցյալ տարի ամբողջությամբ, և նախանցյալ տարի մասնակի, կարողացել ենք ամբողջովին վերահսկել մեր սահմանները. մենք մինչ այդ չունեինք համակարգ, որը ավտոմատիզացված կերպով բոլորին ֆիքսում էր: Իսկ նույնիսկ այդ մոտավոր տվյալները խոսում են այն մասին, որ 90-ական թվականներին շատ-շատ մեծ էր արտագաղթը: Եթե ձեզնից մեկը փորձի ավելի ավագներին հարցնել, թե 1993-94 թվականներին ինչ վիճակ էր, որ հետաքրքրվում եք Ձեր բարեկամով և ծանոթներով, մի հատ էլ հետաքրքրվեք տեսեք՝ իրենց բարեկամները, ծանոթներն ի՞նչ էին այն ժամանակ կարծում. բոլորին թվում էր, թե Հայաստանում մարդ չի մնացել: Հիմա խնդրում եմ շարունակեք:

-Աղքատության ցուցանիշները նաև Դուք էլ ասում եք, որ բարձր են: Վարչապետն էլ չի հերքում, որ մարդիկ արտագաղթում են Հայաստանից նաև աշխատանք չունենալու պատճառով, գործազրկության: Բայց նաև այլ կողմեր կան. շատերն այսօր եթե գնում են Հայաստանից՝ վիրավորված են գնում: Ասում են, որ օրենքի գերակայություն չկա, անարդարությունից են գնում: Ես բերում եմ իմ նյութերից զրուցակիցներիս ցիտատները, այսինքն՝ սովորական բնակիչների: Դուք համաձա՞յն եք դրա հետ, թե՞ ոչ: Ի՞նչ եք կարծում այդ մասին:

– Ոչ, ես համաձայն չեմ, և ես համարում եմ, որ մարդիկ, ովքեր գնում են Հայաստանից, ճնշող մեծամասնությամբ գնում են այն պայմանների հետևից, որոնց ձգտում են: Տեսեք, ամբողջ խնդիրն այն է, որ արտագաղթը միայն մեզ չէ բնորոշ: Բնորոշ է բոլոր հետխորհրդային երկրներին: Շատ լավ կլիներ, որ այստեղ էլ ծանոթանայիք, թե, օրինակ, Ռուսաստանից, այլ երկրներից ինչքա՞ն մարդ է արտագաղթել: Բայց դա բնորոշ է նաև Մերձբալթյան երկրներին, Արևելյան Եվրոպայի երկրներին: Ես խնդրում եմ, փորձեք ճշտել, թե 2013 թվականից Ֆրանսիայից քանի բարձրագույն կրթությամբ երիտասարդ է արտագաղթել և կտեսնեք, որ դա բոլորին է բնորոշ: Խնդիրն այն է, որ մենք քիչ ենք, և մեզ համար դա, իրոք, կրկնակի վատ ազդեցություն ունի: Բայց մյուս կողմից էլ Դուք պետք է հասկանաք նաև, որ ուրիշների համեմատ կա երկու, առնվազն երկու լրացուցիչ պատճառ, որը խթանում է արտագաղթը: Առաջինը հայկական սփյուռքի առկայությունն է, որ մագնիսի պես քաշում է բոլորին: Եվ եթե գնացողներին հարցնեք՝ ու՞ր եք գնում, ասում են՝ գնում ենք Մոսկվա մեր ընկերոջ հետ, չգիտեմ, բիզնես դնելու, գնում ենք ընկերոջ, բարեկամի մոտ և այլն: Սա լրացուցիչ հանգամանք է: Եվ երկրորդ հանգամանքը կա՝ մենք ունենք չավարտված պատերազմ, կա անվտանգության խնդիր, ծնողներն անհանգստանում են և այլն: Ես կարող եմ այլ լրացուցիչ պատճառներ էլ ասել, բայց չեմ ուզում չարախոսների բերանում լեզու դնել, հասկանու՞մ եք, որպեսզի վաղը այդ փաստարկներն չօգտագործեն մեր դեմ. ես նկատի չունեմ մեր երկրի ներսում: Այնպես որ՝ կա, այդ խնդիրը կա, բայց ես կատեգորիկ համաձայն չեմ Ձեզ հետ ահագնանալու մասով:

«Ա1+ հեռուստաընկերություն», Նարինե Իրիցյան

– Իմ հարցը վերաբերում է ներքաղաքական իրավիճակին և, հատկապես, ընդդիմությանը: Ընդդիմությունը մոտ երկու-երեք ամիս առաջ հայտարարեց, որ աշունը թեժ է լինելու և աշնանը խոստանում է շատ մեծ փոփոխություններ ու հատկապես սեպտեմբերին խոստացել են շատ մեծ, իրենց իսկ խոսքերով՝ հուժկու հանրահավաք: Մասնավորապես, Հայ ազգային կոնգրեսը պահանջում է Ձեր հրաժարականը:

-Իրո՞ք:

– Նկատի ունեմ՝ քառյակից հատկապես հենց Հայ ազգային կոնգրեսն է, որ շեշտադրումը դնում է հատկապես այդ հանգամանքի վրա: Ցանկանում եմ Ձեր կարծիքն իմանալ՝ արդյո՞ք կարդարանան իրենց սպասելիքները, և Դուք ի՞նչ սպասելիքներ ունեք:

-Գիտե՞ք, իմ խորը համոզմամբ, իշխանության խնդիրը լուծվում է ընտրությունների ժամանակ: Այլ ժամանակ իշխանության խնդիր լուծել, նշանակում է՝ օրենքից դուրս գտնվել: Այ, ինչպես քիչ առաջ ասացիք՝ կապված արդարության, օրենքի գերակայության հետ, մենք միշտ այդպես ենք վարվել և այսուհետ էլ այդպես ենք վարվելու: Խնդրեմ, եթե դժգոհություն ունեն՝ արտահայտեն իրենց դժգոհությունը: Փառք Աստծո, Հայաստանում դժգոհություն արտահայտող մամուլի պակաս չկա: Ինչ ասեմ, ուզում են, որպեսզի իրենց այդ դժգոհությունը շատ ավելի ազդեցի՞կ լինի, թող փողոց դուրս գան, այնպես, ինչպես իրենց դժգոհությունը, իրենց ցանկությունները հայտնելու բազմաթիվ ցույցեր են եղել Հայաստանում: Ուզում են, թող հանրահավաքներ անեն, բայց այդ ամենը պետք է լինի օրենքի շրջանակներում: Ես չեմ կարծում, որ իրենք կողմ են անօրինականությանը. իրենք էլ են ուզում, որ մենք լավ երկիր ունենանք, ուղղակի, իրենց պատկերացումները տարբերվում են մեր պատկերացումներից: Կցանկանայի, որ իրենք էլ հստակորեն գիտակցեն, որ ամեն ինչը պետք է անեն օրենքի շրջանակներում: Իսկ կարո՞ղ եք ինձ ասել մի տարի, երբ չէին ասում, որ աշունը թեժ է լինելու: Միշտ էլ ասում են: Իրոք, դա այդպես է. ամռանը քաղաքական կյանքը մեռնում է, և աշնանը քաղաքական կյանքը ամառվա համեմատ շատ ավելի ակտիվ է լինում, բայց կրկնում եմ՝ ամեն ինչը չափի մեջ, դա մեր երկրի համար շատ լավ և՛ միտում է, և՛ իրականություն: Երկիրը պետք է զարգանա, քաղաքացիական հասարակությունը պետք է զարգանա: Այստեղ որևէ վատ բան չեմ տեսնում: Սակայն նորից եմ ասում՝ պետք է կռվեն գաղափարները և ոչ թե՝ ոստիկաններն ու ապստամբները:

-Անդրադառնալով քաղաքացիական հասարակությանը, որի մասին նաև Դուք նշեցիք, հատկապես այս վերջին շրջանում, մոտ մեկ տարի է՝ ակտիվ է հատկապես «Դ!եմ եմ» քաղաքացիական շարժումը, և պայքարը շարունակվում է կենսաթոշակային բարեփոխումների շուրջ: 1974 թվականին և հետո ծնվածները դարձյալ դժգոհ են նոր օրինագծից, որը կառավարությունը ներկայացրեց: Արդյո՞ք Դուք կնպաստեք կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կփորձի ևս մեկ անգամ անդրադառնալ օրենքին և նորից փոփոխություններ անել, որպեսզի այդ դժգոհությունները գնալով մարեն:

-Չեմ կարծում, որովհետև կառավարությունը չի կարող ցանկացած հարցի, այդ թվում՝ շատ բարդ հարցի, ամեն ամիս անդրադառնալ, այլապես դա լուրջ չի լինի: Ես կարծում եմ՝ կառավարությունը լրջորեն խորհել է, անդրադարձել է, որոշում է ընդունել և այդ որոշումն ստացել է օրենքի նախագծի տեսք, նախագիծն ուղարկվել է Ազգային ժողով, Ազգային ժողովն ընդունել է համապատասխան օրենք, ընդ որում՝ դա արել է նոր կառավարությունը: Կարծում եմ՝ այս առումով մենք ուրիշ ակնկալիք չպետք է ունենանք, առավել ևս, որ իմ տեսակետին, կարծում եմ, բոլորդ ծանոթ եք. ես կողմ եմ կենսաթոշակային այն համակարգին, այն բարեփոխումներին, որ նախկին կառավարությունը ներկայացրել էր: Մենք հարգում ենք քաղաքացիական հասարակության կարծիքը: Իհարկե, այդ կարծիքը մեր որոշումների վրա ազդեցություն ունենում է, բայց համաձայնեք՝ եթե որոշում ընդունողները մենք ենք, պատասխանատուն մենք ենք, ապա մենք չենք կարող բոլորի կարծիքը հաշվի առնել, առավել ևս, որ կարծիքների մեծ բազմազանություն կա: Որ կարծիքն էլ հաշվի առնենք, միևնույն է, դժգոհներ լինելու են: Պատասխանատուն իշխանությունն է, իշխանությունն ընդունում է որոշումներ և այդ որոշումները կատարում է, այնուհետև՝ ընտրություններից առաջ հաշվետու է լինում իր կատարած աշխատանքի համար, նոր ընտրություններ են լինում, և եթե ընտրություններում իշխանությունները հաղթում են, ուրեմն՝ այդ որոշումները ճիշտ էին: Որպես պետություն արդեն բավականաչափ ճանապարհ ենք անցել և պիտի կարողանանք արագ անցնել, իսկ արագ անցնելու համար մահակ պետք չի, մահակը խանգարում է: Մենք ինքներս ենք կողմ բաց հասարակությանը: Բայց ամեն ինչ չափի մեջ պետք է լինի և օրենքով նախատեսված:

 

 

Լիլիթ Հովհաննիսյան, armef.com կայք

 

  -Պարո՛ն Նախագահ, հարցս վերաբերում է Սահմանադրական բարեփոխումներին: Կցանկանայի իմանալ՝ տեղի ունեցան տարբեր քննարկումներ, այդ թվում նաև մարզերում, ի՞նչ փուլում է այժմ գործընթացը: Կա՞ն արդյոք որոշակի արդյունքներ:

– Գործընթացն ամբողջովին թափանցիկ է և վերջերս, լավ չեմ հիշում, կարծեմ մեկ ամիս առաջ, մենք դրան անրադարձանք և ասացինք, որ հանձնաժողովին ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի քննարկումների աշխարհագրությունն ընդլայնի, և եթե չեմ սխալվում՝ հոկտեմբերին է նախատեսված, որ իրենք ընդհանրացնեն իրենց քննարկումների արդյունքներն ու ներկայացնեն, թե ի՞նչ են արել, ինչպիսի՞ ընթացք է ունեցել, և ինչպիսի՞ առաջարկություններ ունեն: Հոկտեմբերին ես պետք է ստորագրեմ հայեցակարգը, որն այնուհետև պետք է նորից քննարկումների փուլ անցնի, մասնագետները պետք է տեքստ պատրաստեն: Եթե գանք համաձայնության՝ այնուհետև պետք է որոշում կայացվի, օրենք ընդունվի հանրաքվե անցկացնելու մասին, և եթե հանրաքվեն դրական արդյունք ունենա, ուրեմն՝ մենք կունենանք նոր Սահմանադրություն կամ Սահմանադրության փոփոխված տարբերակ:

 

Ես ուզում եմ ևս երկու բառ ավելացնել առաջին հարցի շուրջ՝ կապված բանակցությունների, մարտական գործողությունների ընթացքի հետ: Երբ ես Սոչիից ասացի, որ մեր բանակի հաջողության համար ոչ թե ուրախանում, այլ հպարտանում եմ, և դա, իրոք, այդպես է. իմ ուրախությունը, ամենամեծ ուրախությունը նրա համար է, որ մեր ժողովուրդը հավատաց իր բանակին, վստահեց, և դրանից բանակի ուժը կրկնապատկեց: Ահա, սա՛ է, բանակն ահա այսպիսի՛ն պետք է լինի: Ես չեմ կարող մտաբերել կամ նշել աշխարհի որևէ բանակ, որ չունի իր ժողովրդի վստահությունը և մարտունակ է: Միայն սպառազինությունը, միայն քանակը, միայն դրամական միջոցները բավարար չեն, որպեսզի ունենաս մարտունակ բանակ: Մեր տանկիստների ելույթը շատ պարզ դրա մասին է խոսում, շա՜տ պարզ: Մրցումների են գնում, և այն ժամանակ էլ կտեսնեք: Գոնե դուք համոզվեցի՞ք, որ ես տարիներ շարունակ ասում էի, որ մենք ունենք հոյակապ բանակ, հրաշալի տղաներ՝ մարտունակ:

 

 

Լրագրողներ

 

  

-Միանշանա՛կ, պարոն Նախագահ: Դեռ մի բան էլ անհավասար պայմաններում մեր տղաները հաղթել են:

– Ինչու՞ անհավասար:

-Որովհետև իրենք տասնութ տարեկան զինծառայողներ են եղել, իսկ նրանք՝ պայմանագրային:

-Ուրեմն, ուզում եմ ձեզ ասել, որ ամենալավ կռվողները երիտասարդներն են: Ես իմ փորձից եմ ասում:

-Տաքարյուն են:

-Ակնհայտ է, ամբողջ աշխարհում էլ այսպես է, իհարկե, փորձառու հրամանատարը պարտադիր պայման է, բայց երիտասարդը ուրիշ բան է:

-Դա էի ասում: Անհավասար պայմաններում: 1400 ձիաուժ է եղել ռուսական տանկինը, մերը՝ 700, նրանք եղել են զինծառայող….

-Դրանք անհավասար պայմաններ չեն: Մենք դատապարտված ենք այդպիսին լինել: Ուրեմն այդպես պետք է լինի:

 

 

Սուրեն Արեենց:

 

  -Պարոն Նախագահ, նաև նման հավաքները, վստահ եղեք, նպաստում են, որպեսզի մեր երիտասարդության մեջ ոգին ամրապնդվի:

– Ես վստահ եմ: Նորից եմ ասում, դրա համար իմ մեջ չարություն չկա որևէ լրատվամիջոցի նկատմամբ, նույնիսկ այն լրատվամիջոցի, որն ամեն օր ուղղակի թույն է թափում իմ հացեին: Անկեղծ եմ ասում՝ իմ մեջ չարություն չկա նրանց նկատմամբ: Մեկ-մեկ խղճում եմ, որովհետև իրենք իրենց կամքով չեն անում, չէ՞, դա:

-Լինելով «Բազեում»՝ մենք հասկացանք, որ նման միջոցառումները պարզապես պարտադիր են երիտասարդության համար, որովհետև այստեղ ևս մեկ անգամ բանակի հետ կապված վստահությունը ամրապնդվեց, այս հավաքը իրար հետ մտերմությունը և՛ սահմանամերձ, և՛ երևանաբնակ երիտասարդներին միմյանց կապելու այս մեծ նպատակին է ծառայում: Եվ կցանկանանք, որպեսզի նման հավաքները պարզապես իրենց շարունակությունն ունենան:

-Դա անհրաժեշտություն է: Ես շատ եմ լինում մեր համայնքներում, նկատի ունեմ՝ Սփյուռքում և այլն: Շատ գործարարներ են գալիս Սփյուռքից և մշտապես ինձ հարցնում են՝ ի՞նչ անենք: Ես ասում եմ՝ նվազագույնը, խնդրում եմ, այնպես արեք, որ ձեր համայնքի ներկայացուցիչները, ձեր ենթակաները, աշխատողները գոնե մի անգամ գան Հայաստան: Գոնե մի անգամ գան, երկու, երեք օր ապրեն և տեսնեն նախ իրականությունը և երկրորդը՝ ես վստահ եմ, որ այդքան չարախոսելուց, այդքան բամբասանքներից հետո իրականությունը տասն անգամ ավելի է լինելու լավ, քան իրենց պատկերացումները Հայաստանի մասին: Հիմա այդ նույնն էլ ասում եմ լրագրողական դաշտի բոլոր ներկայացուցիչներին, որ տարին մեկ անգամ, երկու անգամ գնան Ղարաբաղ, գնան ու տեսնեն այդ կրակի բերանում ապրող մարդիկ ինչպիսի՞ լավատեսություն ունեն, մտնեն մեր զորամասեր, և այն ժամանակ կյանքը շատ ավելի հետաքրքիր է լինելու: Այս չարությամբ ոչնչի չես կարող հասնել: Ինձ համար աշխարհի ամենավատ բաները չարությունը, տգիտությունը և նախանձն են: Դրանք, իրոք, շատ վատ բաներ են: Այդպիսի հատկություններով օժտված անհատականությունը երբեք չի կարող ճիշտ որոշումներ կայացնել՝ որքան էլ խելոք լինի, քանի աստղ էլ նրա ճակատին լինի: Հաջողություն:

Փակ սահմանը չի խոչընդոտում հայ և թուրք հասարակությունների շփմանը

par

Չնայած վերջին տարիներին հայ-թուրքական միջպետական հարաբերություններում էական առաջընթաց չի նկատվում, նույնը չի կարելի ասել հասարակական ոլորտի մասին: Երկու երկրներում ակտիվ գործունեություն ծավալող մի շարք հասարակական կազմակերպություններ տարեցտարի ընդլայնում են իրենց համագործակցությունը` հիմնվելով ժողովրդական դիվանագիտության հայեցակարգի վրա: Բազմապիսի ծրագրերի շրջանակներում կողմերի պարբերական հանդիպումները, շփումներն ու մտքերի փոխանակումը կարծես փորձում են լրացնել հայ և թուրք հասարակությունների միջև առաջացած 100–ամյա բացը:

Թուրքիայում գործող ամենաակտիվ հասարակական կազմակերպություններից TOG-ը (Toplum Gönüllüleri Vakfı) վերջերս մի հաջողված նախագիծ իրականացրեց` ազգային պարերի շուրջ միավորելով հայ և թուրք երիտասարդությանը: «Միասին ապրիր և պարիր» ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր երկրից ընտրված մասնակիցները, սովորելով հարևան ազգի ժողովրդական պարերը, միասին շրջել են Թուրքիայի` մի ժամանակ հայկական քաղաքներով, ապա անցել Հայաստանի քաղաքներով: Փոքրիկ պարախումբը ներկայացրել է երկու ժողովուրդների ազգային պարերը` բոլոր քաղաքներում գտնելով ջերմ ընդունելություն և առաջացնելով մեծ հետաքրքրություն:

«Անկախ»-ի թղթակիցը, գտնվելով Թուրքիայում, այցելել է TOG–ի գրասենյակ, ծանոթացել կազմակերպության գործունեության հետ, խոսել հասարակական մակարդակում հայ-թուրքական համագործակցության մասին: Նա նաև հնարավորություն է ունեցել զրուցելու «Միասին ապրիր և պարիր» նախագծի մի քանի մասնակիցների հետ, որոնք կիսվել են Հայաստանից ստացած իրենց տպավորություններով:

– Ես Դերյա Քարաքայն եմ Մուշից: Ես թուրք եմ և հումանիստ, սիրում եմ մարդկանց ու մարդկությանը: Երբ առաջին անգամ լսեցի ծրագրի մասին, մի փոքր վարանում էի, քանի որ մենք նախապաշարմունքներով ենք մեծացել: Այդ պատճառով էլ վախ ունեի, սակայն կարճ ժամանակում հասկացա, որ այդ վախն անտեղի է: Զգացի, որ բոլոր նախապաշարմունքներն անհետացան: Հայաստանը շատ գեղեցիկ պատմական մի երկիր է: Այնտեղ ես տխրություն ապրեցի, զգացի երկրում գոյություն ունեցող ցավը: Ես` որպես թուրք, ընդունում եմ ցեղասպանությունը:

-Անունս Ջումալի Յըլմազ է: Ես Դիարբեքիրից եմ, սովորում եմ Դիջլեի համալսարանի քիմիայի ֆակուլտետում: «Միասին ապրիր և պարիր» ծրագրին վերջին պահին եմ միացել և Հայաստանից եկած մասնակիցներին Դիարբեքիրում ես եմ դիմավորել: Շատ շուտ մտերմացա նրանց հետ և մտածելով, որ սա շատ լավ նախաձեռնություն է` համաձայնեցի Հայաստան գալ: Եվ իսկապես, 16 օրվա ընթացքում միասին էինք ու նույնիսկ մեկ օր նեղություն չեմ զգացել որևէ մեկի վերաբերմունքից: Նրանց հետ դարձանք մեկ ընտանիքի անդամների պես: Միասին ծիծաղեցինք, միասին լացեցինք: Երբ գնացել էինք Թուրքիայի հարավ-արևելյան շրջանների հայկական եկեղեցիներ, հայ մասնակիցները հուզվել և արտասվում էին: Այս պահերին նրանց գրկել ենք եղբայրների պես:

Հայաստանում էլ եղել ենք գյուղերում, խոսել տեղի ժողովուրդի հետ, պարել միասին: Նրանք շատ ջերմ մարդիկ էին և այնքան եմ սովորել այդտեղին, որ շուտով կրկին գալու եմ մեկ այլ ծրագրի մասնակցելու: Կարծում եմ, որ ինչքան էլ պետությունների միջև հարաբերությունները վատ լինեն, ժողովուրդները իրար հանդեպ ատելություն չունեն: Հիմա հայ-թուրքական սահմանը փակ է, սակայն այն կարճ ժամանակում պետք է բացվի և պատմության ընթացքում վերապրած ցավերը, ներազդելով սերունդների վրա, չպետք է նրանց տանեն դեպի մութ ապագա:

– Ես Մեհմեդ Օզքանն եմ Գազիանթեփից: Հայ ընկերներ շատ չեմ ունեցել և հեռավորության վրա ենք ընկերություն արել: Երբ առաջին անգամ լսեցի ծրագրի մասին, շատ ոգևորվեցի, քանի որ այն ինձ հնարավորություն կտար ծանոթանալու նոր մարդկանց, նոր մշակույթի հետ և այդ մասին պատմելու ուրիշներին: Երբ առաջին անգամ ծանոթացա հայերի հետ, զգացի նրանց ջերմությունը, հետո նկատեցի, որ մենք ուրախանում և տխրում ենք միևնույն բաների համար: Հասկացա, որ նրանք շատ տարբեր են այն պատկերացումներից, որոնք ունեինք հայերի մասին մեզ պատմածների վրա հիմնվելով: Երբ Թուրքիայում ընթանում էր ծրագրի առաջին մասը, այս ամենը դեռ չէի հասկացել, սակայն Հայաստան գալով ավելի լավ սկսեցի գիտակցել: Նկատեցի, որ շատ նմանություններ ունենք` մեր տները, հարսանիքները, փողոցները, ուրախությունները, տխրությունները իրար շատ են նման: Այո, հնարավոր է, որ անցյալում շատ սխալներ են արվել, սակայն դրանց պատճառով չպետք է ատելություն տածել այս լավ մարդկանց հանդեպ: Երբ երկու կողմն էլ իրար մասին դրական խոսքեր են ասում, նրանց միջև առկա խաղաղությունը պետք է նպաստի դիվանագիտական քայլերի կատարմանը, ինչը կառավարությունների գործն է: Ուր որ գնում եմ, ամեն տեղ պատմում եմ այդտեղ տեսածս ջերմության և լավ մարդկանց մասին: Դրա շնորհիվ ազդեցության շրջանը գնալով ավելի կլայնանա:

 

– Անունս Բարըշ Սևեն է: Ես Թուրքիայի Մուշ քաղաքում եմ ծնվել և հայկական արմատներ ունեմ: Մանուկ հասակից միշտ ցանկացել եմ գալ Հայաստան և կապեր հաստատել հայ մարդկանց հետ: Այս նախագծի շնորհիվ իմ երազանքը իրականություն դարձավ, և ես հնարավորություն ունեցա մոտիկից ծանոթանալու հայ ժողովուրդի հետ, երկու գիշեր հյուրընկալվեցի հայկական ընտանիքներում, և ամեն ինչ շատ լավ էր: Մեր և հայերի մշակույթը իրար շատ նման են` ապրելակերպը, խոհանոցը, ժողովրդական պարերը: Մեր անցկացրած 15 օրերը աներևակայելի էին: Հայաստանում բոլորը կարծում էին, որ ես հայ եմ, շատ էին նմանեցնում: Ես շուտով կրկին Երևան եմ գալու, որպեսզի հանդիպեմ ինձ հյուրընկալած մարդկանց: Հայաստանում ես շատ երջանիկ էի:

 

Հարցազրույցը` Տաթևիկ Սարգսյանի

Սահմաններու ապահովութեան միակ երաշխիքը հայկական հզօր եւ մարտունակ բանակի ներկայութիւնն է:

Հարցազրոյց ՍԴՀԿ Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Ընկ Յակոբ Տիգրանեանի Հետ : 

Յակոբ Տիգրանեան

Ինչպէս կը գնահատէք վերջին շրջանին տեղի ունեցած բախումներն ու լարուածութիւնները:

Ատրպէյճան կը միտէր սահմանները թէժացնել եւ աստիճանաբար սրելով իրաւիճակը, Լեռնային Ղարաբաղի հարցին մէջ առաւելութիւններ եւ նախաձեռնողի դիրք ձեռք բերել: Պէտք է ընդունիլ, որ այս լարուածութիւններն ու բախումները ամիսներէ ի վեր կան, պարզապես վերջին շաբաթներուն սաստկացան եւ հայկական կողմը պարտադրուած լիարժեք պատասխաններ տուաւ:

Հայ ժողովուրդը խաղաղասէր է եւ կողմնակից բանակցութիւններու միջոցաւ լուծումներ գտնալու: Ատրպէյճանի իշխանութեան համար առնուազն միամտութիւն է հաւատալ, որ զէնքի ուժով կարելի է լուծումի հասնիլ:

Ձեր կարծիքով անմիջական ի՞նչ քայլեր պէտք է առնուին

Նկատի ունենալով իրավիճակի լրջութիւնը,իմ կարծիքով առաջին հերթին անմիջապէս Հայաստանեան քաղաքական բոլոր ուժերը, ըլլան անոնք ընդիմադիր թէ իշխանական, պէտք է դադար տան ներքին քաղաքական պայքարին: Այս առնչութեամբ ողջունելի էր պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի Նախաձեռնութիւնը:

Մենք պարտաւոր ենք ցոյց տալ թշնամիին, թէ որքան ալ ներքին հարցեր ունենանք, վտանքի պահուն միակամ ենք եւ մէկ բռունցք: Բոլորս պետք է աչալրջօրէն հետեւինք զարգացումներուն եւ միասնականօրէն դիմագրաւենք ներկայ հանգրուանը:

Երկրորդ Հայաստանի դիւանագիտական կառոյցը պէտք է աւելի աշխոյժ գործունէութիւն ծաւալէ: Մենք պարտաւոր ենք միջազգային հանրութեան ուշադրութեան ներկայացնել Ազերիական բոլոր սպառնալիքներն ու ոտնձգութիւնները:

Սոչի մէջ կայացած հանդիպումներէն որեւէ շոշափելի արդիւնք կը նախատես՞էք

Հանդիպումները կը միտէին լարուածութիւնները որոշ չափով մեղմացնել և երկխօսութեան նոր էջ բանալ:  Հակառակ Ատրպէյճանի կողմէ շարունակուող սպառնալիքներուն, գետնի վրայ հանդարտութիւնը զքալիորէն վերականգնուած է: Հոս պէտք է նշել, որ այս հանդիպումներու մեծագոյն ձեռբերումը եղաւ այն, որ վերահաստատուեցաւ՝ Ղարաբաղեան հարցը բանակցութիւններու ճամբով լուծելու անհրաժեշտութիւնը, որ նաև մշտապէս եղած է Հայկական կողմի ցանկութիւնը:

Դուք լայնածավալ պատերազմի հնարաւորութիւն կը տեսնէ՞ք

Անկասկած պատերազմ սկսելու վտանգը միշտ առկայ է, այնքան ատեն, որ թշնամին նպատակ դրած է Ղարաբաղի հարցի լուծումը զէնքի ուժով պարտադրել,   փոխանակ խաղաղ ճանապարհով լուծման հասնելու:  Ատրպէյճանի վերնախաւը ատելութեամբ լեցուած է եւ ամէն օր սպարնալիքներ կը հնչեցնէ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդի հասցէին, բան մը որ դէպի պատերազմ առաջնորդող կարեւոր հանգամանք կրնայ հանդիսանալ:

                                          

Իսկ որն է դէպի լուծում առաջնորդող ճանապարհը

Ատրպէյճանը վերջապէս պէտք է հասկնայ, որ որքան ալ քարիւղէն ձեռք բերուած գումարներով սպառազինուի, միեւնոյնն է, պատերազմի միջոցով Ղարաբաղեան հարցը պիտի չկարենայ լուծել:  Միակ ելքը բանակցութիւններու միջոցաւ հարցին վերջնական լուծման հասնիլն է, անպայմանօրէն բանակցութեան որպէս կողմ ունենալով Արցախի իշխանութիւնները:

Մինչ այդ, սահմաններու ապահովութեան միակ երաշխիքը հայկական հզօր եւ մարտունակ բանակի ներկայութիւնն է:

 

Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը

7746_bՆախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» ծրագրին։

Արտակ Ալեքսանյան – Պարոն նախագահ, տևական ընդմիջումից, ըստ էության, տասն ամիս դադարից հետո, Դուք հանդիպեցիք Ադրբեջանի Ձեր գործընկերոջ հետ: Ինչպե՞ս եք գնահատում բանակցությունները:

Սերժ Սարգսյան – Մենք, ընդհանրապես, ելնում ենք այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծում գոյություն չունի: Եվ եթե այդպես է, ապա խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով: Ուստի մենք մշտապես, առանց որևէ ձևականությունների, ինչպես ասում են̀ «առանց նազ ծախելու», մշտապես համաձայնվում ենք հանդիպումների, առավել ևս̀ բարձր մակարդակով հանդիպումների, և այս դեպքն էլ բացառություն չէր: Մենք անմիջապես արձագանքեցինք Ռուսաստանի նախագահի հրավերին̀ հանդիպելու Սոչիում, և ինչպես տեսաք՝ հանդիպումը կայացավ:

Արտակ Ալեքսանյան – Արդյո՞ք ձեռքբերված պայմանավորվածությունները հիմք կծառայեն հրադադարը պահպանելու համար: Ընդհանրապես, խոսվե՞ց վերջին միջադեպերի մասին:

Սերժ Սարգսյան – Վերջին միջադեպերի մասին չէր կարող չխոսվել, որովհետև միջադեպերի կանխարգելումը բանակցային գործընթացի բաղկացուցիչ մաս է: Բայց առանձին պայմանավորվածություն, որպես այդպիսին, ձեռք չբերվեց̀ ելնելով այն հանգամանքից, որ դա ինքնըստինքյան ենթադրվում է: Չեմ կարծում, որ իմաստ ունի խոսել նոր համաձայնագրի մասին, որովհետև՝ ի՞նչ տարբերություն այդ համաձայնագիրը հիմա է կնքվում, թե նախկինում է կնքվել՝ առավել ևս, որ նախկինում՝ 1994 և 1995 թվականներին երկու համաձայնագրեր են կնքվել և կողմերն ուղղակի պարտավոր են կատարել այդ համաձայնագրերի պահանջները: Այլ բան, եթե նոր դրույթներ լինեն և նոր դրույթների հիման վրա համաձայնագիր կնքվի̀ ընդհանրապես ռազմական ուժ չկիրառելու մասին. սա մի ավելի բարձր աստիճան է, քան հրադադարի մասին համաձայնագիրը: Ընդհանրապես, միջնորդների կողմից և մեր կողմից այդպիսի հարցեր բարձրացվում են, բայց մենք դեռևս չենք տեսնում, որ Ադրբեջանը դրան դրական է արձագանքում:

Արտակ Ալեքսանյան – Այսինքն կա հնարավորություն, որ սահմանային միջադեպերը նույն ինտենսիվությամբ կշարունակվե՞ն:

Սերժ Սարգսյան – Ես չեմ կարծում, որ նույն ինտենսիվությամբ կշարունակվեն, որովհետև նախ՝ դեպքերը ցույց տվեցին, որ հայկական զինված ուժերն ամբողջովին տիրապետում են իրավիճակին, և ադրբեջանցիների բոլոր փորձերն, անշուշտ, ձախողվեցին. մի տեղ շատ ավելի արագ և կտրուկ, մեկ այլ տեղ՝ որոշակի կորուստներով:

Ընդհանրապես, ամենաարդյունավետ մեխանիզմը՝ միջադեպերի կանխման, հետաքննման միջազգային մեխանիզմ ձևավորելն է: Եթե մենք կարողանանք այդպիսի մեխանիզմ ձևավորել, ես կարծում եմ, որ դա միջադեպերը կանխելու շատ լուրջ խթան կլինի, որովհետև նման մեխանիզմը ենթադրում է մեղավորների ի հայտ բերում և դրա մասին հանրությանը, այդ թվում՝ միջազգային հանրությանը, տեղյակ պահելու հանգամանք: Այնպես որ, մենք այս ուղղությամբ պետք է աշխատենք:

Արտակ Ալեքսանյան – Սահմանային միջադեպերի մասին դեռ կխոսենք, այժմ անդրադառնանք բանակցային գործընթացին: Պարոն նախագահ, կա կարծիք, որ այս տևական ընդմիջումները բանակցային գործընթացը հետ են գցել: Դա շարունակվելո՞ւ է, թե՞, այնուամենայնիվ, սկսում եք զրոյից:

Սերժ Սարգսյան – Զրոյից ոչինչ չենք սկսում, և հետ ընկնելը կամ առաջ ընկնելը հարաբերական հասկացողություններ են: Մենք բանակցությունները վարում ենք Կազանյան փաստաթղթի շուրջ և դա 2011 թվականի փաստաթուղթն է, որը ստորագրելուց Ադրբեջանի նախագահը վերջին պահին հրաժարվեց: Կազանյան փաստաթուղթը, ինչպես հայտնի է, հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա և ենթադրում է խնդրի լուծում երեք հիմնական սկզբունքների, այն է̀ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա:

Արտակ Ալեքսանյան – Այս օրերին, ի դեպ, շատ էր խոսվում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հնարավոր խաղաղապահների տեղակայման հարցի մասին: Խոսվում էր անգամ ռուս խաղաղապահների մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հեռանկարին:

Սերժ Սարգսյան – Ես առաջին անգամ եմ լսում միայն ռուս խաղաղապահների մասին, իսկ, ընդհանրապես, Մադրիդյան սկզբունքները ենթադրում են խաղաղապահների տեղակայում շփման գծի ողջ երկայնքով, այսինքն` կողմերի միջև: Բայց դա այս բանակցությունների առարկան չէ և թեման չէ, որովհետև այստեղ միայն զուտ սկզբունքը պետք է քննարկվի̀ լինելո՞ւ են արդյոք խաղաղապահներ, թե՞ չէ: Կազանյան փաստաթղթում այդ դրույթը կա: Իսկ խաղաղապահ ուժերի կազմը, լիազորությունները կորոշվեն Մեծ համաձայնագրում, որը պետք է հետևի այս փաստաթուղթը ստորագրելուն:

Արտակ Ալեքսանյան – Ինչպե՞ս եք պայմանավորվել՝ արդյո՞ք հանդիպումները կդառնան պարբերական և ձեզ կմիանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թե՞ կինտենսիվանան եռակողմ հանդիպումները:

Սերժ Սարգսյան – Որևէ կոնկրետ պայմանավորվածություն չունենք, բայց ակնհայտ է, որ խնդրով հիմնականում զբաղվում են Մինսկի խմբի համանախագահները: Բայց բոլոր երեք երկրների նախագահներն էլ պարբերաբար իրենց ժամանակից հատկացնում են այս կարևոր խնդիրը լուծելու համար:

Ես այնպես եմ հասկանում, որ Ռուսաստանի նախագահի համար այս հանդիպումը կարևոր էր նրանով, որպեսզի իր համար ճշտի̀ արդյո՞ք կողմերը ցանկանում են, որպեսզի խնդիրը լուծվի, և եթե այո, ապա՝ որո՞նք են կողմերի ակնկալիքները: Եվ կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահն իր նպատակին հասավ:

Արտակ Ալեքսանյան – Եվ հիմա արդեն սահմանային միջադեպերի մասին: Փաստորեն՝ անմիջապես Սոչիի հանդիպմանը նախորդեցին սահմանային միջադեպերը: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ խնդիր էր փորձում լուծել Ադրբեջանը:

Սերժ Սարգսյան – Տարբեր: Տարբեր նպատակներ կան: Իհարկե, ամենագլխավոր և կարևոր նպատակն այն է, որպեսզի միջազգային հանրությանը հասցվի այն գաղափարը, այն միտքը (և Ադրբեջանի ղեկավարը դա երբեք չի թաքցրել), որ պատերազմը չի ավարտվել, ավարտվել է պատերազմի մի փուլը, և պետք է հիմա շատ շտապ միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի խնդիրը ստանա իր վերջնական լուծումը: Մենք բոլորս էլ համոզվել ենք, որ դա այդպես է: Չեք կարող հիմա ինձ հիշեցնել մի դեպք, որ յուրաքանչյուր կարևոր հանդիպումից առաջ կամ հետո միջադեպերի ինտենսիվություն չգրանցվի: Իսկ այդպիսի կարևորագույն հանդիպումն, իհարկե, այն գլխից ենթադրում էր այդպիսի մոտեցում:

Հաջորդ նպատակը, որ Ադրբեջանի զինված ուժերը, Ադրբեջանի ղեկավարությունն իր առջև դնում է, դա, ինչպես ժողովուրդն է ասում՝ «հայերի աչքը վախեցնելն է»: Նրանք ուզում էին ցույց տալ և իրենց, և ուրիշներին, որ իրենք ուժեղ են, իրենց զինված ուժերը մարտունակ են, և իրենք կարող են, ինչպես իրենք են ասում, «պատժել հայկական զինված ուժերին»: Ինչպես տեսաք, այդ խաբկանքը նրանց հասցրեց ոչ բարենպաստ հանգրվանի:

Երրորդ նպատակը, կարծում եմ, ներքաղաքական է. Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է արդարացնել իր կոշտ քաղաքականությունը երկրի ներսում՝ պատերազմը ավարտված չլինելու հանգամանքը շահարկելով:

Կարելի է նաև այլ նպատակներ և պատճառներ ասել, բայց, կարծում եմ, հիմնական նպատակներն այս երեքն են:

Արտակ Ալեքսանյան – «Հայերին վախեցնելու կոնտեքստում» ինչպե՞ս եք գնահատում մեր զինվորների և կեցվածքը, և գործողություններն առաջին գծում: Կարո՞ղ ենք արձանագրել, որ բանակն, ըստ էության, իր բարձունքի վրա գտնվեց, պահպանեց սահմանը և ունակ է շարունակելու դա անել:

Սերժ Սարգսյան – Ինձ համար երբեք երկու կարծիք չի եղել: Ես շատ լավ գիտեմ մեր զինված ուժերը, գիտեմ մեր զինված ուժերի հնարավորություններն ու կարողությունները, և երբ պարբերաբար ասում էի, որ մեր զինված ուժերը մարտունակ են, շատերը, երևի թե, թերահավատ էին: Բայց այս իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան են առաջ գնացել մեր զինված ուժերը իրենց պրոֆեսիոնալ վարպետությունը կատարելագործելով: Մենք շատ լավ կազմակերպված, կազմակերպվածության բարձր աստիճան ունեցող զինված ուժեր ունենք, և մեր զինված ուժերում կառավարումը գրեթե անթերի է: Սա չափազանց էական հանգամանք է, շատ կարևոր հանգամանք է: Եթե ստորաբաժանման ղեկավարը չի կարողանում կառավարել իր ենթականերին, ապա զինված ուժերը կամ այդ ստորաբաժանումը երբեք հաջողության հասնել չեն կարող: Մենք տեսանք, որ սկսած մեր ջոկի հրամանատարներից մինչև կորպուսների, բանակի հրամանատարներ կարողանում են վարպետորեն կառավարել իրենց զորքը, իրենց վստահված զինծառայողներին: Սա շատ էական հանգամանք է: Մեր տղաները հերոս տղաներ են:

Արտակ Ալեքսանյան – Պարոն նախագահ, մարտերը ոչ միայն սահմանին էին, այլ նաև լրատվական դաշտում և սոցցանցերում: Ընդ որում՝ այս ամբողջ ընթացքում տարբեր փորձագետներ կարծիքներ էին հայտնում, որ հայկական մեդիան կարողացավ պրոֆեսիոնալ գտնվել, խուճապ չտարածել, ճիշտ հակառակը̀ կարողացավ բալանսավորված ինֆորմացիա տալ և ադրբեջանական քարոզչությունը չհասցնել իր ընթերցողներին: Ընդհանուր առմամբ, կարո՞ղ ենք ասել, որ մենք պատրաստ ենք նաև որպես հասարակություն հարկ եղած դեպքում կանգնել մեր բանակի մեջքին ու գնալ հաղթանակների: Պատրա՞ստ ենք արդյոք նաև տեղեկատվական պատերազմին:

Սերժ Սարգսյան – Ես դրանում էլ եմ մշտապես համոզված եղել, Արտակ: Երբ ես ասում էի, որ այն պրոբլեմները, խնդիրները, որոնք առաջանում են, դա այն գինն է, որը մենք վճարում ենք փակ հասարակությունից բաց հասարակության անցնելու ճանապարհին, ես հենց դա նկատի ունեի: Ի տարբերություն միջնադարյան հասարակական հարաբերություններ հաստատող մեր հարևանի, մենք բաց հասարակություն ենք, և մեր մամուլն էլ ազատ է: Ով, ինչ ուզում է ասի՝ ինչքան էլ մեզ մեղադրեն մամուլը կառավարելու մեջ, գոնե մամուլի ներկայացուցիչների մեծ մասը գիտեն, որ իրենք ազատ են:

Իհարկե, սկզբնական փուլում որոշակի խնդիրներ ունեցանք: Ես ուշի ուշով հետևում էի և տեսնում էի, որ որոշ լրատվամիջոցներ, և առավել ևս՝ առանձին մարդիկ նույնիսկ փորձեցին մեր հակառակորդների մատուցած ինֆորմացիան որպես ճշմարտություն բերել, հասցնել մեր հասարակության անդամներին: Բայց դա շատ կարճ տևեց և, փառք Աստծո, որ առանց, ինչպես ասում են՝ առանց վերևից ցուցումի, առանց պարտադրանքի նրանք կարողացան համախմբել և շատ ճիշտ դիրքորոշում արտահայտել:

Նույնիսկ իշխանությունների նկատմամբ շատ կոշտ դիրքորոշում ունեցողները, մեր քաղաքական հակառակորդները իրենց մեջ ուժ գտան դրական արձագանքելու մեր բանակի գործողություններին, և դա նրանց պատիվ է բերում:

Բայց այստեղ մի հանգամանք կա, որը երբեք չպետք է մոռանանք. ակնհայտ է, որ 90-ական թվականների մեր հաղթանակը պայմանավորված էր ոչ միայն այն հանգամանքով, որ մենք պաշտպանում էինք մեր տունը, պայմանավորված էր ոչ միայն մեր զինվորների ու սպաների հերոսությամբ, մեր մարդկանց տոկունությամբ, այլ պայմանավորված էր նաև Ադրբեջանի հասարակության մեջ տիրող խառնաշփոթությամբ: Մենք շատ մեծ ինֆորմացիա էինք ստանում հենց Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումներից (սա չի նշանակում, որ նրանք մեր գործակալներն էին, կամ մենք նրանց հետ հատուկ հարաբերություններ ունեինք), մենք կարողանում էինք ճիշտ ինֆորմացիա քաղել նրանց գործողությունների մասին, նրանց հայացքների, կարողությունների մասին: Այդ հանգամանքը, անշուշտ, որևէ մեկը չի մոռացել, չեն մոռացել նաև ադրբեջանցիները: Եվ երբ Ադրբեջանի ղեկավարությունը, Ադրբեջանի նախագահը մշտապես ասում է, որ Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, Հայաստանը կործանման եզրին է և այլն, շատ պարագաներում նա կրկնում է մեր, այսպես ասած, որոշ ընդդիմադիրների կարծիքները: Ուզում եմ ասել, որ այդպիսի վերաբերմունքը ոգևորում է ադրբեջանցիներին: Ուղղակի իմ խնդրանքն է մեր ընդդիմադիրներին՝ որոշ դեպքերում և որոշ հարցերի շուրջ լինել զուսպ:

Ես նրանց կոչ չեմ անում մեր դեմ չպայքարել: Ընդդիմությունը նրա համար է, որ որպեսզի պայքարի իշխանությունների դեմ, բայց երբ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակ է, երբ սահմաններին կոնֆլիկտների թիվը ավելանում է հակառակորդին ոգևորելը լավ բան չէ:

Արտակ Ալեքսանյան – Ի դեպ, հակառակորդի հիստերիայի մասին. այս ընթացքում հայտնի է, որ նույն Իլհամ Ալիևը Twitter-ում մեկ ժամում գրեթե 60 գրառում կատարեց, աննախադեպ Twitter-յան պատերազմ էր հայտարարել Հայաստանին և նույնքան անհավասարակշիռ հայտարարությամբ հանդես եկավ նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը̀ Զաքիր Հասանովը: Մասնավորապես, նա ասաց որ ադրբեջանական զինված ուժերը պատրաստ են երկրի երեսից ջնջել Երևանը: Ինչպե՞ս եք դրանց վերաբերվում, պե՞տք է արդյոք դրանց արձագանքել:

Սերժ Սարգսյան – Ամեն ինչին արձագանքելը մեր գործելաոճը չէ: Ես խորը համոզմունք ունեմ, որ երկրի նախագահը, պաշտպանության նախարարը և որոշ այլ գործիչներ հուզական ելույթների իրավունք չունեն: Հուզական ելույթներն էլ են անհրաժեշտ, բայց այլ դեպքերում: Ամեն անգամ Սեյրան Օհանյանը, պատասխանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարին, ինչի՞ է հասնելու: Լեզվակռիվն ո՞ւմ է պետք: Կամ՝ ամեն անգամ ես պատասխանեմ Ադրբեջանի նախագահի անձնական վիրավորանքին: Եթե իմ չպատասխանելը դիտվեր այլ տեսանկյունից, կամ նրա ասածը դիտվեր իբրև ճշմարտություն, իհարկե, ես պարտավոր էի արձագանքել: Բայց ես ի՞նչ արձագանքեմ Ադրբեջանի նախագահի այն ասածներին, թե, իբր, Հայաստանի իշխանությունը կոռումպացված է, կրիմինալ է, չգիտեմ, ռազմական խունտա է և այլն: Ամբողջ աշխարհը մեղադրում է Ալիևին կոռուպցիայի մեջ, իսկ ինքը̀ մեզ: Ես ի՞նչ պետք է պատասխանեմ: Ես կարծում եմ̀ ոչ մեր հասարակության համար, ոչ միջազգային հանրության համար այստեղ որևէ խնդիր գոյություն չունի: Բայց, անշուշտ, կան դեպքեր, երբ պետք է պատասխանել, և անհրաժեշտ պարագաներում մենք պատասխանում ենք:

Ինչ վերաբերվում է Պաշտպանության նախարարի հոխորտանքին, ապա այսօր Ադրբեջանի նախագահը մի շատ լավ բան ասաց, բայց դրա հետ չէր կապված: Նա ասաց̀ կողմերը քաջատեղյակ են իրենց հնարավորությունների մասին: Իրոք, մենք քաջատեղյակ ենք, թե ինչպիսի հնարավորություններ ունեն Ադրբեջանի զինված ուժերը: Ադրբեջանի ղեկավարությունը քաջատեղյակ է մեր հնարավորությունների մասին: Այո, և դա ես առանց որևէ մտավախության եմ ասում, Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանից կարող են «հասնել» նաև Երևանի սահմաններին, եթե ռազմական գործողություններ սկսվեն: Բայց այդպիսի բաներն անպատիժ երբեք չեն մնում, և Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ գիտի, թե ինչ կարողություններ ու հնարավորություններ ունեն հայկական զինված ուժերը: Նրանք շատ լավ գիտեն, որ մենք ունենք բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կմ-ից ավելի է, և որոնք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են: Ընտրության հարց է: Եթե այդ մարդիկ «իրենց գլխից ձեռք են քաշել», եթե նրանք որոշել են, որ պետք է գնալ ռազմական լայնածավալ գործողությունների և, նույնիսկ, կարող են Հայաստանի բնակավայրերը, որոնք սահմանամերձ չեն, ընտրել որպես թիրախ, ապա թող իրենք իրենց պատասխանատվության մասին մտածեն:

Ինձ որոշ դեպքերում թվում է, որ որոշ մարդիկ Բաքվում երեկոյան ժամերին̀ աշխատանքից հետո, համակարգչային խաղերով են զբաղված և կռիվ-կռիվ են խաղում: Բայց նրանք պետք է հասկանան, որ վիրտուալ իրականությունը մի բան է, իսկ իրականությունը̀ մեկ այլ բան: Երբեք չի կարելի չոր թվեր դնել և հաշվարկել, ասել̀ մեր համախառն ներքին արդյունքն այսքան է, Հայաստանինը̀ այսքան, մենք ունենք այսքան տանկ, Հայաստանը̀ այսքան տանկ, և եթե ռազմական գործողություններ լինեն, ապա մենք կհաղթենք: Իմ ասածը չի նշանակում, որ համախառն ներքին արդյունքը նշանակություն չունի, փողը, տանկերի քանակը նշանակություն չունեն: Ես դա չեմ ասում: Իհարկե, ունեն: Բայց դա բավարար չէ: Վերջին գործողություններն այդ մասին էին խոսում:

Այդ գործողությունների արդյունքում մենք ինչի՞ ականատես եղանք: Ադրբեջանցիներն ասում են, որ գործողությունների արդյունքում, իբր, հայկական զինված ուժերը ավելի շատ կորուստներ են ունեցել և, իբր, մենք այդ կորուստները թաքցնում ենք: Բայց ես չեմ կարծում, որ մեր հասարակության մեջ կա գոնե մեկ մարդ, որը այդպես կարծի: Անհնար է զինվորի կորուստը թաքցնել: Առավել ևս̀ մեր հասարակության մեջ: Չեմ կարծում, որ դա հնարավոր է: Մյուս կողմից ̀ իրենք փորձ են անում թաքցնել իրենց կորուստները իրենց իսկ հասարակությունից, և ինչ-որ ժամանակ դա իրենց հաջողվում է: Նրանք այդ կորուստները ձգում են ժամանակի մեջ, և եթե այսօր նրանք ունեցել են, ենթադրենք, տասը զոհ, ապա այդ տասը զոհի մասին նրանք չեն հայտարարում: Տասը զոհի մասին հայտարարում են մեկ շաբաթյա ժամանակահատվածում: Եվ որպեսզի այստեղ ավելորդ խոսակցություններ չլինեն, ես հանձնարարել եմ պաշտպանության նախարարին, որպեսզի հատուկ զբաղվեն և հրապարակեն մեր մամուլում՝ ինչպես մեր զոհերի անուն-ազգանունները̀ զինծառայողների նկատի ունեմ, այնպես էլ ադրբեջանական մահացած զինծառայողների անուն-ազգանունները, որպեսզի մարդիկ առարկայորեն տեսնեն̀ ով է ավելի շատ կորցրել և քանի անգամ: Դրա նպատակն այն չի, որ մենք ուրախանում ենք: Անձամբ ես մեծ ուրախություն չեմ ապրում ադրբեջանցիների շատ կորուստներով: Ես հպարտության մեծ զգացումներ եմ ունենում մեր տղաների գործողությունների համար: Ինձ համար ամենակարևորն այն է, որ մենք կորուստ չունենանք, կամ քիչ ունենանք: Իսկ թե նրանք ինչքան կորուստ կունենան, ինձ ամենաշատ հետաքրքրող հարցը չէ: Բայց իրենց հասարակությունը պետք է իմանա, թե ինչի է հասցնում այդ ոչ լուրջ վերաբերմունքը պատերազմի կամ միջադեպերի նկատմամբ: Պատերազմը վատ բան է: Միջադեպերն էլ լավ բան չեն, ուստի մենք շատ զգույշ պետք է լինենք և, անշուշտ, մշտապես մենք պետք է ուշադրության կենտրոնում պահենք մեր քաջ տղաների բարեկամներին, հարազատներին, երեխաներին, ծնողներին, ովքեր իրենց կյանքի գնով կարողացել են անել այնպես և նախկինում, և հիմա, որ մեր զինված ուժերի նկատմամբ մեր ժողովուրդը իր հավատը պահպանի:

Երբ խոսում ենք թաքցնել կամ չթաքցնելու մասին, դա մի բան է, որ շատ դժվար է մշտապես վերահսկել: Ես առաջարկում եմ մեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ շատ ուշադիր ընթերցել վերջին տասը օրերի ընթացքում և Ալիևի ելույթները, և իրենց պաշտպանության նախարարի ելույթները, բայց ոչ միայն իրենց ելույթները, այլ իրենց հանդիպումների ժամանակ հնչած ելույթները: Եթե դուք դա փորձեք անել, կտեսնեք, որ, օրինակ, Աղդամի հանդիպման ժամանակ սկզբից բոլորն ասում էին, որ իրենք շատ քիչ կորուստներ են ունեցել, բայց այնտեղ ելույթ ունեցողներից մեկն ասաց̀ այն օրը մենք ունեցանք 12 զոհ: Ինչ ուզում ես արա, մեկ է̀ մի տեղից դուրս է գալիս: Երկար ժամանակ չես կարող այդ ստով կերակրել բոլորին:

Արտակ Ալեքսանյան – Պարոն Նախագահ, վերջին միջադեպը, որն ուղղակի նյարդայնացրեց հասարակությանը, դա Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանի գերի ընկնելու և գերության մեջ մահանալու փաստն էր: Ըստ էության՝ մենք կարո՞ղ ենք արձանագրել, որ Կարենի օրինակով գործ ունենք ռազմական հանցագործության հետ՝ երբ միջազգային նորմերը չեն պահպանվել. խաղաղ բնակչին, որի նկատմամբ տեղի է ունեցել բռնություն, ստիպել են, որպեսզի ցուցմունք տա, ինքնախոստովանի, որ ինքը դիվերսանտ է, և այնքան են խոշտանգել, որ մահացել է:

Սերժ Սարգսյան – Բոլոր դեպքերում այդ մահը ադրբեջանցիների խղճի վրա է, և այդ մահվան պատասխանատուն, իհարկե, նրանք են: Այսօր մեկ այլ թեմայով խոսելիս ես Ռուսաստանի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի նախագահին ասացի, որ ամոթ է այդպիսի մարդկանց սպանելը: Նա ասաց՝ «մենք չենք սպանել»: Ասացի՝ մարդը՝ 31 տարեկան տղան, ինչի՞ պիտի անցներ, ինչպես ես եմ տեղեկացված՝ ոգելից խմիչքի ազդեցության տակ, ձեզ մոտ և մահանար: Ասում է՝ «դե կարող է՝ վախեցել է, մահացել է»: Բայց մենք պետք է զուսպ լինենք. պատերազմը հանաք չի, պատերազմը անլուրջ վերաբերմունք չի ընդունում: Ես հասկանում եմ, որ անհնար է բոլորին վերահսկել, ես հասկանում եմ, որ տարբեր հանգամանքներ են լինում, և դա չի արդարացնում ադրբեջանցիների գործողությունները, բայց մեր սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիները շատ լավ պետք է հասկանան, որ գործ ունեն թշնամու հետ՝ զայրացած, գազազած թշնամու հետ:

Արտակ Ալեքսանյան – Սահմանային միջադեպերի ժամանակ փորձագետները նշում էին ՀԱՊԿ-ի լռությունը: Չէ՞որ այդ սահմանային միջադեպերը ոչ միայն շփման գծում էին, այլև հայ-ադրբեջանական պետական սահմանին: Ինչո՞ւ ՀԱՊԿ-ն որևէ կերպ չարձագանքեց:

Սերժ Սարգսյան – Ես կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկար: ՀԱՊԿ-ի գործողությունները մշտապես պայմանավորված են լինում դիմող երկրի գործողություններով:

Իհարկե, ՀԱՊԿ-ը կարող էր արձագանքել և կարող էր սա զուտ տեխնիկական խնդիրներով պայմանավորված լինել: Որքանով ես տեղյակ եմ՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մոտ ժամանակներս պիտի այցելի Հայաստան: Սա արդեն վերաբերմունք է: Եվ երկրորդ՝ դուք հնարավորություն կունենաք այս հարցերը նրան ուղղելու:

Իրոք ես համոզված եմ, որ դրա անհրաժեշտությունը չկար: Եթե որևէ մեկը մտածում է, որ եթե ՀԱՊԿ-ը արձագանքեր, ապա ադրբեջանցիներն անմիջապես կդադարեցնեին, ապա կարծում եմ, որ նա սխալվում է:

Իսկ ինչ վերաբերում է, ընդհանրապես, ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը, ապա այդ դիրքորոշումը հայտնված է 2012 թվականի փաստաթղթի մեջ, և այդ փաստաթուղթը իր ուժը չի կորցրել: ՀԱՊԿ-ի դիրքորոշումը միանշանակ պարզ է:

Արտակ Ալեքսանյան -Պարոն նախագահ, ինչպես եք գնահատում Թուրքիայի վերաբերմունքը վերջին միջադեպերին, երբ երկրի ամենաբարձր մակարդակով ցավակցություն էին հայտնում միայն Ադրբեջանին: Եվ Թուրքիայում այսօր ընտրում են մի մարդու, ով հրապարակային իր ելույթների ժամանակ իր հայ լինելու վարկածը որակել է որպես վիրավորանք: Արդյո՞ք սա հիմք է տալիս պնդելու, որ բոլոր այն սպեկուլյացիաները՝ Թուրքիայի բանակցային գործընթացում հնարավոր միջնորդական առաքելության մասին, արդեն վերջնականապես կդադարեն:

Սերժ Սարգսյան – Բայց ինչո՞ւ եք զարմանում Թուրքիայի վերաբերմունքից: Եղե՞լ է դեպք, երբ Թուրքիան անաչառ դիրքորոշում է արտահայտել: Թուրքիան այն երկիրն է, որ միանշանակ սատարում է Ադրբեջանին: Ցանկացած հարցում: Եվ ես իրոք կզարմանայի, եթե պարոն Էրդողանը ցավակցություն հայտներ նաև հայկական կողմին:

Ինչ վերաբերում է նրա մոտեցումներին, ես կարծում եմ՝ այստեղ էլ զարմանալի ոչինչ չկա: Եվ իրոք կարծում եմ, որ հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է: Այնպես որ՝ այստեղ էլ պետք չէ զարմանալ: Այլ բան, որ այդպիսի դիրք զբաղեցնող մարդիկ պետք է զուսպ լինեն: Իսկ նրանք զսպվածություն չունեն: Թուրքիայի դիրքորոշումը մեզ համար շատ պարզ է, ակնհայտ է: Մենք դրանում քանիցս համոզվել ենք: Այդ թվում նաև՝ արձանագրությունների բանակցությունների ժամանակ: Դրա համար մենք շատ ուշադիր էինք՝ հանկարծ այդ արձանագրություններում որևէ կետ, որևէ դրույթ չլինի, որ կարող է մեզ կաշկանդել ղարաբաղյան բանակցություններում: Այնպես որ՝ այստեղ ամեն ինչ պարզ և հստակ է:

Եվ մի բան էլ՝ շատերը մտածում են, որ իր առջև դնելով տարածաշրջանային առաջնորդ դառնալու խնդիր՝ Թուրքիան կարող է հավասարակշիռ դիրքորոշում, հավասարաչափ մոտեցում ցուցաբերել: Դրանք միամիտ մարդիկ են՝ ոչ միայն մեր նկատմամբ, այլ ուրիշների նկատմամբ: Չեմ տեսնում այսօր Թուրքիայում իշխող քաղաքական ուժի կողմից այդպիսի միտումներ, այդպիսի գործողություններ: Պետք է շատ ավելի լայնախոհ դրսևորումներ լինեն, որպեսզի մենք երբևէ հասնենք այդպիսի իրավիճակի:

Արտակ Ալեքսանյան -Բացի եռակողմ ձևաչափից, Դուք Վլադիմիր Պուտինի հետ ունեցել եք նաև երկկողմ հանդիպում, և արդյոք խոսե՞լ եք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին, արդյոք քննարկե՞լ եք՝ երբ հնարավոր կլինի անդամակցությունը, ինչո՞ւ են ժամկետները տեղաշարժվում:

Սերժ Սարգսյան – Մենք ունեցել ենք երկկողմ հանդիպում՝ շատ ավելի տևական ժամանակով, քան այսօրվա հանդիպումն էր, և խոսել ենք հայ-ռուսական օրակարգի բոլոր խնդիրների մասին: Բոլոր այն հարցերի մասին, որ կարող էին մտահոգել մեր հանրությանը. սկսած ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ վարկային միջոցների տրամադրման ժամկետից ու կառուցվածքից, որովհետև ենթադրվում է բավականաչափ մեծ՝ 15 տոկոս դրամաշնորհային էլեմենտ, վերջացրած՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալու ժամկետների և պայմանների մասին, ավարտած՝ ռազմա-տեխնիկական համագործակցության խնդիրներով: Եվ ես պետք է իմ բավարարվածությունը հայտնեմ այդ հանդիպման բովանդակությունից: Արդյունքները ժամանակը ցույց կտա: Բայց բովանդակությունը մեզ համար շատ էական էր, շատ կարևոր: Ես կարծում եմ՝ մոտ ժամանակներս մենք արդեն կտեսնենք նաև արդյունքները:

Արտակ Ալեքսանյան -Անդամակցությունն այս տարի չի լինի:

Սերժ Սարգսյան – Անդամակցությունը մենք երբեք չէինք ենթադրում, որ այս տարվանից կլիներ: Խոսքը երևի ստորագրման մասի՞ն է:

Արտակ Ալեքսանյան – Այո

Սերժ Սարգսյան – -Ես չեմ կարծում, որ այս տարի չենք ստորագրի: Ես կարծում եմ՝ կստորագրենք: Եվ հանկարծ, մեկ էլ տեսար, այդ ժամանակը շատ չձգվեց՝ մինչև աշուն: Տեսնենք:

Արտակ Ալեքսանյան -Պարոն նախագահ, արդյոք Վլադիմիր Պուտինի հետ քննարկե՞լ եք ռուսաստանահայ գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը և քրեական գործը: Հայտնի է, որ նա ունի առողջական խնդիրներ, մինչդեռ մինչև այժմ նրան ոչ տեղափոխել են հիվանդանոց, ոչ էլ խափանման միջոցն են փոխել:

Սերժ Սարգսյան – Ինչպես ասացի՝ բոլոր հարցերն ենք քննարկել: Այդ թվում նաև՝ այդ հարցը: Ռուսաստանի Նախագահը խոստացավ՝ ուսումնասիրել այդ խնդիրը: Նա տեղյակ չէր ոչ քրեական գործից, և ոչ էլ ճանաչում էր Լևոն Հայրապետյանին, գոնե՝ անուն-ազգանունով: Նա խոստացավ ուսումնասիրել և մեզ տեղեկացնել՝ կապված առողջական խնդիրների հետ:

Արտակ Ալեքսանյան – Եվ վերջին հարցը: Պարոն նախագահ, Հայաստանի տնտեսությունն այսօր ադապտացվում է երկու փոփոխությունների. առաջինը Վրաստանի եվրաինտեգրացումից բխող նոր կարգավորումներն են, և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: Ինչպե՞ս են այս երկու գործընթացները ազդելու Հայաստանի տնտեսության վրա, և մենք ունե՞նք արդյոք բացասական հետևանքները մեղմելու սցենարներ:

Սերժ Սարգսյան – Ընդհանուր կարծիք կա, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կարող են բացասական հետևանքներ ունենալ նաև Հայաստանի տնտեսության համար: Այս տեսակետի կողմնակիցները ելնում են այն հանգամանքից, որ եթե Ռուսաստանի տնտեսությունը քիչ աճ ունենա կամ չաճի, և քանի որ մեր տնտեսությունը սերտորեն շաղկապված է Ռուսաստանի տնտեսության հետ, անպայման Հայաստանի համար բացասական հետևանքներ կարող են լինել: Ես չեմ կարող հերքել այդ վարկածը: Բայց դա ընդամենը վարկած է: Թեև՝ շատ հավանական, բայց՝ վարկած է: Մշտապես այդպիսի թեմաները դառնում են սուր քննարկումների, բանավեճերի առարկա: Միգուցեև դա ճիշտ է: Բայց մյուս կողմից էլ դա որպես պարզ ճշմարտություն չի կարելի ընդունել, և մենք իրավունք չունենք դա ընկալելու, որ հենց այդպես է լինելու՝ անպայման բացասական հետևանքներ են լինելու:

Ինչ վերաբերում է կանխարգելիչ միջոցառումներին, ապա Հայաստանի կառավարության ծրագրով այդպիսի միջոցառումներ նախատեսված են: Եթե հիշում եք՝ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը հաստատելու ժամանակ վարչապետը այդ մասին հանգամանորեն խոսեց: Մենք այնպիսի թվեր ենք նախանշել, որ վատ հետևանքներ գրեթե ես բացառում եմ, որ կունենանք: Մենք պետք է վարենք ճիշտ մակրոտնտեսական քաղաքականություն՝ և կարճաժամկետ առումով, և երկարաժամկետ առումով, խրախուսենք տնտեսությանը, որպեսզի արձանագրենք տնտեսական աճ:

Ուրախ եմ, որ այլ պարամետրեր այսօր մտահոգության քիչ առարկա են. որևէ մեկն այսօր չի խոսում գնաճի մասին, մեծ գնաճի մասին և այլնի մասին: Հիմա էլ ասում են՝ աճի տոկոսը փոքր է, ցածր է: Հասկանում եմ, որ ցածր է: Կցանկանայի լիներ ոչ թե 3 տոկոս, այլ 30 տոկոս: Բայց բոլոր ցանկությունները չեն, որ իրականանում են: Ես կարծում եմ՝ կարևորն աճ ունենալն է, և կարևորն այն է, որպեսզի մենք կարողանանք օգտվել նաև նոր ի հայտ եկած հնարավորություններից:

Մի կողմից ասում ենք, որ պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի դեմ, և սա կարող է Ռուսաստանի տնտեսությանը վնասել, բայց մոռանում ենք ասել, որ Ռուսաստանն էլ պատժամիջոցներ է կիրառել այլ երկրների դեմ: Նշանակում է՝ ռուսաստանյան շուկայում շատ մեծ հնարավորություններ են բացվել մեր գյուղատնտեսական մթերքներ արտադրողների համար: Խնդրեմ՝ կոմպենսացնենք: Մենք խրախուսելու ենք մարդկանց, որպեսզի ավելի շատ մթերք արտադրեն: Մենք ստեղծելու ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի այդ մթերքն իրացվի Ռուսաստանի Դաշնությունում: Բայց միայն մեր ձեռնարկած միջոցներն ու մեր ցանկությունը բավարար չեն: Մենք պետք է հասկանանք, որ բարեկեցության աղբյուրն աշխատանքն է: Այլ ճանապարհ չկա: Իհարկե, ամեն ինչը շատ կարևոր է. բաց հասարակությունը կարևոր է, գիտությունը կարևոր է, առողջապահությունը կարևոր է, մրցակցությունը կարևոր է, ամենը կարևոր են, բայց ամենակարևորը աշխատանքն է: Եթե բոլորս գիտակցենք, որ մեր բարեկեցության աղբյուրը աշխատանքն է, մենք շատ խնդիրներ լուծած կլինենք:

Անկախ

Թուրքիան նախագահական ընտրությունների շեմին

օգոստոս 10

1923 թվականին հիմնվեց Թուրքիայի Հանրապետությունը, որի առաջին նախագահը դարձավ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը: Այդ ժամանակներից գրեթե մեկ դար անց 2014 թվականի օգոստոսի 10–ին Թուրքիան պատրաստվում է ընտրել իր 12–րդ նախագահին: Առաջին անգամ երկրի պատմության մեջ նախագահին կընտրի ժողովուրդը` ուղիղ քվեարկության միջոցով:

Այսպես նախագահական ընտրություններին առաջադրված է երեք թեկնածու: Ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանը հանդես կգա իշխող Արդարություն և զարգացում կուսակցության անունից: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և Ազգայնական շարժում կուսակցությունները որոշեցին առաջադրել միասնական թեկնածուի` Էքմելեդդին Իհսանօղլուին: Իսկ ահա Թուրքիայի փոխրամասնություններին միավորած Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից պայքարի մեջ մտավ Սելահադդին Դեմիրթաշը:

Հետևելով Թուրքիայում ընթացող նախընտրական քարոզարշավի ընթացքին` կարելի է նկատել, որ քաղաքացիները առանձնապես հետաքրքրված չեն գալիք ընտրություններով, երկրում ոգևորությունն աննշան է, քանի որ արդյունքը առավել քան կանխատեսելի է: Համեմատություն անցկացնելով մարտ ամսվա վերջին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների հետ` ակնհայտ է, որ հիմնական պայքարը ընթանում էր այն ժամանակ և պարզ էր, որ գրանցված արդյունքները պայմանավորելու են նախագահական ընտրությունների ելքը: Այս պարագայում սպասել է, որ Էրդողանը պարզապես ամրապնդելու է իր հաղթանակը:

Նախագահական ընտրություններին ընդառաջ անցկացված վերջին սոցիալական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Էրդողանը հավաքելու է քվեարկողների ձայների 55 տոկոսը (ՏԻՄ ընտրություններ ժամանակ Էրդողանի գլխավորած ԱԶ կուսակցությունը հավաքել էր ձայների 45,6 տոկոսը, հանարապետականները` 27,8, իսկ ազգայնականները 15,2 տոկոս ձայներ), այսինքն շատ քիչ է հավանականությունը, որ ընտրությունները կտեղափոխվեն հաջորդ փուլ: Ինչ վերաբերում է մյուս թեկնածուներին, ապա Իհսանօղլուն ակնկալում է ստանալ 38 տոկոս ձայներ, իսկ Դեմիրթաշը միայն 7,5 տոկոս:

Անդրադառնալով թեկնածուների նախընտրական քարոզարշավներին, ելույթներին և խոստումներին` պետք է նշել, որ ընտրապայքարի առաջին իսկ օրերից ակնհայտ դարձավ, որ թեկնածուները շեշտը դնելու են կրոնական գործոնի վրա: Բանն այն է, որ Թուրքիայում ընտրողների մոտ երկու երրորդը հավատացյալ մուսուլմաններ են և բնական է, որ թեկնածուները հաշվի էին առնելու այս հանգամանքը: Թայիփ Էրդողանը, պայքարի մեջ մտնելով «Ազգային կամք, ազգային ուժ» կարգախոսով, իր առաջին ելույթը սկսեց աղոթքով և այն ավարտեց Ղուրանից տողերի մեջբերմամբ: Լինելով չափավոր իսլամի հայեցակարգով առաջնորդվող կուսակցության ղեկավար` Էրդողանի այս մոտեցումը բնական էր: Իսկ ահա նրա մրցակից ԺՀԿ-ԱՇԿ միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուի առաջադրումը այնքան էլ սպասել չէր: Իհսանօղլուն, տարիներ շարունակ գլխավորելով Իսլամական համագործակցություն կազմակերպությունը, ներակացնում է պարկեշտ հավատացյալի մի կերպար: Սա թույլ է տալիս նրան ձայներ ակնկալելու ոչ միայն իրեն առաջադրած կուսակցությունների, այլև կրոնամետ ԱԶԿ-ականների կողմից: «Հացի համար Էքմելեդդին» կարգախոսի ներքո հանդես եկող թեկնածուն Էրդողանից տարբերվում է իր զուսպ և հավասարակշիռ պահվածքով, միջազգային հարթակներում աշխատելու բազմամյա փորձով:

Իսկ ահա ԺԴԿ-ի թեկնածու Սելահադդին Դեմիրթաշը որոշեց գնալ այլ ճանապարհով: Էրդողանի և Իհսանօղլուի հետ պահպանողական զանգվածների ձայների համար պայքարելու փոխարեն նա նախընտրեց հիմնվել երկրի աշխարհիկ ազգաբնակչության վրա: Իրեն համարելով Թուրքիայի փոքրամասնություններին ներկայացնող թեկնածու` Դեմիրթաշը ակնկալում է ստանալ ոչ միայն քուրդ քաղաքացիների ձայները, այլ նաև մյուս փոքրամասնությունների` այդ թվում և հայերի աջակցությունը: Կանխատեսվում է, որ քուրդ թեկնածուի օգտին կքվեարկեն նաև զգալի թվով ալևիներ: Դեմիրթաշը իր նախընտրական ելույթներում մշտապես շեշտը դնում է միասնության և խաղաղության գաղափարի վրա` մերժելով ազգային և կրոնական խտրականության դրսևորումները:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հայության դիրքորոշմանը, ապա այս հարցում միասնական կարծիք չկա: Երեք թեկնածուն էլ կարող են ձայներ ստանալ հայ համայնքից: Մասնավորապես համայնքի ավելի ավագ և պահպանողական սերունդը, քիչ թե շատ գոհ լինելով Էրդողանի վարչապետության տարիներին տեղի ունեցած դրական փոփոխություններից, կքվեարկի նրա օգտին: Իհսանօղլուին աջակցող հայերի թիվը քիչ է, իսկ ահա Դեմիրթաշին նախագահի պաշտոնին ցանկանում են տեսնել ընդդիմադիր, ձախ կողմնորոշում ունեցող, հիմնականում երիտասարդ սերունդի ներկայացուցիչները: Այնուհանդերձ հասկանալի է, որ փոքրաթիվ հայ համայնքի ձայները ոչ մի էական նշանակություն չեն կարող ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

Թուրքիայում նախագահական ընտրություններից հաշված օրեր առաջ ամեն ինչ կարծես պարզ է: Ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, հաղթանակ կտոնի հենց առաջին փուլում` դառնալով Թուրքիայի նոր նախագահը: Այնուհետև կմեկնարկի սահմանադրական բարեփոխումների գործընթացը` նպատակ ունենալով փոփոխել պետության կառավարման համակարգը և վարչապետականից անցնել նախագահական ղեկավարման: Կարելի է նկատելի է, որ այժմ Թուրքիայում ավելի շատ քննարկվում է այն հարցը, թե Էրդողանից հետո ով է ստանձնելու վարչապետի պաշտոնը: Հավանական թեկնածուները երկուսն են` ներկայիս ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն և Էրդողանի մտերիմ ընկեր, ԱԶ կուսակցության հիմնադիրներից Մեհմեդ Ալի Շահինը: Այսպիսով, Թայիփ Էրդողանն ու նրա գլխավորած կուսակցությունը դեռ երկար ժամանակ կշարունակեն ղեկավարել Թուրքիան` փորձելով հանրապետության հիմնադրման 100–ամյակին ընդառաջ կյանքի կոչել «Նպատակ-2023» ծրագրի կարևոր կետերը:

 

 

Տաթևիկ Սարգսյան, Թուրքիա

Արխիվը` ազգային հիշողության պահապան. այստեղ պահվող ամենահին փաստաթուղթը 410 տարեկան է

amatuni virabyanՀարցազրույց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի հետ:
– Պարոն Վիրաբյան, երբ անցյալին վերաբերող որևէ կարևոր փաստաթուղթ է պետք , անմիջապես հիշում ենք արխիվի մասին: Ինչպե՞ս և ե՞րբ է առաջացել արխիվ ասվածը:

– Արխիվներ եղել են անգամ մեր թվարկությունից առաջ, օրինակ` Հռոմում կար հայտնի մեծ արխիվ, որտեղ ճանապարհային, ծովային քարտեզներ կային, որովհետև առանց այդ քարտեզների հռոմեական զորքերը չէին կարող տեղից տեղ գնալ: Հնուց եղել են արխիվներ, բայց, դժբախտաբար, շատ քիչ բան է պահպանվել: Աշխարհում ամենահին արխիվը Հռոմի պապի արխիվն է, որտեղ VI-VII դարից փաստաթղթեր կան: Իսկ ընդհանրապես դասական արխիվներ սկսեցին ստեղծվել Եվրոպայում` քաղաք պետություններում և առևտրական քաղաքներում, օրինակ` Վենետիկում, Ջենովայում, որտեղ առևտրականներն իրենց հարաբերությունները ճշտելու համար ունենում էին փաստաթղթեր և դրանք պահպանում էին քաղաքային արխիվում: Մեզ մոտ ևս եղել են արխիվներ: Օրինակ` Մովսես Խորենացին տարբեր փաստաթղթերի հավաստիությունը երաշխավորելու համար ասում է, որ դա դիվանում է տեսել: Դիվանը արխիվն էր: Բայց մեզ, դժբախտաբար, հայկական արխիվներից ոչինչ չի հասել: Եթե եվրոպայում XII-XIII դարերից փաստաթղթեր կան, մեր հարևան Իրանում կան XIV դարի փաստաթղթեր, մեզ մոտ փաստաթղթերը պահպանվել են հիմնականում XIX դարից, երբ Հայաստանն անցավ Ռուսաստանի կազմ: Յուրաքանչյուր պատմաբան, աշխատելով արխիվում, XIX դարի պատմությունը կարող է ներկայացնել, բայց արդեն XVIII դարին վերաբերող փաստաթղթերը քիչ են:
Արխիվը ստեղծվել է խորհրդային իշխանության հաստատումից հետո, 1923-ին որոշում է ընդունվել, 1924-ից սկսել է գործել: Այս տարի 90 տարեկան ենք դառնում:

– Ինչպե՞ս է կատարվում արխիվի համալրումը, և ի՞նչ փաստաթղթեր են Ձեզ մոտ պահվում:

– Առաջին հերթին` պետական կառավարման մարմինների փաստաթղթեր: ԽՍՀՄ տարիներին խորհրդային իշխանությունը մեծ ուշադրություն է դարձրել արխիվային գործին, կառուցվել են շենքեր, հավաքվել է ամեն փաստաթուղթ: Այնքան գործ, որ ԽՄ արխիվներում էր պահվում, աշխարհի որևէ այլ երկրի արխիվում չէր պահպանվում, հավաքվում էր ցանկացած կազմակերպությանը վերաբերող փաստաթուղթ, լիներ դա կոլխոզ, գործարան, մանկապարտեզ, դպրոց, նախագծային, գիտահետազոտական ինստիտուտ: Իսկ միջազգային պրակտիկայում ընդունված է արխիվում պահպանել միայն պետական փաստաթղթերը: Խորհրդային իշխանության փլուզումից և անկախության հռչակումից հետո մեզ մոտ էլ շատ բան է փոխվել: Վերջին 20-25 տարում ավելի մոտեցել ենք միջազգային փորձին: Այսօր շեշտը դնում ենք երկու տիպի փաստաթղթեր հավաքելու վրա` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների փաստաթղթեր և բոլոր այն կազմակերպությունների փաստաթղթերը, որոնք առնչվում են մարդու գործունեությանը: Ցանկացած կազմակերպություն, եթե լուծարվում է, նրանից վերցնում ենք բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում են այդ կազմակերպությունում աշխատած մարդկանց գործունեությանը, որովհետև այսօր մենք տեղեկանքներ ենք տալիս:
Բայց, դժբախտաբար, 90-ական թվականներին շատ փաստաթղթեր, հիմնականում` շինարարական և առևտրական կազմակերպությունների, ոչնչացվել են: Եվ այսօր այդ կազմակերպություններում աշխատած մարդկանց տեղեկանք տալու հարցում խնդիրներ են առաջանում: Իհարկե, արխիվը միայն տեղեկանք տրամադրող չէ, այն մշակութային, գիտական կազմակերպություն է: Այսօր տարեկան մեր ժողովրդի պատմության, կարևոր իրադարձությունների վերաբերյալ տասնյակ գրքեր ենք հրատարակում, ցուցահանդեսներ ենք կազմակերպում Հայաստանում և արտերկրում: Անցած տարի Մոսկվայում ռուսական արխիվների հետ «Հայերը Մոսկվայում» խորագրով ցուցադրություն կազմակերպեցինք, որ ցույց տանք` վերջին 20 տարում չեն հայերը հայտնվել Մոսկվայում և հնուց ի վեր ինչ դեր են կատարել Մոսկվայի մշակութային, տնտեսական կյանքում:
Արխիվի համալրումը կատարվում է «Արխիվային գործի մասին» օրենքի համաձայն: Պետական մարմիններն իրենց մոտ փաստաթղթերը 10 տարի պահելուց հետո հանձնում են արխիվ: Կառավարության որոշմամբ էլ սահմանված է, թե ինչն ու ինչպես են հանձնում: Մենք բերում ենք պետական մարմինների գործունեության արդյունքում ստեղծված փաստաթղթերի 5-7 տոկոսը, մնացածը ոչնչացվում է որպես իր դերը կատարած և այլևս արժեք չներկայացնող:

– Խոսեցիք հին փաստաթղթերից: Հետաքրքիր է, թե մեր արխիվում պահպանվող ամենահին փաստաթուղթը որ թվականով է թվագրված և ինչի մասին է:

– Հայաստանում ամենահին փաստաթուղը 1441 թվականի կաթողիկոսական կոնդակ է, ոը պահվում է Մատենադարանում: Արխիվի ամենահին փաստաթուղթը 1604 թվականի Շահ Աբասի հրովարտակ է` ուղղված Ղարաբաղի մելիքներին իրենց հողային իրավունքների վերաբերյալ: XVII դարից ևս մի քանի փաստաթղթեր կան: XVIII դարից մի քանի հարյուր փաստաթուղթ ունենք, բայց հիմնական փաստաթղթային զանգվածն առաջացել է 1830-ից հետո: Փաստաթղթեր չլինելու օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ կան: Օբյեկտիվ պատճառ է, որ այրվել են, թշնամիները ոչնչացրել են, բայց կա նաև մի հետաքրքիր սուբյեկտիվ պայման, քանի որ երբ դեռ թուղթ չկար, հիմնականում մագաղաթ էր օգտագործվում, իսկ այն շատ թանկ էր: Երբ կաթողիկոսը նամակ էր ստանում, կարդում էր, հետո հանձնարարում էր նամակի վրայի ներկը մաքրել և մագաղաթը նորից օգտագործել պատասխան գրելու համար: Առաջինը Սիմոն Երևանցի կաթողիկոսն էր, որ 1760 թ. հետաքրքրվեց, թե էջմիածնի արխիվներում ինչ փաստաթղթեր կան: Հիմնականում ունեցվածքի վերաբերյալ փաստաթղթեր էին պահպանվել: Նա արգելեց փաստաթղթերը «բարբարոս» ձևով ոչնչացնել և կարգ սահմանեց, ըստ որի` ստացված նամակները պետք է պահպանվեին, բացի այդ, ուղարկված նամակներից մեկ օրինակ էլ պետք է գրվեր և տեղում պահվեր: Այդպես փաստաթղթերը սկսեցին պահպանվել:

– Արխիվը ազգի հիշողությունն է, կարևոր կառույց է: Պետական մակարդակով որքանո՞վ է պատշաճ ուշադրություն հատկացվում արխիվին:

– Գիտեք, հնարավորինս ուշադրություն հատկացվում է: Մեր երկրի հնարավորության սահմաններում: Մենք փորձում ենք օգտագործել նաև այլ միջոցներ, օրինակ` թվայնացնող մեքենաները գնել ենք բարերարների գումարի շնորհիվ, կամ Ցեղասպանության վերաբերյալ գրքերը հրատարակելու և թարգմանելու համար բյուջեից ոչ մի կոպեկ չի ծախսվել, դրանք իրականացնում ենք բարերարների շնորհիվ: Պետությունն էլ օգնում է, հուլիսի 1-ից աշխատակիցների աշխատավարձերը 30-40 տոկոսով բարձրացել են:

– Իսկ արխիվային գործը մեզ մոտ ի՞նչ վիճակում է, մենք համընթաց քայլո՞ւմ ենք աշխարհի հետ, թե՞ հետ ենք մնում:

– Եթե համեմատենք Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի արխիվների հետ, դժվար է, նրանք վաղուց են սկսել: Բայց եթե համեմատենք հետխորհրդային շրջանի երկրների արխիվների հետ, մենք ավելի քիչ միջոցներով ավելի մեծ պրոֆեսիոնալիզմ ենք դրսևորում:
Նաև մեր արխիվը շատ դեմոկրատական է, այստեղ փակ, գաղտնի փաստաթղթեր չկան: Ցանկացած քաղաքացի, անկախ այն հանգամանքից, թե որ երկրի քաղաքացի է, միայն անձնագրով կարող է գալ և արխիվում աշխատել, մենք էլ նրան կօգնենք թարգմանության հարցում:

– Ասացիք, որ մեզ մոտ բոլորի համար բաց են փաստաթղթերը: Հատկապես ո՞ր երկրներից են շատ գալիս և ի՞նչ փաստաղթեր են հիմնականում ուսումնասիրում:

– Հետաքրքրության համար առաջինը Ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր են: Գալիս են Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ներկայացուցիչներ, նաև ծագումով հայ քաղաքացիներ: Վերջին շրջանում արխիվի հանդեպ հետաքրքրությունն ավելացել է նաև Թուրքիայում: Մանավանդ վերջերս Ստամբուլում թուրքերենով հրատարակվել է «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում» գիրքը, ուստի ակնկալում եմ, որ աշնանը մեզ մոտ կգան նաև մեծ թվով թուրք պատմաբաններ և լրագրողներ:
Հետաքրքրվում են նաև Երկրորդ համաշխարհային պատերազմով, խորհրդային շրջանում մարդկանց ապրելակերպով ու կենցաղով:

– Լրանում է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը, հաջորդ տարի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Արխիվում այս երկուսի մասին առկա փաստաթղթերը ինչպե՞ս են ներկայացվում հանրությանը:

– Արդեն պատրաստ է և Մոսկվայում ռուսերեն լույս կտեսնի «Հայերի մասնակցությունն Առաջին համաշխարհային պատերազմում» գիրքը, որում կներկայացվի, թե ֆրանսիական, ամերիկյան, ռուսական, թուրքական և այլ երկրների բանակներում որքան հայեր են մասնակցել պատերազմին: Օրինակ` ֆրանսիական բանակի կազմում գործում էր Արևելյան լեգեոնը, որը 99 տոկոսով կազմված էր հայերից:
Վրաստանում ցուցահանդես ենք պատրաստում, որտեղ կներկայացվի հասարակական բարեգործական կազմակերպությունների գործունեությունն առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գաղթականներին, փախստականներին օգնելու համար:
2012-ին 3 հատորով հրատարակեցինք «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում» գիրքը, որում մոտ 750 փաստաթուղթ ներկայացրեցինք մոտ 700 բնակավայրի վերաբերյալ, հետո դրանից մեկ հատոր հատընտիր պատրաստեցինք, որը 2013-ին թարգմանվեց անգլերեն, այս տարի` թուրքերեն և Մոսկվայում տպագրության ընթացքում է ռուսերենը, նախատեսում ենք նաև թարգմանել ֆրանսերեն և իսպաներեն:

– Գիտեմ, որ թվայնացման աշխատանքներ են իրականացվում: Փաստաթղթերի թվայնացումը ո՞ր փուլում է:

– Թվայնացումը վաղուց էինք սկսել, բայց պրոֆեսիոնալ սարքեր չունենալու պատճառով ծավալը փոքր էր: Տարեկան 10 հազար թերթ էինք թվայնացնում, այսօր արդեն տարեկան 200-250 հազար թերթ ենք թվայնացնում: Մեր ունեցածի հազիվ կես տոկոսը թվայնացրած լինենք: Առաջին հերթին թվայնացնում ենք այն փաստաթղթերը, որոնք պահանջված են: Օր կգա, որ արխիվում պատմաբանների փոխարեն ինժեներներ կաշխատեն: Մանավանդ որ այլևս թղթից փաստաթուղթ չի ստեղծվում, այսօր կառավարությունում փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային է, կադաստրից արդեն ընդունել ենք 16 մլն թվային գործ:
Զուտ էլեկտրոնային արխիվն էլ իր խնդիրներն ունի: Հարց է` էլեկտրոնային փաստաթղթերը ինչքա՞ն կդիմանան: Մենք այսօր էլեկտրոնային փաստաթղթեր ունենք, որոնք չենք կարողանում կարդալ համապատասխան սարքերի բացակայության պատճառով: Օրինակ` Էլեկտրալամպերի գործարանը 90-ականներին աշխատավարձերը վճարել է էլեկտրոնային եղանակով և էլեկտրոնային փաստաթղթեր է ներկայացրել, հիմա այդ կասետները կան, համակարգիչը կա, որը, սակայն, չի աշխատում, որևէ մեկն այն չի կարողանում վերանորոգել, նորն էլ չեն արտադրում, որ գնենք, փաստի առաջ ենք կանգնել:
Դրա համար բազմաքայլերի պետք է դիմենք, օրինակ` 2-3 տարին մեկ ամեն ինչ տեղափոխենք նոր կրիչների վրա:
Ռուսաստանում օրենսդրությունը պահանջում է, որ էլեկտրոնայինից բացի, փաստաթղթերը նաև թղթային տարբերակով պահպանվեն, դա պետք է, որպեսզի, եթե էլեկտրոնայինը չլինի, գոնե թղթային տարբերակը լինի: Լավ կլինի, որ մեզ մոտ էլ այդպես լինի: Սա խնդիր է, որը լուծում է պահանջում:

 

Պատահական չէ, որ նախագահի բոլոր ընտրությունները դառնում են կիսահեղափոխական

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

– Պարոն Մանուկյան, երեկ դուք հանդիպել եք Սերժ Սարգսյանի հետ և բազմաթիվ տարողունակ հարցեր եք բարձրացրել: Հետաքրքիր է, թե նա ինչ պատասխաններ է տվել: Օրինակ` ի՞նչ է ասել սահմանադրական փոփոխությունների մասին Ձեր բարձրացրած հատկապես այն դիտարկմանը, թե Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահի ընտրությունը «հեղափոխական» փոփոխություն է:

– Մեր բարձրացրած հարցերն այնքան մեծածավալ էին, որ չէր ենթադրվում, թե դրանք պետք է վերջնական լուծում ստանան: Դրանք այն հարցերն են, որ անընդհատ պետք է քննարկվեն, որոնց մասին պետք է մտքեր փոխանակվեն, ապա փորձեն ինչ-որ բան իրականացնել: Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, մենք այդ մասին մի քանի հարց ենք բարձրացրել, բայց  կարևորագույն հարցը, իհարկե, նախագահի ընտրությունն է Ազգային ժողովի՞, թե՞ ժողովրդի կողմից: Մենք ԱԺՄ կուսակցությունում միշտ կողմնակից ենք եղել խորհրդարանական կառավարման համակարգին: Բայց հիմա ես մտահոգություն ունեմ, որ ժողովուրդը խորհրդարանական ընտրություններին այնքան էլ լավ չի վերաբերվում, շատ չարաշահումներ են լինում: Կարծես թե ինչ-որ մարդկանց լավություն անելու հարց է, և չի ընկալվում, որ ԱԺ-ն է իշխանությունը: Ընկալվում է թագավորի, նախագահի ընտրությունը: Եվ պատահական չէ, որ նախագահի բոլոր ընտրությունները դառնում են կիսահեղափոխական:

Այս փոփոխություններով, փաստորեն, ժողովուրդը զրկվում է այդ մի միջոցառումից: Նախագահն ասում էր, թե այն, ինչ ներկայացվում է, դեռ վերջնական չէ, և ամեն ինչ ենթակա է քննարկման: Ինձ համար կարևոր չէ, թե ով կլինի նախագահ կամ վարչապետ, պարզապես Հայաստանի շահերից ելնելով՝ կարծում եմ, իսկապես պառլամենտականը ավելի լավ համակարգ է: Եվրոպայի մեծ մասը պառլամենտական է, բայց մյուս կողմից էլ` մեր պայմաններում այդ անցումը բավականին բարդ կլինի: Եվ ես կարծում եմ, որ Ընտրական օրենսգիրքը պետք է էապես փոխել, բացառել, որ ընտրությունների ժամանակ կեղծիքներ լինեն: Իհարկե, միայն օրենքը չի կարող ապահովել, որ կեղծիքներ չլինեն, բայց կարող է նպաստել, որ նվազագույն կեղծիքներ լինեն:

– Ընդդիմությունը շատ է բարձրաձայնում այն պահանջը, որ ընտրություններից հետո անհրաժեշտ է հրապարակել ընտրություններին մասնակցած անձանց ցուցակը: Եվ գտնում են, որ դա կնպաստի ընտրակեղծիքների վերացմանը:

– Համաձայն եմ, որ դա իսկապես պետք է անել, դա ինձ մոտ կասկած չի առաջացնում:

– Անդրադարձել եք արտագաղթին և նշել, թե դրան նպաստող պատճառներից է օրենքի «թվացյալ բացակայությունը բոլորի համար անխտիր»: Վստահաբար կարելի է ասել՝ Ս. Սարգսյանը տեղյակ է, որ մեր երկրում օրենքները բոլորի նկատմամբ հավասար չեն կիրառվում, և կան օրենքից դուրս արտոնյալ մարդիկ: Ձեր բարձրացրած այդ հարցին ի՞նչ պատասխան ստացաք:

– Արտագաղթի հիմնական պատճառներից մեկը անավարտ պատերազմն է, և այդ մասին նախագահն էլ հնչեցրեց: Երբ անընդհատ խոսակցություններ են հնչում, թե այսօր-վաղը պատերազմ է լինելու, ծնողը ձգտում է իր երեխային փրկել: Օրինակ` դեպքերը սահմանի վրա: Ինչու են ժամանակ առ ժամանակ սահմանի վրա Ադրբեջանի կողմից դեպքեր հրահրվում: Մի կողմից` նրանք անընդհատ հայ ժողովրդին պահում են լարվածության մեջ, վախեցնում, թե հեսա պատերազմ կսկսվի, որպեսզի Հայաստանը դատարկվի: Մենք էլ շատ անգամ ներսում նույն քարոզչությունն ենք անում, Ալիևի ջրաղացին ջուր լցնում և մեր մարդկանց համար դեպի դուրս ճանապարհ ենք բացում: Մյուս կողմից՝ Ալիևը դա անում է իր ժողովրդի համար, որն այնքան էլ պատերազմ չի ուզում: Այսինքն` Ադրբեջանի ժողովրդի մեջ պետք է անընդհատ լարվածության մեջ պահել այդ զգացողությունը, և Ալիևը նաև այդ խնդիրն է լուծում:

Գնացողների մի զգալի մասի համար պատճառ են հանդիսանում սոցիալական հարցերը, աշխատանք չունենալը, կամ աշխատավարձն այնքան ցածր է, որ չեն կարողանում ապրել: Մարդիկ ուզում են լավ ապրել: Դրանք հիմնական պատճառներն են, որոնց ավելանում է մարդկանց վրա օրենքի ոչ հավասար կիրառումը: Ընդ որում` սա կախված է մեզանից: Եթե շրջափակման այս պայմաններում տնտեսության կտրուկ զարգացումը բարդ է, ապա օրենքների կիրառումը, ազատ մրցակցությունը մեզանից է կախված: Դրա համար մենք նախագահի ուշադրությունը ուզում ենք գրավել այդ հարցի վրա, որ այդ ուղղությամբ է պետք հարցեր լուծել: Ասեմ, որ այնտեղ նույնիսկ կարմիր գծերի վերաբերյալ վիճաբանություն եղավ: Մեր կարծիքն էր, թե ինչ իմաստ ուներ այդպիսի բան մտցնել, որովհետև մարդկանց համար ամեն մի այսպիսի երևույթ կարծես թե մի լրացուցիչ կաթիլ է: Լցվում է բաժակը, ու մարդ թողնում՝ գնում է:

– Ս. Սարգսյանը տեղյա՞կ է, որ ավտոտրանսպորտային խախտումների դեպքում տուգանքների այնպիսի մեխանիզմ է ներդվել, որ հազարավոր քաղաքացիներ չեն կարողանում օգտվել իրենց բանկային հաշիվներից:

– Մենք այդ մասին էլ խոսեցինք: Նախագահի ասածն այն էր, որ դա բավականին բարդ համակարգ է, բայց հիմա հաղթահարվում է այդ դժվարությունը: Ես մարդկանց գիտեմ, որ գնացել են արտերկիր բուժվելու, հասել են այնտեղ ու պարզել են, որ այստեղ վերջին օրը ինչ-որ խախտում են արել, որի պատճառով նրանց քարտերի վրա կալանք է դրվել, ու չեն կարողանում գումար հանել: Սա աննորմալ երևույթ է: Երկրորդը կարմիր գծերի տեխնիկական ապահովումն է, երրորդը 70 տոկոս մասնավոր/30 տոկոս պետություն համաչափությունն է: Որքան էլ բացատրվի, թե այնտեղ պետք է միլիոնավոր դոլարներ ներդրվեն, պետությունը, քաղաքապետարանը կարող էր վարկ վերցնել, և ինքն իրականացնել: Ամեն մի այսպիսի հարց դառնում է լրացուցիչ մի հոգու հեռանալու պատճառ:

Իհարկե, մենք առաջարկություն էինք անում, որ կառավարությունն իր ամենամյա հաշվետվության մեջ ներկայացնի, թե ինչ է արել և ինչքանով է զսպել արտագաղթը: Եվ ես ասացի, որ հետագա ընտրություններում ամենակարևորագույն թեզը դա է լինելու: Ժողովուրդը ձայն է տալու այն քաղաքական ուժին, որը կխոստանա, որ արտագաղթը նվազեցնելու միջոցներ է ձեռնարկելու:

– Արտագաղթի հիմնական պատճառներից մի քանիսը անմիջապես կապ ունեն իշխանությունների գործունեության հետ: Աշխատատեղերի, տնտեսության մեջ ազատ մրցակցության բացակայություն, մենաշնորհների գերակայություն և այլն: Եվ այդ մասին տեղյակ է նաև Ս. Սարգսյանը:

– Համաձայն եմ: Թե դա ինչքան կավելացնի աշխատատեղերը` այլ հարց է, բայց գոնե մարդկանց մոտ վստահություն կառաջանա, որ պետությունը երկու-երեք հոգու չի պատկանում:

– Պարոն Մանուկյան, կարծիք կա, որ Հայաստանը համարժեք չափով չի հակադարձում Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին: Հակադարձում է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Ձեր կարծիքով` ո՞րն է ճիշտը, ներկա՞ կեցվածքը, թե՞ ավելի ուժգին հակադարձելը:

– Դա քաղաքական մոտեցում է: Կա մոտեցում, որ եթե ինձ հարվածում են, ես էլ եմ իրենց հարվածում, բայց ես չեմ բորբոքում իրավիճակը, որովհետև դա հակառակորդն է անում: Եվ ես ամեն մի այսպիսի խախտում ներկայացնում եմ համաշխարհային հանրությանը, բայց առանձնապես շահագրգռված չեմ բորբոքելուն: Մեր իշխանությունները որդեգրել են այդ քաղաքականությունը: Մյուս քաղաքականությունն էլ սա է՝ մի հատ ինձ ձեռք տվեցին, տասին ես ձեռք կտամ, ինչպես Պաղեստին-Իսրայելում է տեղի ունենում: Դա անընդհատ բերում է պատերազմական իրավիճակների, որը նույնպես կարող է  Հայաստանին ձեռնտու լինել: Չէի ուզենա ասել, թե այս մոտեցումներից մեկը մյուսից լավն է: Կարևորն այն է, որ քաղաքականությունը լինի հետևողական:

 

Հարցազրույցն ամբողջությամբ` մեր տեսանյութում:

Մինչ մեր պատկան մարմինները քնած են էշի ականջում, ադրբեջանցիներն աննկատ իրենց նպատակին են մոտենում

Haykuhi-Barseghyan1Եթե Երևանի բնակիչներիս համար տարվա այս ժամանակահատվածն ընդամենը անտանելի տապի շրջան է, երբ ամեն ոք մտածում է թեկուզ կարճ ժամանակով շոգից կտրվելու ու ինչ-որ զով վայրում հանգստանալու մասին, ապա գյուղացու համար սա նախ և առաջ բերքահավաքի ժամանակաշրջան է, երբ պիտի քաղի իր ողջ տարվա չարչարանքների պտուղները:

Բայց արի ու տես, որ սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչների համար բերքահավաքը «շքեղություն» է. ադրբեջանցիները թույլ չեն տալիս հայ գյուղացուն աշխատել իրեն մնացած մի թիզ հողի վրա:
Գրեթե ամեն օր լրատվամիջոցները հաղորդում են հանդում աշխատողների ուղղությամբ ադրբեջանցիների բացած կրակահերթի մասին: Մարդկային կորուստներ Տավուշում բարեբախտաբար չունենք (ցավոք, ունենք Արցախում. հուլիսի 14-ին Ասկերանում ադրբեջանցի դիպուկահարները սպանեցին դաշտում հերկ անող քաղաքացուն), բայց նյութական և բարոյական վնաս` որքան ասես:
Բոլորը գիտեն` սահմանամերձ գյուղերը սոցիալապես շատ խոցելի են. չկա աշխատանք, իսկ եկամտի միակ աղբյուր հողերը հիմնականում զավթված են ադրբեջանցիների կողմից, ականապատված են, եղածն էլ ցանքսի և բերքահավաքի ժամանակ շարունակական կրակահերթերով չեն թողնում մշակել: Էլ ինչո՞վ պետք է գյուղացին պահպանի իր գոյությունը: Եվ սա այն դեպքում, երբ մեր պետությունը սահմանամերձ բնակավայրերին միայն երբեմն արվող հայտարարություններով է ուշադրության արժանացնում, իսկ լուրջ գործուն քայլեր, որոնք երկրի դարպասները պահող գյուղացու մատից փուշ կհանեին, այդպես էլ չեն արվում (Մովսես գյուղին կառավարությունը հազիվ մի կոմբայն էր նվիրել, այն էլ մի քանի օր անց վնասվեց ադրբեջանցիների կրակոցներից):
Այժմ բարոյական վնասների մասին: Անկասկած է, որ հակառակորդի դիպուկահարի նշանառության տակ ապրող ամեն ոք անչափ սիրում է իր երկիրը, եթե պատրաստ է կյանքն ամեն վայրկյան վտանգի տակ դնել, զրկվել վաղվա օրը պլանավորելու հնարավորությունից, հարսանիք, քեֆ և ուրախությունն անել գիշերով, որպեսզի ադրբեջանցիները չհարամեն, դաշտում աշխատել գիշերով` էլի նույն ադրբեջանցիների կրակոցներից պաշտպանվելու համար: Բայց հայրենիքի հանդեպ սերն էլ իր սահմաններն ունի: Այո, գուցե քաղաքացին իր ընտրությունը կատարել է և որոշել իր կյանքը նվիրել հայրենի բնակավայրին, բայց վստահաբար նա նման ապագա չի ցանկանում իր երեխաների համար: Այս պարագայում արդեն գործում է իսահակյանական հանրահայտ արտահայտությունը, որի մասին երբեմն կարելի է նաև սահմանամերձ գյուղերի բնակիչներից լսել. «Իմ հայրն իմ դեմ մեղանչեց, սակայն ես ոչ մեկի դեմ չմեղանչեցի»: Բայց բոլորիս է հասկանալի` առանց այն էլ ծերացող գյուղերում նման մտայնությունը կործանարար է: Ստացվում է, որ ադրբեջանցիներն աստիճանաբար իրենց ուզածին հասնում են` հայկական բնակավայրերը դատարկվում են:
Ի՞նչ են անում մեր հակառակորդները: Այո, մասշտաբային լայնածավալ պատերազմ չի ընթանում, բայց որ պատերազմական վիճակում ենք, փաստ է: Ու գուցե այս վիճակն ավելի վատ է, քանի որ հակառակորդն աստիճանաբար շահեկան վիճակում է հայտնվում, իսկ մենք դա կարծես չենք էլ նկատում: Ադրբեջանական մտայնությունը հետևյալն է. եթե ես չեմ ապրում այդ հողերում, ուրեմն դու էլ չես ապրի: Իսկ տրամաբանական շարունակությունը պարզ է` դու հեռացար այդ հողերից, ուրեմն դրանք իմը կլինեն: Հասկանալի է, որ սահմանը պահող զինվորին հոգեպես ամուր է պահում այն միտքը, որ իր թիկունքում մարդիկ, բնակիչներ կան: Իսկ գյուղերի դատարկվելու հետ նաև դեմքով դեպի թշնամին կանգնած զինվորի թիկունքն է թուլանում: Ադրբեջանն ինտենսիվորեն հայերին բարոյալքելու գործընթաց է տանում: Եվ առայժմ միայն հաջողություններ է արձանագրում: Իսկ պատմությունից գիտենք, որ բարոյալքված հանրությունը, բանակը պայքար մղել չի կարող (հիշենք, թե ինչպես Կարսի բերդը հանձնվեց առանց որևէ կրակոցի):
Ադրբեջանական վերջին դիվերսիան Քարվաճառում ևս վստահաբար հայերին բարոյալքելու, սարսափի մեջ պահելու քաղաքականության մի մասն էր: Դիվերսանտների ներթափանցումը և խաղաղ բնակիչների վրա հարձակումները ուղերձ էին հայությանը, որ անկախ այն բանից, թե որքան հեռու են ապրում սահմանից, միևնույն է, ոչ ոք ապահովության մեջ չէ, որ մեր սահմանները հուսալի չեն:
Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի իշխանությունն այս լուռ պատերազմում. գոնե բացահայտ` ոչ մի քայլ: Ծանրության ողջ բեռը դրված է բանակի ուսերին, բայց սա էլ մասշտաբային որոշման իրավունք չունի, որը կբարելավեր վիճակը:
Հետաքրքիր է, թե ինչի համար է Հայաստանի Հանրապետությանը պետք արտաքին գործերի նախարարություն. անիմաստ ու անարդյունք հանդիպումներ կազմակերպելու ու դեպի երրորդ աշխարհի երկրներ այցելություններ իրականացնելու համա՞ր: Դժվար թե:
Տրամաբանական կլիներ, որ մեր ԱԳՆ-ն երբեմն, չեմ ասում կոշտ, բայց գոնե ադրբեջանական քայլերի մասին հայտարարություններով հանդես գար, դատապարտեր, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեր ադրբեջանական ագրեսիայի վրա: Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է ամեն սուտ առիթով վայնասուն բարձրացնել, բոլորի ուշադրությունը հրավիրել իր կամակորությունների վրա, իսկ մենք անգամ կենսական հարցերում ծպտուն չենք հանում: Գուցե ավելի շահեկան կլիներ, եթե ԱԳՆ-ին հատկացվող անիմաստ գումարն ավելի իմաստալից ծախսվեր` ուղղվելով դեպի սահմանամերձ բնակավայրեր:
Զինվորականների հետ զրույցներում հաճախ է ասվում, թե մեր բանակը մի քանի ժամում կարող է Տավուշում մեր դիրքերն այնպես բարելավել, որ հակառակորդն այլևս չկարողանա մեր բնակավայրերը նշանառության տակ պահել:
Այսքանից հետո ինչո՞ւ մեր պետական համապատասխան այրերն այնքան համարձակություն չունեն, որ նման հրաման արձակեն: Մի՞թե չգիտեն, որ ուժն է ծնում իրավունք, որ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, իսկ քանի Հայաստանը «քաղաքակիրթ» ու համեստ կերպարի մեջ է, միայն և միայն կորցնելու ենք: Լավ է, որ գոնե 90-ականների սկզբին կային մարդիկ, որոնք հայության շահերը գերադասում էին այսպես կոչված միջազգային հանրության աչքին քաղաքակիրթ ձևանալուց: Բայց նման մարդիկ նույնքան անհրաժեշտ են և հիմա, երբ հայության և Հայաստանի շահերն ամեն վայրկյան ոտնահարվում են հանուն ինչ-որ կողմնակի կարծիքի, որը մեզ ոչինչ չի տալիս:

 

Գազան եւ իբրեւ ցեղասպան փոխամբաստանությունները

շահանԳազայում արձանագրված սպանդը անկասկած արժանի է միջազգային դատապարտանքի: Կոչերը, հայտարարությունները, պատգամներն այս դեպքում որեւէ հիմնական նշանակություն չեն ունենում, երբ բացահայտ պատերազմ է հայտարարված ժողովրդի դեմ, երբ տուժողն ու սպանվողը անզեն բնակչությունն է` կանայք, երեխաներ, տարեցներ:

Սա առաջին դեպքը չէ, երբ Իսրայելը զինվորական գործողությունների հունավորումը ուղղում է դեպի բնակչությունը: Ի վերջո, պատերազմը եւս ունի իր օրինաչափությունները, երբ հասկացությունը վերաբերում է զինյալ ուժերի միջեւ արձանագրվող բախումներին: Այս դեպքում այդպես չէ։ Երեխա զոհերն ու վիրավորները ցնցել են աշխարհն ու հանրային կարծիքը: Այդ ցնցումը սակայն չի առարկայանում` վայրագությունները սանձելու առումով միջազգային համապատասխան կառույցների կողմից սպասվող միջոցառումներով: Հրադադարը ուշանում է, սպառնալիքները շարունակվում են, հեռակա եւ օդային ռմբակոծումները վերածվում են ցամաքային ներխուժումների եւ զոհերի թիվը բազմապատկվում է:

Գազայի սպանդը լուսաբանվում է միջազգային լրատվամիջոցների կողմից՝ ստեղծելով տեղեկատվականի եւ զինվորաքաղաքականի միջեւ զգալի տարբերություն: Լրատվական բաց համակարգն այս օրերին, լուրերի արտահոսք փակելը, զոհերի ազգային պատկանելիությունը կեղծելը դժվար իրականցվելիք գործողություններ են: Պատերազմական գործողությունների դիմելու հիմնավորումներն են, որոնք հակադրվում են իրար, ողողում են տեղեկատվական դաշտը, անվերջ մեկնաբանում են ինքնապաշտպանվելու իրավունքը: Սակայն արդյունքը եւ հեռարձակվող պատկերները միանշանակ ընդգծում են Իսրայելի բանակի կողմից պաղեստինցի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի առաջացրած հետեւանքները:

Այս բոլորի մեջ հերթական անգամ իրադրությունները վերլուծելու պահին, ազգային ոսպնյակները լարելու անհրաժեշտության առաջ ենք կանգնած: Նախ իհարկե, տարածաշրջանի բռնկվածության նոր տարողության ի տես, եւ ապա նկատելու, որ միեւնույն տարածաշրջանում խալիֆայություն հաստատողները, որոնք անհանդուրժող են այլադավանության նկատմամբ նույն կատաղությունը չունեն իսլամ բնակչություն ոչնչացնող Իսրայելի նկատմամբ: Եւ հիշել պարզապես, որ Մուսուլի քրիստոնյա ազգաբնակչության հեռացման հետ հեռանում էին նաեւ այնտեղ մնացած վերջին մի քանի հայերը:

Դիտակետերի այս արագ անցումի ընթացքում կենտրոնանանք Ցեղասպանության խաղաթղթի հանգամանքի վրա: Առաջին անգամ չէ, որ Թուրքիայի վարչապետը Իսրայելին ամբաստանում է Գազայում ցեղասպանություն իրագործելու հանցանքով: Առաջին անգամ էլ չէ, որ Թել Ավիւից իրեն հիշեցնում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը: Այս խաղաթուղթը Անկարայի կողմից շահարկվում է վարչապետի մակարդակով, մինչ Թել Ավիվի կողմից` նախարարի։ Առաջին հայացքից նախարարով հիշեցում կատարելը դիվանագիտական ոճով սպառնալ է Անկարային, որ եթե շարունակի նման բնութագրումներ տալ Գազայի պատահարներին, ապա իրենք եւս կբնութագրեն 1915-ի դեպքերը: Իրատեսական չէ ակնկալելը, որ նման պաշտոնական եւ իրավական բնութագրումներ կատարվեն. այսուհանդերձ իբրեւ ցեղասպան այս փոխամբաստանությունները կարող են որոշ ժամանակի համար շարունակվել, ընդհատվել եւ վերստին բարձրաձայնվել: Չմոռանանք, որ էրդողանը նախընտրական փուլում է եւ հայտարարությունները ինչպես արտաքին, այնպես ներքին սպառման համար իսլամական կարեւոր շրջանակներ կարող են  ներգրավել: Ի վերջո, Անկարա-Թել Ավիվ պատերազմը հայտարարողական մակարդակի վրա է, մինչեւ այն պահը, որ  ուժի մեջ է մնում երկու երկրների միջեւ կնքված ռազմավարական դաշինքը:

Իհարկե այս բոլորը հայկական կողմի համար խանդավառիչ տվյալներ ունենալու պատճառ չունեն: Վերընդգծելը կարեւոր է սակայն, որ շուրջ 100 տարի առաջ գործադրված Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումն ու հետեւանքների վերացումը անհրաժեշտություն է` կանխարգելելու համար այսօր Գազայում եւ այլուր արձանագրվող զանգվածային ջարդերն ու պատերազմական ոճիրները: Կրկնակիորեն անհրաժեշտ` երբ ցեղասպանը ի՛նքն է ցեղասպանությամբ ամբաստանում զանգվածային սպանդների պատասխանատուներին:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

 

«Չեմ կարծում, որ այս իշխանությունները մեր երկրի թշնամին են». Հրանտ Մարգարյան

загруженноеՀՅԴ Մամլո Դիվանը ներկայացնում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին:

 

 

-Պարոն Մարգարյան, առաջին հարցս Հայաստանի ներքին քաղաքականության հետ է կապված. մի կողմից` Հայաստանում կառավարություն փոխվեց, մյուս կողմից՝ քառյակը սկսեց համագործակցել , բայց էական որեւէ փոփոխություն երկրում կարծես թե չի զգացվում` սոցիալ-տնտեսական,  քաղաքական առումով: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է սպասվում:

-Կառավության փոփոխությունը հույսի նշույլ ստեղծեց: Կառավարության փոփոխությունը մի ակտի մասին էր վկայում՝ վերեւներում անդրադառնում են, որ վիճակը շատ վատ  է եւ փորձում են ինչ-որ չափով բարելավել այն: Վարչապետն ունի մեկ խնդիր` հաղթահարել այդ դժվարությունը, առնվազն մեղմացնել վիճակը: Հատկապես եթե նկատի ունենանք, որ յոթ սարերի հետեւում չի օրինական իշխանափոխության ժամանակաշրջանը, վարչապետը իր իսկ ապագայի համար պետք է հաջողություններ գրանցի: Կարծում եմ, դեռեւս վաղ է վերջնական եզարակացության հանգելու, բայց սկզբնական շրջանի այդ հույսը կարծես թե գնալով խամրում է, որովհետեւ կարծես ավելի տիրական է սկսում  դառնալ ամբոխավարությունը: Չեմ ուզում շտապել, դեռ կա ժամանակ, պետք է սպասել՝ կոնկրետ արդյունքներ տեսնելու համար: Այսօր, շատ էլ հույս չունեմ, որովհետեւ տեսնում եմ, որ քայլերը, այն խորությամբ, որ պետք է արվեին, տեղի չեն ունենում:

-Դուք կարծում եք  ավելի շատ ձեւակա՞ն բնույթ են կրում կառավարության քայլերը:

-Եթե շոուի մասերը հանենք, հիմնավոր փոփոխություն չեմ տեսնում, թեպետ կրկնում եմ, դեռ շուտ է որեւէ վերջնական եզրակացության հանգել` սպասենք, կտեսնենք:

–Պարոն Մարգարյան Դուք նախորդ տարի սուր քննադատության  ենթարկեցիք  Տիգրան Սարգսյանին` ասելով,  որ նա միջամտում է Դաշնակցության ներքին գործերին, հիմա  նոր իշխանությունների կողմից  նման բաներ չե՞ք տեսնում:

–Այնպես չէր, որ նա ամբողջ ժամանակ Դաշնակցության գործով էր զբաղվում: Դա մի պահ էր, երբ նա իրեն թույլ տվեց նման կեցվածք ընդունել, եւ դրա պատասխանը ստացավ ու հանդարտվեց: Հովիկ Աբրահամյանը, ի տարբերություն Տիգրան Սարգսյանի, ավելի մարդամոտ վարչապետ է: Բայց դրանք երկրորդական հատկանիշներ են, կարեւորը իրական գործն է, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակն է, դրա բարելավումով է, որ որեւէ վարչապետ կարող է ընդունելի դառնալ հասարակության կողմից: Մնացածը  կողմնակի ազդակներ են եւ ոչ էական:

-Պարոն Մարգարյան,  այն խնդիրները,  որ  Հայաստանում կան՝  արդարության, սոցիալ-տնտեսական, կոռուպցիա, բազմաթիվ այլ խնդիրներ, արդյո՞ք դրանք պայմանավորված են միայն կառավարությամբ: Եվ արդյո՞ք կառավարության, նախարարության փոփոխություններով հարցեր կլուծվեն:

-Խնդիրները համակարգային են, իշխող ուժի սոցիալական-տնտեսական քաղաքականության արդյունք: Համակարգային հարց գոյություն ունի, դրա համար մենք մեր առջեւ դրել ենք համակարգային փոփոխության նպատակ, եւ դրա համար գոյություն ունի սոցիալ-տնտեսական խնդիր: Նայած թե դու քո սոցիալ- տնտեսական հարցերը ոնց ես ուզում ուղղորդել: Հասարակության որ շերտն է քեզ համար ավելի ուշադրության առարկա:

-Քաղաքական դաշտում ձեր գործընկեր, միգուցե դաշնակից  Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը  ինչ որ ժամանակ համոզմունք հայտնեց, որ գալիք ընտրությունների արդյունքում իշխանափոխություն տեղի կունենա: Դուք նո՞ւյնպես այդ կարծիքին եք:

-Տրամաբանությունն ասում է, որ նախորդ ընտրությանը պետք է իշխանափոխություն տեղի ունենար: Նախ դաշնակից բառը շատ ավելի խորքային բառ է: Մենք քառյակի հետ ունենք կոնկրետ հարցերի շուրջ համագործակցություն, մենք ռազմավարական դաշնակիցներ չենք: Կոնկրետ հարցեր են դրվում օրակարգում , եւ հենց այդ հարցերի շուրջ է ստեղծվում համագործակցություն, եւ դրանից ավելին չպետք է սպասել: Իշխանափոխություն այս երկրում պետք է տեղի ունենա ընտրության միջոցով: Մենք պետք է խուսափենք ցնցումներից, պետք է կարողանանք ավելի մեծ վտանգներց խուսափել: Սակայն սա չի նշանակում, որ պետք է ձեռներս ծալենք, նստենք մինչեւ ընտրության  օրը: Հակառակը` մենք պետք է հնարավորինն անենք ժողովրդին ցույց տալու, թե որտեղ են հարցերը, որտեղ խնդիրները, ինչու է այսպես: Անձերով չպետք է պայմանավորել, թե էս մեկը կգնա, էն մյուսը կգա, ոչ, մինչեւ համակարգային փոփոխություն տեղի չունենա, մեր վիճակը չի լավանա:  Եթե չգա քաղաքական մի այնպիսի ուժ, որը տնտեսական այլ պատկերացում ունի, այլ մոտեցում ունի, սոցիալական երկիր կառուցելը իր էությունից  բխի, մեր վիճակը չի փոխվի, եթե անգամ իշխանության մակարդակի վրա տաս-քսան հոգի փոխվեն: Սա մեր կուսակցության համոզումն է, դրա համար մենք հրապարակի վրա ենք դրել յոթ կետից բաղկացած մեր օրակարգը, որով պայմանավորում ենք այս երկիրը այս վիճակից դուրս բերելու խնդիրը: Ովքեր մեզ հետ են` մեզ հետ են, ում համար այս օրակարգը իրենցը չի, մենք նրանց հետ չենք:

 

-Դուք ի՞նչ զարգացումներ եք սպասում աշնանը, խոսում են նաեւ արտահերթ ընտրությունների մասին, դուք ի՞նչ տեսլական ունեք: Այսինքն քաղաքական զարգացումներն  այսպես կգնան առանց ցնցումների մինչեւ հաջորդ ընտրություններ, թե՞…

-Ամեն ինչ պայմանավորված է փոխադարձ պայմանավորվածությամբ: Այսինք, այս խաղի մեջ մի կողմ գոյություն չունի, որ նստի մտածի եւ ծրագրի թե սեպտեմբերին այսպես պետք է լինի, նոյեմբերին՝ էսպես: Մենք ինչ որ պահանջներ ենք արծարծում, այդ պահանջների շուրջ հասարակությանը ակտիվացնում. Իշխանությունը կամ տեղի է տալիս կամ փորձում է իրեն սրբագրել եւ փորձում է շրջանցել այդ հասունացման պահը, մինչեւ մի նոր ալիք է բարձրանում: Կամ կանգնում, ասում է ոչ` եւ այդ ալիքը գալիս, բախվում է արգելքի եւ տեղի է լինում այն, ինչ կա քո մտքում, բայց չես արտահայտվում, այսինքն առճակատման պահն է տեղի ունենում: Կարծում եմ, դա որոշվելիք եւ կամ ծրագրվելիք հարց չի: Դա բնականոն ընթացքը պետք է պարտադրի: Չենք կարող գնալ առճակատման, եթե իշխանությունը խուսափում է դրանից: Չենք կարող չգնալ առճակատման, եթե իշխանությունը անընդհատ մղում է առճակատման: Ինչ ենք մենք ուզում: Մենք ուզում ենք, որ հասարակությունը քաղաքականորեն կազմակերպվի եւ ժողովուրդը իր կամքը կարողանա պարտադրել  ընտրություններ միջոցով, բնականաբար՝ սահմանադրական կարգի միջոցով: Դրանից դուրս եթե ինչ-որ բան տեղի ունենա, դա չպետք է լինի մեր ծրագրավորմամբ, դա պետք է տեղի ունենա իշխանության սխալի հետեւանքով:

-Այսինքն ոչինչ բացառել չի՞ կարելի:

-Բնականաբար:

– Պարոն Մարգարյան այս  թեմայի հետ կապված վերջին հարցը. կարծիք կա հանրությունում, որ քաղաքական կուսակցությունները խոստում են տալիս իշխանափոխության, իշխանափոխություն տեղի չի ունենում, եւ հիմա նկատվում է   որոշակի հիասթափություն, եւ հասարակության ուշադրությունն ավելի շատ թեքվում է քաղաքացիական ակտիվիստների, շարժումների կողմը: Ի՞նչ եք կարծում, դա համապատասխանո՞ւմ է իրականությանը:

-Ոչ: Մեր կուսակցությունը չի խոսել իշխանափոխության մասին: Հակառակը, մենք ասել ենք՝ իշխանափոխություն պետք է տեղի ունենա ընտրությունների միջոցով: Փողոց դուրս չենք եկել իշխանափոխության պահանջով: Մենք դեմ ենք եղել բոլոր այն ծայրահեղ մոտեցումներին, որ ասել են չպետք է մասնակցենք, չպետք ներկա լինենք, այս իշխանությունը սպառել է իրեն, վերջացել: Եվ կյանքը ցույց է տվել, որ մենք ենք ճիշտ եղել: Սակայն դա չի նշանակում, որ մենք մեր ձեռքերը, ծալել նստել ենք: Մենք մի կողմից փորձում ենք մեր ժողովրդին քաղաքականորեն կազմակերպել, մյուս կողմից փորձում ենք ազդել իշխանության վրա, որպեսզի ինքը կարողանա իրեն սրբագրել: Որովհետեւ հարցը միայն իշխանություն ուզելը չի: Ամենակրեւոր հարցը էս ժողովրդի, էս երկրի  վիճակը բարելավելն է՝ կյանքի մեջ փոփոխություն բերելը: Վերջապես խեղճացած ժողովուրդը ավելի ստրկամիտ է դառնում, քան բարեկարգ վիճակում ապրող ժողովուրդը: Այսինքն չպետք է կարծել որքան վատ, այնքան լավ, որքան վատ, այնքան արտագաղթ, որքան վատ, այնքան խեղճացում, որքան վատ , այնքան տեղական հեղինակությունների, օլիգարխների ազդեցության մեծացում: Դա մեր կազմակերպության լոզունգը չի եղել եւ չի այսօր: Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիական շարժումներին, անձամբ ինձ համար այդ շարժումները դրականորեն են գնահատվում: Քաղաքական շարժում նշանակում է հասարակության քաղաքական ակտիվացում, այն ինչը որ մեր ցանկությունն է, մեր ուզածը, ինչի հետ կապված էլ մենք աշխատում ենք: Այդ տեսակի շարժումներ, խմբավորումներ շատ կան, բայց մենք պետք է կարողանանք զանազանել: Ո՞վ է վարձատրվում քաղաքական ակտիվություն ցուցաբերելու համար, ո՞վ է ղեկավարվում քաղաքական ակտիվություն ունենալու համար, եւ վերջապես, քաղաքացիական շարժում` նշանակում է ապաքաղաքական մոտեցում, ոչ ծրագրված մոտեցում: Մարդը պայքարում է կոնկրետ մեկ ծրագրի դեմ, ոչ թե համընդհանուր, ազգային, պետական խնդրի: Այսինքն, քաղաքացիական շարժումը, իբրեւ երեւույթ, շատ դրական է, բայց ոչ փրկություն:

-Պարոն Մարգարյան, Աստանայում տեղի ունեցած  գագաթնաժողովի ժամանակ հայտարարվեց, որ Հայաստանը կարող է Եվրասիական միությանն անդամակցել միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Հայաստանի նախագահը ոչ այդ ժողովի ժամանակ եւ ոչ հետո չխոսեց: Ճիշտ է նա ասեց, որ տհաճ  են Նազարբաեւի խոսքերը, բայց  ըստ էության  չարձագանքեց, եւ ենթադրվում է, որ Հայստանը  կանդամակցի առանց Լեռնային Ղարաբաղի, եւ այնտեղ մաքսակետ կդրվի: Չնայած, մյուս կողմից  Հայաստանի բարձրաստճան պաշտոնյաները՝ այդ թվում ազգային ժողովի նախագահը, վարչապետը, ասում են, որ դա բացառվում է: Դուք այդտեղ խնդիր տեսնո՞ւմ եք: Դաշնակցության համար ընդունելի՞ է, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ սահման գծվի:

-Բնականաբար` ոչ, եւ խոսքը դրա մասին չէ: Այսինքն մենք հարցերին պետք է ճիշտ ձեւով նայենք: Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է ասել, որ պետք է սահման գծվի: Եթե ասում են, որ Հայաստանը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով պետք է մասնակցի, դա ոնց որ ասես` մածունը սպիտակ է, որովհետեւ ցանկացած պետություն միջազգայնորեն ճանաչված սահմաններով է: Այլ է, եթե պահանջվի, որ Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ սահման պետք է դրվի:

-Իսկ մաքսակե՞տ:

-Կամ մաքսակետ: Դա նույնն  է: Ուզում եմ ասել, որ այս երկու հարցը իրարից տարբեր են: Իսկ թե նախագահն ինչ է պատասխանել, ինչ չի պատասխանել` կարծում եմ, ոչ թե էության հետ կապ ունի, այլ կապ ունի արժանապատվության հետ: Այսինքն, մեր արժանապատվությունն է խոցված, ուրիշ ոչինչ չկա: Այսինքն, մենք կուզեինք այնքան հզոր երկիր լինել, այնքան ամուր խաղաքարտեր ունենալ, որ կարողանայինք նաեւ այդ տհաճ երեւույթին արժանավայել պատասխանել: Ես հարցին նայում եմ ընդհանուր ձեւով. մենք, մեր կուսակցությունը  միշտ հավատացած ենք եղել, որ Հայաստանը 100 տոկոսով ոչ այս կողմ պետք է լինի, ոչ այն կողմ:

-Դուք նկատի ունեք արտաքին կողմերը:

-Այո: Բայց պետք է նկատի ունենալ` մեզ համար առաջնային է եղել երկրի անվտանգության հարցը: Այսինքն,  եթե կարողանայինք ձեւ գտնել, որ անվտանգության հարցը լուծվեր, եւ մենք մեզ ապահով զգայինք, 100 տոկոսով ոչ մեկին չանդամակցեինք, բայց ունենայինք բոլորի հետ  հարաբերություն, դա կլիներ իդելական ձեւ: Սակայն եթե կամ կամ – ի հարց է դրվում, բնականաբար նախ պետք է լինել, հետո մտածել զարգացման մասին: Հարցն ինձ համար հիմա սա է` նրանց, ովքեր այսօր զարմացած են, հուզված են, ապշած, նեղված, ուրախացած, մտահոգված եւ ողբերգություն են համարում, որ Եվրասիական պայմանագիրն ուշանում է եւ չի ստորագրվում, ուզում եմ հարց տալ` ուզու՞մ էիք, որ ստորագրվեր: Այդ նույն մարդիկ չէի՞ն, որ ասում էին չպետք է ստորագրել: Նույն մարդիկ, որ ասում էին` չպետք է ստորագրել, այսօր մտահոգ են, թե ինչու չի ստորագրվում: Զարմանալի է: Ինձ համար ավելի ուրախացուցիչ վիճակ է.եթե չի ստորագրվում, նշանակում է խնդիր կա, իսկ եթե խնդիր կա, ուրեմն կա դիմադրություն: Այսինք, կան պայմաններ, որոնք չեն ընդունվում` դրա համար չի ստորագրվում:

-Ո՞ւմ կողմից չեն ընդունվում:

-Փոխադարձ:

-Հայաստանի՞:

-Բնականաբար, եթե մի կողմը չի ընդունում, մյուս կողմը պնդում է, որ ընդունի: Այսինքն, դա փոխադարձ հարաբերություն է: Եթե սահուն չի, նշանակում է՝ կա դիմադրողականություն: Դիմադրողականությունն ինչի համար է, ազգային շահի համար է, չ՞է, պետականության համար է, չէ՞, բա ինչի՞ համար ենք մտահոգ: Եթե Ռուսաստանը Հայաստանի հետ մնում է ռազմական դաշնակից, մենք ինչ խնդիր ունենք, այսինք իբրեւ քաղաքական ուժ, մենք ինչպե՞ս ենք մտածում, ինչո՞ւ ենք հարցն այս ձեւի մեջ դնում: Մենք ենք ուզում Եվրամիության անդամ դառնալ, թե՞ Եվրասիական միությունն  է ուզում, որ մենք անդամակցենք իրեն: Ո՞ր մեկն է: Որ մեկն է այսօր քաղաքական շրջանակների մտահոգությունը` ըստ այնմ էլ պետք է կարողանալ կողմնորոշվել: Ինձ համար, մեզ համար  Հայաստանի անվտանգությունն առաջնահերթ հարց է: Սա է, որ պետք է դառնա հիմք մեր կողմնորոշումների, մեր մոտեցումների, մեր ծրագրերի համար: Վստահ եմ, որ այլ կերպ մտածող մարդկանց համար սա չէ հիմքը:

-Այլապես, ինչպե՞ս:

-Այնպես, ինչպես որ ասացի: Նրանք, ովքեր ուրախ էին, որ չստորագրվի, չէին ուզում որ ստորագրվի, դեմ էին:

-Պարոն Մարգարյան, Դուք ասացիք նաեւ պետականության հետ կապված  խնդիրներ, ի՞նչը  նկատի ունեիք:

– Չեմ ուզում ենթադրությունների գիրկն ընկնել, ցավոք, այս հարցը բավարար չափով բացված չի, եւ սա ամենավտանգավոր մասն է: Պետք է Հայաստանում լիներ այնպիսի քաղաքական մթնոլորտ, որ քաղաքական ուժերը, անկախ իրենց ներքին դիրքորոշումներից, այս հարցով կարողանային լայն խորհրդակցություն ունենալ. Երկրի անվտանգության հարցն է դրված, եւ կապ չունի՝ դու իշխանություն ես, թե ընդդիմություն: Եթե երկրի անվտանգությունը հիմնական հարց է երկրի համար, ուրեմն կարող ենք մեկ սեղանի շուրջ հավաքվել եւ հարցը լրջորեն քննարկել: Ցավում եմ, որ այդ քննարկումը տեղի չի ունենում՝ նախ իշխանության մեղքով եւ երկրոդ` ընդհանուր մթնոլորտի պատճառով: Այդ պատճառով, շատ չեմ կարող խորանալ, բայց իմ մոտեցումը հետեւյալն է. եթե չի ստորագրվում, ուրեմն հարց կա, եթե հարց կա, ուրեմն դիմադրողականություն կա, այսինքն նկարագիր կա: Ծախված չենք , տրված չենք, իսկ դա լավ է:

-Պարո՞ն Մարգարյան, շատ փորձագետներ, դիտորդներ, տարբեր պատճառներից ելնելով, խնդիր են տեսնում, զուգահեռներ են անցկացնում 18-20թթ հետ եւ ասում են որ, Հայաստանը կանգնում է պետականության եւ ինքնիշխանության առնվազն մի մասի կորստի առջեւ՝ դեպի Եվրասիական միություն գնալով: Զուգահեռներ են անցկացնում, ասում են՝ Ռուսաստանը փորձում է Ադրբեջանին սիրաշահել Եվրասիական Միություն տանելու համար, ի հաշիվ Ղարաբաղի՝ ինչ որ զիջումներ անել: Դուք ի՞նչ կարծիք ունեք:

– Ինչու Եվրոպան նույն մոտեցումը չո՞ւնի: Ո՞րն է տարբերությունը: Մենք Եվրախորհրդարանի անդամ ենք, Ադրբեջանն էլ է անդամ: Ադրբեջանի ժողովրդավարության մակարդակը մեր երկրին մո՞տ է, որ երկուսս էլ խորհրդարանի անդամ ենք: Բա էդ ինչպե՞ս է, որ եկուսս էլ խորհրդարանի անդամ ենք: Նույն մոտեցումն է, եթե դու քո իրավունքներին տեր չես, մյուսները տեր չեն ու տեր չեն: Մենք, կարծում եմ, ոչ լավ օրից պարտավորվեցինք մաս կազմել Եվրասիական միությանը՝ ավելի հիմնական հարց լուծելու համար, բայց ինչպես ասում են, սատանան մանրուքների մեջ է` ամեն մի փաստաթղթի մեջ կա հայկական շահի հասկացություն, որի շուրջ մենք պետք է ունենանք չափազանցված բծախնդրություն, զգուշություն, որ այդ մանրուքների մեջ մեր ինքնիշխանությունը չզիջենք: Ես չեմ հավատում, որ Բելառուսը Եվրամիության մաս է կազմել, որպեսզի ինքնիշխանությունը ձեռքից տանեն, կամ Ղազախստանը: Չեմ կարծում, որ Եվրամիությանը մաս կազմած պետությունները իրենց ինքնիշխանությունը ձեռքից տվել են: Այսօր աշխարհում ինտեգրումը շատ հասկանալի հասկացություն է, այսինքն դու կարող ես այդ բնական պրոցեսի մեջ, առանց տրվելու, գնալ, կարող ես գնալ  գիտակցելով ու պաշտպանելով քո սեփական շահը: Վերջնական ոչինչ չեմ ասում, որովհետեւ ամեն մի փաստաթուղթ, ամեն մի պայմանագիր կարող է առանձնաբար վտանգել  եւ կամ ապահովել մեր ազգային շահը:

– Բայց Դուք կարծում եք , որ Հայաստանի ներկայիս  իշխանությունները  կկարողանա՞ն  Եվրասիական միությունում պահպանել մեր ինքնիշխանությունը կամ ինքնիշխանության այն աստիճանը, որը հարկավոր է մեզ:

-Դժվար է այդ հարցին պատասխանելը: Այսինքն ես չեմ ընդունում այս իշխանություններին, բայց չեմ կարծում, որ այս իշխանությունները մեր երկրի թշնամին են: Ես դրան չեմ հավատում: Չեմ էլ ուզում, որ որեւէ մեկը որեւէ ժամանակ նման ձեւով մտածի: Ի՞նչն է մեզ համար այսօր ամենահիմնականը` մշակույթ, ինքնիշխանություն, Ղարաբաղի հարց, Արեւմտահայաստան: Որո՞նք են մեր հիմնական հարցերը: Այս հարցերի մեջ, կարծում եմ, եթե մեկը զիջի, նա դավաճան է, եւ չի կարելի  ի սկզբանե մարդկանց դավաճանի կերպարի մեջ տեսնել:

-Պարոն Մարգարյան, Ղարաբաղի հետ կապված մի այսպիսի քննարկում եղավ. հիշում եմ Աստանայի գագաթնաժողովից հետո երկրորդ նախագահը քննադատությամբ հանդես եկավ՝ ասելով. «ով Ղարաբաղի հետ կապված զիջումներ կանի, հեռանկար չի ունենա  Հայաստանը», որից հետո հաջորդեց Սերժ Սարգսյանի պատասխանը, որ չպետք է իրենից Ղարաբաղը պաշտպանել: Այնուամենայնիվ, եթե էլի վերադառնանք այս հարցին,  Դուք Եվրասիական միությանն անդամակցության  հետ կապված՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով,  մաքսակետի հետ կապված, խնդիր տեսնո՞ւմ եք Ղարաբաղի անվտանգության հարցում:

–Ես կարծում եմ, որ այդ հարցը լուծված է, ինչպես որ այսօր  լուծված է Ռուսաստան – Հայաստան հարաբերությունը: Եթե Ղարաբաղը ներքին կարգով չհասկացվի եւ չընկալվի իբրեւ Հայաստանի տարածք, կարծում եմ, որ մենք պատմական սխալ կանենք:  Կարծում եմ՝  նման վտանգ գոյություն չունի: Բոլոր տվյալները այդ մասին են ասում, եւ ես  ուզում եմ դրան հավատալ:

-Վերջին շրջանում Ղարաբաղի սահմանին նկատվում են ռազմական բախումներ, դիվերսիոն հարձակումներ, լարվածության աճ: Ինչ եք կարծում, Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ինչքանո՞վ են համարժեք արձագանքում:

– Ադրբեջանը փորձում է մեր նյարդային համակարգի վրա խաղալ: Ադրբեջանը տեսնում է որ բանակցությունների ընթացքը, իր իսկ մեղքով, հատնվել է փակուղային վիճակում: Սահմանային բախումները նրան պետք են աշխարհին ասելու, որ հարցը չի փակվել: Ադրբեջանը չի ուզում պատերազմով հարցը լուծել: Եթե ուզենար այդ ձեւով հարց լուծել, հենց միայն այն փաստը, որ բանակցությունները տեղից չեն շարժվում, կօգտագործեր` պատերազմի կդիմեր: Բայց որովհետեւ չի ուզում պատերազմ, ուզում է, որ բանակցությունների նոր ընթացք սկսվի, եւ որպեսզի այդ բանակցություններում ինքը առավելություն ունենա, փորձում է սահմանային բախումներ սկսելով` ազդել մեր հոգեբանության վրա: Կարծում եմ, պետք է դիմանալ: Հայաստանի պետությունը համարժեք պատասխան է տալիս թե ոչ, իմ ընկալմամբ, մինչեւ այսօր`  այո:

-Դուք խոսում են դաշնակիցների մասին, խոսում եք անվտանգության մասին, բայց մեր ռազմավարական դաշնակիցը մեծածավալ  սպառազինություն է շարունակում   վաճառել Ադրբեջանին: Շատ ռազմական փորձագետներ ասում են, որ քանակի, սպառազինության տեսակի պատճառով հավասարակշռությունը եթե չի էլ խախտվել, ապա շատ մոտ է դրան: Ի՞նչ գնահատական կարող եք տալ սրան:

-Դա այնպիսի բան չի, որի վրայով կարողանանք լուռ անցնել: Կարծում եմ` մեր մեջ ընդվզում պետք է առաջ գա: Դա միայն մի ձեւով կարող էր ընդունելի դառնալ: Որ այն, ինչ ինքը վաճառում է Ադրբեջանին, մեր բաժնի գինն էլ վերցնի Ադրբեջանից՝ մեզ տա անվճար: Այլապես մեզ համար հասկանալի չէ:  Ինձ թվում է, որ շրջանում հավասարակշռություն պահպանելը նաեւ Ռուսաստանի շահերից է բխում: Անշուշտ այստեղ կա պետական եւ մասնավոր ֆակտոր: Այսօր զենքի արտադրության մեջ միայն պետական կառույցները չեն, որ դերակատար են: Եվ եթե մի տեղ դրամ կա, այդ զենքերը ձեռք բերելը այսպես կամ այնպես դյուրին են: Բայց հավասարակշռության խախտումը, կարծում եմ, վնաս է տարածաշրջանի բոլոր պետություններին: Համենայնդեպս, մենք չպետք է լռենք, բողոք պետք է բարձրացնենք, պահանջենք եւ նաեւ ձեւեր գտնենք, որպեսզի հետ չմնանք այդ մրցավազքից: Թեպետ ասում եմ, դա Ադրբեջանի համար դյուրին գործ է, մեզ համար` դժվար: Բայց  այլ ելք չունենք:

-Բայց  սա  ինչ է նշանակում,  բիզնե՞ս: Ռուսական կողմը բազմիցս ասել է, որ դա իրենց համար բիզնես է:

-Նշանակում է, որ բիզնեսը գերակշռում է: Քաղաքականության մեջ կա բարեկամական հարաբերություն: Կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է անդրադառնա, որ այս ձեւով ինքը չի կարող երկար ժամանակ իր շուրջ դաշնակիցներ պահել, պետք է հասկանա, որ այս ձեւով ինքը կկորցնի: Ելքեր միշտ էլ հնարավոր է փնտրել, գտնել: Ձեւեր միշտ էլ կան, թեկուզ դժվար, որոնց համար նաեւ  ծանր գին կվճարենք: Չեմ ուզում մտածել, թե մենք էնքան անճար ենք, որ ուզենք թե չուզենք մեր միակ ելքը Ռուսաստանն է: Ռուսաստանը պետք է գիտակցի ու հասկանա, որ սխալ մոտեցումը կարող է պատճառ դառնալ, որ ինքը շատ ավելի մեծ կորուստներ ունենա:

 

Անկախ

Արտագաղթի լավ պայմաններ հանուն արտագաղթի

Գևորգ Ավչյան«Մարդը հայրենիքում իրեն պիտի տեր զգա: Եթե նա իրեն ճորտ է զգում մի տարածքում, որը նրան որպես հայրենիք է մատուցվում, նրա մեջ կամա-ակամա առաջանում է նաև մերժողական վերաբերմունք: Եվ այստեղ ցավալի մի բան էլ կա. այն, որ հաճախ հայրենիք և իշխանություն հասկացությունները նույնացնում են, ինչը ամենամեծ խնդիրն է»,- արտագաղթի վերաբերյալ օրերս ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Գոնե կիմանամ, որ ինձ չի հարգում օտարը, ոչ թե սեփական պետությունս

Օրերս հերթական մտերիմս լքեց Հայաստանը` 29-ամյա գործունյա, աշխույժ ու կյանքով լեցուն Արմանը: Նա բարձրագույն կրթություն ունի` բնակավայրերի կանաչապատման ու անտառատնկման մասնագիտացմամբ, շատ էր սիրում իր մասնագիտությունն ու հպարտանում դրանով, թեպետ երբեք իր մասնագիտությամբ չէր աշխատել ու չէր զբաղվել: Ու չնայած իր բարձրագույն կրթության դիպլոմում նշված մասնագիտությանը, Արմանը վերջին 3-4 տարիներին ձեռներեցությամբ էր զբաղվում, բավականին հաջող: Իսկ իր գործը սկսել էր պաղպաղակ պատրաստող փոքրիկ սարք վարձակալելով ու իրենց բակում պաղպաղակ վաճառելով, այնուհետև պաղպաղակի տաղավարի կողքին ավելացրել էր դարակաշար ու նաև միրգ-բանջարեղեն էր վաճառում: Մի քանի ամիս հետո արդեն խանութ վարձեց, որտեղ վաճառում էր ոչ միայն պաղպաղակ, միրգ ու բանջարեղեն, նաև ձուկ, գինի, գարեջուր, խեցգետին: Աշխատանքից ու եկամտից էլ գոհ էր, արդեն փոքրիկ բիզնեսն ընդլայնելու ծրագրեր էր մտմտում: Մեկ էլ անցյալ տարի մի օր լսեցի, որ Արմանն իր խանութը փակում է: Հարցրի պատճառը, պատասխանեց կարճ ու տրամաբանական. դրանից մեկ տարի առաջ իր խանութում հաճախորդի պակաս չէր զգացվում, հաճախորդներն էլ ավելի շատ գնումներ էին կատարում, իսկ այդ տարի «բակի ժողովրդի մեծ մասն արտագաղթեց, հիմա հաճախորդ չկա, խանութ մտնողներն էլ խնայելով են գնումներ անում, մարդիկ փող չունեն: «Անցյալ տարվա համեմատ էս տարի օրական 3-4 անգամ քիչ առևտուր եմ անում, արդեն ձեռքի փող էլ չեմ կարողանում աշխատել»:
Խանութը փակելուց հետո Արմանը վերջին մեկ տարում մի քանի մանր-մունր գործեր էլ արեց ձեռքի հետ: Շատ փոքր քանակով` մեկ ուղևորի ուղեբեռի չափով, ավտոմեքենայի քսայուղ էր բերում հարևան Վրաստանից ու հարմար գներով վաճառելով` գլուխը պահում, բայց մի օր, չնայած սահմանին բոլոր հարկերն ու տուրքերը մուծում էր, պարզվեց, որ ինչ-որ մեկը խոշոր քանակներով ներկրում է այդ քսայուղերը, ու Արմանի պես «մանր-մունր» ներկրողներին արդեն չեն թույլատրում նման ապրանք բերել երկիր: Հետո էլի ինչ-որ բաներ մտմտաց, ու մի էլ օրերս հանկարծակի զանգեց` «Գնում եմ, աղբե՛ր, երևի էլ չեմ էլ գա»:

Եվ Արմանը գնաց Ռուսաստան` Մոսկվա` իր չսիրած ու երբևէ չարած գործով զբաղվելու` կահույքի արտադրամասում աշխատելու: Մեկնելու օրը, սակայն, ինքնաթիռի թռիչքից մի քանի ժամ առաջ սիրտը մի լավ բացեց:
«Տեսնում եմ, որ ով գնում ա ու դրսում սկսում անել էն, ինչ որ Հայաստանում էր անում, հաջողության ա հասնում, աղբեր, գիտես` երբեք չեմ մտածել Հայաստանը թողնելու մասին, բայց դե ինչ անեմ: Հիմա հնարավորություն ա բացվել, կանչում են, հարազատ մարդ ա, հազար անգամ կանչել ա, չեմ գնացել. էս անգամ որոշեցի` գնամ: Գիտեմ, որ էնտեղ ինձ չեն հարգելու, վերաբերվելու են որպես գաստարաբայտերի, բայց էդ ոչինչ: Համ էլ ի՞նչ տարբերություն, մեկ ա, էստեղ էլ իմ պետությունն ինձ չի հարգում: Ավելի լավ ա գնամ ու հոգուս մխիթարանք լինի, որ օտարի պետությունը ինձ որպես օտարի չի հարգում, ու հենց տենց էլ պիտի լիներ, քան գիտակցեմ, որ սեփական պետությունը, չինովնիկները ինձ չեն հարգում: Ստեղ չեմ մնում, Հայաստանը թող ձեզ մնա, ավելի ճիշտ` մեր չինովնիկներին, թող մենակ իրանք մնան էս երկրում»,- արագ-արագ վրա էր բերում Արմանը, բայց երկու տարեկանից նրան ճանաչելով` աչքերի մեջ տեսնում էի, որ ոչ թե ինձ է փորձում համոզել, այլ իրեն…

Սուս, պետությունը մտածում է «միգրանտների» մասին

Հրանուշ Խառատյանը նշում է նաև, որ ո՛չ հասարակության և ո՛չ էլ իշխանությունների կողմից արտագաղթը երբևէ լրջորեն չի գնահատվել և չի ընկալվել իր իրական ծավալներով ու պատճառահետևանքային կապերով:

Մի՞թե, կարծես թե լավ էլ ընկալել է, նույնիսկ որոշ քայլեր էլ է ձեռնարկել գիտաժողովներից, ձևական ուսումնասիրություններից, հայտարարություններից բացի: Բայց, իհարկե, հակառակ մտայնությամբ` արտագաղթը խթանելու: Հակառակ դեպքում կառավարությունը հուլիսի 3-ին չէր հաստատի ՀՀ և ՌԴ միջև միգրացիայի ոլորտին վերաբերող երկու համաձայնագիր:

Առաջին համաձայնագրով սահմանվում է, որ կողմերի տարածք մուտք գործելուց հետո երկու երկրների քաղաքացիները կարող են հաշվառման կանգնել 30 օրվա ընթացքում: Մինչ այս համաձայնագիրը գործող կանոնների համաձայն` ՌԴ մեկնելիս մեր քաղաքացին պարտադիր 7 օրվա ընթացքում պետք է հաշվառման կանգներ, ու եթե այդ ժամկետը խախտվում էր, առաջանում էին անցանկալի հետևանքներ, ընդհուպ մինչև մուտքի արգելք 3 տարի ժամկետով:

Երկրորդ համաձայնագիրն ավելի տարողունակ ու կարևոր հարցեր է լուծում: Կողմերի տարածքում քաղաքացիները աշխատանքային գործունեություն կարող են ծավալել առանց լրացուցիչ աշխատանքային գործունեության թույլտվության:
«Այսօր մեր քաղաքացին, որպեսզի ՌԴ-ում աշխատանքային գործունեություն ծավալի, դիմում է համապատասխան մարմիններին` ներկայացնելով սահմանված փաստաթղթեր, վճարելով պետական տուրք, սպասելով որոշակի ժամանակահատված, և արդյունքում որոշում է կայացվում կա՛մ դրական, կա՛մ բացասական` թույլատրել կամ մերժել: Այս համաձայնագրով այդ թույլտվությունը մեջտեղից հանվում է, այսինքն` աշխատաշուկան դառնում է միասնական. ինչպես Ռուսաստանի քաղաքացին ՌԴ-ում աշխատելու հնարավորություն կունենա, այնպես էլ Հայաստանի քաղաքացին»,- համաձայնագրերի էությունը լրագրողներին բացատրեց ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Երկրորդ համաձայնագրով սահմանվում է նաև, որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում համարվում է, որ անձն օրինական է գտնվում ՌԴ տարածքում, և ոչ միայն անձը, այլև նրա ընտանիքի անդամները: Այս առումով էլ ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետն ընդգծում է. «Հաշվի առնելով, որ Հայաստան-Ռուսաստան միգրացիոն շրջանառությունը գերակա նշանակություն ունի մեր երկրի համար, այս նպաստավոր պայմանները մեր շատ քաղաքացիների համար դյուրություններ կբերեն»:

Այսինքն` դյուրություն կբերի ոչ միայն ՀՀ քաղաքացու` արտագնա աշխատանքի մեկնելու, այլև ընտանիքը հետը տանելու` արտագաղթելու հարցում:
Հայաստանից հատկապես Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները, որոնց ընտանիքը մնում է այստեղ, տարեկան գոնե մեկ անգամ գալիս է Հայաստան` հարազատներին տեսակցելու: Վերջին շրջանում բազմաթիվ են հրապարակումները, որ արտագնա աշխատանքի մեկնած մարդիկ կամաց-կամաց փորձում են, թեկուզ դժվարությամբ, իրենց ընտանիքներն էլ տանել, այդպիսով թե՛ տարեկան մեկ անգամ Հայաստան գալու հետ կապված դժվարություններն ու ծախսերը քչացնելու, թե՛ աշխատած գումարը երկու տեղ` իրենց ու ընտանիքի վրա առանձին-առանձին չծախսելու նկատառումներից ելնելով: Ու եթե աշխատանքային միգրանտի համար ընտանիքը հայրենիքի հետ ամենաուժեղ կապն է, ապա այժմ այս համաձայնագրերով այդ աշխատողը հնարավորություն կստանա իր ընտանիքը նույնպես օրինական հիմունքներով Ռուսաստան տեղափոխելու, ինչն էականորեն կազդի արտագաղթի ծավալների վրա:

 

ԴԵՊԻ ՆԵՄՐՈՒԹ

նեմրութ Օր առաջին. 19 հունիսի, 2014 թվական:

Երեկոյան առաջին ուխտավորները հավաքվեցին գրասենյակում: Սկզբում` Արորդաց ուխտի քրմերը, ապա և մյուսները: 34 հոգի էինք: Ժամը երկուսին ավտոբուսը տեղում էր և փութով իրերը բարձեցինք ու շարժվեցինք:
Ընդհանուր ոգևորությունը մեծ էր: Խմբից քչերն էին եղել Արևմտյան Հայաստանում: Համընդհանուր ոգևորության քողի տակ բոլորին թվում էր, թե ավտոբուս նստելով` արդեն իսկ Էրգրում են: Գուցե և այդպես էր, քանզի մթնոլորտը տրամադրող էր. այս ուխտագնացությանը բոլորն էին սպասում, օրերն ու ժամերն էին համրում:
Երևանից շարժվեցինք նախատեսված ժամին` 3-ին: Ճանապարհը երկար էր, հոգնեցնող. հայ-վրացական սահմանի Բավրայի մաքսակետով մուտք գործեցինք Վրաստան, ապա Ջավախքով ուղևորվեցինք դեպի Թուրքիայի Հանրապետության սահման ու Վալեի մաքսակետով մտանք Արևմտյան Հայաստան:
Վրաստանի և Թուրքիայի պետական սահմանը հատելիս առանձին դժվարություն չունեցանք: Սա ընթացիկ տարում իմ երրորդ այցելությունն էր Արևմտյան Հայաստան, և մինչ այժմ միակ խոչընդոտը թուրք սահմանապահների` օտար լեզվով հաղորդակից չլինելն էր, քանզի ողջ անցակետում օտար լեզվի տիրապետող որևէ սահմանապահ չկար: Այս անգամ, սակայն, նման խնդիր չունեցանք, ուխտավորների մեջ երկու հոգի վարժ տիրապետում էին թուրքերենին:
Ուխտավորների խումբը հիմնականում մտավորականներից էր բաղկացած: Արորդաց ուխտի քրմերից զատ, նաև երգիչ-երգահաններ Գուսան Հայկազունը, Արսեն Համբարյանը, Վարուժան Աղաջանյանը, Գրիգոր Համբարյանն էին, հեռուստալրագրող Վարդան Օնանյանը, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը և այլք:
Ավելորդ չէ նշել, որ ողջ ճանապարհն անցավ ակտիվ զրույցներով, քննարկումներով, երգ ու ասմունքով:
Սահմանը հատեցինք առավոտյան 10-ին ու… Էրգիրը մեզ խռոված դիմավորեց. անձրև, ցուրտ:
Մռայլ էինք նաև մենք: Ճնշող էր: Բնական գեղեցիկ տեսարանները, գույները հաջորդում էին իրար, Արևմտյան Հայաստանը աստիճանաբար իր գիրկն էր առնում մեր ավտոբուսը, բայց… Անցանք թուրքական զորամասի մոտով, ու հանկարծ մի խրոխտ, հուժկու ձայն պայթեց ավտոբուսում.
-Դե ելեք քաջեր, հայ ֆիդայիներ,- Գրիգոր Համբարյանն էր:
Ուխտավորները մեկեն արթնացան ասես, ու ողջ ավտոբուսը միասին թնդաց` կանչ հայ ֆիդայիների անմահ ոգիներին:
Ավտոբուսի ազգությամբ քուրդ վարորդը` Մահմադը, քթի տակ բարեհոգի ժպտաց. պարզ էր` հայերեն փոքրիշատե հասկանում էր:
Հայոց Կարսը
Հնամենի մայրաքաղաքն անհրապույր տեսքով դիմավորեց մեզ: Ծուռումուռ փողոցներ, ամենուր աղբակույտեր: Շուրջ 80 հազար բնակիչ ունեցող քաղաքն արևելյան հետամնաց բնակավայրի է նմանվում: Կարսում շատ են հին հայկական շինությունները: Պատմական արժեքներից կանգուն են միայն բերդը և Առաքելոց եկեղեցին: Հին շենքերի կողքին այժմ վեր են խոյանում նորակառույցները, բայց անճաշակ շինություններ են` ներկված կարմիր, դեղին, կանաչ, կապույտ գույներով: Զգացվում է, որ Կարսը մինչ օրս չունի զարգացման կայուն հատակագիծ:
Կարսում երկար չմնացինք. Ճաշեցինք ու ճանապարհ ընկանք դեպի Անի:

Անի` հայի կորցրած երազը
Սմբատաշեն պարիսպներով ներս մտանք քաղաք ու լուսանկարվեցինք Ավագ դռան առջև` Վահագնական կեռխաչի տակ: Սա Անի քաղաքի խորհրդանիշն է եղել: Նախաքրիստոնեական Հայաստանում հայ ռազմիկը աջ բազկին դաջել է խաչ պատերազմին ու սլացել ոսոխի դեմ: Խաչ պատերազմին հետագայում դարձավ Անվո խորհրդանիշը:
Ճնշող է Անին: Պարիսպների վրա ու մայրաքաղաքի միջնաբերդում ծածանվում է թուրքական կարմիր կիսալուսինը: Ոչինչ. արորդիք համոզված են, որ ի վերջո թուրքի լուսինը պիտի խոնարհվի:
Շարժվեցինք դեպի Մայր տաճար: Խոնարհված է Մայր տաճարը, ինչպես որ խոնարհված է Անին: Մենք չմտանք քրիստոնեական այս հրաշագեղ կոթողն աղոթելու: Այստեղ չկան ոգիներ, այստեղ ամայություն է տիրում:
Մենք ալելույա չենք կանչում, Հայր մեր չենք արտասանում, պատարագ չենք անում այստեղ:
Խոնարհված է Անին, ու հայոց չքնաղագեղ մայրաքաղաքը խոնարհվեց հենց իր շուրթերով Հայր մեր կարդացող ու այս տաճարում պատարագ անող դավաճան ու սրիկա կաթողիկոսի` Պետրոս Գետադարձի ձեռքով:
Բայց մեկեն երգեց տաճարը: Նրա պատերի տակ հանկարծ թնդաց երգը հայոց: Արսենը, Գրիգորը, Գուսանը, բոլոր ուխտավորներս հայի երգով, ռազմակոչով թնդացրինք տաճարը:
Քանի-քանի հարյուրամյակ Մայր տաճարի պատերի տակ հայի երգ չէր հնչել: Քանի-քանի հարյուրամյակ Անին` մեր վշտացած, խոնարհված ու չքնաղ Անին սպասել է հայի կանչին:
Մեր երգը մարտակոչ էր: Մեր երգը վրեժի, ցասման կոչ էր, որով կոչ էինք անում արի հայերին միանալ, համախմբվել ու խոնարհել թուրքի լուսինը, մաքրել Էրգիրը պղծությունից:
Զարթնիր, Հայկ Նահապետ, զարթնիր, Մեծն Տիգրան, զարթնիր, Պապ թագավոր, զարթնիր, Գևորգ Չաուշ, զարթնեցեք հայեր, Վահագնի զորությամբ գոտեպնդվեք ու մարտի ելեք… Ահա մեր աղոթքը Մայր Տաճարում:
Իսկ քրիստոնեական Ամենի փոխարեն մեր աղոթքի վերջում հնչեց Գրիգոր Համբարյանի բամբ ձայնը. «Մա՛հ ոսոխին…»:

Օր երկրորդ
20 հունիսի 2014
Չքնաղ է Վանը: Հայկական հետքերն այստեղ էլ քիչ են. Վանա բերդ, Մհերի դուռ… Բայց Վանը հայի շունչ ունի: Վանն անձնատուր չեղավ, Վանը մաքառեց ու հաղթեց ոսոխին: Վանը հպարտ է: Այն դատարկվեց սոսկ ռուսի դավաճանության հետևանքով: Բայց հաղթեց: Վանը սպասում է մեզ, Վանը կանչում է մեզ:
Ուղևորվեցինք Մհերի դուռ:
Ժայռի մեջ պարփակված Մհերը սպասում է մեզ, սպասում է մեր բազկի հարվածին, սպասում է վահագնական ուժով մարտի ելած հային, որ ջարդի, փշրի ժայռեղեն դուռն ու ազատի Մհերին` աշխարհում հաստատելու արդարությունն ու հայի կամքը: Մհերը սպասում է մեզ…
Մագլցեցինք ժայռը, Մհերի դռան առջև Արսեն Համբարյանին ձայնակցեցինք: Հնչեց Վահագնի ծնունդը:
Քերթողահոր ավանդած բառերը նոր շունչ են առել Արսենի մշակմամբ, ու տասնյակ ուխտավորները Վանում, Մհերի դռան մոտ կանչում են Վահագնին` ուժդ, շնորհդ տուր, Մեծն Վահագն, օգնիր խորտակել ժայռը, խոնարհել թուրքի լուսինը, օգնիր ազատել Մհերին:
Ուղևորվեցինք Աղթամար:
Նավ ենք վարձել, միայն մենք էինք ու թուրք նավավարը: Նավի վրա դարձյալ թուրքի լուսինն է: Բայց մենք իսկապես խոնարհեցինք այդ փոքրիկ լուսինն ու ծածանեցինք մեր եռագույնը:
Աղթամարում, եկեղեցում դարձյալ թնդաց հայի երգը` արի հայի երգը: Եկեղեցու թուրք պահապանները զարմացած էին: Հայաստանից շատ խմբեր են եկել, քահանայի ուղեկցությամբ անգամ սաղմոս կարդացել, պատարագ արել, բայց նման խրոխտ երգ, այն էլ` մարտակոչ, չէին լսել:
Չքնաղ է Աղթամարը` Գագիկ Արծրունի արքայի Ոստանը: Ափսոս, նրա ժառանգներն անարժան գտնվեցին փառապանծ այդ արքային ու լքեցին իրենց երկիրը, լքեցին առանց պայքարի ու հայոց չքնաղ ոստանը` Վասպուրականը, 1021 թ. հանձնեցին թշնամուն: Հանձնեցին առանց մարտի` ունենալով 400 թեմաբերդ: Սենեքերիմ Արծրունի` ողորմելի գահակալ…
Աղթամարից հետ նավարկեցինք, լողացանք Վանա ծովակում ու շտապեցինք դեպի Նեմրութ:
Ճանապարհն անցնում էր Հայկական Տավրոսի փեշերով. ամենուր հայկական լքյալ բնակավայրեր, շեներ, քաղաքներ, որոնք 100 տարի առաջ մերն էին, որտեղ 100 տարի առաջ հայի շունչն էր:
Կեսգիշերի մոտ էր, երբ լաստանավով անցանք Եփրատն ու ուղևորվեցինք Քյաղթա քաղաք, ուր ընթրեցինք տեղաբնակ հայի ռեստորանում ու… դեպի Նեմրութ:

Օր երրորդ
22 հունիսի 2014
Կեսգիշերն անց տեղավորվեցինք «Եփրատ» հյուրանոցում ու մեկժամյա հանգստից հետո անքուն, հոգնած, ծանրացած տպավորություններով բարձրացանք Նեմրութ լեռ:
Անտիոքոս Երվանդունի արքայի կերտած հրաշքը բառերով դժվար է նկարագրել: Մեզ համար այն ավելի քան ոգեղեն արժեք է:
Գրեթե երկու հազար տարի այստեղ ծես չէր արվել: Գրեթե երկու հազար տարի այստեղ հայի շունչ չէր եղել, հայի ոգի չէր թևածել:
Հայոց աստվածները սպասում էին մեզ: Նրանց արձանները, ճիշտ է, գլխատված, բայց խրոխտ ու հպարտ էին` անհաղորդ շրջապատին, ոսոխին, թուրքին: Նրանք սպասում են հայի ոգեղեն զարթոնքին, սպասում են հայի բազկի հարվածին:
Բայց միայն մեր աստվածները չէ, որ մեզ սպասում էին:
Նեմրութի գագաթին մոտ 3 հարյուր թուրք կար, հիմնականում` երիտասարդ: Կարծում եմ` ավելորդ է նկարագրել, թե մեզ ինչ ընդունելություն էր սպասում:
Երբ արևածագին միասնաբար երգեցինք Վահագնի ծնունդը` թուրքերը մեկեն շարք կանգնեցին, ձեռքով ցույց տալով «Գորշ գայլեր» կազմակերպության նշանները` սկսեցին երգել Թուրքիայի Հանրապետության օրհներգը:
Բավական էր սակայն, որ մենք բռունցք դառնայինք, համախմբվեինք քրմերի շուրջը, որոնք, հանելով իրենց սրերը, ավելի խրոխտ, ավելի վճռական սկսեցին հայոց ծեսն անցկացնել` թուրքերը փախան: Րոպեներ անց տարածքում գրեթե մենակ էինք: Այսպիսին է թուրքը. նա հասկանում է միայն ուժի, զորության լեզուն, նա հասկանում է միայն զենքի շաչյունը:
Ոգևորությունը մեծ էր. ծեսից հետո դեպի Էրգիր վերադարձ ուխտելով իջանք Նեմրութից:
Հազիվ մեկ ժամ հանգստացած` շարժվեցինք դեպի Էրզրում:
Ճանապարհն անցնում էր Բյուրակն լեռներով, Սասունով…
Հրաշալի տեսարանները փոխարինում էին մեկմեկու` մեր հոգիները լցնելով հրճվանքով ու տրտմությամբ: Տպավորությունները հակասական էին:
Թուրքիայի Հանրապետությունը աշխարհի ամենաարագ տեմպերով զարգացող երկրներից է: Ողջ Արևմտյան Հայաստանում չեք գտնի գեթ մեկ կտոր հող, որ մշակված չլինի, ամենուր ցորենի ոսկե արտեր, անվերջանալի արտեր:
Թուրքը, քուրդը` քոչվոր ու անապատական այդ ցեղերը, տեր դառնալով մեր դրախտային երկրին, այսօր մշակում, խնամում են մեր պապերի հողերը, իսկ հայը թափառում է օտար երկրներում:
Սասնո լեռների մի բարձրադիր վայրում կանգնեցինք ու միասին թնդացրինք հայոց քոչարին: Թնդացին լեռները հայոց, թնդաց հողը հայի, ցնցվեց ու կանչեց իր զավակներին ետ` դեպի Էրգիր:
Գալու ենք, անպայման գալու ենք դեպի Էրգիր:
Երգեցինք Գուսան Հայկազունի երգը.
-Հրով լինի, սրով լինի,
Պիտի գնանք վաղ թե ուշ:

Պիտի գնանք, անպայման կգնանք ու ուժով կգնանք, սրով ու հրով կգնանք: Բավ է հույսներս դնենք օտար աստծու վրա: Նա մեզ սոսկ ուժաթափ արեց, նա մեզ զրկեց մեր հայրենիքից:

Օր չորրորդ.
23 հունիսի 2014
Էրզրումում առավոտյան միջադեպ եղավ: Լուսանկարչական ապարատը ձեռքիս պտույտ էի կատարում հյուրանոցի մերձակա փողոցներում` մոտեցավ միջին տարիքի մի տղամարդ ու թուրքերեն հարցրեց` հա՞յ ես: Դրական պատասխան լսելով` ինձ հրավիրեց իր խանութ: Մտա: Ակնոցներ էր վաճառում: Ասաց, որ ինքն էլ հայ է, շուրջը նայելով` խաչակնքեց: Ապա ցուցափեղկից մի ակնոց հանեց, նվիրեց ինձ. թանկարժեք նվեր էր: Փորձեցի հրաժարվել նվերից` նեղացավ: «Փեշքեշ, յոլդաշ, փեշքեշ»:

Դեպի Կարս հետդարձի ճամփան անցնում էր Բասենով: Կանգ առանք Արաքսի ափին, Հովվի կամուրջի մոտ: Դարձյալ երգ, դարձյալ ցավ ու կսկիծ:
Մեր ավտոբուսի մոտ կայանեց թուրքական «Աղթամար տուր» տուրիստական ընկերության ավտոբուսը: Տասնյակ զբոսաշրջիկներ իջան ու զարմացած նայում էին մեզ` ցավից ու կարոտից ասես խենթացած հայերիս խմբին, մեր երգին…
Նրանցից առանձնացավ մի տղամարդ, ներկայացավ: Ասաց, որ քուրդ է, ծնվել է Մուշում և բնակվում է Ավստրալիայում: Ասաց` բարով եք եկել ձեր հայրենիքը` ձեր վաթանը:

Հետ ենք գալիս հակասական զգացումներով: Էրգրում ամեն սարի գլխին կոչ է` Հայրենիքը սրբություն է, Հայրենիքը ամենից վեր է… Ամեն տեղ ծածանվում է թուրքական դրոշը, թուրքական կիսալուսինը. մանկապարտեզ, դպրոց, պետական հաստատություններ, մասնավոր տներ, անգամ գերեզմանոցներում…
Երբ մտանք Հայաստանի Հանրապետություն, ամեն սարի, ամեն բլրի գլխին մի խաչ էր կանգնեցված` մեծ, հսկա չափերի խաչ, իսկ հայրենիք, ազգ, վրեժ, ազգային հպարտություն խորհրդանշող` ոչինչ:
Խաչվում ենք` 1700 տարի շարունակ, խաչվում ենք:
Խաչով թուրքի լուսինը չես խոնարհեցնի, խաչով չես հասնի իղձերիդ, ուժ է պետք, մենք վահագնական ուժով կխոնարհենք թուրքի լուսինն ու Էրգիրը կազատենք թուրքի պղծությունից:

 

 

Թուրքիայի նախագահի թեկնածուներից ֆավորիտը Թայիփ Էրդողանն է. թուրքագետ

Gevorg_PetrosyanԱյս տարվա օգոստոսին Թուրքիայում սպասվում են նախագահական ընտրություններ: Նախընտրական զարգացումների ու նախապատրաստությունների, ինչպես նաև Թուրքիայում ստեղծված իրավիճակի մասին «Անկախը» զրուցել է թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ:

– Պարո՛ն Պետրոսյան, օգոստոսին Թուրքիայում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ, որոնք աննախադեպ են համարվում, ինչո՞ւ:
– Ընտրությունների առաջին փուլը կայանալու է 2014-ի օգոստոսի 10-ին, իսկ երկրորդը` նույն ամսվա 24-ին, եթե առաջին փուլում թեկնածուներից մեկը չստանա ձայների կեսից ավելին: Այս ընտրություններն առանձնանում են նրանով, որ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահին ընտրելու է ժողովուրդը, ոչ թե խորհրդարանը, ինչպես նախկինում էր: Բացի այդ, այս ընտրություններին ենթադրաբար հետևելիք սահմանադրական փոփոխությունների արդյունքում Թուրքիայի նախագահի պաշտոնի կարևորությունն ու դերը զգալի կբարձրանա, և փորձ կկատարվի անցնել նախագահական կառավարման ձևին: Սա հնարավոր է, եթե նախագահի ընտրություններում հաղթի իշխող կուսակցության` ԱԶԿ-ի թեկնածուն:

– Անդրադառնանք Թուրքիայի նախընտրական վիճակին, ի՞նչ իրավիճակ է այժմ ստեղծված Թուրքիայում` նախընտրական փուլում:
– «Ժողովրդահանրապետական» ու «Ազգայնական շարժում» կուսակցություններն առաջադրել են միասնական թեկնածու, որպեսզի կարողանան պայքարել ԱԶԿ-ի հետ, որն էլ հուլիսի 1-ին ներկայացրեց իր թեկնածուին` Ռեջեբ Թայիփ Էրդողանին: Ընդդիմության միասնական թեկնածուն Էքմելեդին Իհսանօղլուն է, որ առավելապես հայտնի է իր աշխատանքով Իսլամական համագործակցության կազմակերպությունում: Նա վերոնշյալ կուսակցությունների անդամ չէ և մեծապես զուգակցվում է իսլամի հետ: Այսպիսով, քեմալականներն ու ազգայնականները փորձում են իսլամի հետ առնչվող անձով պայքարել իսլամամետ իշխող ուժի դեմ: Ամփոփելով պետք է նշել, որ Էրդողանը ներկա իրավիճակում բացարձակ առավելություն ունի իր գլխավոր մրցակցի` Իհսանօղլուի նկատմամբ, որը ոչ միայն ներքին քաղաքականությունում հայտնի խաղացող չէ, այլև չի վայելում քեմալական բոլոր ղեկավարների աջակցությունը: Եվս մեկ թեկնածու էլ ունեն քրդերը:

–Ինչո՞ւ ընդդիմության ընտրությունը կանգնեց Էքմելեդին Իհսանօղլուի վրա, նրա թեկնածությունն առաջադրելով` ի՞նչ են փորձում անել ԱՇԿ-ն ու ԺՀԿ-ն:
– Եվ ի՞նչ են փորձում անել նախագահական թեկնածուի հարցով միավորված ընդդիմադիր կուսակցությունները` առաջադրելով մի թեկնածուի, որն ընտրողներին ներկայանում է որպես պահպանողական և իսլամամետ: Ընդ որում, կուսակցություններում ոչ բոլորն են ոգևորությամբ ընդունել Իհսանօղլուի թեկնածությունը: Նախ` դիտարկենք Թուրքիայի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած կուսակցության` ԺՀԿ-ի քայլերը, որն աչքի չի ընկնում ընտրողների ստվար զանգվածով, թեև ունի կայուն ընտրազանգված: Ժամանակակից քեմալականները հասկացել են, որ միայն ավանդական քեմալական ընտրազանգվածի միջոցով (քանակը չի բավականացնում) ընտրություններում հաղթելը գրեթե անհնար է, ուստի ժամանակն է մտածել քրդերի, ինչպես նաև իսլամամետ դիրքորոշում ունեցող ընտրողների ձայները ստանալու մասին, ինչն էլ տարիներ շարունակ հաջողությամբ անում է մրցակից ԱԶԿ-ն: Նախ հիշենք, որ ԺՀԿ-ի ներկայիս նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին վերագրում են քրդական ծագում, ինչը որոշակիորեն կարելի է կապել քրդական ձայները ստանալու ակնկալիքի հետ: Եվ ահա, արդեն Իհսանօղլուի առաջադրմամբ, որը, ինչպես նշեցինք, ընտրողների լայն զանգվածների համար նախևառաջ ասոցացվում է իսլամի հետ, ԺՀԿ-ն փորձում է ձայներ ստանալ նաև իշխող կուսակցության, այսպես ասած, իսլամամետ ընտրազանգվածից: Իսկ ահա ազգայնականների հետ համագործակցությունը նույնպես հասկանալի է, քանի որ այս քաղաքական ուժը նույնպես կայուն ընտրազանգված ունի, որն աչքի է ընկնում ոչ միայն ազգայնամոլ կեցվածքով, այլև կրոնական և քաղաքական պահպանողականությամբ: ԱՇԿ-ն իր հերթին հնարավորություն է ստանում մտնելու լուրջ պայքարի մեջ նախագահի ընտրություններում, ինչը միայնակ գործելու դեպքում հնարավորություն չէր թողնում «Գորշ գայլերի» քաղաքական ճյուղին:

-Ո՞րը կլինի իշխող ԱԶԿ-ի հակաքայլը ընդդիմադիր ուժերի առաջարկած խաղի կանոններին:
– Հակաքայլն Էրդողանն է, որ ներկայումս ընտրությունների գլխավոր ֆավորիտն է համարվում: Էրդողանի կերպարն ու անցած ուղին, ինչպես նաև ընտրություններում ունեցած փորձը և ընտրազանգվածը… Նախորդ ընտրություններում մշտապես ԱԶԿ-ն վստահ հաղթանակ է տարել, և նախագահական ընտրությունների համար կատալիզատորի դեր ստանձնած այս տարվա մարտի ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ Էրդողանն ու իր կուսակցությունը շարունակում են վայելել ընտրողների լայն զանգվածների աջակցությունը, և սա այն դեպքում, երբ Էրդողանի անվան հետ կապվեցին մի շարք սկանդալներ:

–Իրադարձութուններն ի՞նչ ընթացք կունենան, ի՞նչ կանխատեսումներ ունեք:
– Եթե լուրջ ցնցումներ չլինեն, Էրդողանի հաղթանակը կասկածի տակ գրեթե չի դրվում, սակայն պետք է հասկանանք, որ ինչպես եղավ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, այս անգամ էլ երաշխիք չկա, որ Էրդողանի և նրա գլխավորած կուսակցության դեմ նոր հզոր քայլեր չեն ձեռնարկվի: Ամեն դեպքում, Էրդողանը ցույց է տվել, որ կարողացել է հաղթահարել Գեզիի դեպքերի մակարդակի խոշոր հասարակական ցնցումը, ինչպես և գյուլենական միջամտությամբ կոռուպցիոն սկանդալը: Ամեն դեպքում, Թուրքիայում քաղաքական գործընթացներն այնքան էլ հստակ ու պարզ չեն, և Էրդողանի համար ոչ նպատակահարմար զարգացումները բացառելը նույնպես սխալ կլինի: Ընտրապայքարի ակտիվ փուլը դեռ առջևում է, և որոշակի ժամանակ անց հնարավոր կլինի ավելի հստակ գնահատական տալ: Ամեն դեպքում` ամառը թեժ է լինելու:
–Այս ընտրություններից Թուրքիան ինչպե՞ս դուրս կգա, ի՞նչ Թուրքիա կլինի ընտրություններից հետո:
– Կարծում եմ` հաջորդ քայլը սահմանադրական փոփոխություններն են, մյուս խոշոր գործընթացը դա է լինելու, ու անցումը նախագահական կառավարմանը` «սուլթան» Էրդողանի գլխավորությամբ: Էրդողանը միանշանակ ձգտելու է իր իշխանության ամրապնդմանը, որին հասնելու համար որոշակի սահմանադրական փոփոխություններ կանի, հետո կարևոր է քրդական գործոնը, թե ինչ քայլ կանի նաև այդ ուղղությամբ:

– Ի դեպ, քրդերը Թուրքիայում մեծ թիվ են կազմում, թեկնածու էլ ունեն, ինչպե՞ս կանդրադառնան այդ երկու հանգամանքները ընտրությունների վրա:
– Ընդհանրապես ԱԶԿ-ն ընտրություններում հենվում է նաև քրդական ձայների վրա, ինչը ընտրապայքարում մեծ կարևորություն է ստանում: Չեմ կարծում, թե քուրդ թեկնածուն կարող է լուրջ դերակատարում ունենալ կամ խանգարել Էրդողանի քրդական ձայներ ստանալուն: Նրա ներկայությունն ավելի շատ խորհրդանշական եմ դիտում, պարզապես Թուրքիայի նախագահական ընտրություններում ունենալ քուրդ թեկնածու:

– Անդրադառնանք Թուրքիայում կայանալիք ընտրություններին հայկական շահի տեսանկյունից. մեզ համար կարևորն ի՞նչ է, ու ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենանք այդ ընտրություններից
– Կարծում եմ, որ ընտրություններից հետո Թուրքիայում կարող են լուրջ գործընթացներ սկսվել ինչպես սահմանադրական փոփոխության առումով, այնպես էլ քրդական հարցում, ինչպես և Մերձավոր Արևելքում նոր իրականության հետ հաշվի նստելով («Իրաքի և Լևանտի (Ասորիքի) պետություն» խմբավորման հետևանքները): Պետք է ժամանակին արձագանքելու պատրաստ լինենք: Բացի այդ, պետք է հասկանանք, որ ԱԶԿ-ն, եթե լուրջ ցնցումներ չլինեն, շարունակելու է լինել Թուրքիայի ղեկին, և հարաբերությունները պետք է կառուցենք` հիմք ընդունելով այդ քաղաքական ուժի հետ հարաբերվելու մեր նախկին փորձը:
Վերցնենք Թուրքիայի գործող քաղաքական ուժերի գաղափարական կողմը: Էրդողանին ընդդիմություն են կազմում ազգայնականներն ու քեմալականները, որոնց հիմքում հակահայ էությունն է: Եվ ընդհանրապես, տասնամյակներ շարունակ թուրքական պետությունն ինքնին Հայաստանի և հայերի դեմ է կառուցվել, և իշխանության ղեկին եղած այս կամ այն քաղաքական ուժը չէ, որ որոշում է Հայաստանի և հայերի հետ հարաբերությունների ձևն ու մակարդակը: Նախ և առաջ կա պետական մոտեցում, պետական ավանդույթներ, որոնք փոխելու համար կառավարությունների հսկա ջանքեր ու ահռելի կամք է պետք: Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը կապված է ոչ այնքան այս կամ այն կուսակցության և քաղաքական ուժի հետ, որն այդ պահին իշխանության ղեկին է, որքան թուրքական պետության:

– Դեպքերի ո՞ր ընթացքը կլինի առավել ձեռնտու հայկական շահերի տեսանկյունից:
– Փորձը ցույց է տվել, որ հաճախ հայկական շահերից է բխում Թուրքիայում խառնակ իրավիճակը, երբ այդ երկիրը չի կարողանում իր ողջ ռեսուրսներն ուղղել Հայաստանի դեմ: Առայժմ նման զարգացման նախապայմաններ չկան: Էրդողանի ղեկավարմանը քիչ թե շատ ծանոթ ենք: Իսկ թե ինչ կլինի գաղափարապես հակահայ կեցվածք ունեցող երկու ուժերի միասնական թեկնածուի հնարավոր կառավարման տարիներին, դժվար է ասել, քանի որ նախ նրան գործի մեջ պետք է տեսնել…

Հարցազրույցը` Գևորգ Ավչյանի

Իրողական եւ վիրտուալ պետությունների ստեղծման առնչությունները

շահանՏարածաշրջանի իրադարձային թեժ կետը թվում է, թե Սիրիայից արագ անցում կատարել է դեպի Իրաք: Իսլամականության անվան տակ բազմազգ մահիկակիրների արշավանքը հետզհետե ձեւ է ստանում, հայտարարելու համար իսլամական խալիֆայության կազմությունը, նրա աշխարհագրական սահմանների գծումը եւ նույնիսկ խալիֆաների եւ իշխանների նշանակման հրամանագրերը: Մեծ խալիֆայից մինչեւ մահիկակիր զինվորները ամեն առիթով խոսում են կրոնական գաղափարախոսության եւ դրա ներշնչման տակ արձանագրվող եւ տեղի ունենալիք գործընթացների մասին:

Սակայն, իրադրությունները այնպես են ընթանում, որ ներկա թեժ կետում արձանագրվող զարգացումները, եթե մի կողմից խոսում են դեռեվս վիրտուալ իսլամական խալիֆայական պետության մասին, մյուս կողմից արագացնում են այս անգամ իրողական Քուրդիստանի իրավականացման քայլերը: Արդեն խոսվում է իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի ճշտված թվականի մասին: Խոսքը վերաբերում է Իրաքի տարածքային ամբողջականության վերաձեւավորման  գործընթացի մեկնարկին:

Իսլամական պետության ջատագովները զգուշավոր մոտեցում ունեն անկախացող Քուրդիստանի նկատմամբ: Թվում է, որ փոխադարձ է այս վերաբերմունքը, հայտնապես եթե նկատի ունենանք սուննի-շիի դեպի հայտարարված պատերազմի վերածվող դեպքերը: Այս փաստը միայն ավելի  է համոզում, որ կրոնականության անվան տակ կատարվող նոր քարտեզագծումը խորքում այլ էություն ունի: Այլադավանությունը չէ այստեղ բաժանարար գիծը, այլ դա պարզապես օգտագործելի եւ հրահրիչ հանգամանք ունի:

Այս փոխադարձ զգուշավորությունը երեւաց նաեւ Սիրիայում. այլադավանություն չհանդուրժող ծայրահեղականները զսպված էին սիրիական ինքնավար քրդական շրջանների նկատմամբ: Առայսօր արձանագրված դեպքերը միայն մանրապատկերներ կարելի է նկատել համեմատաբար այն տարողության, որը կիրառվեց Սիրիայում այս տարրերի եւ կառավարական ուժերի միջեւ:

Հալեպից մինչեւ արեւելյան Իրաքի Տիյալա նահանգ հռչակված իսլամական խալիֆայության ճարտարապետները նոր կացություն են հրամցնում ամբողջ տարածաշրջանին: Դեռեվս վիրտուալ այս պետության ձեւավորման համար մղվող պայքարը կատաղի է սակայն: Տրամադրված միջոցները հուշում են աշխարհաքաղաքական կենտրոնների ներշնչումները, հովանավորչությունը, ֆինանսավորումն ու զինումը:

Այստեղ իրադրությունների մեկնաբանության համար պետք է գերլարել ազգային ոսպնյակը: Նախ անշուշտ այն, որ հայտարարվող պետության սահմաններին կամ առնվազն սահմանամերձ շրջաններին հայ ավանդական համայնքների գոյությունը պարտավորեցնում է հեռանկարի ճիշտ ուրվագծման հնարավոր ձեւավորումները տեսնել. երկրորդ այն, որ մեր գլխավոր հակառակորդը որքանով է շահագրգռված աշխարհաքաղաքական այս փոփոխություններով, արձանագրվող զարգացումներով եւ իր գործոնի ազդեցության խնդրով:

Դեռեվս շատ թանաք կհոսի այս ուղղությամբ: Համացանցային մեծածավալ տարածքներ կգրավվեն լուսաբանելու եւ մեկնաբանելու այս խնդիրները:

Նկատենք առայժմ, որ իրավականացման ճանապարհը բռնած իրաքյան Քուրդիստանը , համաքրդական հայեցակետով վաղվա մեծ Քուրդիստանի մի մասն է միայն: Ու թեեւ այսօրվա անկախացողը այս պահի դրությամբ բնականոն հարաբերություններ ունի Անկարայի հետ, այսուհանդերձ վաղվանի առաջին քայլն է, իսկ վաղվանը Թուրքիայի մասնատումն է: Մինչ, չմոռանանք, որ իրաքյան պաշտոնական Քուրդիստանի հետ հատկապես առեւտրական ոլորտի համագործակցության նախադրյալներ ստեղծվել էին նաեւ Երեւանի նախաձեռնությամբ:

Բաժանարար ծրագրեր, հանրաքվեների կազմակերպումներ, իրողական անկախությունների ճանաչման մեկնարկներ, տարածաշրջանի իսլամացման սպառնալիքներ, Միջին Արեւելքի ապաքրիստոնեացման տանող գործնթացներ, այս բոլորը հուշում են տարածաշրջանում նոր իրավիճակների ստեղծման մասին: Այս հեռանկարները անուղղակի վերաբերում են նաեւ տեղի հայ համայնքներին:

Հեռանկարային հարցերի քննարկումը Երեւանի եւ միջինարեւելյան հայ համայնքների համար հրամայական է: Մեզանից անկախ ծավալվող իրադարձությունների ընդհանուր ուղղվածությունները նկատելը առնվազն կօգնի հետագայում առնվելիք քայլերի ճշտման աշխատանքներին:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Կարատե` սիրված, բայց և անտեսված սպորտաձև

jkajka1Մեր երկրում կարատեի շուրջ 150 գրանցված ֆեդերացիաներ կան, սակայն դրանցից փաստացի գործում Է 15-ը: Այս սպորտաձևով զբաղվողների թիվը Հայաստանում հատում է 15 հազարի սահմանը: Հարյուրավոր սաներ այսօր կարատեին տիրապետում են նաև ճապոնական Կենդո կարատեի ֆեդերացիայում: Կարատեի այս ֆեդերացիան իր մասնաճյուղերն ունի աշխարհի շուրջ 98 երկրներում: Այս սպորտաձևը հենց ճապոնական ծագում ունի, որն աշխարհում իր տարածումն է գտել դեռևս 1760-ական թվականներից: 2006-ից Կենդո կարատեի ֆեդերացիան իր մասնաճյուղն է հիմնել նաև մեր երկրում, որտեղ ամենակրտսեր սանը 5, իսկ ամենաավագը 43 տարեկան է: Ֆեդերացիայի հիմնադիր Շահեն Պետրոսյանի հետ մեր զրույցը ծավալվեց արևելյան այս մարտարվեստի զարգացման շուրջ` ավարտվելով կարատեի ներկայի ու ապագայի դիտարկումներով:

– Կա՞ ոճային տարանջատում կարատե սպորտաձևի մեջ:
– Այսօր համաշխարհային ճանաչում ունեցող կարատեի երկու ֆեդերացիա կա և երկու ոճ` ավանդական և սպորտային, որոնց հիման վրա անցկացվում են աշխարհի առաջնությունները: Ցանկացած պետություն, որում հիմնվել են այդ ֆեդերացիաների ճյուղերը, իրավունք ունեն առաջնությանը մասնակցելու: Մեր ֆեդերացիան համագործակցում է ճապոնական կարատեի ասոցիացիայի հետ և մասնակցում է նրանց միջոցառումներին:
– Ըստ շոտոկան կարատեի հիմնադիր Գիչին Ֆունակոշինի` կարատեն մաքրում է մարդուն եսասիրությունից և չար մտքերից, բացի այդ, կարատե պարապողը չպետք է երբեք հեշտությամբ կռվի մեջ ներքաշվի: Համաձայն ե՞ք նրա տեսակետին:
– Այո, կա նման հասկացողություն: Եթե մարզիկը գիտակցում է, որ կարող է որևէ մեկին վնաս հասցնել, չպետք է առաջինը մարտի մեջ ներքաշվի: Նա կարող է դրան գնալ միայն ամենածայրահեղ դեպքում:
– Կարո՞ղ ենք ասել, որ այս մարտարվեստում հաջողություններ ունենալու գրավականներից մեկը դրանով վաղ տարիքում զբաղվելն է:
– Իհարկե, վաղ տարիքում սպորտով պարապելն արդեն իսկ կարևոր նախադրյալ է ի ցույց դնելու սեփական ունակությունները: Սպորտը տքնաջան աշխատանք է պահանջում, պետք է սիրել ու նվիրվել արդյունք ստանալու համար:
– Ո՞ր տարիքից է խրախուսվում այս մարտարվեստով զբաղվելը:
– Ամենաբարենպաստ տարիքը 5 տարեկանն է, քանի որ երեխայի առջև չեն դրվում բարդ խնդիրներ: Նախախատրաստական փուլերից 2-3 տարի հետո միայն սկսվում է պրոֆեսիոնալ մարզման փուլը:
– Ներկայումս ֆեդերացիայի կազմում ընդգրկված հարյուրավոր սաներից քանի՞սը, ըստ Ձեզ, կարող են մարզիկներ դառնալ:
– Բոլորն էլ ջանում են հաջողակ լինել, սակայն մենք նրանց չենք քարոզում այն գաղափարը, որ պետք է անպայման մարզիկ կամ մրցանակակիր դառնան, այլ փորձում ենք նրանց մեջ սերմանել ֆիզիկական զարգացածության կարևորությունը, որը օգտակար է և՛ առողջ կենսակերպի և՛ զուտ ինքնապաշտպանված զգալու տեսանկյունից:
– Մի փոքր խոսենք նաև խնդիրներից: Արևելյան այս մարտարվեստն այսօր սիրահարների մեծ բանակ ունի Հայաստանում, սակայն մարզիկների հաջողություններն այնքան էլ ակնառու չեն: Ինչու՞
– Արևելյան մարտարվեստի կովկասյան ոճը տարբերվում է այլ երկրներում ուսուցանվող կարատեի տեսակներից: Խնդիրն այն է, որ մեր երկրում կարատեի զարգացումը խոչընդոտող լուրջ գործոններ կան: Օրինակ` եվրոպական երկրներում ինչու՞ են հաջողություններ արձանագրվում, որովհետև սպորտի այդ տեսակը հովանավորվում է պետության կողմից, իսկ հայ սպորտսմենները, ցավոք սրտի, պետական աջակցությունից զուրկ են: Օտարերկրյա լավագույն սպորտսմենները նույնիսկ պետության կողմից ամենամսյա խրախուսական վարձավճար են ստանում և այն խնդիրները չունեն, ինչ հայ մարզիկները: Իսկ ընդհանուր առմամբ, լավ արդյունքներ ունենք, պարզապես գործող տարբեր ֆեդերացիաներից շատերը պրոֆեսիոնալ չեն սպորտաձևը ներկայացնում: Շատ նեղ ու փոքր շրջանակներում մրցաշարեր են կազմակերպվում, որոնք որակավորվում են իբրև բաց առաջնություններ:
– Իսկ ինչո՞ւ պետությունը չի ֆինանսավորում:
– Մեկնաբանվում է , որ կարատեն դուրս է օլիմպիական ձևերից: Սակայն կարող եմ վստահաբար ասել, որ այսօր այս մարտարվեստով հետաքրքրվողների և այն տիրապետողների թիվը գերազանցում է մյուս բոլոր սպորտաձևերով զբաղվողների թիվը: Խոսքը հենց բուն օլիմպիական ձևերում ընդգրկված մարզիկների թվաքանակի մասին է:
– Իսկ աջակցողներ գոնե լինու՞մ են մրցաշարեր կամ այլ միջոցառումներ կազմակերպելիս:
– Իհարկե, երբեմն լինում են: Բայց հիմնականում վարձավճարների շնորհիվ ենք կարողանում ֆեդերացիայի գործունեությունը պահպանել: Իսկ ֆինանսավորման պարագայում կկարողանայինք վերանորոգել մարզադահլիճները: Այսօր քաղաքապետարանը խնդիր է դրել դպրոցներում պարապունքներն իրականացնել վճարովի հիմունքներով միայն, ինչից էլ և բյուջեն է գոյանում:
– Ուրիշ ի՞նչ խնդիրներ կան Հայաստանում:
– Անընդհատ բացվում ու իրենց ֆեդերացիաներ են հռչակում տարբեր կազմակերպություններ: Դա իհարկե ցավալի խնդիր է: Հիմնադրումից առ այսօր կազմակերպել ենք բազմաթիվ միջոցառումներ ու փառատոներ` նպատակ ունենալով զարգացնել մարտարվեստի այս ճյուղը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող մյուս ֆեդերացիաներից շատերը, չունենալով առավելություններ, չեն կարողանում մասնակցել միջազգային մրցաշարերին ու աշխարհի առաջնություններին: Փորձում ենք գոնե լրացնել այդ բացը և ժամանակ առ ժամանակ առաջնությունների մասնակցել:
Հիմնական խնդիրն այն է, որ դաշտը բաց է, և ցանկացած կազմակերպություն իրեն իրավունք է վերապահում սան կրթելու: Սպորտի նախարարությունում արևելյան մարտարվեստի բաժին կա, սակայն վերահսկման որևէ գործառույթ իրականացնելուց բավականաչափ հեռու է: Այս երևույթը լի է վտանգավոր հետևանքներով, ընդհուպ` երեխաների առողջությունը վտանգելը: Օրինակ` 5 տարեկան երեխայի հետ մարտարվեստով զբաղվելը ռիսկեր ունի, որոնք կարող են ի հայտ գալ ոչ ճիշտ մարզման հետևանքով: Մեզ մոտ բոլոր երեխաներն անցնում են բժշկական հետազոտություն: Այն երեխաները, որոնց մոտ նկատվում են որոշ առողջական շեղումներ, նրանց նկատմամբ դրվում են այլ խնդիրներ:
– Բացի ֆիզիկական զարգացածությունից, է՞լ ինչ է ուսանում կարատեն:
– Կարատեն զուտ սպորտաձև լինելուց ավելի շատ դաստիարակչական նշանակություն ունի, և շատ կարևոր է երեխայի մեջ ճիշտ կենսակերպը արմատավորելը հենց մտավոր զարգացման վաղ ժամանակաշրջանից: Կարատեն սկսվում է հենց կարգապահության հորդորով` հարգանք սերմանելով թե՛ ուսուցչի, թե՛ ծնողների հանդեպ:
– Մարզիչներն ունե՞ն միջազգային որակավորում: Ինչպե՞ս են ընտրվում:
– Իհարկե, բոլոր 15 մարզիչներն էլ ունեն միջազգային որակավորում: Ավելին ասեմ, սաներին կրթելու պատասխանատու առաքելությունը կրողները մեր ճապոնացի գործընկերների կողմից հավանության արժանացած մարզիկներն են, որոնք պարտադիր լիցենզավորվում են մարզչական գործունեություն ծավալելու համար:
– Մարզիկ դառնալու լավագույն 3 նախապայմանները:
– Ամենակարևոր գործոնը ցանկությունն է, ծնողի դերը և լավագույն մարզչի ընտրությունը:
– Ե՞րբ է լինելու հաջորդ բաց առաջնությունը, և ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ մրցաշարից:
– Այս տարվա օգոստոսին լինելու է աշխարհի բաց առաջնությունը, որին մասնակցելու է 60 երկիր, այդ թվում նաև Հայաստանը: Մրցակցությունը բավական մեծ է: Կարծում եմ` այս տարի ևս կունենանք լավ արդյունքներ, ինչպես նախկինում: Մեր ֆեդերացիայի առջև 2007-ից պարտականություն է դրված` անցկացվող փառատոների միջոցով խրախուսել կարատեի բոլոր ֆեդերացիաների միավորումը: Մենք առաջարկել են ստեղծել ֆեդերացիայի նախագահների խորհուրդ, քանի որ Հայաստանը ներկայացվում է մեկ ընդհանուր դրոշի ներքո, չպետք է ֆեդերացիաների տարբերակում մտցնել: Մեզ հետ արդեն պայմանագիր է կնքել 7 ֆեդերացիա: Ուստի, հորդորում ենք բոլոր ֆեդերացիաներին համագործակցել մեզ հետ` միասին անցկացնելու Հայաստանի առաջնությունը: Մենք չենք առաջարկում նրանց դառնալ մեր ֆեդերացիայի անդամ, ոչ, պարզապես համագործակցել: Եթե մեր կազմում ունենք 500 աշակերտ, իսկ այդ սպորատձևում ընդգրկվածների թիվը հասնում է 15 հազարի, կարծում ենք` լավագույններին ընտրել միայն մեր սաների շրջանակներում սխալ մոտեցում կլինի:
Հարցազրույցը` Լ.Ն.

 

«Ընդհանուր ապագա» եւ միակողմանի հատուցում

շահանԹուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունը որեւէ նոր տվյալ չի ապահովում Անկարայի կողմից որոշ ժամանակից  ի վեր կիրառվող թավշյա ժխտողականության քաղաքականության մեջ: Ուղերձը նույն հստակությամբ է  բանաձեւվել: Թուրքիայի վարչապետը «խաղաղասիրական մեծ քայլ է կատարել»: Կատարվածը ցավակցությունից այն կողմ «հավերժ խաղաղության» առաջադրանքով ընդհանուր ապագայի ապահովման միտող ծրագիր է: Բնականաբար պիտի հետեւեր հայկական կողմից առնվելիք համապատասխան քայլի սպասումը:

Մինչեւ այստեղ նույն հանգերգն է: Այս բանաձեւի իրականացման համար ներկայացվող հիմնավորումները որոշակի դիտարժանություն են ապահովում:

Թուրքիայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ նոր եւ ավելի հիմնավորված խաղաղության ժամանակաշրջան կսկսվի, եթե մտավորականները եւ քաղաքագետները կողմերի միջեւ հոգեբանական պատվարները հաղթահարելու եւ արդար հիշողություն կառուցելու համար իրենց ներդրումը ունենան:

Նախքան հաջորդ կետերին անցնելը, մի պահ կենտրոնանանք առաջին այս հիմնավորման վրա: Առաջարկվածը, գուցե մասնագետների աշխատանք է. եւ եթե խոսվում է հոգեբանական պատվարները հաղթահարելու մասին,  մտավորականներից եւ քաղաքագետներից առաջ գուցե հոգեբանների կարիքը զգացվեր, ուսումնասիրելու համար երկու կողմերի միջեւ գոյացած հոգեբանական պատվարների պատճառները: Բայց այստեղ, խորքում թուրքական միեւնույն հանգերգային առաջարկի մի այլ տարբերակն է, որը  սահել է Դավութողլուի հայտարարությունում: Մտավորականներ ասելով, Անկարայի վարիչը խորքում հասկանում է  պատմագետներ եւ գիտակցաբար բառի չօգտագործումով առաջադրում է  պատմաբանների միացյալ հանձնաժողովի միեւնույն ծուղակը: Նույն Դավութողլուն պատասխանո՞ւմ է արդյոք Ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովի նիստի բացմանը նախագահ Սարգսյանի այն հայտարարությանը, որ արխիվների ուսումնասիրության կարիքը չկա համոզվելու համար, որ դեպքերը Ցեղասպանություն էին:

Առաջին հիմնավորումում թուրք նախարարը խոսում է արդար հիշողություն  կառուցելու անհրաժեշտության մասին: Պարզ է ակնարկը: Հայերը ապրում են անարդար հիշողությամբ: Եթե արդարացման ենթարկենք հիշողությունը, ապա այնտեղ պիտի հայտնվի ընդհանուր ցավը, որը նաեւ թուրքերինն է: Այստեղ ահա սկսում է աշխատել Անկարայի մյուս թեզը, որը կառուցվել է զոհերի համահավասարեցման սկզբունքի վրա: Արդար հիշողությունը դժվար թե այլ բացատրություն ունենա:

Հիմնավորումները զարգանում են. եթե արդար հիշողությունը չկայանա, այլ ուժեր պիտի շահարկեն հայ-թուրքական հակամարտությունը եւ երկու կողմերը պիտի ենթարկվեն շահագործման: Ներկա գոյավիճակի պահպանման, առ այդ թե՛ հայերի եւ թե՛ թուրքերի շահագործման ենթակա մնալու պատասխանատվությունը հայկական կողմինն է, ուրեմն, ըստ թուրք դիվանագետի տրամաբանության: Ավելին, հայկական կողմը այսպիսով պատասխանատվության տակ է դրվում է ոչ միայն ընդհանուր անցյալի ճիշտ գնահատականը չտալու, այլ նաեւ գրավի տակ դնելու երկու ժողովուրդների ընդհանուր ապագան:

 

Կարմիր թելի նման բոլոր հիմնավորումներում գծվում է ընդհանուր բառը. ընդհանուր անցյալ, ընդհանուր պատմություն, ընդհանուր ցավ, ընդհանուր հիշողություն, եւ հիմա ընդհանուր ապագա:  Ընդհանրացման այս քաղաքականությունը, որ խորքում թավշյյա ժխտողականություն է, հատկանշում է 100-ամյակի թուրքական ռազմավարությունը: Թվում է, թե հայկական կողմը ընդհանուր ապագա կառուցելու բազմաթիվ առաջարկներ պիտի ստանա Անկարայից:

Հայկական պատասխանը բոլոր խնդիրները ընդհանրացնելու  թուրքական այս խաղին լսվեց կոնգրեսի ժողովասրահներում, երբ հատուցման բանաձեւը  4347 համարակալմամբ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անունով  Անկարայից պահանջեց իրավատիրոջը վերադարձնել քրիսոտնեապատկան գույքերը:

Հատուցման իրավաքաղաքական գործընթացը, 100-ամյակի արդեն հիմնական փուլում, մեկնարկել է: Եւ այստեղ հոգեբաններից եւ մտավորականներից առաջ իրավագետները աշխատանք ունեն կատարելիք. եւ արդեն կատարում են։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Անկախ

Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը` Yerkir.am-ին. «Որոտան»-ի վաճառք, «կարմիր գծեր», 100 տոկոս համամասնական ընտրակարգ…

ռոբերտ քոչարյանՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է Yerkir.am-ի՝ օրերս ուղարկած գրավոր հարցերին:   -Պարո’ն Քոչարյան, մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Կարծում ենք՝ ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսին Դուք այս կամ այն կերպ արդեն անդրադարձել եք: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին: Թերեւս սկսենք «Որոտան» ՀԷԿՀ-ի սեփականաշնորհումից: Այս «գործարքի» վերաբերյալ բաց հարցերն այնքան շատ են, (նաեւ Yerkir.am-ի բացահայտումները), որ դժվար է սկսել կոնկրետ ինչ-որ հարցից, ուստի կխնդրեմ Ձեր ընդհանուր գնահատականն այս ամենին:   -Այդ գործարքի մեջ միակ դրական հանգամանքը ՀՀ էներգետիկայում ամերիկյան ընկերության նեգրավումն է: Մնացածը որևէ կերպ չի տեղավորվում սթափ մտածողության սահմաններում: Հայաստանի էլեկտրագեներացիայի ամենագրավիչ միավորը վաճառվում է ծայրահեղ կասկածելի ձևով՝ անտեսելով օրենսդրության պահանջները /շրջանցելով խորհրդարանը/: Փաստորեն, «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի բոլոր էներգետիկ օբյեկտները վաճառվել են գույքի օտարման եղանակով: Այնպես, ասես վաճառվում է ընկերության հնացած գրասենյակային կահույքը: Ընդ որում` առք ու վաճառքի համաձայնագիրը անթույլատրելիորեն ասիմետրիկ է, անտեսում է ՀՀ շահերը և չափազանց խոցելի է դարձնում մեր հանրապետությունը բոլոր հնարավոր դատական վեճերում: Ակնհայտ է նաև, որ Որոտանի վաճառքն այս պայմաններով կհանգեցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, իսկ դա նշանակում է, որ չինովնիկների սխալների /կամ անկշտության/ դիմաց վարձահատույց է լինելու ամբողջ Հայաստանը: Տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմը համաձայնագրի մշակմանը առհասարակ չի մասնակցել, կամ էլ ընթացել է համաձայնեցված խաղ մեկ /հայկական/ դարպասի ուղղությամբ: Քանի դեռ ուշ չէ, հարկ է լրջորեն վերանայել համաձայնագիրը կամ ընդհանրապես հրաժարվել վաճառքից:   Գործարքի անօրինականությունն այնչափ ակնհայտ է, որ դրան առնչություն ունեցած անձինք դժվար թե խուսափեն պատասխանատվությունից, դա զուտ ժամանակի հարց է: Գնորդի համար էլ սա չափազանց կասկածելի /գնման ձևի իմաստով/ ձեռքբերում է:   -Վերջին շրջանում հասարակության շրջանում դժգոհության մեծ ալիք բարձրացավ նաեւ տեսանկարահանող և լուսանկարող սարքերի ու կարմիր գծերի համակարգերի, տուգանքների մեծ չափերի կապակցությամբ: Քառյակի պահանջներից մեկն է՝ վերանայել գործող համակարգերը: Ինչպիսի՞ն է այդ համակարգերի վերաբերյալ Ձեր կարծիքը:   – Այս գործունեության «հայկական տարբերակի» նմանը գոյություն չունի ոչ մի քաղաքակիրթ երկրում: Այս թեմայի շուրջ եղան բավականին փաստարկված բազմաթիվ հայտարարություններ ու հրապարակումներ, այդ պատճառով, չմտնելով մանրամասների մեջ, կանգ կառնեմ երեք անընդունելի կետի վրա:   1. Տուգանքների չափը անհամադրելի է նվազագույն աշխատավարձի չափին: Օրինակ` բարեկեցիկ Գերմանիայում սահմանված` արագության զգալի գերեզանցման համար տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի ընդամենը 2,5-3 տոկոսը: Հաշվեք, թե նվազագույն աշխատավարձի որքան տոկոսից է զրկվում մեր վարորդը նույն խախտման համար: Առհասարակ, գրեթե ամբողջ Եվրոպայում գործում է հետևյալ սկզբունքը` տուգանել ՃԵԿ խախտողին զանցանքի համար, այլ ոչ թե զրկել նրան գոյատևման միջոցներից, ինչպես դա արվում է Հայաստանում:   2. ՃԵԿ խախտումների համար վճարվող միջոցների գերակշիռ մասը պետք է մտնի պետական կամ համայնքային բյուջե, այլ ոչ թե մասնավոր անձի գրպանը: Ավելին` ստացված միջոցները, ինչպես արվում է ողջ քաղաքակիրթ աշխարհում, պետք է ծառայեն բացառապես հանրությանը, մասնավորապես` ապահովեն ճանապարհների անվտանգության մակարդակի բարձրացումը:   3. Փողոցային կայանումը պետք է բացառապես Երևանի քաղաքապետարանի գործը լինի, և բոլոր միջոցները պետք է մուտք գործեն քաղաքային բյուջե ու ծախսվեն մայրաքաղաքի ավագանու խորհրդի հաստատած հոդվածներով: Ի դեպ, շատ եվրոպական քաղաքներում այդ միջոցները ծախսվում են հենց քաղաքացիների հարմարավետության մակարդակի բարձրացման վրա` բարեկարգվում են փողոցները, պուրակները, կառուցվում են նոր քաղաքային կայանատեղիներ և այլն: Օպերատորը հավաքված գումարից կարող է ընդամենը մի փոքր տոկոս ստանալ՝ կառավարման համար:   Փաստորեն, մեր երկրում մասնավոր ընկերությունները մենաշնորհային գործունեություն են իրականացնում քաղաքապատկան տարածքներում և, գտնվելով հակամենաշնորհային օրենսդրության ու ծառայությունների դաշտից դուրս, չվերահսկվող գերշահույթներ ստանում: Ավելին` բնակչությունից գումարների կորզման գործառույթն իրականացնում են ՀՀ պետական կառույցները: Այսինքն` մասնավոր ընկերությունների գերշահույթը քրտնաջան աշխատանքով ապահովում են իշխանության մարմինները /ըստ մամուլի չհերքված հրապարակումների` այդ ընկերությունները փոխկապակցված են պաշտոնյաների հետ/: Սա անհեթհեթություն ու ցինիզմ է, որը չի տեղավորվում բարոյականության որևէ սահմանում, հակասում է առողջ բանականությանը և քաղաքակիրթ աշխարհի փորձին: Այստեղ կոսմետիկ միջոցները հարց չեն լուծի: Պետք է վերանայել պետական, համայնքային և մասնավոր գործընկերության բուն բանաձևը՝ տուգանքների չափից մինչև դրանց բաշխման կարգը: Քաղաքացիների տուգանքները չպետք է դառնան մասնավոր անձանց հարստացման միջոց, իսկ այդպիսի մենաշնորհային գործունեությունից ստացված շահույթը ծայրահեղ դեպքում չպետք է գերազանցի դեպոզիտային դրույքաչափի մակարդակը: Մի՞թե իշխանությունները չեն կարող փոխառել այսպիսի գործունեության կազմակերպման փորձը որևէ գերմանական քաղաքից:   -Քառյակի պահանջներից մեկն էլ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցումն է: -Եթե նպատակը աջակցությունն է քաղաքական կուսակցությունների կայացմանը, ապա 100 տոկոսանոց համամասնական համակարգը, անկասկած, նպաստավոր է: Այդ որոշումը վաղուց է հասունացել, և ես սատարում եմ դրան: Բայց խնդիրն այստեղ շատ ավելի խորն է: Ջանքեր են պետք ներկուսակցական ժողովրդավարության զարգացման և կուսակցությունների ինքնաառողջացման ավանդույթների ձևավորման համար` լճացած և հեղինակազրկված կուսակցական գործիչների փոփոխության ճանապարհով: Առանց դրա պատգամավորական կորպուսի որակը առանձնապես չի բարձրանա, չէ՞ որ խորհրդարանը, միևնույն է, կլինի դրանում ընդգրկված քաղաքական կուսակցությունների արտացոլանքը:   -Քառյակը պահանջում է նաեւ ընդդիմությանն օժտել վերահսկողական լծակներով: -Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով կոռուպցիայի ծավալներն ու կառավարչական անարդյունավետությունը /ծանոթացեք Վերահսկիչ պալատի վերջին տարիների ստուգումների նյութերին/, դա, հավանաբար, կարող է իրական զսպիչ գործոն դառնալ չհիմնավորված, իսկ երբեմն՝ աբսուրդային բյուջետային ծախսերի և պաշտոնատար անձանց անսահման ախորժակի դեմ: Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Ուկրաինայի ներկա վիճակը թավալ-գլոր անելով տարածվելու է ամեն տեղ

Ռաիսա Ղարագյոզյան«Այսօր Ուկրաինայում մեծ սուգ է: 49 զոհ, 49 ջահել տղամարդ, 49 հիանալիորեն պատրաստված մարտիկ, որ այնպես չի հերիքում ուկրաինական փաստորեն նորաստեղծ բանակին: Այնքա՜ն երեխաներ մնացին անհայր, ջահել կանայք այրիացան, մայրեր խելագարվեցին որդիների հանկարծական կորստից…» – “Անկախի” հետ զրույցում ասել է ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյի կինը` ծնունդով գորիսեցի Ուկրաինայում բնակվող գրող և հրապարակախոս Ռաիսա Ղարագյոզյանը:

 

Նրա խոսքով, թվում է պատերազմը երբեք չի վերջանալու, որովհետև իբր պատերազմ էլ չկա, պատերազմի պաշտոնական հայտարարություն չկա, ուրեմն ոչ ոք ոչնչի համար պատասխանատու չէ: Ինքնաթիռն ուկրաինական է, Լուգանսկը ուկրաինական տարածք է, կռվողները Դոնբասի ապստամբներն են, իսկ ուկրաինական կառավարությունը ապստամբների դեմ հակաահաբեկչական զինված գործողություններ է կիրառում: Վ. Պուտինը Պիղատոս է՝ ոչ մի ինքնաթիռ չի խփում, ոչ մի տանկ չի մտցնում Ուկրաինա, ոչ ոքի չի զինում, չի ֆինանսավորում, ոչ մի հանցավոր հրաման չի տալիս, այլ միայն փափուկ, շատ գեղեցիկ տեմբրով ու դեմքին հմայիչ-ամոթխած ժպիտ խաղացնելով` հարցազրույց է տալիս եվրոպական և ոչ եվրոպական ԶԼՄ-ի թղթակիցներին, հիմարացնում ամենքին և շարունակում իր բնությանը շատ հարազատ ճիզվիտական հիբրիդային պատերազմը: Առայժմ Ուկրաինայի դեմ, Դոնբասում: Ռուսաստանն ու իր ճիզվիտ ղեկավարն իրերի դրությունն այսպես են ներկայացնում աշխարհին:

 

«Հարց է ծագում, բա Դոնբասի այդ «խեղճուկրակ ապստամբները» ո՞րտեղից են այդքան զենք ու զինամթերք, տանկեր, զենիթային հրանոթներ ձեռք բերում, այդ այսպես կոչված ապստամբները ե՞րբ հասցրին ինքնաթիռներ խփելու մեջ նման փայլուն հմտություն ձեռք բերել: Իբր՝ « դե, մենք՝ ռուսներս, բանից անտեղյակ չենք, դուք եք՝ ձեր խնդիրները, ոնց ուզում եք՝ գլուխ հանեք»: Այդ երիցս անիծված երկիրն իր ճիվաղային համակարգով անհեթեթության է վերածել ամբողջ աշխարհը, սևը սպիտակի տեղ է մատուցում, ստին ճիշտ ասում, իսկ ճշմարտութունը կեղծություն ներկայացնում, այնինչ անբարոյականությունը խրախուսում, ավազակին հերոսի կոչում տալիս, հերոսին խայտառակության սյունին գամում, չարը բարի է ներկայացնում, բարին՝ չար», – հավելել է տիկին Ղարագյոզյանը: Այնուհետև շարունակել է, թե աշխարհն ինչ անի՝ շիվարած թե շիվարած ձևանալով սպասում է, սպառնում, սպասում ու սպառնում, որ… Ճիվաղի ականջը կձգի: Չգիտակցելով, որ Ուկրաինային վիճակվել է քավել այս անկատար աշխարհի մեղքը, որովհետև Ուկրաինայում իսկական համաշխարհային հիբրիդային պատերազմի սկիզբն է դրվել, որը անշտապ-անշտապ թավալ-գլոր անելով տարածվելու է ամեն տեղ՝ Եվրոպայում, Կովկասում, ամենուր, որքան թույլ տանք ամենքս՝ Պուտինի ձեռքը սեղմող և Ռուսաստանի պետական տոնը կեղծավորաբար շնորհավորող նախագահ Պորոշենկոն, ռուսի հետ առևտուր անել սիրող գերմանացիներն ու շրթներին խաղաղարարի շինծու ժպիտ սարքած ֆրանսիացի Օլանդը, տակից Ռուսաստանին ծածուկ ռազմական նավեր վաճառելով ու փաստորեն զինելով նրան, Մաքսային միությանը միանալու պատրաստակամ Սերժ Սարգսյանը, Միկոյանի արձան դնող ու Սասուցի Դավթի արձան քանդող երևանյան ավագանին ու դրան խրախուսող ու իրենք իրենց տակը փորող հայ ռուսամետ զոմբիները:
«Ժամանակն է վերջապես արթնանալ լեթարգիական քնից, առավոտյան անհոգ, ծուլորեն ծխախոտ փստացնելով սուրճ խմելուց և գիտակցել, որ համաշխարհային հիբրիդային պատերազմը, որը կարող է շատ անսպասելիորեն լայնամասշտաբայինի վերածվել, արդեն ծմլկտում է մեր շեմին: Ու մտածել, թե ինչ անել, ոնց չարի առաջն առնել, ոնց կանգնեցնել, չեզոքացնել Պուտինին, որ հետո ուշ չլինի», – եզրափակել է հրապարակախոսը:

Անկախ

Մաքսային միությունում մենք ցանկալի չենք. Վազգեն Մանուկյան,տեսանյութ

վազգեն մանուկյան«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարի հյուրն է Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

– Պարոն Մանուկյան, այսօր կրկին մեր քաղաքական օրակարգում է երկրի մայր օրենքը. սահմանադրական նոր հայեցակարգ է դրվել շրջանառության մեջ, և քաղաքական ուժերը կրկին տարակուսած են, թերահավատ, գտնում են, որ ստեղծված իրավիճակում պատեհ չէ քննարկել սահմանադրական այս նոր փոփոխությունների փաթեթի հարցը:

– Չեմ կարծում, որ որևիցե պահ պատեհ չէ որևիցե օրենք կամ սահմանադրություն քննարկելու համար: Հարց է առաջանում` սահմանադրական փոփոխություններին անդրադառնալու անհրաժեշտություն կա՞ր, թե՞ ոչ: Ընդհանրապես, տարիների ընթացքում և՛ ընդդիմության, և՛ նախագահի թեկնածուների կողմից այդպիսի խոսակցություններ միշտ եղել են: Եվ երբ նախագահական այս ընտրություններից հետո մենք` Հանրային խորհրդով հանդիպեցինք նախագահին, խորհրդի կողմից ես էի ներկայացնում հարցը: Ես ողջունեցի նախագահի առաջարկը Րաֆֆի Հովհաննիսյանին` ստեղծելու օրենքների, Սահմանադրության փոփոխությունների մի մարմին, և Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա այդ մարմնի ղեկավարը: Մենք գտնում էինք, որ հասարակության մեջ բազմաթիվ հարցեր են առաջացել, թե ուր ենք մենք գնում, ինչպիսի պետություն ենք ուզում կառուցել, և մենք առաջարկեցինք, որ Սահմանադրության փոփոխության հարթակը շատ հարմար հարթակ է, որպեսզի բոլոր ուժերը` իշխանական, ընդդիմադիր, հասարակական, իրար հետ միասին քննարկեն: Կբերի՞ դա սահմանադրական փոփոխության, թե՞ ոչ` ուրիշ հարց է: Դրանից հետո նախագահի հրամանագրով ստեղծվեց մասնագիտական այս խումբը, որը չէր լուծում այն խնդիրը, որը մենք էինք բարձրացնում: Այլ բան է ընդդիմադիր կուսակցություններով, իշխանությունով միասին քննարկել երկրի ապագան ու տեսնել այդ ապագայի համար սահմանադրական ինչ փոփոխություններ են պետք, մեկ այլ բան է, երբ մասնագիտական խումբ ես ստեղծում, և հետո ես սկսում քննարկել:

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների առաջարկությանը, պետք է ասեմ, որ Հանրային խորհրդի մեծամասնությունը ընդհանրապես կողմ չէ պառլամենտական հանրապետությանը, նամանավանդ նրանք, ովքեր երկար ժամանակ աշխատել են կոմունիստական երկրում և շատ են գնահատում, որ բուրգի գագաթում անձ պետք է կանգնած լինի` առավել ևս, որ պատերազմը չի վերջացել: Ես և էլի մարդիկ, ովքեր դուրս են եկել քաղաքական դաշտից` Արշակ Սադոյանը, և մյուսները, կողմ ենք պառլամենտական հանրապետությանը, մեզ մոտ տարակուսանք է առաջանում այս պահին դրան անցնելու հարցում: Եթե տեսականորեն խոսենք, ապա պառլամենտականը իսկապես ավելի լավ է, քան նախագահականը կամ կիսանախագահականը, ավելի հավասարակշռված է, սովորաբար չի բերում հեղափոխությունների, հեղաշրջումների, բայց տվյալ պայմաններում իշխանությունն ընտրվում է երկու ուղղություններով,- տեղական ընտրությունները մի կողմ դնենք,- ընտրվում է Ազգային ժողով և ընտրվում է նախագահ: Ըստ որում` ԱԺ ընտրությունը ժողովրդի մոտ մեծ հետաքրքրություն չի առաջացնում, նախագահի պաշտոնի հետ են կապում երկրի ապագան, և պատահական չէ, որ համարյա միշտ կիսահեղափոխական վիճակ է ստեղծվում նախագահի ընտրություններից հետո: Հիմա այս նոր առաջարկությամբ, փաստորեն, այդ մի ինստիտուտը վերանում է: Այսինքն` մարդկանց մի խումբ` կուսակցություն, եթե հաջողացնի պառլամենտը վերցնել իր ձեռքը, ապա նա կունենա նախագահ, կառավարություն, որը տվյալ պահին, հաշվի առնելով հենց կոնկրետ քաղաքական ուժերին, կարծում եմ` վտանգավոր է, և դա լրացուցիչ քննարկման առարկա պետք է լինի:

– Այդ դեպքում այն քննարկումը, այն դիսկուրսը, որ այսօր կա հանրության մեջ, այդ թվում` նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածը, որը ընդհանուր առմամբ մի որոգայթի նկարագրություն էր` ուղղված իշխանությանը, ուղղված Սերժ Սարգսյանին, որ իրականում սա երկրի կործանման «ճանապարհային քարտեզ» է, և նույնիսկ փաստաբանի դեր էր կարծես ստանձնել…

– Չէ՛, եկեք 2 հարց իրարից տարբերենք: Այն պնդումը, որ հիմա ժամանակը չէ Սահմանադրություն քննարկելու, և դա շեղում է ավելի կարևոր հարցերից, այդ պնդման հետ ես համաձայն չեմ: Ես գտնում եմ, որ միշտ էլ Սահմանադրությունը պետք է քննարկել, միշտ էլ սահմանադրություն փոխելու անհրաժեշտություն կարող է առաջանալ, եթե ապացուցվի, թե ինչ թերություններ կան, ինչ խնդիրներ չի լուծում այս Սահմանադրությունը, և ինչու է պետք փոփոխություն մտցնել` ինչպես աշխարհի ցանկացած երկրում: Ինչ վերաբերում է կոնկրետ այս Սահմանադրությանը, ես վիճելի եմ համարում այդ անցումը, բայց ես դեմ չեմ քննարկելուն, քննարկումը կարող է ինչ-որ բան տալ: Հայաստանի վտանգն այն է, որ, օրինակ, Հայաստանի տնտեսության մեջ ընկերություններ չկան: Մեզ մոտ դեռ սովորություն կա, որ սա կամ իմն է, կամ իմը չէ: Մաքսիմում երկու ընկերով տնտեսական ձեռնարկություն են ստեղծում, և վերջում հաստատ մեկը մեկին գցում է: Նույնը քաղաքականության մեջ է: Քաղաքականության մեջ մեծամասնությամբ քաղաքական ուժն ուզում է պառլամենտը վերցնել ամբողջությամբ և դիմելով հնարավոր բոլոր ձևերին: Ցանկացած երկրում երբեք քաղաքական ոչ մի ուժի չի հաջողվում պառլամենտն ամբողջությամբ վերցնել` բացի երկկուսակցության համակարգերից, օրինակ` Անգլիայում, ԱՄՆ-ում: Եվ այդ դեպքում առաջարկվող այս Սահմանադրությունը կարող է օգտակար լինել, որովհետև եթե մեծամասնությունը կազմվում էր 2-3 ուժերի կոալիցիայով, դա մի նոր մշակույթ էր տալիս, և հետո չէիր կարող ասել, որ նախագահը, կառավարությունը, Ազգային ժողովը մի խմբի ձեռքում են…

– Կարծես թե այն, ինչ նախագահը ՀՀԿ համագումարի իր ելույթում էր ասում` երկկուսակցական…

– Ես ուշադրություն չեմ դարձրել, երկկուսակցականը Հայաստանում ընդհանրապես չաշխատող տարբերակ է: Կարող է ստացվել, բայց մեզ մոտ ես այդպիսի երկու կուսակցություն չեմ տեսնում, որ իրար փոխանցեն իշխանությունը:

– Երկրի նախագահն ինքը, ըստ էության, դեմ էր այս փոփոխությունների հիմնական կետերին, բայց, այնուամենայնիվ, նախաձեռնեց և հանրությանն առաջարկեց քննարկել այն դրույթները, որոնք այսօր շրջանառվում են: Ինչո՞ւ դեմ լինելով` այսպիսի քննարկում նախաձեռնել:

– Այստեղ երկու մոտեցում կա: Մի մոտեցումն այն է, որ այստեղ կա քաղաքական դրդապատճառ, այսինքն` Սերժ Սարգսյանը հաջորդ ընտրություններից հետո չի լինելու վարչապետ, չի լինելու նախագահ, ինչպես ինքն էր հայտարարել, բայց առանց իր հայտարարելու էլ նախագահ լինելը բացառվում էր, և կասկածներ կան, որ քանի որ սահմանադրական այդ փոփոխությունով կարող է մեծանալ Ազգային ժողովի դերը, ինքն արդեն Ազգային ժողովի նախագահ է ուզում լինել: Ես կասկածում եմ, որ այդպես է, բայց դա տեսակետ է, որն արժե քննարկել: Մյուս տեսակետն այն է, որ եթե իսկապես քաղաքական դաշտում Սահմանադրության փոփոխության խոսակցություններ են գնում, ինչու դեմն առնել, բացենք, թող քննարկեն: Հիմա Սերժ Սարգսյանն առաջի՞ն մոտեցումով է գնացել, թե՞ երկրորդ մոտեցումով` ինձ համար նույնիսկ կարևոր չէ: Ես ուզում եմ տեսնել Հայաստանի` մեր պետության համար օգտակար կլինի՞ այս փոփոխությունը, թե՞ ոչ:

– Այն քաղաքական ուժերը, որոնք 2017-2018 թվականներին իրենց համար վտանգ են տեսնում, կարծես այսօր նպատակահարմար չեն համարում սահմանադրական այս փոփոխությունները կյանքի կոչել կամ դրանք ընդհանրապես…

– Քաղաքական այն ուժերի համար, որոնք ընդդիմության մեջ են և պայքարելու են իշխանության համար, դա գերխնդիր է, դա ցանկացած երկրի է բնորոշ, և քանի որ իրենք կասկած ունեն, որ սա մի ծուղակ է իրենց համար, չեն ուզում շեղվել դրա վրա: Եվ հետո ընդդիմությանը միշտ ձեռնտու է ներքին քաղաքական կյանքը ներկայացնել սև ու սպիտակ` անկախ նրանից, թե ինչպիսին է կյանքը: Ամեն մի նոր երանգ` սահմանադրության փոփոխություն կամ ուրիշ մի բան, շեղում է մարդկանց ուշադրությունը: Ֆիզիկայում այսպիսի խնդիր կա. երբ երկու մարմին պտտվում են իրար շուրջ, օրինակ` արևը և երկրագունդը, նյուտոնյան օրենքով հեշտությամբ հետագիծը հաշվվում է, իսկ երեք մարմնի խնդիրն անլուծելի է, դիֆերենցիալ խնդիրներ են ստացվում, որ միայն մոտավորապես կարող ես լուծել: Ընդդիմության համար միշտ երկու մարմնի խաղը ճիշտ է` սև ու սպիտակ: Իշխանության համար երկու մարմնի խաղը երբեմն ճիշտ է` այս կուսակցությունը, թե այն կուսակցությունը, բայց իշխանությունը կասկած կա, որ կարող է բազմաբևեռային խաղեր ստեղծել, որ շփոթեցնի դիմացինին:

– Դուք ամենափորձառու, հիմնարար և ինստիտուցիոնալ ընդդիմություն լինելու համարում ունեք: Ինչպե՞ ս եք գնահատում այսօրվա քաղաքական ներկապնակը:

– Բավականին վատ, բավականին բացասական, երկար ժամանակ անցավ, մինչև դաշտն այսպիսին եղավ: Ես առաջին կամ երկրորդ անգամ չէ, որ ասում եմ` դա սկսվեց 1995-1996 թվականներից: Մենք ունեինք ողջ պոտենցիալը, մենք էապես տարբերվում էինք հետխորհրդային բոլոր երկրներից, մենք ամենամեծ շանսերն ունեինք, մենք ունեինք շարժում, որտեղ ներգրավված էր նաև բավականին մեծ ինտելեկտուալ ուժ, այսինքն` այդ ամեն ինչը հեչ արվեց պարզ իշխանություն պահելու համար, որն ինձ համար անհասկանալի է, իսկ այդ մարդկանց ճանաչելով` ես զարմանում եմ` արժե՞ր թնդանոթով ճանճ խփել:

– Կարծես թե զղջումի զգացում էլ չկա:

– Զղջումի զգացում էլ չկա, իսկ քաղաքական դաշտում հայտնի է, որ եթե դու քաղաքականությամբ ես զբաղվում. երիտասարդ է, մտել է քաղաքական կուսակցություն, ինքը ինչպես գիտնականը մտնում է գիտության մեջ, ինչքան էլ անկեղծ ես վերաբերվում քո գործին, բայց ուզում ես քո գործում առաջ գնալ` զինվորականն ուզում է գեներալ դառնալ, գիտնականն ուզում թեկնածու դառնալ, դոկտոր, Նոբելյան մրցանակ ստանալ, երիտասարդն էլ, որ մտնում է քաղաքական կուսակցություն, ուզում է դառնալ պատգամավոր, նախարար, քաղաքապետ, վարչապետ, նախագահ: Պարզվում է, որ նախարար և այլն դառնում են լրիվ ուրիշ մարդիկ: Նայենք այժմյան կառավարության ցուցակը, նախորդ կառավարության ցուցակը, պարզվում է` քաղաքական դաշտով չէ, որ դու պետք է գաս այդտեղ, և դա բերում է որոշ ցինիզմի: Երիտասարդության մի մասը, որ ուզում է մտնել քաղաքական դաշտ, կամ ետ է քաշվում, կամ մտնում է կարիերիստական ուղղության մեջ, և կուսակցությունները, որոնք գաղափարական կուսակցություններ են, իրար հետևից սկսում են քանդվել: Դա ամենամծ վտանգն է, որ մենք կանգնած ենք փլատակների կողքին:

– Խոսեցիք կառավարությունից, Դուք եղել ենք Հայաստանի առաջին վարչապետը, և Ձեզ ևս հավանաբար կհրավիրեն վարչապետների հայտնի ակումբ, որի հետ գործող վարչապետը հույսեր է կապում: Պատրաստվո՞ւմ եք մաս կազմել դրան, թե՞ ոչ, որովհետև Արամ Սարգսյանը, օրինակ, արդեն հայտարարել է, որ չի լինելու այդ ակումբում:

– Հովիկ Աբրահամյանը զանգահարեց ինձ, ասաց, որ այսպիսի մտադրություն ունենք, ոնց եք դուք վերաբերվում դրան, ես ասացի, որ ինչքան երկրներում ես եղել եմ, միշտ շփվել եմ տարբեր երկրների նախկին պաշտոնյաների հետ, որոնք լոբբիզմով են զբաղված եղել իրենց պետության համար, ես գտնում եմ, որ դա անհրաժեշտ ինստիտուտ է, կաշխատի, թե չի աշխատի` ուրիշ բան է, բայց այդ մշակույթը, օրինակ, ԱՄՆ նախորդ նախագահները միշտ աշխատում են հօգուտ գործող նախագահի: 1997 թվականին ես հինգ սենատորի հրավերով Արգենտինայում էի, առավոտյան ինձ նախաճաշի հրավիրեցին, բոլորը նախկին պաշտոնյաներ էին: Արգենտինան սկսել էր ատոմային ռեակտորներ կառուցել, և նրանք ինձ համոզում էին, որ քանի որ Հայաստանին ատոմային էներգետիկա է պետք, ամենաճիշտը կլինի, որ մենք ռեակտորը գնենք Արգենտինայից: Ես պաշտոնյա չէի, ընդդիմադիր էի, իրենք նախկին պաշտոնյա էին, բայց հասկանում էին, որ ես կարող եմ ազդեցություն ունենալ, իրենք էլ այնտեղ ազդեցություն ունեին, իրենք փորձում էին իրենց երկրի գործն առաջ տանել: Ես գտնում եմ, որ դա ճիշտ մոտեցում է:

– Ինչպե՞ս եք գնահատում կառավարության այս կազմը, ձևավորման այն հիմքերը, որոնք մղեցին նախագահին գնալու այսպիսի ռադիկալ քայլի:

– Ես որոշել եմ իմ մեջ և ասել եմ, որ նույնիսկ 100 օրն է քիչ, 4-5 ամիս ժամանակ թող անցնի, որ կառավարության աշխատանքը գնահատենք: Քանի որ ես այս տարիների ընթացքում ճանաչում եմ բոլորին, ամեն մեկի մասին կանխավ կարծիք ունեմ, ոմանց էլ չեմ ճանաչում, թերթերից, մամուլից գիտեմ, դրանից ելնելով` եզրակացություն անել, թե իրենք ինչպիսին պետք է լինեն, չեմ ուզում:

– Օլիգարխները կարո՞ղ են պայքարել օլիգարխիայի դեմ:

– Բնական է, որ ոչ:

– Կառավարության կազմում կա՞ն օլիգարխներ, պարոն Մանուկյան:

– Ցանկացած երևույթի դեմ կարելի է պայքարել, կարելի է օգտագործել: Ես միշտ օգտագործման կողմն եմ: Ես օրինակ բերեմ Ֆինլանդիայից: Ֆինլանդիայում եղավ մի պահ, երբ կառավարությունը հրավիրեց օլիգարխներին և գիտնականներին ու խնդիր դրեց, որ երկիրը գիտատեխնիկական բրենդ ունենա, և ստեղծվեց Nokia-ն: Այսինքն` Ֆինլանդիայի իշխանությունները ոչ թե իրենց առջև հարց դրեցին, որ օլիգարխներին ջարդենք, իրենք ասացին, որ կա պատրաստի մի բան, դնենք այն շրջանակի մեջ, որ իրենք օգտակար լինեն երկրին: Ես միշտ կողմնակից եմ օգտագործելուն, ոչ թե ջարդելուն:

– Բայց դրա համար իտելեկտ, խելք, գիտելիք, երազանք…

– Այո, նպատակներ եթե ունենաս, միշտ էլ կգտնես մարդկանց: Օրինակ` վարչապետը պետք է լուծի խնդիրներ կապված գիտության հետ, կրթության հետ, տնտեսության հետ, ռազմական գործի և ամեն ինչի հետ: Ոչ մի մարդ չի կարող այդ ամեն ինչն իմանալ: Բայց ինքն այնքան լայնախոհ պետք է լինի, այնքան շատ բան իմանա աշխարհի մասին, որ նաև իմանա, թե ում միջոցով ինչ հարց կարելի է լուծել, այսինքն` ինքը հասկանա, որ ինքը պետք է իմանա ամեն ինչ, բայց ամեն մի ասպարեզում իրենից տասնապատիկ ավելի շատ իմացողներ կան, ու եթե այդ մարդիկ չներգրավվեն աշխատանքի մեջ, այդ գործը կտապալվի:

– Պարոն Մանուկյան, Դուք նաև Հայաստանի պաշտպանության նախարար եք եղել: Մենք լրջագույն խնդրի առջև ենք հայտնվել` մի կողմից Աստանա, երեկ էլ երկու դիպուկահարների կրակոցներից երկու պայմանագրային զինվոր ենք կորցրել, և համացանցում, հանրության շրջանում նորից տագնապ է: Եվ սա այն գործընթացներին զուգահեռ, որ տեղի են ունենում նաև ԼՂ կարգավորման հանգրվանում, այն հայտարարությունից հետո, երբ Շվեյցարիայի արտգործնախարարը, ԵԱՀԿ գործող նախագահը խոստացան նոր փուլ կարգավորման գործընթացում, որը կմեկնարկի նախագահների հետ հանդիպման…

– Եկեք իրարից երկու բան անջատենք: Երբ դու վերք ունես, եթե վերքիդ ձեռք չտաս, կամաց-կամաց կսպիանա, կփակվի, էլ վերքը չի լինի: Եթե դու ուզում ես վերքը չփակվի, դու պետք է անընդհատ քորես: Հիմա այս իրավիճակը, երբ զինադադար է, ձեռնտու էր հայկական կողմին, ոչ թե ադրբեջանական: Ադրբեջանական կողմի համար կարևոր էր, որովհետև ինքը պարտվում էր: Զինադադարը խախտվի, էլի կպարտվի: Բայց ադրբեջանական կողմը հասկանում է, որ բանակցություններով հնարավոր է հարցը լուծել միայն այդ դեպքում, եթե նա ընդունի Ղարաբաղի անկախությունը: Այդ դեպքում կարող է լուրջ բանակցություններ գնան տարածքների վերաբերյալ, փախստականների վերաբերյալ:

– Բայց Ղարաբաղի շուրջ չի կարող լինել:

– Դրա շուրջ չի կարող գնալ: Հետևաբար, հետ բերելու միակ ճանապարհը պատերազմն է, այսինքն` ժողովրդին դու պետք է միշտ լարված պահես, որպեսզի ժողովուրդը պատրաստ լինի պատերազմի, որովհետև եթե սպիանա վերքը, ոչ մեկին այդ պատերազմին մղել չես կարող: Ոնց որ մենք հիշենք, որ մոնղոլները եկել էին Հայաստանի վրա և սկսենք պատերազմ մոնղոլների դեմ: Դա վաղուց սպիացած, հին վերք է: Դրա համար Ադրբեջանին միշտ ձեռնտու է այդ ճանապարհով վերք քորել: Դա մեզ ձեռնտու չէ:

– Եվ կարծես ձեռնտու է, որ չլինի պատերազմ, լինի այսպիսի աշխատող…

– Պատերազմ ինքն ուզում է անել այն ժամանակ, երբ պատրաստ կլինի դրան: Հիմա այդ ժամանակը չէ: Դրա համար անկախ մեր քաղաքական գործընթացներից` մենք Եվրոպայի հետ ինչ հարաբերություն ունենք, Ռուսաստանի հետ ինչ հարաբերություն ունենք, կամ մյուսների հետ, դա լինելու է, դա անխուսափելի է, որովհետև դա է Ադրբեջանի քաղաքականությունը մինչև այն պահը, որ ինքը որոշի, որ անիմաստ է և Ղարաբաղից հրաժարվի: Այդ դեպքում այդ բոլոր հարցերը կլուծվեն:

Ինչ վերաբերում է Աստանային` դա արդեն ավելի լուրջ խոսակցություն է, ոորվհետև անալիզ է պետք անել: Ես հեռվից կսկսեի, որովհետև իմ շատ ընկերներ էլ գտնում են, որ ամենասկզբից, հաշվի առնելով Ղարաբաղի հարցը, հաշվի առնելով, որ մենք 1990-ական թվականների սկզբին արդեն պայմանագիր ունեինք Ռուսաստանի հետ բազայի վերաբերյալ, սահմանների պաշտպանության վերաբերյալ, ավելի լավ է փորձել ոչ ասոցացված անդամ լինել, ոչ էլ Ռուսաստանի, այսինքն` պահել չեզոքությունը, և երկու կողմին էլ բացատրել, թե դա ինչու եղավ: Եթե երկու կողմն էլ դա ընդունի, ես կարծում եմ, որ դա մեզ համար լավագույնը կլիներ:

– Եթե մենք այնտեղ չլինեինք, գուցե ընդուներ մյուս կողմը…

– Եկեք վերցնենք առաջին տարբերակը` երկու կողմում էլ չլինեինք` երկու կողմին էլ բացատրելով: Վերջիվերջո, Եվրամիության նախորդ պրոցեսներին մեր մոտեցումը Ռուսաստանը լավ էր ընդունում մինչև ինչ-որ մի պահ: Որոշ մարդիկ, ովքեր ավելի շատ են մասնակից բանակցություններին, ինձ ասում են, որ դա հնարավոր չէր անել, չգիտեմ, բայց եթե դա հնարավոր լիներ անել, ես կհամարեի, որ դա այս պահին ճիշտ է:

– Դե գոնե Ուկրաինայի դեպքերը ցույց են տալիս, որ իսկապես հնարավոր չէ, Եվրոպան իսկապես պնդում էր…

– Մենք արդեն գալիս ենք երկրորդ քայլին, երբ արդեն որոշեցինք` այստեղ, թե այնտեղ: Ու մի քիչ անբնական բան է: Եթե դու անվտանգության հարցը, ստրատեգիական գործընկերությունը լուծել ես մի երկրի հետ, դու կարող ես տնտեսականը ուրիշ երկրի հետ ստորագրել միայն այն դեպքում, եթե այդ երկու երկիրն իրար հետ շատ մոտիկ են: Բնական հակասություններ էին առաջացել Եվրամիության և Ռուսաստանի միջև: Եվ այդ դեպքում եթե ընտրեիր, պետք է այնտեղ ընտրեիր: Եվ դրա համար այդ քայլը` դեպի այն կողմ գնալ, ես ընդունում եմ: Ես ինչին եմ դեմ` այդ քայլի իրականացման ձևին: Մենք հիմա գործ ունենք այն որոշումներ հետ, որոնք ազդելու են ոչ միայն մեր, այլ մեր ապագա սերունդների վրա, մեր ազգային երազանքների վրա և այլն: Եվ դա միայնակ որոշել` լինի դա նախագահ, լինի դա կուսակցություն, հնարավոր չէ: Կան հարցեր, որոնք ամբողջ հասարակությունով քննարկելը ևս ճիշտ չէ, որովհետև կոնֆիդենցիալ էլեմենտներ կան: Ես կարծում եմ, որ նախագահը մի քանի անգամ պետք է հրավիրեր անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որտեղ հրավիրեր նախկին բոլոր նախագահներին, վարչապետների մի զգալի մասին, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին, ընդդիմադիր խոշոր կուսակցությունների,- գոնե պառլամենտում ներկայացված,- ղեկավարներին: Ես կարծում եմ, որ բոլոր մարդիկ, որ անցել են այդ ուղին, այնքան պատասխանատվություն են զգում երկրի նկատմամբ, որ չէին օգտագործի դա, հետո դուրս գային թղթակիցներին ինչ-որ բաներ ասեին միավորներ հավաքելու համար: Այդ դեպքում այդ որոշման ետևում արդեն կանգնած կլիներ հասարակությունը, եթե ոչ ամբողջ հասարակությունը, ապա հասարակությանը տանող այդ ուժը կլիներ: Դա մեկ:

Երկրորդ` երբ մենք որոշեցինք մաքսային մտնել, ես չգիտեմ, թե ինչպես է դա իրականում տեղի ունեցել, բայց ես գտնում եմ, որ ճիշտ կլիներ Եվրամիության հետ հանդիպումների սկզբում բացատրել, թե մենք այսպիսի քայլ ենք ուզում անել, դա է պատճառը` մեկ, երկրորդ` մենք ոչ միայն Ռուսաստանի հետ պետք է խոսեինք, այլ նաև պետք է Բելառուսի և Ղազախստանի հետ խոսեինք, որ մենք մտնում ենք ձեր ընկերության մեջ, ոչ թե Ռուսաստանն է մեզ մտցնում, այլ մենք ենք ուզում մտնել ձեր ընկերության մեջ: Այսինքն` պրոցեսը կարող էր երկարել, բայց մենք պետք է խոսեինք նաև Բելառուսի և Ղազախստանի հետ: Ես շատ կարևորում եմ ռուսների դերը, բայց ես չեմ գերագնահատում այնպես, ինչպես մարդկանց մի մասն է անում: Ըստ որում` մարդկանց մոտ նաև մի սխալ պատկերացում կա, որ ղարաբաղյան պատերազմը լուծեն ռուսների միջոցով: Ինձ համար զարմանալի է: Հայերն այնքան են սովոր, որ չեն հաղթելու, որ…

– Նույնիսկ այդ իրական հաղթանակն են վերագրում…

– Իրապես իրենք են հաղթել, ոչ թե ռուսներն են հաղթել, ոչ ռուս զնիվոր է եղել, ոչ ռուսների եզակի զենքերն են եղել, ընդհակառակը` 10 անգամ ավելի շատ զենք ու զինամթերք Ադրբեջանն է ստացել, քան Հայաստանը, և դա է բերել նրան, որ հայերի նկատմամբ մեծ հարգանք է առաջացել ռուսների մոտ և նույնիսկ Թուրքիայում: Ես խոսել եմ թուրք որոշ պաշտոնյաների հետ, իրենց մոտ հաղթողի նկատմամբ միշտ հարգանք է: Եվ այս դիրքերից ելնելով, ինչքան էլ մեզ համար կարևոր է Ռուսաստանը, ես կարծում եմ, որ կարելի էր պրոցեսները մի քիչ ավելի հանդարտ տանել: Աստանան ինչ-որ իմաստով դրա հետևանքն էր: Նազարբաևի հայտարարությունը մի կողմից անսպասելի էր, որովհետև իր ասածի մեջ կարծես հարձակում կար, ըստ որում` միգուցե ոչ միայն Հայաստանի վրա, այլ նաև Ռուսաստանի…

– Եվ նույնիսկ որ մենք ցանկալի չենք:

– Կպատասխաներ Սերժ Սարգսյանը, թե չէր պատասխանի, երևի ճիշտ էր պատասխանելը, բայց կարևորն այն է, որ Դուք ասացիք` մենք գտնվեցինք մի ճամբարում, որտեղ ցանկալի չենք: Ըստ որում` ես մի բան էլ ասեմ, որը շատ վիճելի է: Ես չեմ գտնում, որ Եվրասիական միությունը երկար կյանք ունի կամ արդյունավետ միություն է լինելու: Ինչո՞ւ: Միություններն ինչպե՞ս են առաջանում` պատմությունից կարող եմ ասել. երբ մի երկիր գրավում է ուրիշ երկրներ, ոչ թե դարձնում է իր տարածք, այլ դարձնում է միություն: Դա մի ձև է, որն այստեղ չկա: Ռուսաստանը չի գրավել Ղազախստանը:

Երկրորդ ձևը գաղափարականն է: Սովետական Միությունը ամենածայրահեղ գաղափարականն էր` գաղափարի շուրջ համախմբվել էին ինչ-որ ժողովուրդներ: Ճիշտ է, Ռուսաստանը դոմինանտ էր, բայց գաղափար կար: Եվրամիությունն առաջացավ առևտրի շուրջ, բայց այն գաղափարական բան է: Նրա մոտ ազատության գաղափարը, ժողովրդավարության, մարդու իրավունքների դաղափարն է և բավականին մեծ արժեքներ եկել են քրիստոնեությունից, քրիստոնեությունը ինքը չի վերցրել որպես դոմինանտ, բայց քրիստոնեությունից դուրս եկած որոշ արժեքներ վերցրել է: Եվ մենք գործ ունենք գաղափարական ուժի հետ, որի մեջ կրկնակի ստանդարտներ կան, ամեն ինչ կա, բայց գաղափարի շուրջ է:

Հիմա այստեղ երեք պետություններ են միացել իրար հետ` երեքն էլ իրենց էգոիզմով: Բելառուսը կուզենա Ռուսաստանի շուկայից օգուտներ քաղել, Ղազախստանը ոչ միայն ուզում է օգտվել, այլև կուզենա իր ընկերներին` Ադրբեջան, Թուրքիա, մտցնելով սրա մեջ` Ռուսաստանին էլ խեղդած վիճակում պահել: Այսինքն` ինքը ուժ ունենա:

– Գումարած մի քիչ էլ վախենում է Ուկրաինայի այս դեպքերից:

– Չէ, Ղազախստանում այդպիսի դեպքեր չեն լինի: Ղազախստանը շատ կայուն պետություն է այդ տեսանկյունից, ոչ մի ուժ չի կարող խառնվել Ղազախստանում…

– Բայց Նազարբաևը հավերժ չէ:

– Բայց ոչ ոք չի հասկանում, որ նա հավերժ չէ: Բոլորը մտածում են, որ իրենք հավերժ են: Խոսքն ուրիշ բանի մասին է: Նազարբաևն ինքն է այդ գաղափարը 1990-ական թթ.. առաջինը տարել, ինքը գտել է, որ դրա անհրաժեշտությունը կա: Տվյալ դեպքում ինքը կուզենա և Ռուսաստանից օգտվել, և մյուս կողմից էլ իր ընկերներին մտցնելով այս դաշինքի մեջ` «վերխ» չասեմ, կոպիտ կհնչի, բայց կարողանա Ռուսաստանին զսպող ուժ դառնալ: Այդ տեսանկյունից Հայաստանն իրեն բացարձակ պետք չէ…

– Այո: Որովհետև մենք լինելու ենք ռուսների հետ:

– Ուշ, թե շուտ լինելու է մի պետություն, մի ձայն: Հայաստանի փոքր լինելը քվեարկելու ժամանակ արդեն նշանակություն չունի: Ինչու ձայն տալ Ռուսաստանին, որովհետև Հայաստանն ընկալվում է որպես Ռուսաստանի գործընկեր և ոչ թե ընդհանուրի, որը շատ վտանգավոր է մեզ համար:

– Ղարաբաղի առումով կարո՞ղ են վտանգներ լինել այստեղ: Ռուսները համառորեն պնդում են, որ չեն կարող Ղազախստանին և Բելառուսին հասկացնել, որ մաքսակետ չպետք է դրվի Հայաստանի և Ղարաբաղի միջև:

– Այս խնդիրները ի սկզբանե նախատեսված են: Հայաստանը մի քանի տարբերակ ունի: Հիմա այդ տարբերակները չքննարկեմ, բայց վերջիվերջո` ես կարծում եմ, որ մեր տնտեսությունն այն վիճակում է, որ մեզ ո՛չ Ռուսաստանի շուկան, ո՛չ Եվրամիության շուկան չեն օգնելու: Նախ մենք պետք է մեր ներսում եղած հարցերը լուծենք: Այնպես չէ, որ մեր շուկաները լցվել են, գերարտադրություն ունենք, ու մենք հիմա փնտրում ենք դրսի շուկաներ և այլն, և այլն: Մենք այդ վիճակում չենք գտնվում, մենք բավականին ազատ ենք, ինքնուրույն, մենք կարող ենք խռովել, մեզ վեր պահել, ազատության աստիճան բավականին ունենք: Բազմաթիվ ձևեր կան «ոտքերը սեղմելու տոռմուզի վրա», ուր ենք շտապում:

– Այսինքն` սպասել և տեսնել, թե ինչ է լինում: