Վիրաբույժը կասկածվում է հիվանդի մահը անզգուշությամբ առաջացնելու մեջ

ձերբակալություն2014թ. օգոստոսի 26-ին ձերբակալվել է “Վանաձոր ԲԿ” ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանը, ով կասկածվում է  Դ. Հովակիմյանի բուժման ընթացքում մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և դրանք ոչ պատշաճ կատարելու հետևանքով անզգուշությամբ բուժվող հիվանդի մահն առաջացնելու մեջ:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել  2013 թվականի հոկտեմբերի 12-ին    կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով “Վանաձորի բժշկական կենտրոն”   էր տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, անչափահաս` Դ. Հովակիմյանը` ով Վանաձորում մասնակցում էր ձեռքի գնդակի հանրապետական մրցաշարին::
    Դ. Հովակիմյանի մահվան պատճառի հետ կապված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել են նախորդ փորձաքննությամբ արձանագրված բացթողումներն ու թերությունները, ինչպես նաև այն, որ  “Վանաձոր ԲԿ” ՓԲ ընկերությունում Դ. Հովակիմյանին բուժօգնության ցուցաբերման թերությունները և բացթողումները գտնվում են պատճառահետևանքային կապի մեջ նրա մահվան հետ, որոնց առավել վաղ իրականացումը զգալիորեն կմեծացներ բարենպաստ ելքի հավանականությունը՝ հնարավորություն ընձեռելով փրկել Դ. Հովակիմյանի կյանքը:
      Դ. Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցևին` ՀՀ քր. օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխվել է,  նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34 -104 հոդվածի 1-ին  մասով:
     Նախաքննական մարմինը որոշում է կայացրել  ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով /Հ. 130. –Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունների չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը /  քրեական գործը հարուցելու և այն առանձին վարույթում առանձնացնելու մասին:
     Նախաքննությունը շարունակվում է:

Ձերբակալվել է ՀՀ բնապահպանության նախարարության բաժնի պետը

 ձերբակալություն   2014 թ. օգոստոսի 26-ին, ՀՀ Քրեական օրենսգրքի 3111 -րդ հոդվածի 3-րդ  մասի 2-րդ  և  3-րդ կետերի /պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալը/ հատկանիշներով հանցագործություն կատարելու կասկածանքով իր աշխատասենյակում  ձերբակալվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Ա. Լաբլաջյանը:

   Ավելի վաղ՝ հուլիսի 22-ին, ձերբակալվել էր  ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի <<արագ արձագանքման>> խմբի անդամ 1-ին կարգի մասնագետ, Զ.  Կարապետյանը, ով  իր ծառայողական լիազորությունների շրջանակներում, մի խումբ քաղաքացիների, թույլատրել է արգելված  վայրից` Կոտայքի մարզի Կապուտան, Ջրաբեր և Ֆանտան համայնքներից, տեղափոխել մեծ ծավալի սև հող, և այդ գործողություններին  չխոչընդոտելու ու  վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց նրանցից պարբերաբար  ապօրինի  ստացել  է  ընդհանուր`  խոշոր չափերի`  975.000 ՀՀ դրամ  գումար  ապօրինի վարձատրություն:
 Հարուցված քրեական գործի շրջանակներում, հուլիսի 24-ին Զ. Կարապետյանը  ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
 Նախաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Զ. Կարապետյանի կողմից կատարված հանցավոր արարքին առնչություն է ունեցել նաև Ա. Լաբլաջյանը:
  Նախաքննությունը շարունակվում է:

”CPS OIL CORPORATION” LLC-ը չի բանակցում «Ռոսնեֆտ» ընկերության հետ

''CPS OIL CORPORATION''Հարգելի՛ լրատվամիջոցներ

Տեղեկացնում ենք ձեզ, որ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված այն լուրը, թե իբր ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը բանակցում է մեր ընկերության հետ՝ բենզալցակայանների ցանցը և մեծածախ առևտրի բազաները գնելու նպատակով, բացարձակապես չեն  համապատասխանում իրականությանը։

«CPS»–ը  ո՛չ «Ռոսնեֆտի», ո՛չ էլ որևէ այլ կազմակերպության կամ անհատի հետ նման գործարքի  շուրջ չի բանակցում և մտադրություն էլ չունի  բանակցելու։

Լրագրողական էթիկայից ելնելով՝ ճիշտ կլիներ, որ օրաթերթը նախ մեզ հետ ճշտեր իր  ունեցած «հավաստի տեղեկության» հավաստիությունը, ապա  նոր միայն հրապարակեր այն։

Ինչ վերաբերում է 1992–ին հիմնադրված մեր բիզնեսին, ապա «CPS»–ը  հեղուկ վառելիքի շուկայում իր գործունեությունից հրաժարվելու նպատակ չունի։ Ավելին՝ մենք աշխատում ենք զարգացման և ընդլայնման ուղղությամբ։

«CPS» հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Չինարեցի Նարեկը փակեց այն կածանը, որը տուն չվերադարձրեց Կարեն Պետրոսյանին

կարեն պետրոսյանՏավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Արտուշ Պետրոսյանի տխուր հայացքն անտառի ուղղությամբ է, որտեղից որդուն` 32-ամյա Կարենին, օգոստոսի 7-ին առևանգեց ադրբեջանական կողմը: 20 օր է անցել, արցունքն աչքերին ցամաքել է, բայց անդառնալի ցավը տանջում է հոգին, «իրեն էլ, մորն էլ չլսեց, գնաց ձմռան վառելիք բերելու»:
60684_791554010867190_7829524209730247799_nԱմառվա արևոտ օրը Պետրոսյանների ընտանիքում մթնեց դեռ չբացված: Առավոտ կանուխ Կարենին ճանապարհեցին աշխատանքի, մի քանի ժամ անց մայրը` տիկին Լենան, դիմացի բարձունքից ուժգին պայթյուն լսեց, վազեց հարևանի տուն. «Ոնց որ ական պայթեց, Կարենս չեկավ»:
Կարենի մասին գույժը ժամը 11:00-ին մոտ լսեցին: Հիմա որդու` Կարենի դպրոցական լուսանկարը սև շրջանակի մեջ է, կողքին տիկին Լենան, վիշտը սրտում սեղմած, լուռ արտասվում է:
10616275_791553864200538_2586674523193588382_nԱռավոտ շուտ, մայրը` տիկին Լենան, իր սովորության համաձայն, կոկիկ մաքրել էր տունն ու բակը, աքլոր մորթել, սառնարանում պահել, որ Կարենը անտառից վերադառնա, միասին ընթրեն …
«Բոլորը տեսել են էդ օրը Կարենին, մենակ ես չեմ տեսել, Սամվելի կինը` Օլյան…»,- արցունքն աչքերին օգոստոսի 7-ին տեղի ունեցած ողբերգական դեպքը հիշում է Կարեն Պետրոսյանի հորաքույրը` Ռոզա Պետոսյանը: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի կինը` Օլյա Սաղոյանը, առավոտյան 7:30-ին ճանապարհին հանդիպել է Կարենին, հարցրել` ուր է գնում: Կարենն ասել է, որ կացինը տանում է սրի ու փայտի գնա: «Ես ժամը 8-ին գնացի եղբորս տուն, որ Կարենին ասեմ` գնանք խոտը հնձենք, որ կարտոֆիլը հանենք, ասեցին` Կարենը գնաց փայտի… Եթե կես ժամ շուտ գնայի, կտենայի էրեխուս, կկանխեի, Կարենս փայտի չէր գնա, ղոչաղ, ղոչաղ…»,- պատմում է Կարենի հորաքույրը:
Տիկին Ռոզան նշում է, որ Կարենը չափազանց աշխատասեր էր, մի րոպե հանգիստ չուներ, որպես օրինակ մատնացույց է անում տան դիմացի հացահատիկի դաշտը. Կարենը մեն-մենակ ցորենի 2000 մետր արտը գերանդիով հնձել էր, այնուհետև կալսել, բերքը բերել տուն, ամբարել: «Գրել են սրտի անբավարարություն, Կարենը անգամ անկետա չի ունեցել, 32 տարեկան տղա էր, երբևէ առողջությունից չի գանգատվել: Դեպքից երկու օր առաջ դարձյալ մենակ, առանց օգնականի, քրոջ` Սոնայի սկեսրոջն է օգնել, մի մեքենա փայտը ջարդել, դարսել, հիվանդ տղան կարո՞ղ էր անել էդքան գործը: Էնքան ջիգյարով էր, հինգ տարեկան երեխան էլ` Կակո ջան, Կակո ջան…»,- Կարենի հետ անցկացրած ամեն վայրկյանն է հիշում հորաքույրը: Թե՛ համագյուղացիների և թե՛ հորաքույրների հետ Կարենի վերջին օրվա զրույցի բոլոր մանրամասները դարձել են նրա մասին հուզիչ հիշողություններ: Տան հյուրասենյակում այժմ ծաղիկների մեջ, Կարենի մեծադիր լուսանկարի մոտ մեկլիտրանոց ջրով լի պլաստիկ շիշն է նաև, որը Կարենն անտառ գնալիս վերցրել էր, որ ամռան տապին ծարավի, ջուր խմի, բայց չէր հասցրել մեկ կում անգամ խմել: «Գտել ենք գոգնոցը` կտորից փեշը, շիշը գոգնոցի մեջ ու էշը… Ասացինք` Կարեն ջան, ինչի՞ ես էշով գնում, մեքենայով մի ռեյս փայտ կբերես, էլի, ասեց` չէ, հորքուր ջան, էդ փողը կտանք, ալյուր, ձեթ կառնենք»,- հիշում է Կարենի մյուս հորաքույրը` Լիդա Պետրոսյանը:
Կարենի հարազատները մի րոպե անգամ չեն կասկածում, որ Կարենին ադրբեջանական կողմը առևանգել ու գերեվարել է, իսկ նրանց կողմից ներկայացվածն ամբողջությամբ հերթական ապատեղեկատվություն է, անհաջող բեմականացում, թե իբր Կարենի բջջայինում զինվորական լուսանկարներ էին, ինքը դիվերսանտ էր: «Ո՛չ հրացան ա եղել, ո՛չ զենք ա եղել, անզեն էրեխա, կացինը, ջուրն էլ տարել էր, որ խմի, մի՞թե էդքան անմարդկային կարող էին լինել, գերի էր, գերու նման վարվեիք: Էշը մեր սահմանին կապել ա, կացինն առել, գնացել մոտ 25 մետր, որ փայտ կտրի, բերի, էն էլ առաջին կացնահարվածից էրեխուն տարել են»,-արցունքախառն աչքերով նշում է Կարենի հորեղբոր կինը:

Անդրադառնալով Կարեն Պետրոսյանի գերեվարության ու սպանության հանգամանքներին` այս տարվա մարտի 7-ին մառախուղի պատճառով մոլորված ու հայ-ադրբեջանական սահմանը հատած վերինկարմիրցի Արսեն Խոջոյանը նշում է, որ ադրբեջանական անխախտ ձեռագիր է Կարենին դիվերսանտ կոչելն ու սցենար պատրաստելը: «Ինձ որ բռնեցին, տարան, սկզբից տարան Ղազախ, մի պատի տակ կանգնեցրին, նկարեցին ու ադրբեջանցի մի աղջկա հետ ֆոտոշոփ արեցին, իբր նրանից սնունդ եմ խնդրում, նույն սցենարն ա, նրանք ընդունակ են ամեն ինչի»,-մտաբերում է Արսենը:
Կարենի աշխատասիրության մասին ամբողջ Չինարին հիացմունքով է խոսում: Աստիճանների տակ նրա կտրատած ու դարսած ձմռան ցախն է: Գյուղացիները պատմում են, որ Կարենը բոլորին ձեռք էր մեկնում, օգնում կարիք ունեցողին: Չինարին օգոստոսի 7-ից առ այսօր` քսան օր անց, շարունակում է սգալ երիտասարդ բնակչի դաժան մահը, սպասում Կարենի «վերադարձին»: «Պաշտպանության նախարարությունը Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ միասին ամենաբարձր մակարդակով, նաև հանրապետության նախագահի մակարդակով ամեն ինչ անում է` բանակցելու ադրբեջանական իշխանությունների հետ, որ վերադարձնի Կարեն Պետրոսյանի դին»,- «Անկախի» թղթակցի հետ զրույցում նշեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Նա ասաց, որ գյուղը ցնցված է կատարվածից, համագյուղացիներն ամեն օր այցելում են Կարեն Պետրոսյանի տուն, վշտակցում հարազատներին ու լուռ սպասում…
Կարենն աշխատում էր հարևան գյուղի` Այգեձորի գյուղմթերքի վերամշակման գործարանում, եղբոր հետ ժամանակին մեծ աշխատանք է կատարել ընկերության ստեղծման համար: Պարզ, շիտակ, բնությունից իմաստնացած երիտասարդն օրինակելի էր , սահմանապահ գյուղի ամենավտանգավոր հատվածում ապրելով էր իր բաժին պայքարը մղում գրեթե ամեն օր ծննդավայրի հանդեպ ոտնձգություն անող հակառակորդի դեմ: «Կարենը գյուղական պարզ միամտություն ուներ, բարի էր: Մեղրիում զինծառայության ժամանակ շարք էին կանգնել զինվորները, երբ ինձ տեսավ, անմիջապես դուրս եկավ շարքից, եկավ փաթաթվեց»,- պատմում է 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ- մայոր, չինարեցի Անդրանիկ Մակարյանը:
Սահմանապահ Չինարին գիտի` զգույշ պետք է լինի դարանակալած թշնամուց: Կարենի դեպքը ամրապնդեց այդ գիտակցումը: Չինարեցի Նարեկ Աղասյանը գնում է Կարենի անցած ճանապարհով, երբ սևակնած երկինքն արտասվում է, իսկ հատուկենտ աստղերը լույս են տալիս:
Չինարեցի Նարեկը փակեց այն կածանը, որը տուն չվերադարձրեց Կարեն Պետրոսյանին…
Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համատարած որակյալ կրթությունը պետական անվտանգության երաշխիքներից է

Որևէ մեկը չի կարող վիճարկել այն փաստը, որ երկրիս անվտանգությունն ուղիղ
համեմատականորեն կախված է կրթության այն որակից ու մակարդակից, որն
հավասարապես իրականացվում է պետության ամբողջ տարածքում:

Բախշյան

ԿԳ նախարարության Հանրակրթության վարչության պետը 2 օր առաջ հայտարարեց, որ. «Կոնկրետ խնդիրներ չկան, շատ կարևոր հարցեր լուծված են սեպտեմբերի մեկի համար, դրանք երեխաներին դասագրքերով ապահովելն է, հնարավորինս բարեկարգ շենքերում նրանց ընդունումն է, չնայած դեռ ունենք դպրոցներ, որոնք պետք է կարգավորվեն, բոլոր դեպքերում դպրոցների համար լուծված է ջեռուցման հարցը»:

Հատուկ տիկին Հովհաննիսյանի համար, եթե մտահոգ է, կարող եմ տրամադրել
հանրապետությունում ջեռուցման խնդիր, անբարեկարգ և շատ հին գույք ունեցող
դպրոցների ցանկը:  Հանրապետության գործող նախագահը վերջերս իրենց բազեականների հետ հանդիպման ժամանակ հատուկ ընդգծեց մեր աշակերտների միջազգային
օլիմպիադաներում ունեցած թվային հաջողությունները՝ դրանք համեմատելով հարևանների ձեռքբերումների հետ, որն իհարկե ի օգուտ Հայաստանի է:
Միջազգային օլինպիադաներում մեդալներ շահած աշակերտները հանրապետության 3-4 դպրոցների ներկայացուցիչներ են:

Պատկերացնու՞մ եք այս թիվը որքան ավելի մեծ կլիներ, եթե բոլոր դպրոցները լինեին բարեկարգ, նրանց մեծ մասն ապահովվեին որակյալ տնօրեններով ու ուսուցիչներով, գույքը լիներ համապատասխան, մեծամասնությունն ունենային կահավորված լաբորատորիաներ:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով կրթության նպատակներից է հայրենասեր
քաղաքացի դաստիարակելը:

Հայրենասիրական դաստիարակության օրինակ պետք է առաջինը տա իշխանությունը, որը պետության ողջ տարածքում գտնվող բոլոր դպրոցների կարիքների նկատմամբ լինի հոգատար, իսկ սահմանամերձ գյուղերի նկատմամբ  հայրենասեր կառավարությունը պետք է դրսևորեր արտոնյալ վերաբերմունք: Այս գյուղերի դպրոցներում առնվազն պետք է կրկնապատկել աշակերտ թվով ֆինանսավորման չափը, որպեսզի այնտեղ ուսուցիչն ավելին ստանա և մնա՛ գյուղում, այս գյուղերում դպրոցների շենքերն առանց բացառության պետք է լինեն բարեկարգ, ջեռուցվող, գույքը թարմ, հագեցած լաբորատորիաներով ու կայացած ուսուցիչներով, որպեսզի երեխաները ուզենան մնալ իրե՛նց գյուղի դպրոցում:

Սա կլինի հայրենասիրական օրինակելի վերաբերմունք կառավարության կողմից, որի արդյունքում իսկապես կունենանք համատարած հայրենասեր քաղաքացիներ: Իսկ սահմանամերձ գյուղերի դպրոցներում իրականությունը շատ հեռու է նկարագրածից, հետևաբար վտանգված է պետության անվտանգությունը:

Հարգանքներով՝

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու կրթության

հանձնաժողովի անդամ

 

​«Դո՛ւք կգաք կպարապեք, ե՛ս կպարապեմ». Ներքին Կարմիրի դպրոցի տնօրեն

մովսեսի դպրոց«Դո՛ւք կգաք կպարապեք, ե՛ս կպարապեմ». Ներքին Կարմիրի դպրոցի տնօրեն
Սեպտեմբերի 1-ին Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի դպրոցում առաջին զանգը կհնչի ինը երեխայի համար: Վերջին շրջանի սահմանային դեպքերից հետո հյուսիսարևելյան սահամանագոտում հարաբերական խաղաղություն է, ամառային արձակուրդն էլ ավարտվում է, ուստի ժամանակավորապես գյուղից տեղափոխված ընտանիքներն ու նրանց դպրոցահասակ երեխաներն աստիճանաբար վերադառնում են Մովսես:
«Իմ հաշվարկով` բոլոր դասարանները միասին` 12 աշակերտ, դուրս էին եկել գյուղից, նրանք վերադառնում են գյուղ»,- նշեց Մովսեսի դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանը: 2014-ի նոր ուսումնական տարում դպրոց կհաճախի 130 աշակերտ: «Ճիշտ է` երեխաների թիվը նվազել է,- ասում է Ադամյանը,- բայց չենք հասել նրան, որ երկկազմ դասարաններ ձևավորենք: 1960-70-ական թթ. Մովսեսի դպրոցն ունեցել է 1200 աշակերտ, այդ ցուցանիշը նվազեց 1990-ականների պատերազմի հետևանքով»: Նրա խոսքով` Մովսեսի դպրոցը մասնագետների խնդիր գրեթե չունի:
«Միայն թե մեր քիմիայի ուսուցչուհին, որը նաև փոխտնօրենն է, Մովսեսից տեղափոխվել է Բերդ, այնտեղ 1-ին հիմնական դպրոցում հայտարարված մրցույթը հաջողությամբ հաղթահարել է և ընդունվել աշխատանքի: Փաստորեն, քիմիայի դասն է, որ բաց է մնում: Այս առարկան դասավանդվում է ընդամենը 10 ժամ, Բերդում մեկ մասնագետի մասին եմ լսել, նրան կզանգահարեմ, եթե ցանկանա, կառաջարկեմ` մեր գյուղում աշխատի, մրցույթ կհայտարարենք: Մնացած առարկաների գծով մասնագետներով ապահովված ենք, ունենք նաև թոշակառու մանկավարժներ, բայց կարողանում ենք մեր երեխաներին անհրաժեշտ կրթությամբ ապահովել»,- նշեց Մովսեսի դպրոցի տնօրենը:
Ի դեպ, Մովսեսի դպրոցը գտնվում է ադրբեջանական դիրքապահների տեսադաշտում և բազմիցս, հատկապես վերջին շրջանի գնդակոծությունների ժամանակ փամփուշտները դիպել են կրթական հաստատության պատերին: «Մեծ վնասներ չեն հասցվել, կրակել են ԴՇԿ-ով, եղել է, որ կրակահերթերը սկսվել են հենց դասապրոցեսների ժամանակ: Մայիսին` քննությունների ժամանակ, խփեցին գյուղապետարանի շենքին, ապա նաև դպրոցին, գնդակներից մեկը մնացել էր պատուհանի շրջանակի մեջ: Բայց եթե անգամ դասերի ժամանակ կրակոցներ են լինում, խուճապի չենք մատնվում, պարզապես երեխաներին թույլ չենք տալիս դուրս գալ շենքից, յուրաքանչյուրն իր ուսուցչի հետ պատսպարվում է իր դասարանում: Երբ կրակոցները մի փոքր դադարում են, ներքևի թաղամասի մեր դպրոցականներաշակերտներին կցում ենք վերևի` ավելի ապահով հատվածում գտնվող թաղամասում ապրող աշակերտներին, երբեմն էլ ավտոմեքենաներով տեղափոխում ենք, որպեսզի երեխաները կրակի տակ երկար ճանապարհ չանցնեն: Ապա նաև զանգահարում ենք նրանց ծնողներին, տեղեկացնում, որ չանհանգստանան` երեխաներին ընկերուհիների հետ ապահով վայրեր ենք ուղեկցել»,- պատմում է Մովսեսի դպրոցի ղեկավարը:
Դպրոցի անմիջական հարևանությամբ է գտնվում գյուղի մարզադաշտը: Ռուզաննա Ադամյանն ասաց, որ թույլ չի տրվում երեխաներին օգտվել այդ դաշտից, քանի որ խիստ վտանգավոր հատվածում է: «Դասերից հետո երեխաները երբեմն ֆուտբոլ են խաղում, բայց դասերի ընթացքում խստորեն արգելել եմ խաղալ այդ դաշտում, ֆիզկուլտուրայի դասերն անցկացնում ենք փակ դահլիճում»:
Ուղիղ մեկ դար անց սահմանապահ գյուղը դարձյալ քահանա ունի: Տեր Հովհաննես Բադալյանցը Մովսեսում հոգևոր ծառայություն է իրականացրել մինչև 1914 թ.: Ռուզաննա Ադամյանն ուրախությամբ նշեց, որ Մովսես գյուղի նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին նոր քահանա ունի, որի կինը կաշխատի գյուղի միջնակարգ դպրոցում, կդասավանդի երգեցողություն: Տեր Աբել քահանա Քարտաշյանը ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, ապա նշանակվել է այս հեռավոր գյուղի եկեղեցու քահանա: «Մենք լքել ենք Երևանը և եկել Հայաստանի այս գեղեցիկ անկյունում մեր ժողովրդի հետ միասին հայրենիքի սահմանները պահելու»: Տեր Աբելն ավելացնում է, որ չափազանց կարևոր է հատկապես այս դժվարին ժամանակներում, երբ սահմանամերձ համայնքների բնակիչներն ապրում են պատերազմի ու խաղաղության սահմանագծում, ամրապնդել նրանց մեջ հայրենիքի հանդեպ սերը և համախմբել հավատքի շուրջ. «Որդիս նոր է զորացրվել, դուստրս սովորում է Երևանի պետական մանկավարժական համալսարանում, իսկ փոքր աղջիկս Մովսեսում է, սովորում է տեղի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում»:
Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցն այս տարի դռները կբացի վեց առաջին դասարանցիների առաջ: «Այս պահին 6 երեխա են, որ գալու են առաջին դասարան, դե, շատ կուզեի` 26-ը լինեին, բայց դե ինչ անեմ, այս պահին այս տարվա երեխաների թիվն այդքան է»,- ասաց գյուղի դպրոցի տնօրեն Իվան Ադամյանը: Նա նաև տեղեկացրեց, որ դպրոցն անհրաժեշտ մասնագետներ ունի, սակայն այս տարի երկու դասվարի թափուր տեղ է առաջացել. «Երեխեքս սեպտեմբերին գալու են, տեսնեն` դասվար չունեն»:
Մեր հարցին` բա ինչ եք անելու, եթե դասվար չգտնեք, Իվան Ադամյանը պատասխանեց. «Դո՛ւք կգաք կպարապեք, ե՛ս կպարապեմ»: Փոխարենը Ներքին Կարմիրաղբյուրն ունի պատմության հրաշալի մասնագետ` Հենրիկ Գալստյանը, որն արժանացել է վարչապետի բարձր գնահատականին` ճանաչվելով լավագույն ուսուցիչ: Հենց նա է, որ երեխաների մեջ ամրապնդում է հայրենասիրական ոգին` բացատրելով, որ հակառակորդը վախկոտ է, հենց «մեր առյուծներն արթնացան»` նրանք նահանջում են:
Սեպտեմբերի 1-ին սահմանամերձ Չինարի գյուղի միջնակարգ դպրոց կհաճախի 105 երեխա: Չինարիի դպրոցն ունի երկկազմ դասարաններ: Տնօրեն Գրետա Դալլաքյանի խոսքով` երկրորդ և չորրորդ դասարանները դասերն անցկացնում են միասին: Ինչ վերաբերում է կադրային խնդիրներին, ապա դպրոցը որոշ մասնագետների խնդիր ունի: «Հինգ ուսուցիչ ունենք, որոնք թեև կենսաթոշակի տարիքի են, բայց շարունակում են աշխատել և իրենց երկարամյա փորձառությունն ու գիտելիքները փոխանցել չինարեցի աշակերտներին: Նրանցից երկուսը դասվար են, մեկը` ֆիզիկայի մասնագետ, մյուսը` անգլերենի»: Ամեն ինչից անկախ, Չինարիում Գիտելիքի օրը կդիմավորեն ինչպես հարկն է. շնորհավորանքներ` նախորդ ուսումնական տարին գերազանցությամբ ավարտած աշակերտներին և բարի գալուստ կրթօջախ նոր ոտք դնողներին:
Գրետա Դալլաքյանն ասաց, որ օգոստոսի 7-ին ադրբեջանական կողմից գերեվարված և սպանված Կարեն Պետրոսյանին ինքը չի դասավանդել: Նա դպրոցում երեք տարի է սովորել, դպրոցի արխիվում տղայի փաստաթղթերում նշված չէ` նրա դպրոցից դուրս գալու մասին: Տիկին Դալլաքյանը նշեց, որ ամբողջ գյուղն է ցավում երիտասարդ, խելոք, համեստ ու աշխատասեր տղայի մահվան կապակցությամբ: Չինարիի վերջին ողբերգական դեպքը լրիվ փոխել է սեպտեմբերմեկյան օրակարգը: Առաջին դասը կսկսեն պատմության հերթական դասը լավ սերտած. նենգ հակառակորդի դեմ պետք է պայքարել միասնական` կրթվելով, ապրելով ու ամրացնելով հայկական սահմանապահ գյուղերն ու դիրքերը…

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը երկարաձգվում է մինչև սեպտեմբերի 30-ը

ԿԳՆ

 

 

 

 

 

 

 

 

   ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել օտարերկրյա և սփյուռքահայ ուսանողների  ընդունելության հանձնաժողովի նիստ, որը վարել է նախարար Ա. Աշոտյանը: Մինչ օրակարգի հիմնական հարցերին անդրադառնալը՝ ՀՀ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ ընդառաջելով սիրահայ դիմորդների խնդրանքին՝ սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետը բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա վճարովի համակարգում, ինչպես նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական  հաստատություններում երկարաձգվում է մինչև սեպտեմբերի 30-ը:

  Նախարարի համապատասխան հրամանը այժմ մշակվում է: Անդրադառնալով Ուկրաինայից եկած դիմորդների խնդիրներին՝ նախարար Ա. Աշոտյանը ընդգծել է, որ պետք է ցուցաբերել անհատական մոտեցում և յուրաքանչյուր հարց, քննարկելով ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ուկրաինայում ՀՀ դեսպանատան հետ, աջակցել բոլոր դիմորդներին:
  Ինչ վերաբերում  է պետպատվերով հատկացված տեղերին՝ նախարարն ընդգծել է, որ դրանք հատկացվում են հայագիտական մասնագիտություններին: Մանկավարժական մասնագիտությունների համար սփյուռքահայ ուսանողների պետական պատվերը  այս տարի հատկացվելու է բացառապես Գյումրու Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտին: 
   Նիստի օրակարգում ներառված հարցերը վերաբերել են ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացված 2014-2015 ուսումնական տարվա համար սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման և հաշվառման ընթացքին: Օգոստսի 22-ի դրությամբ ՀՀ բուհեր ընդունվելու համար դիմել են 337 սփյուռքահայեր, հիմնական մասը՝ շուրջ 154 դիմորդ Վրաստանից, 71 Ռուսաստանից, 67 Սիրիայաից: Օտարերկրյա դիմորդների թիվը նույն օրվա դրւթյամբ կազմել է 117: 
   Նիստի ընթացքում  սփյուքահայ ուսանողների ընդունող  հանձնաժողովը որոշմամբ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսուցման 2014-2015 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկով նախատեսված միասնական և կենտրոնացված կարգով պետական քննություններին մասնակցած ու համապատասխան առարկաներից դրական գնահատականներ ստացած դիմորդներին ազատել այդ առարկաների համար նախատեսված գիտելիքների ստուգումից:
Որոշվել է սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների գիտելիքների ստուգումը կազմակերպել ս.թ. օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում և արդյունքները ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

Նոր հենասյուների տեղադրման աշխատանքների վերաբերյալ

Մայրաքաղաքի վարչական շրջաններում անխափան էներգամատակարարման  ապահովման նպատակով «Հայաստանի էլեկտրականցանցեր»  ընկերությունը 2014 թվականի ծրագրի շրջանակում շարունակում է նոր հենասյուների տեղադրման աշխատանքները:

001 (1)

Գործընթացն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից նախապես կատարված գույքագրման և ըստ այդմ կազմված ցանկի հիման վրա:  Հարկ է նշել, որ հիմնականում փոխարինվում են պիտանելիության ժամկետները սպառած, վնասված կամ վթարային հենասյուները:

Ընկերության կողմից տարեսկզբից մինչև օգոստոսի 22-ն ընկած ժամանակահատվածը մայրաքաղաքում նորերով է փոխարինվել 245 հենասյուն: Թվով 71 հենասյուն փոխվել է Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում` «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Հարավ» մասնաճյուղի կողմից:  «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Հյուսիս» մասնաճյուղն էլ նմանատիպ աշխատանքներ է իրականացրել   Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նորք-Մարաշ, Նոր Նորք վարչական շրջաններում` փոխարինելով  73 հենասյուն: Եվս 101 հենասյուն է տեղադրվել  «ՀԷՑ» ՓԲԸ-ի « Արևմուտք» մասնաճյուղի կողմից` Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում:

Մինչև տարեկան ծրագրի ավարտը միայն Կենտրոն վարչական շրջանում նոր հենասյուների թիվը կհասնի 139-ի : Աշխատանքները կկրեն պարբերական բնույթ:

Հայաստանի մանուկները սիրո և հայրենասիրության պատգամ են հղում ԼՂՀ զինվորներին

Հայաստանի մանուկներ հիմնադրամ

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) նախաձեռնությամբ ՀՀ Արմավիրի մարզը ներկայացնող, 20 անդամից բաղկացած «Իմ թատրոն» ինտերակտիվ թատերախումբը հայրենասիրական ոգևորիչ բեմադրություններով հանդես եկավ ԼՂՀ պաշտպանության բանակի մի շարք զորամասերում: Երիտասարդ դերասան-դերասանուհիները մնջախաղի միջոցով ցուցադրեցին, թե ի՞նչ նշանակալի դեր ունի սիրո պատգամը կյանքում, թե որքա՞ն է այն անհրաժեշտ թե´ ծերերին, թե´ փոքրերին, թե´ հատկապես հայրենիքի այն արի զավակներին, ովքեր, զենքը ձեռքներին, հպարտորեն պաշտպանում են հայրենի հողը, ապահովում խաղաղությունն ու անամպ երկինքը ներկա և ապագա սերունդների համար:

Միմյանց սատար կանգնելու, ոգևորելու, ջերմություն, սեր և փոխըմբռնում հաղորդելու թեման այն հիմնական ուղերձն էր, որն ընկած էր գյուղաբնակ երեխաներից կազմված թատերախմբի ներկայացումների հիմքում:

ԼՂՀ-ում կայացած հյուրախաղերին հաջորդեցին «Իմ թատրոն» թատերախմբի երիտասարդ անդամների հանդիպումները զինվորների և սպայական ղեկավար անձնակազմի հետ՝ նպատակ ունենալով ուսուցողական զրույցների միջոցով վեր հանելու զինվորական ծառայության առաքինի դերն ու դաստիարակչական նշանակությունը երկրի պատանի քաղաքացիների շրջանում:

Նախագիծը կյանքի է կոչվել COAF-ի, ՀՀ Պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի համագործակցության արդյունքում: Այն ևս մեկ անգամ վկայակոչում է համախմբվածության և միասնական ուժի կարևորությունը, մատնանշում, թե ի՞նչ առավել դրական արդյունքների և ձեռքբերումների կարելի է հասնել միասնաբար՝ հավաքական ոգու և հայրենիքի հանդեպ նվիրվածության շնորհիվ:

«Իմ թատրոն» թատերախումբը գործում է 2013թ. մարտից: Ինտերակտիվ թատերախմբի շուրջ մեկուկեսամյա գործունեությունը հիանալի հնարավորություն է եղել երեխաների տաղանդն ու հնարավորությունները բացահայտելու, որոշ դեպքերում` նրանց խնդիրները հաղթահարելու համար: Թատրոնի շնորհիվ շարունակաբար զարգանում են երեխաների ստեղծագործական ու վերլուծական հմտությունները, նրանք յուրովի են արտահայտում սեփական ապրումներն ու հույզերը, իրենց կյանքում և համայնքում տեղի ունեցող իրադարձությունները վեր հանում, ներկայացնում են արվեստի միջոցով:

Հոգեբանական թատրոնը COAF-ի կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերից մեկն է, որն իր տեսակի մեջ առանձնանում է նորարարական լուծումներով և յուրովի է նպաստում համայնքների մարդկային կապիտալի զարգացմանը: Թատերախումբն այս կարճ ժամանակահատվածում հասցրել է հանդես գալ տարբեր բեմերում, այդ թվում՝ մասնակցել է «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան 13-րդ փառատոնին՝ արժանանալով «Թռիչք» մրցանակին, հատուկ բեմադրությամբ հարգանքի և հիշատակի տուրք է մատուցել բարերար Ջերարդ Գաֆեսճեանի կյանքին ու գործունեությանը:

Ալեքսանդր Բազարչյանը` ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ առողջապահության նախարարության Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալեքսանդր Բազարչյանը, ով  զբաղեցնում էր ինստիտուտի տեղեկատվական և վերլուծական հարցերով փոխտնօրենի պաշտոնը:

      Ալեքսանդր Բազարչյան

Մինչ այդ առողջապահական այս կառույցը ղեկավարում էր Պարունակ Զելվեյանը, ով սեփական դիմումի համաձայն անցել է այլ աշխատանքի:

ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» կառավարումն իրականացնում է հիմնադիրը` ՀՀ առողջապահության նախարարությունը:

Առողջապահության ազգային ինստիտուտը Հայաստանի բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարելավման նպատակով հանրապետության տարածքում գործող առողջապահական հաստատություններում իրականացնում է ազգային կլինիկական ուղեցույցների և դրանց հիման վրա մշակված ազգային կլինիկական գործելակարգերի ներդրում ու գործարկում:

 

 

 

 

 

 

 

Մեր պահանջը ՀՀ կրթական օրենսդրության և պետական քաղաքականության լիարժեք իրագործումն է. Ա. Աշոտյան

Արմեն Աշոտյան

Օգոստոսի 27-ին տեղի է ունեցել հանրապետության ավագ դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն անդրադառնալով ավագ դպրոցներում առկա խնդիրներին՝ նշել է, որ hանրապետությունում ավագ դպրոցների մատուցած կրթական ծառայության որակն այս պահին չի բավարարում հանրային ակնակալիքը, թեպետ ակնհայտ է, նաև, որ հանրապետությունում կան նաև  լավ աշխատող, կայացած ավագ դպրոցներ: Նախարարն ընդգծել է, որ կրթական բարեփոխումների այն ճանապարհը, որն ընտրվել է, ճիշտ էր և 12-ամյա կրթության համակարգն ու ավագ դպրոցի գոյությունը հետադարձ չունի. «Վստահաբար մեր կրթական համակարգին անհրաժետ է ավագ դպրոցի գոյությունը, այլ հարց, որ կայացման ընթացքը չի բավարարում և՛ մեր հասարակությանը և ինձ, իբրև կրթության ոլորտի պատասխանատու. «Ավագ դպրոցները շատ տարբեր են. մենք ունենք ավագ դպրոցներ, որոնք, ցավոք, հեռու են իրենց ուսումնառության կազմակերպման մակարդակով և որակով այն տեսլականից, որ դրված է մեր քաղաքականության հիմքում, թեպետ դրանց կողքին ունենք նաև դպրոցներ, որոնք կարողանում են թողարկել փայլուն շրջանավարտներ, ովքեր միջազգային և հանրապետական օլիմպիադաների հաղթողներ են դառնում:
 Բայց դա բավարար չէ, և մեր պահանջներն ու ակնկալիքներն  ավագ դպրոցից ավելի մեծ ու հավակնոտ են և մենք մրցունակ կրթոթւյան պահանջ ենք դնում բոլոր ավագ դպրոցների առջև»,- դիմելով տնօրեններին հայտարարել է Ա. Աշտյանը՝ հավելելով, որ վերջին տարիներին ավագ դպրոցների գործունեությունը եղել է պետության ուշադրւթյան կենտրնում:
Անդրադառնալով գալիք տարվա անելիքներին՝ նախարարը ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերից առանձնացրել է հատկապես  ավագ դպրոցում աշակերտների հաճախելիության խնդիրը՝ ընդգծելով, որ կարգապահության վերահսկողությունը առաջնային է լինելու. «Նախորդ ուսումնական տարվա ընթացքում մի քանի ավագ դպրոցի տնօրեններ ազատվել են աշխատանքից, ես այդ մասին դեռևս նախորդ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ էի զգուշացրել,- դիմելով խորհրդակցության մասնակիցներին ասել է նախարարը և շարունակել,- Այս քաղաքականությունը շարունակվելու և ընդլայնվելու է: Իբրև նախարար՝ ավագ դպրոցներից մեր պահանջը հետևյալն է.  ՀՀ կրթական օրենսդրության և պետական քաղաքականության ամբողջական և լիարժեք իրագործում: Սա վերաբերում է ինչպես կադրային քաղաքականությանը, ուսուցչական անձնակազմի համալրման և պահպանման քաղաքականությանը, այնպես էլ կրթական գործընթացի կազմակերպմանը: Գաղտնիք չէ, որ ծնողների մի ստվար զանգված, հատկապես մայրաքաղաքում շահագրգիռ է, որ երեխան վերջին տարվա ընթացքում չգնա դպրոց, այլ հաճախի կրկնուսույցի մոտ: Այս երևույթի դեմ շատ դժվար է պայքարել, որովհետև մեր և այդ ծնողների՝ երեխայի կրթություն ստանալու ընկալումները տարբերվում են: Այսօր կրկնուսույցի մոտ պարապելը բուհ ընդունվելու պարտադիր պահանջ չէ այլևս. շտեմարանների ներմուծումը թույլ տվեց կանխատեսելի դարձնել ընդունելության գործընթացը և կրկնուսույցների մոտ պարտադիր պարապելու լեգենդը վերանում է: Այդ մասին է փաստում նաև բարձր միավորներով բուհեր ընդունված ուսանողական համակազմի վերլուծությունը. նրանց մեջ շատ են հատկապես մարզերի դիմորդները, որտեղ չկան ակադեմիական տիտողսներ ունեցող  կրկնուսույցներ»,- նշել է նախարարը՝ շեշտելով, որ տարվա ընթացքում լինելու են անակնկալ այցեր ավագ դպրոցներ, և բացակայությունների նկատմամբ լինելու է կտրուկ մոտեցում: Ա. Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ քոլեջներից դեպի բուհ անցման կարգում կատարվել է օրենսդրական փոփոխություն. քոլեջից բուհ տեղափոխվելը առկա համակարգում վերացվել է՝ քոլեջների  շրջանավարտները կրթությունը կարող են շարունակել միայն բուհերի հեռակա բաժիններում: Անդրդառնալով ավագ դպրոցների շենքային պայմաններին՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրով նախատեսվում է ավագ դպրոցների նորոգում և գույքային համալրում: Հանրապետությունում կձևավորվեն նաև կապիտալ նորոգված և արդիական դպրոցի բոլոր պահանջներին համապատասխան 17 ավագ դպրոցներ՝ յուրաքանչյուր մարզում մեկական և ևս մի քանիսը Երևանում: Նախարարը նաև տեղեկացրել է, որ ՀՀ ԿԳՆ-ն ՊՆ-ի ու «Երկրապահ կամավորականների միության հետ համատեղ մշակում է ռազմահայրենսաիրական դաստիարակության նոր հայեցակարգ, որը նպատակ ունի բարձրացնել ռազմահայրենեսիրական կրթության դերը:
Խորհրդակցության ավարտին նախարար Ա. Աշոտյանը պատասխանել է դպրոցների տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են սովորողների բացակայություններին, մանկավարժների աշխատավարձերի բարձրացմանը, ավագ դպրոցներւմ կրեդիտային համակարգի ներդրմանը և բազմաթիվ այլ խնդիրների:

Գյումրու ծայրամասային փողոցներն անմխիթար վիճակում են

Գյումրիում վաղուց ծայրամասային ու երրորդական համարվող փողոցներում նորոգման աշխատանքներ չեն կատարվել:
Գյումրու փողոցներ

Կնյազ Մանասյան
Ավելին, այստեղ դեռ խորհրդային միության ժամանակներից սկսած ասֆալտ հասկացողությունն իսպառ բացակայել է: Փողոց անունը կրող այս ճանապարհները միշտ են անտեսված եղել, որտեղով անգամ նախընտրական շրջաններում որևէ թեկնածու չի անցել: Ծայրամասերի բնակիչներն ասում են՝ իրենց հազարից մեկ են այլ թաղմասերից այցելում, այն էլ՝ հսկա շները: Որևէ պաշտոնյա իր օրում քաղաքի ավերակ փողոցներում չի եղել, որևէ կերպ այս խնդրին չեն արձագանքել, չնայած, բնակիչների մշտական բողոքներին: Ավերակ փողոցներից մի քանիսով երթուայիններ են անցնում, ու վարորդներն էլ չեն հիշում, թե երբևէ այս տարածքներում հարթ մակերեսի հանդիպած լինեն:

ՙՈր շտապ օգնություն կամ տաքսի ենք կանչում, չեն գալիս, ասում են եկեք Վազգեն Սարգսյան փողոց, կմոտենանք՚, – ասում է Պավլով փողոցի բնակիչներից մեկը: Այստեղով քաղաքային տրանսպորտ չի անցնում, փոսերն առատ են ու խորը, անձրևների ժամանակ բացարձակ անանցանելի: Բայց ի տարբերություն մյուս ծայրամասային փողոցների, կա լուսավորություն:
Գյումրու քաղաքապետարանում փողոցների վիճակին քաջածանոթ են, եղած միջոցներով փորձում են հարթեցումներ կատարել, նորմալ աղբահանություն կազմակերպել, պարբերաբար էլ թափառող շների որս են կազմակերպում, բայց հավելում՝ քաղաքապետարանն այդքան միջոցներ չունի նման բոլոր փողոցները նորոգելու ու լուսավորելու համար:
ՙԱյս պահին հիմնական բարեկարգման աշխատանքներ ընթանում են Սպանդարյան փողոցում, մնացածներում խճաքարերով փորձում ենք հարթեցնել, անցանելի դարձնել, ցեխը վերացնել, մինչև գան լավ ժամանակներ, որ կարողանանք դրանք էլ ասֆալտապատել՚, – մեզ փոխանցեց Գյումրու քաղաքապետարանի շրջակա միջավայրի և բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը:
Պաշտոնյան ասում է, այս տարի կարողացել են բավական աշխատանքներ կատարել երկրորդական փողոցներում, բարեկարգվել են Բաղրամյան, Մսի կոմբինատ տանող փողոցները: Կատարվել են նաև փոսային նորոգման աշխատանքներ:
Կամաց-կամաց լուծվում է նաև քաղաքի լուսավորության հարցը, բնակկոմունալ բաժնի պետի խոսքերով նորացվում են կենտրոնական փողոցների լամպերը, հները տեղափոխվում են երկրորդական փողոցներ:
ՙՄենք ձգտում ենք, որպեսզի ծայրամասերը կապենք քաղաքին: Ծայրամասերը, կարծես, ամեն ինչից զրկված են՝ ճանապարհների վիճակը վատ է, աղբահանության վիճակը վատ է, լուսավորության վիճակը վատ է…՚, – համաձայնում է Կնյազ Մանասյանը: Նա բնական է համարում, որ բնակիչները պետք է դժգոհեն, փողոցներ կան որ 26 տարի լուսավորություն ու ասֆալտ չեն ունեցել:

Մարզահամերգային համալիրի ներկայիս սեփականատերերը դիմելու են Եվրոպական դատարան

DSC00299«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գնահատման գործընթացն ուղղակի աբսուրդ էր: Պատմամշակությային արժեք ունեցող այդ կառույցի արժեքը որոշվել է՝ հիմք ընդունելով Աջափնյակում բնակարանների արժեքը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համալիրի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը:

Սովորաբար գնահատումը կատարվում ստանդարտ կերպով կամ համեմատության միջոցով: Սակայն համալիրը պատահական բնակարան չէ, որը վիճակը գնահատվի, մյուս կողմից տարածաշրջանում նման շենք չկա, որպեսզի գնահատումը կատարվի համեմատության միջոցով: «Միակ ընդունելի ձևը այն կլիներ, որ Մշակույթի նախարարության կողմից հանձնաժողով կազմեր, որի կազմում կլինեին քանդակագործներ և ճարտարապետներ, ովքեր կգնահատեին կառույցի իսկական արժեքը: Սա ոչ թե մետաղ բետոնե կոնստրուկցիա է, այլ պատմամշակութային արժեք», -նշեց Գրիգորյանը:

Նա ընդգծեց, որ գնահատումը կատարել է Հանրապետական կուսակցության անդամ Արթուր Ստեփանյանին պատկանող ընկերությունը, ընդ որում՝ ներկայացուցիչը համալիրում անց է կացրել ընդամենը կես ժամ, ինչը , ըստ Կորյունի Գրիգորյանի, բավարար չէ գնահատումն կատարելու համար: 1  քառ մետրը գնահատել են 1200 դոլար, ինչը համարժեք է բնակարանի գնին: Այժմ համալիրը գնահատվում է մոտ 48 միլիոն դոլար: Ըստ համալիրի աշխատակցի՝ այն պետք է լիներ 100-120 միլիոն դոլար. «Բնակարանի առաստաղի բարձրությունը  3.20 մ է: Համալիրի առաստաղի բարձրությունը 33  մետր է»:

Կորյուն Գրիգորյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Մարզահամերգայինի՝պետությանն ունեցած մոտ 25 մլն դոլար պարտքը պետբյուջեում չի երևում.ստացվում է, որ իրենց փոխարեն ինչ-որ մեկը վճարել է այդ պարտքը: ԴԱՀԿ-ն նաև սառեցրել է համալիրի բոլոր աշխատակիցների հաշիվները, նրանք արդեն 8 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել:

Մարզահամերգային համալիրի աշխատակիցը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են դիմել Եվրադատարան.«Մեր հայկական դատարանները ինչ-որ խայտառակ ձևով են աշխատում: Այդ պատճառով հարցը արդարացիորեն լուծելու համար դիմելու ենք Եվրոպական դատարան», – նշեց Կորյուն Գրիգորյանը:

Անկախ

 

Ծառերի կանաչ էտի աշխատանքների վերաբերյալ

Հունիս ամսից մինչև հոկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում ագրոկանոնների համաձայն թույլատրվում է իրականացնել այսպես կոչված ծառերի կանաչ էտը: Այս գործընթացի հիմնական նպատակը ծառերի առողջ աճի, դեկորատիվ տեսքի և սաղարթի ձևավորումն է`միաժամանակ հեռացնելով ավելորդ, հիվանդ կամ չորացած ճյուղերը:
Ծառերի էտ
Սաղարթի ձևավորման արդյունքում նաև ապահովվում է հետիոտնի համար անարգել անցուդարձը, քանի որ հեռացվում են կախված, ինչպես նաև լուսացույցների ու ճանապարհային նշանների տեսանելիությանը խոչընդոտող ճյուղերը:
Նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում էլ սահմանվածի համաձայն կընթանա աշնանային էտը, որը, հաշվի առնելով սուղ ժամկետները, ծավալով ավելի փոքր կլինի, քան գարնանայինը: 2014 թվականի գարնանային ծառաէտման ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում էտվել է շուրջ 22000 ծառ:

Հանրային քննարկում ՀՀ արդարադատության նախարարությունում

Օգոստոսի 26-ին ՀՀում, Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում, տեղի է ունեցել ՀՀ դատական օրենսգրքով նախատեսված դատավորների թեկնածուների թեստավորման ու նշանակման, ինչպես նաև դատավորների գնահատման ու առաջխաղացման ընթացակարգի վերաբերյալ հանրային քննարկում: Վերջինին մասնակցել են ինչպես ՀՀ արդարադատության նախարարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: 
արդարադատության նախարարություն
Հանրային քննարկման նպատակը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու ոլորտի մասնագետների միջև մտքերի փոխանակումն էր՝ դատավորների թեկնածուների թեստավորման ու նշանակման, ինչպես նաև առաջխաղացման գործող կարգի հնարավոր բարեփոխումների վերաբերյալ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտյոմ Գեղամյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և կարևորել օրակարգում ընդգրկված հարցի անհրաժեշտությունը: Նա  պատրաստակամություն  է հայտնել լսել բոլորի կարծիքներն ու կառուցողական առաջարկները:

ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հովհաննես  Հովակիմյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ՀՀ դատական օրենսգրքում՝ դատավորներին նշանակելու, գնահատելու, խրախուսելու, կարգապահական տույժերի ենթարկելու և դատավորների անկախությունն ամրապնդելու կառուցակարգերի առնչությամբ կատարված փոփոխություններն ու լրացումները:

Նա տեղեկացրել է, որ դատավորների թեկնածուների թեստավորումն ու նշանակումը կարգավորող համապատասխան օրենսդրությունը վերանայված և ընդունված է:  «Այս փոփոխության շնորհիվ դատավորները կընտրվեն և կնշանակվեն Արդարադատության խորհրդի կողմից օբյեկտիվ և թափանցիկ գործընթացով` կիրառելով նաև համակարգչայնացված ընթացակարգ»,- նշել է Հովհաննես Հովակիմյանը:

Փոփոխության արդյունքում Արդարադատության խորհրդում հարցազրույցների ընթացակարգն արդեն կարգավորվում է օրենքով, իսկ վերանայված օրենսդրությունը կիրառվում է բոլոր նոր դատավորների թեկնածուների նկատմամբ:

Դատական օրենսգրքում կատարվել է նաև համապատասխան լրացում, որը հնարավորություն է ընձեռում կարգապահական պատասխանատվության ենթարկելու նաև դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց:

Նախարարության ներկայացուցիչ Հովհաննես Հովակիմյանը կարևորել է նաև օրենսդրական այն փոփոխությունը, համաձայն որի, ՀՀ նախագահը այսուհետ կամ հաստատում է Արդարադատության խորհրդի կազմած ցուցակը կամ այն վերադարձնում է Արդարադատության խորհուրդ` պահանջելով նոր քննարկում:

Քննարկմանը ներկա քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները մի շարք առաջարկներ են ներկայացրել, մասնավորապես դատավորների քննության ողջ գործընթացն առավել թափանցիկ դարձնելու, ապագա դատավորի անձնային հատկանիշները՝ նրա հուզական վիճակը, կողմնորոշվելու ունակությունը և այլ հոգեբանական հատկանիշների գնահատման համար  համապատասխան մասնագետ-հոգեբաններ ներգրավելու վերաբերյալ:

Հովհաննես Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել առաջարկների ու կարծիքների համար և ընդգծել, որ ՀՀ արդարադատության նախարարությունը մեծապես կարևորում է հանրային քննարկումների և, հատկապես, հասարակական կազմակերպությունների դերակատարությունը` դատաիրավական բարեփոխումներ իրականացնելիս, իսկ բարձրացված հարցերը հաշվի կառնվեն հետագայում կատարվող օրենսդրական բարեփոխումների ժամանակ:

 

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Մոռացված տնակային ավանների բնակիչները,տեսանյութ

ժամանակավոր կացարանԵրկրաշարժից անմիջապես հետո ինչպես Գյումրու, այնպես էլ քաղաքի հարակից տարածքներում ձևավորվեցին հարյուրավոր ժամանակավոր կացարաններից՝ հիմնականում վագոն-տնակներից բաղկացած ավաններ:
Քաղաքի ամենահեռավոր մասում գտնվող տնակային ավանը ձևավորվեց մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում, նախկին Լենգես ՀէԿ-ի աշխատակիցների ընտանիքների համար: Մոտ վեց տարի առաջ այն Գյումրիից անցավ Վահրամաբերդ գյուղի ենթակայությանը: Ներկայումս, այդ ավանում տասնյակ անօթևան ընտանիքներ են բնակվում, որոնց մեծ մասը չեն համարվում անմիջապես երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած, այդ իսկ նպատակով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օրերս տեսանյութ պատրաստելու և աջակցություն ցուցաբերելու նպատակով այցելեցին այդ տնակային ավան: Ներկայացվող տեսանյութը Լենգես տնակային ավանում բնակվող, հինգ միակողմանի ծնողազուրկ երեխաներ խնամող կնոջ ընտանիքի մասին է:

Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի ԱԳ նախարարի հետ

 Էդվարդ Նալբանդյան Օգոստոսի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` արգենտինական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հեկտոր Տիմմերմանի հետ։

Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են հուլիսին ՀՀ Նախագահի` Արգենտինա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

Էդվարդ Նալբանդյանն ու Հեկտոր Տիմերմանը կարևորել են երկու երկրների արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը։

Անկախ

Վարչապետը դրամական օգնություն է փոխանցել ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի ընտանիքին

10378215_791812270841364_7307099367764910174_nՀայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքել է այս տարվա մարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գիծը հատած, գերեվարված, ապա ապրիլին գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի ընտանիքի նամակին:

Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 23-ամյա Արսենի մայրը` Սվետա Խոջոյանը, ֆինանսական օժանդակության խնդրանք-նամակով դիմել էր կառավարության ղեկավարին` օգնելու մարել վարկային գումարը, որը Արսենը մինչև գերեվարվելը վերցրել էր` գյուղական տունը նորոգելու նպատակով:

Նամակը փոխանցելուց ընդամենը մի քանի օր անց Հայաստանի վարչապետի աշխատակազմից զանգահարել և հայտնել են Խոջոյաններին օգնելու նպատակով վարչապետի պատրաստակամության մասին: Հովիկ Աբրահամյանը Խոջոյաններին է փոխանցել 600 հազար դրամ:

10574212_791812957507962_7429111555519670841_nՆշենք, որ կառավարության ղեկավարն ավելի վաղ հանձնարարել էր նաև վերականգնել Խոջոյանների սոցիալական նպաստը: Այդ հարցը ևս կարգավորված է: «Շատ շնորհակալություն եմ հայտնում մեր վարչապետին: Ինքը որ այցելել էր վերջերս Վերին կարմիրաղբյուր, ես իրեն էլ ասեցի, շատ զգացված ենք վերաբերմունքից, մեր հանդեպ ուշադրությունից»,-նշեց տիկին Սվետան:

Ավելի վաղ, Խոջոյաններին ֆինանսական աջակցություն են ցուցաբարել նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, տարածաշրջանից պատգամավոր ընտրված Հակոբ Հակոբյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

 

Անկախ

Տեսախցիկն արձանագրել է Բարսելոնա-Երևան չվերթի ուղևորի պայուսակի գողությունը

ձերբակալությունՕգոստոսի 16-ին Բարսելոնա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան ժամանած մի քաղաքացի ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին դիմում էր ներկայացրել, որ ժամանման սրահում անհայտ պայմաններում կորցրել է ճամփորդական պայուսակը: 
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներն ուսումնասիրելով օդանավակայանի ժամանման սրահի, մուտքերի և ավտոկանգառի տեսախցիկների տեսագրությունները` պարզել են, որ պայուսակը օդանավակայանի ժամանման սրահից գողացել է անհայտ անձը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1978 թ. ծնված Ավագ Դ.-ն, որը օրերս Երևան քաղաքի «Կիլիկիա» ավտոկայանից բերման է ենթարկվել գծային բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերված է: 
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Բակային խաղերի տեղադրման աշխատանքների մասին

003Մայրաքաղաքի բակերի կահավորանքի բաղկացուցիչ մաս են կազմում բակային խաղերը և մարզասարքերի հավաքածուները, որոնց թիվը տարեցտարի ավելանում է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2014 թվականի տարեսկզբից մինչ օրս  արդեն տեղադրվել են 220 բակային խաղեր և մարզասարքեր: Եվս 80-ը կտեղադրվեն առաջիկա օրերին: Սկզբունքը հետևյալն է` համապատասխան տարածքներում դրանք կտեղադրվեն  բակերը բարեկարգելուց, կանաչապատելուց   ու պատշաճ տեսքի բերելուց հետո, որպեսզի բակային խաղերը ամբողջացնեն տարածքի ընդհանուր կահավորումը: Սակայն հիմնական նպատակը փոքրիկ երևանցիների, իսկ մարզասարքերի պարագայում՝ նաև բակերի մյուս բնակիչների  ակտիվ հանգիստն ապահովելն է:

Անկախ