Սենյակային ծաղիկներ: Ինչքա՜ն բերկրանք են պատճառում, երբ ծաղկում են ու փթթում, ու որքան ենք վշտանում, երբ հիվանդանում են, չորանում: Սենյակային ծաղիկներն ընտրում ենք սովորաբար առաջնորդվելով դրանց գեղեցիկ տեսքով: Ծաղիկները գեղագիտական բավականություն են պատճառում ու ոչ միայն:
Բույսերի համար շատ կարևոր է մարդու սերը: Դրանք երախտապարտ են նրան, ով սիրում ու հոգ է տանում իրենց մասին, դրա փոխարեն առողջություն են պարգևում, մաքրում էներգետիկան բացասական ազդեցությունից, երկարացնում կյանքն ու նույնիսկ իրենք են մեռնում` իրենց փոքրիկ հնարավորությունն ու ուժերը տալով մարդուն հիվանդությունից ազատելու համար: Ասում են` եթե սենյակում հանկարծ ծաղիկը հիվանդանում ու մահանում է, կնշանակի պետք է պատճառը փնտրել. կա՛մ տան անդամներից ինչ-որ մեկը հիվանդացել է ու հիվանդությունը դեռևս չի արտահայտվում, կա՛մ էլ տանը բացասական էներգետիկա կա, որն այդ տան բնակիչներին վնասում է:
Բույսերի աուրան բարդ է ու բազմաշերտ
Գիտենք արդյոք, թե որ ծաղիկները կարելի է , ասենք` պահել ննջարանում, և հակառակը, որ ծաղիկներն են հակացուցված ննջարանում և ընդհանրապես սենյակային պայմաններում պահելու իմաստով:
archive2.ankakh.com-ն իր էջերում պարբերաբար ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում բուսատեսակներ,այդ թվում և սենյակային, ու մանրամասն նկարագրում դրանց խնամքն ու բազմացումը:
Հիմա. ինչ գիտենք սենյակային ծաղիկների էներգետիկայի մասին: Գիտե՞նք, որ լավ տրամադրությունն ու ինքնազգացողությունը շատ բանով պայմանավորված է սենյակային բույսերի ազդեցությամբ, քանի որ դրանք բարելավում են տարածքի միկրոկլիման, նպաստում օդի զտմանը, փոշու նստեցմանը, բարձրացնում օդի խոնավության մակարդակը, նվազեցնում նրանում առկա ածխաթթու գազի պարունակությունը, «դուրս բերում» վտանգավոր խառնուրդները, նպաստում սթրեսից ազատվելուն: Ավելին, բույսերն իրենց էներգետիկան ունեն, դրական ու մաքրող: Կենսաֆիզիկոսները, կենսաբանները, նրանք, ովքեր բույսերի վրա փորձեր են կատարում, չեն դադարում զարմանալուց, թե որքան դրական ներուժ ունեն սենյակային ծաղիկները:
Ննջարան. հարկ չկա մանրամասն ու մեկ առ մեկ նշել ննջարանի դերը տանն ու մեր կյանքում: Մի խոսքով, կարևորագույն տարածք, որտեղ ամեն ինչը պետք է նպաստի հանգստին: Ննջարանի համար հաջող տարբերակ է համարվում բավականին խոշոր չափսերով մեկ կամ երկու տեսակի բույսի տեղադրումը: Խուսափեք ծաղկային կոմպոզիցիաներից:
Ննջասենյակի համար նախապատվությունը պետք է տալ ոչ քմահաճ բույսերին: Դրանք չպետք է լինեն պահանջկոտ, ասենք` խոնավության նկատմամբ:
Այդ առումով հարմար են ֆիկուսի տեսակները, ասենք` բենջամինը, կաուչուկատուն, քնարաձևը: Ֆիկուսների մեծ մասը պահանջկոտ չէ խնամքի առումով, հաջողությամբ չեզոքացնում է օդի վնասակար տարրերը, բացի այդ, ներդաշնակվում է բոլոր ոճերին: Բենջամին ֆիկուսը հիմա շատերն են նախընտրում, այն մեծ սաղարթով մանրատերև, շատ գեղեցիկ թուփ է դառնում: Ֆիկուսներն օժտված են հզոր, բայց և մեղմ էներգետիկայով, վերացնում են նյարդայնությունը, ստեղծում հարմարավետության ու ապահովության զգացում:
Խորդենին պաշտպանում է չար աչքից, անեծքից ու դավերից: Կոտրում է նախանձի ու չարակամության էներգիան: Իսկ ննջարանում նաև պաշտպանում է մոծակներից ու վատ երազներից, տագնապից ու անհանգստությունից: Խոհանոցում այն էներգետիկ տարածքը մաքրում է բացասական մտքերից, բարելավում է այնտեղ պատրաստվող ուտելիքի որակը: Հյուրասենյակում ստեղծում է հարմարավետության ու տաք մթնոլորտի զգացում: Ասում են նաև, որ եթե ցականում եք` մարդիկ ձեր մասին հաճախակի լավ բան մտածեն, պետք է ծաղկամանը դնել լուսամուտագոգին:
Ազալիան շատ օգտակար բույս է տանը: Այս բույսի էներգետիկան մարում է բամբասանքն ու մանրախնդրությունը, եսասիրությունը, ուժգնացնում է ստեղծագործական մղումը, օգնում հաջողության հասնելուն: Բարելավում է տեսողությունը: Դրա համար հարկավոր է օրական 10-15 րոպե կես մետր հեռավորությունից նայել ծաղկող ազալիային: Այն բարերար ազդեցություն է ունենում հյուրընկալ մարդկանց վրա, աշխուժություն ու առողջություն պարգևում: Հատուկ ազդեցություն է ունենում ամուսնական զույգի վրա, պահպանում է ընտանեկան անդորրը, խաղաղությունն ու սերը, իր վրա վերցնում բացասական էներգիան ու մեռնում է, եթե ուժերը չեն բավարարում դիմադրելուն: Ազալիայի մեծ ծաղկող թուփը խոսում է ընտանեկան բարեկեցության մասին: Տանել չի կարողանում ծխախոտի ծուխը. դրանից ծաղիկն իսկույն թոշնում է: Գուցե տարօրինակ թվա, բայց ազալիան սիրում է, երբ իր հետ խոսում են:
Ցիկլամենը զով սենյակի բույս է: «Քաշում է» բացասական էներգետիկան, մշակում ու վերածում դրականի, շատ օգտակար է շաքարախտով ու հայմորիտով հիվանդների համար: Ցիկլամենը նպաստում է իմունիտետի բարելավմանը: Օգնում է մեղմելու երեխաների քմահաճույքները, նրանց ճակատագրի վրա բարերար ազդեցություն է ունենում:
Արմավենիներ. եթե հնարավորություն ունեք դրանք լուսամուտի մոտ տեղադրելու, ուրեմն գերազանց է: Դրանք ևս հարմար են ննջարանի համար, մաքրում են օդն ու էներգետիկ սնուցում ապահովում (հովեյա ֆորսթերա, կանարական փյունիկ, լեռնային արմավ):
Դրացենա. կլանում է վնասակար խառնուրդները, իսկ որ ամենակարևորն է, «իր վրա է վերցնում» մեր տկարությունները, գլխացավը: Դրացենան ասես տնային կենդանու պես սովորում է մարդուն ու ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ է նրա հետ էներգակոնտակտի մեջ մտնում` ուժգնացնելով բուժիչ հատկությունը:
Վատ էներգետիկան ու հիվանդությունները «քաշելու» իմաստով չեմպիոն է մոնստերան: Այս բույսի մասին նույնիսկ ասում են, որ «էներգետիկ վամպիր» է, դա այդպես է, քանի որ այս բույսը պարզապես ունակ չէ լավ էներգիա վերցնելու, նա սնվում է միայն «բացասականով»: Հենց այդ հատկության շնորհիվ է, որ մոնստերան նպաստում է լիարժեք հանգստին ու խորը քնին: Սրա նման, սակայն փոքր ինչ ավելի թույլ հատկությամբ են օժտված սինդապսուսը, պասիֆլորան, ֆիլոդենդրոնը, ցիսսուսը: Ճապոնական ֆաթսիան խոնավացնում է օդը ու նույնպես նպաստում լավ քնին, առողջացնում է սիրտն ու թոքերը: Այս բույսն «էներգետիկ դոնոր» է համարվում:
Սենյակային ցիտրուսները հաճելիորեն հանգստացնում են` արոմաթերապիայի ու բուժական պրոցեդուրայի հետ, իջեցնում են ճնշումն ու ախտահանում օդը:
Աշխատասենյակի ձևավորման համար բույսերի կիրառումն անմիջական ազդեցություն է ունենում աշխատանքի որակի վրա: Ցանկալի է, որ աշխատասենյակում ծաղիկները շատ լինեն. այսօր գրեթե բոոր աշխատասենյակներում տեխնիկայի բազմազանություն կա, գրքեր, թղթեր, պահարաններ, հետևաբար և մագնիսական դաշտ, փոշի, ճառագայթում, տարբեր քիմիական նյութերի գոլորշիացում: Սա անխուսափելի է:
Սակայն էլեկտրամագնիսական դաշտի առկայությունը միայն աշխատող տեխնիկայով չի պայմանավորված, այլև սենյակում առկա վարդակներով: Ուստի բույսերը նաև այդ խնդիրը պետք է լուծեն ու աճեն այդ պայմաններում :
Աշխատասենյակների համար բոլոր բույսերն էլ կարծես հարմար են, հատկապես մեծ, հաստ, կլոր ու ձվաձև տերևներով, ինչպիսին, ասենք, փողածառն է և ընդհանրապես բոլոր սուկուլենտ (խոնավություն կուտակող) բույսերը: Կատարավոր քլորոֆիտումը, որն առանձնակի խնամք չի պահանջում, բնակարանի, տարածքի օդը մաքրում է թե՛ գիշերը և թե՛ ցերեկը, ազատում էլեկտրամագնիսական ճառագայթներից ու վտանգավոր խառնուրդներից: Լիմոնի ծառը 70%-ով նվազեցնում է օդում եղած մանրէներն ու վարակը: Այն հատկապես հարմար է սրտային խնդիրներ ունեցողներին, ասթմայով հիվանդներին, նվազեցնում է զարկերակային ճնշումը: Կիտրոնի բույրը նվազեցնում է սթրեսը, բարձրացնում աշխատունակությունը:
Սանսևերիան կամ ինչպես սիրում ենք անվանել` «զոքանչի լեզուն», չեմպիոն է համարվում օդը մաքրելու որակով, ու չեզոքացնում է համակարգչի ճառագայթումը: Ընդ որում, ոչ մի դժվարություն չի ներկայացնում խնամքի առումով:
Հյուրասենյակում աշխույժ, սթափ ու դրական մթնոլորտ ստեղծելուն կօգնեն վառ գույներով, հատկապես դեղին կամ վարդագույն երանգներով ծաղկող բույսերը, ինչպիսիք են սենյակային վարդերը. բալզամինը, ասպարագուսը, ցիկլամենը:
Խոհանոցը նույնպես կարելի է բնակեցնել բույսերով, սակայն հենց խոհանոցին «սազական» բույսերն են հարմար այդ նպատակին, ասենք` սոխը, փոքրիկ տաքդեղը:
Իսկ եթե մտադիր եք մանկասենյակը նույնպես զարդարել տնաբույս ծաղիկներով, ուրեմն մի քանի հանգամանքի պետք է ուշադրություն դարձնեք: Նախ` երեխայի սենյակում պետք է այն ծաղիկները լինեն, որոնք անվտանգ են:
Ոչ մի դեպքում չի կարելի երեխաների սենյակում ալոկազիա տեղադրել, որի հյութը թունավոր է, դիֆենբախիա, որն այրող հյութ ունի, պելարգոնիա` ալերգածին է, օլեանդր ու սինադենիում` թունավոր են: Պետք է խուսափել նաև կակտուսներից. երեխան պատահական կարող է վնասվել սուր փշերից:
Օդը մաքրելու նպատակով երեխաների սենյակում կարելի փյունիկյան արմավենի տեղադրել, թզենի, բեգոնիա, սենպոլիա (մանուշակ), տրադեսկանցիա, կալանխոե, դափնի, ցիտրուսային բույսեր, չինական գիբիսկուս: Մի բան էլ է հարկավոր է հիշել. երեխաների սենյակում բույսերի քանակը չպիտի 3-4-ից ավելի լինի:
Մի խոսքով, գերազանց է, երբ շրջապատված ենք գեղեցիկ սենյակային բույսերով ու էլ ավելի լավ է, որ դրանք իրենց նշանակությամբ ու ճիշտ ընտրված լինեն:
Սենյակային բույսեր, որ առավելագույնս մաքրում են օդը
Սենյակի օդը մի քանի անգամ ավելի աղտոտված է, քան փողոցինը։ Կենցաղային տեխնիկայի զանազան տեսակները, հատակի լինոլեումը, ներկերը, պաստառները, լվացքի փոշիներն ու մաքրող տարբեր պարագաները հագեցնում են սենյակը թունավոր միացություններով՝ բենզոլ, ֆորմալդեհիդներ, ածխածնի օքսիդ, ամոնիակ և այլն։
Իսկ բնակարանում օդը մաքրելու համար լավագույն միջոց են սենյակային բույսերի հետևյալ տեսակները՝
Շեֆլերա կամ “հովանոցային ծառ” (Schéfflera) – Այս բույսը բառացիորեն ստեղծված է այն տարածքների համար, որտեղ ծխում են։ Այն հիանալիորեն չեզոքացնում է նիկոտինն ու այլ նյութերը, որոնք առկա են ծխախոտի ծխի մեջ։
“Ոսկե սցինդապսուս” (Epipremnum аureum) -մաքրում է բնակարանը բենզոլից։ Դրա լայն տերևները անմիջապես կլանում են այդ նյութի հսկայական զանգված։ Այն աճում է արագ, իսկ ջրել պետք է ոչ հաճախ։
“Դրացենա” (Dracaena) –Այս բույսը չեզոքացնում է ֆորմադեհիդների թունավոր գոլորշին, որը, ճիշտ է, քիչ, բայց տարածում են լաքերը, սոսինձները, կահույքը։
“Քլորոֆիտում” (Chlorophytum)– բավականին արդյունավետ է աշխատում արտանետված գազերի կլանման հարցում. այս պատճառով այն առավել ձեռնտու է բնակելի շենքի առաջին և երկրորդ հարկի բնակիչների համար։
“Էլեգանտ համեդորեա” կամ սենյակային պալմա (Chamaedorea)– այս բույսը ակտիվ խոնավացնում է օդը ու զտում այն վնասակար նյութերը, որ ստացվում են պլաստմասե իրերից։
Բաղեղ (Hedera helix)
“Ֆիկուս Բենջամինա” (Ficus benjamina) վերջին երկու բույսերն էլ ռեկորդային արդյունք են գրանցում սենյակի օդի մաքրման հարցում։
Սրանք կլանում են թունավոր նութերի զանգվածները, այդ թվում՝ ֆորմալդեհիդը, բենզոլն ու ամոնիակը։ Իսկ Ֆիկսուսը մագնիսի նման կլանում է սենյակի փոշին։
Մաքրե՛ք Ձեր սենյակի օդը գեղեցիկ բույսերի միջոցով և եղե՛ք առողջ։
Տատրակ սովորական,(Tussillago farfara L.,мать-и-мачеха)
Անվանում են նաև`խոճիկ,խոճկորիկ,հազի խոտ,իշատոտիկ,դդմաճ,ձիու եղունգ,փուղր:
Նկարագրությունը.Տատրակը աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է, պատված է թեփուկավոր մանր տերևներով, ունի 10-25 սմ սողացող, հաստ կոճղարմատ: Ծաղկում է վաղ գարնանը, պտղակալում ապրիլ-մայիս ամիսներին: Ծաղիկները ոսկեդեղին են, իսկ պտուղը` փուփուլավոր սերմիկ: Բազմանում է ինչպես սերմերով, այնպես էլ խիստ կենսունակ կոճղարմատներով: Տատրակը հանրահայտ մոլախոտ է և հանդիպում է ամենուր: Աճում է գետեզրերին, խոնավ ձորերում, խոնավ հանդամասերում և այլուր:
Ցեղի “Տուսիլագո” անվանումը լատիներեն է, որ նշանակում է ալրոտ, քանի որ տերևների ստորին երեսները պատված են ալրանման խավով: Հետաքրքիր իմաստ ունի ռուսական мать-и-мачеха անվանումը. քանի որ տերևների վերին երեսը մերկ է ու սառը, կոչել են “խորթ մայր”. իսկ ներքևի փափուկ ու տաք երեսը ` “մայր”:
Բուժական նշանակությունը.Բուժման նպատակով օգտագործում են տատրակի տերևներն ու ծաղկազամբույղները: Ծաղիկները հավաքում են ծաղկազամբույղների լրիվ բացվելուց հետո, իսկ տերևները` ամռան առաջին կեսին, քանի դեռ դալար են ու չեն ժանգոտվել:Հումքը շտապ չորացնում են հով, լավ քամհարվող տեղում: Այն լինում է անհոտ ու դառնահամ:Պահում են թղթով փաթաթված կամ փայտե արկղերի մեջ:
Տատրակը որպես դեղաբույս ունի կիրառման հին պատմություն: Դեռևս հին հռոմեացիները այն օգտագործել են հազի դեմ, իսկ Հիպոկրատը, բացի խուխամուղ նպատակից, տատրակը ջերմախյուսի ձևով օգտագործել է նաև թարախապալարների դեպքում:
Դիոսկորիդը և Պլինիոսը դեղաբույսն առաջարկել են շնչառական հիվանդությունների ժամանակ, իսկ հազը հանգստացնելու համար առաջարկել են ներշնչել բույսի ծուխը: Ամիրդովլաթը նշում է, որ դեղաբույսն օգնում է հազին, ասթմային, ինչպես խմելիս, այնպես էլ ծխելիս, նաև սրացնում է տեսողությունը: Տերևները բացում ու բուժում են խոցերը: Հայկական բժշկության մեջ տերևները դնում են չիբանի և այլ տեսակի թարախապալարների վրա `բորբոքման պրոցեսը շուտ հասունացնելու նպատակով: Բույսը վերոնշյալ նպատակներից բացի օգտագործում են նեֆրիտների, ցիստիտների, ստամոքսաղիքային տրակտի կատառի, թոքաբորբերի, ստորին վերջույթների տրոմբոֆլեբիտի և այլ բորբոքումների ժամանակ` ուկրաինական, ռուսական, լեհական, բուլղարական, գերմանական ժողովրդական բժշկության մեջ: Նաև տրորված թարմ տերևը դնում են այրվածքների,ուռուցքների և արյունահոսող օջախների, իսկ խյուսի ձևով `բորբոքված կրծքագեղձի և երակների վրա: Այս դեղաբույսի կիրառման այլ ձևեր դեռ էլի կան:
Կիրառման եղանակները.Տերևներից ջրաթուրմ պատրաստելու համար 1ճաշի գդալ հումքը 30 րոպե թրմում են 20 մլ եռման ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրը 4-6 անգամ կամ 10-15գ հումքը 10 րոպե թրմում են 200 մլ եռման ջրի մեջ, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ`օրական 5-6 անգամ: բոլոր դեպքերում տերևների հետ կարելի վերցնել ծաղկահումք` պաշտպանելով ընդհանուր դեղաչափը: Եփուկ պատրաստելու համար 10-15 գ հումքը 15 րոպե եփում են 1 բաժակ ջրի մեջ, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ`օրական 2-3 ժամը մեկ: Հումքը փոշու ձևով ընդունում են 1-ական գրամ, մեղրով կամ կաթով` օրական 3 ամգամ: Գլխի քորի և թեփոտության ժամանակ հավասարաչափ վերցնում են տատրակ ու եղինջ: 2 ճ.գդալ այդ խառնուրդից 10 րոպե եփում են 1 բաժակ ջրում , հովացնում, քամում և գոլ վիճակում քսում գլխի մաշկին: Շնչառական օրգանների սուր և քրոնիկ բորբոքումների ժամանակ հավասարաչափ վերցնում են տատրակի տերևներ ու ծաղիկներ, քարխոտի արմատ, սեզի կոճղարմատ,լորենու, խռնդատի և թանթրվենու ծաղիկներ: Այդ խառնուրդից 1ճ.գդալ 30 րոպե թրմում են 1բաժակ եռման ջրի մեջ, հովացնում ,քամում և ըմպում օրական 3 անգամ:
Այլ օգտակար խորհուրդներ.Բույսը մեղրատու է, հարուստ ծաղկափոշով: Տատրակի մեղրը ոսկեդեղին է, շատ թանձր, մածուցիկ, շուտ բյուրեղացող, բնորոշ ուժեղ հոտով և լավ համով:Տերևները սիլոսի համար արժեքավոր հումք են:
Խլորոֆիտում-Chlorophytum
Պատկանում է շուշանազգիների(Liliaceae) ընտանիքին: Հայրենիքը Աֆրիկան է `Բարեհուսո հրվանդան: Ջերմատնային, կախվող խոտաբույս է, որի տերևափունջը, որ շատ նման է վիշապածառի տերևափնջին, սկիզբ է առնում անմիջապես արմատավզիկից: Մշակության մեջ լայն տարածում է գտել Ch.comosum Bak տեսակը և իր խայտաբղետ տերևավոր այլատեսակը: Այս բույսի տերևները իրենց ամբողջ երկարությամբ ծածկված են կանաչ դեղնավուն և սպիտակ, զուգահեռ շերտերով: Բույսը երբեմն անվանում են ֆալանգիում:Խլորոֆիտումները արձակում են երկար, կախվող ծաղկասլաքներ, որոնց վրա
բացի անդուր, սպիտակ, մանր ծաղիկներից առաջանում են նաև նոր փոքրիկ բուսակներ, իրենց օդային արմատիկներով: Հենց այդ բուսակներն էլ օգտագործում են բազմացման համար, անջատելով ծաղկասլաքից և տնկելով թաղարների մեջ: Բազմացումը կատարվում է նաև թփիկների բաժանումով: Բոյսն ունի հաստ, մսոտ արմատներ, որոնք ուժեղ աճման հետևանքով երբեմն թաղարը ճղում են: Խլորոֆիտումը լուսասեր բույս է: Նորմալ աճն ու տերևների խայտաբղետությունը պահպանելու համար , բույսը պետք է տեղավորել պատուհանի մոտ: Բույսի մշակությունը շատ պարզ է, ամենաաննշան խնամքի դեպքում էլ աճում զարգանում է,
պահանջկոտ է խոնավության նկատմամբ : հատկապես լավ է աճում այգու հողում:
Մանուշակ
Մանուշակը մանուշակազգիների ընտանիքի խոտաբույս է:Մեծամասամբ միամյա, երբեմն բազմամյա խոտաբույսեր են, հազվադեպ կիսաթփեր: Հայտնի է մանուշակի մոտ 500 տեսակ՝ տարածված հիմնականում Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում և Անդերում: ՀՀ-ում հայտնի է 14 տեսակ՝ անուշահոտ, կովկասյան, սոմխեթական (հայկական), դաշտային, ժայռային և այլն: Աճում է անտառներում, թփուտներում, մարգագետիններում, գետերի և առվակների ափերին, չոր, քարքարոտ վայրերում և այլուր:
Տերևներն ամբողջական են, հերթադիր կամ արմատամերձ վարդակով, սովորաբար՝ տերևակիցներով: Ծաղիկները երկսեռ են, մանուշակագույն, սպիտակ, դեղին կամ բազմագույն: Պտուղը եռափեղկ տուփիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, ալկալոիդներ, աղաղանյութեր(դաբաղանյութ), գլիկոզիդներ, C վիտամին և այլն: Պատրաստուկներն օգտագործում են մաշկային հիվանդություններ բուժելիս:Եռագույն մանուշակն օգտագործվում է գիտական և ժողովրդական բժշկության մեջ, իսկ բուրավետ մանուշակը՝ եթերայուղերի արտադրության մեջ:
Կովկասյան մանուշակը հանդիպում է Սյունիքի մարզում (ծաղիկները դեղին են), սոմխեթական մանուշակը` Լոռու և Տավուշի մարզերում (ծաղիկները խոշոր են, մանուշակագույն և բուրավետ): Այս տեսակները կովկասյան բնաշխարհիկներ են, գրանցված
են ՀՀ Կարմիր գրքում:
Ձնծաղիկ
Բոլորին ծանոթ է այս բույսը, որն անտառներում, այգիներում ու սարերում առաջինն է կենդանանում: Սկզբում դուրս են գալիս սուրուլիկ մի քանի տերևներ, ապա ծաղկում են սպիտակ, մանուշակագույն և այլ նուրբ գույների զանգականման ծաղիկները: Նա չի վախենում ձնից, ձմեռային սառնամանիքներից կամ գարնանային ցրտերից: Ձնծաղիկի ծաղկումը գարնան գալու առաջին նշանն է:
Ձնծաղիկների ընտանիքում (Galanthus) կա 12-18 տեսակ (տարբեր աղբյուրներ տարբեր քանակի մասին են հաղորդում), որոնք սերում են Եվրոպայի, Կովկասի և Թուրքիայի անտառներից, դաշտերից ու սարերից: Եվրոպայի տարբեր կլիմայական գոտիներում ձնծաղիկները տարբեր ժամանակ են ծաղկում` դեկտեմբեր-հունվարից մինչև մարտ-ապրիլ:
Ձնծաղիկները հասնում են 20-25 սմ բարձրության, տարբեր տեսակներ ունեն տարբեր չափեր և ծաղկի տարբեր ձևեր:
Տարվա մեծ մասը ձնծաղիկներն անց են կացնում սոխուկի տեսքով, հողի տակ և սկսում են ակտիվանալ աշնանից, երբ սոխուկներն արթնանում են և արմատներ տալիս: Դա տևում է մինչև գարուն, երբ նրանք սկսում են աճել, ծաղկում են և ուժ են հավաքում նոր սեզոնի համար:
Ձնծաղիկները բազմանում են սոխուկներով, որոնք աճում են ամռան ընթացքում: Ձնծաղիկը չի սիրում տեղափոխություն, բայց եթե այն անհրաժեշտ է, դա հարկավոր է անել անմիջապես ծաղկելուց հետո, երբ դեռ տերևները կանաչ են: Հարկավոր է տեղափոխել սոխուկին կպած հողագնդի հետ միասին: Սոխուկները պետք է տնկել 5սմ խորությամբ: Սերմերով բազմացումը հնարավոր է , բայց դա լավագույն ձևը չէ, քանի որ այդ բույսերը ծաղկում են 4-5 տարի հետո: Ձնծաղիկի համար գերադասելի է ձմռան մինուսային ջերմաստիճանը, գոնե կարճ ժամանակահատվածի համար:
Երկու կարևոր հանգամանք հաջող ծաղկման համար. շատ խոնավություն և գարնանը մի քանի ժամ լուսավորություն: Բնության մեջ այս երկու պայմանը բնականորեն պահպանվում են: Այգում, եթե ձեր կողմերում ձմեռներն անձյուն են, անհրաժեշտ է կոկոնների և ծաղկման ընթացքում ջրել ձնծաղիկներին: Որքան ցուրտ է եղանակը, այնքան երկար են ծաղկում ձնծաղիկները: Ծաղկելուց հետո հարկավոր է թողնել տերևներին բնական ձևով մահանալ:
Ինչպես շատ սոխուկավոր բույսեր, ձնծաղիկները համարյա խնամք չեն պահանջում, բայց երբեմն նոր ձեռք բերած ձնծաղիկներին դժվար է լինում ստիպել, որ ծաղկեն: Եթե նրանք հաջող արմատակալում են ձեր այգում և զգում իրենց ինչպես իրենց տանը, նրանք կծաղկեն ամեն տարի և ուշադրություն չեն պահանջի:
Այգում ձնծաղիկներ կարող են աճել ալպիական բլրի վրա, ծառերի եւ թփերի տակ, ոչ բարձր թմբերի վրա, թաղարների մեջ: Նրանք լավ են նայվում կոկիկ բազմաթիվ խմբերի տեսքով կամ գորգի նման տարածված:
Ձնծաղիկների համար լավ ընկերներ են այնպիսի վաղ ծաղկող ծաղիկներ, ինչպիսիք են ցրտադիմացկուն ցիկլամենը, կրոկուսները, նարգիզները, նաև խոստան, գարնանածաղիկը և այլ գարնանային բազմամյա բույսեր:
Հետաքրքիր փաստեր ձնծաղիկի մասին
Ամեն տարի ապրիլի 19-ին շատ երկրներ ավանդաբար տոնում են գարնանային “Ձնծաղիկի օրը” տոնը: Այդ պատմությունը գալիս է Անգլիայից, 1984 թվից: Ընդհանրապես աշխարհում, կլիմայական պայմաններից կախված, ձնծաղիկները ծաղկում են հունվարից ապրիլ: Եվ քանի որ Մեծ Բրիտանիայում այն ծաղկում է ապրիլի կեսերին, այդ տոնը համարվում է գարնան սկզբի, տաք արևոտ օրերի տոն և նշվում է շատ երկրներում: Պետք է նկատել, որ Անգլիայում ձնծաղիկները շատ հարգի են: Կարծիք կա, կապված է հին անգլիական հավատի հետ, որ տան շուրջը տնկած ձնծաղիկները պահպանում են բնակիչներին չար ոգիներից: Միացյալ Թագավորությունում ձնծաղիկներով զարդարում են քաղաքային ծաղկաթմբերը, նրանց բազմացմանը նույնքան ուշադրություն են դարձնում, որքան Հոլանդիայում վարդակակաչների բազմացմանը:
Ձնծաղիկի լատինական անվանումը` Galanthus, նշանակում է “կաթնային ծաղիկ”: Այս բույսը հայտնի է դեռ առաջին հազարամյակից, միջին դարերում նրան մեծարում էին որպես անաղարտության խորհրդանիշ, իսկ 19-րդ դարում սկսեցին աճեցնել: Այժմ ձնծաղիկ աճեցնում են երկրագնդի շատ վայրերում, բայց պրակտիկորեն նրանք գրանցված են Կարմիր գրքում: Ամենատարածվածը ձյունասպիտակ ձնծաղիկն է, կան նաև հունական, կովկասյան, բյուզանդական … նրանք բոլորը տարբերվում են ձևով, գույնով և նույնիսկ բույրով , բայց բոլորը սիրելի են: Կան նաև առասպելներ ձնծաղիկի մասին, օրինակ, երբ Ադամն ու Եվան վտարվել են դրախտից, ձյուն է եկել: Եվան սառել է և սկսել է արտասվել`հիշելով դրախտի տաք օրերը: Որպեսզի նրան մխիթարի, Աստվածը ձյան փաթիլների մի մասը վեր է ածել ձնծաղիկների: Տեսնելով ծաղիկները` Եվան ուրախացել է, և հույս է արթնացել , որ ամեն ինչ լավ կլինի: Այստեղից համարվում է, որ ձնծաղիկը հույսի խորհրդանիշ է:
Մեկ այլ առասպելում աստվածուհի Ֆլորան ծաղիկներին հագուստներ է բաժանում և ձնծաղիկին նվիրում է սպիտակ զգեստ: Բայց ձյունը նույնպես ցանկանում է մասնակցել պարահանդեսին, չնայած նրան հագուստ չէր հասնում: Եվ նա խնդրում է ծաղիկներին իրեն օգնել, բայց վերջինները վախենում են ցրտից ու չեն համաձայնում: Միայն ձնծաղիկն է նրան ծածկում իր սպիտակ թիկնոցով և նրանք միասին պտտվելով պարում են ծաղիկների պարահանդեսում, լցվում միմյանց նկատմամբ համակրանքով և մինչ օրս անբաժան են :
Սետկրեասեա-Setcreasea
Սետկրեասեան մեր պայմաններում մշակվում է որպես սենյակային բույս, սակայն շատ լավ աճում և զարգանում է ծաղկային ձևավորումներում, արևի ճառագայթների տակ: Շատ նման է տրադեսկանցիային և այդ պատճառով նրան հաճախ անվանում են մանուշակագույն տրադեսկանցիա: Բույսը կարմրին տվող մուգ մանուշակագույն է, խոշոր երկարուկ տերևներով, որոն երկարությունը հասնում է 15-18սմ, իսկ 
լայնությունը մինչև 3սմ: Բաց մանուշակագույն փոքրիկ ծաղիկները աճում են ճյուղերի ծայրերին: Աճման սկզբնական շրջանում ցողունները ուղիղ կանգնած են, իսկ հետագայում `աճման զուգընթաց դանդաղորեն իջնում կախվում են: Սենյակային պայմաններում օգտագործվում են որպես անպելային բույսեր, տնկելով կախովի սկահակների մեջ: Ծաղկային ձևավորումներում օգտագործում են ծաղկային թմբերի, տարբեր տեսակի ղևանդների և քարաբլուրների մեջ: Բույսը գլխավորապես բազմանում է կտրոններով: Հողի ջրի նկատմամբ պահանջկոտ չէ:
Սոճի
Սոճին ապրում է միջինում 350 տարի` հասնելով 35-ից 75 մետր բարձրության, բայց նրանց մեջ կան երկարակյացներ: Օրինակ ԱՄՆ-ի հարավ արևմուտքում քիստոտ սոճին (Pinus aristata) ապրում է մինչև 6000 տարի և երևի աշխարհի ամերնաերկարակյաց ծառն է:
Բացի այդ , սոճին տարբերվում է իր թեփուկանման կեղևով և հզոր արմատներով, որոնք ուղղահայաց խորը խրվում են հողի մեջ և իրենց կողքի արմատները լայնորեն տարածում: Դրա շնորհիվ սոճու արմատներըի կառուցվածքը կարելի է անվանել անտառի սկիզբ, քանի որ նա կարող է աճել տարբեր տեղերում` փշատերև անտառում, ավազում, լեռների վրա և անդունդի եզրին: Սոճու շատ տեսակներ չեն վախենում ոչ ձնից, ոչ սառնամանիքից, ոչ երաշտից և ոչ էլ քամիներից: Բայց այդ գեղեցիկ փշատերև ծառը իր հարթ և բարակ ցողունով շատ զգայուն է փոշով և գազերով կեղտոտված օդի նկատմամբ, ինչը սահմանափակում է նրանով քաղաքները կանաչապատելու հնարավորությունը :
Հիմնականում սոճին տարածված է սառը և բարեխառն կլիմա ունեցող հյուսիսային կիսագնդում, որտեղ նա ձևավորում է անտառներ և բացատներ լավ դրենաժով հողերի և լեռնոտ թեքությունների վրա: Երևի սոճիների բնակության վայրի շնորհիվ է բույսի անունը «pinus» դրվել, որ լատիներեն նշանակում է «լեռների վրա աճող»:
Բարեխառն գոտիներում ընդամենը հաշվում են սոճու 100 տեսակ և ավելի քան 20 տեսակ` արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, որոնցից շատերը օգտագործում են տնամերձերի կանաչապատման, լանդշաֆտների կառուցման ժամանակ: Այդ դեպքում սոճու որոշ տեսակներ գնահատվում են իրենց գեղեցիկ պսակի և բազմազան կառուցվածքների համար, իսկ ուրիշները փշատերևի բուրմունքի և գեղեցիկ կոների համար:
Դեկորատիվ այգեգործության մեջ հաճախակի օգտագործում են սիբիրյան սոճին (Pinus sibirica), Վեյմուտովի սոճին (Pinus strobus), ռումելյան սոճին (Pinus рейсе), Բանկսի սոճին (Pinus banksiana) և սոճու փռվածքը (Pinus mugo var. mughus)` Ալպերից, որը ձևավորում է ցածր թփանման բուսականություն: Ղրիմի սարերում և Սև ծովի հյուսիսային ափերին հաճախ հանդիպում է Պալլասի սոճին կամ ղրիմյանը (Pinus Pallasiana), դա 30 մետրանոց ծառ է , որը իր երկար և մուգ կանաչ փշերի շնորհիվ շատ դեկորատիվ տեսք ունի: Այդ տեսակը հրաշալի է օգտագործվում հարավային այգեգործության մեջ տնամերձների ձևավորման ժամանակ:
Ռուսաստանում ամենատարածվածը սովորական սոճին է (Pinus silvestris): ԱՄՆ-ում ամենատարածվածը խնկային (Pinus taeda) և կարճափշոտ (Pinus brevifolia)սոճին է : Ամենահարգի սոճու տեսակներն են համարվում Վեյմուտովի սոճին (Pinus strobus) , դեղին սոճին (Pinus ponderosa) և խեժոտ սոճին (Pinus resinosa): Ավելի քիչ հայտնի տեսակներից են եռափուշ Սաբինա սոճին (Pinus sabiniana) ` Կալիֆորնիայից, որն ունի 15-25սմ երկարությամբ և արտահայտիչ ոտքեր ունեցող կոներ, և Օրեգոնի հարավ արևմուտքից ու Կալիֆորնիայից բարակ սոճին (Pinus attenuata) իր երկու կարճ հաստ ասեղներով և մանր, ծուռտիկ կոներով, որոնք տարիներով չեն բացվում: Ճապոնիայում սոճու հիմնական տեսակներն են Տուբերգի սոճին (Pinus thunbergii) և խտածաղիկ սոճին (Pinus densiflora), որոնք հաճախ կիրառում են բոնսայիների համար (գաճաճ բույսեր աճեցնելու արվեստ):
Որոշ սոճիների պտուղները արժեքավոր ընկուզեղեն են և ուտելի: Իսկ սերմերը հարուստ են յուղով: Օրինակ Միջերկրականի սոճիներից ամենաօրիգինալը իր տեսքով իտալականն է կամ Պինեան (Pinus pinea), որը նույնպես արժեքավոր ուտվող պինոլա ընկույզ տվող ծառ է : Նաև մեծ, համեղ և օգտակար ընկույզ է տալիս Ժերարդա սոճին, այն աճում է Հիմալայներում, և մայրի սոճիները (մայրու փռվածք, սիբիրյան մայրի,մանչժունյան մայրի), որոնք հսկայական տարածություն են զբաղեցնում Ռուսաստանի հյուսիս արևելքում: Սոճիների որոշ տեսակներ վերանում են և այդ պատճառով հայտնվել են կարմիր գրքում: Դրանք են Պիցունդայի սոճին (Pinus pithyusa), կավճյա սոճին (Pinus sylvestris) և մի քանի ուրիշ տեսակներ:
Պետք չէ թերագնահատել այն օգուտը, որ այս բույսը տալիս է մարդուն: Միասեռ փափուկ սոճու փայտը հրաշալի մշակվում է , սոսնձվում, փայլեցվում և ներկվում, այդ պատճառով նա անփոխարինելի շինանյութ է :
Լինելով դեկորատիվ փայտատեսակ , սոճին լայնորեն բազմացվում է շատ երկրներում և ունի տարբեր տեսակներ:
Պուանսետիա (Մոլոչայ,էուֆորբիա)
Սա պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին և ունի 2000-ից ավելի տարատեսակ: Շատ տեսակներ աչքի են ընկնում իրենց մեծությամբ և այդ պատճառով նրանց հնարավոր չէ տանը բազմացնել: Տանը աճեցվող մոլոչայը կամ էուֆորբիան (euphorbia) սիրված բույս է, քանի որ երկարակյաց է, օրիգինալ տեսք ունի և պահանջկոտ չէ: Կտրվելիս նրանց ցողունից դուրս եկած կաթնահյութը թունավոր է:
Այն եկել է
Աֆրիկայից, Ամերիկայից,Մադագասկարից:
Մոլոչայի ոչ բոլոր տեսակներն են ծաղկում տնային պայմաններում, օրինակ` Գեղեցկուհի մալոչայը /պուանսետիան/ կամ Միլիա մոլոչայը հեշտությամբ ծաղկում են ամեն տարի, իսկ տիրուկալի կամ խոշորակոտոշ մալոչայները հազվադեպ են ծաղկում տան պայմաններում:
Ծաղկելուց հետո պուանսետիան կտրտում են մինչև 10-12 սմ, տեղափոխում են հով և ստվերոտ տեղ ,քիչ են ջրում: Մայիսի կեսերին հողը փոխում են ,տեղափոխում լուսավոր տեղ և պարբերաբար ջրում: Որպեսզի այն ծաղկի Նոր տարուն, սեպտեմբերի վերջից 2 ամիս այն 13-14 ժամ պետք է պահել մթության մեջ:
Խնամք
Ամռանը 20-25 աստիճան ցելսիուս ջերմաստիճան, ձմեռը` 12-16
Պայծառ լուսավորություն և ամռանը ,և ձմռանը:
Ջրել չափավոր գարնանը և ամռանը, պակասացնել ջրելը ձմռանը: Աճի ընթացքում հողը չպետք է ամբողջովին չորանա:
Մոլոչայը չոր օդի նկատմամբ կայուն է,բայց երբեմն գոլ ջրով կարելի ցողել,դա շատ օգտակար է: Աճի և ծաղկման ժամանակ հողը երկու շաբաթը մեկ պետք է պարարտացնել: Երտասարդ բույսերը ամեն տարի պետք է վերատնկել,իսկ տարիքովները ` 2-3 տարին մեկ:
Վնասատուներն են `սպիտակաթևիկը, ուտիճը և ալյուրաճիճուն:
Գվիանական Կուրուպիտա (լատ.Couroupita guianensis)
Ընտանիքը. Երկշաքիլավորներ
Հայրենիքը. Հարավային Ամերիկայի արևադարձային հատվածը:
Սա անձրևային անտառներին հատուկ ծառ է և բնական պայմաններում հասնում է 25մ բարձրության, ծածկված է ճյուղերի ծայրերին աճող սրածայր տերևներով: 1-2 մետր երկարությամբ ցողունները հայտնվում են անմիջապես մուգ շագանակագույն կեղևից` ծածկելով ծառի բունը և հիմնական ճյուղերը: Այդ երևույթը կոչվում է բնածաղկում (հունարեն` ծառի բուն և լատիներեն` ծաղիկ բառերից: Սա անմիջապես բնի և հաստ ճյուղերի վրա ծաղիկների, ապա նաև պտղի առաջացումն է բութագրում) և հատուկ է արևադարձային որոշ պտուղների, ինչպիսիք են ջեքֆրութը, կուպուասուն և ուրիշներ:

Զարմանալի տեսարան է.մոմանման ծաղիկներով կախված ցողուններ, որոնք ունեն վարդագույն և դեղնավուն երանգներ, քաղցր բույր և որոնց վրա հավաքվում են չղջիկները:
Նարնջագույն, կարմիր կամ վարդագույն հոտավետ մոմանման ծաղիկները աճում են ցողունին` կազմելով մինչև 3մ երկարությամբ վրձնանման ծաղկաբույլ: Այնուհետև ձևավորվում են 20սմ տրամագծով կլոր պտուղները, որոնք կախվում են երկար, փայտացած ծաղկաբերների վրա:
Ծառի անգլիական անվանումը` Cannonball Tree է, որը թարգմանաբար նշանակում է “թնդանոթի արկերի ծառ”, ինչը ցույց է տալիս ծառի արտաքին տեսքը և պտուղների մեծությունը, ինչպես նաև ծառի տակ զբոսնելու վտանգը: 8-9 ամիս հասունանալուց հետո նրանք ընկնում են և հաճախ գետնին կպնելուց կոտրվում են` բացելով տհաճ հոտով, սպիտակ, դոնդողանման մրգամիսը:Որոշ տվյալների համաձայն` այդ պտուղները կարելի է ուտել, սակայն նաև կարծիք կա, որ դրանք ալերգիա են առաջացնում: Պտուղների ամուր կեղևից պատրաստում են տարբեր տնային պարագաներ:
Էուստոմա,Լիզանտուս կամ “իռլանդական վարդ”
Էուստոմա,Լիզանտուս կամ “իռլանդական վարդ”. ահա այս հիասքանչ բույսի անվանումների ոչ լրիվ ցանկը, որին իսկապես կարելի է ոչ սովորական վարդի տեղ դնել:
Էուստոման պատկանում է երկշաքիլավորների ընտանիքին, նրա հայրենիքը Կենտրոնական Ամերիկան է, որտեղ տաք և խոնավ կլիմա է: Սա հարկավոր է անպայման հաշվի առնել բույսը տանը կամ այգում աճեցնելու ժամանակ:
Էուստոմայի ծաղիկները տարբեր գունավորում են ունենում `պարզից մինչև թավշյա, իսկ ձևը հիշեցնում է վարդին:
Էուստոմայի տերևները էլիպսաձև են, մոմանման և թույլ մոխրագույն երանգով: Լիզանտուսի տարբեր տեսակներ հասնում են 50-70 սմ: Կան նաև կարճ աճող տեսակներ, որոնք հասնում են 30սմ, դրանք կարելի է աճեցնել տանը` թաղարի մեջ:
Էուստոմայի ժամանակակից հիբրիդներն ու տեսակները.
Ամեն տարի վաճառքի են հանվում Էուստոմայի տարատեսակների ավելի շատ սերմեր: Այժմ Լիզանտուսը հասանելի է ոչ միայն մասնագետ բուսաբաններին, այլև սիրողական ծաղկաբույծներին:
Վաճառվում են նաև Էուստոմայի բազմագույն ծաղիկներով փնջեր և ծաղկող բույսը թաղարի մեջ:

Էուստոմայի աճեցումը պաշտպանված հողում և այգում.
Էուստոման կարելի է աճեցնել որպես բազմամյա, երկամյա կամ միամյա բույս:
Արտադրական պայմաններում լիզանտուսն աճեցնում են փնջերի համար, այն համեմատվում է մեխակի աճեցման հետ: Բույսը հասցնում են ծաղկման, կտրատում և հետո արմատներից աճեցնում բույսի ծաղիկների նոր սերունդ:
Տնային պայմաններում լիզանտուսի ծաղիկները ծաղկելուց հետո կտրում են, իսկ բույսի վերականգնումը նույնն է: Ամռանը Էուստոման կարելի է աճեցնել դրսում` տնկելով այն ստվերում:Սակայն պետք է հաշվի առնել, որ նա սիրում է տաք, խոնավ և թարմ օդ: Այդ պատճառով բույսը ավելի լավ է աճում ջերմոցներում և ձմեռսյին այգիներում, որոնք հաճախ պետք է օդափոխել: Բույսը սիրում է պայծառ ու ցրված լուսավորություն:
Հանգստի ժամանակ լիզանտուսը համակերպվում է լույսի պակասի հետ
Ակտիվ աճի և ծաղկման շրջանում լիզանտուսի համար ամենագերադասելի ջերմաստիճանը 20-25 աստիճանն է, իսկ ձմռանը այն կարելի պահել 10-15 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանում:
Լիզանտուս աճեցնելու ժամանակ հարկավոր չէ մեծ թաղար օգտագործել, և թաղարի հատակին անհրաժեշտ է մի շերտ դրենաժ լցնել:
Լիզանտուսի հողը պետք է լինի տորֆային, թեթև և ավելացվի մի քիչ փայտածուխ: Էուստոմայի խնամքում ամենաբարդը ջրելու ճիշտ ռեժիմն է: Հողը հարկավոր է խոնավ պահել, բայց ոչ թաց:
Լիզանտուսի լավ ծաղկման համար անհրաժեշտ են նաև պարարտանյութերը, որ ամեն շաբաթ տալիս են բույսի աճի ընթացքում:
Պենտաս – Pentas
Տորոնազգիների ընտանիք, որի մեջ մտնում են երկշաքիլավորների դասին պատկանող բույսեր`թփեր, խոտաբույսեր,ծառեր,լիաններ (Rubiaceae):
Հայրենիքը`Աֆրիկա
Ծաղկում է գարնանից աշուն:
Աճը` Արագ:
Լույսը` պայծառ, բույսը սիրում է արևի ուղիղ ճառագայթներ, ստվերը կարող է պետք գալ միայն ամռան ուժեղ շոգին:
Ջերմաստիճանը` գարնան և ամռան ամիսներին 20-25°С: Աշնան-ձնռան ամիսներին ցանկալի է բույսի համար ստեղծել զով ջերմաստիճան (մոտ 16°С, ոչ ցածր քան 10°С) :
Ջրելը` գարնան և ամռան ամիսներին առատ, հողի վերին շերտը չորանալու ժամանակ, իսկ աշնան-ձմռան ամիսներին ջրելը կրճատում են:
Օդի խոնավությունը`ամբողջ ժամանակ ցանկալի է պահել օդի խոնավությունը ոչ ցածր քան 60%-ը:
Պարարտացումը` գարնան-ամռան ամիսներին երկու շաբաթը մեկ պարարտացնում են ազոտի հարստացմամբ կոմպլեքս պարարտանյութերով:
Հանգստի ժամանակը`տան պայմաններում` հոկտեմբերից փետրվար: Լուսավորության և օդի խոնավության նվազման հետ բույսին տեղավորում են լուսավոր տեղ և չափավոր ջրում:
Տեղափոխումը` երիտասարդ բույսերին ամեն տարի, մեծերին`երկու տարին մեկ :
Բազմացումը` սերմերով և կտրոններով:
Տորոնազգիների(Rubiaceae) ընտանիքի Պենտաս տեսակը (Pentas) մոտ 50 տարատեսակներ ունի: Դրանք տարածված են արևադարձային և մերձարևադարձային Աֆրիկայում, Մադագասկար կղզում:
Մշտականաչ թփերն ու խոտաբույսերն ունեն պառկած կամ ուղիղ ցողուններ,տերևները ձվաձև կամ սուր են: Ծաղիկները հավաքված են հովանոցաձև ծաղկաբույլի մեջ` վերևում: Բնակարաններում նրանք կարմիր, վարդագույն, սպիտակ և մանուշակագույն ծաղիկներով գեղեցիկ բույսեր են: Մշակվում է տարածված մի տեսակը P. lanceolata (P. carnea):
Բնակարանային ծաղկաբուծության մեջ հիմնականում աճեցնում են նշտարաձև Պենտասը (Р. lanceolata):Բույսը կարելի է աճեցնել բոլոր լուսավոր պատուհաններին, բացի հյուսիսայինից, ընդհանուր օգտագործման սենյակներում, հով ձմեռային այգիներում և ամռանը `դրսում:
Նշտարաձև Պենտաս(Pentas lanceolata (Forssk.) Deflers): Հոմանիշը` խոտային Պենտաս(P. carnea): Հայրենիքը `արևադարձային Աֆրիկա: Թուփ կամ թփանման բազմամյա խոտաբույս, հիմքի մասում փայտացած: Պարբերաբար ձևավորման դեպքում հասնում է 50 սմ: Տերևները բաց կանաչ են, նշտարաձև , 5-7սմ երկարությամբ, աղվամազոտ: Ծաղկաբույլը վահանաձև է, 10սմ տրամագծով, կախված տեսակից սպիտակ, վարդագույն, կարմիր և մանուշակագույն ծաղիկները խողովակաձև են աստղանման ծայրով: Ծաղկում է գարնանից աշուն:
Բույսը հակված է երկարելու և մերկանալու, այդ պատճառով ցողունի ծայրը ժամանակ առ ժամանակ հարկավոր է կսմթել: Ցողունների ծայրերը հաճախակի կսմթում են ճյուղավորումն արագացնելու համար: Լավ կլինի թույլ չտալ Պենտասին աճել 45սմ-ից ավել: Կսմթումից ստացած կտրոնները կարելի է օգտագործել արմատակալման համար: Ցանկալի է երկու-երեք տարի հետո Պենտասը կտրոնների օգնությամբ նորացնել: Եթե ցանկանում եք, որպեսզի բույսը ծաղկի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, ապա հեռացրեք ժամանակից շուտ հայտնված կոկոնները:
Հնարավոր դժվարությունները`
Ոչ բավարար լուսավորության դեպքում Պենտասը ձգվում է և կորցնում իր կայունությունը: Բույսը պահանջում է հարստացված հող, բայց զգայում է հողում աղերի ավելցուկի նկատմամբ:
Հողի չորանալու, ազոտի և հատկապես երկաթի պակասության դեպքում տերևները դեղնում են: Հավանական վնասատուներն են սարդոստայնային տիզը և ուտիճը:
Ավելացնենք նաև, որ Տորոնազգիներին պատկանող Տորոն բույսի արմատից ալիզարին ներկանյութն են ստանում, որը ժամանակին շատ հարգի էր և բույսը հատուկ մշակում էին այդ ներկանյութի համար:
Անանաս
Բույսի անվանումն առաջացել է նրա հարավամերիկյան տեղական անվանման փոփոխված ձևից: Այս ընտանիքի մեջ հավաքված են 8 տեսակներ, որոնք տարածված են Բրազիլիայում, Պարագվայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, ինչպես նաև լայնորեն աճեցվում են երկու կիսագնդերի արևադարձային և մերձարևադարձային շրջաններում: Բույսը ճանաչված է XVII դարի կեսերից:
Բնակարանային պայմաններում հիմնականում աճեցվում է անանասի մի տեսակը: Դա հողին կպած բույս է, շատ կարճ ցողունով և կոշտ, ուղիղ տերևների վարդակով: ‘Variegatus’ ձևի տերևները գծավոր, կանաչա-կրեմագույն են և պայծառ լույսի տակ դառնում են վարդագույն: Ծաղկելուց հետո առաջանում է հյութալի, մսեղ, ոսկեդեղնավուն պտուղ, որը հիշեցնում է “կոն”: Պտուղի ծայրին շարունակում է աճել հիմնական առանցքը և ձևավորվում է կարճ վերին ճյուղը`”սուլթանը”: Պտուղը հասունանում է 4,5-5 ամսում:
Խորհուրդ է տրվում բույսն աճեցնել հարավային և հարավարևմտյան պատուհաններին, ոչ ստվերոտ և լավ օդափոխվող սենյակներում:
Անանասի A. comosus (L.) Merr. տեսակը հասնում է մինչև 1 մ. բարձ. և ունենում է մինչև 2 մ տրամագիծ:
Լուսավորությունը.
Պայծառ լույս
Ջրելը.
Աճման շրջանում առատ ջրում են և ցողում, սնուցում` օրգանական և հանքանյութերով պարարտանյութերով, իսկ աշնանից աստիճանաբար նվազեցնում են ջրելը:
Օդի խոնավությունը.
Չափավոր, իսկ աճի ժամանակ խորհուրդ է տրվում ցողել բույսը:
Խնամքը.
Գարնանն ու ամռանը 2-3 շաբաթը մեկ պարարտացնել:
Բազմացումը.
Գարնան կեսերից մինչև ամառվա կեսերը, ճյուղերով, 24С ջերմաստիճանում:
Բացի դրանից, անանասը կարելի է աճեցնել տանը, խանութից գնած անանասից: Դրա համար անհրաժեշտ է վերցնել հասած անանաս, զգուշորեն պտտեցնելով առանձնացնել տերևներով վերնամասը: Վերին մասը թողնել չորանա օդափոխվող սենյակում 5 օր, ինչի շնորհիվ փակվում են անոթները և թույլ չեն տալիս զարգանալու տարբեր մանրէների: Հետո հեռացնել ներքևից 15-20 տերևիկներ, ավելի լավ կլինի մեկ-մեկ: Նրանք կառանձնանան պարույրաձև: Եթե տեսնեք տերևների արանքում փոքրիկ կոճղիկներ, աշխատեք չվնասել: Եթե արդեն տերևիկները հեռացված են և կոճղը `մերկացած, վերին մասը թողեք ևս 2-3օր, բայց դա պարտադիր չէ: Ամենահաճախ պատահող խնդիրն այն է, որ մինչ արմատներ տալը կոճղը փտում է: Կարելի է վերին մասի վրա ածուխ լցնել (կարելի է նաև դեղատներում վաճառվող ակտիվացված ածուխը):
Հողի բաղադրությունը պետք է լինի այնպիսին, ինչպես բրոմելիաների համար է նախատեսված, նախընտրելի է պլաստիկ թաղարը: Անանասը լույսի կարիք ունի, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթների: Հողը պետք է լինի խոնավ, բայց ոչ թաց: 6-8 շաբաթից անանասը պիտի արմատակալի, այդ ժամանակ նրան չպետք է պարարտացնել և շտապել, ընթացքը կարող է տևել 3 ամիս: Երբ ի հայտ կգան նոր` բաց կանաչ տերևներ, անանասը կարելի տեղափոխել ավելի մեծ թաղարի մեջ: Այդ ժամանակ անանասին անհրաժեշտ է ավելի շատ լույս` 6-8 ժամ արևի ուղիղ ճառագայթներ:Հարկավոր է պարարտացնել ամիսը մեկ: Մեկ տարի հետո անանասը կունենա ուժեղ զարգացած արմատներ և նրան կարելի է նորից տեղափոխել:
Անհրաժեշտ է հիշել, որ անանասը խոնավասեր է, բայց լավ դրենաժի կարիք ունի:
Հնարավոր դժվարությունները
Ալրացող որդը, տերևների ծայրերի չորանալը չոր օդով սենյակներում:
Լուսանկարներ
![]() |
||
![]() |
||
Օձաբույս (Aspidistra)
Օձաբույսի տեսակին են պատկանում (Aspidistra) շուշանազգիների ընտանիքից 8 դեկորատիվ-սաղարթավոր տեսակներ: Այդ մշտադալար բույսի հայրենիքը Արևելյան Ասիան է: Օձաբույսը բնական պայմաններում աճում է հով և ստվերոտ անտառներում:
Aspidistra թարգմանվում է “օձի ուղեցույց” («aspidis» – օձ, «tra» –
ուղեցույց):
Հով և ստվերոտ տեղանքներում հաճախ օձեր են բնակվում և օձաբույսի մոխրագույն, խճճված արմատները նույնպես օձ են հիշեցնում: Բույսի ռուսական ժողովրդական անունը “մտերիմ ընտանիք է”:
Օձաբույսը ցողուն չունի, ճկուն է և խիտ: Խիտ և կիսով չափ հողի մեջ խրված արմատներից ուղղահայաց դեպի վեր են աճում փայլուն տերևները:
Որպես բնակարանի բույս աճեցնում են միայն մի տեսակ `բարձրահասակ օձաբույսը (Aspidistra elatior Variegata ): Օձաբույսի դեկորատիվ այս տեսակի տերևները սպիտակ կամ կրեմա-դեղնավուն երկարավուն գծեր ունեն:
Ծաղկում է հազվադեպ (սովորաբար ամռանը) և ընդամենը մեկ օր: Ծաղիկները անմիջապես արմատի վրա են և գրավչությամբ չեն փայլում: Ծաղիկների արհեստական փոշոտումից հետո առաջանում են բավականին խոշոր պտուղներ ներսում միայն մեկ սերմով:
Օձաբույսի հիմնական արժեքը նրա պահանջկոտ չլինելն է և ստվերասիրությունը: Այն իդեալական է հյուսիսային սենյակների պատուհանների համար, քիչ լուսավորությամբ բնակարանները զարդարելու և արհեստական լուսավորվող գրասենյակները կանաչապատելու համար:
Օձաբույսը չի տառապում խոնավության ավելցուկից կամ պակասից, նրան հարկավոր չէ պարարտացնել: Այդ պատճառով այս բույսը խորհուրդ է տրվում պահել սկսնակ ծաղկաբույծներին և բոլորին, ովքեր ժամանակ չունեն բույսերով զբաղվելու:

Օձաբույսն ունի բուժիչ հատկություններ և իր հայրենիքում լայն տարածում ունի ժողովրդական բժշկության մեջ: Նա միզամուղ է և հակաբորբոքային հատկություններ ունի: Բույսի բոլոր մասերը պարունակում են բուժիչ նյութեր: Նրանց թուրմերը օգտագործում են ցնցումների, աղեստամոքսային հիվանդությունների, փորլուծության, մկանային ցավերի և միզարտադրող օրգանների քարերի դեպքում:
Օձաբույսի խնամքը
Լուսավորությունը. բույսը կարող է աճել սենյակի խորքում, պատուհաններից հեռու, մի փոքր լույս է սիրում բույսի խայտաբղետ տեսակը: Ամռանը բույսն իրեն լավ է զգում պատշգամբում:
Ջերմաստիճանը. կարելի աճեցնել սովորական բնակարանային պայմաններում, այն հատուկ ջերմաստիճանային ռեժիմ չի պահանջում: Ձմռանը լավագույն ջերմաստիճանը 10-12°C, բայց լավ է աճում նաև 20°C դեպքում:
Ջրելը. չի կարելի թույլ տալ, որ հողը չորանա, բայց ջրի ավելցուկը թաղարում ցանկալի չէ:
Օդի խոնավությունը. բնակարանային սովորական պայմաններում օձաբույսը իրեն լավ է զգում, բայց տերևների փոշին անպայման պետք լվանալ:
Պարատացնելը. գարնանն ու ամռանն օձաբույսին տալիս են լրիվ միներալներով պարարտանյութ ոչ հաճախ քան ամիսը մեկ: Խայտաբղետ տեսակները չեն պարարտացնում, քանի որ դրանից խայտաբղետ տերևները կանաչում են:
Տեղափոխումը. դանդաղ է աճում, տարին աճում են մոտ հինգ տերև: Բույսը վերատնկում են ոչ հաճախ, երբ ամբողջ հողը լցվում է արմատներով, լավագույնը ապրիլ-մայիս ամիսներն են: Տարիքով բույսերի միայն հողի վերին շերտն են փոխում: Չի կարելի արմատները լրիվ խրել հողի մեջ:
Հողը. օձաբույսը պահանջկոտ չէ հողի նկատմամբ և լավ աճում է բանջարանոցային կամ այգու հողում:
Բազմացում. իրենից դժվարություն չի ներկայացնում,բազմացնում են տեղափոխման ժամանակ արմատը բաժանելով: Ապրիլ-մայիս ամիսներին արմատները բաժանում են մասերի 3-5 տերևներով, ծածկում փայտածուխով: Առանձին մասերը տնկում են թաղարների մեջ: Արմատակալման ժամանակ հողի ջերմաստիճանը չպետք է ցածր լինի 18°C:


Վնասատուները. հաճախ օձաբույսը վարակվում է վահանակիրով և ոստայնատիզով: Ուժեղ վարակի դեպքում բույսը պետք է մշակել կարբոֆոսով կամ ֆուֆանով:
Արևադարձ,heliotropium
Պատկանում է գաղտրիկազգիների ընտանիքին: Հայրենիքը Պերուն է:Մշտադալար կիսաթուփ է, որը Երևանի պայմաններում կարող է ձմեռել միայն ջերմատներում և բնակարաններում:Տերևները անհարթ են, ունեն կնճռոտ տեսք, մանրիկ, կոշտ մազմզուկներ: Ծաղիկները շատ փոքր են, վահանակի տեսքով իրար կողքի խիտ դասավորված, մուգ կամ թավշամանուշակագույն, դուրեկան վանիլի բուրմունքով: Իր բուրավետ մանուշակագույն ծաղիկների շնորհիվ բույսը կարելի է հանդիպել ինչպես ծաղկային ձևավորումներում, այնպես էլ պարտեզներում ու բնակարաններում:
Բազմացվում է կտրոններով և սերմերով:
Թփին կիսաբնի տեսք տալու նպատակով, անհրաժեշտ է թողնել, որ բույսի գագաթը աճի, իսկ կողքից դուրս եկող շիվերը հեռացնել:Երբ շիվերից մաքրված բունը հասնում է ցանկալի բարձրության, անհրաժեշտ է թողնել 5-8 շիվ, ապա բույսը ծերատել 2-3 անգամ: Այդ գործողությունից հետո բույսի պսակը գնդի ձև է ստանում:Ձմռանը վաղ ծաղկեցման նպատակով, առանձնացված բույսերի վրայից անհրաժեշտ է հեռացնել ամռանը աճած բոլոր ծաղկակոկոնները:
Ամրենի(ոսկեշիվ), Solidago)
Պատկանում է բարդազգիների ընտանիքին: Բազմամյա է, մեր պայմաններում առանց ծածկույթի ձմեռում է բաց գրունտում: Տարբեր տեսակների բարձրությունները տատանվում են 0,4-2,0 մ-ի սահմաններում: ՍոլիդագոSolidago) – ոսկեշիվի բուսաբանական անվանումն է, այն լատինական solidus բառից է առաջացել, որ նշանակում է ամուր և ago`առողջացնող: Ոսկեշիվը իր պատմական հայրենիքում, Հյուսիսային Ամերիկայումհնուց օգտագործվել է որպես դեղաբոյս: Ամերիկյան հնդիկները հավատում էին բույսի հակամանրեային, վերքը բուժող, ցավազրկող հատկություններին(ժամանակակից բժշկությունը այդ հատկությունները մասամբ հաստատում ): Ոսկեշիվը Եվրոպա է մուտք գործել մոտ 200 տարի առաջ: Մշակության մեջ տարածված է կանադական ամրենին(S.canadensis L), որի բարձրությունը հասնում է 1-2 մետրի:Ծաղիկները շատ մանր են, միասին խմբված կազմում են հուրանավոր ծաղկաբույլեր, որոնք կտրված վիճակում ջրի մեջ դիմանում են 10-14օր:ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին: Ծաղիկը մեղրատու է, ունի թեթև բուրմունք: Բույսը լուսասեր է, պետք է տնկել արևոտ հողամասերում, սննդանյութերով առատ հողում, բույսը բույսից 0,6-1.0 մետր հեռավորությոն վրա: Պահանջում է չափավոր ոռոգում:
Մշակության մեջ հաճախ հանդիպում է Շորտի ամրենին(S.Schortu Hort), որի բարձրությունը հասնում է160սմ-ի: Ծաղկում է դեղնագույն ծաղիկներով`հուլիս ամսից:Ծաղկաբույլերը խոշոր են, հուրանավոր:
Սովորական ամրենու կարճահասակ այլատեսակը(S.virgaurea nana L) տեսակը նույնպես հաճախ է հանդիպում: բարձրությունը հասնում է 40սմ, ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, դեղնականաչ ծաղիկներով: Թե երկրորդ և թե երրորդ տեսակի ծաղիկները նույնպես մեղրատու են և արձակում են թեթև բումունք:
Բազմացնում են թփերի բաժանումով վաղ գարնանը,3-4տարին մեկ, հեշտությամբ բազմանում է նաև կտրոններով և սերմերով:
Գլիցինիա աննման (Glicinia Wistaria)
Պատկանում է լոբազգիների(Leguminosae) ընտանիքին: Հայրենիքը Չինաստանն ու Ճապոնիան է: Ամենագեղեցիկ փաթաթվող բույսերից մեկն է, որի բարձրությունը հասնում և անցնում է 6մ-ից: Երևանի պայմաններում առանց ծածկոցի բավական հաջող է ձմեռում, բացառությամբ արտակարգ ցուրտ ձմեռների, երբ մասամբ ցրտահարվում է: Ունի ամուր, ճկուն ցողուն, որի խիտ ճյուղերը գարնանից ծածկվում են գեղեցիկ փետրավոր տերևներով: Բույսի սաղարթը իր դեկորատիվության գագաթնակետին է հասնում, երբ զանգվածային կարգով բացվում են երկնակապտավուն ծաղկաողկույզները, որոնք անզուգական կոնտրաստ են առաջացնում տերևների գեղեցիկ մոզաիկայի հետ: Եթե այս բոլորին ավելացնենք գլիցինայի ուժեղ բուրմունքը, ապա պատկերը կատարյալ կլինի:
Մշակության մեջ հանդիպում է չինական գլիցինան, որը բազմանում է արմատածիլերով, անդալիսով և կտրոննորով`ջերմատանը: Օգտագործվում է շենքերի պատերը, տաղավարները, պատշգամբները ծածկելու և գեղեցկացնելու համար:
Ծաղկումը դադարելուց հետո բույսի տարեկան կողային շիվերը անհրաժեշտ է կտրել իրենց երկանքի մեկ երրորդի չափով, որպեսզի ծաղկաբողբոջներն հնարավորություն տալ ավելի լավ զարգանալու: ծաղիկները կտրված վիճակում չեն օգտագործվում, քանի որ շատ շուտ են թառամում: Նախընտրում է լուսավոր, տաք հողամասեր, սննդանյութերով հարուստ հողեր, առատ խոնավություն, սակայն աշնանը ոռոգումը շուտ պետք է դադարեցնել, որպեսզի միամյա շիվերը փայտանան և բույսը դիմանա սառնամանիքին:
Թանձրատերևուկ(փողի ծառ), Crassulla
Պատկանում է թանձրատերևազգիների( Crassullaceae) ընտանիքին: Հայրենիքը Հարավային Աֆրիկան է: Ունի շատ տեսակներ, որոնց թե ցողունը և թե տերևները հաստ են, մսոտ, ծաղկաբույլերը հուրանավոր կամ կիսահովանոցաձև, ծաղիկները` փոքր, սպիտակ կամ վարդագույն: Բազմանում են սերմերով, կտրոններով և տերևներով:
Սպիտակ կաթնագույն թանձրատերևուկը( Crassulla lactea) ծաղկող է, բարձրությունը հասնում է 30սմ-ի: Ծաղկաբույլերը հուրանավոր են, սպիտակ, բուրավետ ծաղիկներով: Սենյակային պայմաններում 14-15 աստիճան ջերմության դեպքում ծաղկում է ամբողջ ձմռանը`մինչև գարուն: Տերևները հակառակ ձվաձև են, սուր ծայրերով, հաստ են, մսալի, ներքևի մասով կպած են միմյանց, եզրերի վրա նկատվում են սպիտակ մանրիկ կետեր:
Գետնամամռաձև թանձրատերևուկը( Crassulla Lycopodioides Lam) աչքի է ընկնում ոչ բարձր, բարակ կանաչավուն ցողուններով, որոնք ծածկված են կղմիդրաձև, քառաշարք դասավորված, թեփուկանման տերևիկներով: Ծաղիկները փոքր են, սպիտակ-դեղնավուն: Թփիկը հատուկ ձև չունի, աճում է ինչպես պատահի:
Բոլուզիի թանձրատերևուկը( Crassulla Bolusii) նրբագեղ, փոքրիկ բույս է, որի ցողունների երկարությունը չի անցնում 10-15սմ-ից: Ծաղկում է նաև ձմռանը`սպիտակ, մանր ծաղիկներով: Ցողունիկները ծածկված են սպիտակ մազմզուկներով: Տերևները նշտարաձև են, հակադիր դասավորությամբ, բաց կանաչավուն են, ծածկված մուգ կանաչավուն բծերով, թարթիչանման մազմզուկներով: Բնակարաններում օգտագործվում է որպես կախվող բույս:
Թանձրատերևուկը լավ է աճում այնպիսի հողախառնուրդում, որը կազմված է 2 մաս այգու հողից, մեկ մաս տերևահողից, մեկ մաս հին, փտած գոմաղբից և մեկ մաս ավազից: Ամռանը պահանջվում է չափավոր, իսկ ձմռանը ավելի պակաս ոռոգում:
Սիրածաղիկ(Agapanthus)
Պատկանում է շուշանազգիների ընտանիքին: Հայրենիքը հարավային Աֆրիկան է,Բարեհուսո հրվանդան.բազմամյա խոտաբույս է, տերևները ժապավենաձև են, գոգավոր, աճում են բույսի արմատավզիկի մոտից: Արմատները հաստ են ու մսոտ:Ամառվա կեսերին աճում են նետանման ուղիղ կանգնած ծաղկասլաքներ, որոնք վերջանում են 20-ից մինչև 200-ի հասնող բաց կապտավուն ծաղիկներով:Որպեսզի բույսը լավ աճի և առատորեն ծաղկի , անհրաժեշտ է առնվազն տարին մեկ վերատնկում կատարել: Յուրաքանչյուր վերատնկման ժամանակ թաղարների մեջ անհրաժեշտ է լցնել պարարտ կավաճմահողի, տերևահողի, փտած գոմաղբի և ավազի
համապատասխան խառնուրդ: Վերատնկումը հարկավոր է կատարել լայն, բայց ոչ խորը թաղարներում,զգուշությամբ, որպեսզի չվնասվեն հաստ ու մսալի արմատները:Մշակության մեջ հաճախակի հանդիպում է հովանոցաձև սիրածաղիկը, որի բազմաթիվ ծաղիկները աչքի են ընկնում գեղեցիկ սպիտակ գույներով:Բնակարաններում աճեցվող բույսերը ամռանը անհրաժեշտ է տանել դուրս
և դնել ստվերում, ջրել առատ: Սեզոնի ընթացքում խորհուրդ է տրվում մի քանի սնուցում կատարել:
Ձմռան ընթացքում բույսերը բնակարաններում կարելի է խնամել 4-6 աստճանի պայմաններում, պահանջվում է չափավոր խոնավություն և չի կարելի հաճախակի ջրել:Երևանի պայմաններում սիրածաղիկը կարող է ձմեռել բաց գրունտում, եթե ուժեղ ցրտերի ժամանակ բույսը ծածկեք կիսատակառներով և գոմաղբի շերտով: Բազմացվում է սերմերով:
Բույսերը մարդկանցից լավ են հաշվում, բայց միայն գիշերը
Դպրոցական կենսաբանության դասընթացից շատերը կհիշեն` ինչ է ֆոտոսինթեզը: Երբ արևը լուսավորում է, բույսը սինթեզում է օրգանական նյութերը (օսլան և շաքարը) ածխաթթու գազից և ջրից: Բայց երբ գալիս է գիշերը, բույսերի համար դժվարություններ են ստեղծվում, քանի որ պարզ նյութերի փոխակերպումը օրգանականի և հետագա սնուցումը խանգարվում է: Բույսերը ստիպված են լինում հույսը դնել իրենց պահեստային միջոցների վրա:
Պարզվում է` նրանք նախատեսում և հաշվում են բավականին հաջող.օսլայի պահուստը բաժանում են չափաբաժինների, որոնցով սնվում են ամբողջ գիշերվա ընթացքում, մինչև արևի դուրս գալը. “Սա ֆունդամենտալ կենսաբանական գործընթացների մակարդակի վրա առաջին թվաբանական հաշվարկների համոզիչ օրինակն է “,-ասում է հետազոտությունների համահեղինակ Մարտին Հովարդը (Martin Howard),որը Ջոն Ինսի կենտրոնում ուսումնասիրում է մաթեմատիկական մոդելները:
Հովարդն ու իր թիմը կառուցել են համակարգչային մաթեմատիկական մոդել, որպեսզի ուսումնասիրեն, թե ինչպես է բույսերին հաջողվում անց կացնել գիշերը, նաև շարունակել աճել օրվա մութ ժամերին: Օրինակի համար նրանք վերցրել են դասական բույս ` Arabidopsis thaliana (резуховидку), որը խոտաբույս է կաղամբազգիների ընտանիքից:

Փորձը ցույց է տվել, որ ֆոտոսինթեզի ընթացքում բույսերը օսլան և շաքարը պահեստավորում են “սև օրվա” համար:Գիշերը պահեստավորված նյութերը սկսում են օգտագործվել: Բույսը դրանք բաժանում է հստակ չափաբաժինների և հաշվում, որ իրեն բավարարեն մինչև առավոտ, ավելին, այդ մեխանիզմն աշխատում է, երբ գիշերը սովորականից շուտ է գալիս և պահեստը քիչ կամ շատ է լինում:
Այնպիսի զգացողություն է, որ բույսն իրոք թվաբանական բաժանում է կատարում, որ սովից չմեռնի:
“Մաթեմատիկական հաշվարկ կատարելու ունակությունը կյանքի անհրաժեշտություն է բույսի համար: Այդ գործընթացի հետ ծանոթանալը թույլ կտա ոչ միայն զարգացնել կենսաբանական տարբեր ճյուղեր, այլև լավացնել տարբեր կուլտուրաների բերքատվությունը”, – կարծում է մետաբոլիզմի ոլորտի փորձագետ, կենսաբան Էլիսոն Սմիտը(Alison Smith), որը նաև հետազոտության հեղինակներից մեկն է:
Երբ գալիս է գիշերը, ամեն մի տերևի ներսում հատուկ գործողություններ են կատարվում, ինչը թույլ է տալիս բույսին չափել իր պահեստի քանակը մինչև լուսաբաց: Հետո բույսը որոշում է չափաբաժնի չափը, որը պիտի օգտագործի գիշերվա ընթացքում և այնքան ճշգրիտ, որ լուսադեմին մնում է պահեստավորած օսլայի միայն 5 տոկոսը:
“Նրանց հաշվարկները այնքան ճշգրիտ են, որ նրանք ոչ միայն պաշտպանում են իրենց սովից, այլև իրենց մշակած օրգանական նյութերը օգտագործում են առավելագույն օգուտով և արդյունավետությամբ: Եթե նրանք ծախսել են պահեստավորվածը համեմատաբար արագ, ապա առավոտյան կլինեն քաղցած, իսկ եթե կերակրվել են չափազանց դանդաղ, ապա կերակրի մի մասը ավելորդ կլինի և անիմաստ արտադրված”,— պատմում է Սմիտը մամուլի հաղորդագրության մեջ:
Մաթեմատիկական մոդելը ցույց է տվել նաև, թե հատկապես ինչպես են բաշխվում պահեստավորված նյութերը: Գիտնականները հասկացել են, որ “մաթեմատիկական հաշվարկները” կատարվում են մոլեկուլների մակարդակով:Չափաբաժիններ բաժանման և դրանց օգտագործման գործընթացը կարգավորվում է երկու տեսակի մոլեկուլների միջոցով: Գիտնակաների կողմից պայմանական անվանված S մոլեկուլը (starch — օսլա), ներկայացնում է պահետավորվածի քանակի մասին տեղեկություն, իսկ T մոլեկուլը `(time — ժամանակ) հաղորդում է , թե որքան է մնացել լուսաբացին: S մոլեկուլներն օգնում են իրացնելու պահեստը, իսկ T -երը չեզոքացնում են այդ գործընթացը:
Մոդելը հաշվի է առել նաև սպիտակ գիշերները, երբ Arabidopsis thaliana-ն կարող է վերսկսել օսլայի արտադրությունը: Այդ ժամանակահատվածներում բույսը կարգավորում է սննդարար նյութերի գործածումը, հաշվի առնելով, որ դեռ ժամանակ կունենա ցերեկը լրացնել իր պահեստները:

Կենսաբանները գտել են, թե որ սպիտակուցներն են մասնակցում S -ն T-ի վրա բաժանման սիստեմում, քանի որ այդպիսի հատկությունները պայմանավորված են միայն գենետիկակական կոդի հատուկ կառուցվածքով:Պարզվել է, որ PWDգենի մեջ մուտացիան կարգավորում է օսլայի իրացման գործընթացը և կարևոր դեր է խաղում բույսի թվաբանական հաշվարկներում:
Իհարկե, բոլոր այս գործընթացները բնական են ընթանում և պայմանավորված չեն իրական մաթեմատիկայով: Բույսերը, լինելով բարդ բազմաբջիջ օրգանիզմ, ունեն իրենց որոշակի կենսաբանական համակարգը, որը բիոդաշտում ապահովում է հարմարավետ և երկարատև գոյատևում : Այնուամենայնիվ, կենսաբանական գործընթացների աշխատանքը ուսումնասիրելու համար մաթեմատիկական մոդելների ստեղծումը սկզբունքային նոր մոտեցում է, որը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ բույսերի ապրելակերպը:
Հոդվածը, որը նկարագրում է հետազոտության արդյունքները, կհրապարակվի eLIFE-ում: Մինչ այդ աշխատանքի արդյունքները կարելի է կարդալ arXiv.org կայքում հրապարակված հոդվածում:




























