”CPS OIL CORPORATION” LLC-ը չի բանակցում «Ռոսնեֆտ» ընկերության հետ

''CPS OIL CORPORATION''Հարգելի՛ լրատվամիջոցներ

Տեղեկացնում ենք ձեզ, որ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված այն լուրը, թե իբր ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը բանակցում է մեր ընկերության հետ՝ բենզալցակայանների ցանցը և մեծածախ առևտրի բազաները գնելու նպատակով, բացարձակապես չեն  համապատասխանում իրականությանը։

«CPS»–ը  ո՛չ «Ռոսնեֆտի», ո՛չ էլ որևէ այլ կազմակերպության կամ անհատի հետ նման գործարքի  շուրջ չի բանակցում և մտադրություն էլ չունի  բանակցելու։

Լրագրողական էթիկայից ելնելով՝ ճիշտ կլիներ, որ օրաթերթը նախ մեզ հետ ճշտեր իր  ունեցած «հավաստի տեղեկության» հավաստիությունը, ապա  նոր միայն հրապարակեր այն։

Ինչ վերաբերում է 1992–ին հիմնադրված մեր բիզնեսին, ապա «CPS»–ը  հեղուկ վառելիքի շուկայում իր գործունեությունից հրաժարվելու նպատակ չունի։ Ավելին՝ մենք աշխատում ենք զարգացման և ընդլայնման ուղղությամբ։

«CPS» հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Չինարեցի Նարեկը փակեց այն կածանը, որը տուն չվերադարձրեց Կարեն Պետրոսյանին

կարեն պետրոսյանՏավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Արտուշ Պետրոսյանի տխուր հայացքն անտառի ուղղությամբ է, որտեղից որդուն` 32-ամյա Կարենին, օգոստոսի 7-ին առևանգեց ադրբեջանական կողմը: 20 օր է անցել, արցունքն աչքերին ցամաքել է, բայց անդառնալի ցավը տանջում է հոգին, «իրեն էլ, մորն էլ չլսեց, գնաց ձմռան վառելիք բերելու»:
60684_791554010867190_7829524209730247799_nԱմառվա արևոտ օրը Պետրոսյանների ընտանիքում մթնեց դեռ չբացված: Առավոտ կանուխ Կարենին ճանապարհեցին աշխատանքի, մի քանի ժամ անց մայրը` տիկին Լենան, դիմացի բարձունքից ուժգին պայթյուն լսեց, վազեց հարևանի տուն. «Ոնց որ ական պայթեց, Կարենս չեկավ»:
Կարենի մասին գույժը ժամը 11:00-ին մոտ լսեցին: Հիմա որդու` Կարենի դպրոցական լուսանկարը սև շրջանակի մեջ է, կողքին տիկին Լենան, վիշտը սրտում սեղմած, լուռ արտասվում է:
10616275_791553864200538_2586674523193588382_nԱռավոտ շուտ, մայրը` տիկին Լենան, իր սովորության համաձայն, կոկիկ մաքրել էր տունն ու բակը, աքլոր մորթել, սառնարանում պահել, որ Կարենը անտառից վերադառնա, միասին ընթրեն …
«Բոլորը տեսել են էդ օրը Կարենին, մենակ ես չեմ տեսել, Սամվելի կինը` Օլյան…»,- արցունքն աչքերին օգոստոսի 7-ին տեղի ունեցած ողբերգական դեպքը հիշում է Կարեն Պետրոսյանի հորաքույրը` Ռոզա Պետոսյանը: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի կինը` Օլյա Սաղոյանը, առավոտյան 7:30-ին ճանապարհին հանդիպել է Կարենին, հարցրել` ուր է գնում: Կարենն ասել է, որ կացինը տանում է սրի ու փայտի գնա: «Ես ժամը 8-ին գնացի եղբորս տուն, որ Կարենին ասեմ` գնանք խոտը հնձենք, որ կարտոֆիլը հանենք, ասեցին` Կարենը գնաց փայտի… Եթե կես ժամ շուտ գնայի, կտենայի էրեխուս, կկանխեի, Կարենս փայտի չէր գնա, ղոչաղ, ղոչաղ…»,- պատմում է Կարենի հորաքույրը:
Տիկին Ռոզան նշում է, որ Կարենը չափազանց աշխատասեր էր, մի րոպե հանգիստ չուներ, որպես օրինակ մատնացույց է անում տան դիմացի հացահատիկի դաշտը. Կարենը մեն-մենակ ցորենի 2000 մետր արտը գերանդիով հնձել էր, այնուհետև կալսել, բերքը բերել տուն, ամբարել: «Գրել են սրտի անբավարարություն, Կարենը անգամ անկետա չի ունեցել, 32 տարեկան տղա էր, երբևէ առողջությունից չի գանգատվել: Դեպքից երկու օր առաջ դարձյալ մենակ, առանց օգնականի, քրոջ` Սոնայի սկեսրոջն է օգնել, մի մեքենա փայտը ջարդել, դարսել, հիվանդ տղան կարո՞ղ էր անել էդքան գործը: Էնքան ջիգյարով էր, հինգ տարեկան երեխան էլ` Կակո ջան, Կակո ջան…»,- Կարենի հետ անցկացրած ամեն վայրկյանն է հիշում հորաքույրը: Թե՛ համագյուղացիների և թե՛ հորաքույրների հետ Կարենի վերջին օրվա զրույցի բոլոր մանրամասները դարձել են նրա մասին հուզիչ հիշողություններ: Տան հյուրասենյակում այժմ ծաղիկների մեջ, Կարենի մեծադիր լուսանկարի մոտ մեկլիտրանոց ջրով լի պլաստիկ շիշն է նաև, որը Կարենն անտառ գնալիս վերցրել էր, որ ամռան տապին ծարավի, ջուր խմի, բայց չէր հասցրել մեկ կում անգամ խմել: «Գտել ենք գոգնոցը` կտորից փեշը, շիշը գոգնոցի մեջ ու էշը… Ասացինք` Կարեն ջան, ինչի՞ ես էշով գնում, մեքենայով մի ռեյս փայտ կբերես, էլի, ասեց` չէ, հորքուր ջան, էդ փողը կտանք, ալյուր, ձեթ կառնենք»,- հիշում է Կարենի մյուս հորաքույրը` Լիդա Պետրոսյանը:
Կարենի հարազատները մի րոպե անգամ չեն կասկածում, որ Կարենին ադրբեջանական կողմը առևանգել ու գերեվարել է, իսկ նրանց կողմից ներկայացվածն ամբողջությամբ հերթական ապատեղեկատվություն է, անհաջող բեմականացում, թե իբր Կարենի բջջայինում զինվորական լուսանկարներ էին, ինքը դիվերսանտ էր: «Ո՛չ հրացան ա եղել, ո՛չ զենք ա եղել, անզեն էրեխա, կացինը, ջուրն էլ տարել էր, որ խմի, մի՞թե էդքան անմարդկային կարող էին լինել, գերի էր, գերու նման վարվեիք: Էշը մեր սահմանին կապել ա, կացինն առել, գնացել մոտ 25 մետր, որ փայտ կտրի, բերի, էն էլ առաջին կացնահարվածից էրեխուն տարել են»,-արցունքախառն աչքերով նշում է Կարենի հորեղբոր կինը:

Անդրադառնալով Կարեն Պետրոսյանի գերեվարության ու սպանության հանգամանքներին` այս տարվա մարտի 7-ին մառախուղի պատճառով մոլորված ու հայ-ադրբեջանական սահմանը հատած վերինկարմիրցի Արսեն Խոջոյանը նշում է, որ ադրբեջանական անխախտ ձեռագիր է Կարենին դիվերսանտ կոչելն ու սցենար պատրաստելը: «Ինձ որ բռնեցին, տարան, սկզբից տարան Ղազախ, մի պատի տակ կանգնեցրին, նկարեցին ու ադրբեջանցի մի աղջկա հետ ֆոտոշոփ արեցին, իբր նրանից սնունդ եմ խնդրում, նույն սցենարն ա, նրանք ընդունակ են ամեն ինչի»,-մտաբերում է Արսենը:
Կարենի աշխատասիրության մասին ամբողջ Չինարին հիացմունքով է խոսում: Աստիճանների տակ նրա կտրատած ու դարսած ձմռան ցախն է: Գյուղացիները պատմում են, որ Կարենը բոլորին ձեռք էր մեկնում, օգնում կարիք ունեցողին: Չինարին օգոստոսի 7-ից առ այսօր` քսան օր անց, շարունակում է սգալ երիտասարդ բնակչի դաժան մահը, սպասում Կարենի «վերադարձին»: «Պաշտպանության նախարարությունը Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ միասին ամենաբարձր մակարդակով, նաև հանրապետության նախագահի մակարդակով ամեն ինչ անում է` բանակցելու ադրբեջանական իշխանությունների հետ, որ վերադարձնի Կարեն Պետրոսյանի դին»,- «Անկախի» թղթակցի հետ զրույցում նշեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Նա ասաց, որ գյուղը ցնցված է կատարվածից, համագյուղացիներն ամեն օր այցելում են Կարեն Պետրոսյանի տուն, վշտակցում հարազատներին ու լուռ սպասում…
Կարենն աշխատում էր հարևան գյուղի` Այգեձորի գյուղմթերքի վերամշակման գործարանում, եղբոր հետ ժամանակին մեծ աշխատանք է կատարել ընկերության ստեղծման համար: Պարզ, շիտակ, բնությունից իմաստնացած երիտասարդն օրինակելի էր , սահմանապահ գյուղի ամենավտանգավոր հատվածում ապրելով էր իր բաժին պայքարը մղում գրեթե ամեն օր ծննդավայրի հանդեպ ոտնձգություն անող հակառակորդի դեմ: «Կարենը գյուղական պարզ միամտություն ուներ, բարի էր: Մեղրիում զինծառայության ժամանակ շարք էին կանգնել զինվորները, երբ ինձ տեսավ, անմիջապես դուրս եկավ շարքից, եկավ փաթաթվեց»,- պատմում է 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ- մայոր, չինարեցի Անդրանիկ Մակարյանը:
Սահմանապահ Չինարին գիտի` զգույշ պետք է լինի դարանակալած թշնամուց: Կարենի դեպքը ամրապնդեց այդ գիտակցումը: Չինարեցի Նարեկ Աղասյանը գնում է Կարենի անցած ճանապարհով, երբ սևակնած երկինքն արտասվում է, իսկ հատուկենտ աստղերը լույս են տալիս:
Չինարեցի Նարեկը փակեց այն կածանը, որը տուն չվերադարձրեց Կարեն Պետրոսյանին…
Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համատարած որակյալ կրթությունը պետական անվտանգության երաշխիքներից է

Որևէ մեկը չի կարող վիճարկել այն փաստը, որ երկրիս անվտանգությունն ուղիղ
համեմատականորեն կախված է կրթության այն որակից ու մակարդակից, որն
հավասարապես իրականացվում է պետության ամբողջ տարածքում:

Բախշյան

ԿԳ նախարարության Հանրակրթության վարչության պետը 2 օր առաջ հայտարարեց, որ. «Կոնկրետ խնդիրներ չկան, շատ կարևոր հարցեր լուծված են սեպտեմբերի մեկի համար, դրանք երեխաներին դասագրքերով ապահովելն է, հնարավորինս բարեկարգ շենքերում նրանց ընդունումն է, չնայած դեռ ունենք դպրոցներ, որոնք պետք է կարգավորվեն, բոլոր դեպքերում դպրոցների համար լուծված է ջեռուցման հարցը»:

Հատուկ տիկին Հովհաննիսյանի համար, եթե մտահոգ է, կարող եմ տրամադրել
հանրապետությունում ջեռուցման խնդիր, անբարեկարգ և շատ հին գույք ունեցող
դպրոցների ցանկը:  Հանրապետության գործող նախագահը վերջերս իրենց բազեականների հետ հանդիպման ժամանակ հատուկ ընդգծեց մեր աշակերտների միջազգային
օլիմպիադաներում ունեցած թվային հաջողությունները՝ դրանք համեմատելով հարևանների ձեռքբերումների հետ, որն իհարկե ի օգուտ Հայաստանի է:
Միջազգային օլինպիադաներում մեդալներ շահած աշակերտները հանրապետության 3-4 դպրոցների ներկայացուցիչներ են:

Պատկերացնու՞մ եք այս թիվը որքան ավելի մեծ կլիներ, եթե բոլոր դպրոցները լինեին բարեկարգ, նրանց մեծ մասն ապահովվեին որակյալ տնօրեններով ու ուսուցիչներով, գույքը լիներ համապատասխան, մեծամասնությունն ունենային կահավորված լաբորատորիաներ:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով կրթության նպատակներից է հայրենասեր
քաղաքացի դաստիարակելը:

Հայրենասիրական դաստիարակության օրինակ պետք է առաջինը տա իշխանությունը, որը պետության ողջ տարածքում գտնվող բոլոր դպրոցների կարիքների նկատմամբ լինի հոգատար, իսկ սահմանամերձ գյուղերի նկատմամբ  հայրենասեր կառավարությունը պետք է դրսևորեր արտոնյալ վերաբերմունք: Այս գյուղերի դպրոցներում առնվազն պետք է կրկնապատկել աշակերտ թվով ֆինանսավորման չափը, որպեսզի այնտեղ ուսուցիչն ավելին ստանա և մնա՛ գյուղում, այս գյուղերում դպրոցների շենքերն առանց բացառության պետք է լինեն բարեկարգ, ջեռուցվող, գույքը թարմ, հագեցած լաբորատորիաներով ու կայացած ուսուցիչներով, որպեսզի երեխաները ուզենան մնալ իրե՛նց գյուղի դպրոցում:

Սա կլինի հայրենասիրական օրինակելի վերաբերմունք կառավարության կողմից, որի արդյունքում իսկապես կունենանք համատարած հայրենասեր քաղաքացիներ: Իսկ սահմանամերձ գյուղերի դպրոցներում իրականությունը շատ հեռու է նկարագրածից, հետևաբար վտանգված է պետության անվտանգությունը:

Հարգանքներով՝

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու կրթության

հանձնաժողովի անդամ

 

Նոր հենասյուների տեղադրման աշխատանքների վերաբերյալ

Մայրաքաղաքի վարչական շրջաններում անխափան էներգամատակարարման  ապահովման նպատակով «Հայաստանի էլեկտրականցանցեր»  ընկերությունը 2014 թվականի ծրագրի շրջանակում շարունակում է նոր հենասյուների տեղադրման աշխատանքները:

001 (1)

Գործընթացն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից նախապես կատարված գույքագրման և ըստ այդմ կազմված ցանկի հիման վրա:  Հարկ է նշել, որ հիմնականում փոխարինվում են պիտանելիության ժամկետները սպառած, վնասված կամ վթարային հենասյուները:

Ընկերության կողմից տարեսկզբից մինչև օգոստոսի 22-ն ընկած ժամանակահատվածը մայրաքաղաքում նորերով է փոխարինվել 245 հենասյուն: Թվով 71 հենասյուն փոխվել է Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում` «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Հարավ» մասնաճյուղի կողմից:  «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Հյուսիս» մասնաճյուղն էլ նմանատիպ աշխատանքներ է իրականացրել   Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նորք-Մարաշ, Նոր Նորք վարչական շրջաններում` փոխարինելով  73 հենասյուն: Եվս 101 հենասյուն է տեղադրվել  «ՀԷՑ» ՓԲԸ-ի « Արևմուտք» մասնաճյուղի կողմից` Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում:

Մինչև տարեկան ծրագրի ավարտը միայն Կենտրոն վարչական շրջանում նոր հենասյուների թիվը կհասնի 139-ի : Աշխատանքները կկրեն պարբերական բնույթ:

Հայաստանի մանուկները սիրո և հայրենասիրության պատգամ են հղում ԼՂՀ զինվորներին

Հայաստանի մանուկներ հիմնադրամ

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) նախաձեռնությամբ ՀՀ Արմավիրի մարզը ներկայացնող, 20 անդամից բաղկացած «Իմ թատրոն» ինտերակտիվ թատերախումբը հայրենասիրական ոգևորիչ բեմադրություններով հանդես եկավ ԼՂՀ պաշտպանության բանակի մի շարք զորամասերում: Երիտասարդ դերասան-դերասանուհիները մնջախաղի միջոցով ցուցադրեցին, թե ի՞նչ նշանակալի դեր ունի սիրո պատգամը կյանքում, թե որքա՞ն է այն անհրաժեշտ թե´ ծերերին, թե´ փոքրերին, թե´ հատկապես հայրենիքի այն արի զավակներին, ովքեր, զենքը ձեռքներին, հպարտորեն պաշտպանում են հայրենի հողը, ապահովում խաղաղությունն ու անամպ երկինքը ներկա և ապագա սերունդների համար:

Միմյանց սատար կանգնելու, ոգևորելու, ջերմություն, սեր և փոխըմբռնում հաղորդելու թեման այն հիմնական ուղերձն էր, որն ընկած էր գյուղաբնակ երեխաներից կազմված թատերախմբի ներկայացումների հիմքում:

ԼՂՀ-ում կայացած հյուրախաղերին հաջորդեցին «Իմ թատրոն» թատերախմբի երիտասարդ անդամների հանդիպումները զինվորների և սպայական ղեկավար անձնակազմի հետ՝ նպատակ ունենալով ուսուցողական զրույցների միջոցով վեր հանելու զինվորական ծառայության առաքինի դերն ու դաստիարակչական նշանակությունը երկրի պատանի քաղաքացիների շրջանում:

Նախագիծը կյանքի է կոչվել COAF-ի, ՀՀ Պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի համագործակցության արդյունքում: Այն ևս մեկ անգամ վկայակոչում է համախմբվածության և միասնական ուժի կարևորությունը, մատնանշում, թե ի՞նչ առավել դրական արդյունքների և ձեռքբերումների կարելի է հասնել միասնաբար՝ հավաքական ոգու և հայրենիքի հանդեպ նվիրվածության շնորհիվ:

«Իմ թատրոն» թատերախումբը գործում է 2013թ. մարտից: Ինտերակտիվ թատերախմբի շուրջ մեկուկեսամյա գործունեությունը հիանալի հնարավորություն է եղել երեխաների տաղանդն ու հնարավորությունները բացահայտելու, որոշ դեպքերում` նրանց խնդիրները հաղթահարելու համար: Թատրոնի շնորհիվ շարունակաբար զարգանում են երեխաների ստեղծագործական ու վերլուծական հմտությունները, նրանք յուրովի են արտահայտում սեփական ապրումներն ու հույզերը, իրենց կյանքում և համայնքում տեղի ունեցող իրադարձությունները վեր հանում, ներկայացնում են արվեստի միջոցով:

Հոգեբանական թատրոնը COAF-ի կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերից մեկն է, որն իր տեսակի մեջ առանձնանում է նորարարական լուծումներով և յուրովի է նպաստում համայնքների մարդկային կապիտալի զարգացմանը: Թատերախումբն այս կարճ ժամանակահատվածում հասցրել է հանդես գալ տարբեր բեմերում, այդ թվում՝ մասնակցել է «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան 13-րդ փառատոնին՝ արժանանալով «Թռիչք» մրցանակին, հատուկ բեմադրությամբ հարգանքի և հիշատակի տուրք է մատուցել բարերար Ջերարդ Գաֆեսճեանի կյանքին ու գործունեությանը:

Գյումրու ծայրամասային փողոցներն անմխիթար վիճակում են

Գյումրիում վաղուց ծայրամասային ու երրորդական համարվող փողոցներում նորոգման աշխատանքներ չեն կատարվել:
Գյումրու փողոցներ

Կնյազ Մանասյան
Ավելին, այստեղ դեռ խորհրդային միության ժամանակներից սկսած ասֆալտ հասկացողությունն իսպառ բացակայել է: Փողոց անունը կրող այս ճանապարհները միշտ են անտեսված եղել, որտեղով անգամ նախընտրական շրջաններում որևէ թեկնածու չի անցել: Ծայրամասերի բնակիչներն ասում են՝ իրենց հազարից մեկ են այլ թաղմասերից այցելում, այն էլ՝ հսկա շները: Որևէ պաշտոնյա իր օրում քաղաքի ավերակ փողոցներում չի եղել, որևէ կերպ այս խնդրին չեն արձագանքել, չնայած, բնակիչների մշտական բողոքներին: Ավերակ փողոցներից մի քանիսով երթուայիններ են անցնում, ու վարորդներն էլ չեն հիշում, թե երբևէ այս տարածքներում հարթ մակերեսի հանդիպած լինեն:

ՙՈր շտապ օգնություն կամ տաքսի ենք կանչում, չեն գալիս, ասում են եկեք Վազգեն Սարգսյան փողոց, կմոտենանք՚, – ասում է Պավլով փողոցի բնակիչներից մեկը: Այստեղով քաղաքային տրանսպորտ չի անցնում, փոսերն առատ են ու խորը, անձրևների ժամանակ բացարձակ անանցանելի: Բայց ի տարբերություն մյուս ծայրամասային փողոցների, կա լուսավորություն:
Գյումրու քաղաքապետարանում փողոցների վիճակին քաջածանոթ են, եղած միջոցներով փորձում են հարթեցումներ կատարել, նորմալ աղբահանություն կազմակերպել, պարբերաբար էլ թափառող շների որս են կազմակերպում, բայց հավելում՝ քաղաքապետարանն այդքան միջոցներ չունի նման բոլոր փողոցները նորոգելու ու լուսավորելու համար:
ՙԱյս պահին հիմնական բարեկարգման աշխատանքներ ընթանում են Սպանդարյան փողոցում, մնացածներում խճաքարերով փորձում ենք հարթեցնել, անցանելի դարձնել, ցեխը վերացնել, մինչև գան լավ ժամանակներ, որ կարողանանք դրանք էլ ասֆալտապատել՚, – մեզ փոխանցեց Գյումրու քաղաքապետարանի շրջակա միջավայրի և բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը:
Պաշտոնյան ասում է, այս տարի կարողացել են բավական աշխատանքներ կատարել երկրորդական փողոցներում, բարեկարգվել են Բաղրամյան, Մսի կոմբինատ տանող փողոցները: Կատարվել են նաև փոսային նորոգման աշխատանքներ:
Կամաց-կամաց լուծվում է նաև քաղաքի լուսավորության հարցը, բնակկոմունալ բաժնի պետի խոսքերով նորացվում են կենտրոնական փողոցների լամպերը, հները տեղափոխվում են երկրորդական փողոցներ:
ՙՄենք ձգտում ենք, որպեսզի ծայրամասերը կապենք քաղաքին: Ծայրամասերը, կարծես, ամեն ինչից զրկված են՝ ճանապարհների վիճակը վատ է, աղբահանության վիճակը վատ է, լուսավորության վիճակը վատ է…՚, – համաձայնում է Կնյազ Մանասյանը: Նա բնական է համարում, որ բնակիչները պետք է դժգոհեն, փողոցներ կան որ 26 տարի լուսավորություն ու ասֆալտ չեն ունեցել:

Մարզահամերգային համալիրի ներկայիս սեփականատերերը դիմելու են Եվրոպական դատարան

DSC00299«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գնահատման գործընթացն ուղղակի աբսուրդ էր: Պատմամշակությային արժեք ունեցող այդ կառույցի արժեքը որոշվել է՝ հիմք ընդունելով Աջափնյակում բնակարանների արժեքը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համալիրի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը:

Սովորաբար գնահատումը կատարվում ստանդարտ կերպով կամ համեմատության միջոցով: Սակայն համալիրը պատահական բնակարան չէ, որը վիճակը գնահատվի, մյուս կողմից տարածաշրջանում նման շենք չկա, որպեսզի գնահատումը կատարվի համեմատության միջոցով: «Միակ ընդունելի ձևը այն կլիներ, որ Մշակույթի նախարարության կողմից հանձնաժողով կազմեր, որի կազմում կլինեին քանդակագործներ և ճարտարապետներ, ովքեր կգնահատեին կառույցի իսկական արժեքը: Սա ոչ թե մետաղ բետոնե կոնստրուկցիա է, այլ պատմամշակութային արժեք», -նշեց Գրիգորյանը:

Նա ընդգծեց, որ գնահատումը կատարել է Հանրապետական կուսակցության անդամ Արթուր Ստեփանյանին պատկանող ընկերությունը, ընդ որում՝ ներկայացուցիչը համալիրում անց է կացրել ընդամենը կես ժամ, ինչը , ըստ Կորյունի Գրիգորյանի, բավարար չէ գնահատումն կատարելու համար: 1  քառ մետրը գնահատել են 1200 դոլար, ինչը համարժեք է բնակարանի գնին: Այժմ համալիրը գնահատվում է մոտ 48 միլիոն դոլար: Ըստ համալիրի աշխատակցի՝ այն պետք է լիներ 100-120 միլիոն դոլար. «Բնակարանի առաստաղի բարձրությունը  3.20 մ է: Համալիրի առաստաղի բարձրությունը 33  մետր է»:

Կորյուն Գրիգորյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Մարզահամերգայինի՝պետությանն ունեցած մոտ 25 մլն դոլար պարտքը պետբյուջեում չի երևում.ստացվում է, որ իրենց փոխարեն ինչ-որ մեկը վճարել է այդ պարտքը: ԴԱՀԿ-ն նաև սառեցրել է համալիրի բոլոր աշխատակիցների հաշիվները, նրանք արդեն 8 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել:

Մարզահամերգային համալիրի աշխատակիցը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են դիմել Եվրադատարան.«Մեր հայկական դատարանները ինչ-որ խայտառակ ձևով են աշխատում: Այդ պատճառով հարցը արդարացիորեն լուծելու համար դիմելու ենք Եվրոպական դատարան», – նշեց Կորյուն Գրիգորյանը:

Անկախ

 

Ծառերի կանաչ էտի աշխատանքների վերաբերյալ

Հունիս ամսից մինչև հոկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում ագրոկանոնների համաձայն թույլատրվում է իրականացնել այսպես կոչված ծառերի կանաչ էտը: Այս գործընթացի հիմնական նպատակը ծառերի առողջ աճի, դեկորատիվ տեսքի և սաղարթի ձևավորումն է`միաժամանակ հեռացնելով ավելորդ, հիվանդ կամ չորացած ճյուղերը:
Ծառերի էտ
Սաղարթի ձևավորման արդյունքում նաև ապահովվում է հետիոտնի համար անարգել անցուդարձը, քանի որ հեռացվում են կախված, ինչպես նաև լուսացույցների ու ճանապարհային նշանների տեսանելիությանը խոչընդոտող ճյուղերը:
Նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում էլ սահմանվածի համաձայն կընթանա աշնանային էտը, որը, հաշվի առնելով սուղ ժամկետները, ծավալով ավելի փոքր կլինի, քան գարնանայինը: 2014 թվականի գարնանային ծառաէտման ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում էտվել է շուրջ 22000 ծառ:

Մոռացված տնակային ավանների բնակիչները,տեսանյութ

ժամանակավոր կացարանԵրկրաշարժից անմիջապես հետո ինչպես Գյումրու, այնպես էլ քաղաքի հարակից տարածքներում ձևավորվեցին հարյուրավոր ժամանակավոր կացարաններից՝ հիմնականում վագոն-տնակներից բաղկացած ավաններ:
Քաղաքի ամենահեռավոր մասում գտնվող տնակային ավանը ձևավորվեց մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում, նախկին Լենգես ՀէԿ-ի աշխատակիցների ընտանիքների համար: Մոտ վեց տարի առաջ այն Գյումրիից անցավ Վահրամաբերդ գյուղի ենթակայությանը: Ներկայումս, այդ ավանում տասնյակ անօթևան ընտանիքներ են բնակվում, որոնց մեծ մասը չեն համարվում անմիջապես երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած, այդ իսկ նպատակով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օրերս տեսանյութ պատրաստելու և աջակցություն ցուցաբերելու նպատակով այցելեցին այդ տնակային ավան: Ներկայացվող տեսանյութը Լենգես տնակային ավանում բնակվող, հինգ միակողմանի ծնողազուրկ երեխաներ խնամող կնոջ ընտանիքի մասին է:

Վարչապետը դրամական օգնություն է փոխանցել ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի ընտանիքին

10378215_791812270841364_7307099367764910174_nՀայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքել է այս տարվա մարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գիծը հատած, գերեվարված, ապա ապրիլին գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի ընտանիքի նամակին:

Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 23-ամյա Արսենի մայրը` Սվետա Խոջոյանը, ֆինանսական օժանդակության խնդրանք-նամակով դիմել էր կառավարության ղեկավարին` օգնելու մարել վարկային գումարը, որը Արսենը մինչև գերեվարվելը վերցրել էր` գյուղական տունը նորոգելու նպատակով:

Նամակը փոխանցելուց ընդամենը մի քանի օր անց Հայաստանի վարչապետի աշխատակազմից զանգահարել և հայտնել են Խոջոյաններին օգնելու նպատակով վարչապետի պատրաստակամության մասին: Հովիկ Աբրահամյանը Խոջոյաններին է փոխանցել 600 հազար դրամ:

10574212_791812957507962_7429111555519670841_nՆշենք, որ կառավարության ղեկավարն ավելի վաղ հանձնարարել էր նաև վերականգնել Խոջոյանների սոցիալական նպաստը: Այդ հարցը ևս կարգավորված է: «Շատ շնորհակալություն եմ հայտնում մեր վարչապետին: Ինքը որ այցելել էր վերջերս Վերին կարմիրաղբյուր, ես իրեն էլ ասեցի, շատ զգացված ենք վերաբերմունքից, մեր հանդեպ ուշադրությունից»,-նշեց տիկին Սվետան:

Ավելի վաղ, Խոջոյաններին ֆինանսական աջակցություն են ցուցաբարել նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, տարածաշրջանից պատգամավոր ընտրված Հակոբ Հակոբյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

 

Անկախ

Տեսախցիկն արձանագրել է Բարսելոնա-Երևան չվերթի ուղևորի պայուսակի գողությունը

ձերբակալությունՕգոստոսի 16-ին Բարսելոնա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան ժամանած մի քաղաքացի ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին դիմում էր ներկայացրել, որ ժամանման սրահում անհայտ պայմաններում կորցրել է ճամփորդական պայուսակը: 
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներն ուսումնասիրելով օդանավակայանի ժամանման սրահի, մուտքերի և ավտոկանգառի տեսախցիկների տեսագրությունները` պարզել են, որ պայուսակը օդանավակայանի ժամանման սրահից գողացել է անհայտ անձը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1978 թ. ծնված Ավագ Դ.-ն, որը օրերս Երևան քաղաքի «Կիլիկիա» ավտոկայանից բերման է ենթարկվել գծային բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերված է: 
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Բակային խաղերի տեղադրման աշխատանքների մասին

003Մայրաքաղաքի բակերի կահավորանքի բաղկացուցիչ մաս են կազմում բակային խաղերը և մարզասարքերի հավաքածուները, որոնց թիվը տարեցտարի ավելանում է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2014 թվականի տարեսկզբից մինչ օրս  արդեն տեղադրվել են 220 բակային խաղեր և մարզասարքեր: Եվս 80-ը կտեղադրվեն առաջիկա օրերին: Սկզբունքը հետևյալն է` համապատասխան տարածքներում դրանք կտեղադրվեն  բակերը բարեկարգելուց, կանաչապատելուց   ու պատշաճ տեսքի բերելուց հետո, որպեսզի բակային խաղերը ամբողջացնեն տարածքի ընդհանուր կահավորումը: Սակայն հիմնական նպատակը փոքրիկ երևանցիների, իսկ մարզասարքերի պարագայում՝ նաև բակերի մյուս բնակիչների  ակտիվ հանգիստն ապահովելն է:

Անկախ

Նոյեմբերյանում ադրբեջանցիները ձախողված դիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել. լրացված

դիվերսիաԱդրբեջանական լրատվական կայքերի տեղեկություններով՝ այսօր երեկոյան, Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ է անցել Հայաստանի քաղաքացի, որի անձնական տվյալները դեռևս հայտնի չեն: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի տեղեկությամբ՝ մեկ հոգի մոտեցել է Նոյեմբերյանի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետերի պայմանագրային զինծառայողներին, հանդես եկել ՝ որպես ոսկևանցի, խոսել ոչ ճիշտ հայերեն շեշտադրումներով, խնդրել մոտենալ մեր սահմանապահներին: Մեր դիրքապահների հարցուփորձից հետո նա չի կարողացել պատասխանել, փախել է ադրբեջանական կողմի ուղղությամբ: Անմիջապես ստուգվել են սահմանամերձ տարածաշրջանի բոլոր գյուղերն ու տները՝ ճշտելու՝ արդյոք հայ գերու մասին ադրբեջանական տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:

Բարեբախտաբար, այս պահի դրությամբ, սահմանը հատած, ադրբեջանական գերության մեջ հայտնված որևէ տավուշցի բնակչի անուն-ազգանուն չի բացահայտվել: Ոսկևանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը Անկախ-ին ասել է, որ լուրը իրենց գյուղին չի վերաբերում: «Ով ա ասում՝ նման բան ա եղել, կապվել եմ բոլոր անասնապահների հետ, բացակա չունենք, մեկը չկա, որ ասեմ էսինչյան էսինչը չկա»:

Եվ քիչ առաջ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Ղազախի շրջանում սահմանն անցած քաղաքացին, ում մասին որպես սկզբնաղբյուր դեռևս հայտնել է ադրբեջանական միայն մեկ լրատվամիջոց, զինծառայող չէ և որևէ կապ չունի զինված ուժերի հետ՝ հակառակ Ադրբեջանում արդեն հնչող այն պնդումներին, թե «վնասազերծվել է հակառակորդի հերթական դիվերսանտը»։

 

Անկախ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն բարեգործական հասարակական կազմակերպություն

<<Փյունիկ>>

Կենտրոն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն բարեգործական հասարակական կազմակերպություն: Հարկ է նկատել, որ մայրաքաղաքի զարգացման 2014 թվականի ծրագրերում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների խնդիրների լուծման ուղղությամբ տարվող  աշխատանքները: Ծրագրերից շատերն իրականացվում են շահառու տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Կազմակերպության շենքի տարածքով շրջելիս «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Աբրահամյանը քաղաքապետին է ներկայացրել քաղաքապետարանի աջակցությամբ շենքի առաջին մասնաշենքը երկրորդին կապող 3 մետր լայնությամբ և շուրջ 185 երկարությամբ ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքը՝ հատկանշելով ծրագրի առաջնահերթությունն ու կարևորությունը:  Վերջինս նկատել է, որ վերջին տարիներին քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության արդյունքում էապես մեծացել է  հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ուշադրությունը, նաև նշել, որ քաղաքային իշխանության կողմից ոլորտում կատարվող բարեփոխումները, մասնավորապես թեքահարթակների կառուցման լայնածավալ աշխատանքներն իսկապես տեսանելի են ու նպաստում են հասարակական կյանքում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց լիարժեք ինտեգրմանը:

Կարևորելով Երևանը բոլոր երևանցիների համար առավել հարմարավետ դարձնելու առաջնահերթությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանը մշտապես պատրաստ է իրագործելու բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված կլինեն մայրաքաղաքը նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել մատչելի դարձնելուն:

«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ Երևանը պետք է հարմարավետ լինի բոլորի, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիների համար: Եվ այս համատեքստում, անշուշտ, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրը մայրաքաղաքում թեքահարթակների խիստ սակավությունն էր, եթե իհարկե չասենք բացակայությունը, որի մասին բազմիցս են բարձրաձայնել մեր համաքաղաքացիները: Եվ իրոք, եթե հաշվի առնենք, որ խորհրդային տարիներին այդ ուղղությամբ գրեթե ոչինչ չէր արվել, իսկ արդեն անկախության ժամանակահատվածում էլ ինչ էլ որ արվել էր, եղել էր ուղղակի խնդրի մասնակի լուծում, այս հարցն իսկապես օրակարգային էր ու հենց այդ հանգամանքը հաշվի առնելով էլ դեռ անցյալ տարի մենք համայնքային բյուջեից 20 մլն դրամ հատկացրեցինք՝ մայրաքաղաքում թեքահարթակների կառուցման նպատակով: Ի դեպ, Երևանի պատմության մեջ առաջին անգամն էր, որ այդ նպատակի համար բյուջեից առանձին տողով գումար էր հատկացվում, ինչն, անշուշտ, ողջունվեց հատկապես շահագրգիռ հասարակական կազմակերպությունների կողմից: Եվ համոզված եմ, որ նաև դա խթան հանդիսացավ, որ հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններն արդեն որպես վստահելի գործընկերոջ վերաբերվեին Երևանի քաղաքապետարանին ու, ըստ այդմ, նաև ակտիվորեն համագործակցեին մեզ հետ: Այդ նպատակով ստեղծեցինք նաև հաշմանդամներիհիմնահարցերովզբաղվողքաղաքայինհանձնաժողով, որում ընդգրկված են շահագրգիռ բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներն ու քաղաքապետարանի համապատասխան օղակների ղեկավարները: Այս հանձնաժողովն իր հերթին նպաստեց, որ հաշմանդամներին ուղղված քաղաքային ծրագրերը լինեն առավել նպատակային և արդյունավետ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ այս տարի թեքահարթակների կառուցման նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է 40 միլիոն դրամ: Նախապես հաստատվել են առաջնային շուրջ 200 հասցեներ, որտեղ անհրաժեշտ է կառուցել թեքահարթակներ: Ընդ որում, այդ հասցեները ներառում են ոչ միայն Կենտրոն, այլ նաև Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջանները: Շուրջ 100 թեքահարթակ արդեն իսկ կառուցված է: Ի դեպ, թեքահարթակների կառուցման շինարարական աշխատանքների ընթացքը շահառու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատների հսկողության ներքո է: Նրանք պարբերաբար շրջում, հետևում և, ըստ էության, գնահատում են կատարված աշխատանքի որակը:

«Մենք այս տարի նաև գույքագրել էինք նախկինում կառուցված հանրային նշանակության այն օբյեկտները, որոնց հարակից տարածքներում հնարավորություն կա թեքահարթակ կառուցելու և, ըստ այդմ, մասնավոր հատվածի հետ համագործակցության շրջանակում ավելի քան 500 թեքահարթակներ էլ պետք է կառուցվեն այդ օբյեկտների դիմաց: Նշեմ, որ դրանցից շուրջ 220-ն արդեն կառուցված է: Բացի այդ, քաղաքաշինական նոր նախագծերի թույլտվությունների տրամադրման համար թեքահարթակների կառուցումը ամրագրվել է որպես պարտադիր պայման: Վստահ եմ, որ այս ուղղությամբ տարվող մեր նպատակային աշխատանքների արդյունքում մի քանի տարի անց Երևանն իսկապես լիովին հարմարավետ կդառնա հաշմանդամ մեր բոլոր համաքաղաքացիների համար»,- պատասխանելով լրագրողների հարցերին՝ ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև«Երևանյան ամառ 2014» եռամսյա ծրագրի շրջանակում հաշմանդամ երեխաների համար երկրորդ տարին անընդմեջ կազմակերպված ճամբարի աշխատանքներին: Օգոստոսի 25-ից 28-ն անցկացվող ծրագրին այս տարի մասնակցում են հաշմանդամություն ունեցող 50 երեխաներ  և երիտասարդներ՝ ծնողների հետ։ Ճամբարի շրջանակում երեխաներն անվճար այցելել են նաև մանկական երկաթուղի, կենդանաբանական այգի և այլ վայրեր:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընդգծելով, որ ծրագիրը լինելու է շարունակական, առաջարկել է հաջորդ տարի կրկնապատկել մասնակիցների թիվն ու ճամբարին ներգրավել 100 երեխայի:

Օգտվելով առիթից՝ Հակոբ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին  նաև «Երևան-Մարսել» համագործակցության շրջանակում Մարսելի քաղաքապետարանի կողմից Երևանին փոխանցված հաշմանդամների համար նախատեսված 180 անվասայլակները «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միությանը տրամադրելու համար, որոնք պարզեցված կարգով տրամադրել են երևանաբնակ, ինչպես նաև մարզերում բնակվող կարիք ունեցողներին։

Հակոբ Աբրահամյանը նշել է, որ նախապես իրականացված հաշվառման արդյունքներով շուրջ 2000 անվասայլակի անհրաժեշտություն կա: Այս համատեքստում  քաղաքապետն ընդգծել է, որ քաղաքապետարանը շարունակաբար ընդլայնում է միջազգային համագործակցության ուղղությունները, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել համատեղ նոր ծրագրեր:

«Քաղաքապետի հետ մեր հանդիպման առաջին իսկ օրից ծավալվեց արդյունավետ համագործակցություն: Լսելով հասարակական կազմակերպությունների առաջարկները՝ դրանք իրագործելու նպատակով ձևավորվեց համապատասխան հանձանաժողով, և արդեն այսօր, ներառվելով քաղաքային տարբեր ծրագրերում, շատ խնդիրներ լուծում են ստանում: Վստահ եմ, որ շատ շուտով Երևանը կդառնա տարածաշրջանի ամենամատչելի և հարմարավետ քաղաքը»,-նշել է Հակոբ Աբրահամյանը:

Հակոբ Աբրահամյանը քաղաքապետարանի կողմից կյանքի կոչվող ծրագրերի շարքում առանձնացրել է նաև Երևանի քաղաքապետի  առաջարկությամբ հունիսի 24-ին Երևանի ավագանու կողմից հաշմանդամություն ունեցող անձանց ավտոկայանատեղի համար վճարվող տեղական տուրքից ազատման մասին որոշումը, որն արդեն իսկ շահառուների շրջանում դրական լայն արձագանք է գտել։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանը շարունակելու է աջակցել սոցիալական կարևոր նշանակություն ունեցող նմանատիպ ծրագրերի իրականացմանը:

Քաղաքապետը հանդիպել է նաև ծնողների հետ, զրուցել և լսել նրանց մտահոգող հարցերն ու առաջարկները: Մասնավորապես հասարակական տրանսպորտը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին հարցին ի պատասխան քաղաքապետը տեղեկացրել է, որ  այս տարի թվով 10 ավտոբուս կկահավորվի և կհարմարեցվի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց:

Ծնողներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին մշտական ուշադրության և վերաբերմունքի, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող ծրագրերի համար և նշել, որ Երևանն օրեցօր իսկապես առավել հարմարավետ է դառնում:

 

Քննարկվել է ՀՀ 2014-2018 թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակում Երևանում այսօր հանդիպել են ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու քննարկել ՀՀ 2014-2018 թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը:

քննարկում

ՀՀ արդարադատության նախարար իտեղակալ Սուրեն Քրմոյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումն ու ներկայացրել Հակակոռոպցիոն նոր ռազմավարության նախագծի սկզբունքները:

Նրա խոսքով՝ նոր ռազմավարության հիմքում դրվելու է  փոփոխության տեսությունը: «Վերջին 15 տարիներին կոռուպցիայի դեմ պայքարի բավականին մեծածավալ ծրագրեր են իրականացվել և շոշափելի արդյունքներ են գրանցվել, այդուհանդերձ, նոր ռազմավարությունը փորձելու է փոփոխել և՛հասարակության, և՛պետական մարմինների վերաբերմունքը կոռուպցիոն երևույթների նկատմամբ:  Պետական մարմնի յուրաքանչյուր պաշտոնյա և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա ու գիտակցի կոռուպցիայի վտանգավորության աստիճանը՝պետության և տնտեսության կայացման գործում»,- ասել է նախարարի տեղակալը:

Հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական մոտեցումներն ու սկբունքներն են՝քաղաքական կամք, հանրային շահի առաջնայնություն, բարեխղճություն, թափանցիկություն, իրավունքի գերակայություն, պատասխանատվություն, կոռուպցիոն ռիսկերի գնահատում և կառավարում:

Սուրեն Քրմոյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը հաճախ դիտարկվում է որպես պետության պարտականություն, պետության գործառույթ: «Քաղաքական այդ կամքի հիմքում պետք է լինի նաև հասարակության պահանջն ու նրանց կողմից ընտրված մարմիններին ուղղված կոչերն ու առաջարկները: Եթե հասարակությունը հանդուրժողականություն դրսևորի կոռուպցիոն երևույթների նկատմամբ, ապա այդ պայքարում մենք արդյունքի չենք հասնի»,-նշել է արդարադատության նախարարի տեղակալը:

Բացի այն, որ պետական մարմինները պետք է  պատասխանատու լինեն իրենց գործողությունների ու իրականացրած ծրագրերի համար, նրանք նաև պետք է կարողանան   գնահատել իրենց կառույցներում առկա կոռուպցիոն ռիսկերը:

«Ռազմավարական այս փաստաթուղթը ներկայում մշակվում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչների աջակցությամբ»,- հայտնեց նախարարի տեղակալը: Նա կոչ է արել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին լինել ավելի ակտիվ, համագործակցել պետական մարմինների հետ, հանրային նշանակություն ունեցող նախագծերի վերաբերյալ սահմանված ժամկետներում ներկայացնել կարծիքներ ու առաջարկներ, քանի որ հասարակական կազմակերպությունների և, ընդհանրապես, ՀՀ քաղաքացիների ակտիվ մասնակցությունն այս գործընթացին ու նրանց վստահությունը՝ իրականացվող հակակոռուպցիոն գործընթացների նկատմամբ, հաջողության հասնելու անհրաժեշտ պայման է:

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրն իրականացվում է  «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկեր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Դիլիջանի թունել տանող ճանապարհի հիմնանորոգումը մոտենում է ավարտին

2608144Ավարտին են մոտենում հուլիսի 16-ին մեկնարկած Երևանից դեպի Դիլիջանի  թունել տանող (Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման)  միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Հիմնանորոգման ենթակա 7 կմ 480 մ երկարությամբ ճանապարհահատվածի  6 կմ-ում շինարարությունն արդեն ավարտված է։  Մշակված է նաև մնացած մոտ 1,5 կմ հատվածի  բետոնային ներքին շերտը։

Ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է նոր տեխնոլոգիայով, ինչի շնորհիվ հիմնանորոգված ճանապարհահատվածը շատ ավելի որակյալ ու դիմացկուն կլինի:

Ճանապարհահատվածի հիմնանորոգմանը զուգահեռ կատարվում են նաև ջրահեռացման համակարգի, իջատեղերի, հենապատերի ու կամուրջների նորոգման և վերականգնման աշխատանքներ։

Հիմնանորոգված ճանապարհահատվածի երկայնքով անվտանգության նկատառումներով՝ կտեղադրվեն մետաղյա արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ, կկատարվեն գծանշումներ։

Կարևոր նշանակություն ունեցող միջպետական այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կավարտվի նախանշված ժամկետում՝ օգոստոսի վերջին։

Ճանապարհաշինական աշխատանքների ընդհանուր արժեքն, ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի, կազմել էր մոտ 1 մլրդ 360 մլն դրամ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում այդ գինը նվազել է  180 միլիոն դրամով՝ կազմելով 1 մլրդ 180 մլն դրամ:

Աշխատանքները կատարվում են ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին:

Այլմանրամասներ՝տեսանյութում…

https://www.youtube.com/watch?v=7qVo9UPoQnE

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

 Անկախ

«Ուրախ ամառ» ծրագրի միջոցառումների մասին

004Երևանի բակերում «Ուրախ ամառ» ծրագրի վերջին միջոցառումներն են։ «Ուրախ ամառը»  Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի բաղադրիչներից է, որի բակային ճամբարներն ու միջոցառումները ևս մեկնարկել էին հունիսի մեկից։

Էրեբունի վարչական շրջանում այս ամառվա վերջին բակային միջոռացումը Խաղաղ Դոնի 23 շենքի բակում էր, ուր եկել էին նաև հարակից շենքերում բնակվող երեխաները։ Մուլտհերոսների ու խաղավարների ուղեկցությամբ երեխաները մասնակցել են զվարճալի խաղերի, պարային–մարզական մրցումների ու հյուրասիրվել պաղպաղակով։

Էրեբունի վարչական շրջանի «Ուրախ ամառ» արշավի ամփոփիչ միջոցառումը կանցկացվի օգոստոսի 30-ի երեկոյան՝ Էրեբունու Մանկական այգում։

Անկախ

Մայթերի ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ

002Փողոցների մայթերի շինբարեկարգման աշխատանքները,  որպես կանոն, իրականացվում են երկու եղանակով`սալիկապատման և ասֆալտապատման: Երևանի քաղաքապետարանի 2014 ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում նախատեսված է բարեկարգել 50000  քմ : Այդ ուղղությամբ գործընթացը մեկնարկել է մայիսի սկզբին և, ըստ նախատեսվածի, պետք է ավարտվեր  հոկտեմբեր ամսի վերջին: Սակայն այսօրվա դրությամբ արդեն ասֆալտապատվել է 46850  քմ կամ ծրագրվածի 94 տոկոսը,  ինչը վկայում է աշխատանքների վաղաժամ ավարտի հնարավորության մասին: Ավելին,  շինարարները ջանք չեն խնայում, որպեսզի նախատեսված ծավալի մնացորդն ավարտին հասցվի  մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը, որպեսզի նաև  ուսումնական հաստատություններին հարակից մայթերը հետիոտնի անցուդարձի համար մատչելի լինեն: Մայթերի ասֆալտապատումն իրականացվում է հաշվի առնելով տվյալ մայթի ասֆալտբետոնե ծածկի վնասվածության աստիճանը: Հետևաբար նույն փողոցում հնարավոր են և՛ մասնակի, և՛ ամբողջական նորոգումներ: Եվս 105000 քմ մայթեր կասֆալտապատվեն Երևանի  թվով 23 փողոցների հիմնանորոգման ծրագրի շրջանակում:

Անկախ

Արտգործնախարարն ընդունեց Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը

Արտգործնախարարն ընդունեց Կանադայի խորհրդարանական պատվիրակությանըՕգոստոսի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի անդամներ Բրեթ Բաթին, Լեոն Բենուային և Ռաս Հայբերթին, որոնց ուղեկցում էր «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջեդ էլ Շաֆին։

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց կանադացի խորհրդարանականների ներդրումը` հայ-կանադական բարեկամական հարաբերությունների զարգացման, միջպետական համագործակցության խորացման գործում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պատվիրակության անդամները վստահեցրին, որ շարունակելու են գործունեությունը` ուղղված Հայաստանի և Կանադայի միջև համագործակցության առավել սերտացմանը։

Հանդիպմանը քննարկվեցին հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, մտքեր փոխանակվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումների վերաբերյալ։

Նախարար Նալբանդյանը հյուրերի խնդրանքով ներկայացրեց տարածաշրջանային և միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը: