Նախագահը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և շվեյցարահայ բարերարներ տեր և տիկին Իզմիրլյաններին

4252Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և շվեյցարահայ բարերարներ տեր և տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյաններին:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Հայաստանում և Արցախում տարիներ ի վեր Իզմիրլյան հիմնադրամի կողմից տարբեր ոլորտներում իրականացված բազմաթիվ բարեգործական ծրագրերը, որոնց շարքն այսօր համալրվում է ևս մեկ կարևոր նախաձեռնությամբ՝ Երևանում Հայ եկեղեցու հովանու ներքո գործող Իզմիրլյան բժշկական հաստատության վերաբացմամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանն ազգային բարերար Տիգրան Իզմիրլյանին պարգևատրել է ՀՀ պետական բարձր պարգևներից մեկով՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով՝ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև երկարամյա ազգանվեր գործունեության համար: Պարգևատրման արարողությանը ներկա են գտնվել նաև Իզմիրլյան ընտանիքի անդամները:

Բարերար Տիգրան Իզմիրլյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին՝ Հայրենիքի բարձր պարգևին արժանացնելու և գնահատանքի խոսքերի համար՝ ընդգծելով, որ իր նվիրյալ ծնողների շնորհիվ է, որ ինքն ու իր ընտանիքը հայրենանվեր գործունեություն են ծավալում, ինչի համար անսահման հպարտ են. «Հայաստանը մեր սրտերում է և մշտապես է լինելու»,-Իզմիրլյան ընտանիքի անունից վստահեցրել է ազգային բարերարը, ով աշխարհասփյուռ հայությանը միավորելու և հայրենանվեր ձեռնարկումների մղելու գործում մեծապես կարևորել է նաև Հայ եկեղեցու դերը:

Մահվան ելքով պատահար Ալավերդի-Ախթալա ճանապարհին

ավտովթարՀոկտեմբերի 14-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Ախթալա ճանապարհի 9-րդ կմ-ին բախվել է «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսի:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորը` 1990 թ. ծնված Ավետիք Ջանինյանը, մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպայի հայերի երրորդ համագումարին

1Հոկտեմբերի 14-ին Բրյուսելում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  Բելգիայի հայկական մշակութային կենտրոնում մասնակցեց  Եվրոպայի հայերի երրորդ համագումարի բացման արարողությանը, որին մասնակցում էին մոտ 20 երկրներից ժամանած շուրջ 170 պատվիրակներ:

Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահն ասաց.

«Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից երախտագիտության խոսքեր ուղղել Եվրոպայի հայության բոլոր համայնքներին և կազմակերպություններին իրենց հայրենանվեր գործունեության համար:

Ինձ համար, իրոք, մեծ պատիվ է այսօր ներկա գտնվել և ուղերձով դիմել համագումարի մասնակիցներին, որի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում Հայ Դատի բրյուսելյան գրասենյակին՝ այս կարևոր միջոցառումը կազմակերպելու և ինձ հրավեր հղելու համար:

Ինչպես ցանկացած երկրի, առավել ևս Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթ են համարվում ազգային անվտանգությանն առնչվող հիմնախնդիրները՝ հատկապես  հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դիրքը, երկու տասնամյակից ավելի շարունակվող շրջափակումը, դրա հետևանքով առաջացած բարդությունները, ինչպես նաև մեր երկու անմիջական հարևանների ագրեսիվ դրսևորումները և ռազմատենչ հայտարարությունները: Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է զինվել և իր ապակառուցողական կեցվածքով լարվածության մեջ պահել ողջ տարածաշրջանը՝ դրանով իսկ խոչընդոտելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Ավելին, հայատյացության խրախուսումը Ադրբեջանում դարձել է պետական քարոզարշավի հիմնական նպատակը:

Այդ ամբողջը մեզ ավելի զգայուն է դարձնում մեր արտաքին սպառնալիքների նկատմամբ, իսկ Մերձավոր Արևելքում սրված քաղաքական իրավիճակը պարտավորեցնում է անհետաձգելի քայլեր ձեռնարկել երկրի և ժողովրդի ռազմական անվտանգությունը ապահովելու համար: Հասկանալի է, որ այդ քայլերը ուղղակիորեն առնչվում են նաև Հայաստանի էներգետիկ և տնտեսական անվտանգությանը: Սա է օրվա թելադրանքը:

Սակայն մեր ժողովուրդը մեկ օրվա թելադրանքով չի կառուցում իր ապագան: Ռազմական, էներգետիկ և տնտեսական ոլորտներում կայունության և անվտանգության ապահովման խնդիրներից բացի ոչ պակաս կարևոր են նաև քաղաքական, գաղափարական և հոգևոր-մշակութային ուղղությունները, որոնք, հիմնված լինելով ընդհանուր արժեքային համակարգի վրա, ամուր կապում են մեզ Եվրոպայի հետ: Այսօր Հայաստանում և Արցախում իրականացվող ժողովրդավարական լայնածավալ բարեփոխումները դրա վառ ապացույցն են: Ցանկանում եմ հատուկ շեշտել, որ դա ոչ թե մեզ պարտադրված պահանջ է, այլ մեր ժողովրդի և իշխանությունների գիտակցված ընտրությունը:

Եվ  այս հանգամանքն է այսօր Եվրոպական միության հետ Հայաստանի մերձեցման հիմնական գրավականը: Դրան են ուղղված ինչպես պաշտոնական, այդպես էլ խորհրդարանական դիվանագիտության ջանքերը: Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերն այս ուղղությամբ ամբողջական չեն լինի առանց համայն հայության ջանքերի: Լիահույս եմ, որ համատեղելով մեր ներուժը՝ մենք հաջողություն կարձանագրենք մեր արդար նպատակներին հասնելու և ազգային իղձերն իրականացնելու պայքարում:

Ոչ վաղ անցյալում ազգային զարթոնքի վերելքի և մեզ պարտադրած պատերազմում հայ ժողովրդի տարած հաղթանակի արդյունքում Լեռնային Ղարաբաղը ձեռք բերեց իր անկախությունը: Դա հնարավոր դարձավ համայն հայության միասնության և մեր նախահայրերի՝ ազատ և անկախ ապրելու, մեր ճակատագիրն ինքնուրույն կերտելու մեզ ավետած պատգամին հավատարիմ մնալու շնորհիվ: Այսօր մենք հպարտ ենք, որ տարածաշրջանում գոյություն ունեն երկու հայկական պետություններ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունները:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր էլ ձեր եռանդուն և ազգանվեր աշխատանքի շնորհիվ Հայաստան ժամանող բազմաթիվ եվրոպական պատգամավորներ, որոնք ներկայացնում են իրենց ազգային խորհրդարանները, այցելում են նաև Արցախ և ականատես լինում արցախցիների հաջողություններին և համոզվում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոչ միայն ինքնորոշման, ալև ինքնուրույն պետականություն ունենալու իրավունք ունի: Այդ իրավունքը նա վաստակել է: Ես հավատում եմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ես հավատում եմ ԼՂՀ ժողովրդին, եւ ես վստահ եմ, որ Արցախի ժողովուրդը պաշտպանել է եւ պատրաստ է ապագայում պաշտպանելու իր հայրենիքը:

Անկախ մարտավարական և այլ բնույթի տարաձայնություններից Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր քաղաքական ուժերի համատեղումը արտաքին քաղաքական ասպարեզում կարևորվում է հատկապես այսօր՝ 1915 թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, քանզի մեր միասնականությունն է Հայոց ցեղասպանության միջազգային լիարժեք ճանաչմանը հասնելու և պատմական արդարությունը վերականգնելու կարևորագույն երաշխիքը:

Հայ ժողովրդի բոլոր հատվածների միասնականությունը կարևորվում է այսօր ավելի քան երբևիցե, քանզի Թուրքիայի կառավարությունը շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, ինչը միջազգային առաջադեմ հանրության կողմից դիտվում է որպես կրկնակի ցեղասպանություն: Սակայն, համաշխարհային քաղաքականության մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն գաղափարը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը և առաջին հերթին Թուրքիայի կողմից կարող է հանգեցնել տարածաշրջանային կայունության հաստատմանը և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը: Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ մենք կհասնենք մեր ազգային նպատակներին:

Եվս մեկ անգամ ողջունում եմ համագումարի մասնակիցներին և մաղթում արգասաբեր աշխատանք»:

Համագումարի մասնակիցներին ողջունեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը,  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը, Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի համակարգող Հակոբ Տեր-Խաչատրյանը:

Բրյուսելում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելեց Եվրոպական ժողովրդական կուսակցության կենտրոնական գրասենյակ եւ գրառում կատարեց ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի մահվան կապակցությամբ բացված հուշամատյանում:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելեց Բրյուսելի հայկական եկեղեցի, ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող  խաչքարին:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

 

Չարենցավանում տնակ է այրվել

հրդեհՀոկտեմբերի 15-ին, ժամը 05.41-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.31-ին, մարվել` 07.20-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (72 քմ) և կենցաղային իրեր:

ԿԳՆ-ն հայտեր է ընդունում ՀԿ-ներից և գործարար միավորումների ներկայացուցիչներից

կգնՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի Կրթության պետական տեսչության և Լեզվի պետական տեսչության կառավարման խորհուրդների կազմերում համապատասխան բնագավառի ՀԿ-ների կամ այլ գործարար միավորումների ներկայացուցիչների ընդգրկման նպատակով ԿԳՆ-ն հայտեր է ընդունում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի “Տեսչություններում կառավարման խորհուրդներ ստեղծելու մասին” N 856-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի Կրթության պետական տեսչության և Լեզվի պետական տեսչության կառավարման խորհուրդների կազմերում համապատասխան բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների ներկայացուցիչներին ընդգրկելու նպատակով, նախարարությունը հայտարարում է թեկնածուների հայտերի ընդունում:

Վերոնշյալ որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջների համաձայն խորհրդում ընդգրկվում են դիմումն առաջինը ներկայացրած երկու կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների ներկայացուցիչները` ըստ հերթականության:

Դիմումները ներկայացնել մինչև ս.թ. հոկտեմբերի 29-ը /ներառյալ/, ժամը 09.30-17.30 /բացի հանգստյան օրերից/, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժին:
Հասցե. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք, 6-րդ հարկ, 616 սենյակ: Հեռ.` 010- 52-06-32 կամ 010-52-48-56:

Խաչածաղկավորները ճառագայթային հիվանդությունների դեմ

521d3208-e1c1-bc07-e1c1-bc08370cfd3f.photo.0Խաչածաղկավորների (կաղամբ, բրոկոլի) մեջ պարունակվող դիինդոլիլմեթան նյութը կարող է պաշտպանել ճառագայթային հիվանդություններից, որոնք առաջանում են հակաքաղցկեղային թերապիայի կամ էլ միջուկային վթարի հետևանքով, ասում են ամերիկացի գիտնականները, որոնց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences պարբերականում:

Էլիոթ Ռոզենն ու իր գործընկերները փորձեր են արել առնետների վրա. կրծողներին ճառագայթահարել են մարդու համար մահացու չափաբաժնով (13 գրեյ, նման չափաբաժին ստացած մարդիկ ապրում են 2 շաբաթից ոչ ավելի): 14 օր գիտնականները կրծողներին բուժել են ամեն օր դիինդոլիլմեթանի պարունակությամբ դեղամիջոց ներարկելով: Առաջին ներարկումն արվել է ռադիացիոն ներգործությունից 10 րոպե անց:

“Բոլոր առնետները սատկել են, բացի նրանցից, որոնց ներարկվել է դիինդոլիլմեթան: Կաթնասունները կենդանի են մնացել ճառագայթահարումից 30 օր անց էլ:Մենք ցույց ենք տվել, որ DIM-ն օգնում է նաև ճառագայթահարման ենթարկված մկներին”,- ասել է   Ռոզենը: Գիտնականները վստահ են, որ այդ նյութը կարող է կիրառվել 2 տարբերակով.”Այն կարող է  պաշտպանել ռադիոթերապիա ստացած  հիվանդների առողջ հյուսվածքները, և միջուկային վթարի դեպքում  փրկել մարդկանց”:

Սպասվում է փոփոխական եղանակ

եղանակՀանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-17-ին աստիճանաբար կբարձրանա 2-3, 19-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում՝
   Հոկտեմբերի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՀՀ փոխվարչապետը երկկողմ հանդիպումներ ունեցավ Փարիզում

Արմեն ԳեւորգյանՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Փարիզում երկկողմ հանդիպումներ ունեցավ ֆրանսիացի գործընկերների հետ:

Ֆրանսիայի ապակենտրոնացված համագործակցության հարցերով նախարար տիկին Մարիլիզ Լեբրանշյուի հետ հանդիպմանը զրուցակիցներն ընդգծեցին երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը` նշելով, որ քաղաքական ոլորտում երկխոսությանը զուգահեռ` ակտիվանում են նաեւ տնտեսական կապերը եւ խորանում է ապակենտրոնացված գործակցությունը: Միաժամանակ նրանք կարեւորեցին այս ոլորտում համագործակցության հետագա զարգացումը, որպեսզի այն համարժեք եւ համահունչ լինի երկկողմ քաղաքական, մշակութային հարաբերությունների բարձր մակարդակին:

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ երկու երկրների միջեւ արդեն ձեւավորվել են ապակենտրոնացված համագործակցության լուրջ ավանդույթներ, իսկ ոլորտում փոխգործակցությունը տարեց տարի ավելի է ընդլայնվում: Արդեն երկրորդ անգամ անցկացվում է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովը, որը վկայում է այս մակարդակում փոխգործակցության կայացածության մասին եւ հնարավորություն է ընձեռում, որպեսզի կողմերի վարչական միավորների եւ համայնքների միջեւ համագործակցությունն ավելի համակարգված եւ գործնական բնույթ ստանա:
Ներկայումս յուրաքանչյուր կողմից 30-ից ավելի քույր քաղաքների ու շրջանների միջև հաստատվել են բարեկամական կապեր, որոնց շրջանակում ամեն տարի իրականացվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր կրթության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում: Կողմերն ընդգծեցին այս ուղղությամբ հարաբերությունները զարգացնելու երկու երկրների կառավարությունների շահագրգռվածությունը:

Փոխվարչապետն անդրադարձավ նաեւ ֆրանսիական տարբեր ընկերությունների եւ կազմակերպությունների կողմից Հայաստանի մարզերում իրականացվող ծրագրերին: Նա մասնավորապես կարեւորեց Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կողմից աջակցության ծրագրերը, որոնք ուղղված են գյուղական համայնքների եւ գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը՝ նկատելով, որ նշված ուղղությունները կարեւոր են նաեւ Հայաստանի կառավարության համար:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ ԶՖԳ աջակցությամբ նաեւ ապակենտրոնացմանն ու տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունը: Տիկին Լեբրանշյուն նշեց, որ իրենց նախարարությունը համագործակցում է ԶՖԳ-ի հետ եւ կարող են գործակալությանն առաջարկել, որպեսզի վերջինս իր ծրագրերում ընդգրկի նաեւ ապակենտրոնացված համագործակցության շրջանակում իրականացվող տարբեր ծրագրերը:

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ հետագա փոխգործակցության հարցեր: Տիկին Լեբրանշյուն նշեց, որ իրենց նախարարության ուսումնակրթական կենտրոնը մշակում եւ իրականացնում է վերապատրաստման ծարգրեր ոլորտի մասնագետների համար, եւ հայաստանցի գործընկերները եւս կարող են ընդգրկվել այդ ծրագրերում: Փոխվարչապետն առաջարկը ողջունելի համարեց` վստահություն հայտնելով, որ նման դասընթացներն օգտակար կլինեն հայ մասնագետների համար: Նա նաեւ ֆրանսիացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մյուս հանդիպումը Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսի հետ էր:
Կողմերը քննարկեցին ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հետ իրականացվող ծրագրերին ու հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների միջեւ փոխգործակցության մակարդակը` նրանք կարեւորեցին նաեւ Եվրամիության ծրագրերի շրջանակում համագործակցության խորացումը:
Զրուցակիցները մասնավորապես անդրադարձան միգրացիայի ոլորտում թե երկկողմ, եւ թե Եվրամիության հետ իրականացվող ծրագրերին: Երկուստեք դրական գնահատվեց օրերս Եվրոպական խորհրդարանի կողմից Հայաստանի հետ մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերին հավանության տալու որոշումը, ինչը մարդկանց տեղաշարժի եւ նրանց ապահով վերադարձի ոլորտում նոր հնարավորություններ է ստեղծում:

Այս համատեքստում անդրադարձ եղավ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների խնդրին: Կարեւորվեց նրանց ապահով վերադարձի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Նշվեց, որ դրան է միտված Եվրամիության` «Միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների հզորացում, վերաինտեգրմանն ուղղված միջոցառումներ» ծրագիրը, որն իրականացվում է Ֆրանսիայի ներգաղթի եւ ինտեգրման գործակալության կողմից եւ ուղղված է Հայաստան վերադարձողների վերաինտեգրման աջակցմանը:
Առաջիկայում ՀՀ Ազգային ժողով կներկայացվի ապրիլին Բրյուսելում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը, ըստ որի Հայաստանը փաստաթուղթն ստորագրած ԵՄ անդամ պետությանների հետ պետք է կազմի համաձայնագրի կիրարկման արձանագրություն: Փոխվարչապետը նշեց, որ հայկական կողմը պատրաստակամ է արդեն իսկ սկսել այդ հարցով քննարկումները ֆրանսիացի գործընկերների հետ: Նա նաեւ տեղեկացրեց, որ մի շարք աշխատանքներ են իրականացվում սահմանային կառավարման բարելավման եւ անցակետերի արդիականացման ուղղությամբ, արդեն ներդրվել է կենսաչափական անձնագրերի համակարգը:

Երկուստեք կարեւորվեց վերոնշյալ ուղղություններով համագործակցության խորացումը: Պրն Վալսը նշեց, որ ֆրանսիական կողմը պատրաստակամ է ամենայն աջակցություն ցուցաբերել հայ գործընկերներին` անհրաժեշտ աշխատանքների իրականացման հարցում:
Զրուցակիցները բարձր գնահատեցին նաեւ ապօրինի միգրացիայի, կազմակերպված հանցավորության, թրամիջոցների ապօրինի տարանցման եւ թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության ոլորտում առկա փոխգործակցությունը: Հանդիպման ավարտին փոխվարչապետը Մանուել Վալսին հրավիրեց այցելել Հայաստան:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցչին

Էդվարդ Նալբանդյան

Էդվարդ Նալբանդյան

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսին՝  նշանակման նամակի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով մշտական ներկայացուցչին նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում  կշարունակվի Հայաստանի արդյունավետ համագործակցությունը միջազգային տնտեսական համակարգում առանցքային դերակատարություն ունեցող այս կառույցի հետ: Նախարար Նալբանդյանը նաեւ բարձր գնահատեց 1992թ.-ից ի վեր ԱՄՀ-ի բազմակողմանի աջակցությունը Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Տերեսա Դաբան Սանչեսը նշեց, որ ԱՄՀ-ն հետագայում էլ շարունակելու է օժանդակել Հայաստանի զարգացմանը, ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմանը։

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստանի եւ ԱՄՀ-ի միջեւ հետագա համագործակցության առնչվող հարցերին։

Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ուսումնական այցն Արցախ

567.The visit of the students of the Diplomatic school to Artsakh 14.10.2013Հոկտեմբերի 7-10-ը ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներն ամենամյա ուսումնական այցով Արցախում էին:

Հոկտեմբերի 7-ին Դիվանագիտական դպրոցի ունկնդիրները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում հանդիպեցին նախարար Կարեն Միրզոյանի եւ նախարարության ղեկավար անձնակազմի հետ:

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դպրոցի ունկնդիրներին ծանոթացրեց ԼՂՀ ԱԳՆ կառուցվածքին եւ գործառույթներին, նախարարության առջեւ դրված խնդիրներին, ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին:

Հանդիպման ավարտին նախարար Կարեն Միրզոյանը ԼՂՀ ԱԳՆ հետ համագործակցության եւ աջակցության համար Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանին պարգևատրեց ԼՂՀ ԱԳՆ հոբելյանական հուշամեդալով:

Նույն օրը երեկոյան դպրոցի ունկնդիրներին ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախագահը գոհունակությամբ նշեց, որ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների այցելությունն Արցախ դարձել է բարի ավանդույթ, ինչը հատկապես կարեւոր է ապագա դիվանագետների մասնագիտական ունակությունների կատարելագործման համար: Նախագահ Սահակյանը անդրադարձավ հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության մի շարք առանցքային խնդիրների եւ պատասխանեց ունկնդիրների բազմաթիվ հարցերին:

Հոկտեմբերի 8-ի առավոտյան ԴԴ ունկնդիրներն այցելեցին սահմանապահ առաջին գիծ, ծանոթացան մարտական պատրաստականության առանձնահատկություններին եւ ծառայողների առօրյային:

Հոկտեմբերի 8-ին, ընդունելով դպրոցի ունկնդիրներին, Արցախի կառավարության ղեկավար Արա Հարությունյանը խոսեց տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանն ուղղված միջոցառումների մասին: Պատասխանելով ունկնդիրների հարցերին` վարչապետն անդրադարձավ Արցախում ներդրումների խթանման, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացման համար արվող քայլերին, ենթակառուցվածքների վիճակին եւ մի շարք այլ խնդիրների` կարևորելով գործող ժողովրդավարության դերն Արցախի ունեցած ձեռբերումներում:

Հոկտեմբերի 10-ին ԴԴ ունկնդիրներին հյուրընկալեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Նա ունկնդիրներին ծանոթացրեց Արցախի օրենսդիր մարմնի կառուցվածքին ու քաղաքական կազմին, գործունեության առանձնահատկություններին, միջխորհրդարանական համագործակցությանն ու շփումներին, ինչպես նաեւ ներկայացրեց երկրի ձեռբերումները օրենսդրական, քաղաքական, դիվանագիտական, մշակութային եւ այլ խնդիրների համատեքստում։

ԴԴ ունկնդիրները Ստեփանակերտում այցելեցին ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն-թանգարան, ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն-թանգարան եւ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան, իսկ Շուշիում` Կերպարվեստի պետական թանգարան և Շուշիի արվեստների կենտրոն:

 

Նախագահն ընդունել է հայտնի երգահան, դաշնակահար Ռայմոնդ Պաուլսին

 

 Ռայմոնդ Պաուլս, Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է լատվիացի հայտնի երգահան, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուլսին:

Նախագահը ողջունել է հանրաճանաչ երգահանին Հայաստանում, բարձր գնահատել մշակույթի գործին նրա անձնվեր ծառայությունը՝ ընդգծելով, որ տասնամյակներ շարունակ Ռայմոնդ Պաուլսի երաժշտությամբ դաստիարակվել են միլիոնավոր մարդիկ, այդ թվում՝ բազմահազար մեր հայրենակիցներ, ովքեր այսօր էլ ջերմությամբ են ընդունում անվանի երաժշտին և մեծ տպավորություն են ստացել նրա երևանյան համերգից:

Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը Ռայմոնդ Պաուլսին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ հայ-լատվիական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի, համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար: Նախագահը շնորհավորել է անվանի երգահանին ՀՀ պետական բարձր պարգևի արժանանալու համար և մաղթել նորանոր հաջողություններ:

 

9 ամսում Երևանում 6300 հանցագործություն է գրանցվել, ինչը 15,7 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից

ոստիկանություն3Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին վարչության ու ենթակա ստորաբաժանումների 2013 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Խորհրդակցությանը մասնակցում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը հաշվետու զեկույցում նշեց, որ անցած 9 ամիսներին մայրաքաղաքում գրանցվել է 6300 հանցագործության դեպք, որը 15,7 տոկոսով ավելի է նախորդ տարվանից: Աճը պայմանավորված է հանցագործությունները գրանցումից թաքցնելու արատավոր պրակտիկայի բացառումով: Անձի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 13,6 տոկոսով, սպանության փորձերը՝ 44,4, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները՝ 26,2 տոկոսով: Միևնույն ժամանակ, 58,3 տոկոս նվազում է արձանագրվել մարդկանց թրաֆիքինգի դեպքերով: Աճել է նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի բացահայտման արդյունավետությունը՝ 83,7 տոկոս:
Զենք-զինամթերքի առգրավման փաստերով հարուցված քրեական գործերի թիվն աճել է 4 դեպքով, իսկ հրազենով կատարված հանցագործությունները նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 1-ով:
Հաշվետու ժամանակահատվածում մայրաքաղաքում արձանագրվել է դիտավորյալ սպանության 13 դեպք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների արդյունքում 9-ը բացահայտվել են: Բացահայտման ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 12,1 տոկոսով՝ կազմելով 69,2 տոկոս: 5,1 տոկոս աճ է արձանագրվել նաև ավազակային հարձակման դեպքերի բացահայտման ուղղությամբ:
Նախկինում կատարված՝ կասեցված հանցագործություններից այս տարվա 9 ամիսների ընթացքում բացահայտվել է 399 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա 380-ի դիմաց, և այս միտումը վարչության ձեռքբերումներից է:
2013 թ. 9 ամիսների ընթացքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 534 անձ:
Հաշվետու զեկույցին հետևած քննարկման ընթացքում ոստիկանության բաժինների պետերը ներկայացրին տարածքների օպերատիվ իրավիճակի առանձնահատկությունները, իրականացվող միջոցառումների ընթացքը, անձնակազմի հետ տարվող աշխատանքը:
Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց հանցագործությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքներն ակտիվացնելու, բնակչության հետ համագործակցելու, համայնքների քրեածին իրավիճակի մշտադիտարկում իրականացնելու ուղղությամբ:
Անդրադառնալով հաշվետու շրջանի ցուցանիշներին՝ ոստիկանության պետը կրկին ընդգծեց, որ հանցագործությունները գրանցումից թաքցնելը բացառելն այլընտրանք չունի:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև անձնակազմի օպտիմալացման, մի շարք ստորաբաժանումների կառուցվածքային փոփոխության ծրագրերին, դրական գնահատեց ոստիկանության բաժիններում ընթացող հիմնանորոգման աշխատանքները և համոզմունք հայտնեց, որ Երևանի կայազորում ընթացող բարեփոխումների գործընթացը նպատակամղվածության, յուրաքանչյուր ոստիկանի աշխատանքի օբյեկտիվ ու արդար գնահատման, ծառայողների պրոֆեսիոնալ պատրաստվածության շարունակական բարձրացման շնորհիվ հասցնելու է ցանկալի նպատակին՝ նոր ոստիկանության ձևավորմանը:

36 ՃՏՊ, 2 զոհ և 50 վիրավոր` 3 օրում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 11-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության և սպանության փորձի 1-ական դեպք, որոնք բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 34 դեպքից բացահայտվել է 30-ը,  իսկ  խարդախության  9 և խուլիգանության 3 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6,  գողության և խարդախության 1-ական  դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար. 2 մարդ զոհվել է, 50-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Շրջակա միջավայրին հասցվել է 1.65 միլիոն դրամի վնաս

101437152935Բնապահպանական պետական տեսչության՝ 07-11.10.2013թ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի, բնապահպանական և բնօգտագործման վճարների  եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 580.0 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել է 1.65 միլիոն դրամ  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.21 միլիոն դրամ գումար:

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն»-ում տեսչության իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերված  խախտումների համար հաշվարկվել է 290.25 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երկու գործերի քննության արդյունքում կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 975.5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ  բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված ապօրինի արածեցման դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 5.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երկու գործերի քննության արդյունքում կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 361.5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

Կոտայքի տարածքային բաժնի կողմից  ստացված ահազանգի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: 

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Շիրակի տարածքային բաժինը  մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Տավուշի տարածքային բաժինը հայտնաբերված խախտումների համար կայացրել է  200.0հազ.դր.  ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 17.2 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շտապ. Ջերմուկում որսում են բեզոարյան այծերին

բեզոարյան այծերՀոկտեմբերի 14-ին` ժամը 13:15-ի դրությամբ, երեք որսորդ  Ջերմուկի շրջանում` Արփա գետի կիրճերի լանջերին, Կեչուտի ջրամբարի մոտ, որսում են Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերին: ԷկոԼուրին ահազանգել է էկոլոգ Լյուբա Բալյանը, ով ներկայումս ուսումնասիրում է թռչունների միգրացիան այդ շրջանում: «Ես չեմ կարող լուսանկարել որսորդներին, նրանք հեռու են, ես նրանց տեսնում եմ հեռադիտակով: Նրանք չորսն էին, բայց հիմա մնացին երեքը: Այծերը իջել էին ջուր խմելու, եւ նրանք կրակեցին, բայց վրիպեցին, իսկ այծերը թաքնվեցին: Նրանք ուսումնասիրում են տեղանքը՝ որս գտնելու նպատակով»,- ասում է Լյուբա Բալյանը: Դիտորդները զանգահարել են ՀՀ բնապահպանության նախարարության  Բնապահպանական տեսչություն: Տեսչությունը խոստացել է աշխատակիցներ ուղարկել:

Լյուբա Բալյանի խոսքով` երեկ երեկոյան, երբ նրանք դարձյալ կատարում էին թռչնադիտարկում, նրանց մոտեցել են մարդիկ, ներկայացել որպես անտառտնտեսության աշխատակիցներ և հարցրել են` չեն տեսել արդյոք նրանք մոտակայքում բեզոարյան այծերի: Հետո գնացել են: Չի բացառվում, որ տեղի անտառապահերը հանդիսանում են ուղեկցորդ որսորդների համար, որոնք պատրաստ են վճարել մեծ գումարներ Կարմիր գրքի կենդանիներին որսալու համար:

 

Արարատի նախկին մարզպետը` Վլադիմիր Գասպարյանի ավագ խորհրդական

arm138175340269-180x180Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը նշանակվել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ավագ խորհրդական:Հիշեցնենք, որ իր դիմումի համաձայն`Էդիկ Բարսեղյանն օրերս ազատվել էր Արարատի մարզպետի պաշտոնից: Նրան փոխարինում է Արամայիս Գրիգորյանը:

Մեկ դոլարը`408 դրամ

դոլարՀոկտեմբերի 14-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408 դրամ:

Համաներմամբ արդեն ազատ է արձակվել 505 դատապարտյալ

համաներումՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝  ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 43 դատապարտյալ:

«Նուբարաշեն» ՔԿՀ –ից ազատ է արձակվել  4, «Արթիկ» ՔԿՀ –ից` 1, «Էրեբունի» ՔԿՀ –ից` 26, «Կոշ» ՔԿՀ – ից`2, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ –ից`  6, «Վանաձոր» ՔԿՀ –ից` 1, «Աբովյան» ՔԿՀ – -ից`1  (կին դատապարտյալ) , «Հրազդան» ՔԿՀ –ից` 2 դատապարտյալ:

Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ ընդհանուր առմամբ, համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 505 դատապարտյալ: