Վարորդը գիտակցության չգալով մահացել է

ավտոպատահարՀոկտեմբերի 14-ին, ժամը 16.50-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ներքին Չարբախի 3-րդ փողոցի թիվ 56 հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը, այնուհետև՝ պատին:
Վարորդը՝ 1989 թ. ծնված Անդրանիկ Օհանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 22.10-ին, գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Մահվան ելքով պատահար Ալավերդի-Ախթալա ճանապարհին

ավտովթարՀոկտեմբերի 14-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Ախթալա ճանապարհի 9-րդ կմ-ին բախվել է «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսի:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորը` 1990 թ. ծնված Ավետիք Ջանինյանը, մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Չարենցավանում տնակ է այրվել

հրդեհՀոկտեմբերի 15-ին, ժամը 05.41-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.31-ին, մարվել` 07.20-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (72 քմ) և կենցաղային իրեր:

Սպասվում է փոփոխական եղանակ

եղանակՀանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-17-ին աստիճանաբար կբարձրանա 2-3, 19-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում՝
   Հոկտեմբերի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ուսումնական այցն Արցախ

567.The visit of the students of the Diplomatic school to Artsakh 14.10.2013Հոկտեմբերի 7-10-ը ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներն ամենամյա ուսումնական այցով Արցախում էին:

Հոկտեմբերի 7-ին Դիվանագիտական դպրոցի ունկնդիրները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում հանդիպեցին նախարար Կարեն Միրզոյանի եւ նախարարության ղեկավար անձնակազմի հետ:

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դպրոցի ունկնդիրներին ծանոթացրեց ԼՂՀ ԱԳՆ կառուցվածքին եւ գործառույթներին, նախարարության առջեւ դրված խնդիրներին, ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին:

Հանդիպման ավարտին նախարար Կարեն Միրզոյանը ԼՂՀ ԱԳՆ հետ համագործակցության եւ աջակցության համար Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանին պարգևատրեց ԼՂՀ ԱԳՆ հոբելյանական հուշամեդալով:

Նույն օրը երեկոյան դպրոցի ունկնդիրներին ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախագահը գոհունակությամբ նշեց, որ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների այցելությունն Արցախ դարձել է բարի ավանդույթ, ինչը հատկապես կարեւոր է ապագա դիվանագետների մասնագիտական ունակությունների կատարելագործման համար: Նախագահ Սահակյանը անդրադարձավ հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության մի շարք առանցքային խնդիրների եւ պատասխանեց ունկնդիրների բազմաթիվ հարցերին:

Հոկտեմբերի 8-ի առավոտյան ԴԴ ունկնդիրներն այցելեցին սահմանապահ առաջին գիծ, ծանոթացան մարտական պատրաստականության առանձնահատկություններին եւ ծառայողների առօրյային:

Հոկտեմբերի 8-ին, ընդունելով դպրոցի ունկնդիրներին, Արցախի կառավարության ղեկավար Արա Հարությունյանը խոսեց տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանն ուղղված միջոցառումների մասին: Պատասխանելով ունկնդիրների հարցերին` վարչապետն անդրադարձավ Արցախում ներդրումների խթանման, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացման համար արվող քայլերին, ենթակառուցվածքների վիճակին եւ մի շարք այլ խնդիրների` կարևորելով գործող ժողովրդավարության դերն Արցախի ունեցած ձեռբերումներում:

Հոկտեմբերի 10-ին ԴԴ ունկնդիրներին հյուրընկալեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Նա ունկնդիրներին ծանոթացրեց Արցախի օրենսդիր մարմնի կառուցվածքին ու քաղաքական կազմին, գործունեության առանձնահատկություններին, միջխորհրդարանական համագործակցությանն ու շփումներին, ինչպես նաեւ ներկայացրեց երկրի ձեռբերումները օրենսդրական, քաղաքական, դիվանագիտական, մշակութային եւ այլ խնդիրների համատեքստում։

ԴԴ ունկնդիրները Ստեփանակերտում այցելեցին ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն-թանգարան, ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն-թանգարան եւ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան, իսկ Շուշիում` Կերպարվեստի պետական թանգարան և Շուշիի արվեստների կենտրոն:

 

9 ամսում Երևանում 6300 հանցագործություն է գրանցվել, ինչը 15,7 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից

ոստիկանություն3Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին վարչության ու ենթակա ստորաբաժանումների 2013 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Խորհրդակցությանը մասնակցում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը հաշվետու զեկույցում նշեց, որ անցած 9 ամիսներին մայրաքաղաքում գրանցվել է 6300 հանցագործության դեպք, որը 15,7 տոկոսով ավելի է նախորդ տարվանից: Աճը պայմանավորված է հանցագործությունները գրանցումից թաքցնելու արատավոր պրակտիկայի բացառումով: Անձի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 13,6 տոկոսով, սպանության փորձերը՝ 44,4, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները՝ 26,2 տոկոսով: Միևնույն ժամանակ, 58,3 տոկոս նվազում է արձանագրվել մարդկանց թրաֆիքինգի դեպքերով: Աճել է նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի բացահայտման արդյունավետությունը՝ 83,7 տոկոս:
Զենք-զինամթերքի առգրավման փաստերով հարուցված քրեական գործերի թիվն աճել է 4 դեպքով, իսկ հրազենով կատարված հանցագործությունները նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 1-ով:
Հաշվետու ժամանակահատվածում մայրաքաղաքում արձանագրվել է դիտավորյալ սպանության 13 դեպք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների արդյունքում 9-ը բացահայտվել են: Բացահայտման ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 12,1 տոկոսով՝ կազմելով 69,2 տոկոս: 5,1 տոկոս աճ է արձանագրվել նաև ավազակային հարձակման դեպքերի բացահայտման ուղղությամբ:
Նախկինում կատարված՝ կասեցված հանցագործություններից այս տարվա 9 ամիսների ընթացքում բացահայտվել է 399 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա 380-ի դիմաց, և այս միտումը վարչության ձեռքբերումներից է:
2013 թ. 9 ամիսների ընթացքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 534 անձ:
Հաշվետու զեկույցին հետևած քննարկման ընթացքում ոստիկանության բաժինների պետերը ներկայացրին տարածքների օպերատիվ իրավիճակի առանձնահատկությունները, իրականացվող միջոցառումների ընթացքը, անձնակազմի հետ տարվող աշխատանքը:
Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց հանցագործությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքներն ակտիվացնելու, բնակչության հետ համագործակցելու, համայնքների քրեածին իրավիճակի մշտադիտարկում իրականացնելու ուղղությամբ:
Անդրադառնալով հաշվետու շրջանի ցուցանիշներին՝ ոստիկանության պետը կրկին ընդգծեց, որ հանցագործությունները գրանցումից թաքցնելը բացառելն այլընտրանք չունի:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև անձնակազմի օպտիմալացման, մի շարք ստորաբաժանումների կառուցվածքային փոփոխության ծրագրերին, դրական գնահատեց ոստիկանության բաժիններում ընթացող հիմնանորոգման աշխատանքները և համոզմունք հայտնեց, որ Երևանի կայազորում ընթացող բարեփոխումների գործընթացը նպատակամղվածության, յուրաքանչյուր ոստիկանի աշխատանքի օբյեկտիվ ու արդար գնահատման, ծառայողների պրոֆեսիոնալ պատրաստվածության շարունակական բարձրացման շնորհիվ հասցնելու է ցանկալի նպատակին՝ նոր ոստիկանության ձևավորմանը:

36 ՃՏՊ, 2 զոհ և 50 վիրավոր` 3 օրում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 11-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության և սպանության փորձի 1-ական դեպք, որոնք բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 34 դեպքից բացահայտվել է 30-ը,  իսկ  խարդախության  9 և խուլիգանության 3 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6,  գողության և խարդախության 1-ական  դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար. 2 մարդ զոհվել է, 50-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Շրջակա միջավայրին հասցվել է 1.65 միլիոն դրամի վնաս

101437152935Բնապահպանական պետական տեսչության՝ 07-11.10.2013թ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի, բնապահպանական և բնօգտագործման վճարների  եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 580.0 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել է 1.65 միլիոն դրամ  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.21 միլիոն դրամ գումար:

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն»-ում տեսչության իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերված  խախտումների համար հաշվարկվել է 290.25 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երկու գործերի քննության արդյունքում կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 975.5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ  բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված ապօրինի արածեցման դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 5.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երկու գործերի քննության արդյունքում կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 361.5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

Կոտայքի տարածքային բաժնի կողմից  ստացված ահազանգի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: 

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Շիրակի տարածքային բաժինը  մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Տավուշի տարածքային բաժինը հայտնաբերված խախտումների համար կայացրել է  200.0հազ.դր.  ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 17.2 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շտապ. Ջերմուկում որսում են բեզոարյան այծերին

բեզոարյան այծերՀոկտեմբերի 14-ին` ժամը 13:15-ի դրությամբ, երեք որսորդ  Ջերմուկի շրջանում` Արփա գետի կիրճերի լանջերին, Կեչուտի ջրամբարի մոտ, որսում են Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերին: ԷկոԼուրին ահազանգել է էկոլոգ Լյուբա Բալյանը, ով ներկայումս ուսումնասիրում է թռչունների միգրացիան այդ շրջանում: «Ես չեմ կարող լուսանկարել որսորդներին, նրանք հեռու են, ես նրանց տեսնում եմ հեռադիտակով: Նրանք չորսն էին, բայց հիմա մնացին երեքը: Այծերը իջել էին ջուր խմելու, եւ նրանք կրակեցին, բայց վրիպեցին, իսկ այծերը թաքնվեցին: Նրանք ուսումնասիրում են տեղանքը՝ որս գտնելու նպատակով»,- ասում է Լյուբա Բալյանը: Դիտորդները զանգահարել են ՀՀ բնապահպանության նախարարության  Բնապահպանական տեսչություն: Տեսչությունը խոստացել է աշխատակիցներ ուղարկել:

Լյուբա Բալյանի խոսքով` երեկ երեկոյան, երբ նրանք դարձյալ կատարում էին թռչնադիտարկում, նրանց մոտեցել են մարդիկ, ներկայացել որպես անտառտնտեսության աշխատակիցներ և հարցրել են` չեն տեսել արդյոք նրանք մոտակայքում բեզոարյան այծերի: Հետո գնացել են: Չի բացառվում, որ տեղի անտառապահերը հանդիսանում են ուղեկցորդ որսորդների համար, որոնք պատրաստ են վճարել մեծ գումարներ Կարմիր գրքի կենդանիներին որսալու համար:

 

Արդարադատության նախարարությունը չպետք է միջամտի փաստաբանների անկախ գործունեությանը. Օմբուդսմեն

 ՕմբուդսմենՓաստաբանները դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ դժգոհելով ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից մշակված օրենքի նախագծից, ըստ որի նրանց վրա դրվում է հավելյալ տուրքի վճարման պարտավորություն: Նույն օրենքի նախագիծը Պաշտպանին կարծիքի էր ուղարկվել նաև ՀՀ Արդարադատության նախարարության կողմից:

 

Ուսումնասիրելով օրենքի նախագիծը՝ պաշտպանը պարզեց, որ առաջին հերթին խնդրահարույց է այն, որ Արդարադատության նախարարությունը միջամտում է փաստաբանների անկախ գործունեությանը՝ իր վրա  վերցնելով  փաստաբանների գրանցամատյանի վարման գործառույթը, ինչի համար նաև գանձում է հավելյալ տուրք:

 

Բացի այդ, ընդունելի չէ այն հիմնավորումը, որ փաստաբաններից գանձվող տուրքը նախատեսվում է ուղղել Հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը, քանի որ այդ գրասենյակի պահպանումը հանդիսանում է պետության պոզիտիվ պարտականությունը:

 

Ուստի ելնելով վերոգրյալից` Պաշտպանը առաջարկել է նախարարին վերանայել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը և պատշաճ կերպով շահագրգիռ անձանց հետ քննարկելուց հետո միայն դնել համապատասխան շրջանառության մեջ՝ հաշվի առնելով մեր կողմից նշված դիտողությունները:

 

Անտառից 7 ծառ է հատել

ծառհատումՀոկտեմբերի 12-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Ջրառատ գյուղից, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Ռոմիկ Ղ.-ին և 1986 թ. ծնված Ալբերտ Ս.-ին: Վերջինիս վարած «ՎԱԶ- 2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 7 ծառ: Ռոմիկ Ղ.-ն հայտնել է, որ ծառերը, «Գևորգ Չաուշ» կոչվող անտառամասից, ձեռքի սղոցով հատել է ինքը:
Նշանակվել է փորձաքննություն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Վանաձորում 15-ամյա երիտասարդի են սպանել

դանակով վնասվածքՀոկտեմբերի 12-ին, ժամը 19.35-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից  ոստիկանության Տարոնի բաժնում  հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ   բուժօգնության է ընդունվել Երևան քաղաքի բնակիչ, 1998 թ. ծնված Դավիթ  Հովակիմյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Դ. Հովակիմյանը  հիվանդանոցում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը վերավորակավորվել է ՀՀ քրեական  օրենսգրքի 104 հոդվածի  1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների կողմից հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 01.50-ին, սպանությունը կատարելու կասկածանքով իր բնակարանից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված, նախկինում դատապարտված  Կարեն Կ.-ն՝ «Քուրդ» մականունով:
Պարզվել է, որ նա հոկտեմբերի 12-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցի հարևանությամբ գտնվող այգում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Դ. Հովակիմյանին և պատճառել մահ:
Կարեն Կ.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է:

ՀԿԵ-ում ամփոփեցին հունվար-սեպտեմբերի աշխատանքի արդյունքները

հկե«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հոկտեմբերի 14-ին կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփեց Ընկերության հունվար-սեպտեմբերին կատարած աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց տնօրենն, անցած ժամանակահատվածը բավարար է ՀԿԵ-ի աշխատանքը գնահատելու և 2014 թվականի համար ծրագրեր մշակելու համար:

Վիկտոր Ռեբեցը տեղեկացրեց, որ 2013 թվականի հունվար-սեպտեմբերի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2,4 մլն տոննա բեռ, ինչը կազմում է 96,7% նախատեսված ցուցանիշից և 95,6% անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից:

Միևնույն ժամանակ Ընկերության ղեկավարն ընդգծեց, որ բեռնման ցուցանիշը գերազանցել է 1,5 մլն տոննա, ինչը 2,1%-ով գերազանցում է անցյալ տարվա հունվար-սեպտեմբերի ցուցանիշները:

ՀԿԵ գլխավոր տնօրենի տվյալների համաձայն, 2013 թվականի 9 ամիսների արդյունքներով՝ դրական դիմնամիկա են արձանագրել այնպիսի կաևոր ցուցանիշներ, ինչպիսիք են տարանցիկ վագոնների պարապուրդի ժամանակը, լոկոմոտիվի միջին օրեկան վազքը, գնացքի միջին քաշը:

Խոսելով ուղևորափոխադրումների մասին՝ Վիկտոր Ռեբեցը նշեց, որ, չնայած ուղևորաշրջանառության դրական դինամիկայի, ներհանրապետական հաղորդակցությունում ուղևորափոխադրումների 1,3%-նոց աճին, անհրաժեշտ է շարունակել երկաթուղային ուղևորափոխադրումների մրցունակության ուղղությամբ տարվող աշխատանքը:

Այս համատեքստում նա հատուկ ուշադրություն դարձրեց գնացքների չվացուցակի կատարման խնդրին: Համաձայն գլխավոր տնօրենի կողմից բերված տվյալներին՝ անցած ժամանակահատվածում ուշացել է 147 գնացք, իսկ ուշացման ժամանակը կազմել՝ 187 ժամ: Այդ թվում 164 ժամով ուշացել է 110 բեռնատար գնացք, իսկ 23 ժամով՝ 11 միջազգային և 26 մերձքաղաքային ուղևորատար գնացք:

– Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել գնացաների չվացուցակի կատարման հարցին, որը կարևորագույնն է երաթուղու աշխատանքի մեջ, – ասաց Վիկտոր Ռեբեցը:

Անդրադառնալով երկաթուղայինների աշխատավարձերի աճին՝ Ընկերության ղեկավարը հիշեցրեց, որ անցած ժամանակահատվածում ՀԿԵ-ի աշխատողների միջին ամսեկան աշխատավարձը կազմել է 195 758 դրամ, ինչը 10,7% գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը: Համեմատության համար նա նշեց, որ հանրապետությունում միջին ամսեկան աշխատավարձը կազմում է 145 հազ դրամ, իսկ աճը՝ 4,7%:

Վիկտոր Ռեբեցը հատուկ ուշադրություն դարձրեց ենթակառուցվածքի արդիականացման, գնացքների անվտանգության մակարդակի և աշխատանքի պահպանման հարցերին՝ համապատասխան հանձնարարություններ տալով պատասխանատուներին:

Միևնույն ժամանակ Ընկերության գլխավոր տնօրենը հանձնարարեց ակտիվացնել բեռնափոխադրումների ավելացման ուղղությամբ տարվող աշխատանքը, հավասարակշռել բյուջեի ծախսային և եկամտային մասերը, հատուկ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքի արդիականացմանը:

 

 

 

Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթները շահո՞ւմ է քաղաքապետը

նելսոն-ոսկանյանՍյունիքի մարզում գործող «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ն նյութ է հրապարակել, որում անդրադառնում է Գորիսի քաղաքապետարանի հայտարարած գնումներին ու այդ մրցույթներում հաղթողին:  Ըստ հրապարակման` ստացվում է, որ Գորիսի քաղաքապետը մրցույթ է հայտարարում և ինքն էլ շահում է այն:

Ըստ հրապարակման` որում հղում է կատարվում Gnumner.am կայքին, նշվում է, որ «Գորեր» ՍՊԸ-ն է հաղթել ներքոնշյալ բոլոր մրցույթներում.

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գ. Աշոտի և Սյունիքի փողոցների մայթերի հիմնանորոգման աշխատանքների մրցույթում (գինը` 3 մլն 797 հազ.դրամ),

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գ. Տաթևացու անվան հրապարակի կանաչապատ տարածքների բարեկարգման՝ լուսավորության, ոռոգման և ջրավազանի շատրվանի հիմնանորոգման աշխատանքների իրականացման  մրցույթում (գինը 12 մլն 348 000 դրամ),

Գորիս քաղաքի ներհամայնքային ճանապարհների Ա/Բ ծածկի փոսային նորոգման աշխատանքների իրականացման մրցույթում (գինը 19 մլն. 30 հազ.դրամ),

Գորիս քաղաքի Ղաթրինի Ձոր և Սաթյան 2-րդ նրբանցքի հեղեղատարների վերջնամասերի կառուցման աշխատանքների մրցույթում (գինը`3 մլն 323 հազ դրամ)

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գ. Նարեկացի ու Մամիկոնյան խաչմերուկի ջրընդունիչի կառուցման և Մ. Խորենացի փողոցում սելավատարին միացման աշխատանքների ձեռքբերման մրցույթում (գինը՝ 1 656 980 դրամ) :

գորեր«ԳՈՐԵՐ» ՍՊԸ-ի հիմնադիրը, ըստ կազմակերպությունների գրանցման ռեգիստրի` Գորիս համայնքի ներկայիս ղեկավար Նելսոն Ոսկանյանն է:

ՀԿԵ-ն մասնակցեց «Ավելի լավ Երևան» քաղաքային տնտեսության էքսպո-ցուցահանդեսին

«Հարավկովկասյան երկաթուղի» «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մասնակցեց հոկտեմբերի 12-ին Մաշտոցի պուրակում անցած «Ավելի լավ Երևան» քաղաքային տնտեսության էքսպո-ցուցահանդեսին: Ցուցահանդեսն անցել էր «Էրեբունի – Երևան 2795» տոնակատարությունների շրջանակներում:

ՀԿԵ-ն ներկայացրեց արդեն իսկ իրականացված նախագծերը՝ «Երևան» կայարանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Ալմաստ» կառամատույցի վերակառուցումը, Մանկական երկաթուղու վերանորոգումը, ինչպես նաև ներկա պահին ընթացող կենտրոնական կայարանի տակ գտնվող ստորգետնյա անցումի վերանորոգման և բարեկարգման աշխատանքները:
Ցուցահանդեսի այցելուները նաև հնարավություն ստացան ծանոթանալ «ՀԿԵ» ՓԲԸ Տրանսպորտային ծառայությունների կենտրոնի աշխատանքին և երկաթուղային ուղևորափոխադրումներին:
Ցուցահանդեսին ներկայացվեցին Երևանի քաղաքային տնտեսությունում կատարված վերջին նորարարությունները, ներկա պահին իրագործվող նախագծերը,արտաքին ձևավորման եւ գովազդի, կառավարման տեխնոլոգիաների, ճարտարապետության և այլ ոլորտներում կատարված աշխատանքները:
Էրեբունի-Երևան տոնն առաջին անգամ նշվել է 1968թ.-ին, երբ լրացավ քաղաքի 2750-րդ տարեդարձը։ Մինչև 1988 թվականը տոնը նշվում էր ամեն տարի, սակայն Հայաստանի անկախացումից հետո այս ավանդույթը վերսկսվեց միայն 1998-ին:
Երևանը (Էրեբունի)՝ հայկական 13-րդ մայրաքաղաքը, հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.-ին Ուրարտուի թագավոր Արգիշտի Առաջինի կողմից՝ Հայկական լեռնաշղթայի հարավ-արևելքում։ Անկյունաքարը, որի վրա փորագրված է Երևանի հիմնադրման տարեթիվը, մինչ այժմ պահպանվել է և գտնվում է Էրեբունի ամրոց-թանգարանում։

Մեքենան բախվել է բետոնե ցանկապատի, ուղևորներից մեկը մահացել է

ավտովթարՀոկտեմբերի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Սուզուկի Գրանտ Վիտարա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 17-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի բետոնե ցանկապատին:
Պատահարի հետևանքով ուղևորը` Վրաստանի քաղաքացի, 1984 թ. ծնված Էդվարդ Հարությունովը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն: