Ի հայտ են գալիս նոր խաբվածներ

ձերբակալությունԴեկտեմբերի 10-ին, ժամը 18.30-ին, 1982 թ. ծնված Համբարձում Ս.-ն «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է տվել, որ «Հերթապահ մաս» հեռուստահաղորդումից ճանաչել է Կարեն անունով երիտասարդին, որը օդանավակայանի բեռնային համալիրում աշխատանքի տեղավորելու պատրվակով օգոստոսի 20-ին խաբեությամբ իրենից վերցրել է 50.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով մեղադրյալ, 1989 թ. ծնված Կարեն Ն.-ն է:

***
Նույն օրը, ժամը 20.30-ին, համանման հարցով նշված գծային բաժին է հրավիրվել 1977 թ. ծնված Արմեն Շ.-ն, որը հաղորդում է տվել, որ նույն Կարենը իրեն բեռնային համալիրում աշխատանքի տեղավորելու պատրվակով իրենից վերցրել է 20.000 դրամ, իսկ մնացած 30.000 դրամը պայմանավորվել են հանձնել մեկ օր անց:

 

Ամուսիններին դատաբժշկի ուղեգրեր են տրվել,իրար հարվածելու պատճառով

դատաբժշկի ուղեգրերԴեկտեմբերի 10-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Տարոնի բաժնի ՊՊԾ դասակի 3-րդ հատուկ սպայական ջոկի ծառայողները Բաթումի փողոցի թիվ 17 շենքի մոտ նկատել են երկու քաղաքացիների, որոնք վիճաբանել են ու մոտենալով նրանց` պարզել են, որ նրանք ամուսիններ են` 1984 թ. ծնված Նարինե Ջ.-ն և 1989 թ. ծնված Կամո Վ.-ն:
Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, Նարինե Ջ.-ն ապակյա շշով հարվածել է Կամո Վ.-ի գլխին, իսկ ոտքերով` կրծքավանդակին և պատճառել վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 20.30-ին, Կամո Վ.-ից ընդունվել է հաղորդում և նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Նարինե Ջ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Նարինե Ջ.-ն հաղորդում է տվել, որ նույն վիճաբանության ժամանակ Կամո Վ.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել իրեն և դեմքի ու գլխի մասերում պատճառել վնասվածքներ:
Նարինե Ջ.-ին ևս տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:

Նոր դրվագներ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունից

ոստիկանությունՀՀ ոստիկանության քննչական գլխավոր  վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող  քրեական գործով նախաքննության ընթացքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1976 թ. ծնված Հրանտ Մ.-ն,  2009 թ. հունվարից մինչև 2010 թ. մայիսն աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարային ծառայության Երևան քաղաքի «Խորհրդային-2» տարածքային բաժանմունքի պատասխանատուի պաշտոնում, պարզել է ՀՀ-ից բացակայող կամ կենսաթոշակների վճարային ցուցակներից չհանված հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները և օգտվելով այդ հանգամանքներից, 2009 թ. ընթացքում, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող վճարային ցուցակներում կեղծելով 6 կենսաթոշակառուների ստորագրությունները, նրանց անվամբ անհիմն ելքագրել և պետությունից յուրացրել է խոշոր չափերի` ընդհանուր 1.073.332 դրամ կենսաթոշակի գումարները:
Նշված գումարներից 70.088 դրամ կենսաթոշակի գումարը Հրանտ Մ.-ի կողմից կեղծիք կատարելու միջոցով յուրացնելուն օժանդակել է նույն բաժանմունքի տեսուչ-վճարող, 1963 թ. ծնված  Սեյրան Փ.-ն:
Քրեական գործով որոշումներ են կայացվել Հրանտ Մ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով, իսկ Սեյրան Փ.-ի նկատմամբ ՀՀ քրեական  օրենսգրքի 38-325 հոդվածի 1-ին մասով և 38-179 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը չիրականացնելու մասին` քրեական  պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
Հրանտ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 179 հոդ. 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննությունը շարունակվում է:

 Անկախ

Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահարներԴեկտեմբերի 11-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Եղվարդ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 54-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 22.25-ին, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել Ջերմուկի խճուղու թիվ 7 շենքի բակ և վնասել բնակարանները:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Արթուրի գրպանից ատրճանակ է հայտնաբերվել, իսկ տնից ներարկիչներ և թմրանյութ

ԹմրամիջոցԴեկտեմբերի 10-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները 1967 թ. ծնված Արթուր Գ.-ի տան զննությամբ` հյուրասենյակի վառարանի մոտից, հայտնաբերել են ներարկիչներ, տարա` բենզինի հոտով սպիտակավուն լուծույթով, 7 դեղահաբ և յոդի տարա:
Արթուր Գ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը իր օգտագործման համար է:
Արդեն բաժնում նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է սպորտային ձայնաազդանշանային ատրճանակ:
Արթուր Գ.-ն հայտարարել է, որ ատրճանակը պատկանում է իրեն:
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Չորս ավտոպատահար Երևանում`չորս վիրավոր

ավտոպատահարԴեկտեմբերի 10-ին, ժամը 03.30-ին, «Միցուբիշի-Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի դիմաց բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 22.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սիլիկյան թաղամասի նոր խճուղում վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 03.00-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 8/8 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Արսենը,Էդգարը և Արան փորձել են խողովակներ գողանալ

ձերբակալությունԴեկտեմբերի 10-ին, ժամը 14.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հանրապետության հրապարակի հետնամասում գտնվող շինհրապարակից գողություն կատարելու պահին աշխատակիցները բռնել են գողին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, ընկերության նախկին բանվոր` 1994 թ. ծնված Արսեն Մ.-ն, նախապես համաձայնության գալով 1982 թ. ծնված Էդգար Գ.-ի և 1969 թ. ծնված Արա Կ.-ի հետ, ընկերության շինհրապարակից փորձել են գաղտնի հափշտակել մետաղյա 10 խողովակ, սակայն բռնվել են ընկերության աշխատակցի կողմից, որից հետո Էդգար Գ.-ն և Արա Կ.-ն դիմել են փախուստի, իսկ Արսեն Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Էդգար Գ.-ին և Արա Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

 

Դանակահարություն` վազանց կատարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ

դանակով վնասվածք Դեկտեմբերի 10-ին, ժամը 18.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ստորին մասի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Աշոտ Դ.-ն, որը հայտարարել է, որ նշված վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքից դեպի պետտնկարան տանող ճանապարհահատվածում, ավտոմեքենայով վազանց կատարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Աշոտ Դ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1994 թ. ծնված Աշոտ Ա.-ն, որը նույն օրը, ժամը 22.00-ին, կամավոր ներկայացել է բաժին, ներկայացրել հանցագործության գործիք դանակը և տվել ինքնախոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

 

 Անկախ

Ինը թունավորված մեկ օրում

թունավորումԴեկտեմբերի 10-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1957 թ. ծնված Ռոզա Հ.-ն և 1930 թ. ծնված Հայկուշ Վ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Ռոզա Հ.-ն բացատրություն է տվել, որ թունավորվել են տան վառարանի թերայրման հետևանքով առաջացած շմոլ» գազից:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

***

Դեկտեմբերի 10-ին, ժամը 21.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել 1977 թ. ծնված Վարսենիկ Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Վարսենիկ Հ.-ն հաղորդում է տվել, որ աշխատավայրում թունավորվել է շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

***

Դեկտեմբերի 10-ին, ժամը 05.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան քաղաքի բնակարաններից մեկից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1989 թ. ծնված Արթուր Ա.-ն, 1962 թ. ծնված Ամալիա Ա.-ն և 1988 թ. ծնված Սիաննա Մ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, տան վառարանի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

***

Դեկտեմբերի 10-ին, ժամը 05.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի 4-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել 1952 թ. ծնված Լուսաբեր Գ.-ն, 1987 թ. ծնված Հայարփի Ա.-ն և 1990 թ. ծնված Անուշ Գ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նախորդ երեկոյան օգտագործած սնունդից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

 Անկախ

ՀՀ գլխավոր դատախազի արձագանքը “Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ”ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցին

կարեն անդրեասյան   գևորգ կոստանյան Մարդու իրավունքների պաշտպանին ՀՀ գլխավոր դատախազի նամակն ամբողջությամբ՝ ստորև.

Հայաստանի Հանրապետության
մարդու իրավունքների պաշտպան
պարոն Կ. Անդրեասյանին
     Հարգելի պարոն Անդրեասյան,
     ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ Ձեր արտահերթ զեկույցը: Զեկույցում բարձրացված հարցերը, ներկայացված ուսումնասիրությունները և եզրահանգումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Զեկույցը, անկասկած, հարցեր և ակնկալիքներ է առաջացնելու նաև լայն հասարակության շրջանում: Հիմնական հարցը, որ վստահաբար առաջանալու է հասարակության շրջանում լինելու է` թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու Ձեր զեկույցի հիման վրա:
     ՀՀ գլխավոր դատախազությունը օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում պարտավոր և պատրաստակամ է քրեական գործ հարուցել օրենսդրությամբ նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում:
Այս կապակցությամբ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացվի Ձեր զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ: Առանց նման մեկ փաստի, զուտ ուսումնասիրությունների հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազությունը հնարավորություն չի ունենա պատշաճ ընթացք տալ Ձեր զեկույցում բարձրացված մտահոգիչ հարցերին, որոնք, առերևույթ, պարունակում են հանցագործության հատկանիշներ:
    Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում եմ Ձեր զեկույցում ներկայացված եզրահանգումները հիմնավորող առնվազն մեկ փաստ փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված պատշաճ ընթացքն ապահովելու համար:
    Ընդ որում, հաշվի առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առանձնահատկությունները, բարձրացված հարցերի կարևորությունը և նման փաստ ներկայացնող անձի իրավաչափ ակնկալիքը` չբացահայտելու իր ինքնությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը երաշխավորում է, որ այդ անձի նկատմամբ կկիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1 հոդվածով նախատեսված անհրաժեշտ և արդյունավետ պաշտպանության միջոցներ:
Հարգանքով՝                                                                                             Գ. Ս. Կոստանյան 

Անկախ

Դեկտեմբերի 10, «Զվարթնոց» օդանավակայան, Վարշավա-Երևան և Մոսկվա-Երևան չվերթերի ինքնաթիռների ժամանումից հետո

բերման է ենթարկվելԴեկտեմբերի 10-ին, ժամը 09.00-ին, Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց»  օդանավակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 1962 թ. ծնված Վահե Ա.-ն, որը 2005 թ. նոյեմբերի 17-ից հետախուզվում էր ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 16.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացվել 1978 թ. ծնված Արմեն Ա.-ն, որը սեպտեմբերի 13-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

Նրանց որոնում էին ՌԴ իրավապահները

ձերբակալությունՈստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` դեկտեմբերի 10-ին, ժամը 16.50-ին, ՀՀ ԱՆ հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի հիվանդասենյակներից մեկից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Վլադիսլավ Ս.-ն, որը 2007 թ. փետրվարի 10-ից ՌԴ ՆԳՆ տրանսպորտի վարչության Արևելա-Ուրալյան գծային բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

***

Դեկտեմբերի 10-ին, ժամը 16.40-ին, ՃՈ Գյումրիի գրանցման-քննման բաժանմունքից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1983 թ. ծնված Արտյոմ Գ.-ն, որը 2010 թ. հունիսի 30-ից ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 163 հոդվածի 1-ին մասի (շորթում) մեղադրանքով:

Ծեծի և խարդախության մեղադրանքներով հետախուզվողները կամավոր ներկայացել են ոստիկանություն

ոստիկանություն3Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.10-ին, կամավոր ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Հակոբ Գ.-ն, որը դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 16.00-ին, կամավոր ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Արամ Տ.-ն, որը դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 19.00-ին, Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կամավոր ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներին է ներկայացել 1982 թ. ծնված Սերգեյ Գ.-ն, որը նոյեմբերի 23-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

 

Վճարիր հարկերը և հանգիստ ապրիր…

ոստիկանությունԴեկտեմբերի 10-ին, ժամը 22.20-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Դ. Անհաղթի փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Էդգար Խ.-ին, որը հոկտեմբերի 20-ից հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով:

Ամբաստանյալի աթոռին է հայտնվել կծան ամուսինը

կծանՈստիկանությունն ավարտել է ընտանեական բռնության հերթական դեպքով նախաքննությունը, որով որպես մեղադրյալ անցնում է 35-ամյա գյումրեցին, հաղորդում է Փաստինֆոն։   Քրեական գործի առիթ հանդիսացած վիճաբանությունը ամուսինների միջեւ տեղի է ունեցել մոտ երկու ամիս առաջ՝ 2013 թվականի հոկտեմբերին։ Արդյունքում, ամուսինը ծեծել է կնոջը՝ հարվածելով ինչպես գլխին, այնպես էլ մարմնի տարբեր մասերին։ Ավելին, նա նաեւ կծել է կնոջ ձեռքը, ինչի հետեւանքով, ըստ դատաբժիշկների, կնոջը պատճառվել է ֆիզիկական ցավ:   Գյումրեցուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, որը  նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:  Շարունակությունը `սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Ոստիկանության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական անփութություն կատարելու համար

Հատուկ քննչական ծառայությունՀՀ հատուկ քննչական ծառայությունից Անկախին տեղեկացրին , որ ՀՀ ոստիկանության ծառայող Հ. Զ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասով` այն բանի համար, որ նա 2013 թվականի հոկտեմբերի 23-ին վերակարգով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալ, ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Սերոբ Մխիթարյանին հիշյալ դատարանում ուղեկցելու համար կազմված ուղեկցող պահակախմբում` որպես ուղեկցող և նշված կալանավորի համար պատասխանատու, պատշաճ կարգով չի կատարել իր վրա դրված պարտականությունները` խցի մոտ լինելով միայնակ` չի հետևել պահակախմբի ավագի հրահանգներին և խոսակցության է բռնվել կալանավոր Սերոբ Մխիթարյանի հետ, որի արդյունքում վերջինիս հաջողվել է խաբեությամբ նրան կանչել խուց:
Հ. Զ.-ն, չպահպանելով անձնական անվտանգության կանոնները, շեղվել է ծառայության կատարումից, բացել է խցի դուռը, մուտք գործել ներս և կալանավոր Սերոբ Մխիթարյանը, օգտվելով Հ. Զ.-ի անփութությունից, հրել է մի կողմ և խցի դուռը փակելով նրա վրա` դիմել է փախուստի:
Նախաքննությունը շարունակվում է:

 

Անկախ