Այսօր թուրքական մի շարք լրատվամիջոցների նման Հայոց ցեղասպանության տարելիցին է անդրադարձել նաև «Taraf»-ը: Ռոնի Մարգուլիեսի հեղինակած հոդվածում մասնավորապես ասվում է. «Այսօր ապրիլի 24-ն է: Մի ժամանակ այս հողերում մոտ երկու միլիոն հայ էր ապրում, իսկ այսօր մենք ընդամենը 50 հազար հայ քաղաքացի ունենք: Նրանց մեծ մասին մենք կորցրեցինք 98 տարի առաջ այսօր սկսված ցեղասպանության ժամանակ: Չսպանվածների թոռների մոտ կեսը Ստամբուլի մի փոքր թաղամասում են ապրում: Միայն ցեղասպանության համար չէ որ ներողություն պիտի խնդրենք, այքան բան կա որ…»:
Թուրքիայում Աթաթուրքի նկարով պաստառը գլխիվայր են կախել
«Doğan» լրատվական գործակալությունից Մեսուտ Ըշըքը հաղորդում է, որ երեկ Թուրքիայում նշվող համազգային տոնի կապակցությամբ Քոջաելիի շրջանի Գեզբե քաղաքում Առևտրական պալատի շենքի վրա Աթաթուրքի հսկայական նկարով պաստառը գլխիվայր են կախել, ինչը առաջացրել է քաղաքացիների զայրույթը: Ճիշտ է այս սխալը արագորեն շտկվել է, սակայն հնարավոր չի եղել խուսափել դրա լուսաբանումից:
Գեզբեի Առևտրական պալատի նախագահ Նաիլ Չիլերը նշել է, որ իրենք շատ վշտացած են տեղի ունեցածի պատճառով. «Մենք շատ վշտացած ենք, քանի որ չուզենալով մեծ սխալ է տեղի ունեցել: Երբ նկատվեց այս սխալմունքը, այն անմիջապես ուղղվեց, սակայն շատերը հասցրեցին լուսանկարել այն»,-նշել է Չիլերը:
FEMEN ակտիվիստուհիներ ջրել են Բելգիայի կաթոլիկ առաջնորդին
FEMENակտիվիստուհիները ջրել են Բելգիայի եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Անդրե-Ժոզեֆ Լեոնարդին ելույթի ժամանակ, որը դատապարտում էր Ֆրանսիայում նույնասեռական ամուսնությունների օրինականացումը: Իրենք աղջիկները և նրանց կողմնակիցները Բելգիայի գլխավոր ուսումնական հաստատություններից մեկում կրոնական առաջնորդի ելույթը անվանել են “ատելության և կրոնական ֆանատիզմի հերթական քարոզ” , հաղորդում է “Интерфакс“-ը:
Ակցիայի ընթացքում կատարված լուսանկարներում երևում է, որ աղջիկները պուլվերիզատրով ջուր են ցանում արքեպիսկոպոսի վրա: “FEMEN-ը հետևողական հակառակվում է կրոնական ուժի քարոզի, հոմոֆոբիայի և եկեղեցու փոևձերի դեմ վերադարձնելու ավերիչ ազդեցությունը կանանց և ամբողջ հասարակութան վրա”,-մեկնաբանում են շարժման մասնակիցները իրենց արարքը:
Նախօրեին Ֆրանսիայի ԱԺ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ օրինականացրել էին հոմոսեքսուալիստների ամուսնանալն ու երեխա որդեգրելը:
Մենք քննադատում ենք հայ ժողովրդի դեմ իրականացված կոտորածը. Քրդստանի համայնքների միություն
Քրդստանի համայնքների միության (KCK) “Կրոնի և փոքրամասնությունների” կոմիտեն Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին ընդառաջ` ապրիլի 23-ին, պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, հաղորդում է քրդական “Firat” գործակալությունը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. “Թուրքիայի Հանրապետությունը հայերի կոտորածի հետ մեկտեղ պետք է առերսվի նաև ալևիների, քրդերի ու եզդիների կոտորածին և այդ ժողովուրդներից ներողություն խնդրի: 1915թ. հայերի տեղահանությունը մարդկության պատմության ամենաողբերգական էջերից է: Այդ տեղահանության ժամանակ Օսմանյան կայսրությունը միլիոնավոր հայերի հազարամյակներ բնակեցրած հողից տեղահան արեց և հարյուր հազարավոր մարդկանց կոտորածի ենթարկեց: Մենք քննադատում ենք հայ ժողովրդի դեմ իրականացված կոտորածը”: Նշվում է նաև, որ 1915թ. ոչ միայն հայ ժողովուրդը կոտորվեց, այլև սպանվեցին խաղաղությունը, եղբայրությունը և հանդուրժողականությունը:
Հայտարարությունում ասվում է, որ PKK-ի (KCK-ն PKK-ի`Քրդստանի աշխատավորական կուսակցության քաղաքական թևն է) պայքարը ոչ միայն քրդերի, այլև հայերի, ալևիների, եզդիների, արաբների, թուրքերի և լազերի պայքարն է:
Ավստրալիայի բնիկ ժողովրդի թվաքանակը եղել է 1000-3000
Ավստրալիայում 50.000 տարի առաջ առաջինը բնակություն են հաստատել 1000- 3000 մարդիկ, սակայն սառցե դարաշրջանում նրանց թիվը կրճատվել է, ապա վերականգնվել՝ հասնելով 1,2 միլիոնի:
Ավստրալիայի վաղ շրջանի բնակչության թվաքանակն անտրոպոլոգիական վիճահարույց հարցերից մեկն է, քանի որ այն վերաբերում է եվրոպացիների գաղութացման ազդեցությանը բնիկների վրա:
Համաձայն ընդունված տեսության՝ նրանք Ավստրալիա են եկել անցնելով Պապուա Նոր Գվինեայի կամուրջը՝ այն ցամաքային ելուստի վրայով, որն այսօր պատված է ջրով:
Բնիկների թիվը աճել է, սակայն 60 տոկոսով նվազել 21000-18000 տարի առաջ՝ սառցե դարաշրջանի ծանրագույն շրջանում, երբ Ավստրալիան դարձավ ավելի ցուրտ և չոր:
Ճապոնիան և Ֆրանսիան Թուրքիայում ատոմակայան կկառուցեն
Ճապոնական Միցուբիշի և Ֆրանսիայի Արեվա ընկերությունները Թուրքիայում կկառուցեն 20 միլիարդ դոլար արժողությամբ ատոմակայան:
Ճապոնիայի վարչապետը հաջորդ շաբաթ Թուրքիա այցի ժամանակ հավանաբար կստորագրի պայմանագիր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ճապոնիան իր միջուկային բիզնեսը փորձում է հաստատել այլ երկրներում երկու տարի առաջ Ֆուկուսիմայում տեղի ունեցած աղետից հետո:
Ատոմակայանի կառուցման աշխատանքները կսկսվեն 2017թ: Առաջին ռեակտորը շահագործման կհանձնվի 2023թ., հաղորդում է ճապոնական Նիկայ բիզնես օրաթերթը:
Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունը Թուրքիային կոչ է արել առերեսվելու սեփական պատմության հետ
Այսօր Թուրքիայի Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության կենտրոնական գրասենյակը գրավոր հրապարակում է իրականացրել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ: Կուսակցությունը 1915 թվականի դեպքերը որակելով որպես 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկը, իր հայտարարության մեջ մասնավորապես նշել է. «1915 թվականի ապրիլի 24-ին հայ ժողովրդի աքսորով սկսվեց մարդկության պատմության ամենամեծ ցեղասպանություններից մեկը: Թուրքիային կոչ է արվում առերեսվելու իր պատմության հետ, մաքրելու հաշիվները իր անցյալի հետ և ներողություն խնդրելու հայ ժողովրդից: Մենք հարգանքով հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին՝ նոր վշտեր չապրելու հույսով»:
Պետք է ներողություն խնդրել հայերից. Հաքան Ալբայրաք՝ թուրքական «Star» թերթի լրագրող
Թուրքական «Star» թերթի լրագրողներից Հաքան Ալբայրաքը այսօր ընթերցողներին զարմացրել է իր հրապարակմամբ: Նա անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, նշելով, որ իրենք այնպիսի մի պատմություն ունեն, որի համար պետք է ներողություն խնդրել: «Այսօր ապրիլի 24-ն է, մեր հայ հայրենակիցների համար սգո օր: Նրանք այսօր ցավով են հիշում 1915 թվականին ապրածները: Մենք պետք է կիսենք նրանց ցավը, առանց հարցնելու, թե արդյո՞ք նրանք կիսում են մերը: Յուրաքանչյուրը պատասխանատու է իր մարդկայնության առաջ: Սա հարիր չէ Մարգարեի համայնքին: Սա մեր պատմության ամոթալի էջերից է: Երանի կարողանայինք պատռել ու դեն նետել այն: Չենք կարող դա անել, սակայն կարող ենք ներողություն խնդրել»,-գրել է Հաքան Ալբայրաքը՝ արժանանալով ընթերցողների սուր քննադատություններին:
Թուրքիայում KCK-ի գործով մեղադրյալները դատական նիստի ժամանակ հիշել են ապրիլի 24-ը
Թուրքական «Cumhuriyet»-ը հաղորդում է, որ այսօր Ստամբուլի ծանր հանցագործությունների 15-րդ դատարարանում տեղի է ունեցել PKK-ի թևը հանդիսացող KCK կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով ձերբակալված 46 լրագրողների և մամլո աշխատակիցների գործով դատական նիստը:
Հայտնի է դարձել, որ նիստի ընթացքում մեղադրյալ բոլոր լրագրողների անունից հանդես է եկել ձերբակալված լրագրող Էրթուշ Բոզքուրթը` նշելով. «Այսօր արիլի 24-ն է՝ հայկական կոտորածների տարելիցը: Մենք կիսում ենք այս ցավը»:
Յարոմիր Շտետինան Հայոց ցեղասպանության ճանաչման հռչակագիր կներկայացնի Չեխիայի Սենատին
Չեխիայի Հանրապետության սենատոր Յարոմիր Շտետինան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր կներկայացնի Չեխիայի Սենատ: «Կարծում եմ անհրաժեշտ է ընդունել իրատեսական փաստաթուղթ, որը կդատապարտի 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծեց Չեխիայի սենատորը «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում:
Չեխիայում Հայոց ցեղասպանության ճանաչման համար սենատորը երկու հնարավոր տարբերակ է առանձնացնում. առաջինը սլավոնական տարբերակն է` ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր, և երկրորդը ֆրանսիական տարաբերակն է` օրինագիծ ընդունել: «Քանի որ մոտենում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, ես պատրաստվում եմ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր ներկայացնել Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերություների և պաշտպանության հանձնաժողովին. հաստատվելու դեպքում արդեն կփորձենք հռչակագիրն անցկացնել Չեխիայի Հանրապետության Սենատում»,-նշել է չեխ սենատորը:
Շտետինայի գնահատմամբ` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհին դեռևս խոչընդոտներ կան. առաջինը Թուրքիայի դիրքորոշումն է, որ մինչ օրս հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ընդունել այն որպես պատմական փաստ: Մյուս խոչընդոտը, որ առանձնացրեց սենատորը, միջազգային այն քաղաքական գործիչների դիրքորոշումն է, որ խուսափում են գնահատական տալ այդ սոսկալի իրադարձություններին` արդարանալով, թե դա պատմաբանների խնդիրն է: «Նման միտում կա նաև մեզ մոտ` Չեխիայում` հատկապես աջակողմյան քաղաքական գործիչների շրջանում»,- անկեղծացավ սենատորը: Այն հարցին` արդյոք սենատորին չի մտահոգում, որ, ինչպես այլ պետությունների վրա Թուրքիայի կողմից ճնշում գործադրելու բազմաթիվ դեպքերում, այս անգամ էլ այդ երկիրը կարող է միջամտել Չեխիայի ներքին գործերին և փորձել խոչընդոտել 2015 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունմանը` Շտետինան ընդգծեց, որ կան մտավախություններ, բայց «եթե տուրք տանք նման մտավախություններին, չենք կարող առաջ գնալ»:
Շտետինան նաև կարծիք հայտնեց, որ Թուրքիայի անդամակցումը Եվրոպական միությանը, հնարավոր է, դրական ազդեցություն ունենա Հայոց ցեղասպանության հարցի լուծման վրա: Եվրոպական միության` Թուրքիայի ԵՄ անդամակցության պայմաններից մեկը պետք է լինի Հայոց ցեղասպանության ճանաչումը: Միաժամանակ, հայկական կողմը, չեխ սենատորի կարծիքով, պետք է զերծ մնա տարածքային կամ դրամական փոխհատուցման պահանջներ ներկայացնելուց, ինչից հատկապես զգուշանում է Թուրքիան և ինչն ավելի է դժվարեցում ճանաչման գործընթացը:
Շտետինան չափազանց կարևոր համարեց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը` որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանություն` նկատելով, որ անպատժելիության արդյունքում դրանից հետո էլի ցեղասպանություններ են կատարվել: «Վերջերս ես այցելել էի Ռուանդա, ուր ցեղասպանության թանգարանում հատուկ Հայոց ցեղասպանությանը նվիրված սրահ է հատկացված: Անգամ աֆրիկական այդ պետությունում հիշում և ճանաչում են Հայոց ցեղասպանությունը»,- պատմեց նա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսօր` ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Պրահայում Չեխիայի հայությունը կոգեկոչի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Արարողության հիմնական բանախոսներից է Շտետինան: Արարողությանը կմասնակցի Չեխիական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սերյանյանը:
1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Ամեն ինչ նախապատրաստվել եւ սկսվել էր դեռեւս տարիներ առաջ: Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների եւ մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը: Թալանվեց եւ քանդվեց 2350 եկեղեցի ու վանք: Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան: Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս: 1915-1916 թվականներին նահատակվեց մոտ 1 500 000 հայ: 1915 եւ հաջորդ տարիների իրադարձությունները որակվում են որպես ցեղասպանություն, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի` հայ ժողովրդի բնաջնջում, ֆիզիկական ոչնչացում: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ-ին: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները` Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան, Ավստրալիա:
Բաքուն բոլար ոլորտներում ցանկանում է ստանալ Իսրայելի աջակցությունը. ադրբեջանցի քաղաքագետ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի Իսրայել այցի նպատակը Ադրբեջանում նախագահական ընտրություններն են: “Ազատություն” ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում այսպիսի տեսակետ է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն:
Նրա կարծիքով՝ տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն բոլոր ոլորտներում ցանկանում է ստանալ Իսրայելի աջակցությունը: Գուլուզադեն նշել է, որ մյուս կողմից Բաքվի նման մարտավարությունը կարող է հարևան երկրների՝ մասնավորապես Թեհրանի հետ նրա հարաբերությունների վատթարացման պատաճառ հանդիսանալ:
“Ես ընդհանրապես Իսրայելի հետ հարաբերությունների մերձեցման կողմնակից եմ եղել դեռ 1990-ականներին: Այդ ժամանակ Իրանը այն աստիճան ագրեսիվ չէր, ինչպես այժմ: Ներկայում մերձենալով Իսրայելի հետ մենք ավելացնում ենք ռիսկերը”,-ասել է Գուլուզադեն:
Նշենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Իսրայել կատարած պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 23-ին հանդիպում է ունեցել Քնեսեթի (Իսրայելի խորհրդարան) նախագահ Յոել Էդելշտեյնի, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Դիարբեքիրում (Տիգրանակերտ) ծաղիկներ են նետել Տիգրիս գետը
Թուրքիայի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված “Դիրաբեքիրի հայերը Ցեղասպանության տարելիցին” խորագրով կոնֆերանս է տեղի ունեցել, հաղորդում է թուրքական “Demokrathaber.net” կայքը:
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցել են քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Լոնդոնում գործող “Կոմիտաս” ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը, “Խաղաղություն և Ժողովրդավարություն” քրդական կուսակցության մի շարք ղեկավար անձինք, Դիարբեքիրի հայ համայնքի ներկայացուցիչներ, մարդու իրավունքի պաշտպաններ և այլք:
Դիարբեքիրի փաստաբանների միության նախագահ Թահիր Էլչին բացման խոսքում նշել է, որ քուրդ հասարակությունը կիսում է հայերի մեծ ցավը, և այնուհետև հավելել, որ հայ ժողովրդի վերքերը բուժելու համար անհրաժեշտ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Այնուհետ պատմաբան Արա Սարաֆյանը ներկաններին Դիարբեքիրի (Տիգրանակերտի) հայերի և ցեղասպանության վերաբերյալ տեղեկություններ է տրամադրել:
Միջոցառման ավարտից հետո մասնակիցները քայլել են դեպի Տիգրիսի ափերը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կամրջից ծաղիկներ նետել գետը:
“Թուրքիայի խաղաղության խորհրդարանը հասկանում և կիսում է հայերի վիշտը”
Թուրքիայի խաղաղության խորհրդարան կոչվող կազմակերպությունը ապրիլի 24-ի կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ կոչ է արել «կիսել» հայերի ցավերը, հաղորդում է թուրքական “T24” կայքը:
Թուրքիայի խաղաղության խորհրդարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ 1915 թվականին Անատոլիայում 3 հազար տարի ապրած հայ ժողովուրդն իր հայրենիքից արտաքսվեց և մեծամասամբ վերացվեց։
“Ավերվեցին գյուղերը, բռնազավթվեցին դաշտերը, ունեցվածքը, եկեղեցիները վերածեցին մզկիթների, պահեստների, ախոռների։ 1915թ.-ից հետո Անատոլիայում (Արևմտյան Հայաստան) ծնվածները մինչ վերջերս հայերի մասին ոչինչ չգիտեին:
Հայերի հետքերն այս հողերից ջնջելու համար Ստամբուլում ձերբակալված հայ մտավորականներին ոչնչացնելուց հետո բոլոր հայերին քշեցին Դեր Զորի անապատներ։ Հարյուր հազարները չավարտեցին այդ մահվան ճանապարհորդությունը։ Կենդանի մնացած հազարավոր որբեր որպես մուսուլման դաստիարակվեցին:
2013 թվականի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին, հրաշքով փրկված և աշխարհի չորս կողմում սփռված հայերի թոռները սպասում են, որ իրենց ցավերը հասկանան և ներողություն խնդրեն։ Թուրքիայի խաղաղության խորհրդարանը հասկանում և կիսում է հայերի վիշտը։ Ապրիլի 24-ին կլինենք բոլոր այն վայրերում, որտեղ սգո միջոցառումներ կլինեն։ Խաղաղության կողմնակից բոլորին կոչ ենք անում մասնակցել”,-նշվում է հայտարարության մեջ։
Բանգլադեշի մայրաքաղաքում բազմահարկ շենք է փլվել
Այսօր առավոտյան Դաքքա քաղաքի ծայրամասում, տեղի ժամանակով 09:00-ին փլվել է 8-հարկանի շենք: Իրավապահ մարմինների խոսքով, անսպասելի փլուզումը խուճապ է առաջացրել տեղի բնակչության մեջ:
Վերջին տվյալներով 20 մարդ զոհվել է, 100-ը` վիրավորվել, ավերակների տակ հարյուրավոր մարդիկ կան:
Ականատեսներն ասում են, որ պատի մեջ ճաքեր են առաջացել երեքշաբթի, ապրիլի 23-ին: Դրանից անմիջապես հետո ֆաբրիկան ու բանկը փակվել են, սակայն շատ աշխատակիցներ էլ անտեսել են վտանգն ու վերադարձել աշխատանքի:
Երկրի վարչապետ շեյխ Հասինի խոսքով, տեղում փրկարարական աշխատանքներ են տարվում:
Rana Plaza շենքում տեղակայված էին բազմաթիվ խանութներ, հագուստի ֆաբրիկա, ինչպես նաև` բանկ:
Բիրտանիայում տան շեմը վաճառվել է 750 հազար դոլարով
Մի բրիտանացի զույգի հաջողվել է իրենց տան շեմը վաճառել առասպելական`գրեթե 3 քառորդ մլն դոլարով:
Բանն այն է, որ տան շեմը բուդայական բացառիկ նմուշ է: Այդ քարը տարիներ շարունակ տան մասն է կազմել ու բոլոր այդ տարիներին զույգը փորձել է պարզել քարի ծագումը:
Արդյունքում, Bonham’s-ի աճուրդի տան փորձագետներին այնուամենայնիվ հաջողվեց պարզել, որ քարը շրիլանկյան բուդդայական տաճարի պահպանված 7 աստիճաններից մեկն է, որի մոտավոր տարիքը` առնվազն 1000 տարի է:
Քարը Մեծ Բրիտանիա են բերել 1950-ին, թեյի պլանտատորները:
Ֆրանսիայում վերջնականապես հավանության է արժանացել միասեռ ամուսնությունների ու որդեգրման մասին օրենքը
Ֆրանսիայում վերջնականապես հավանության է արժանացել այն օրինագիծը, որը թուլ կտա միասեռ զույգերին ամուսնանալ ու երեխա որդեգրել: Օրենքի նախագծի օգտին է քվեարկել 331 պատգամավոր, դեմ` 225-ը:
Ավելի վաղ փաստաթուղթը հավանության էր արժանացել երկրի խորհրդարանի` Սենատի վերին պալատում: Սպասվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի ամառվա սկզբին, երբ այն կստորագրի նախագահ Օլանդը և կհրապարակվի երկրի տպագիր պաշտոնական օրգանում` Journal official-ում:
Իսկ միասեռ ամուսնությունների հակառակորդների կազմակերպությունը մտադիր չէ հրաժարվել օրենքի նախագիծն ընդունելու դեմ ուղղված փորձերից:
Գոմելցին նախագծել է կարտոֆիլացան սարք
Գոմելի բնակիչ Պավել Կարոլիկը ստեղծել է մի սարք, որն օգնում է կարտոֆիլ ցանել: Ինքը` գյուտարարն արդեն փորձարկել է այն գործում ու հիանալի լուծել իր առջև դրված խնդիրը` կարտոֆիլ ցանելը:
Սարքը պատրաստվել է ջրատար 2 խողովակից, որոնք իրար են միացվել հարթաշուրթի սկզբունքով. մի խողովակի մեջ կարտոֆիլն է, իսկ մյուսում` պարարտանյութը (սարքի մեջ տեղադրված սարքավորումը չափավորում է քանակը): Իսկ այգեգործին մնում է բացել խողովակի կափարիչները` “լիցքավորման համար” ու հողաթմբի մեջ կարտոֆիլ ցանել:
“Այս սարքավորումը շատ հարմար է թոշակառուների համար, հատկապես նրանց, ով մեջքի ցավ ունի: Չես կռանում ցանելու համար”,ասում է թոշակառու գյուտարարը: Նա հույս ունի որ իր գյուտը կհետաքրքրի արդյունաբերական ձեռնարկություններին, որոնք կարող են գոմելցու գյուտը վերցնել, կամ էլ վաճառել գյուղատնտեսական ապրանքների խանութում:
“Գոմելսկի վեդոմոստին” գրում է, որ նման բան ստեղծել էին Օռլովի պետական գյուղատնտեսական ակադեմիայում, սակայն այն ուներ մի շարք թերություններ: Կարտոֆիլը բեռաուսական խոհանոցի կարևորագույն մթերքներից է, նրանց կարտոֆիլասիրությունը հաճախ կատակների նյութ է դառնում:
Sotheby`s-ը Մոսկվայում կցուցադրի Ջինա Լոլոբրիջիտայի ակնեղենը
Հանրահայտ իտալացի կինոդերասանուհի Ջինա Լոլոբրիջիտայի գոհարեղենը, որ նա ստացել է “Ամենագեղեցիկ կինն աշխարհում” ֆիլմի համար, այսօր կցուցադրվի Մոսկվայում, այնուհետև, մայիսի 14-ին Ժնևի Sotheby`s-ում աճուրդի կհանվի:
Վաճառքի են հանվելու Bvlgari-ի 1950-ականների և 1960-ականների կարևոր գործեր: Աճուրդի կարևոր լոտերից են ադամանդյա մանյակն ու ապարանջանը, որոնք նա կրել է նաև 1961-ին կայացած “Ոսկե գլոբուսի” հանդիսության ժամանակ. Լոլոբրիջիտան մրցանակի արժանացավ արտասահմանյան ֆիլմում կանացի լավագույն դերի համար: Այդ զարդերը գնահատվել են 300-500 հազար դոլար: Իսկ ադամանդով մարգարտյա ականջօղերը, որ նա կրել է “Անսանձ կնոջ սանձահարումը” ֆիլմի ժամանակ, կարող են վաճառվել մինչև 1 մլն դոլարով: Հավաքածուի գլխավոր անակնկալը Լոլոբրիջիտայի` “Ամենագեղեցիկ կինն աշխարհում” ֆիլմի համար ստացված “Դավիթ դի Դոնաթելոյի” մրցանակն է կանացի լավագույն դերի համար: Ոսկե արձանիկը` մալաքիտե պատվանդանին գնահատվել է 50-80 հազար դոլար:
Վաճառքից ստացված գումարի մի մասը կտրամադրվի ցողունային բջիջների ուսումնասիրությանը:
Հարավային Կորեայում շուտով ապակյա ճանապարհ կհայտնվի` Sky walk
Շուտով Հարավային Կորեայում նոր տեսարժան վայր կհայտնվի` ապակյա –ճանապարհ` ծովի վրայով: Դրա վրայով զբոսանքի ժամանակ այնպիսի տպավորություն կստեղծվի, ասես քայլում ես ջրի վրայով: Sky walk-ին նախատեսված է U-ի ձև տալ: Այն պատրաստվելու է Իգիդա զբոսայգու հարավային մասում, որտեղից Ուրյուկդո կղզիների գեղեցիկ տեսարան է բացվում:
Այն դեպի ծովը կձգվի 12-13 մետր: Ի դեպ, ճանապարհով զբոսանքն անվճար է լինելու:
Կայքահենները հայտարարել են Սպիտակ տանը կատարված պայթյունի մասին
Կայքահենները կոտրել են տեղեկատվական գործակալության Twitter-ը ու գրություն տեղադրել, թե իբր Սպիտակ տանը պայթյուն է եղել: Հայտարարությունը հայտնվելուց անմիջապես հետո, Associated Press –ի թվիթերն արգելափակվել է: Գործակալությունն այլ սոցցանցերում հաստատել է, որ Սպիտակ տանը տեղի ունեցած պայթյունի ու նախագահ Օբամայի վիրավորվելու մասին տեղեկությունը չեն համապատասխանում իրականությանը: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Կարնին հայտնել է, որ Օբաման ողջ -առողջ է:
Գործակալությունը ներողություն է խնդրել թյուրիմացության համար ու հայտնել, որ կփորձի շատ արագ վերականգնել հսկողությունը: Twitter Associated Press-ն ունի գրեթե 2 մլն բաժանորդ: Գործով կզբաղվի ԿՀՎ-ն: Գործակալության թղթակիցներից մեկի խոսքով, ավազակային “գրոհից”մոտ մեկ ժամ առաջ որոշ աշխատակիցներ ստացել են սպառնալիքով նամակներ:
Կատարվածի պատասխանատվությունն իր վրա է վերցրել “Սիրիական էլեկտրոնային բանակ” խմբավորումը, որը պաշտպանում է նախագահ Ասադին: Կիրակի նույն խմբավորումը կոտրել էր CBS հեռուստաընկերության թվիթերյան կայքն ու ամերիկյան իշխանությունների հասցեին քննադատություն տեղադրել: