Վարչապետն ԱԺ պատգամավորների հետ քննարկել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները

11381_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ, որին մասնակցել են Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները:
Հանդիպման ժամանակ քննարկվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք ուղղված են լինելու Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման իրագործմանը: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում ԱԺ պատգամավորներն իրենց դիրքորոշումն են հայտնել փոփոխությունների վերաբերյալ և ներկայացրել առաջարկություններ:
Կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակել նման ձևաչափով քննարկումները՝ համակարգում առկա խնդիրներին համապարփակ լուծում տալու և կենսաթոշակային բարեփոխումները կյանքի կոչելու համար:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել Երևանում

RA President Serzh Sargsyan visits the “Pepsi Cola Bottler Armenia” plantՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքում «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի Կոլա բոթլեր» ընկերության «Պեպսի» շշալցման գործարան, որտեղ ներկա է գտնվել «Սանդորա» բնական հյութի արտադրության նոր հոսքագծի գործարկման արարողությանը, ծանոթացել գործարանում իրականացված ներդրումներին, ընկերության զարգացման ծրագրերին: Հանրապետության Նախագահը շրջել է հոսքագծի գործարկման առիթով բացված տաղավարներում, գործարանի արտադրամասերում: Պատասխանատուների հավաստմամբ, «Սանդորա» բնական հյութերը վաճառքի են հանվելու ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Նոր հոսքագծի գործարկմամբ կստեղծվեն նոր աշխատատեղեր: Շրջայցից հետո, Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել «Ջերմուկ Գրուպ» ընկերության Ջերմուկ հանքային ջրի նոր գործարանի համար շշալցնող հոսքագծերի մատակարարման հուշագրի ստորագրման արարողությանը՝ ընկերության և KHS գերմանական ընկերության ներկայացուցիչների միջև:

014Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է նաև մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի նոր ավտոմայրուղու սկզբնամաս, որտեղ քաղաքապետը ներկայացրել է Լենինգրադյան փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտա անընդհատ երթևեկությամբ քաղաքային ավտոմայրուղու և Ծովակալ Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային միացնող ավտոմայրուղու կառուցման ուղղությամբ իրականացված լայնածավալ աշխատանքները: Նշվել է, որ Երևանի քաղաքապետարանի պատվերով նախագծվել և ծրագրի առաջին փուլում իրականացվել է Լենինգրադյան փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտա անընդհատ երթևեկությամբ քաղաքային ավտոմայրուղու կառուցումը: Մայրուղու շինարարության մեկնարկը տրվել է 2012 թվականի հուլիսին, ավարտվել՝ 2014թ. մայիսի 31-ին: Կառուցվել են երկու տարբեր մակարդակների վրա տրանսպորտային հանգույցներ` Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի հետ հատումներում։ Պողոտայի հանգույցն ապահովում է մեքենաների երթևեկությունն առանց հատումների և ստեղծում տրանսպորտային կապ՝ պողոտայի և նոր մայրուղու միջև։ Կառուցվել է եռաթռիչք միաձույլ երկաթբետոնե ուղեանց: Լենինգրադյան փողոցում կառուցվել է թունելային անցում՝ համապատասխան թեքանցներով։ Ճանապարհին զուգահեռ 1.6 կմ երկարությամբ հատվածում՝ դեպի Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից տարածքի հետագա կառուցապատման համար, կառուցվել է տեղական նշանակության ճանապարհ՝ 6.8 մ լայնությամբ: Ավտոմայրուղու շինարարության նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 7896,0 մլն դրամ:

008Նախագահին ներկայացվել է նաև Երևանի քաղաքապետարանի զարգացման ծրագրերով հեռանկարում կառուցվելիք Արշակունյաց պողոտայից դեպի Ծովակալ Իսակովի պողոտա 3.1 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհը, որը կանցնի Հրազդան գետի վրայով և նախատեսվող «Երևան-Բերդ» նախագծային թաղամասի եզրով ու կարող է միանալ Ծովակալ Իսակովի պողոտայի տրանսպորտային հանգույցին՝ այդպիսով ապահովելով Արշակունյաց պողոտայից դեպի Լենինգրադյան փողոց և հակառակ ուղղությամբ տրանսպորտային անընդհատ երթևեկը, ինչի արդյունքում էականորեն կբեռնաթափվի դեպի մայրաքաղաքի կենտրոն տրանսպորտային հոսքը։

Սերժ Սարգսյանը եղել է նաև մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որտեղ ներկա է գտնվել «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքի բնակիչների վերաբնակեցման նպատակով կառուցված շենքերի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է բազմաբնակարան համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին, բնակիչների համար ստեղծված պայմաններին, հանդիպում ունեցել տարածք այցելած վերաբնակեցվող ընտանիքների ներկայացուցիչների հետ:

Պատասխանատուների ներկայացմամբ, 1989թ. ի վեր «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տարածքում բնակվող մոտ 800 անձանցից բաղկացած 164 ընտանիքի համար բնակելի շենքների կառուցման աշխատանքները մեկնարկել են բնակիչների վերաբնակեցման ծրագրի համաձայն և իրականացվում են փուլերով: Շինարարությունն իրականացվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության ֆինանսավորմամբ` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի և Գերմանական ներդրումների և զարգացման ընկերության (DEG) գերմանական բանկի օժանդակությամբ: Այդ նպատակով, ՀՀ կառավարությունը Երևանի Հարավ-արևելյան թաղամասում հատկացրել է 7,000 ք.մ. տարածք, որի վրա «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունն իրագործում է վերաբնակեցումը: Շինարարությունը մեկնարկել էր 2011թ. հոկտեմբերին: Բնակիչների տեղափոխումը կմեկնարկի 2014թ հուլիսի 1-ին:

Նախագահին ներկայացրել են նաև 2012թ. հուլիսին մեկնարկած ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները, որոնք նախատեսվում են ավարտին հասցնել ընթացիկ տարվա հոկտեմբերին: Այդ փուլում բնակիչների տեղափոխումը կսկսվի 2014թ. դեկտեմբերի 1-ին: Ընդգծվել է, որ բոլոր վեց նորակառույց շենքերը միևնույն որակական չափանիշներն ունեն:

Շրջայցի ժամանակ ցուցադրվել են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի լոգիստիկ համակարգերի կատարելագործման համար գործարկվող 49 լիովին նոր և էկոլոգիապես արդյունավետ մեքենաները ևս, որոնք գործում են բնական գազով՝ նվազեցնելով մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի քանակը: Հանրապետության Նախագահը ծանոթացել է նաև Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ» ընկերության արդիականացման և զարգացման աշխատանքների ընթացքին:

Սեյրան Օհանյանն Արցախ է մեկնել

սեյրան ՕհանյանՀայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում հունիսի 13-ին Արցախ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ: Քննարկվել են սահմանագծում տիրող իրավիճակը, երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության մի շարք հարցեր:

 

 

Հայաստանում բացվեց Շվեդիայի դեսպանությունը

g_imageԱրտաքին գործերի նախարարն ընդունեց Շվեդիայի առևտրի նախարարին

Հունիսի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երևանում գտնվող Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյորլինգին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ հարաբերությունների զարգացումը և այդ առումով կարևորեց Շվեդիայի` Երևանում դեսպանություն հիմնելու որոշումը: Նախարար Նալբանդյանը հատկանշական համարեց, որ նախարար Բյորլինգը ժամանել է շվեդ գործարարների ներկայացուցչական պատվիրակության ուղեկցությամբ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Բյորլինգը ասաց, որ շատ ուրախ է այցելել Երևան՝ Շվեդիայի դեսպանատան բացման և գործարար համաժողովի անցկացման կապակցությամբ, ինչը նոր խթան կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը:

Հանդիպման օրակարգում էին միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, կրթական և մշակութային ոլորտներում փոխանակումների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, Հայաստան – Եվրոպական միություն փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Նույն օրը երեկոյան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյորլինգի ներկայությամբ տեղի ունեցավ Երևանում Շվեդիայի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը։

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Բեռլին

 Էդվարդ Նալբանդյան Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով հունիսի 16-17-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Բեռլին։

 

Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Բունդեստագի նախագահ Նորբերթ Լամմերթի, ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնամայերի, կանցլերի արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։

 

Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-գերմանական գործընկերության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, միջազգային և տարածաշրջանային օրակարգային խնդիրներ:

Հովիկ Աբրահամյանը Շվեդիայի առևտրի նախարարի հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման ուղիները

Հովիկ Աբրահամյան, Շվեդիայի առևտրի նախարարՎարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Շվեդիայի առևտրի և հյուսիսային համագործակցության նախարար Էվա Բյորլինգի գլխավորած պատվիրակությանը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել մեր երկրի և տարածաշրջանի նկատմամբ Շվեդիայի ցուցաբերած մեծ ուշադրությունը և կարևորել հայ-շվեդական փոխգործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: «Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է մեր երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ակտիվացման ու խորացման համար: Այս առումով կարևորում ենք Հայաստանում Շվեդիայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը, որը ևս կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը»,- նշել է վարչապետը:

Իր հերթին, Էվա Բյորլինգը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին ընդունելության համար և ներկայացրել մեր երկրում Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպանին: Բյորլինգի խոսքով՝ իր գլխավորած պատվիրակության Հայաստան այցի հիմնական նպատակն է նոր թափ հաղորդել երկկողմ գործարար կապերի սերտացմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Նախարարը նշել է, որ առկա է հսկայական ներուժ, որը պետք է օգտագործվի երկուստեք:
Այնուհետև Էվա Բյորլինգը ներկայացրել է իր հետ մեր երկիր այցելած շվեդական 4 խոշոր` Ericsson, ABB, Elekta և Education first ընկերություների ներկայացուցիչներին, ովքեր հայ գործընկերների հետ կքննարկեն հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում համագործակցության նոր ծրագրերը: Ի դեպ, Еducation first ընկերության փոխնախագահ Կարլ Յուհան Վեսթրինգը նշել է, որ նախատեսում են Հայաստանում բացել իրենց կրթական հաստատության ներկայացուցչությունը: Միաժամանակ, Բյորլինգը հիշեցրել է, որ իրենց այցի շրջանակում Շվեդիայի կառավարության կողմից Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնին է հանձնվել գծային արագացուցիչ:
«Տպավորված ենք Հայաստանի բջջային հեռախոսակապի զարգացման աստիճանից: Այս տեսակետից, վստահ ենք, որ կկարողանանք օգտակար փորձ կուտակել: Կշարունակենք աջակցել Հայաստանի կառավարությանը՝ թվային հեռուստատեսության ներդրման գործում»,- ասել է Բյորլինգը:
Հովիկ Աբրահամյանը ողջունել է շվեդ գործարարների այցը և ներկայացրել Հայաստանի ներդրումային դաշտը: Վարչապետի խոսքով՝ մեր երկրի տնտեսությունը բաց է ներդրողների համար և կառավարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանում գործունեություն ծավալելու հարցում: Կառավարության ղեկավարը շվեդ գործարարների ուշադրությունն է հրավիրել ՀՀ-ում բացված ազատ տնտեսական գոտիների վրա, որտեղ առկա են բարենպաստ պայմաններ գործարարների համար: Միաժամանակ, վարչապետի խոսքով, Հայաստանը կարող է շվեդ ներդրողների համար կամուրջ հանդիսանալ Եվրասիական միության 170 միլիոնանոց շուկա մուտք գործելու ճանապարհին:
Հովիկ Աբրահամյանն, անդրադառնալով ՀՀ-ԵՄ համագործակցությանը, նշել է, որ մեր երկիրը շարունակելու է աշխատանքները Եվրամիության հետ քաղաքական երկխոսության ամրապնդման ուղղությամբ, ինչը կնպաստի բարեփոխումների շարունակականության ապահովմանը և ժողովրդավարության զարգացմանը:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի բարելավմանը, կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրի ստորագրմանը և տարածաշրջանային այլ հարցերի:
Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը Էվա Բյորլինգին է փոխանցել Շվեդիայի կառավարության ղեկավարին Հայաստան այցելելու հրավերը` իրեն հարմար ժամանակահատվածում:

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը

նիստՀունիսի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են 2014թ. սկզբից մինչ օրս կատարված աշխտանքները, նախանշվել են աշխատանքային հետագա ծրագրերը:

Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են վերջին մի քանի ամիսներին իրականացված աշխատանքները, հանդես եկել առաջարկություններով:  Արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ ու նախաձեռնող է գերիների և անհայտ կորածների ընտանիքներին ցուցաբերվող աջակցության հարցերում:

Ամփոփելով նիստի աշխատանքները՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնաժողովի անդամներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ հետագա աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:

Արտգործնախարարը ելույթ ունեցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդարանական լսումներին

g_imageՀունիսի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԱԺ արտաքին հարաբերությունների և գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպված Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ խորհրդարանական լսումներին, որոնք տեղի ունեցան Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։

Ելույթ ունենալով լսումներին ներկա պատգամավորների, հասարակական կազմակերպությունների, գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչների առջև` նախարար Նալբանդյանը ներկայացրեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արտաքին գործերի նախարարության, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով սփյուռքի նախարարության և հայ համայնքային կառույցների հետ համակարգված գործունեության կարևորությունը։

«Դիվանագիտական ներկայացուցչություններից ստացված առաջարկությունների հիման վրա և նկատի առնելով հավատարմագրման յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունները՝ կազմվել է 2014-15 թթ. միջոցառումների ծրագիր: Միջոցառումները նախատեսվում է իրականացնել տասնյակ պետություններում» – ասաց Էդվարդ Նալբանդյանը։

Անդրադառնալով ցեղասպանությունների կանխարգելման միջազգային հանրության ջանքերին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ջանում է միանալ այդ ուղղությամբ գործադրվող այլ երկրների, միջազգային կառույցների նախաձեռնություններին՝ ուղղված ցեղասպանությունների կանխարգելման առավել արդյունավետ մեխանիզմների մշակմանը։

Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց լսումների մասնակիցների բազմաթիվ հարցերին:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Նախագահ Բաշար Ալ Ասադին

սերժ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ Ասադին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Լիահույս եմ, որ ազգային երկխոսության միջոցով Սիրիային կհաջողվի վերագտնել խաղաղությունն ու կայունությունը՝ հանուն սիրիացի ժողովրդի բարեկեցության և բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

 

Սեյրան Օհանյանն ընդունել է Բուդեսթագի անդամ դոկտոր Կարլ Լամերսին և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ ու լիազոր դեսպան պարոն Ռայներ Մորելին:

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրումՀունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Բուդեսթագի անդամ դոկտոր Կարլ Լամերսին և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ ու լիազոր դեսպան պարոն Ռայներ Մորելին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական երկկողմ համագործակցությանն ու ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանն առնչվող հարցեր: Գերմանական կողմը շնորհակալություն է հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան պահպանելու համար` նշելով նաև ՆԱՏՕ-ի տեսանկյունից Հայաստանի նման գործընկերոջ կարևորությունը` մասնավորապես կայունության և խաղաղության պահպանման գործողությունների շրջանակներում:

Տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ հակամարտությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն են և ուժի տեսանկյունից ցանկացած պարտադրանք դատապարտված է ձախողման:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն  ներկայացնող այլ հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն

6915Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն, շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին և դեսպանատան աշխատակիցներին, հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելությունն իրականացման գործում՝ ի նպաստ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ նախատեսվում է հաշմանդամներին ազատել ավտոկայանատեղի տուրքի վճարումից

տարոնՀաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները մշտապես գտնվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում: Ասվածը ևս մեկ  անգամ հաստատում է քաղաքապետի նախաձեռնությամբ Երևան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացված որոշման նախագիծը, որով նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց ազատել ավտոկայանատեղերի տեղական տուրքի վճարումից: Համաձայն որոշման այդ նախագծի, հաշմանդամություն ունեցող բոլոր անձիք, ովքեր  համապատասխան դիմում և կարգավիճակը հաստատող փաստաթղթերը կներկայացնեն Երևանի քաղաքապետարան,  կազատվեն տուրքի վճարումից:

Նշված նախագծի մշակմանն ակտիվորեն մասնակցել է նաև Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ  Գրիգոր Մինասյանը, ով նաև առաջարկել է բոլոր ավտոկայանատեղերում հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսել առանձին հատվածներ` տվյալ տեղերում արգելելով այլ մեքենաների կանգառն ու կայանումը: Նախագիծը, որն ի դեպ  լիովին համահունչ է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, ներպետական օրենսդրական երաշխիքներին, ինչպես նաև ոլորտի միջազգային փորձին, այս և այլ առաջարկների հետ միասին կընդգրկվի Երևան քաղաքի Ավագանու առաջիկա նիստի օրակարգում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Վլադիմիր Գասպարյանը Անձնագրային և վիզաների վարչության անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետին (Տեսանյութ)

12ovir_02Հունիսի 12-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Անձնագրային և վիզաների վարչության անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանին:
Ոստիկանության պետը կադրային փոփոխությունը կարևորելով համակարգի բարեփոխումների համատեքստում` նշեց, որ չնայած ակնհայտ դրական փոփոխություններին` վարչության ստորաբաժանումների աշխատանքում դեռևս կան թերացումներ՝ աշխատակիցների ոչ պատշաճ տեսքից մինչև կոռուպցիոն ռիսկեր: Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ հետևողական է լինելու արատավոր երևույթների դեմ պայքարում:
Ոստիկանության պետը ներկայացրեց նաև Անձնագրային և վիզաների վարչության կառուցվածքային փոփոխության նպատակն ու անհրաժեշտությունը:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ կառուցվածքային փոփոխությունները կնպաստեն աշխատանքային և կատարողական կարգապահության բարձրացմանը, տարածքի քաղաքացիների խնդիրներին ավելի սերտ առնչվելուն, բազմաստիճան ղեկավարման շնորհիվ՝ կոռուպցիոն ռիսկերի նվազմանը:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը վարչության աշխատակիցներին կրկին հիշեցրեց ոստիկանի աշխատանքի, ծառայողական պարտականությունների կատարման, հասարակությանը ծառայություն մատուցելու գլխավոր սկզբունքները:

Նույն օրը Վլադիմիր Գասպարյանն այցելեց Ոստիկանության զորքերի՝ Դավիթաշենում կառուցվող նոր մասնաշենք, ծանոթացավ շինաշխատանքների ընթացքին, շրջեց աշխատասենյակներում, ուսումնական ու ցուցադրական սրահներում:

Վարչապետի մոտ քննարկվել են «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները

11377_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր կայացել է խորհրդակցություն՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների չափի խնդրի վերաբերյալ:
Մասնավորապես, ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերի վերանայման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը զեկուցել է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների մասին: Աշխատանքային խումբը ներկայացրել է ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերի, թվի, դրանց համար կիրառվող տուգանքների չափերի վիճակագրության և դրանց վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները:
Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին լրամշակել առաջարկվող փոփոխությունները և «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի վերջնական տարբերակը ներկայացնել ՀՀ կառավարության առաջիկա նիստի հաստատմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի դաշնային վարչապետ Վերներ Ֆայմանի հետ

6847Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի Հանրապետության դաշնային վարչապետ Վերներ Ֆայմանի հետ:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել վարչապետ Վերներ Ֆայմանի պաշտոնավարման տարիներին հայ-ավստրիական բազմոլորտ փոխգործակցության շարունակական զարգացման մասին, միաժամանակ համոզվածություն հայտնելով, որ երկկողմ համագործակցության ներուժը շատ ավելին է: Հանրապետության Նախագահն վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է հավելյալ քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգի հետագա ընդլայնման և փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Վարչապետ Վերներ Ֆայմանը նշել է, որ ցանկությունը փոխադարձ է և ինքն անձամբ հանձնառու կլինի այդ գործին:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել են Հայաստանի Նախագահի Ավստրիա պետական այցի շրջանակներում կայացած տնտեսական համաժողովը և դրա շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունները:

Ավստրիայում Սերժ Սարգսյանն այցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, միաբանության գրադարան և թանգարան: Նախագահը կայցելի նաև Սբ. Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցի, հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ կխոնարհի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիրին:

Նախագահը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի տարածաշրջանային կենտրոնակայանում Կազմակերպության ներկայացուցիչների հետ

6853Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի տարածաշրջանային կենտրոնակայանում հանդիպումներ է ունեցել Կազմակերպության ներկայացուցիչների՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Կազմակերպության Վիեննայի գրասենյակի և Թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավար (UNODC) Յուրի Ֆեդոտովի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավոր տնօրեն Լի Յոնգի, Միջուկայի զենքի փորձարկման համապարփակ արգելման համաձայնագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի (CTBTO) գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) գործադիր տնօրեն Յուկիյա Ամանոյի հետ:

Յուրի Ֆեդոտովի հետ հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ թմրամիջոցների և հանցավորության տարածումը մեր ժամանակների ամենավտանգավոր մարտահրավերներից են, իսկ դրանց դեմ պայքարը առաջնահերթություն է: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ ոլորտում արդյունքների գրանցումը մեծապես կախված է միջազգային սերտ համագործակցությունից, որի համակարգման գործում մեծ է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի դերը: Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը հետևողական մասնակցում է Փարիզյան պակտի անդամ երկրների համատեղ պայքարին` Աֆղանստանից դեպի Եվրոպա և այլուր թմրանյութերի տարածումը կանխարգելելու համար: Հայաստանը նաև մասնակցում է ՀԱՊԿ, ԱՊՀ, ՆԱՏՕ անդամ-երկրների զորավարժություններին, որոնց նպատակն է մշակել թմրանյութերի տարածման դեմ պայքարի համատեղ գործողությունների ծրագիր:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի հետ համագործակցության զարգացմանը: Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ անցյալ տարի հոկտեմբերին Յուրի Ֆեդոտովի այցի արդյունքում համագործակցությունը գրասենյակի հետ ստացել է առավել ակտիվ ընթացք: Հանրապետության Նախագահը կարևորել է նաև ս.թ. ապրիլին գրասենյակի տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավարի գլխավորած պատվիրակության այցելությունը Հայաստան, որի ընթացքում պատվիրակության կողմից ուսումնասիրվել և գրասենյակի քննարկմանն են ներկայացվել համագործակցության հնարավոր շրջանակները՝ ծրագրեր մշակելու և հետագայում իրագործելու նպատակով:

Զրուցակիցները խոսել են նաև ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ներկայացուցչության հիմնման կարևորության մասին, որը մեծապես կխթանի ավելի արդյունավետ համագործակցությանը, կհավասարակշռի կազմակերպության գործունեությունը Հարավային Կովկասում, ինչպես նաև` կնպաստի առաջացած խնդիրներին ավելի օպերատիվ լուծումներ գտնելուն:

Այս համատեքստում Հայաստանի Նախագահն ընդգծել է, որ թեև աշխարհի բազմաթիվ երկրների համեմատությամբ Հայաստանի համար թմրանյութերի օգտագործումը կամ դրանց շրջանառությունը առաջնահերթ խնդիր չի եղել, այնուամենայնիվ, համապատասխան գերատեսչություններն անում են հնարավորինը՝ թմրանյութերի տարածման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, ապօրինի շրջանառությունը կանխելու և հանցագործությունների նկատմամբ համարժեք պատժամիջոցներ սահմանելու համար:

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Լի Յոնգի հետ հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է այդ կազմակերպության առաքելությունը և բարձր գնահատում նրա ներդրումը՝ ուղղված աշխարհում աղքատության կրճատմանն ու կայուն տնտեսական աճի ապահովմանը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության ընթացքը և հետագա անելիքները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև 2015թ. սկզբին ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Լի Յոնգի Հայաստան կատարելիք այցին: Այդ համատեքստում ընդգծվել է, որ վերջին տարիներին ՀՀ-ում ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի և տեխնիկական աջակցության ծավալներն ընդլայնվել են, իսկ երկխոսության ինտենսիվացումը կնպաստի առկա ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, փոխգործակցության ոլորտների ընդլայնմանը: Սերժ Սարգսյանը ողջունել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենի պատրաստակամությունը՝ մասնակցելու այդ օրերին Երևանում կայանալիք միջազգային ներդրումային համաժողովին:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցությունը, համագործակցության ու իրականացվող ծրագրերի շարունակաբար ընդլայնումը:

Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման համաձայնագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի հետ հանդիպմանը Նախագահը նախ շնորհավորել է Լասինա Զերբոյին՝ կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի գործադիր քարտուղարի պաշտոնն ստանձնելու առիթով, մաղթել արդյունավետ աշխատանք:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը՝ որպես համաձայնագրի անդամ պետություն, վերահաստատում է իր հանձնառությունը՝ առաջ մղելու միջուկային զինաթափման, միջուկային զենքի չտարածման և խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ընդհանուր նպատակները: Նախագահի խոսքով, Հայաստանը ակտիվ համագործակցում է Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման համաձայնագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի հետ՝ մասնակցելով հանձնաժողովի կողմից իրականացվող մի շարք միջոցառումներին: Այդ համատեքստում կարևորվել է երկկողմ հարաբերությունների առավել խթանումն ու համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքների ակտիվացումը:

Յուկիյա Ամանոյի հետ հանդիպմանը Նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը մեծապես կարևորում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը՝ այն համարելով Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության կարևոր բաղադրիչ: Նախագահի հավաստմամբ, միջուկային էներգիան կենսական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ անկախության համար, և Հայաստանը շարունակելու է սերտորեն համագործակցել ԱԷՄԳ հետ միջուկային էներգետիկայի հետ կապված բոլոր հարցերում, մասնավորապես՝ Հայաստանի գործող ատոմակայանի անվտանգության ապահովման, ապաշահագործման ու նոր էներգաբլոկի կառուցման և շահագործման հարցերում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԱԷՄԳ-ՀՀ երկկողմ համագործակցությանը, գործող ատոմային էներգաբլոկի շահագործմանը, նոր միջուկային էներգաբլոկի և համագործակցության այլ ոլորտներին վերաբերող հարցեր: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-ԱԷՄԳ համագործակցության ներկա մակարդակը և ընդգծել, որ հանձնառու են շարունակելու դրա ամրապնդմանն ու խորացմանն ուղղված ջանքերը:

Հովիկ Աբրահամյանը և Քեթրին Լիչը քննարկել են հայ-բրիտանական համագործակցության ընդլայնման հեռանկարները

11376_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչին:
Ողջունելով հյուրին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների բազմակողմանի զարգացման հարցում: Վարչապետի խոսքով՝ հայ-բրիտանական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համապատասխան անհրաժեշտ է զարգացնել նաև տնտեսական համագործակցությունը: Առկա է չիրացված մեծ ներուժ, ապրանքաշրջանառության ծավալները փոքր են, և ՀՀ կառավարությունը պատրաստ է իրագործել առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված կոնկրետ ծրագրեր:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության հետագա ընդլայնման հնարավոր ուղղությունները: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ ներդրումների ներգրավումն առաջնահերթություն է Հայաստանի տնտեսության զարգացման համար: Այդ նպատակով նոր կառավարությունը հավասար պայմաններ է ստեղծում օտարերկրյա ներդրողների համար, ովքեր կարող են գործունեություն ծավալել նաև մեր երկրի ազատ տնտեսական գոտիներում: Արծարծվել են հանքարդյունաբերության, ճանապարհաշինական և տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը, փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: Երկկողմ կապերի աշխուժացման առումով կարևորվել է Երևան-Լոնդոն ուղիղ չվերթի վերսկսումը, հատկապես, հաշվի առնելով Հայաստանի կողմից «բաց երկնքի» քաղաքականության որդեգրումը:
Երկրի վարչապետը բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի շարունակական աջակցությունը մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Անդրադարձ է եղել նաև «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, որին Հայաստանը միացել է 2011 թվականին: Այն նպատակ ունի քաղաքացիական հասարակության ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը՝ բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության և վստահելիության մակարդակը:

 

Վիկտոր Համբարձումյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողություն Թբիլիսիում

g_imageՀունիսի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ Թբիլիսի քաղաքի Լադո Ասաթյանի 42 հասցեում տեղի ունեցավ հայազգի աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս և անվանի աստղագետ Վիկտոր Համբարձումյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Վրաստան թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանը, թբիլիսաբնակ գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարին, վրաց մտավորականներ, հայ համայնքի մշակութային ու հասարակական գործիչներ:

Հուշատախտակի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը, ով բարձր գնահատեց Թբիլիսիի քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձանց հետ Վրաստանում ՀՀ դեսպանության համագործակցության շնորհիվ իրականություն դարձած, համաշխարհային աստղագիտության բնագավառում մեծ ներդրում ունեցող ակադեմիկոսի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացումը Թբիլիսիում:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչ, Մշակույթի և սոցիալան հարցերի քաղաքային ծառայության վարչության պետ Մամուկա Քացարավան, ով կարևորեց հուշատախտակի բացման փաստը Թբիլիսի քաղաքում՝ նշելով, որ հպարտ և ուրախ է, որ թբիլիսաբնակ հայազգի անվանի անձանց հիշատակին նվիրված հուշատախտակները տեղադրվում են Վրաստանի մայրաքաղաքում` միևնույն ժամանակ հայտնելով, որ այդ գործընթացը կրելու է շարունակական բնույթ:

Շնորհակալական և դրվատանքի խոսքեր ուղղվեցին նաև թբիլիսաբնակ հայ մտավորականներին և բոլոր այն անհատներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Վիկտոր Համբարձումյանի հուշատախտակի ստեղծման և տեղադրման գործում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

12.06.2014ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:
Ողջունելով հյուրին, նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է գյուղատնտեսության բնագավառում հայ-իրանական համագործակցությանը, նշելով, որ, ցավոք, կողմերի միջև ստորագրված երկկողմ համագործակցության փաստաթղթերի պահանջների կատարման բնագավառում դեռևս մեծ են չօգտագործված հնարավորություններ, և որ ինքը լիահույս է պարոն դեսպանի աջակցությամբ հնարավորինս ակտիվացնել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Որպես առաջին քայլ՝ նախարարն անդրադարձել է Հայաստանում Հալալ մակնշմամբ սպանդանոցների շահագործումն արագացնելու խնդրին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և ներկայացված տեղեկատվության համար` դեսպանը պատրաստակամություն է հայտնել հետևողականորեն շարունակել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելը և նպաստել երկկողմ համագործակցության հետագա խորացմանը:
Նախարարը դեսպանին տեղեկացրել է նաև Իրանի գյուղատնտեսության նախարարին այս տարի աշնանը Հայաստան հրավիրելու մտադրության մասին, որը հնարավորություն կընձեռի առավել մանրամասն քննարկել առաջիկա անելիքները և հստակ մոտեցումներ ցուցաբերել կոնկրետ ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Ի պատասխան իրանցի գործարարների կողմից Հայաստանում եգիպտացորենի արտադրությամբ զբաղվելու հետաքրքրություն ունենալու մասին պարոն Ռեյիսիի բարձրացրած հարցի, նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու նման նախաձեռնություն ունեցող իրանցի բոլոր գործարարներին:
Այնուհետև նախարարն առաջարկեց իրանական կողմին քննարկել նաև իրանական ներդրումներով Հայաստանում կաթիլային ոռոգման սարքավորումների, կարկտապաշտպան ցանցերի արտադրություն կազմակերպելու հարցը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Նախագահը հանդիպում է ունեցել Վիեննայի արքեպիսկոպոս, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Քրիստոֆ Շոնբորնի հետ

6809Ավստրիայի Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը՝ հունիսի 12-ին, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վիեննայի արքեպիսկոպոս, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Քրիստոֆ Շոնբորնի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա և ՀՀ անկախությունից հետո դրանք նոր բովանդակություն են ստացել: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Ավստրիայի հետ բազմաբովանդակ փոխգործակցության զարգացմամբ և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում կարևորել է Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների համագործակցությունը:

Նախագահը նշել է, որ լինելով քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ճանաչած երկրի նախագահ` իր արտասահմանյան այցերի ժամանակ փորձում է բաց չթողնել տեղի հոգևոր առաջնորդների հետ հանդիպելու հնարավորությունը։ Սերժ Սարգսյանի խոսքով, հայ ժողովրդի հիշողության մեջ վառ են սրբադասված Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Բ-ի՝ 2001թ. ՀՀ այցելությունից ստացած անկրկնելի տպավորությունները, երբ հայ ժողովուրդը նշում էր ՀՀ-ում քրիստոնեության ընդունման 1700-ամյակը։ Նախագահը նշել է, որ հայերի համար թանկ է և կարևոր, որ երջանկահիշատակ Հովհաննես Պողոս Բ պապը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը (2000թ. Վատիկանում և 2001թ. Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց հայրապետի հետ համատեղ հայտարարություններով):

Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների հարաբերությունների զարգացման գործում զրուցակիցները մեծապես կարևորել են նաև Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը:

ՀՀ Նախագահը և Վիեննայի արքեպիսկոպոս, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Քրիստոֆ Շոնբորնը գոհունակությամբ են փաստել, որ սերտ կապեր են ձևավորվել Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու հետ, որոնց շրջանակներում համատեղ իրականացվում են կրթական ու մշակութային ծրագրեր:

Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վիեննայի արքեպիսկոպոսին և Ավստրիայի կառավարությանը հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի և աջակցության համար:

Վիենայում Նախագահ Սերժ Սարգսյանը նաև հարգանքի տուրք է մատուցել ավստրիացի գրող և հումանիստ Ֆրանց Վերֆելի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով նրա հուշարձանին: