Արտաշես Նազարյանը նշանակվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

արտաշես նազարյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտաշես Նազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։

***
Արտաշես Նազարյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1947 թ. 28 հունիսի, Վրաստան, ք. Թբիլիսի

Կրթություն
1970 թ. ավարտել է բարձրագույն, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը՝ ֆիզիկական կուլտուրա և սպորտ մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեություն
1968 – 1978 թթ. – Երևանի անասնաբուժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս, բասկետբոլի թիմի մարզիչ
1971 – 1972 թթ. – Վրաստանի անասնաբուժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս
1973 թ. – 26 կոմիսարների անվան մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ
1973 – 1977 թթ. – Վրաստանի մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ
1977 – 1982 թթ. – ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր ֆիզիկական կուլտուրայի
և սպորտի կոմիտե, ՀՄԲՎԴ խաղային ձևեր, մարզիչ-մեթոդիստ
1982 – 1988 թթ. – ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտե, մարզիչ
1988 – 2001 թթ. – Սպորտային թեքումով գիշերօթիկ դպրոցի փոխտնօրեն
2001 – 2004 թթ. – ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության վարչության պետի տեղակալ
2004 – 2007 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի բաժնի պետ, վարչության պետ
2007 – 2011 թթ. – ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ
2011 – 2013 թթ. – «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
2011 թ. – Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի գլխավոր խորհրդական
2012 – 2013 թթ. – ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախարարի խորհրդական
2014 թ. հունիսի 12-ից՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
Զինապարտ է, ավագ: Տիրապետում է ռուսերենի և վրացերենի:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Վարչապետն ընդունել է Կարլ Լամերսին

11374_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ Կարլ Լամերսին:
Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս մակարդակից և կարևորել երկկողմ գործակցության շարունակական զարգացումը: Ընդգծելով, որ ԵՄ պետությունների շարքում Գերմանիան Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է, Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել անկախացումից ի վեր Գերմանիայի կառավարության կողմից շուրջ 464 մլն եվրոյին համարժեք ֆինանսական և տեխնիկական օգնության տրամադրումը: Վարչապետը նաև նշել է, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ջերմ հարաբերություններ են ձևավորվել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ և ընդհանրապես, առկա է միջխորհրդարանական բարձր մակարդակի արդյունավետ համագործակցություն:
Իր հերթին Կարլ Լամերսը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել բեղմնավոր աշխատանք: Բունդեսթագի պատգամավորը նշել է, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում մեր երկիրը միշտ բարձր մակարդակով է ներկայացված եղել և ի դեմս Հայաստանի նա տեսնում է լավ բարեկամի, հուսալի գործընկերոջ:
Հանդիպման ընթացքում պարոն Լամերսի խնդրանքով վարչապետ Աբրահամյանն անդրադարձել է ինտեգրացիոն գործընթացներին (Մաքսային միություն, Եվրոպական միություն) Հայաստանի մասնակցության հեռանկարներին, ներկայացրել տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակը, հարևան երկրների հետ հարաբերությունների ընթացքը և զարգացումները: Երկուստեք կարևորվել է խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ – ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարների շուրջ: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է պահպանել և էլ ավելի բարձրացնել Եվրամիության հետ հարաբերություններում ձեռք բերված որակն ու դինամիկան: Դա հնարավորություն կտա շարունակել տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները և հասնել գործակցության ավելի բարձր մակարդակի: Պարոն Լամերսը հավաստիացրել է, որ Գերմանիան պատրաստակամ է աջակցել մեր երկրին ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու գործում:

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

MHM88569Հայաստանի նախկին վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն:
Վարչապետը և ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ են դրել Անդրանիկ Մարգարյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով պետական, քաղաքական գործչի հիշատակին:
Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների կողմից մատուցվել է հոգեհանգստյան կարգ:

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նախագահ Պուտինին և Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին տոնի առթիվ: ՌԴ Նախագահին Հայաստանի Նախագահը մաղթել է քաջառողջություն և հետագա հաջողություններ՝ նրա պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն, բարօրություն և բարեկեցություն:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական հարաբերություններն այսօր վստահորեն զարգանում են դաշնակցային փոխգործակցության ոգով: Նախագահի խոսքով, քաղաքական արգասաբեր երկխոսությունը և միջպետական գործընկերության ռազմավարական բնույթը թույլ են տալիս համատեղ ջանքերով հասնել նշանակալի արդյունքների բոլոր ուղղություններով:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հիմնվելով ռազմավարական հարաբերությունների ամուր կապերի վրա՝ Հայաստանը և Ռուսաստանը հետևողականորեն կխորացնեն առևտրատնտեսական, ռազմատեխնիկական և հումանիտար համագործակցությունը՝ կառուցելով բազմապլան ինտեգրացիոն փոխգործակցություն՝ ի շահ երկու պետությունների քաղաքացիների բարօրության մեծացման: Դա, անկասկած, համապատասխանում է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հունով ընթացող մեր երկրների արմատական շահերին:

Հովիկ Աբրահամյանին է ներկայացվել իտալական Ceramisia ընկերության ներդրումային ծրագիրը

11371_am_3Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է հախճապակու արտադրությամբ զբաղվող իտալական Ceramisia ընկերության փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիին:
Իտալական ընկերության փոխնախագահը վարչապետին է ներկայացրել իրենց կողմից Հայաստանում նախատեսվող ներդրումային ծրագիրը: Մասնավորապես, Ֆեդերիկո Պոլիդորին նշել է, որ աշխատանքներ են տարվում առաջիկայում մեր երկրում հախճապակու արտադրությամբ զբաղվող գործարան կառուցելու ուղղությամբ, որի արտադրանքը կարտահանվի նաև արտերկիր:
Հովիկ Աբրահամյանը ողջունել է նախաձեռնությունը և հայտնել կառավարության աջակցությունը՝ ներդրումային ծրագրի իրականացման աշխատանքներում: Վարչապետը հույս է հայտնել, որ ծրագիրը կնպաստի Հայաստանում հախճապակու արտադրության ավանդույթների վերականգնմանը:
Այնուհետև կառավարության ղեկավարը և Ֆեդերիկո Պոլիդորին քննարկել են ներդրումային ծրագրին առնչվող մի շարք հարցեր:
***
Ceramisia-ն ներկայում իր արտադրանքն արտահանում է 25 երկիր: Այն Իտալիայում համարվում է տնային և հյուրանոցային հախճապակյա սպասքի արտադրության ասպարեզում ամենախոշոր ազգային կերամիկական ընկերությունը:

Վարչապետի մոտ քննարկվել են ՀՊՃՀ-ի զարգացմանն ուղղված հարցեր

11370_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին, ՀՊՃՀ պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանին և ՀՊՃՀ ռեկտորի խորհրդական Մուրադ Մուրադյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Հովհաննես Թոքմաջյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և ներկայացրել բուհում առկա խնդիրները, զարգացմանն ուղղված ծրագրերը: ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատարը բարձր է գնահատել վերջին տարիներին մեր երկրում կրթության բնագավառում իրականացված բարեփոխումները և վստահություն հայտնել, որ դրանք առաջիկայում ևս կլինեն շարունակական:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է կրթության զարգացումը և ընդգծել, որ կառավարությունն աջակցելու է ոլորտի առաջընթացին միտված յուրաքանչյուր նախաձեռնության: Վարչապետն ընդգծել է, որ տարբեր բնագավառների բարձորակ մասնագետների պատրաստումը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի հետ

6758Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ավստրիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի հետ:

Զրուցակիցները քննարկվել են հայ-ավստրիական բազմաբնույթ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել են բարձրաստիճան մակարդակով փոխայցելություններն ու երկխոսության ակտիվացումը, ինչը Նախագահ Սերժ Սարգսյանի և Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի համոզմամբ, երկու երկրների միջև համագործակցության զարգացման կարևոր գրավականներից է: Զրուցակիցները մեծապես կարևորել են միջխորհրդարանական կապերի դերը երկու երկրների միջև հարաբերությունների ակտիվացման գործում և այդ համատեքստում ընդգծել խորհրդարանների միջև կապերի զարգացման, համագործակցության խթանման ուղղությամբ երկկողմ ջանքերի անհրաժեշտությունը:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ բարեկամության վրա հիմնված հայ-ավստրիական միջպետական հարաբերություները հաջողությամբ զարգանում են, ինչի վկայությունն է նաև իր ներկայիս այցը բարեկամ Ավստրիա: Երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի պահպանման գործում զրուցակիցները կարևորել են կանոնավոր քաղաքական երկխոսությունն ու տնտեսական, մշակութային, գիտական և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հաստատված համագործակցության հետագա ընդլայնումը:

Ավստրիա պաշտոնական այցի առաջին օրը Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի նաև Վիեննայում «Հայաստան» բամզագործառույթ (տնտեսական, ֆինանսական, մշակութային, տեղեկատվական) կենտրոնի բացման արարողությանը: Այն կառուցվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջև 2013թ. ապրիլի 30-ին Երևանում կնքված Մտադրությունների մասին հուշագիրը: Կենտրոնը հանդիսանում է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության մասը և օգտվում է Վիեննայի կոնվենցիայով և դիվանագիտական ներկայացուցչությունների կարգավիճակը կարգավորող երկկողմ միջազգային համաձայնագրերով սահմանված արտոնություններից և անձեռնմխելիությունից:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հետ

6753Պաշտոնական այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հետ: Հանրապետության Նախագահը քաղաքապետարանում ողջույնի խոսք է հղել քաղաքապետին և հանդիպման բոլոր մասնակիցներին:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Վիեննայի քաղաքապետարանում

Հարգելի՛ պարոն քաղաքապետ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ, որ կրկին առիթ ունեմ հյուրընկալվելու հրաշագեղ Վիեննայում, որն արդարացիորեն համարվում է եվրոպական քաղաքակրթության զարկերակ: Հիրավի, Վիեննան այն եզակի քաղաքներից է, որտեղ լավագույնս ներդաշնակվում են անցյալն ու ներկան, ավանդույթն ու առաջընթացը: Քաղաք, որն ամփոփում է կայսերական դարաշրջանի անջնջելի դրոշմը, միևնույն ժամանակ աչքի ընկնում՝ իր ներդաշնակությամբ, նրբաճաշակությամբ ու մարդասիրությամբ:

Այսօր հնարավորություն ունեմ նաև այստեղ վայելելու Ձեր մայրաքաղաքի հարուստ պատմության վկան հանդիսացող գոթական ոճի այս կառույցի անկրկնելի ճարտարապետությունը:

Եվ վերջապես, հարգելի պարոն քաղաքապետ, այսօր պատիվ ունեմ հանդիպելու ի դեմս Ձեզ՝ հմուտ և փորձառու քաղաքական գործչի, ում երկարամյա իմաստուն ղեկավարությամբ վերջին 20 տարիների ընթացքում Վիեննան շարունակել է ծաղկել՝ պահպանելով և ամրապնդելով իր առաջատար դիրքերն աշխարհի լավագույն քաղաքների շարքում։

Այս ամենին միահյուսվում է այն փաստի գիտակցումը, որ քաղաքակրթությունների այս խաչմերուկում՝ Վիեննայում, ամեն քայլափոխի հանդիպող պատմամշակութային ժառանգության կողքին, զգում ես նաև հայկական ներկայությունը՝ եկեղեցիների, կրթամշակութային հաստատությունների ու հուշակոթողների տեսքով, ինչը, կարծում եմ, վիեննական մշակույթին հաղորդում է յուրօրինակ երանգ:

Անգնահատելի է Վիեննայի գողտրիկ անկյուններից մեկում հանգրվանած Մխիթարյան միաբանության դերը մեր ժողովուրդների դարավոր բարեկամության ավանդույթների պահպանման գործում: Իսկ Վիեննայի կենտրոնում՝ Հայկական հրապարակում, Ֆրանս Վերֆելի արձանը միջազգային այս քաղաքը դարձնում է մեզ համար էլ ավելի հարազատ:

Ուրախ եմ, որ որպես մեր կապերի շարունակականության խորհրդանիշ՝ այսօր Վիեննայում մասնակցելու ենք ևս մեկ հայկական կառույցի՝ «Հայաստան» բազմագործառույթ կենտրոնի բացմանը, և ուզում եմ այս առիթով Ձեզ շնորհակալական խոսք ասել:

Մշակութային երկխոսության զարգացման գործում մենք տեսնում ենք անձամբ Ձեր և Վիեննայի քաղաքապետարանի դերակատարությունը, որի համար մեկ անգամ ևս ի սրտե շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, քաղաքապետարանի ողջ անձնակազմին: Եվ լիահույս եմ, որ Ձեզ հետ մեր համագործակցությունը կլինի շարունակական, և Ձեր արժեքավոր փորձն ու գիտելիքները կշարունակեն ծառայել Երևանի և Վիեննայի միջև համագործակցության ընդլայնմանը:

Իսկ այդ համագործակցության համար մենք արդեն ունենք դրական օրինակներ: Շուրջ 8 տարի է, ինչ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Վիեննայի 4-րդ թաղամասի միջև հաստատվել են բարեկամական կապեր: Տարիներ առաջ Ձեր հովանավորությամբ Երևանում անցկացվել է «Վիեննան ողջունում է Երևանին» խորագիրը կրող հայ-ավստրիական առաջին երաժշտական փառատոնը, իսկ դրանից մեկ տարի անց` 2-րդը՝ նվիրված Ռոբերտ Շումանի 200-ամյակին և Գուստավ Մալլերի 150-ամյակին:

Համոզված եմ, որ համագործակցության հիշյալ հաջողված օրինակները լավ նախադրյալ են ստեղծում ապակենտրոնացված մակարդակով ինչպես մեր մայրաքաղաքների, այնպես էլ այլ վարչատարածքային միավորների միջև փոխգործակցություն ծավալելու համար: Այսօր քաղաքները մեծ դեր ունեն երկու ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման գործում, և հանրային դիվանագիտությունը գնալով ավելի կարևոր նշանակություն է ձեռք բերում երկկողմ հարաբերություններում:

Վստահ եմ, որ երկու մայրաքաղաքների միջև կա համագործակցության մեծ ներուժ և ուզում եմ վստահություն հայտնել, պարո՛ն քաղաքապետ, որ ապագայում ևս Վիեննան իր հնարավորությունները կներդնի տարբեր տարածաշրջաններում եղած կոնֆլիկտների խաղաղ կարգավորման գործում: Եվ , անշուշտ, շնորհակալ եմ անցած տարվա վերջին այդպիսի հնարավորություն ընձեռելու համար ինձ և Ադրբեջանի նախագահին՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ վարելու ուղղությամբ:

Ես բազմաթիվ անգամ եմ հյուրընկալվել Ավստրիայում և ամեն անգամ հայրենիք վերադառնալիս ինձ հետ տանում եմ բազմաթիվ տպավորություններ: Եվ բնական է, որ ամենահարուստ տպավորությունները տանում եմ Վիեննայից: Վիեննայում մի տեսակ հպարտություն ես զգում մարդկային այն տեսակի կատարած գործերի համար, որն իր ջանքերն ուղղում է ապագա սերնդին՝ ավելի բարեկեցիկ և ավելի քաղաքակիրթ ապրելու պայմաններ ստեղծելու համար:

Շնորհակալություն:

Արա Հարությունյանը և ՀՅԴ ներկայացուցիչները քննարկել են ԼՂՀ բյուջեի կատարողականը

Արա ՀարությունյանԱրցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամներին՝ քննարկելու 2013թ. բյուջեի կատարողականին և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին առնչվող որոշ հարցեր:

Վարչապետը ողջունել է իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի միջև պարբերական շփումները՝ աշխատանքների արդյունավետ կազմակերպման և հիմնախնդիրների վերհանման համատեքստում: Կառավարության ղեկավարը ներկայացրել է սոցիալ-տնտեսական և կրթական որոշ ծրագրերի իրականացման ընթացքը:

Ա. Հարությունյանը կարևորել է խորհրդարանի դերը պետբյուջեի կատարողականի արդյունավետության բարձրացման գործում՝ ակնկալելով կառուցողական առաջարկներ այդ ուղղությամբ: Վարչապետի խոսքով՝ հանրապետության բյուջեն ուղղված է գլխավորապես սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, և դրա պլանավորումն ու իրագործումը պետք է ելնեն այդ տրամաբանությունից:

Քննարկվել են նաև կրթական համակարգին և կադրերի պատրաստմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը շեշտադրել է տնտեսությունում որակյալ կադրերի սղության խնդիրը և կարևորել իշխանության բոլոր ճյուղերի համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը նշված ոլորտում հաջողություններ գրանցելու համար: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Շուշիի արհեստագործական ուսումնարանի նշանակությանը և նախատեսվող աշխատանքներին, որոնք սկսելու են սույն թվականի սեպտեմբերին: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ֆրանսիական մոդելով աշխատող ուսումնարանն ի վիճակի է լինելու պատրաստել շինարարության բնագավառի որակյալ մասնագետներ:

Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերի հետ

Սերժ Սարգսյանը Վիեննա,Ավստրիա, Հայնց Ֆիշեր Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ավստրիայի Հանրապետություն: Այսօր առավոտյան կայացել են Հայաստանի և Ավստրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Հայնց Ֆիշերի առանձնազրույցը, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-ավստրիական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ երկու երկրների նախագահներն ստորագրել են Ավստրիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների և գործընկերության մասին հռչակագիրը, ապա նախագահների մասնակցությամբ ստորագրվել են «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ավստրիայի Հանրապետության գիտության, հետազոտությունների և էկոնոմիկայի դաշնային նախարարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին համատեղ գործողությունների ծրագիրը», «ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագիրը»:

Այցի շրջանակներում ստորագրվել է նաև երկու համաձայնագիր՝ «Արտահանման վարկային համաձայնագիր «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ համերգասրահի վերազինում» ծրագրի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Ֆինանսների նախարարության և «Էռստե» բանկի միջև» և ևս երկու համաձայնագիր «ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական «Վագներ Բիռո» ընկերության միջև՝ սարքավորումների մատակարարման մասին»:

Հայաստանի և Ավստրիայի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում, պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին:

 

***

Սերժ Սարգսյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի Նախագահ Հայնց ՖիշերՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ավստրիայի Հանրապետության Նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Կրկին շնորհակալություն եմ հայտնում Ավստրիայի Նախագահ պարոն Ֆիշերին պաշտոնական այցով Ավստրիայում հյուրընկալվելու հրավերի և, իհարկե, ջերմ ընդունելության համար: Այն փաստը, որ վերջին երկու տարվա ընթացքում սա մեր երրորդ երկկողմ հանդիպումն է, ինքնին խոսուն է:

Մեր բանակցությունների օրակարգը հագեցած էր. կառուցողական քննարկում ունեցանք ինչպես հայ-ավստրիական հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ: Վերահաստատեցինք բարձր մակարդակի երկխոսությունը շարունակելու, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ավստրիական համագործակցությունը խորացնելու փոխադարձ ցանկությունը:

Մեզ համար Ավստրիան բարեկամ պետություն է և վստահելի գործընկեր և հենց այդ ոգով են զարգացել Հայաստանի և Ավստրիայի 22-ամյա միջպետական հարաբերությունները: Քաղաքական կանոնավոր երկխոսություն, առևտրատնտեսական զարգացող համագործակցություն, մշակութային և կրթական բազմաթիվ ծրագրեր, Ավստրիայի կողմից արդյունավետորեն իրականացվող օժանդակության ծրագրեր, փոխշահավետ գործակցություն միջազգային կառույցներում, պարբերաբար հարստացվող իրավապայմանագրային դաշտ՝ սա է մեր կառուցողական համագործակցության արդյունքը, որի բազմապատկման համար պատրաստ ենք շարունակելու հետևողական աշխատանքը, և այդ նպատակին են ուղղված նաև այս այցի ընթացքում ձեր ներկայությամբ ստորագրված համաձայնագրերը:

Այցիս առաջնային նպատակներից է երկկողմ համագործակցության տնտեսական ուղղության խթանումը, և վաղը մենք Նախագահ Ֆիշերի հետ կբացենք հայ-ավստրիական տնտեսական համագործակցության համաժողովը: Ակնկալում ենք, որ այն կծառայի գործարարների միջև երկխոսության ծավալմանն ու նոր համատեղ ծրագրերի իրականացմանը:

Համագործակցության լավ հնարավորություններ ենք տեսնում Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակներում, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում Հայաստանի կառավարության կողմից իրականցվող սոցիալական քաղաքականության կատարելագործման համար:

Պարոն Ֆիշերի հետ անդրադարձանք ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարներին, և ես վերահաստատեցի Հայաստանի հանձնառությունը շարունակելու ԵՄ հետ վերջին տարիներին ծավալված արդյունավետ համագործակցությունը, որի շնորհիվ Հայաստանն ունի առավել ժողովրդավարական կառույցներ, բաց շուկայական տնտեսություն, համեմատաբար լավ կառավարում, բարենպաստ գործարար միջավայր: Ես ներկայացրեցի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման մեր տեսլականը և խնդրեցի պարոն Նախագահին օժանդակելու մեզ այս հարցում:

Նախագահ Ֆիշերի հետ, իհարկե, քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի այսօրվա բանակցային գործընթացը, և ես վստահ եմ խորապես կրկին քննարկելու ենք: Այստեղ՝ Վիեննայում է գտնվում նաև ԵԱՀԿ կենտրոնակայանը, մի կազմակերպություն, որ տարիներ ի վեր ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում: Վերահաստատեցի այս խնդիրը՝ Ղարաբաղի խնդիրը, բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու մեր հանձնառությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում, որը խնդրի մանրամասներին լավագույնս տիրապետող միջազգային կառույցն է:

Այցի արդյունքներով մեր համատեղ հայտարարությամբ ամրագրված է, որ Ավստրիան՝ որպես բարեկամ երկիր, որը հետաքրքրված է մեր տարածաշրջանում խաղաղությամբ, միջազգային հարաբերություններում իր բարձր համբավին և չեզոք պետության կարգավիճակին համահունչ շարունակում է աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա:

Անշուշտ, Ավստրիայի հետ հարաբերություններում անհնարին է չանդրադառնալ մեր ժողովուրդների պատմամշակութային կապերին: Մենք շնորհակալ ենք Ավստրիայի կառավարությանը, ժողովրդին՝ մեր համայնքի նկատմամբ դրսևորած բարեհաճ վերաբերմունքի համար, և այդ բարեհաճ վերաբերմունքի արդյունքում է նաև, որ Վիեննան դարձել է հայագիտության և հայապահպանության կենտրոններից մեկը՝ ի դեմս Մխիթարյան միաբանության: Եվ պատահական չէ, պարոն Նախագահ, որ Ֆրանց Վերֆելը ծնվել է հենց Ավստրիայում:

Շնորհակալություն: Այժմ սիրով կպատասխանեմ ձեր հարցերին:

 

Հրանտ Բագրատյանը՝ կառավարությանը.ինչու կատարեցիք, դա վատ է, էդ ում սեղմեցի՞ք

հրանտ բագրատյանԱզգային ժողովում 2013-ի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը.- “Ամեն անգամ բյուջեում կարդում ենք բյուջեն հաստատվել է էսքան, արտաբյուջետային ֆոնդերն եղել են էսքան, քանի որ եղել են էսքան, բյուջեն պետք ա  լիներ էսքան, կատարվել է այսքանով: Տարօրինակ է, բայց մենք չունենք բյուջեի մի թիվ: Մենք ունենք բյուջեի թվի ինտերպրետացիաներ”: Հրանտ Բագրատյանի համոզմամբ՝ ոչ մի արտաբյուջետային ֆոնդ չպետք է մտնի բյուջե: “Եվ ընդհանրապես ոչ մի արտաբյուջետային ֆոնդ չպետք է լինի: Պետության փողերը, մենք, ի դեպ, շատ մեծ պաշտոնյա ենք ունեցել, որը եկավ, դարձավ նախագահ, ասաց.պատկերացնում ե՞ք բյուջեում փող չկա: Բյուջեում փող չպետք է լինի, ընկերներ, պետության փողերը, այ որ Նվագախմբի տղաները ֆիլմի մեջ ասում ա. որտե՞ղ են հանրապետության փողերը, դրանք ԿԲ –ի պահուստում են: Եթե բյուջեում փող կա կամ ծախսեր կան, տակը փող չկա, դա վատ է: Եվ նա է վատ, և նա”: Բյուջեն, ըստ նախկին վարչապետի, պետք է լինի բալանսավորված: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, իդեալական պետության մեջ ինչքան փող կա, էնքան էլ ծախս կա: “Արտաբյուջետային ֆոնդերը երբեմն կազմում են եկամուտների տասը տոկոսը, որը թույլ է տալիս կառավարությանը խաղեր տալ: Ինչ բան է արտաբյուջետային ֆոնդը: Եթե նման եկամուտ կա, պետք է մուտքագրվի բյուջե, պետք է նախօրոք պլանավորել: Այդ բոլոր գումարները պետք է փոխանցվեն բյուջե: Երկրորդը՝ պարոն Ջանջուղազյանը նստած է, մի քանի անգամ հանդիպել ենք, մենք պիտի ստանանք բյուջեի հստակ պատկերը: Կատարվել, չի կատարվել ինչի հաշվին: Պարոն Ջանջուղազյանը գտնում է, և ֆինանսների նախարարությունը նույնպես, որ այդպիսի անալիզ հնարավոր չէ: Գոյություն ունի ֆակտորիալ կամ դրայվերներով անալիզ, որով մենք ասում ենք, ասենք թե բյուջեն կատարվել է, ինչքան մասն է կատարվել ինֆլյացիայի հաշվին: Դրա ինչքան մասն է կատարվել տնտեսական աճի հաշվին, ինչքան մասն է կատարվել տնտեսական վարչարարության հաշվին: Հարց եմ տալիս՝ բյուջեն կատարվել է, թե չէ, ոնց եք դատում: Տնտեսական աճը նախատեսված էր 5,2 տոկոս, նախատեսված էր , եղել է 3,5 տոկոս, եղել է, 2,7 տոկոս պակաս, բա դուք ոնց եք բյուջեն կատարել: Ոնց եք բյուջեն կատարել, ինչու կատարեցիք, դա վատ է, էդ ում սեղմեցիք: 3-րդը, որ ուզում եմ ասել, այս տարվա աշնանը լուրջ կռիվ կլինի սրա համար, մենք բյուջեն պետք է հաստատենք հարկերով: Մենք բյուջեն հարկերով չենք հաստատելու: Չենք հասկանում, նույնիսկ եթե բյուջեի ընդհանրական մեկ թիվը նորմալ է պլանավորվածի, դա լավ է, թե վատ: Հարկատեսակների առումով հսկայական տարբերություններ ունենք: Եթե ունենք, ինչու նախօրոք չենք պլանավորում”: Հրանտ Բագրատյանը վստահ է, որ տնտեսվարողը ստաբիլ պետք է իմանա՝ ինչ ֆիսկալ սպասի պետությունից: Իսկ արտաբյուջետային ֆոնդերը, պատգամավորի խոսքով, խեղաթյուրում են բյուջեի պատկերը:

Վարչապետը մասնակցել է «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» միջազգային խորհրդաժողովի բացմանը

7372_ru_3Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հրավերով կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաև ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթը:
Խորհրդաժողովը բացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տերունական աղոթքով և օրհնությամբ, որից հետո ելույթով հանդես է եկել Հայաստանի վարչապետը: Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունել է ներկաներին և հույս հայտնել, որ խորհրդաժողովը կնպաստի Սիրիայում քաղաքական և միջկրոնական երկխոսության հաստատմանը: Իր խոսքում երկրի վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մենք բոլորս մեծ ցավ ենք ապրում, երբ ականատես ենք լինում Մերձավոր Արևելքում և, հատկապես, Սիրիայում տևական ժամանակ ընթացող ներքաղաքական ճգնաժամին, որը, վերածվելով քաղաքացիական պատերազմի, անմեղ զոհերի ու անդառնալի կորուստների պատճառ դարձավ: Սիրիական ճգնաժամը, որի ընթացքում առկա էին նաև կրոնական ծայրահեղականության դրսևորումներ, քրիստոնեական եկեղեցիների համար ևս ցավալի հետևանք ունեցավ, երբ փորձ էր արվում հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել: Ցանկացած նման փորձ դատապարտելի է, քանի որ մենք համոզված ենք, որ բոլոր կրոնները խաղաղություն են քարոզում:
Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում արյան մեծ գնով է վճարել խաղաղության և անկախության համար: Հայաստանի ղեկավարությունը մեծ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ և բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ` հիմնվելով միջազգայնորեն ընդունված սկզբունքների և նորմերի վրա՝ միևնույն ժամանակ հարգելով արցախահայության ազատ և անկախ ապրելու ինքնորոշման իրավունքը:
Մենք նաև մի ժողովուրդ ենք, որը 20-րդ դարասկզբին ենթարկվեց ցեղասպանության և զրկվեց իր պատմական հայրենիքից՝ Արևմտյան Հայաստանից: Հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին կրկին վերապրեց այդ դառը ցավը, երբ այս տարի գարնանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, ծայրահեղական խմբավորումները գրավեցին Սիրիայի մեծամասամբ հայաբնակ Քեսաբ քաղաքը:
Վաղը դուք այցելելու եք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և աղոթելու եք բյուրավոր նահատակների համար, ովքեր 20-րդ դարասկզբին ցեղասպանության ենթարկվեցին Օսմանյան Թուրքիայի կողմից: Ցեղասպանության թանգարանում ականատես կլինեք բազմաթիվ փաստերի, թե ինչպես Սիրիայի տարածքում մեծ թվով պետական այրեր, այդ թվում մահմեդական առաջնորդներ, դեմ կանգնեցին թուրքական կառավարության որոշմանը և պաշտպանեցին հայերին` նրանց ապաստան տրամադրելով Հալեպում, Դամասկոսում, Սիրիայի այլ քաղաքներում: Հայ ժողովուրդը դա երբեք չի մոռանա»: 

Եզրափակելով խոսքը՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Սիրիայում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունները կնպաստեն երկխոսության ծավալմանը՝ առկա խնդիրները լուծելու և երկիրը վերակառուցելու համար: Վարչապետը խորհրդաժողովի մասնակիցներին մաղթել է հաջողություն և արդյունավետ աշխատանք:
Հունիսի 11-12-ն անցկացվող միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում են Մերձավոր Արևելքից, Սիրիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Եվրոպայից և ԱՄՆ-ից քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչներ: Կարծարծվեն «Քաղաքական զարգացումները Սիրիայում և մարդասիրական հեռանկարները», «Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ներկայությունը և վկայությունը Արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումների արդյունքում», «Հայկական համայնքները Մերձավոր Արևելքում ու Սիրիայում և դրանց հեռանկարները» թեմաներին վերաբերող հարցեր:

Սերգեյ Շոյգուի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը

սերգեյ ՇոյգուՀունիսի 10-ին Մոսկվայում ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում ստեղծվող իրավիճակի և ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ, ինչպես նաև, նիստի օրակարգի համաձայն, քննարկել են մի շարք արդիական հարցեր, ուղղված ՀԱՊԿ-ի ձևաչափով ռազմական համագործակցությանը և նախանշել կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման հետագա աշխատանքների  ուղղությունները:

Նիստի արդյունքում ստորագրվել են մի շարք համապատասխան որոշումներ:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքը, որը կարգավորում է նորաստեղծ այդ կոմիտեում ծառայության անցնելու կարգը, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված մյուս հարաբերությունները:

Հանրապետության Նախագահի կողմից ստորագրված օրենքների թվում են նաև «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:

Անկախ

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել դիրիժոր Յուրի Դավթյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Հարգելի պարոն Դավթյան,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:

Բարձր ենք գնահատում Ձեր վաստակը Հայաստանի մշակութային կյանքի հարստացման գործում: Ձեր բազմամյա դիրիժորական և մանկավարժական գործունեությունը մեծ նպաստ է բերել մեր դասական նվագախմբային արվեստի զարգացմանը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական եռանդ և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Անկախ

Ճապոնիան Հայաստանին կտրամադրի ոչ ծրագրային դրամաշնորհ

3314_hqՀունիսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև կնքվել է Ճապոնիայի կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր, որով հայկական կողմին կտրամադրվի 200 մլն յենին (1,93 մլն ԱՄՆ դոլարին) համարժեք՝ Ճապոնիայի փոքր և միջին ձեռնարկությունների արտադրանքը: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադան:

Ստորագրման արարողությունից հետո ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը ընդունեց Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադային: Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվեց, որ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացումը նոր խթան կհաղորդի փոխգործակցության զարգացմանը:

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև միջազգային ու տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:
 Անկախ3314_hq

Գարեգին Մելքոնյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

կառավարությունՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գարեգին Մելքոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։
Գարեգին Մելքոնյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1975 թ., 8 ապրիլի, ք. Երևան

Կրթություն
1992-1997 թթ. – Երևանի պետական համալսարան, արևելագիտության ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն
1996-1997 թթ. – ՀՀ առևտրի, ծառայությունների և զբոսաշրջության նախարարություն, գլխավոր մասնագետ
1997-1999 թթ. – ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության միջազգային համաձայնագրերի բաժնի պետ
1999 թ. – ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության արտահանման ենթակառուցվածքների վարչության պետ
2000-2001 թթ. – ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության զբոսաշրջության վարչության պետ
2001-2002 թթ. – ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ
2002-2005 թթ. – ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ
2005-2011 թթ. – Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչ
2011 -2014 թթ. – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
2014 թ. հունիսի 10-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Այլ տվյալներ
ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
Մասնակցել է արտասահմանում կազմակերպված մի շարք կրթական ծրագրերի:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Ավստրիա

 Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն:

Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Ավստրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Հայնց Ֆիշերի առանձնազրույցը, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին կստորագրվեն մի շարք ոլորտներում հայ-ավստրիական համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր: Հայաստանի և Ավստրիայի նախագահները բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:

Վիեննայում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա նաև Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի, դաշնային վարչապետ Վերներ Ֆայմանի, Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի, Վիեննայի արքեպիսկոպոս, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Քրիստոֆ Շոնբորնի հետ: Սերժ Սարգսյանը կայցելի Ավստրիայի դաշնային տնտեսական պալատ, որտեղ Նախագահ Հայնց Ֆիշերի հետ կմասնակցի հայ-ավստրիական տնտեսական համաժողովի բացմանը, իսկ մինչ այդ հանդիպում կունենա պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլի հետ:

Հայաստանի Նախագահը Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի տարածաշրջանային կենտրոնակայանում հանդիպումներ կունենա Կազմակերպության ներկայացուցիչների՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Կազմակերպության Վիեննայի գրասենյակի և Թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավար (UNODC) Յուրի Ֆեդոտովի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավոր տնօրեն Լի Յոնգի, Միջուկայի զենքի փորձարկման համապարփակ արգելման համաձայնագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի (CTBTO) գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) գործադիր տնօրեն Յուկիյա Ամանոյի հետ:

Սերժ Սարգսյանը կմասնակցի Վիեննայում «Հայաստան» բազմագործառույթ (տնտեսական, ֆինանսական, մշակութային, տեղեկատվական) կենտրոնի բացմանը ևս:

Այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը նաև հարգանքի տուրք կմատուցի ավստրիացի գրող և հումանիստ Ֆրանց Վերֆելի հիշատակին՝ այցելելով և ծաղկեպսակ դնելով նրա հուշարձանին, Սբ. Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղիկներ կդնի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիրին: Նախատեսված է նաև Սերժ Սարգսյանի այցելությունը Վիեննայի Մխիթարյան միաբանություն:

 

Արթուր Վարդանյանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ

հհ նախագահի հրամանագիրըՂեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.

Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաuտանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ` հինգ տարի ժամկետով:

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա է մեկնել

սեյրան ՕհանյանՀունիսի 10-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով հունիսի 9-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: