Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն

6727Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և Նորին Գերազանցություն Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնին:

Նախագահը տոնի առթիվ բարեմաղթանքներ է հղել Թագուհուն, արքայական ընտանիքին ու բրիտանացի ժողովրդին և վստահություն հայտնել, որ բնականոն կերպով զարգացող հայ-բրիտանական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և խորանալ՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության:

Վարչապետ Դեյվիդ Քեմերոնին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նպաստել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առկա բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը՝ նոր հեռանկարներ ստեղծելով փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Հանրապետության Նախագահն իր շնորհավորական ուղերձում բարգավաճում և շարունակական առաջընթաց է մաղթել Միացյալ Թագավորությանը:

Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի ազգային տոնի կապակցությամբ այսօր այցելել է նաև Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն, տոնի կապակցությամբ շնորհավորել դեսպան Քեթրին Ջեյն Լիչին, դեսպանատան աշխատակիցներին: Նախագահը բարեմաղթանքներ է հղել ամբողջ անձնակազմին, հաջողություններ մաղթել նրանց՝ հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման և զարգացման ամենօրյա գործունեության մեջ:

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

ստորագրել2Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:

Վարչապետն ընդունել է գործարար Մանվել Տեր-Առաքելյանին

11364_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հին Էրիվան» ռեստորանային հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին:
Գործարարը կառավարության ղեկավարին ներկայացրել է իր բիզնեսի հետ կապված խնդիրները և դատական գործընթացի մանրամասները:
Հանդիպումը կայացել է Մանվել Տեր-Առաքելյանի խնդրանքով:

Վարչապետի մոտ քննարկվել են ՀՀ ՎՊ-ի կողմից մի շարք ոլորտներում իրականացված ստուգումների արդյունքները

11363_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ներկայացվել են մի շարք ոլորտներում իրականացված ստուգումների արդյունքները: Քննարկվել են արձանագրված խախտումները և թերությունները, ինչպես նաև այդ խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ:
Արդյունքների ամփոփումից ելնելով՝ ՀՀ վարչապետի կողմից տրվել են հանձնարարականներ համապատասխան մարմինների ղեկավարներին՝ ձեռնարկել միջոցներ կարճ ժամկետում բացթողումները շտկելու, ինչպես նաև ներկայացնել համակարգային առաջարկություններ խախտումները հետագայում բացառելու համար, խախտումների և թերությունների համար պատասխանատու անձանց ենթարկել պատասխանատվության՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում, իսկ քրեական տարրեր պարունակող դեպքերի համար գործերը փոխանցել իրավապահ մարմիններին:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հետևյալ խնդիրներին.

Առողջապահության ոլորտ.

1. Քննարկվել է առողջապահական դիսպանսերներում հիվանդների բուժման և հետազոտության ժամկետների անհարկի ավելացման (հաշվետվություններում մարդ/օրերի թվի իրականից ավել ներկայացման) հետևանքով բյուջետային միջոցների ոչ արդյունավետ օգտագործման (լրացուցիչ չհիմնավորված ծախսերի) հետ կապված հարցը:
ՀՀ առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ մշակվում են և ներդրվելու են ֆինանսավորման նոր մեխանիզմներ, որոնց կիրառմամբ կբացառվեն ոչ հավաստի տվյալների հիման վրա վճարումների իրականացումը, ինչպես նաև ՀՀ ՎՊ-ի կողմից նախանշված մյուս ռիսկերը:
2. Դեղերի ձեռքբերման հետ կապված նշվել է, որ ուսումնասիրությունների արդյունքներով եղել են դեպքեր, երբ նախարարության կողմից բանակցային ընթացակարգով անմիջապես արտադրողից ուղղակի գնում իրականացնելու շնորհիվ խնայվել են ՀՀ պետական բյուջեի զգալի միջոցներ (օրինակ ինսուլինի ձեռքբերման դեպքում):
Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ առողջապահության նախարարությանը քննարկել և ներկայացնել համապատասխան առաջարկություն գնման մեխանիզմների փոփոխման վերաբերյալ, որի արդյունքում կնվազեն ծախսերը՝ առանց դեղերի որակական հատկանիշների վրա ազդեցության:

Սոցիալական ոլորտ.

Քննարկվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման և վճարման հետ կապված հարցերը՝ ներկայացնելով չարաշահումների կոնկրետ օրինակներ:
Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը մշակել համապատասխան օրենդրական փոփոխությունների փաթեթ, որը կբացառի այս ոլորտում առկա չարաշահումները, կապահովի սոցիալական արդարությունը:
Միաժամանակ հանձնարարվել է ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին և ՀՀ առողջապահության նախարարին՝ սահմանել խիստ վերահսկողություն անաշխատունակության թերթիկների տրամադրման գործընթացի նկատմամբ:

Քաղաքաշինության ոլորտ.

Քննարկվել են քաղաքաշինական գործող նորմերի և վերադիր ծախսերի հետ կապված խնդիրները:
Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին՝ պատշաճ ուշադրություն դարձնել նորմատիվատեխնիկական փաստաթղթերի արդիականացմանը, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ ՀՀ ՎՊ-ի վերհանած խնդիրների լուծման ուղղությամբ:

Գյուղատնտեսության ոլորտ.

Քննարկվել է «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրի շրջանակներում ենթավարկերը գյուղացիներին և ընկերություններին տրամադրելու գործող մեխանիզմի հարցը:
Համարվել է անընդունելի գործող վարկավորման մեխանիզմը, որի արդյունքում գյուղացիական տնտեսությունների վարկավորումը իրականացվել է բարձր տոկոսադրույքով (ընդհուպ մինչև 24%):
Հանձնարարվել է բանակցել միջազգային կազմակերպությունների հետ, վերանայել վարկերի տրամադրման մեխանիզմները՝ գյուղացիական տնտեսություններին ապահովելով ավելի էժան ռեսուրսներով:

ՀՀ նախագահի հրամանագիրը Կ. Մինասյանին ՀՀ նախագահի խորհրդական նշանակելու մասին

734434Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` ո ր ո շ ու մ ե մ.

Կարինե ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական:

2014 թ. Հունիսի 7, Երևան

Դեսպան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի մշակույթի նախարարի հետ

g_imageՀունիսի 5-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում ունեցավ Չեխիայի մշակույթի նախարար Դանիել Հերմանի հետ, որը միաժամանակ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի պատգամավոր է քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունից և ստանձնել է մշակույթի նախարարի պաշտոնը 2014թ. հունվարի 29-ին:

Ողջունելով ՀՀ դեսպանին` նախարարը համառոտ ներկայացրեց Չեխիայում մշակույթի բնագավառում գոյություն ունեցող վիճակը, խնդիրները և առաջիկայի ծրագրերը:

Դեսպանն իր հերթին ներկայացրեց հայ-չեխական մշակութային կապերի զարգացման ներկա վիճակը` նշելով, որ վերջին երկու տարում հայկական մշակույթը բավականաչափ ներկայացվել է Չեխիայում, և ցանկալի կլիներ, որպեսզի չեխական մշակույթը ևս ավելի ակտիվորեն ներկայացվի Հայաստանում: Կողմերը մեծ գոհունակություն հայտնեցին երկու երկրների Ազգային գրադարանների արդյունավետ համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մշակույթի ոլորտում հայ-չեխական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում մշակույթի օրերի, ցուցահանդեսների, համերգների և փառատոնների կազմակերպան ոլորտներում, երկրի հայ համայնքի խնդիրները:

Դեսպանը խոսեց հետագայի ծրագրերի մասին` մասնավորապես անդրադառնալով հայ արվեստագետների մասնակցությանը 2015թ. Պրահայի «Կվադրիենալե»-ին (թատերական արվեստի և թատերական ճարտարապետության ցուցահանդես), հանրահայտ չեխ նկարիչ Յիրժի Նոսեկի Հայաստանին նվիրված կտավների ցուցահանդեսին` Հայաստանի Ազգային պատկերասրահում, համերգներին և այլ միջոցառումների կազմակերպմանը:

Նախարար Հերմանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց համագործակցելու դեսպանության հետ բոլոր մշակութային ձեռնարկների կազմակերպման հարցում, նաև առաջարկեց մշակույթի նախարարության պատմական շենքի ցուցասրահը տրամադրել ցուցադրումների համար:

Նախարարը նշեց, որ շատ բարձր է գնահատում հայ մշակութային ժառանգությունն, ինչպես նաև հայ-չեխական մշակութային կապերը, իսկ մայրաքաղաքներում դեսպանությունների բացման փաստը պետք է էլ ավելի զարգացնի արդեն իսկ գոյություն ունեցող կապերը և համագործակցությունը:

Երկու կողմերն էլ անդրադարձան Լիդիցեի հուշահամալիրի և Երևանի` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործակցության հեռանկարներին: Լիդիցեի հուշահամալիր-թանգարանն անց է կացնում ամենամյա միջազգային մանկական ցուցահանդեսներ, որին ավանդաբար, նաև 2014թ. մասնակցել և մրցանակներ են շահել Հայաստանը ներկայացնող երեխաները:

Հանդիպման ավարտին Չեխիայի մշակույթի նախարարը տեղեկացրեց, որ մոտ ապագայում պատրաստվում է պատասխան այցով Չեխիա հրավիրելու իր հայաստանցի գործընկերոջը (Չեխիայի մշակույթի նախկին նախարար Ալենա Հանակովան Հայաստան է այցելել 2013թ. ապրիլին):

Անկախ

ՏՏ ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են Արցախի վարչապետին

Արա ՀարությունյանԱյսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ընդունել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանին և «Արմթաբ թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանին:

Հյուրերը վարչապետին են ներկայացրել տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման իրենց նախագիծը, որը, նրանց խոսքով, նպատակ ունի դառնալ ոչ միայն գիտակրթական, այլ նաև մշակութային ու ժամանցային հանգույց: Ա. Հարությունյանը ողջունել է ներկայացվող առաջարկները՝ կարևորելով դրանց նշանակությունը Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում:

Ըստ նախագծի՝ Արցախի համար այդ աննախադեպ կենտրոնի տեխնիկական ու շենքային պայմանները հնարավորություն են տալու աշակերտներին գործնական հմտություններ ստանալ ՏՏ բնագավառում, ինչպես նաև ստեղծել նոր աշխատատեղեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել նախագծային աշխատանքները, և կոնկրետ քայլեր ձեռնարկել դրա իրագործման ուղղությամբ:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Երևանում բացվել է «Ոսկեգործություն 2014» 11-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքը

11362_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Ոսկեգործություն 2014» 11-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքը:
Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է ցուցահանդես-վաճառքին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել նրանց արտադրանքին, գործունեությանը և առաջիկա ծրագրերին:
Վարչապետը ողջունել է ոսկեգործության բնագավառի զարգացման ծրագրերը և հայտնել կառավարության աջակցությունը ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման գործում, ինչը կնպաստի նաև արտահանման ծավալների աճին:
Հունիսի 6-9-ն անցկացվող ցուցահանդես-վաճառքին մասնակցում են 40-ից ավելի ընկերություններ, այդ թվում արտասահմանյան:

Դեսպան Ապիտոնյանը հանդիպումներ է ունեցել Շվեդիայում

ԱգնՀունիսի 5-ին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը հանդիպեց Շվեդայի եկեղեցու հոգևոր առաջնորդ, Ուփսալայի արքեպիսկոպոս Անդերշ Վեյրուդին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր միջեկեղեցական համագործակցության, Շվեդիայի եկեղեցու և Հայաստանի միջև կապերի ամրապնդման, Շվեդիայում հայ համայնքի վերաբերյալ։

Դեսպան Ապիտոնյանը երախտագիտություն հայտնեց արքեպիսկոպոս Վեյրուդին՝ Շվեդիայում Հայոց ցեղասպանության ուսումնասիրության աշխատանքներին տարիներ շարունակ ցուցաբերված էական աջակցության համար։ Հաշվի առնելով, որ առաջիկա ամսվա ընթացքում Անդերշ Վեյրուդին փոխարինելու է նորընտիր Ուփսալայի արքեպիսկոպոսը, դեսպանը նրան նաև մաղթեց հաջողություններ իր հետագա գործունեության ընթացքում։

Նույն օրը տեղի ունեցավ նաև դեսպան Ապիտոնյանի հանդիպումը Ստոկհոլմի քաղաքային խորհրդի նախագահ Մարգարետա Բյորքի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր կապված Հայաստանի և Շվեդիայի միջև միջհամայնքային համագործակցության հեռանկարների վերաբերյալ՝ տարածքային կառավարման և քաղաքաշինության ոլորտում շվեդական փորձը ուսումնասիրելու և Հայաստանում կիրառելու համար։

Հարգանքի տուրք՝ Արամ Խաչատրյանի հիշատակին

հարգանքի տուրքԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից, աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 111-ամյակի կապակցությամբ, Կոմիտասի անվան պանթեոնում քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ծաղկեպսակ է դրել մեծանուն երաժշտահանի շիրիմին: Քաղաքապետի տեղակալի հետ միասին Պանթեոն էին այցելել նաև  քաղաքապետարանի աշխատակազմի այլ պաշտոնյաներ, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցներն ու ժյուրիի անդամները, ինչպես նաև մայրաքաղաքի երաժշտական դպրոցների սաներ։

Անդրադառնալով Արամ Խաչատրյանի վաստակին` Արամ Սուքիասյանն առանձնակի կարևորել է մեծանուն կոմպոզիտորի ունեցած դերակատարումը համաշխարհային երաժշտարվեստի զարգացման գործում և ընդգծել, որ արվեստում թողած նրա հարուստ ժառանգությանը քաղաքակիրթ աշխարհում գնահատվել ու գնահատվելու է մշտապես:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վարչապետը Քուվեյթի դեսպանի հետ քննարկել է հայ-քուվեյթյան հարաբերությունների զարգացման հեռանկարները

11361_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիին: Ողջունելով դեսպանին՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է հայ-քուվեյթյան հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը: «Որպես վարչապետ պատրաստ եմ անել հնարավորը՝ Հայաստանի և Քուվեյթի միջև քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերություններն ակտիվացնելու համար»,- նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետը դեսպանին է փոխանցել Քուվեյթի վարչապետ, Նորին Վսեմություն շեյխ Ջաբեր Մուբարաք ալ-Համադ Ալ Սաբահին Հայաստան այցելելու հրավերը և համոզմունք հայտնել, որ նման մակարդակի փոխայցելությունները կնպաստեն երկկողմ կապերի զարգացմանը: Այդ համատեքստում, կառավարության ղեկավարն ընդգծել է հայ-քուվեյթյան գործարար համաժողովի կազմակերպման անհրաժեշտությունը, ինչը նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև առկա տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ քուվեյթցի ներդրողների ներգրավումը մեր երկիր նրանց առջև կբացի նաև Եվրասիական միության՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի շուկաները:
Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդին, շնորհավորելով Հովիկ Աբրահամյանին կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նրան է փոխանցել Քուվեյթի վարչապետի ջերմ ողջույնները: Դեսպանը ևս կարևորել է երկկողմ փոխգործակցության զարգացումը և վարչապետին ներկայացրել երկու երկրների միջև ուղիղ չվերթերի կազմակերպման ուղղությամբ աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ դա իր հերթին կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, տնտեսական տարբեր ծրագրերի իրականացմանն ու երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացմանը:
Միաժամանակ, Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդին խոստացել է Քուվեյթի ներդրումային հիմնադրամին մանրամասն ներկայացնել ՀՀ-ի՝ ՄՄ-ին անդամակցելու գործընթացը և ներդրողների համար բացվող հեռանկարները:
Իր հերթին, դեսպանը ևս Հովիկ Աբրահամյանին հրավիրել է Քուվեյթ:

Հայ խորհրդարանականները Ճապոնիայում

Meeting with Mr. SuzukiՀունիսի 2-4-ը «Հայաստան-Ճապոնիա» պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սամվել Ֆարմանյանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը աշխատանքային այցով մեկնել էին Ճապոնիա:

Տոկիոյում հայ խորհրդարանականները հանդիպում են ունեցել <Ճապոնիա-Հայաստան> պատգամավորական բարեկամության ասոցիացիայի նախագահ, Ճապոնիայի նախկին արտգործնախարար Տակեակի Մացումոտոյի հետ: Հանդիպման ընթացքում կարևորվել է միջխորհրդարանական կապերի հետագա ակտիվացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության բացման առիթով բարեկամության խմբերի առաջին համատեղ նիստի հնարավոր անցկացումը Երևանում:

ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանն ու Սամվել Ֆարմանյանը հանդիպում են ունեցել Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Շունիչի Սուզուկիի հետ: Ողջունելով հայ-ճապոնական բարեկամական հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված առաջընթացը, Շունիչի Սուզուկին կարևորել է հայ խորհրդարանականների այցը Ճապոնիա՝ վստահություն հայտնելով, որ նման այցելությունները, ինչպես նաև Ճապոնիայի դիվանագիտական մշտական ներկայացուցչության հիմնումը Երևանում նոր լիցք կհաղորդի հայ-ճապոնական հարաբերություններին: Հայ խորհրդարանականները Շունիչի Սուզուկիին են ներկայացրել նաև Հայաստանի Հանրապետության մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ:

Սամվել Ֆարմանյանին և Ալեքսանդր Արզումանյանին Տոկիոյում ընդունել է Ճապոնիայի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Նոբուո Կիշին: Զրուցակիցները քննարկել են հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունների օրակարգը, ինչպես նաև միջազգային կառույցներում համագործակցության հեռանկարները: Հայ խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել անկախությունից ի վեր Ճապոնիայի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված շուրջ 0.5 մլրդ ԱՄՆ դոլարի օժանդակության համար և կարևորել սոցիալ-տնտեսական բարեփոխումների ոլորտում Ճապոնիայի կառավարության հետ արդյունավետ համագործակցության հետագա շարունակությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

հրամանագիր

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է գերմանական KfW բանկի ներկայացուցիչներին

05.06.14ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է գերմանական KfW բանկի ծրագրերի ղեկավար Սանդրա Սոարես դա Սիլվային և բանկի փորձագետ Թոմաս Վոլֆին:
KfW բանկը Հայաստանում իրականացնում է ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրեր, մասնավորապես ՀՀ Շիրակի մարզում: Այդ ծրագրերից հիմնականը հանդիսանում է Կապսի ջրամբարի վերակառուցումը, որը հնարավորություն կտա ավելացնել Շիրակի մարզի հողօգտագործողների ոռոգման ջրի պահանջարկի բավարարման ծավալները:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարը հատկապես կարևորել է գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրով ապահովվածության հարցը և բարձր է գնահատել KfW բանկի կողմից նման ծրագիր իրականացնելու նախաձեռնությունը:
Նախարարը հակիրճ ներկայացրել է ոլորտի ներկա վիճակը, զարգացման միտումներն ու ռազմավարական ծրագրերը: Առաջնահերթությունների շարքում Սերգո Կարապետյանը կարևորել է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման, պետական աջակցության ծրագրերի իրականացման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, վերամշակման ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման հարցերը: Նա նշել է նաև, որ Հայաստանում առկա են գյուղատնտեսության զարգացման իրատեսական հնարավորություններ գրեթե բոլոր ուղղություններով և առաջարկել է գերմանական կողմին քննարկել տեխնիկական օգնության հարցը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարությունը որդեգրել է արտահանմանն ուղղված ճյուղերի զարգացման քաղաքականություն, ապա վերամշակող արդյունաբերությունը, ջերմոցային տնտեսությունները, օրգանական գյուղատնտեսությունը և անասնապահությունը կարող են հանդիսանալ երկկողմ համագործակցության բնագավառներ,- նշել է նախարարը:
Սանդրա Սոարես դա Սիլվան շնորհակալություն է հայտնել Սերգո Կարապետյանին հանդիպման համար և տեղեկացրել է, որ բանկը մտադիր է Կապսի ջրամբարի վերկանգնման ծրագրի ավարտից հետո իրականացնել նոր ծրագիր, որը ենթադրում է 700 հա գյուղատնտեսական հողատարածքների վրա իրականացնել ջրի խնայողաբար օգտագործման և կառավարման պիլոտային ծրագիր և այդ ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կարող է հանդիսանալ որպես հիմնական գործընկեր:
Հանդիպման ավարտին, հյուրերը նաև նշեցին, որ բարձրացված հարցերն ու առաջարկությունները կներկայացնեն 2014թ. սեպտեմբերին կայանալիք հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստի քննարկմանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ վարչապետը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է Վերին Լարսի սահմանային անցակետի բարելավման հարցը

Հովիկ ԱբրահամյանՀայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի տրանսպորտի նախարար, ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ: Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Վերին Լարսի սահմանային անցակետի որոշ հատվածների վերանորոգման հարցը:
Կարևորելով Վերին Լարսի սահմանային անցակետի դերը հայ-ռուսական առևտրաշրջանառության գործում՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ անհրաժեշտ է լուծում տալ բնակլիմայական պայմանների հետևանքով հաճախակի առաջացող ձնակույտերի և սողանքների խնդրին, որոնք բացասաբար են ազդում բեռնափոխադրումների ծավալի վրա:«Խնդիրն այստեղ տեխնիկական բնույթ է կրում: Կարծում եմ՝ կարելի է իրականացնել անցակետի ենթակառուցվածքի բարելավման ծրագիր: Առաջարկում եմ ուսումնասիրել տեղանքը և ճանապարհի լայնացումն այն հատվածներում, որտեղ հաճախակի հոսքեր են լինում: Կցանկանայի տեղեկացնել նաև, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ռուսական կողմի հետ համատեղ անմիջական մասնակցություն ունենալ շինարարական աշխատանքներին», – ընդգծել է վարչապետը:
Զրուցակիցների պայմանավորվածության համաձայն, Մաքսիմ Սոկոլովի առաջարկով՝ ռուսական կողմը կստեղծի աշխատանքային խումբ: Այն մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրություն կիրականացնի Վերին Լարսի անցակետում, որից հետո էլ կհստակեցվեն հետագա անելիքները:

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում անվտանգության աջակցման զորախումբ տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին

Սեյրան ՕհանյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հրավերով ս.թ. հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի կազմում զորախումբ տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են 2014 թվականին ավարտվող ԱՅՍԱՖ առաքելությանը և 2015 թվականից նախատեսվող ՆԱՏՕ-ի  նոր նախաձեռնություններին, մասնավորապես «Վճռական աջակցություն» գործողությանն առնչվող հարցեր: Հայկական կողմը ևս մեկ անգամ հավաստել է, որ ունի կարողություններ և ցանկություն շարունակելու աջակցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող նախաձեռնություններին:

 

Հաստատվել է արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի կազմը և աշխատակարգը

արդարադատության նախարարությունՀիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ կետի «դ» և «ժզ» ենթակետերը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի 2014-ի հունիսի 3-ի հրամանով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ: Հաստատվել է հանրային խորհրդի կազմը և աշխատակարգը:

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

ԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ                «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր

(համաձայնությամբ)

 

Արշակ ԳԱՍՊԱՐՅԱՆ                «Սոցիալական արդարություն» հասարակական

կազմակերպություն (համաձայնությամբ)

Արմեն ԳԱԼՍՏՅԱՆ                      «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Տաթևիկ ԴԱՎԹՅԱՆ                      «Քաունթերփարթ ինթերնեշնլ ինկ. Հայաստանյան ներկայացուցչություն»  ԱՍ (համաձայնությամբ)

 

Արման ԴԱՆԻԵԼՅԱՆ                «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»

հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Արմեն ԵՍՈՅԱՆ                                «Հարկ վճարողների և գործարարների իրավունք-ների պաշտպանության» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆ                «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

(համաձայնությամբ)

 

Կարեն ԶԱԴՈՅԱՆ                           «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն

(համաձայնությամբ)

 

Հասան ԹԱՄՈՅԱՆ                           Եզդիների ազգային միություն

(համաձայնությամբ)

 

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ                «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտ-պան հասարակական կազմակերպություն

(համաձայնությամբ)

 

Գեորգի ԽԱՉԱՏՐՅԱՆ           «Իրավունքի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Արման ԽԱՉԱՏՐՅԱՆ                «Ժողովրդավարության և իրավունքի կետրոն» հասարակական կազմակերպություն

(համաձայնությամբ)

 

Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Քաղաքացիական զարգացման և համագոր-ծակցության հիմնադրամ Հիմնադրամ (համաձայնությամբ)

 

Սերգեյ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Գևորգ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ      «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն

(համաձայնությամբ)

 

Օվսաննա ՀՈՎՍԵՓՅԱՆ      «Կենդանիների պաշտպանության «ԴԻՆԳՈԹԻՄ» հասարակական կազմակերպություն

(համաձայնությամբ)

 

Արա ՂԱԶԱՐՅԱՆ                                «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

(համաձայնությամբ)

 

Լարիսա ՄԻՆԱՍՅԱՆ                «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղ» Հիմնադրամ (համաձայնությամբ)

Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ      «Երևանի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Արթուր ՍԱՔՈՒՆՑ                      «Հելսինկյան քաղաքացիական անսամբլեիայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Օլգա ՍԱՖԱՐՅԱՆ                           «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպություն

(համաձայնությամբ)

Ռիմա ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ           «Հայաստանի հրեական համայնք» հասարակական կազմակերպություն  (համաձայնությամբ)

 

Անկախ

Հայաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը

g_imageՀունիսի 4-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի համադաշնության նախագահ և Արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերին:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Վերջին տարիներին Հայաստանը և Շվեյցարիան լուրջ առաջընթաց են արձանագրել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման առումով, և մենք լիահույս ենք համատեղ ջանքերով առավել խորացնելու և զարգացնելու մեր հարաբերությունները»:

«Մենք ունենք շատ լավ ու բարեկամական հարաբերություններ, ամուր իրավապայմանագրային դաշտ, ընդլայնվում են գործարար կապերը, նախատեսվում է շվեյցարացի գործարարների այցելություն Հայաստան, որի արդյունքում, հուսով եմ, հնարավոր կլինի Շվեյցարիայից ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսությունում»,- ասաց Շվեյցարիայի Նախագահը։

«Հայաստանն աջակցում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Շվեյցարիայի նախագահությանը և պատրաստ է իր նպաստը բերել շվեյցարական նախագահության առաջնահերթությունների իրագործմանը, որոնց շարքում, անշուշտ, կարևորում է անվտանգության և կայունության խթանմանը, Հարավային Կովկասում վստահության ամրապնդման միջոցների իրականացմանն ուղղված ջանքերը»,- հավելեց նախարար Նալբանդյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության ուղիները, անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ գործունեության օրակարգային հարցերին, կազմակերպության դերի և արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող քայլերին։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը։

ԵԱՀԿ գործող նախագահը շեշտեց, որ շվեյցարական նախագահությունը անվերապահորեն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը և ափսոսանք հայտնեց, որ առ այսօր հնարավոր չի եղել իրականացնել միջնորդների՝ միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկությունը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ուկրաինական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների շուրջ։

Հանդիպմանն անդրադարձ եղավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը, ինչի կապակցությամբ արտգործնախարար Նալբանդյանը բարձր գնահատեց գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքները և կարևորեց դրանց շարունակականության ապահովումը:

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Դիդյե Բուրկհալտերը Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի միջև՝ երկու գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման մասին:

Քննարկվել են հայ-իտալական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

4Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ս.թ. հունիսի 3-ին հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար տիկին Ռոբերտա Պինոտտիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Իտալական կողմը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը միջազգային կայունության և խաղաղության պահպանման գործողություններին` հատկապես ընդգծելով Հայաստանի` Լիբանանում իրականացվող ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը ուժեր տրամադրելու պատրաստակամությունը: Կողմերն ընդգծել են, որ համատեղ մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողությանը նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացման համար, մասնավորապես ռազմական ոստիկանության, ռազմական կրթության և այլ բնագավառներում:

Հանդիպման ընթացքում քննարկումներ են ծավալվել նաև միջազային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Իտալիայի կառուցողական և հավասարակշռված դիրքորոշումը տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին երկու երկրների պաշտպանության նախարարների կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև Լիբանանում Միավորված Ազգերի Ժամանակավոր Ուժերի շրջանակներում համագործակցության և օժանդակության մասին» տեխնիկական համաձայնագիրը, որով կարգավորվում են ՅՈՒՆԻՖԻԼ-ի իտալական զորախմբի կազմում հայկական խաղաղապահ դասակի ընդգրկման ընթացակարգերը:

 

Սերժ Սարգսյանը և Դիդիե Բուրկհալտերն ամփոփել են բանակցությունների արդյունքները

6652Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի՝ ՀՀ Նախագահի նստավայրում դիմավորման և Նախագահ Սերժ Սարգսյանի հետ նեղ, ապա պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որտեղ նրանք ամփոփել են բանակցությունների արդյունքները:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների առջև ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի հետ բանակցություններից հետո
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ ողջունելու Երևանում բարեկամ Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուլկհալտերին և իր գլխավորած պատվիրակությանը:

Մենք քննարկեցինք հայ-շվեյցարական համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության համատեքստում անդրադարձանք տարածաշրջանային և միջազգային անվտանգության արդի մարտահրավերներին և փոխգործակցության խնդիրներին:

Գոհունակությամբ արձանագրեցինք, որ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ձևավորվել է համագործակցության բովանդակալից և ընդգրկուն օրակարգ. կայացել են նախագահական փոխայցեր, հիմնվել են դեսպանություններ, կառուցողական երկխոսություն է ծավալվել արտաքին գերատեսչությունների և խորհրդարանների միջև: Շվեյցարիայի կողմից իրականացվել են Հայաստանի համար չափազանց կարևոր աջակցության ծրագրեր:

Դրական գնահատեցինք երկկողմ առևտրի վերջին տարիներին արձանագրվող կայուն աճը, ինչի շնորհիվ եվրոպական երկրների շարքում Շվեյցարիան մեր 4-րդ առևտրային գործընկերն է: Մեր շահագրգռվածությունը հայտնեցի Հայաստանում շուրջ 40 շվեյցարական ընկերություններ ներառող գործարար համայնքի ընդլայնման հարցում՝ ողջունելով այս մայիսին Ցյուրիխում հայ-շվեյցարական գործարար համաժողովի անցկացումը և շվեյցարացի գործարարների առաջիկա այցը Հայաստանի Հանրապետություն:

Որպես հայ-շվեյցարական համագործակցության համեմատաբար նոր կարևոր հարթակ՝ մենք առանձնացրեցինք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը՝ նաև հաշվի առնելով, որ պարոն Նախագահը ժամանակին սերտ առնչություն է ունեցել այդ կազմակերպության հետ:

ԵԱՀԿ հարթությունում վերահաստատեցինք համագործակցությունն ավելի խորացնելու փոխադարձ ցանկությունը: Մեկ անգամ ևս պարոն Բուրկհալտերին ասացի, որ Հայաստանը սատարելու է Շվեյցարիային ԵԱՀԿ-ում նախագահության բոլոր փուլերում: Մենք կարևորում ենք Շվեյցարիայի՝ միջազգային հարաբերություններում անկողմնակալ և ազնիվ միջնորդի հայտնի համբավը: Հավատացած ենք, որ Շվեյցարիայի նախագահությունը կանի առավելագույնը ԵԱՀԿ օրակարգի առաջմղման համար՝ անկեղծ և արդյունավետ երկխոսություն խթանելու, ԵԱՀԿ սկզբունքների պահպանմանը հետևելու և անդամ երկրների միջև արդյունավետ քաղաքական երկխոսությունը սատարելու միջոցով:

Մանրամասն անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Ես վերահաստատեցի Հայաստանի ցանկությունն օր առաջ գտնելու այս բարդ խնդրի հանգուցալուծումը: Մենք համակարծիք ենք, որ ռազմական ուղիով խնդիրը չի կարող լուծվել, այլ միայն ավելի է բարդացնելու այս հարցը: Ուժի կիրառման սպառնալիքները և զինադադարի պարբերական խախտումները մեծ վնաս են հասցնում բանակցային գործընթացին: Երբ խոսվում է վստահության ամրապնդման միջոցառումների մասին, մենք հստակ նշում ենք, որ դրանց թվում առաջնահերթը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ պատշաճ հարգանքի դրսևորումն է: Ի վերջո, այս պայքարն ինքնորոշման հիմնարար իրավունքի համար մղվող ազգային-ազատագրական պայքար է, և չի կարող լինել լուծում, եթե լիարժեքորեն հաշվի չառնվի այս իրականությունը: Մեր խորին համոզմունքն է, որ արդյունավետ լինելու համար բոլոր բանակցային ջանքերն ու գործընթացները պետք է հաշվի առնեն հենց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն ու կարծիքը: Մենք արձանագրեցինք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այդ հակամարտության կարգավորման ամենաօպտիմալ ձևաչափն Է:

Երկուստեք նշեցինք ԵԱՀԿ բոլոր կառույցների հետ Հայաստանի Հանրապետության արդյունավետ փոխհամագործակցությունը, և ես խնդրեցի ԵԱՀԿ գործող նախագահին փոխանցել հեղինակավոր այդ կառույցի մեր բոլոր գործընկերներին Հայաստանի անկեղծ շահագրգռվածությունը ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ոլորտներում փոխգործակցության շարունակական խորացման հարցում:

Պարոն Նախագահին հայտնեցի մեր ժողովրդի երախտագիտությունը Շվեյցարիայի օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, համամարդկային արժեքներին նվիրվածության և դրանց խրախուսման գործում Շվեյցարիայի անկոտրում հանձնառության համար:
Արձանագրեցինք, որ Թուրքիայի կողմից չվավերացվելու պատճառով մինչ օրս առկախված են Շվեյցարիայի Համադաշնության միջնորդությամբ կնքված Հայաստան-Թուրքիա արձանագրությունները: Բոլոր դեպքերում, մենք, իհարկե, շնորհակալ ենք Շվեյցարիային այդ բարդ գործընթացի մեջ դերակատարություն ունենալու համար: Համոզված եմ, որ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը պետք է մնա միջազգային բոլոր կառույցների, այդ թվում` ԵԱՀԿ ուշադրության կենտրոնում:

Այժմ ես սիրով խոսքը փոխանցում եմ Նախագահ Բուրկհալտերին: