ՀՀ նախագահի հրամանագրով Գագիկ Խաչատրյանը ազատվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից և նշանակվել ՀՀ ֆինանսների նախարար

Գագիկ ԽաչատրյանՀիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 124-րդ կետը՝ որոշում եմ.

Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից:

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար:

 

ՀՀ նախագահի հրամանագրով Արտեմ Ասատրյանը և Արմեն Աշոտյանը կշարունակեն պաշտոնավարել նույն ոլորտներում

արտեմ ասատրյանԱրմեն ԱշոտյանՂեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Արտեմ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարար:

Արմեն ԱՇՈՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը Պրահայում ներկա է գտնվել հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի օծման արարողությանը

6239Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Պրահայում ներկա է գտնվել Սուրբ Յինդրիխի և Կունհուտի եկեղեցու պուրակում հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի օծման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են չեխ կաթողիկե եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ կարդինալ Դուկան, Հայ Առաքելական Եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը, Չեխիայի խորհրդարանի անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի և չեխ հասարակայնության ներկայացուցիչներ: Օծման արարողությունից հետո Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել խաչքարին՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի:

Ավարտելով երկօրյա աշխատանքային այցը Չեխիայի Հանրապետություն՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Երևան:

Նախագահը Չեխիայում մասնակցել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի երկրորդ օրվա նիստին

սարգսյանը չեխիայումՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր Չեխիայում մասնակցել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի երկրորդ օրվա նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով:

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արևելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանը շահագրգռված է Արևելյան գործընկերության ձևաչափի հետագա զարգացմամբ: Այն պետք է շարունակի ծառայել իր հիմնական նպատակին՝ բաժանարար գծերից զերծ, կայուն ու բարեկեցիկ միասնական Եվրոպային: Կարևոր է, որ Արևելյան գործընկերությունը արձագանքի բոլոր մասնակից պետությունների կենսական շահերին: Հայաստանի համար դա առաջին հերթին Թուրքիայի հետ փակ սահմանի ապաշրջափակումն է:

Ցավալի է, բայց փաստ, որ գործընկեր պետությունների միջև դեռևս չկա լիարժեք փոխգործակցություն: Երբեմն մենք ոչ միայն չենք համագործակցում ընդհանուր նպատակներին հասնելու համար, այլև իրար նկատմամբ ցուցաբերում ենք թշնամանք և ատելություն: Ասվածի վառ ապացույցը Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթն էր: Իհարկե, նրա բացակայությունն այսօրվա նիստին ինձ հնարավորություն չի տալիս մանրամասնորեն անդրադառնալ նրա ասածներին: Նա, փոխանակ խոսեր առկա բազմաթիվ պրոբլեմների մասին, փորձեց դառնալ Թուրքիայի փաստաբանը: Փոխանակ կատարեր որևէ կառուցողական առաջարկ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ՝ անդրադարձավ քսանմեկամյա վաղեմության ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերին, որոնց կատարումը ժամանակին վիժեցվել էր հենց Ադրբեջանի կողմից:

Խաղաղության և բարեկեցության համար առաջնային կարևորություն ունի Եվրոպա մայրցամաքում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը շարունակում է կենսական կարևորություն ունենալ Հայաստանի համար:

Անհերքելի փաստ է, որ Լեռնային Ղարաբաղն ունի եվրոպական արժեքների վրա հիմնված, ժողովրդավարության սկզբունքներին համապատասխանող կառավարման համակարգ: Վաղուց հասունացել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի փաստացի իրագործումը «դե յուրե» ամրագրելու անհրաժեշտությունը:

Հարգելի՛ բարեկամներ,

Գնահատելով Արևելյան գործընկերության անցած ճանապարհը՝ կարող ենք նշել, որ այն մեծ հաշվով հաջողված է եղել։ Ինչպես բազմիցս նշել եմ՝ այն առաջին հերթին հնարավորություն տվեց գործընկեր երկրներին համակարգելու և ընդլայնելու ներքին բարեփոխումները։ Հենվելով ընդհանուր արժեքների վրա` մենք ամրապնդեցինք մեր փոխգործակցության հիմքը։

Հայաստանն ու Եվրամիությունն անցած հինգ տարիների ընթացքում համատեղ ծավալուն աշխատանք են կատարել. ամրապնդվել է մեր քաղաքական երկխոսությունը, համատեղ ջանքեր ենք գործադրում բազմատեսակ մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ։ Համաձայնության ենք եկել ու ներդրել վիզաների դյուրացման մեխանիզմը, ինչը գործընկերության առաջին շոշափելի արդյունքներից է։

Հայաստանը հնարավորություն է ստացել մասնակցելու ԵՄ տարբեր ծրագրերին՝ այդպիսով ընդլայնելով ոլորտային համագործակցության շրջանակը։ Մենք հանձնառու ենք ԵՄ մեր գործընկերների հետ քայլեր ձեռնարկել մեր հարաբերությունները կարգավորող իրավական նոր հիմք ձևավորելու ուղղությամբ, որը մի կողմից կարտացոլի ԵՄ հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի կլինի համագործակցության մյուս ձևաչափերի հետ:

Մեր համոզմամբ, գործընկեր երկրներից որևէ մեկը չպետք է ստիպված լինի գին վճարել իր կայացրած որոշման համար՝ պայմանավորված այս կամ այն ինտեգրացիոն գործընթացին իր մասնակցության աստիճանով։ Մենք չենք ուզում ընտրություն կատարել բարեկամների միջև, այլ ուզում ենք ունենալ հնարավորինս շատ բարեկամներ։

Համոզված եմ, որ մենք ճիշտ ուղի ենք ընտրել։ Արևելյան գործընկերությունը միայն ասոցացման համաձայնագիր չէ։ Դա ընդամենը գործիք է։ Երբ հայտարարում էինք «և՛, և՛» մոտեցման մասին, նկատի ունեինք այլընտրանք ունենալու հնարավորություն և ոչ թե համագործակցության այս կամ այն գործիքի ընտրություն։ Վստահ եմ, որ եթե մենք շարունակենք հավատարիմ մնալ ընդհանուր արժեքներին, հարգել միմյանց որոշումները և ընտրությունը՝ մեր համագործակցությունը կընթանա ճիշտ ճանապարհով։

Մենք անկեղծ հավատում ենք, որ միայն համագործակցության ճանապարհով ու համատեղ քայլերով է հնարավոր իրականություն դարձնել խաղաղ և բարեկեցիկ միասնական Եվրոպայի տեսլականը:

Վերջում ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ Արևելյան գործընկերությունը դեռևս իր ձևավորման փուլում որոշակի խնդիր ուներ: Մասնավորապես, հայտնի չէր, թե գործընկերներին ինչ սկզբունքով էին միավորել. երկրները տարբեր էին իրենց մոտեցումներով, իրենց ձգտումներով, և կարծում եմ` սա է պատճառը, որ գոնե Արևելյան գործընկերության մի բաղադրիչը՝ տարածաշրջանային համագործակցության բաղադրիչը, այդպես էլ չաշխատեց: Ինձ համար մինչև հիմա հասկանալի չէ, թե ի՞նչ սկզբունքներով մենք և Ադրբեջանը միավորվեցինք մի գործընկերության մեջ. տարբեր հնարավորություններ, տարբեր մոտեցումներ, տարբեր ձգտումներ, և սա է պատճառը, որ այդ բաղադրիչը չաշխատեց: Ես վստահ եմ, որ բոլոր պարագաներում գործընկերությունը շարունակվելու է, վստահ եմ, որ լինելու են բարդություններ, ինչպես առկա են այսօր, բայց նաև վստահ եմ, որ բոլոր այդ բարդությունները լուծվելու են խաղաղ ճանապարհով:

Շնորհակալություն:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Փարիզում ծաղկեպսակ է դրվել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Տարոն Մարգարյանի անունից Փարիզում ծաղկեպսակ է դրվել Ցեղասպանության զոհերի հիշատակինՖրանսիական Պլեսի Ռոբինսոն քաղաքի քաղաքապետի հրավերով Ֆրանսիայում է Երևանի  Արաբկիր վարչական շրջանի պատվիրակությունը՝ վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ: Պատվիրակության անդամները Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի, ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների  ու այլ պաշտոնատար անձանց հետ Փարիզում՝ Կոմիտասի արձանի մոտ, մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը: Հրայր Անտոնյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ է դրել հուշարձանին՝ ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի զոհերի:

Այցի շրջանակում Արաբկիր վարչական շրջանի պատվիրակության անդամները նաև պաշտոնական հանդիպումներ են ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների խթանման հնարավորություններն ու իրականացվող ծրագրերի ընթացքը: Քննարկվել են նաև հեռանկարային նշանակության մի շարք առաջարկություններ: Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը նաև հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, իշխող «Միություն հանուն ժողովրդավարական շարժման» կուսակցության անդամ հայազգի Պատրիկ Դևեջյանի հետ: Այցի շրջանակում, ի նշան Երևան-Պլեսի Ռոբինսոն բարեկամության, Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետարանի այգում խաչքար կտեղադրվի՝ որպես նվեր Երևանի քաղաքապետարանի կողմից:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանըՎարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ:

Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար: Վարչապետը ողջունել է ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը:
Կոնգրեսականները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ:
Նրանք նշել են, որ իրենց համար մեծապես կարևոր էր ապրիլի 24-ին գտնվել Երևանում և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Մենք մեր զորակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին, որին, չնայած բազմաթիվ զրկանքներին, հաջողվել է մեծ կամքի և տոկոնության շնորհիվ պահպանել և զարգացնել իր մշակույթը»,- նշել է Էդ Ռոյսը:
Հովիկ Աբրահամյանը, կարևորելով հայ-ամերիկյան համագործակցությունը, նշել է, որ որպես վարչապետ իր առաջնայնություններից է ԱՄՆ-ի հետ երկկողմ համագործակցության ամրապնդումն ու հետագա զարգացումը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը և տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանն աջակցություն ցուցաբերելու համար:
Զրուցակիցները կարևորել են երկկողմ տնտեսական կապերի հետագա զարգացումը, մասնավորապես ընդգծելով առևտրաշրջառանության ծավալների ընդլայնման և ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետը, խոսելով առաջիկա ծրագրերի մասին, նշել է, որ իրականացվելիք տնտեսական քաղաքականությունը հաստատակամորեն ուղղված է լինելու հավասար մրցակցային պայմանների ամրապնդմանը:
Այդ առումով, կոնգրեսականները համոզմունք են հայտնել, որ դա կնպաստի ամերիկյան տարբեր ընկերությունների կողմից ներդրումների ներգրավմանը:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը կոնգրեսականներին մանրամասն ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը: Միաժամանակ, կառավարության ղեկավարն անընդունելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ԼՂ խնդրի հետ կապելու գործելաոճը:

Անկախ

Վարչապետը ներկայացրել է առողջապահության և քաղաքաշինության նորանշանակ նախարարներին

Վարչապետը ներկայացրել է առողջապահության և քաղաքաշինության նորանշանակ նախարարներինՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ առողջապահության և քաղաքաշինության նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանին և ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանին:

11258_am_1Վարչապետ Աբրահամյանը նախ շնորհակալություն է հայտնել նախկին նախարարներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ բարձր գնահատելով Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նրանց հետ ծավալված համագործակցությունը: Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ Դերենիկ Դումանյանի և Սամվել Թադևոսյանի մասնագիտական գիտելիքները և փորձը ապագայում ևս կծառայեն մեր երկրի հետագա զարգացմանը:
Այնուհետև ներկայացնելով ՀՀ առողջապահության և քաղաքաշինության նորանշանակ նախարարներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Արմեն Մուրադյանն աշխատել է առողջապահության ոլորտում, և համոզված եմ, որ փորձելու է անպայման իրականացնել իր առջև դրված խնդիրները: Այս ոլորտում մենք մեծ անելիքներ ունենք»: Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ են ժամանակ և ռեսուրսներ առկա բոլոր խնդիրները միասին հաղթահարելու համար:
«Նարեկ Սարգսյանը բանիմաց է այս ոլորտում, քաջատեղյակ է քաղաքաշինական բոլոր գործընթացներին, որոնք ընթանում են մեր երկրում: Համոզված եմ, որ նորանշանակ նախարարը պատկերացնում է իր անելիքները և հույս ունեմ, որ անպայման փորձելու է իր գիտելիքները, փորձը ներդնել և իրականացնել մեր պայմանավորվածությունները», – ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետ Աբրահամյանը շնորհավորել է Արմեն Մուրադյանին և Նարեկ Սարգսյանին առողջապահության և քաղաքաշինության նախարարների պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել բեղմնավոր աշխատանք:
Արդեն նախկին նախարարներ Դերենիկ Դումանյանը և Սամվել Թադևոսյանը շնորհակալություն են հայտնել ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին վստահության, նախարարությունների աշխատակազմերին՝ համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել նորանշանակ նախարարներին:

 Անկախ

Գլխավոր դատախազի խորհրդականն ազատվել է աշխատանքից եւ պաշտոն ստացել կառավարությունում

կառավարությունՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Նունե Խաչատրյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ: Այս մասին գրում է Փաստինֆոն:
Ի դեպ, թեև ՀՀ գլխավոր դատախազության կայք-էջում Նունե Խաչատրյանի անունը նշվում է որպես գլխավոր դատախազի խորհրդական, սակայն կառավարության կայք-էջի համաձայն՝ նա ազատվել է աշխատանքից եւ ապրիլի 25-ից նշանակվել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ։
Նշենք, որ Նունե Խաչատրյանը ժամանակին զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, իսկ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում պաշտոնավարել է մի քանի ամիս։
Գեւորգ Կոստանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո նա ազատվել էր արդարադատության նախարարի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից եւ նշանակվել գլխավոր դատախազի խորհրդական։
Հեղինակ:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի առթիվ

Սերժ Սարգսյան   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

«Հարգելի պարոն Բալյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք մեծ ավանդ ունեք հայ երաժշտարվեստի հանրահռչակման և զարգացման գործում: Ձեր հեղինակած երգերը մեծ ժողովրդականություն են վայելում: Անուրանալի է նաև երաժշտական կյանքի հմուտ կազմակերպչի և մանկավարժի Ձեր վաստակը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանը Պրահայում հանդիպում է ունեցել Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ

 

6213 Սերժ Սարգսյան,Պրահա, Գեորգի ՄարգվելաշվիլիԱրևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու նպատակով Չեխիայի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգը՝ անդրադառնալով քաղաքական երկխոսությանը, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության ներկայիս մակարդակին և զարգացման հնարավորություններին, նախանշել միջպետական կապերի ամրապնդման հեռանկարները: Հայաստանի և Վրաստանի նախագահները կարևորել են բարձր մակարդակի փոխայցելություններն ու հանդիպումները, որոնք, նրանց համոզմամբ, երկու երկրների միջև բոլոր ուղղություններով համագործակցությունը հետևողականորեն խորացնելու երկկողմ պատրաստակամության հավաստիքն են և զգալիորեն նպաստում են տարբեր մակարդակներում հայ-վրացական հարաբերությունների հետագա ակտիվացմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերջին ժամանակաշրջանում ստեղծվել է արդյունավետ հիմք Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները որակապես նոր մակարդակ բարձրացնելու համար, ինչը լայն հնարավորություններ է ընձեռնում երկու պետությունների միջև կառուցողական համագործակցության համար՝ նկատի առնելով Հայաստանի և Վրաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերը:

Խոսելով տնտեսական փոխգործակցության զարգացման մասին՝ նախագահներ
Սերժ Սարգսյանը և Գեորգի Մարգվելաշվիլին կարևորել են տրանսպորտի և տրանսպորտային հաղորդակցության, ինչպես նաև փոխշահավետ մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը:

Հայաստանի և Վրաստանի նախագահներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արևելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը

6208

Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված բարձր մակարդակի հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով:
***


Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արևելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը

 

 

Մեծարգո՛ Նախագահ Զեման,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Զեմանին և չեխական իշխանություններին Արևելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ այս հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հինգ տարի առաջ հենց այստեղ` Պրահայում, մեկնարկեց Արևելյան գործընկերություն կոչվող մեր համատեղ ճամփորդությունը, որն ընդլայնեց և լրացրեց համաեվրոպական արժեքային համակարգի վրա հիմնված Եվրոպական միության հետ մեր համագործակցության օրակարգը:

Հարգելի՛ բարեկամներ,

Այսօր ես Պրաhա եմ ուղևորվել Հայոց ցեղասպանության հուշահամալիրից, որտեղ հարգանքի տուրք մատուցեցինք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում հարյուրավոր հայազգի մտավորականների` գրողների, նկարիչների, արվեստագետների, բժիշկների, հասարակական գործիչների ձերբակալությամբ և սպանդով սկսվեց Օսմանյան կայսրության կողմից նախապես ծրագրված և պետական մակարդակով իրագործված ոճրագործությունը, որը մարդկության պատմությանը հայտնի է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Այսօր ես ցանկանում եմ շնորհակալական խոսք հղել այն պետություններին, կազմակերպություններին և անհատներին, որոնք օգնության ձեռք են մեկնել մեզ համազգային ողբերգության ժամանակ, ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ևս մեկ անգամ կարևորում եմ այս աննախադեպ ոճրի ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության կողմից:

Մենք հանձնառու ենք աշխարհի բոլոր ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման գործին և մշտապես ակտիվորեն աշխատում ենք միջազգային ասպարեզում ուժեղացնելու ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համագործակցությունն ու իրավական գործիքները: ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանը նախաձեռնել և հեղինակել է մի շարք բանաձևեր՝ ուղղված ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի իրավական հիմքերի ամրապնդմանը:

Եվրոպական միությանն անդամակցության ձգտող Թուրքիան շարունակում է խույս տալ սեփական անցյալի հետ առերեսվելուց, խուսանավել պատասխանատվությունից և տասնամյակներ շարունակ իր ժխտողականության քաղաքականությամբ խեղաթյուրել պատմությունը: Ավելին, Թուրքիան ջանք չի խնայում ժխտողականությունը տարբեր մեթոդներով պարտադրելու նաև այլ երկրների:

Այսօր, Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ, որոնց շարքերը տարեցտարի ստվարանում են, չնայած հետապնդումներին և հալածանքներին, մերժում են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և կանգնում ճշմարտության կողքին: Սեփական պատմության հետ առերեսումը և դրա հետևանքների գիտակցումը հաշտեցման կարևոր գրավականն է: Մենք հավատում ենք, որ հաշտեցման կարևոր գրավական է նաև մարդկային շփումների խթանումը: Ցավոք, դա գրեթե անհնարին է, երբ առկա են արհեստական խոչընդոտներ, երբ փակ է սահմանը:

Հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելը և Եվրոպայի վերջին փակ սահմանը շարունակում են մնալ համաեվրոպական անվտանգության խոցելի բաղադրիչներից մեկը: Պարադոքսալ է, բայց փաստ՝ ԵՄ-ին անդամակցության հավակնող Թուրքիան զմռսել է հարևան երկրի սահմանը, երբ Եվրոպական միությունում սահմաններն արդեն վաղուց պատմություն են դարձել, իսկ ազատ տեղաշարժը՝ հիմնարար սկզբունք:

Հարգելի՛ գործընկերներ,

Համաեվրոպական արժեքներ ասելով՝ մենք առաջին հերթին հասկանում ենք ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը: Եվ հենց այս արժեքներն են ընկած մեր պետականաշինության հիմքում՝ հանդիսանալով մեր երկրի հետագա զարգացման տեսլականի հիմնական ուղեցույցը:

Անցած հինգ տարիների ընթացքում Արևելյան գործընկերության հովանու ներքո իրականացված բարեփոխումների գործընթացն էապես ամրապնդել է ժողովրդավարության զարգացումը Հայաստանում: Շոշափելի առաջընթաց է գրանցվել նաև կոռուպցիայի դեմ պայքարում, ազատ և արդար ընտրությունների, ազատ տնտեսական մրցակցության ապահովման, պետական կառույցների գործունեության թափանցիկության բարձրացման, դատական համակարգի անկախության ապահովման, քաղաքացիական հասարակության զարգացման գործում: Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ դեռ շատ անելիքներ ունենք եվրոպական մոդելի իրական ժողովրդավարության կայացման համար:

Արևելյան գործընկերության շրջանակներում առանցքային ձեռքբերում եմ համարում մարդկային շփումների խրախուսումը: Այս առումով ցանկանում եմ առանձնացնել մուտքի արտոնագրերի ոլորտում գրանցված առաջընթացը, ինչի ապացույցն է քաղաքացիների միջև կապերը և փոխանակումներն ավելի խթանելու նպատակով նոր իրավական շրջանակների ձևավորումը: Ուժի մեջ են մտել վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը:

Պարո՛ն նախագահող,

Ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց, որ առանց ներկա իրավիճակի արմատական պատճառները հասկանալու՝ Արևելյան գործընկերության հետագա ընթացքը կարող է կասկածի տակ առնվել: Հայաստանը միացել է Արևելյան գործընկերությանը խորին համոզմամբ, որ այն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ: Մենք մնում ենք այդ համոզման: Այս նախաձեռնությունն ունի բոլոր նախադրյալները տարածաշրջանում ոչ թե բաժանարար պատ, այլ միացնող կամուրջ դառնալու համար: Անհրաժեշտ է երկխոսության ճանապարհով գտնել տարածաշրջանի բոլոր շահառուների հետաքրքրությունները հաշվի առնող լուծումներ:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

6201

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Էլիոթ Լանս Էնգելը, Դեյվիդ Սիսիլինին և Լոյս Ֆրենկելը։

Նախագահը ողջունել է պատվիրակությանը մեր երկրում և ընդգծել, որ ԱՄՆ կոնգրեսականների այցը Հայաստան այսօր՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, և հանդիպումը Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում առանձնահատուկ խորհուրդ ունի: Սերժ Սարգսյանի խոսքով, դա առաջին հերթին ակներև վկայությունն է այն բանի, որ հայ ժողովուրդը միայնակ չէ իր համազգային ողբերգության մեջ, ինչը մեր ժողովրդի համար կարևոր նշանակություն ունի: Հանրապետության Նախագահը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսում Հայաստանի բարեկամներին, այդ թվում՝ Հայաստան այցելած պատվիրակության անդամներին, Մեծ եղեռնի 99-րդ տարելիցի օրը անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը հայ ժողովրդի կողքին լինելու և 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ Հայաստանի տնտեսական զարգացմանը, բարեփոխումներին, ժողովրդավարության կայացմանը և ամրապնդմանը տարիներ շարունակ աջակցելու, ինչպես նաև մեր տարածաշրջանում կայունության պահպանմանը նպաստելու, Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում ակտիվ ներգրավվածության համար: ԱՄՆ կոնգրեսականներին Նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու խորացնել և զարգացնել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները:

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և նրա գլխավորած պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Հանրապետության Նախագահին՝ գնահատանքի ու ջերմ խոսքերի համար և նշել, որ պատվիրակության կազմում գտնվող և՛ Դեմոկրատական, և՛ Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչների համար ևս չափազանց կարևոր է հենց այսօր Հայաստանում գտնվելը՝ լավ հասկանալով օրվա խորհուրդը: Էդ Ռոյսի խոսքով, եթե պատմությունը ճիշտ ընթացք չի ունենում, եթե պատմության դասագրքերում այն ճիշտ չի ներկայացվում, ապա, միանշանակ, զարգացումները վտանգված են: Հանձնաժողովի նախագահի հավաստմամբ, նաև այդ նկատառումով, Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության թեման ներառված է պատմության դասագրքերում և դասավանդվում է:

ԱՄՆ կոնգրեսականները պատրաստակամություն են հայտնել շարունակելու իրենց ջանքերը ի նպաստ Հայաստանի զարգացման և հայ ժողովրդի բարեկեցության:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություններին, տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:

Անկախ

Ծիծեռնակաբերդում Նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

սարգսյանը ծիծեռնակաբերդումՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի ծիծեռնակաբերդումզոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Բակո ՍահակյանՍիրելի հայրենակիցներ,

Արդեն 99 տարի է, ինչ այս օրը համայն հայությունը սրտի կսկիծով հիշում է մեր ժողովրդին վրա հասած ամենամեծ ողբերգություններից մեկը` Հայոց ցեղասպանությունը, սգում եւ ոգեկոչում է անմեղ զոհերին:
1915 թվականին 1,5 միլիոն հայեր սրի քաշվեցին Օսմանյան կայսրությունում, հրաշքով մահից փրկվածները սփռվեցին աշխարհով մեկ` ապաստան գտնելով տարբեր երկրներում: Այսօր նրանց հետնորդները, կորստի ցավն ու պատմական հայրենիքի կարոտը սրտներում, ապրում ու արարում են այդ պետություններում, որոնք օգնության ձեռք են մեկնել թուրքական յաթաղանից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին եւ դարձել նրանց երկրորդ հայրենիքը:
Մեծ եղեռնն իրավամբ դասվում է մարդկության դեմ ուղղված ամենածանր ոճրագործությունների շարքին, որոնք վաղեմության ժամկետ չունեն եւ չեն էլ կարող ունենալ, քանի որ մոռանալ անցյալը` նշանակում է ճանապարհ բացել նոր բարբարոսությունների ու չարագործությունների համար: Այդ իսկ պատճառով մենք մեր ձայնն ենք բարձրացնում հանուն պատմական արդարության վերականգնման, հանուն մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության:
Մենք վճռական ենք ու վստահ, որ ի վերջո մեր ձայնը լսելի կլինի աշխարհին, եւ հայ ժողովրդի դարավոր պայքարն անպայման կպսակվի հաղթանակով: Վստահ ենք, որովհետեւ լավ ենք սերտել պատմության դասը, եւ օր օրի զորացող Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը դրա վառ առհավատչյան է:

 

ք.Ստեփանակերտ, 24 ապրիլի 2014թ.

Նախարար Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

Նախարար Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանըԱպրիլի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Էլլիոթ Լանս Էնգելը, Դեյվիդ Սիսիլինին և Լուս Ֆրենկելը։

Նախարար Նալբանդյանը ողջունեց Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամների այցելությունը Հայաստան և կարևորեց նրանց հետևողական ջանքերը Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամական գործընկերության զարգացման գործում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց պատվիրակության անդամների շարունակական քայլերը Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ և ասաց, որ խորհրդանշական է, որ նրանք այցելում են Հայաստան 20-րդ դարի առաջին ցեղասպանության 99-րդ տարելիցի հիշատակի օրը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ կոնգրեսականները ընդգծեցին, որ այցելությունը լավ հնարավորություն է առաջին ձեռքից տեղեկանալու տարածաշրջանային խնդիրների մասին և վստահեցրեցին, որ շարունակելու են իրենց նպաստը բերել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների զարգացմանը:

Զրույցի ընթացքում երկուստեք շեշտվեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխադարձ վստահությունը տարբեր բնագավառներում փոխգործակցությունն ընդլայնելու լավ երաշխիք է:

Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

 Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Սերժ Սարգսյան   Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք խնկարկում ենք Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Մեկուկես միլիոն հայորդիներ զոհ դարձան մի այնպիսի հանցագործության, որն այն ժամանակ դեռ անուն չուներ: Մարդկային որևէ լեզու դեռ չէր հորինել նման արտահայտություն կամ բառեզր: Նրանք զոհվեցին պարզապես նրա համար, որ հայ էին: Նախօրոք և մանրամասնորեն ծրագրված ոճրագործությունն ուներ հստակ նպատակ. բնաջնջելով ժողովրդին՝ տիրանալ նրա բնօրրան-երկրին, նրա ունեցվածքին և հազարամյակների ժառանգությանը: Այսպիսով իրականացվում էր հայությանը, որպես քաղաքական գործոն, պատմության թատերաբեմից ընդմիշտ վերացնելու հրեշավոր նախագիծը:

Այսօր, գրեթե հարյուր տարվա հեռավորությունից դիտելիս, ակնհայտ է, որ մենք՝ որպես ազգ, պատրաստ չենք եղել դիմակայելու նման հարվածի՝ ո՛չ հոգեբանորեն, ո՛չ կազմակերպվելու առումով: Հայ ժողովրդի բոլոր հատվածները և բոլոր սերունդները շարունակում են մինչև այսօր իրենց ճակատագրի վրա զգալ այն հարվածի հետևանքները, որ մեզ հասցրեց Մեծ եղեռնը: Սա փաստ է: Բայց նաև փաստ է այն, որ մենք ստեղծել ենք մեր պետությունը և այսօր, ի տարբերություն անցյալի, և՛ հոգեբանորեն, և՛ կազմակերպականորեն պատրաստ ենք դիմակայելու նման աղետների՝ մանավանդ հայրենի հողի վրա: Աշխարհում հայի համար չի կարող լինել ավելի ապահով տեղ, քան սեփական պետության հովանու ներքո:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ապրիլի 24-ը միայն խորհրդանշական տարեթիվ է. բոլորի համար էլ պարզ է, որ հայերի ցեղասպանությունը մեկ օրում չի սկսվել և մեկ օրում չի ավարտվել: Ավելին՝ այն չի կարելի ավարտված համարել այնքան ժամանակ, քանի դեռ Օսմանյան կայսրության իրավահաջորդը շարունակում է ժխտել ակնհայտ փաստը: Մենք համոզված ենք, որ հանցագործության ժխտումը հանցագործության ուղղակի շարունակությունն է: Միայն ճանաչումն ու դատապարտումը կարող են կանխել նման հանցագործությունների կրկնությունը:

Այսօր մենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին ենք: Սա ապաշխարելու և պատմության խարանը մի կողմ դնելու հնարավորություն կարող է լինել Թուրքիայի համար, եթե, իհարկե, հարևան երկրում կարողանան ուժ գտնել և ազատել իրենց պետության ապագան այս ծանր բեռից:

Միաժամանակ հրապարակայնորեն վերահաստատում եմ. մենք Թուրքիայի հասարակությանը չենք դիտում որպես թշնամի: Գլուխ խոնարհելով անմեղ զոհերի հիշատակի առջև՝ մենք հիշում ենք բոլոր այն թուրք անհատներին, թուրք ընտանիքներին, ովքեր այդ ծանր օրերին ձեռք մեկնեցին բարբարոսների կողմից ոչնչացվող իրենց հայ հարևաններին, ընկերներին, խուժանի ճիրաններից ազատեցին բազմաթիվ հայ մանուկների: Փառք նրանց հիշատակին, ովքեր, անգամ իրենց և իրենց ընտանիքների կյանքը վտանգելով, փրկության ձեռք մեկնեցին մեր բազմաթիվ հայրենակիցներին: Ցանկացած հանրություն, նաև՝ թուրքերը, պետք է հպարտանա իր այն նախնիներով, որոնք կյանքեր են փրկել և ձեռնոց նետել ցեղասպանությանը: Մենք հիշում ենք սա:

Մենք երախտագիտությամբ ենք լցված նաև այն երկրների ու ժողովուրդների հանդեպ, որոնք ապաստան տվեցին ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին: Հայ ժողովուրդը դա միշտ է հիշելու, իսկ մեր քույրերն ու եղբայրները տասնամյակներ շարունակ պատասխանել ու պատասխանում են իրենց մեկնած ձեռքին՝ դառնալով այդ հյուրընկալ երկրների նվիրված քաղաքացիներ:

Այսօր Սիրիայի հայության համար շարունակվում է փորձության շրջանը, որը մեր բաց վերքն է ու մեր ամենօրյա առաջնային մտահոգությունը: Եվ մեր բոլոր քայլերն ու գործողությունները Սիրիայի ժողովրդին ու սիրիահայ մեր հայրենակիցներին բաղձալի խաղաղությունը վերադարձնելու համար են:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայոց ցեղասպանության հարյուրամյակին մենք մոտենում ենք ուղղվող մեջքով, բաց ճակատով և պետությամբ, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Այն համայն հայության հայրենիքն է, որը, չնայած տասնամյակներ շարունակվող անօրինական շրջափակմանն ու «ոչ պատերազմ – ոչ խաղաղություն» իրականությանը, շարունակում է իր առաջընթացը:

2015 թվականի խորհուրդը լրջորե՛ն պետք է ընկալվի Թուրքիայում: Հայաստանի հանդեպ վերաբերմունքը չի կարող այլևս բառերով չափվել. այն հստակ քայլեր է ենթադրում՝ փակ սահմանի բացում և բնականոն հարաբերությունների հաստատում: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա դրանց վերաբերյալ մեր դիրքորոշումը բազմիցս ենք ասել: Իսկ «ողջամիտ ժամկետներ» հասկացությունն առավել քան արդիական է դառնում:

Անկախ

Հրանուշ Հակոբյանը շարունակելու է աշխատել սփյուռքի նախարարի պաշտոնում

Հրանուշ ՀակոբյանՂեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Արմեն Մուրադյանը՝առողջապահության նախարար

Արմեն ՄՈՒՐԱԴՅԱՆՂեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Արմեն ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Անկախ

Նարեկ Սարգսյանը՝քաղաքաշինության նախարար

նարեկ սարգսյանՂեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Նարեկ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար:

Հայաստանի արտգործնախարարի և Լիտվայի պաշտպանության նախարարի հանդիպումը

163. Minister Nalbandian met with Lithuanian DM 23.04.2014 (2)Ապրիլի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևանում պաշտոնական այցով գտնվող Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասին:

 

Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են, և կա երկկողմ պատրաստակամություն դրանք առավել ընդլայնելու և խորացնելու համար: Նա հավելեց, որ Հայաստանի և Լիտվայի պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցությունն իր կարևոր լուման ունի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործընթացում։

 

Նախարար Օլեկասը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծեց, որ  հայ-լիտվական միջպետական փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և վստահություն հայտնեց, որ դրանք առավել կընդլայնվեն։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

 Անկախ