Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության նախարարության ղեկավար անձնակազմի հետ

պն-ումՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն: Մինչ նախարարության վարչական համալիրում ՊՆ կենտրոնական ապարատի անդամների, այնուհետև ղեկավար կազմի հետ խորհրդակցությունները, Նախագահը դիտել է ՊՆ սպորտային համալիրում ցուցադրական մարզումները, պաշտպանության նախարարի և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ վարչական համալիրի մասնագիտացված բուժկետ, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ: Հանրապետության Նախագահը Պաշտպանության նախարարությունում դիտել է նաև ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների արտադրատեսակները:

Շրջայցից հետո անցկացված խորհրդակցության ընթացքում իրականացվել է տեսակոնֆերանս՝ ՀՀ ՊՆ բանակային զորամիավորումների, մի շարք զորամասերի հրամանատարների և մարտական դիրքերի հետ:

Պաշտպանության նախարարը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, նախարարի տեղակալները ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին ներկայացրել են պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումները. նախարար Սեյրան Օհանյանն իր զեկույցում ներկայացրել է ՀՀ պաշտպանության ոլորտի գործունեությունը՝ հանգամանորեն անդրադառնալով հիմնական գործառութային ուղղություններով, այդ թվում՝ պաշտպանության ոլորտի շարունակական զարգացման, մարտական խնդիրների, հերթապահության, պատրաստականության և պատրաստության, միջազգային միջգերատեսչական, հասարակայնության հետ փոխգործակցության և այլ ուղղություններով իրականացված աշխատանքներին: Նախարարն ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերը հաջողությամբ իրականացրել է շփման գծում մարտական հերթապահությունը` դիրքերի ինժեներական կահավորման, շրջանաձև պաշտպանության ձևավորման, հակադիվերսիոն և պատժիչ գործողությունների, խելացի պաշտպանության կազմակերպման միջոցով հակառակորդին պարտադրելով հրադադարի պահպանում` ռազմական զսպման միջոցով կառուցողական բանակցային դաշտ ապահովելու նպատակով:

Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որ Նախագահի նախորդ այցի ժամանակ տրված ցուցումի համաձայն` անձնակազմի վարպետության բարձրացման նպատակով արդեն էականորեն ավելացվել է ուսումնական տարվա համար հատկացվող զինատեսակների զինամթերքը: Ուսումնական գործընթացի բարելավման նպատակով ավելացել է նաև ուսումնամարտական տեխնիկայի քանակը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը Նախագահին զեկուցել է զինված ուժերի պատրաստականության բարձրացման գործում մեծ դեր խաղացած զորային կառույցի կազմակերպչական-կառուցվածքային փոփոխությունների, ղեկավարման համակարգի կատարելագործման, նյութատեխնիկական և բարոյահոգեբանական ապահովման ընթացակարգերի բարելավման մասին: Նա ընդգծել է, որ հատկապես առանձնակի ուշադրություն է դարձվել բանակը սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով հագեցնելու գործընթացին, որի արդյունքում ձեռք են բերվել հեռահար և ճշգրիտ խոցման նորագույն միջոցներ` ավելացնելով զինված ուժերի կրակային հնարավորությունները:

Նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը զեկուցել է պաշտպանական քաղաքականության, անձնակազմի կառավարման, ռազմակրթական, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ոլորտներում իրականացված աշխատանքներն ու բարեփոխումների արդյունքները: Դ. Տոնոյանն ընդգծել է, որ պաշտպանական կարողությունների զարգացման շրջանակներում առավել նշանակալի ձեռնարկը պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացն է, որն իրականացվելու է մինչև 2015թ. վերջը և նպատակաուղղված է Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության և անվտանգային դինամիկ համակարգի` մինչև 2020թ. հեռանկարային զարգացման ապահովմանը: Փոխնախարարի հավաստմամբ, այս ուղղությամբ, ի թիվս իրականացված բազմաթիվ միջոցառումների, զգալի աշխատանքներ են կատարվել նաև հասարակայնության հետ կապերի ոլորտում. ակտիվ շփումներ ու փոխգործակցություն է հաստատվել և՛ տեղական, և՛ միջազգային հասարակական կազմակերպությունների հետ:

Նախարարի տեղակալներից Արա Նազարյանն իր զեկույցում ներկայացրել է օրենսդրական և իրավապահ գործունեության բնագավառներում 2013-2014թթ. ընթացքում նախարարության կողմից իրականացված աշխատանքները: Փոխնախարարը նշել է, որ շարունակական աշխատանքների արդյունքում բարձրացել է զորամասերի հրամանատարության և իրավապահ մարմինների (Ռազմական ոստիկանության և Քննչական ծառայության) համագործակցությունը: Կոռուպցիոն ռիսկերի և այլ արատավոր երևույթների դեմ պայքարի ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվել են լայնածավալ օպերատիվ բնույթի միջոցառումներ և քննչական գործողություններ, ինչի արդյունքում կանխվել և բացահայտվել են մի շարք հանցագործություններ:

Նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է hաշվետու ժամանակահատվածում նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի և ռազմարդյունաբերական վարչության աշխատանքները` սպառազինության, ռազմական տեխնիկայի մարտունակության ապահովման, նոր և արդիական ռազմական տեխնիկայի ձեռքբերման, զորքերում ուսումնանյութական բազայի կատարելագործման և մի շարք այլ ուղղություններով:

Ներկայացված առանձին խնդիրների վերաբերյալ Սերժ Սարգսյանը հարցեր է ուղղել զեկուցողներին, հանձնարարականներ տվել պատասխանատուներին և իր դիտարկումները ներկայացրել նախարարության գործունեության գերակա ուղղությունների ու առաջիկա անելիքների մասին: Ընդգծելով, որ առաջընթացը մեր Զինված ուժերում տեսանելի է, Նախագահը կարևորել է այդ առաջընթացին նոր թափ հաղորդելը՝ հաշվի առնելով բոլոր այն ջանքերը, որ գործադրվում են մեր Զինված ուժերը մարտունակ պահելու և մեր ազգային խնդիրները լուծելու ճանապարհին:

Անդրադառնալով Պաշտպանության նախարարության համար առաջնահերթ լուծման կարիք ունեցող սոցիալական բնույթի կարևորագույն խնդիրներին՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է. «Մենք այս տարվա երկրորդ կեսից սկսելու ենք մեծ ծրագիր՝ կապված զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքները բնակարաններով ապահովելու հետ և, ամենայն հավանականությամբ, գնալու ենք այն ճանապարհով, որ ուղղակի կառուցենք բնակարանները և հատկացնենք»,-ասել է Նախագահը:

ՀՀ պաշտպանության նախարարությունում Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա հայտնի արձանագրությունների մասին հարցին:

«Կարծում եմ, որ բոլորդ էլ տեղյակ եք, որ հայ-թուրքական գործընթացը մենք սկսել ենք, իսկ ավելի ճիշտ՝ հրապարակայնացրել ենք ազնիվ մղումներով, որպեսզի տարածաշրջանում համագործակցությունն ու անվտանգությունը բարձրացնենք նոր մակարդակի, և եթե որևէ մեկին թվում է կամ այն ժամանակ թվում էր, որ մենք դրա դժվարությունները չէինք գիտակցում, ապա նա խորապես սխալվում է: Մենք շատ լավ գիտակցում էինք, թե ում հետ գործ ունեինք և ինչպիսի ծանր խնդիր ենք փորձում լուծել: Ընթացքում տեսաք, որ մեր բանակցող կողմը, որովհետև դժվար է իրենց գործընկերներ ասել, փորձեց նախապայմաններ առաջադրել, փորձեց յուրովի մեկնաբանել որոշ գործընթացներ, այնուհետև նաև փաստաթղթի որոշակի կետեր, բայց այսօրվա դրությամբ կարող ենք փաստել հետևյալը, որ հենց այդ պատճառով գործընթացը մտավ փակուղի և այսօր սառեցված է:

Այնուհանդերձ, մենք պետք է արձանագրենք արդյունքները և, առաջին հերթին, այստեղ էլ ասենք, որ գործընթացի սառեցումը ևս կանխատեսելի էր, և որևէ մեկը չի կարող ասել, որ մենք մտածում էինք, որ, անպայման, կհասնենք խնդրի լուծման վերջնակետին: Պետք է գրանցենք, որ բոլոր դեպքերում մեր գործընկերները, մեզ բարին ցանկացողներն ու աջակցողները վերջնականապես համոզվեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պատճառը հայկական կողմը չէ: Ինչու՞ է սա կարևոր, որովհետև նույնիսկ մեր բարեկամները մերթընդմերթ մեզ կշտամբում էին, թե իբր կառուցողական չենք, որ մենք նախապայմանների լեզվով ենք փորձում խոսել Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունների բացակայության մեջ մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք: Հիմա, կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում:

Երկրորդ՝ մենք շատ կարևոր, իմ կարծիքով, մի նոր մշակույթի հիմք դրեցինք. այդպիսի կարևորության բարդ խնդիրը մենք սկսեցինք լայն քննարկումների թեմա դարձնել և մեկ անգամ ևս ցույց տվեցինք, որ պատրաստ ենք մեր հասարակության հետ, տարբեր շերտերի հետ, մեր հայրենակիցների հետ քննարկել ամենաբարդ ու ամենադժվարին խնդիրները: Հիշու՞մ եք՝ որոշ մարդիկ, իսկ այդ մարդկանց թիվը քիչ չէր, մեզ խստորեն քննադատում էին, պնդում էին, որ այդ արձանագրություններն առնվազն երկու շատ մեծ բացասական կողմ ունեն: Առաջին բացասականը, առաջին վնասը, որ մեզ կհասցնի շատ երկար ժամանակահատվածի ընթացքում, իրենց կարծիքով, Ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցումն էր: Հիմա ես հարցնում և՛ ձեզ, և՛ այդ մարդկանց՝ ինչո՞վ են այսօր թուրքերն զբաղված այդ հարցում: Իրենց ողջ ուժերը նետել են Միացյալ Նահանգների սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Ցեղասպանությանը վերաբերող բանաձևի դեմ պայքարելուն: Գիտե՞ք, որ վերջին 24 տարիների ընթացքում սա առաջին այդպիսի որոշումն է: Եթե մենք վնաս ենք հասցրել այդ գործընթացին և այն, ըստ ոմանց, պետք է կասեցվեր, ապա ինչու՞ է այսպիսի իրավիճակ այսօր: Եվ երկրորդ՝ կա՞ արդյոք մեկը, ով այսօր առանց աչքերը գետնին հառելու կպնդի, որ այդ արձանագրությունները վնասել են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը և որ այդ արձանագրություններով ուղղակի մենք հիմք են ստեղծում փոխզիջումների: Խնդրից տեղյակ մարդիկ գիտեն, որ այսօր մենք այդ գործընթացում ունենք շատ հաստատուն դիրք, ամուր հիմքեր: Երբ Պաշտպանության բանակի հրամանատարը զեկուցում էր, տեսաք, թե լարվածության ինչպիսի աստիճան կա առաջին գծում: Ինչո՞վ է դա պայմանավորված. եթե բանակցային գործընթացում իրենց դիրքերը լավ են, և իրենք իրենց համար կարող են բարենպաստ լուծում ունենալ, ինչու՞ են լարվածությունն ավելացնում: Եվ ինչու՞ վերջին երեք-չորս տարիների ընթացքում լարվածությունն առաջին գծում այդքան բարձրացավ: Այսինքն՝ մի ճակատում տեսնում են, որ հաջողություն չունեն, փորձում են ճնշում գործադրել, փորձում են շանտաժի ենթարկել, փորձում են և՛ մեզ, և՛ միջազգային հանրությանն ասել, որ, միևնույնն է, մենք ուզում ենք, որպեսզի խնդիրն այսպես լուծվի: Բայց բանակցային գործընթացում շատ ակնհայտ է, որ մենք հիմա շահեկան դրության մեջ ենք:

Կա ևս մի շատ կարևոր փաստարկ: Եթե շատերն ասում էին, որ այդ փաստաթուղթը, ավելի ճիշտ՝ այդ երկու փաստաթղթերը հայանպաստ չեն, այլ ակնհայտորեն Թուրքիայի շահերից են բխում, այդ դեպքում ինչու՞ մինչև հիմա թուրքերը չեն վավերացնում այդ փաստաթղթերը: Այսինքն՝ իրենք իրենց շահը չգիտե՞ն, իսկ հայերի մի մասը գիտի թուրքերի շա՞հը: Թե՞ թուրքերը մեզ խղճում են, ասում են՝ հայերը սխալվել են, այս անգամ հայերին ներենք: Ակնհայտ է՝ եթե այդ փաստաթուղթը բխեր թուրքերի շահերից, նրանք վաղուց ոչ մի բանի առջև կանգ չէին առնի՝ ո՛չ Ադրբեջանի կարծիքի, ո՛չ որևէ մեկի կարծիքի, և այդ փաստաթղթերը հանգիստ կվավերացնեին: Եվ եթե այդ փաստաթղթերը բխեին թուրքական կողմի շահերից, այդ փաստաթղթերը լարվածություն չէին առաջացնի Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Այսքանը:

Ես մի քիչ ավելի հանգամանորեն պատասխանեցի, որովհետև վաղուց այդպիսի հարցեր չէին հնչել, և պատասխանը, երևի, կապված է նաև վերջին իրադարձությունների հետ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Խորհրդակցության ավարտին Պաշտպանության նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. աշխատակազմի քարտուղարության առաջին բաժնի պետ, փոխգնդապետ Կարինե Ամիրխանյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության սահմանային ներկայացուցչության և պետական մարմինների հետ համագործակցության խմբի ավագ սպա, փոխգնդապետ Սամվել Ասատրյանը, ռազմական ոստիկանության վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Հարությունյանը, զինված ուժերի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, փոխգնդապետ Վահան Պապյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմա-նվագախմբային բաժնի պետ, գնդապետ Արմեն Պողոսյանը, զինված ուժերի սպառազինության վարչության շտաբի պետ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Ավետիք Սերոբյանը և զինված ուժերի մարտական պատրաստության վարչության համազորային զորամասերի պատրաստության բաժնի պետ, գնդապետ Կորյուն Փիլիպոսյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ժամանակավորապես կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով պայմանավորված տույժերի հաշվարկը

Աբրահամյան հովիկՀՀ կառավարության նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ կայացել է խորհրդակցություն, որի արդյունքում վարչապետը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին՝ սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:
Կառավարությունը պատրաստվում է առաջարկել նշված օրենքի նախագիծը քննարկել Ազգային ժողովի ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյա նիստում:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանին

սելֆիՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հրավերով Հայաստան ժամանած Թումոյի խորհրդի անդամ, Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանին:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել նրա այցը, որը նպատակ ունի ծանոթանալու Թումոյի կրթական ծրագրին, աջակցելու կենտրոնի կրթական բովանդակության մշակմանը ծրագրավորման ոլորտում, ինչպես նաև Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների հետ քննարկելու ոլորտի զարգացման համաշխարհային միտումներն ու հայկական ՏՏ համայնքին հուզող մարտահրավերները:

Ընդգծելով, որ ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններից է՝ Նախագահն այդ ոլորտում մեր հայրենակիցների հաջողություններն ուրախալի և երիտասարդ սերնդի համար ուղենշային է համարել: Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստանի ՏՏ ոլորտի մասնագետների հետ սերտ համագործակցության զարգացումը, փորձի փոխանակումն ու խորհրդատվությունը:

Րաֆֆի Գրիգորյանը Նախագահին ներկայացրել է իր այցի շրջանակներում ունեցած հանդիպումները, այդ թվում՝ ՏՏ ոլորտի մասնագետների հետ: Նրա խոսքով, դրանք մեծ հույսեր են ներշնչում, քանի որ ոլորտի զարգացման հետ կապված ոգևորիչ օրինակներ կան, որոնք հեռանկարային են դարձնում ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանում:

Դեսպան Ղազարյանի հանդիպումն Իտալիայի սենատում

156.Ambassador Ghazaryan's meeting in the Senate of Italy 17.04.2014Ապրիլի 15-ին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանն  Իտալիայի սենատում հանդիպում ունեցավ Իտալիայի խորհրդարանի` Հայաստանի հետ բարեկամության խմբի խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցեցին նաև նախկին գումարման պատգամավորների պալատում Հայաստանի հետ բարեկամության խմբի հիմնադիրներ Ալբերտինա Սոլիանին, Ֆրանկո Աշիուտին և Ռենատո Ֆարինան:

Հանդիպման ընթացքում դեսպան Ղազարյանը ներկայացրեց հայ-իտալական հարաբերությունների անցած ուղին և զարգացման հեռանկարները, Հայաստանի տնտեսական հնարավորությունները, արտաքին քաղաքական գերակայությունները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը: ՀՀ դեսպանն անդրադարձավ նաև Սիրիայի իրավիճակին և այդ ենթատեքստում՝ սիրիահայության անվտանգության և հումանիտար խնդիրներին, ինչպես նաև իտալական կողմից քեսաբահայությանն օգնություն ցուցաբերելու հնարավորություններին: Խոսելով երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման հարցում խորհրդարանական դիվանագիտության դերի մասին` դեսպան Ղազարյանն ընդգծեց փոխայցելությունների ու ուղիղ կապերի հաստատման, ինչպես նաև խորհրդարանական վեհաժողովներում համագործակցության կարևորությունը:

Իրենց խոսքում Իտալացի խորհրդարանականներն անդրադարձան հայ-իտալական պատմական առնչություններին և Իտալիայում հայկական համայնքի ներկայությանը, այն քաղաքակրթական ընդհանրություններին, որ ունեն երկու բարեկամ ժողովուրդները: Նրանք կարևորեցին երկու երկրների խորհրդարանականների միջև կապերի զարգացումը և այդ նպատակով գործնական քայլերի նախաձեռնումն ու ծրագրերի իրականացումը՝ պատրաստակամություն հայտնելով իրենց ներդրումն ունենալ Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու գործում:   Ելույթ ունեցողները խոսեցին նաև Հայոց ցեղասպանության մասին` կարևորելով Իտալիայի հասարակության շրջանում հարցի լայն ճանաչելիության ապահովումը: Պատգամավոր Ֆլավիա Նարդելլի Պիկկոլինկարևորեց կրթամշակութային և գիտական կապերի զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը:

Հանդիպման ավարտին դեսպան Ղազարյանը դեսպանության հուշամեդալներ հանձնեց խմբի անդամներ Սանդրա Ձամպային, Ալբերտինա Սոլիանիին և Ֆրանկո Աշիուտիին:

Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

11233_am_4Ապրիլի 16-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել մարզերի խնդիրներին նվիրված խորհրդակցություն:
Կառավարության ղեկավարը նշել է, որ մեծ ակնկալիք ունի մարզպետներից՝ կառավարության տարբեր ծրագրեր հաջողությամբ իրականացնելու գործում: «Մարզերը մեզ համար ունեն մեծ կարևորություն և այստեղ միասին ունենք մեծ աշխատանք իրականացնելու: Որպես վարչապետ լինելու եմ ձեր կողքին, յուրաքանչյուր հարց գտնվելու է իմ ուշադրության կենտրոնում: Պետք է կայացնենք ոչ ստանդարտ որոշումներ, գնահատենք լավը, իսկ վատը քննադատենք»,- դիմելով մարզպետներին՝ ասել է Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը վարչապետին է զեկուցել ՀՀ կառավարության կողմից մարզերում իրականացվող ծրագրերի մասին: Մասնավորապես, մանրամասն ներկայացվել են 2014 թվականի մարտին ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող աջակցության ծրագրերը: Շեշտվել է, որ կառավարության օժանդակության ծրագրերից օգտվող տնտեսությունների ցուցակներն առաջիկայում պետք է հրապարակվեն մարզպետարանների կայքէջերում: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մարզպետներին մանրամասն ուսումնասիրել տնտեսությունների կրած վնասը՝ անհատական կարգով օժանդակություն ցուցաբերելու համար:
Վարչապետին տեղեկացվել է նաև, որ ընթացիկ տարում բոլոր մարզերում տեղադրվել են 80 հակակարկտային կայաններ, որոնք գործելու են Արտակարգ իրավիճակների նախարարության միասնական կառավարման համակարգի ներքո:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող աջակցությանը, մասնավորապես, պարարտանյութի, դիզվառելիքի, սերմացուի տրամադրման աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր:
Անդրադառնալով մարզերում կառավարության կողմից իրականացվող 5-րդ հրատապ ծրագրին՝ Արմեն Գևորգյանը նշել է, որ մարզերում տարբեր ոլորտներում ընթացիկ տարում նախատեսվում է իրականացնել 442 ծրագիր՝ բնակֆոնդի արդիականացման, բնակարանաշինության, նախադպրոցական հասատատությունների վերանորոգման, ջրամատակարարման, մշակույթի օբյեկտների կառուցման և այլ ուղղություններով:
Վարչապետը պահանջել է իրավասու մարմիններից՝ բոլոր ծրագրերով անվերապահորեն ապահովել աշխատանքների բարձր որակ և նշել, որ այդ հարցը գտնվելու է իր ուշադրության կենտրոնում:

ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցչին

ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցչին   Ապրիլի 16-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Անգելո Գնեյդինգերին:

Նախարար Նալբանդյանը և հատուկ ներկայացուցիչ Գնեյդինգերն անդրադարձան Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի՝ Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքներին:

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին ԵԱՀԿ Շվեյցարիայի նախագահության շրջանակներում հայ-շվեյցարական քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, համակողմանի փոխգործակցության զարգացման դինամիկայի կապակցությամբ։

Էդվարդ Նալբանդյանն ու Անգելո Գնեյդինգերը մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ օրակարգային խնդիրների, շվեյցարական նախագահության նախաձեռնությունների շուրջ։

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։ Այս համատեքստում Անգելո Գնեյդինգերը վերահաստատեց ԵԱՀԿ շվեյցարական նախագահության լիակատար աջակցությունը Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային խնդիրների, հատկապես ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի շուրջ։

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդՈստիկանության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ,

Շնորհավորում եմ ձեզ ոստիկանության օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ ի դեմս ձեզ, ունի կայացած և ամուր պետական կառույց: Դուք արժանապատվորեն և լիարժեք իրականացնում եք ձեր առաքելությունը:

Գաղտնիք չէ, որ ոստիկանության աշխատանքը որևէ երկրում և մանավանդ Հայաստանում միշտ գտնվում է հասարակության ուշադրության կիզակետում, և ոստիկանի վարքն ու դիմագիծը ուղղակիորեն կապվում են երկրի և պետության նկարագրի հետ: Այս առումով դուք լրացուցիչ պատասխանատվություն ունեք: Անհրաժեշտ է նշել, որ վերջին շրջանում մեր ոստիկանության աշխատանքում ակնհայտ է դրական տեղաշարժը: Սա արդյունք է բարեփոխումների մի տևական շղթայի, որ հաջողությամբ իրականացվել է ոստիկանության համակարգում, բայց դա նաև արդյունք է հոգեբանական փոփոխության, որ տեղի է ունենում մեր հասարակության մեջ: Դրականորեն փոխվում է ոչ միայն հասարակության վերաբերմունքը ոստիկանի նկատմամբ, այլև ոստիկանի վերաբերմունքը հասարակության հանդեպ: Իհարկե, մենք դեռ հեռու ենք ցանկալի նշանակետից, բայց հուսադրող է, որ գնում ենք ճիշտ ճանապարհով և արձանագրում ձեռքբերումներ:

Հայաստանի քաղաքացին ձեզ է վստահել իր ունեցվածքի և հասարակական կարգի պաշտպանությունը: Դուք քայլ առ քայլ ձեր աշխատանքով ապացուցում եք, որ արժանի եք այդ վստահությանը: Ցավոք, դեռ կան այդ վստահությունը չարաշահողներ: Համոզված եմ, որ անողոք եք լինելու նման դրսևորումների հանդեպ և բացառելու եք ոստիկանի ուսադիրների արատավորումը: Նման վճռական կեցվածքը ձեր շարքերում մենք արդեն տեսնում ենք:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, հաջողություններ ձեր դժվարին ծառայության մեջ. միշտ քայլեք ժամանակի պահանջներին համաքայլ, եղեք արդիական թե՛ մասնագիտական պատրաստվածությամբ, թե՛ սկզբունքայնությամբ:

Անկախ

Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին

տտՀայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամներին:
Ողջունելով ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին՝ կառավարության ղեկավարն իր խոսքում նշել է. «Շնորհակալ եմ հանդիպման հրավերն ընդունելու համար, քանի որ մենք շարունակելու ենք ավելի զարգացնել և ամրապնդել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ մեր համագործակցությունը: Ես համոզմունք ունեմ, որ դա շատ կարևոր է մեր երկրի, տնտեսության, քաղաքացիական հասարակության համար: Սա երրորդ աշխատանքային օրն է իմ նշանակվելուց հետո, և կարևորելով այս ոլորտի ապագան և կառավարության հետ համագործակցությունը՝ ես տրամադրված եմ ավելի ակտիվացնելու մեր հանդիպումներն ու քննարկումները, լսելու ձեր մտահոգությունները և առաջարկությունները: Իմ մոտեցումը լինելու է գործնական. ոչ միայն այս ոլորտի, այլև բոլոր ոլորտների հետ մեր բոլոր պայմանավորվածությունները լինելու են խոսք և պատասխանատվություն: Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը և առաջարկությունները»:
Այնուհետև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը հակիրճ ներկայացրել է մինչ օրս կառավարության և ՏՏ ոլորտի միջև ծավալված համագործակցությունը և իրականացված ծրագրերը. ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և այդ նպատակով իրականացվել են մի շարք ծրագրեր, գործում է ՀՀ վարչապետին կից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ, արդեն ավանդույթ են դարձել պարբերական հանդիպումները և քննարկումները տարբեր ձևաչափերով: Մասնավորապես նման համագործակցության վերջին արդյունքը ՏՏ ոլորտում նոր ստեղծվող ձեռնարկությունների արտոնությունների տրամադրման նախագիծն էր, որը կառավարությունն ուղարկել է ԱԺ՝ նպատակ ունենալով առանձնահատուկ պայմաններ ստեղծել տեխնոլոգիական ձեռնարկատիրության խթանման համար:
ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով և անդրադարձել ոլորտում առկա խնդիրներին ու զարգացման հեռանկարներին: Մասնավորապես, մի շարք այլ խնդիրների հետ մեկտեղ ՀՀ վարչապետը ներկաների հետ քննարկել է պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման արդյունքում ստեղծված իրավիճակը և կարևորել երկխոսության ձևաչափի շրջանակում հարցերի շարունակական քննարկումը: Վարչապետը կարևորել է կադրերի պատրաստման խնդիրը՝ այն համարելով առանցքային ոլորտի հետագա զարգացման համար:
Անդրադարձ է արվել նաև մարզերում ՏՏ բնագավառի զարգացմանը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել այս հանդիպումները՝ համագործակցության և երկխոսության ճանապարհով ցանկալի արդյունքների հասնելու համար:

Ղազախստանի վարչապետը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Աբրահամյան հովիկՎարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Կարիմ Մասիմովը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ այդ կարևոր և պատասխանատու առաքելության իրականացման գործում:
Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի ապահովել Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը:
Իր հերթին, վարչապետ Աբրահամյանը ևս շնորհավորել է Կարիմ Մասիմովին՝ Ղազախստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Դեսպան Քոչարյանի հանդիպումը Լիբանանի Նախագահի հետ

153.Ambassador Kocharian's meeting with the President of Lebanon 16.04.2014Ապրիլի 15-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում ունեցավ Լիբանանի Նախագահ, գեներալ Միշել Սլեյմանի հետ:

Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ կողմերը քննարկեցին դրանց խորացման հնարավորությունները և ընդգծեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ փոխգործակցության կարևորությունը:

Հանդիպման ընթացքում դեսպան Քոչարյանը Նախագահ Սլեյմանին փոխանցեց Հայաստանի խորը մտահոգությունը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ: Անդրադարձ եղավ նաև Լիբանանի ներքաղաքական խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերին:

Զրույցի ավարտին Լիբանանի Նախագահը խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

Մշակութային միջոցառումների շարք Ֆրանսիայի Սեն-Տրոպե քաղաքում

SԱպրիլի 12-ին Ֆրանսիայի Սեն-Տրոպե քաղաքի կենտրոնական «Ժան Դեսպա» դահլիճում տեղի ունեցավ «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» խորագրով մշակութային միջոցառումների շարքի հանդիսավոր բացումը, որի արարողությանը մասնակցեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպան` Վիգեն Չիտեչյանը, Սեն-Տրոպեի քաղաքապետ` Ժան Պիեր Տյուվերին, տեղական կառավարման մարմինների ղեկավարներ, Բուշ դյու Ռոն և Վառ շրջանների հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հարյուրավոր հյուրեր:

ՀՀ դեսպանն իր ելույթում երախտագիտություն հայտնեց Սեն-Տրոպե քաղաքի ղեկավարներին միջոցառումները հյուրնկալելու և բարձր մակարդակով կազմակերպելու համար: Խոսելով Սեն-Տրոպեում «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» մշակութային միջոցառումների շրջանակներում հայկական խաչքարերի արվեստի ցուցահանդեսի մասին՝ դեսպան Չիտեչյանն անդրադարձավ Ջուղայի խաչքարերի նկատմամբ իրականացված վանդալիզմին և պատմամշակութային արժեքների դեմ ոտնձգությունների դատապարտման անհրաժեշտության հարցերին:

Այնուհետ ներկաները հայ արվեստի պատմության պրոֆեսոր Պատրիկ Տոնապետյանի ուղեկցությամբ մասնակցեցին հայ ճարտարապետությանն ու խաչքարերի արվեստին նվիրված ցուցահանդեսին: Ցուցահանդեսը, որն իր շրջագայությունը սկսել է անցած աշնանից և արդեն ցուցադրվել Կոմպիեն, Բիարից, Էքս-ան-Պրովանս և Տուրնֆյոյ քաղաքներում, մեծ հետաքրքրությամբ ընդունվեց Սեն-Տրոպեի բնակիչների և քաղաքի հյուրերի կողմից:

Մշակութային միջոցառումների շարքում տեղի ունեցավ նաև ֆրանսահայ հայտնի դուդուկահար Լևոն Մինասյանի մենահամերգը:

Ապրիլի 13-ին «Լա շապել դյու Կուվան» նոր վերանորոգված Սեն-Տրոպեի հնագույն եկեղեցում տեղի ունեցավ հայկական ծեսով սուրբ պատարագի արարողություն: Նույն օրը Ժան Դեսպա դահլիճում պրոֆեսոր Տոնապետյանը դասախոսություն կարդաց հայկական խաչքարերի արվեստի մասին:

«Ճանապարհորդություն դեպի Հայաստան» խորագրով մշակութային միջոցառումների շարքը Սեն-Տրոպեում  կտևի մինչև ապրիլի 26-ը:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի առթիվ

 

 սերժ սարգսյանՀայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ:

Հայ և եզդի ժողովուրդները միասին են եղել դարեր շարունակ՝ թե՛ ուրախության, թե՛ փորձության ժամին: Մեր նախնիները կռել են այդ միասնությունն ու եղբայրությունը նաև մարտի դաշտում: Այսօր մենք՝ Հայաստանի բոլոր իրավահավասար քաղաքացիներս, կերտում ենք մեր երկիրը՝ մեր ընդհանուր տունը, և զգալի է ձեր ներդրումն այդ հայրենանվեր գործում:

Թող նոր տարին հաջողություններ բերի ձեզ և ձեր ընտանիքներին՝ բացելով զարգացման ու առաջադիմության նոր հորիզոններ, և ավելի ամրապնդվի մեր ժողովուրդների անխզելի բարեկամությունը:

Անկախ

Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ԱԳ և պաշտպանության նախարարներ նշանակելու մասին

ստորագրել2ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկու հրամանագրեր է ստորագրել, որոնցով Էդվարդ Նալբանդյանին նշանակել է ՀՀ ԱԳ նախարար, իսկ Սեյրան Օհանյանին` ՀՀ պաշտպանության նախարար:

Հրամանագրերում մասնավորապես ասված է.  «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար»:

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպման է մասնակցել

pnԱպրիլի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցեց Քաղաքական և գործընկերության կոմիտե + Հայաստան ձևաչափով հանդիպմանը, որը նախագահում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով փոխտեղակալ Ջոնաթան Փերիշը: Հանդիպման ընթացքում Դաշինքի անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչներին Հայաստանի պատվիրակությունը ներկայացրեց Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքն  ու հեռանկարները, քննարկվեցին և համաձայնեցվեցին Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում Հայաստանի 2014թ. Գործընկերության նպատակները: Բարձր գնահատվեց Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գործողություններին, պաշտպանական կրթության, կառավարման, թափանցիկության ընդլայնման, զինված ուժերում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման, ժողովրդավարական վերահսկողության և այլ բնագավառներում արձանագրված առաջընթացը, կարևորվեց պաշտպանական բարեփոխումների բնագավառում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շարունակականության ապահովումը:

Նույն օրը հանդիպում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալ, դեսպան Ստամատոպուլոսի հետ: Փոխանակվեցին կարծիքներ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հեռանկարների, միջազգային և տարածաշրջանային անվտանգության շուրջ:

Դեսպան Սհոյանը հանձնեց սփյուռքի նախարարության մեդալներ

148.Ambassador Shoian awarded the medals of the Ministry of Diaspora  14.04.2014Ապրիլի 11-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության  կողմից տրված  պարգևների  հանձնման արարողություն:

Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալներ Բուլղարիայի ժուռնալիստների միության նախագահ Սնեժանա Տոդորովային, Պլովդիվ քաղաքի համայնքային խորհրդի անդամ Սպաս Գռնևսկուն և  կրոնական համայնքների  ազգային խորհրդի նախագահ  պրոֆեսոր Ռուբեն Գրիգորյանին:

«Հակոբ Մեղապարտ» մեդալներ հանձնվեցին պրոֆեսոր Հակոբ Կարապետյանին և «Հայ Դատ» հանձնախմբի համանախագահ, «Երևան» թերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփաքբաշյանին:

«Վիլյամ Սարոյան» մեդալը հանձնվեց Հայկական բարեգործական ընդհանուր միության Սոֆիայի մասնաճյուղի ատենապետ Սոնյա Ավագյանին:

«Արշիլ Գորկի» մեդալը հանձնվեց Սոֆիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու նախագծի հեղինակ, գլխավոր ճարտարապետ Հակոբ Քարաքաշյանին:

ՀՀ դեսպանը շնորհավորեց պարգևատրվածներին և շնորհակալություն հայտնեց նրանց Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, հայապահպանման գործում ունեցած ավանդի, հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, Սփյուռքի միջհամայնքային կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու և դեսպանության հետ  համագործակցության համար:

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2014թ. առաջին եռամսյակի գնահատման և վերլուծության արդյունքները

001(1)Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2014թ. առաջին եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:

Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում անցած երեք ամիսների կտրվածքով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արաբկիր, երկրորդը՝ Ավան, իսկ երրորդ տեղը՝ Դավթաշեն վարչական շրջանը: Եռամսյակային ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ցածր ցուցանիշներ են գրանցել Կենտրոն, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանները:

Անդրադառնալով գնահատման և վերլուծության արդյունքներով բարձր ցուցանիշներ արձանագրած վարչական շրջանների կատարած աշխատանքին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գոհունակություն հայտնելով հետևողական աշխատանքի համար, այդուամենայնիվ հորդորել է չբավարարվել ձեռքբերածով՝ հատկապես հաշվի առնելով, որ անելիքներ դեռ շատ կան և պետք է առավել հետևողական աշխատանք տանել ցուցանիշներն էլ ավելի բարելավելու ուղղությամբ: Իսկ ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է լինել առավել հետևողական ու կարճ ժամանակահատվածում շտկել բացթողումները. «Վարչական շրջանների աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքներն, ըստ էության, ձեր աշխատակազմերի կողմից կատարած աշխատանքի արտացոլումն են: Ու եթե մեկ կամ երկու օղակ թերանում են իրենց աշխատանքում, դա բացասաբար է անդրադառնում նաև վարչական շրջանի կողմից կատարվող ընդհանուր աշխատանքների վրա: Սա ձեզ մտորելու լուրջ տեղիք պետք է տա, որ համապատասխան քայլեր ձեռնարկեք թերացող օղակի աշխատանքն արագ շտկելու ուղղությամբ: Եվ ընդհանրապես, պետք չէ խուսափել տույժեր կիրառել այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր թերանում են իրենց պարտականությունները պատշաճ կատարելիս: Ի վերջո մեր համաքաղաքացիները մեզանից ակնկալում են արդյունավետ ու նպատակային աշխատանք, այլ ոչ թե անվերջ ներողամտություն թերացողների նկատմամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Մեկ անգամ ևս անդրադառնալով տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մայրաքաղաքում համաչափ զարգացում ապահովելու նպատակով պետք է յուրաքանչյուր տարի գերազանցվեն քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքները: Վարչական շրջանների ղեկավարներին ու ոլորտի պատասխանատուներին հանձնարարվել է հետևողական աշխատանք տանել, որպեսզի դրական արդյունքներ գրանցվեն քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում: Տարոն Մարգարյանը նաև նկատել է, որ վերոնշյալ գնահատումից բացի, վարչական շրջանների կատարած աշխատանքի արդարացի գնահատականը տալիս են նաև երևանցիները: Ուստի քաղաքապետը հանձնարարել է աշխատել այնպես, որ մայրաքաղաքի բնակիչները չդժգոհեն կատարված աշխատանքի արդյունքից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Սերգո Կարապետյանը խորհրդակցություն է հրավիրել

սերգոԱյսօր  ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը համակարգի պատասխանատուներին ներկայացնելով ՀՀ նոր վարչապետի նշանակման   հետ կապված  տեղեկատվությունը, կոնկրետ հանձնարարականներ է տվել նրանց, պահանջելով առանձնահատուկ ուշադրություն դարձնել աշխատանքային կարգապահության  պահպանմանն ու նախատեսված միջոցառումները  սահմանված ժամկետներում ու բարձր որակով իրականացմանը։ Այդ թվում՝

Ø Գարնան գյուղատնտեսական  աշխատանքների  գրաֆիկների պահպանումը։

Ø Ցրտահարությունից տուժած  համայնքներին օժանդակություն ցուցաբերելու  ՀՀ կառավարության  որոշման  պահանջների կատարումը։

Ø Սերմացուի, դիզելային վառելիքի և պարարտանյութի տրամադրման  պետական աջակցության ծրագրերի իրականացման  ժամկետների ապահովումը։

Նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է  ապրիլի 15-ից մարզերում սկսել  ցրտահարությունից տուժած տնտեսություններին սերմնացուի բաշխման աշխատանքները։

Խոսելով  կառավարության կազմի հետ կապված նոր մոտեցումների մասին, նախարարի պաշտոնակատարը  կրկին հիշեցրել է  նախատեսված ծրագրերի իրականացման  գործում  անձնական պատասխանատվության կարևորությունը։

Նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին ներկայացրել է ՀՀ նորանշանակ վարչապետին

կառավարություն

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարության անդամներին և կառավարության նիստին հրավիրվող պաշտոնյաներին ներկայացրել է ՀՀ նորանշանակ վարչապետին: «Ինչպես գիտեք, երեկ ես ՀՀ վարչապետ եմ նշանակել Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին՝ Հովիկ Աբրահամյանին՝ Ազգային ժողովի նախագահին ու նաև ՀՀԿ նախագահի տեղակալին: Երեկ մամուլը մեր հանրությանը հանգամանորեն ներկայացրեց բոլոր գործընթացներն ու նաև այն խնդիրները, որ վարչապետը և նոր կառավարությունը պետք է լուծեն: Վարչապետի նշանակումից հետո կառավարությունը շարունակում է կատարել իր աշխատանքները, և կառավարության անդամներին խնդրում եմ, որպեսզի բարեխղճորեն և պարտաճանաչ կերպով կատարեն իրենց պարտականությունները: Մենք քսան օրվա ընթացքում վարչապետի հետ միասին ձևավորելու ենք նոր կառավարություն: Այն ժամանակ կառավարության խնդիրների մասին հանգամանորեն կխոսենք: Ինձ մնում է մեկ անգամ ևս շնորհավորել պարոն Աբրահամյանին և ցանկանալ նրան հաջողություն: Շնորհավորում եմ»,-ՀՀ կառավարությունում ներկայացնելով վարչապետին՝ ասել է Հանրապետության Նախագահը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին վստահության համար և խնդրել գործող կառավարության անդամներին մինչ նոր կառավարության ձևավորումը եռանդով շարունակել իրենց աշխատանքը. «Պարո՛ն Նախագահ, կցանկանայի իմ գործընկերներին ասել, որ մենք որևէ կողմնորոշում որևէ թեկնածուի վերաբերյալ չունենք, և ես պետք է խնդրեմ բոլոր իմ գործընկերներին ավելի մեծ եռանդով շարունակել իրենց պարտականությունների կատարումը: Սահմանադրության սահմանած ժամկետում, պարո՛ն Նախագահ, Ձեզ հետ համաձայնեցնելով, կներկայացնենք նոր կառավարության կազմը: Եվ մոտեցումը կլինի կառավարության անդամների այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի արդյունքն ու նաև այն, թե որքանով ապագայում ի վիճակի կլինեն իրականացնել նոր ծրագրեր: Շնորհակալ եմ»,-ասել է նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի պատասխանը Times.am լրատվական կայքի հարցին

Շավարշ ՔոչարյանՀարց.Պարոն Քոչարյան, արձագանքելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ երեկ ընդունած բանաձևին՝ Թուրքիայի արտգործնախարարությունն իրողությունները խեղաթյուրող  և կասկածելի փաստարկների հիման վրա հայտարարություն է արել։ Ինչպես կմեկնաբանե՞ք այն։

 

Պատասխան. Թուրքական կողմի այդպիսի արձագանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր և արդիական է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության պայքարում:

Անկախ

Ստորագրվեց ֆինանսական համագործակցության համաձայնագիր Հայաստանի և Գերմանիայի միջև

photoԱպրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը:

Համաձայնագիրը միտված է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով և նպատակ ունի աջակցել ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը:

    Համաձայնագրի շրջանակներում ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից (KfW) «Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի իրականացման համար ստանալ մինչև 2,5 միլիոն եվրո գումարի չափով ֆինանսական օժանդակություն (դրամաշնորհ) և մինչև 30 միլիոն եվրո գումարի չափով արտոնյալ վարկ:

             ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

            և հասարակայնության հետ կապերի բաժին

Անկախ