Մի շարք ապրանքների արտահանումը Հայաստանից Չինաստան էապես կավելացվի

g_image (1)Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներին` Ճոու Լիի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը նշել է. «Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը, ինչը մեր երկրի առաջնայնություններից է: Ուրախ ենք, որ մեր երկու երկրների միջև ձևավորվել են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ»:
Կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսական կապերի զարգացումը և նշել, որ դրանց ընդլայնման համար առկա է մեծ ներուժ: Այդ համատեքստում, վարչապետը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է մեծապես ավելացնել Հայաստանից կոնյակի, գյուղմթերքի և ծխախոտային ապրանքների արտահանման ծավալները Չինաստան:
Ճոու Լին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Տիգրան Սարգսյանին փոխանցել Չինաստանի վարչապետ Լի Կեցիանի ջերմ ողջույնները: «Դուք մեծ ջանքեր եք գործադրում հայ-չինական հարաբերությունների զարգացման համար և Չինաստանը դա բարձր է գնահատում: Հայաստանը մեր երկրի ամենավստահելի գործընկերներից մեկն է, և մենք մեծապես կարևորում ենք երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը»,- դիմելով վարչապետին՝ նշել է Ճոու Լին:
Տիգրան Սարգսյանը և Ճոու Լին կարևորել են նաև չինական ավիաընկերությունների ներգրավումը հայկական շուկա, ինչը նոր թափ կհաղորդի նաև զբոսաշրջության զարգացմանը: Այդ առումով, կողմերը անհրաժեշտ են համարել վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, կրթության և այլ բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող այլ ծրագրերի իրականացման ուղղությամբ համագործակցությանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը՝ մեր երկրին ցուցաբերվող օժանդակության, մասնավորապես, Երևանի ավտոբուսների և շտապ օգնության ավտոպարկերը համալրելու, ինչպես նաև հարյուր միլիոն յուանի (շուրջ 16 միլիոնի դոլար) անհատույց ֆինանսական օգնություն տրամադրելու համար: Այդ մասին չինական կողմը հայտարարել էր վարչապետ Սարգսյանի` նախորդ տարվա սեպտեմբերին Չինաստան կատարած այցի ժամանակ:

 

Անկախ

Գարնանը Երևանում տեղի կունենա կայուն հանքարդյունաբերության հարցերին նվիրված համաժողով

g_imageՎարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Ժան-Միշել Հափիին, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին, ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսին: Հանդիպման նպատակն էր՝ քննարկել այս երկրների և ՀԲ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ 2014 թ. գարնանը Երևանում անցկացվելիք կայուն հանքարդյունաբերությանը նվիրված համաժողովին վերաբերող հարցեր:
ՀԲ երևանյան գրասենյակի տնօրենի խոսքով՝ համաժողովի անցկացումը պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտում աշխարհում, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններով. ընդունվել է «Ընդերքի մասին» ՀՀ նոր օրենսգիրք, այժմ Ազգային ժողովում է գտնվում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև հանքարդյունաբերող ընկերությունների կողմից մեր երկրի նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրությամբ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար, ընդունել հրավերը և հայտնել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ որպես համահովանավոր աջակցել միջոցառման կազմակերպմանը: Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ համաժողովը թույլ կտա ներկայացնել Հայաստանի ներդրումային միջավայրը միջազգային ասպարեզում և մասնավոր ներդրումներ ներգրավել հանքահումքային արդյունաբերությունում: Այն, մասնավորապես, պետք է անցկացվի ՀՀ կառավարության որդեգրած կանաչ տնտեսության և կայուն զարգացման սկզբունքների տրամաբանության շրջանակում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին՝ միջոցառման կազմակերպիչների հետ քննարկել և նախապատրաստել կոնֆերանսի օրակարգը:
Իրենց խոսքում Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ դեսպաններն ընդգծել են, որ համաժողովն, ըստ էության, երկակի ուղղվածություն ունի՝ քննարկումներում ներգրավել և´ ոլորտի միջազգային ընկերություններին, և´ Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններին ու քաղաքացիական հասարակությանը: Այս մոտեցումը հնարավորություն կտա երկխոսության դաշտ ձևավորել և հասկանալ, թե ինչպես կարելի է երկուստեք շահավետ կազմակերպել հանքարդյունահանումը: Նրանք տեղեկացրել են, որ կոնֆերանսի կազմակերպմանն աջակցում են նաև Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկը (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Հայկական զարգացման բանկը (ADB), Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (OSCE), Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում գործող երեք խոշորագույն ընկերությունները և ոչ կառավարական կազմակերպությունները: Այն նախատեսվում է անցկացնել երկու օր՝ շուրջ 70 միջազգային լավագույն փորձագետների, առաջատար ընկերությունների և ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Գագիկ Բեգլարյանը և Մոհամմադ Ռեյիսին քննարկելել են «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի մանրամասները

14022014ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 14-ին հանդիպել է  ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ  և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:

Հանդիպման ընթացքում  կարևորվել են տրանսպորտի ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացումը,  նշվել է, որ առաջիկայում  համատեղ բազմաթիվ ծրագրեր կան իրագործելու:

Անդրադառնալով «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրականացմանը՝ Գագիկ Բեգլարյանն ընդգծել է, որ Տրանսպորտի և կապի նախարարությունն անում է հնարավորինը, որպեսզի Հայաստանի համար խոշոր ռազմավարական նշանակություն ունեցող այդ նախագիծը կյանքի կոչվի:

«Երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորումն արդեն պատրաստ է, այն  գտնվում է քննարկման փուլում»,-  ասել է նախարարը:

Դեսպանը նույնպես ընդգծելով «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործման կարևորությունը ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար՝ շեշտել է,   որ այն կարող է մեծապես նպաստել Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող ապրանքաշրջանառության աճին:

 Նա հաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը՝ նշելով, որ երկաթուղու շինարարարական աշխատանքների մեկնարկին զուգահեռ՝ իրանական կողմը ձեռնամուխ կլինի իր հատվածում երկաթգծի կառուցմանը:

Անկախ

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

ստորագրել2Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է ՉԺՀ կոմունիստական կուսակցության պատվիրակությանը

004Երևանի և Պեկինի միջև հաստատված համագործակցության ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական կուսակցության պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ:

Հատկանշելով հայ-չինական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երկու երկրների մայրաքաղաքների միջև տարբեր բնագավառներում իրականացվող գործակցության ծրագրերն իսկապես կարևոր են և պետք է ընդլանեն շրջանակները. «Հատկանշական է, որ հայ-չինական հարաբերությունների համատեքստում երկու մայրաքաղաքների միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ հուշագիր, որը առաջինն էր Հայաստանի և Չինաստանի քաղաքների պատմության մեջ, և մենք արդեն ունենք արդյունքներ այդ համագործակցության շրջանակում։ Համոզված եմ, որ այս համագործակցությունը էլ ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ, թե փորձի փոխանակման, թե կոնկրետ ծրագրերի շրջանակներում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը և հույս հայտնել, որ Չինաստանի այլ քաղաքների հետ ևս կծավալվի համագործակցություն ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական կուսակցության պատվիրակության ղեկավար Չժոու Լին իր հերթին պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի օժանդակելու երկու մայրաքաղաքների միջև գործակցային հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը. «Մենք ևս կարևորում ենք Երևանի հետ հարաբերությունների էլ ավելի ընդլայնումն ու խորացումը, և ես վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ մեր կողմից կարվի հնարավորը, որ երկուստեք համագործակցություն հաստատվի նաև Երևանի և  Չինաստանի այլ քաղաքների միջև նույնպես: Առաջընթացն ու զարգացումն այսօր Երևանում ակնհայտ է, և ես վստահ եմ, որ երկուստեք համագործակցության համար ունենք մեծ ներուժ»,-նշել է  Չժոու Լին:

Կարևորելով քաղաքային տնտեսության կառավարման հարցում փորձի փոխանակման անհրաժեշտությունն ու շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար` Երևանի քաղաքապետը առանձնացրել է այն ուղղությունները, որոնք կարող են արդյունավետ լինել գործակցությունն ընդլայնելու համար. «Քաղաքների զարգացման հարցում տնտեսապես զարգացած երկրների հետ համագործակցության հաստատումն ու ընդլայնումն իսկապես կարևոր է: Երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների շարունակական զարգացման սկիզբն արդեն դրված է: Վստահեցնում եմ, որ մենք բաց ենք համագործակցության համար և պատրաստ քննարկելու կոնկրետ առաջարկներ` այն էլ ավելի ընդլայնելու ու գործնական փուլ տեղափոխելու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

խորհրդակցություն պն´ումՓետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի ծավալման, խմբավորումների ստեղծման, մարտական գործողությունների վարման, նոր սպառազինության ու տեխնիկայի բաշխման հարցերը, ինչպես նաև հեռահար միջոցների կիրառման խնդիրները: Քննարկումների մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել ինչպես պաշտպանական, այնպես էլ հակահարձակողական գործողությունների ընթացքում զորքերի կիրառման ձևերին և եղանակներին:

 

 

Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ում

դեսպան Կարեն ՆազարյանՓետրվարի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) տեղի ունեցավ «Զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանությունը» խորագրով բաց քննարկում, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

Նա անդրադարձավ Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին ու Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում հրադադարի ռեժիմը խախտող սադրիչ գործողություններին: Դեսպան Նազարյանը նշեց, որ հայկական կողմին մեծապես մտահոգում են ուժի կիրառման հումանիտար հետևանքները, և որ այդ անընդունելի գործելակերպի արդյունքում առավելապես ծանրանում է սահմանային գոտիներում քաղաքացիական բնակչության վիճակը: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ առիթ է ունեցել նախկինում ԱԽ-ում բարձրաձայնելու քաղաքացիական բնակչությանը դիպուկահարների կողմից հասցված վնասների խնդիրը` հավելելով, որ Հայաստանը հանդես է գալիս բռնության բոլոր դրսևորումներին վերջ դնելու օգտին  ու մեծապես հավատում, որ հակամարտությունների հիմնարար ու հարատև լուծման կարելի է հասնել միայն խաղաղ միջոցներով և միջազգային իրավունքի հիման վրա:

Վարչապետին զեկուցվել է ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը

Վարչապետին զեկուցվել է ՄՄ-ին անդամակցելուՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը: Կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները զեկուցել են ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախանշված միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ:
Տիգրան Սարգսյանը հանձնարարել է աշխատանքային խմբերի ղեկավարներին՝ խստորեն պահպանել աշխատանքների իրականացման նախանշված ժամանակացույցը:

ՀՀ պաշտպանության նախարար հանդիպել է ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցների հետ

օհանյանՓետրվարի 12-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել և ուսումնական պարապմունք է անցկացրել ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցների հետ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ:

Հանդիպման ընթացքում Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի ուսումնական գծով տեղակալ, գնդապետ Խաչիկ Խաչատրյանը ներկայացրել է հրամանատարաշտաբային դասընթացների մեկնարկից իրականացված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը: Նշվել է, որ դասընթացների ընթացքում սպաները ձեռք են բերել անհրաժեշտ պրոֆեսիոնալ գիտելիքներ և հմտություններ, որոնք կարող են կիրառվել գործնականում` ապրիլ ամսին անցկացվելիք հրամանատարաշտաբային և մարտավարական զորավարժությունների ընթացքում:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում կարևորել է ռազմական և հետբուհական կրթություն ստացած սպայի դերը զինված ուժերում, համոզմունք է հայտնել, որ հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցները կցուցաբերեն բանիմացության այնպիսի որակներ, որոնք բնորոշ են պրոֆեսիոնալ սպային: Սեյրան Օհանյանը մի շարք ցուցումներ և հանձնարարականներ է տվել հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցներին` դասընթացների արդյունավետությունն առավել բարձրացնելու նպատակով:

Սեյրան Օհանյանը պատասխանել է նաև հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցների հարցերին:

ՀՀ ռազմակրթական բարեփոխումների կիզակետը հանդիսացող հրամանատարաշտաբային դասընթացների մեկնարկով ՀՀ ԶՈւ անձնակազմի պրոֆեսիոնալ կրթությունը տեղափոխվում է որակական նոր հարթություն, որը ռազմական ինստիտուտներում, իսկ այնուհետև՝ որակավորման բարձրացման կենտրոնում ձեռք բերված գիտելիքների և հմտությունների հետագա զարգացումով և հղկումով ապահովում է ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի բանիմացությունը համազորային, համատեղ, համակողմանի (միջգերատեսչական) և բազմազգ օպերատիվ միջավայրերում և դրան զուգահեռ՝ ռազմական կառավարման մագիստրոսի որակավորումը:

ՀՀ վարչապետը և ԻԻՀ դեսպանը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները

Սարգսյան-ՌեիսիՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին:
Վարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է դեսպանին և Իրանի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Իրանի Իսլամական հեղափոխության 35-րդ տարեդարձի առթիվ (նշվում է փետրվարի 11-ին) և մաղթել հաջողություններ: «Այս հանդիպումները ծառայում են մեր երկու ժողովուրդների բարեկամության ընդլայնմանը, և մենք պարտավոր ենք հետևողականորեն իրականացնել տնտեսական համագործակցության համատեղ ծրագրերը», – ասել է կառավարության ղեկավարը:
Դեսպան Ռեիսին նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն Իրանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, և Իրանը պատրաստ է ընդլայնելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ գործակցությունը տարբեր, և հատկապես էներգետիկայի ու տարանցիկ փոխադրումների ոլորտներում:
Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական առևտրատնտեսական կապերի օրակարգին (էներգետիկա, զբոսաշրջություն, ենթակառուցվածքների զարգացում) առնչվող հարցերի լայն շրջանակ: Արծարծվել են, մասնավորապես, ընթացիկ՝ Մեղրիի ՀԷԿ-ի և Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման, ինչպես նաև նախագծային փուլում գտնվող՝ Հայաստան-Իրան երկաթգծի և Իրան-Հայաստան նավթատարի շինարարության ծրագրերին վերաբերող մանրամասներ: Վարչապետը նշել է, որ այս ծրագրերը ՀՀ կառավարության առաջնահերթություններն են և կգործադրվեն բոլոր ջանքերը՝ դրանց իրագործման համար:
Նշվել է նաև, որ ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 12-րդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարի Թեհրանում, որն էլ հնարավորություն կտա քննարկել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության ընդլայնման ուղղությունները:
Համագործակցությանը նոր լիցք հաղորդելու առումով երկուստեք կարևորվել են բարձր մակարդակով պաշտոնական փոխայցերը: Պարոն Ռեիսին վարչապետին է փոխանցել ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները և Իրան այցելելու հրավերը:

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 35-րդ տարեդարձի կապակցությամբ:
Անկախ

 

ՀՀ Նախագահը շնորհավորել է Արմեն Էլբակյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ

Արմեն ԷլբակյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ:

«Հայաստանի հանդիսատեսը բարձր է գնահատել դերասանի և բեմադրիչի Ձեր առանձնահատուկ և բազմակողմանի տաղանդը, որ շռայլորեն դրսևորվել է թատրոնում, կինոյում և հեռուստաէկրանին: Ձեր ղեկավարած Երևանի խամաճիկների պետական թատրոնը մեր հասարակության համար կիրթ և նրբաճաշակ քաղաքացի ձևավորող կարևոր մշակութային օջախ է:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:
Անկախ

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թայլանդի նորանշանակ դեսպանը

հավատարմագրերի հանձնումՆախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թայլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իթթի Դիթբանյոնգը (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Դիթբանյոնգն իր փորձն ու կարողությունները կներդնի Հայաստանի և Թայլանդի միջև հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Թայլանդի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժ կա և այդ տեսանկյունից կարևորել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, տնտեսական կապերի ակտիվացումը, միջխորհրդարանական, ինչպես նաև միջազգային կառույցների շրջանակներում փոխշահավետ համագործակցությունը: Նախագահը և Թայլանդի դեսպանը հայ-թայլանդական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և փորձի փոխանակման տեսանկյունից հեռանկարային են համարել հատկապես ոսկերչության, գյուղատնտեսության, մշակույթի, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներ:

Դեսպան Իթթի Դիթբանյոնգը վստահեցրել է, որ պաշտոնավարման տարիներին կանի ամեն հնարավորը միջպետական կապերն առավել սերտացնելու և երկու ժողովուրդների՝ դարերի պատմություն ունեցող բարեկամությունն ամրապնդելու համար:

Հանդիպում Լիտվայում ՀՀ դեսպանությունում

հանդիպում լիտվայի դեսպանատանըՓետրվարի 8-ին Լիտվայում ՀՀ դեսպանությունում դեսպան Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Բալթյան երկրներում հայ համայնքների ներկայացուցիչների հետ՝ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների, ձեռնարկվելիք քայլերի հետ կապված հարցերի քննարկման նպատակով:

Հանդիպմանը մասնակցեցին Նոր Նախիջևանի Ռուսաստանի թեմի՝ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը, Էստոնիայի, Լատվիայի, ինչպես նաև Վիլնյուսի, Կաունասի, Կլայպեդայի, Շյաոլյայի, Վիսագինասի հայ համայնքների ղեկավարներն ու ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ առաջիկայում իրականացվելիք աշխատանքների նախապատրաստության հետ կապված հարցերին: Ձեռք բերվեց պայմանավորվածություն ուսումնասիրել Բալթյան երկրների համադրող հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը:

 

 Անկախ

 

Թայլանդի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

39. Ambassador of Thailand presented the copy of his credentials to the minister Nalbandian 10.02.2014Փետրվարի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Թայլանդի թագավորության դեսպան Իթթի Դիթբանյոնգին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ Իթթի Դիթբանյոնգն իր փորձը և գիտելիքները կներդնի ի նպաստ հայ-թայլանդական հարաբերությունների զարգացման:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Դիթբանյոնգը վստահեցրեց, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման համար։

Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, գիտակրթական  և մշակութային կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Անկախ

Վլադիմիր Գասպարյանը դժգոհել է որոշ ճանապարհային ոստիկանների անպատասխանատու, հանցավոր վարքագծից

Վովա գասպարյան, ճո,նիստՓետրվարի 7-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի և ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Անդրադառնալով ծառայության գործունեության մեջ դեռևս առկա թերություններին ու բացթողումներին՝ Վլադիմիր Գասպարյանը կրկին հիշեցրեց, որ ճանապարհային ոստիկանությունը հասարակության հետ ամենօրյա և ընդգրկուն շփում ունեցող ծառայություններից է, որի կազմակերպումը մշտապես եղել է ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում:
ճո,նիստՈստիկանության պետը դժգոհություն հայտնեց, ործ առանձին ճանապարհային ոստիկանների անպատասխանատու, երբեմն ուղղակի հանցավոր վարքագծի պատճառով վերջին շրջանում ծառայության վարկանիշի որոշակի անկում է արձանագրվել, և հավաստիացրեց, որ կձեռնարկվեն ամենախիստ միջոցները նման երևույթները բացառելու համար:

Վլադիմիր Գասպարյանը փաստեց, որ ոստիկանության անձնակազմի գերակշիռ մասն ընկալել է նորացման գործընթացն անշրջելի դարձնելու սկզբունքը, սակայն կան նորին ընդդիմացողներ, որոնց վարքը հասարակական կարծիք է ստեղծում, կան մարտնչող տգիտության դրսևորումներ, վերջապես՝ կան անտարբերներ, որոնք իրենց կողքին հանդուրժում են խորթ ու մերժելի երևույթները:
Ճանապարհային ոստիկանության գործունեությունն արագ և անշրջելիորեն բարեփոխելու համար Վլադիմիր Գասպարյանը ծառայության ու ստորաբաժանումների ղեկավարներից պահանջեց առավել հետևողական աշխատանք ենթակաների հետ՝ անհատական պատասխանատվության սկզբունքով:
Վլադիմիր Գասպարյանը ծառայության պատասխանատուներին հրահանգեց սկսել մայրաքաղաքում փուլ առ փուլ պարեկային ծառայության անցնելու ծրագրի իրականացումը, որով նախատեսվում է բազմագործառույթ, բարձր պատրաստականությամբ, օտար լեզուների իմացությամբ անձնակազմերի պարեկում՝ ճանապարհային ոստիկանության ծառայությանը զուգահեռ, ինչը թույլ կտա, նաև հասարակական կարծիքը հաշվի առնելով, ընտրել մոդելներից լավագույնը:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը հանձնարարեց ճանապարհային երթևեկության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ գործող հանձնաժողովներում պարտադիր ներգրավել ոլորտի մասնագետներին և վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Անկախ

Հայկական մշակույթի և բարեկամության օր Լեչչե քաղաքում

37.Day of Armenian Culture in Lecce 07.02.2014Իտալիայի Լեչչե քաղաքում տեղի է ունեցել «Հայկական մշակույթի և բարեկամության օր» միջոցառումը, որ կազմակերպել էր Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը` Լեչչեի Եվրո-Միջերկրածովյան մշակութային ժառանգության գործակալության և տեղի հայ համայնքի հետ համագործակցությամբ: Ներկաների թվում էին նահանգային և քաղաքային իշխանությունների, մշակույթի և գործարար ոլորտների, հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, ուսանողներ, լրագրողներ:

Պուլիայի նահանգապետարանի, Լեչչեի շրջանային և քաղաքային իշխանությունների, Սալենտոյի համալսարանի, Լեչչեի առևտրական և արդյունաբերական պալատների հովանավորությամբ տեղի ունեցած միջոցառման ընթացքում ներկայացվել են հայկական մշակույթն ու պատմությունը, Հայաստանի տնտեսական հնարավորությունները, հայ-իտալական պատմական առնչությունները և հայ համայնքի բազմադարյա դերը Պուլիա նահանգում:

Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, օրվա միջոցառումը բնութագրելով որպես «միջմշակութային բացառիկ օր և երկու հարուստ մշակույթների ու ավանդույթների հանդիպում», իր ելույթում անդրադարձել է Հայաստանի և Իտալիայի բարեկամական հարաբերություններին,  խոսել Պուլիայի նահանգում բնակվող հայ համայնքի մասին, որի վերաբերյալ առաջին հիշատակությունները սկսվում են 8-րդ դարից: Դեսպան Ղազարյանն ընդգծել է, որ հարկավոր է հիմնվել հարուստ պատմություն ունեցող ներուժի վրա և միասին տնտեսական և մշակության ծրագրերի միջոցով կերտել Հայաստան-Պուլիա հարաբերությունների նոր էջեր:

Եվրո-Միջերկրածովյան մշակութային ժառանգության գործակալության տնօրեն Մարտինա Մաուրոն, դիմելով ներկաներին ողջույնի խոսքով, իր գոհունակությունն է հայտնել, որ Իտալիայի հարավային նահանգում հնարավորություն ունեն ծանոթանալու հայկական մշակույթին, հայ և իտալացի ժողովուրդների դարավոր սերտ կապերին:

Ելույթներ են ունեցել նաև Իտալիայում հայ համայնքի ղեկավար պրոֆեսոր Պայքար Սիվազլիյանը և պրոֆեսոր Ադրիանա Պոլի Բորտոնեն:

Միջոցառմանը ներկայացվել են լուսանկարիչ Կարեն Կոկչիյանի` Հայաստանի գեղատեսիլ վայրերի և մշակութային հուշարձանների նկարները, իսկ դաշնակահար Անի Մարտիրոսյանը հանդես է եկել Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ:

Լեչչեում գտնվող դեսպան Ղազարյանը հանդիպում է ունեցել նաև Լեչչեի քաղաքապետի և առևտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ, որի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա ընթացքում կազմակերպելու այց Հայաստան` համատեղ տնտեսական ծրագրերի (ագրոբիզնեսի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, իննվացիայի և այլ ոլորներում) իրականացման հեռանկարների շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով: Հանդիպմանը հայկական կողմը տեղեկացվեց, որ 2014-15 ուսումնական տարվա ընթացքում Լեչչեի ավագ դպրոցներում կկազմակերպվեն իտալահայ հանրահայտ արձակագիր Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վեպի հանրային ընթերցումներ:

Դիլիջանի միջազգային դպրոցը համաշխարհային կրթական քարտեզի վրա կունենա իր մեծ դերն ու նշանակությունը. ՀՀ վարչապետ

վարչապետը դիլիջանումՎարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Դիլիջան: Կառավարության ղեկավարը եղել է Դիլիջանի միջազգային դպրոցում, որտեղ նրան ներկայացրել են կրթական այդ հաստատության շինարարական աշխատանքների ընթացքը:
Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները կբացի 2014 թվականի սեպտեմբերին։ Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ, որոնց թիվը 2023թ.-ին կհասնի 650-ի՝ 60 երկրներից: Աշակերտների 90 տոկոսը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:
Հայաստանցի շնորհալի ու տաղանդավոր երեխաները կազմելու են դպրոցի աշակերտների 10 տոկոսը, իսկ սփյուռքահայ երեխաների թիվը՝ մոտ 30 տոկոս։
Լրագրողների հետ զրույցում վարչապետը բարձր է գնահատել դպրոցի նշանակությունն ինչպես Դիլիջանի, այնպես էլ Հայաստանի զարգացման հարցում: «Իրականացվում է ժամանակակից շինարարություն՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք Հայաստանում դեռևս չեն օգտագործվել: Սա մեզ համար կարևոր է, քանի որ այդ փորձը, գիտելիքը կկարողանանք կիրառել նաև այլ շինարարական օբյեկտներում: 64 հազար քմ ընդհանուր տարածքում գործելու է մեծ համալիր՝ ժամանակակից սպասարկման նոր մեթոդների կիրառմամբ: Այս պահին այս օբյեկտի շնորհիվ ստեղծվել է շուրջ 1000 աշխատատեղ, սակայն կարևորն այն է, որ երբ այն հանձնվի շահագործման, կստեղծվեն նաև լրացուցիչ նոր բարձր որակավորում պահանջող աշխատատեղեր՝ բարձր աշխատավարձով: Այս օբյեկտը Հայաստանի համար լուրջ առաջընթաց է», – ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ մեր քաղաքացիները կգնահատեն այս օբյեկտի կարևոր նշանակությունը ոչ միայն Դիլիջանի, այլ ընդհանրապես, մեր երկրի կյանքում, քանի որ դպրոցը համաշխարհային կրթական քարտեզի վրա ունենալու է իր տեղն ու նշանակությունը և համապատասխանելու է միջազգային չափանիշներին: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ դրա արդյունքում կբարձրանա նաև մեր երկրի համբավը:
Վարչապետը տեղեկացրել է նաև, որ ՀՀ կառավարության մոտակա նիստերից մեկի ընթացքում կքննարկվի Դիլիջանի միջազգային դպրոցին հարակից ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, ինչի իրականացման համար պետությունը կհատկացնի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:
Դպրոցական համալիրը, բացի ուսումնական մասնաշենքերից ու կացարաններից, ներառում է նաև փակ լողավազան, մարզահրապարակներ, բազմաֆունկցիոնալ, բեմարվեստի, դիզայնի, տեխնոլոգիաների և բժշկական կենտրոններ: Դպրոցի կապիտալ շինարարության և կահավորման բյուջեն կազմում է մոտ 190 մլն դոլար: Ընդ որում, շինարարության առաջին փուլի՝ IB ծրագրի համար անհրաժեշտ կառույցների արժեքը կկազմի 110 մլն դոլար, որից մոտ 50 մլն դոլարն արդեն ներդրված է: Երկրորդ փուլի համար, որը ներառում է նաև տարածաշրջանում լավագույն բեմարվեստի կենտրոնի կառուցումը, նախատեսված արժեքը կազմում է 80 մլն դոլար: Դպրոցի տարեկան գործառնական ծախսերը (2014 թ. սկսած) կկազմեն 3 մլն դոլար, իսկ 650 աշակերտ և 111 աշխատակից ունենալու դեպքում՝ 15 մլն դոլար:
ՀՀ կառավարության հեղինակած օրինագիծը՝ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին», անցած տարեվերջին ընդունվել է Ազգային Ժողովի կողմից:
2013 թ. հոկտեմբերի վերջին Դիլիջանի միջազգային դպրոցը դարձել է Միացյալ համաշխարհային քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի անդամ և ստացել «UWC Dilijan» անվանումը: Այս տարի UWC համակարգում կարող են ուսանել ՀՀ 17 քաղաքացիներ` 10-ը UWC Dilijan միջազգային դպրոցում, 7-ը` UWC-ի այլ երկրների քոլեջներում:
Դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Էդվարդ Նալբանդյանն ԱԳՆ մեդալ հանձնեց Ռաֆայել Հովհաննիսյանին

36. Minister Nalbandian awarded Rafael Hovhannisyan 06.02.2014Փետրվարի 6-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց “Օտար, ամայի ճամփեքի վրա” հեռուստանախագծի հեղինակ և պրոդյուսեր, Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանին և հեռուստանախագծի տասնամյա հոբելյանի կապակցությամբ նրան հանձնեց ԱԳՆ մեդալը։

 

Նախարար Նալբանդյանը շնորհավորեց Ռաֆայել Հովհաննիսյանին “Օտար, ամայի ճամփեքի վրա” հեռուստանախագծի տասնամյա հոբելյանի կապակցությամբ՝ նշելով ծրագրի կարևորությունը արտերկրում գտնվող հայկական մշակութային ժառանգության ներկայացման, հայապահպանության և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում։ Նա հավելեց, որ “Օտար, ամայի ճամփեքի վրա” հաղորդումը մշտապես աչքի է ընկնում իր բարձր որակներով, պրոֆեսիոնալիզմով և ընդգրկուն բովանդակությամբ։

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և իր գործունեության գնահատանքի համար, Ռաֆայել Հովհաննիսյանը ընդգծեց, որ հեռուստանախագծի գործունեության ողջ ընթացքում արտգործնախարարությունը և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական գործուն աջակցություն են ցուցաբերել “Օտար, ամայի ճամփեքի վրա” ստեղծագործական խմբերի աշխատանքներին։

Անկախ