Ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի` Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի անունից տրվել է պետական ընթրիք

ընթրիք չեխիայումԻ պատիվ պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի` երեկ երեկոյան Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի անունից տրվել է պետական ընթրիք: Արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որտեղ անդրադարձել են ՀՀ Նախագահի Չեխիա կատարած պետական այցի արդյունքներին, միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարին, ամենատարբեր ոլորտներ ընդգրկող հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին, երկու ժողովուրդների պատմական առնչություններին, ինչպես նաև հայ-չեխական հարաբերություններում բնական կամուրջ հանդիսացող Չեխիայի հայ համայնքին և մի շարք այլ հարցերի:

Երկուստեք ընդգծվել է, որ հայ և չեխ ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմք է միջպետական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար: Նախագահներ Սարգսյանը և Զեմանը կարևորել են ՀՀ Նախագահի պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ստորագրված փաստաթղթերը կյանքի կոչելու ուղղությամբ հետագա երկկողմ ակտիվ աշխատանքը:

Իր շնորհակալական խոսքում Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում չեխ ժողովրդի այնպիսի արժանավոր զավակների անունները, որոնցից են առաջին աշխարհամարտից հետո հռչակված Չեխոսլովակիայի Նախագահ Տոմաշ Մասարիկին, նրա ժամանակակից, չեխ գրող և հումանիստ Կարել Հանսային, ովքեր իրենց մարդասիրական և քաղաքական-հասարակական գործունեությամբ լույս սփռեցին 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության վրա:

Սերժ Սարգսյանն իր խոսքում հիշատակել է նաև հայագիտական ուսումնասիրություններին նվիրված չեխ ժողովրդի մեծավաստակ զավակներ լեզվաբան-սեպագրագետ Բեդրիխ Հրոզնիին, հայագետ-թարգմանիչներ Վացլավ Չեռնիին, Լյուդմիլա Մոտալովային, որոնց շնորհիվ չեխերեն են թարգմանվել հայ ժամանակակից մեծ բանաստեղծներ Իսահակյանի, Սևակի, Սարյանի և այլոց ստեղծագործությունները:

Ի հավաստումն երկու ժողովուրդների բարեկամության, Հանրապետության Նախագահը նշել է հիշարժան մեկ այլ փաստ ևս. Տոմաշ Մասարիկի նախագահության օրոք և անձամբ նրա որոշմամբ՝ շուրջ 60 հայազգի ուսանողներ հնարավորություն են ստացել չեխական կրթաթոշակներով ուսանել երկրի հեղինակավոր համալսարաններում` հաղորդակցվելով և որդեգրելով եվրոպական մշակույթն ու ժամանակի առաջադեմ հասարակական և քաղաքական հայացքները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այսօր էլ Չեխիայում շարունակում են ուսանել Հայաստանի քաղաքացիները՝ կրթվելով ու հաղորդակցվելով եվրոպական մշակույթին:

Խոսքի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Չեխիայի Հանրապետության Նախագահին հրավերի, ջերմ հյուրընկալության ու փոխվստահության մթնոլորտում արդյունավետ քննարկումների համար և մաղթել Չեխիային, բարեկամ չեխ ժողովրդին և հայ-չեխական բարեկամությանը հարատևություն ու բարօրություն:

 Անկախ

Նախագահը Պրահայում հանդիպումներ է ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխի և Պրահայի քաղաքապետ Տոմաշ Հուդեչեկի հետ

Սերժ Սարգսյան, Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխ,Պրահա, քաղաքապետ Տոմաշ Հուդեչեկ

 Չեխիայի Հանրապետություն պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ: Ի պատիվ ՀՀ Նախագահի տրված աշխատանքային ճաշի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը և Սենատի նախագահ Միլան Շտեխը հանդես են եկել բաժակաճառերով, որտեղ անդրադարձել են հայ-չեխական միջպետական հարաբերություններին, այդ հարաբերություններում կարևոր դեր ունեցող խորհրդարանական մակարդակով համագործակցության զարգացմանը, հայ և չեխ ժողովուրդների բարեկամությանը, տարբեր ոլորտներում՝ առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային, ապակենտրոնացված փոխգործակցությանը, նաև միջազգային կառույցներում և այլ խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների համագործակցությանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Հանդիպման սկզբում Սենատի նախագահ Միլան Շտեխն ընդգծելով, որ հայ-չեխական միջպետական հարաբերությունները բարեկամական են, նշել է, որ Չեխիան ցանկանում է ավելի ամրապնդել և խորացնել երկկողմ կապերը: Սենատի նախագահը խոսել է հայ և չեխ ժողովուրդների պատմական ընդհանրությունների, դարերի ընթացքում նրանց հաղթահարած բազում դժվարությունների և մարտահրավերների մասին, ընդգծել, որ Հայաստանն այսօր էլ շարունակում է ապրել բարդ տարածաշրջանում: Իր երկրի կողմից նա վստահեցրել է, որ Չեխիան ցանկանում է, որ բոլոր խնդիրները տարածաշրջանում լուծվեն խաղաղ, քաղաքակիրթ ճանապարհով, ինչպես ժամանակին դա արել է Չեխիան: Նա նշել է, որ խաղաղության ապահովման կարևոր գրավականներից է երկրի տնտեսության զարգացումը, և Չեխիան պատրաստակամ է ընդլայնել ու սերտացնել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները՝ ի նպաստ Հայաստանի ու նրա ժողովրդի: Նա կարևորել է հատկապես ավանդական ոլորտներում՝ սննդարդյունաբերության, էներգետիկայի, մշակույթի, գիտության և այլ, զարգացնել համագործակցությունը և կարևորել նաև խորհրդարանների միջև փոխգործակցությունը:

Սերժ Սարգսյան, Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխ,Պրահա, քաղաքապետ Տոմաշ ՀուդեչեկՇնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-չեխական հարաբերությունների պատմության ընթացքում առաջին անգամ կայացող Հայաստանի Նախագահի պետական այցը կխթանի երկկողմ հարաբերությունները: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ վերջին չորս-հինգ տարիներին Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգացում են ապրում, ինչը, նրա համոզմամբ, բխում է երկու երկրների և ժողովուրդների շահերից: Նախագահը գոհունակությամբ է նշել երկու երկրներում դեսպանությունների բացման մասին, փաստել, որ վերջին շրջանում ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, հաճախակիացել են բարձրաստիճան փոխայցելությունները: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև այս տարի Երևանում և 2015 թվականին Պրահայում անցկացվելիք չեխական և հայկական մշակույթի օրերին և այն համարել երկու երկրների միջև մշակութային երկխոսության զարգացմանն ուղղված կարևոր քայլ:

Խոսելով Հայաստանի և Չեխիայի միջև առևտրաշրջանառության ծավալի ոչ բավարար ցուցանիշների մասին, Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ չնայած դրան, առևտրաշրջանառության ծավալը  2012-ի համեմատ 2013թ. 40 տոկոսով աճել է:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը մաղթել է, որպեսզի Հայաստանի և Չեխիայի միջև խորհրդարանական համագործակցությունը շարունակի զարգանալ ամուր բարեկամության և շարունակական առաջընթացի ոգով՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների հզորացման:

Սենատում կայացած հանդիպումից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Պրահայի քաղաքապետարան, որտեղ հանդիպում է ունեցել Պրահայի քաղաքապետ Տոմաշ Հուդեչեկի հետ: Հանրապետության Նախագահը գրառում է կատարել Պրահա քաղաքի պատվավոր այցելուների գրքում և Պրահայի քաղաքապետից ի նշան երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ստացել խորհրդանշական նվեր՝ քաղաքի բանալին:

Պրահայի քաղաքապետն իր ողջույնի խոսքում հանգամանորեն անդրադարձել է հայ և չեխ ժողովուրդների դարավոր բարեկամությանը, պատմամշակութային առնչություններին, այդ համատեքստում խոսելով նաև մայրաքաղաք Պրահայում հայկական հետքի մասին: Երկկողմ կապերի ամրապնդման գործում քաղաքապետ Տոմաշ Հուդեչեկը կարևորել է նաև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը:

Պատասխան խոսքում Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, թե մեծ բավականությամբ է այցելում հիասքանչ Պրահայի քաղաքապետարան Չեխիայի Հանրապետություն իր պետական այցի շրջանակում: Նա գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանի և Չեխիայի միջև նորօրյա պատմության ընթացքում նախագահական մակարդակով իրականացվող այս առաջին այցը՝ հագեցած պաշտոնական հանդիպումներով ու գործնական քննարկումներով, ընթանում է հայ-չեխական ավանդական բարեկամության ոգով:

«Միանգամայն վստահ եմ, որ իմ պետական այցի ընթացքում Չեխիայի ղեկավար անձանց հետ արդյունավետ հանդիպումները կծառայեն վերջին տարիներին վերընթաց զարգացում ապրող հայ-չեխական հարաբերությունները որակական ավելի բարձր մակարդակի հասցնելու և փոխշահավետ ու բազմաոլորտ համագործակցություն ծավալելու նպատակին:

Իրոք, ինձ համար շատ ուրախալի է այսպիսի պատվի արժանանալ Եվրոպայի հնամենի մայրաքաղաքներից մեկի՝ հիասքանչ Պրահայի քաղաքապետարանում: Բացի բարեկամ պետության մայրաքաղաք լինելուց, Պրահան իրավամբ համարվում է տարածաշրջանի քաղաքական, տնտեսական ու մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը: Մեկ անգամ ևս հիշատակեմ Պրահայի հայկական հետքի մասին մի հետաքրքիր փաստ. դեռևս XVII դարում Պրահայում բացված սրճարաններից մեկի տերը եղել է Գևորգ անունով դամասկոսցի մի հայ: Միաժամանակ 20-րդ դարասկզբին Պրահայում բնակվող ազգությամբ հայ Արթին Ասլանյանին է պատկանել Պրահայի առաջին գորգագործական ֆաբրիկան:

Երևանը և Պրահան, համագործակցության մեծ ներուժ ունեն, և հուսով եմ, որ մոտ ապագայում իրավական հիմքեր կստեղծվեն մեր մայրաքաղաքների միջև կապերն ավելի զարգացնելու և խորացնելու համար:

Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել ջերմ հյուրընկալության համար: Ակնկալում եմ Ձեզ հետ հանդիպել նաև մայրաքաղաք Երևանում»,-Պրահայի քաղաքապետի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Պետական այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպում կունենա Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի Կարդինալ-արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ: Ավելի ուշ ի պատիվ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի անունից կտրվի պետական ընթրիք:

Անկախ

ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանն «Արմենպրեսս»-ի հարցին

Տիգրան ԲալայանՀարց. Եգիպտոսում վերջին շրջանում մի շարք ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել, որոնք վտանգում են երկրում իրավիճակի կայունացման նպատակով ձեռնարկվող քայլերը։  Որն է Հայաստանի դիրքորոշումը այդ երկրում վերջին զարգացումների վերաբերյալ։

Պատասխան. Մենք դատապարտում ենք բազմաթիվ մարդկանց զոհերի պատճառ դարձած` Եգիպտոսում վերջին օրերին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները և լիահույս ենք, որ Եգիպտոսի իշխանությունների ջանքերն ուղղված երկրում կայունության և համերաշխության հաստատմանը արդյունավետ կլինեն, որին իր նպաստը կարող է բերել համաժողովրդական հանրաքվեով ընդունված նոր Սահմանադրությունը:

Անկախ

Ես շնորհակալ եմ պարոն Նախագահին՝ Մաքսային միությանը միանալու մեր որոշմանը ըմբռնումով մոտենալու համար.Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյան,ՉեխիաՊետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հետ: Երկու երկրների նախագահների բանակցությունների ավարտին տեղի է ունեցել մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես ստորագրվել՝ են Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ, Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական և արդյունաբերական համագործակցության մասին, Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին, Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման, հրշեջ ծառայության և բնակչության պաշտպանության մասին, Համատեղ հռչակագիր Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Չեխիայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության բնագավառում համագործակցության մասին, Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Չեխիայի Հանրապետության մաքսային գլխավոր տնօրինության միջև համագործակցության մասին:

Բանակցությունների արդյունքները նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

 

***
սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

 

Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ Չեխիայի Հանրապետության Նախագահի հրավերով առաջին անգամ պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվելու առիթով:

Քիչ առաջ մենք Նախագահ Զեմանի հետ բովանդակալից և արդյունավետ բանակցություններ ունեցանք, որոնք անցան լիակատար փոխըմբռնման մթնոլորտում: Անդրադարձանք ինչպես մեր համագործակցության երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային արդիական թեմաներին:

Գոհունակությամբ արձանագրեցինք, որ Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր միջպետական կապերը նկատելի զարգացում են ապրել: Դրա վկայությունն են այս այցի ընթացքում այսօր ստորագրված և դեռևս վաղը ստորագրվելիք՝ տարբեր ոլորտներում մեկ տասնյակից ավելի փաստաթղթերը: Ուրվագծեցինք համագործակցության հեռանկարային այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են առողջապահությունը, բնապահպանությունը, ապակենտրոնացված համագործակցությունը, առևտրատնտեսական փոխգործակցությունը, մշակույթը: Շեշտեցինք գործարար կապերի ընդլայնման և ներդրումների խթանման, մարդկանց միջև շփումների ակտիվացման և զբոսաշրջության ոլորտի զարգացման անհրաժեշտությունը, ինչի համար կարևոր նախադրյալ է մեր մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթերի առկայությունը: Կարևորեցինք, որ այցի շրջանակներում Պրահայում անցկացվում է հայ-չեխական գործարար համաժողով:

Մենք երկուստեք կարևորեցինք հայ-չեխական միջխորհրդարանական համագործակցությունը, ինչին նպաստում են երկու խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերը:

Ընդգծեցինք մշակութային և գիտակրթական կապերի հետևողական զարգացման անհրաժեշտությունը: Այս տարի Երևանում և 2015 թվականին Պրահայում կանցկացվեն համապատասխանաբար չեխական և հայկական մշակույթի օրեր: Պարոն Նախագահն առաջարկեց, որպեսզի մենք ավելի ակտիվ կերպով խրախուսենք մեր երիտասարդներին` Չեխիայում կրթություն ստանալու նպատակով, ինչի համար, բնական է, ես շնորհակալ եմ:

Վերահաստատեցինք բազմակողմ հարթակներում` ՄԱԿ-ի կառույցներում, ԵԱՀԿ, ԵԽ, ինչպես նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում մեր երկրների միջև համագործակցությունն ավելի խորացնելու փոխադարձ ցանկությունը:

Պրահան կարևոր նշանակետ է Հայաստանի եվրոպական օրակարգում, որը մեր արտաքին քաղաքականության գերակայություններից է: Մոտ հինգ տարի առաջ հենց այստեղ՝ Պրահայում Արևելյան գործընկերության մեկնարկով Հայաստանը ստանձնեց Եվրոպական միության հետ ավելի սերտ համագործակցություն զարգացնելու հանձնառությունը, որը վերահաստատեցինք նաև անցած նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովում: Մենք հաստատակամ ենք Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները շարունակաբար խորացնելու և ընդլայնելու հարցում և այս առումով ակնկալում ենք բարեկամ երկրների, մասնավորապես Չեխիայի համակողմանի աջակցությունը:

Մենք համոզված ենք, որ տարբեր ինտեգրացիոն գործընթացները միանգամայն հնարավոր է զարգացնել ոչ թե հակադրության այլ համատեղելիության և համագործակցության հունով: Այս իմաստով Արևելյան գործընկերությունը կարող է բնական կամուրջ դառնալ՝ նպաստելով տնտեսական ինտեգրմանը Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս: Մենք հանձնառու ենք հետևողական ջանքեր գործադրելու առավել ընդգրկուն, բաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ։ Ես շնորհակալ եմ պարոն Նախագահին՝ Մաքսային միությանը միանալու մեր որոշմանը ըմբռնումով մոտենալու համար: Շնորհակալ եմ Չեխիայի Նախագահին նաև ապրիլի 24-ին Պրահայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին հրավիրելու համար և շնորհակալ եմ առանձնապես այն բանի համար, որ նա գնահատում է իմ այցն ապրիլի 24-ին Պրահա՝ հասկանալով հանդերձ, որ ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերն իրենց հարգանքի տուրքն են մատուցում Ցեղասպանության զոհերին:

Միլոշ Զեման,Սերժ Սարգսյան, Չեխիայի ՀանրապետությունՄենք բարձր ենք գնահատում Չեխիայի Հանրապետության կառուցողական դիրքորոշումը՝ սատարելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Շուրջ 2 տարի տևած դադարից հետո 2013 թվականի նոյեմբերին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ինչն ինքնին, իհարկե, դրական քայլ է բանակցային գործընթացում: Նախագահների մակարդակով ուղիղ շփումները կարևոր խթան են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին, որը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ ձևաչափն է: Վերջին հինգ տարիների ընթացքում համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների մակարդակով ընդունված հայտարարություններում ամրագրված սկզբունքներն ու դրույթները լավ հիմք են ապահովում հիմնախնդրի արդար և տևական խաղաղ կարգավորման համար: Մենք կիսում ենք համանախագահ երկրների տեսակետը, որ այդ սկզբունքներն ու դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևէ մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերը անհնարին կդարձնեն փոխզիջման ձեռք բերումը և կարգավորման հասնելը:

Այդուհանդերձ, հիմնահարցի կարգավորումն իրատեսական չի թվում, եթե Ադրբեջանը մեկընդմիշտ չհրաժարվի ռազմատենչ քարոզչության, սպառազինությունների մրցավազք հրահրելու և շփման գծում սադրիչ գործողություններ իրականացնելու արատավոր քաղաքականությունից: Ժամանակն է, որ ադրբեջանական կողմը կառուցողական մոտեցում ցուցաբերի հիմնախընդիրը բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու հարցում: Այստեղ պետք է մի շատ կարևոր շեշտադրում կատարեմ, պարոն Նախագահ. հիմնախնդրի խաղաղ և տևական կարգավորման հարցում մենք ակնկալում ենք միջազգային հանրության անկողմնակալ մոտեցումը կամ առնվազն գործընթացին չվնասելու սկզբունքով առաջնորդվելը:

Նախագահ Զեմանի հետ լիովին համակարծիք էինք, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով:

Մեր հանդիպումը գնահատում եմ արդյունավետ և հույս հայտնում, որ հայ-չեխական երկխոսությունն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը` համատեղ ջանքերի և արդեն իսկ ստեղծված նախադրյալների շնորհիվ ավելի կընդլայնվի և կզարգանա:

Ես շնորհակալություն հայտնեցի Նախագահ Զեմանին ջերմ հյուրընկալության համար և հրավիրեցի պետական այցով այցելել Հայաստան և շնորհակալ եմ, որ նա այս հրավերն ընդունեց հաճույքով:
Անկախ

Հայ-իտալական գործարար համաժողով Տերնիում

29.Business forum in Terni 31.01.2014Հունվարի 23-ին Տերնիի առևտրի պալատի նստավայրում, Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի ունեցավ «Ներդրումային հնարավորությունները Հայաստանում» խորագրով գործարար համաժողով:

Համաժողովի կազմակերպիչներն էին` Իտալիայում ՀՀ դեսպանությունը, կենտրոնական Իտալիայում Զարգացման Հայկական գործակալության ներկայացուցիչը և Տերնիի առևտրի պալատը:

Համաժողովի աշխատանքներին մասնակցեցին թեթև արդյունաբերության, սննդի վերամշակման,  դեղագործության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ծխախոտի արտադրության և բանկային ոլորտներում ներգրավված շուրջ 50 իտալական ընկերությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի մասնակիցներին ներկայացվեցին Հայաստանում առկա բիզնես միջավայրը, բիզնեսի զարգացման և ներդրումների համար ստեղծված նպաստավոր պայմանները, այդ թվում` նաև ազատ առևտրի գոտիների առկայության փաստը:

Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը համաժողովի մասնակիցներին ուղղված իր խոսքում անդրադարձավ երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված առաջընթացին, Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև մասնակիցների ուշադրությունը հրավիրեց միջազգային վարկանիշային հեղինակավոր հաստատությունների կողմից Հայաստանին տրվող գնահատականների դրական դինամիկայի վրա:

Համաժողովի մասնակիցները պատրաստակամություն արտահայտեցին առաջիկա ամիսներին կազմակերպել Տերնիի նահանգի մի խումբ գործարարների այց Հայաստան` ներդրումային հնարավորությունները տեղում ուսումնասիրելու նպատակով:

Համաժողովի շրջանակներում դեսպան Ղազարյանը հարցազրույց է տվել իտալական Ումբրիա 24 պարբերականի թղթակցին, որի հունվարի 24-ի համարում տպագրվել է Հայաստանում ներդրում կատարելը` շահավետ է խորագրով հոդվածը:

Հոդվածում, մասնավորապես, մեջբերված են ՀՀ դեսպանի` համաժողովին հնչեցված խոսքերն առ այն, որ Հայաստանի թե` քաղաքական և թե` տնտեսական տեսանկյունից կայուն զարգացման, ինչպես նաև որակյալ ու մատչելի աշխատուժի և ազատ առևտրի գոտիների առկայության ու միաժամանակ նաև կառավարության շարունակական ջանքերի շնորհիվ, երկրում ստեղծվել են բավականին նպաստավոր պայմաններ արտաքին ներդրումների համար: Հոդվածում անդրադարձ է եղել նաև ՀՀ դեսպանի այն դիտարկմանը, որ Հայաստանը իտալացի ներդրողների համար կարող է կամուրջ հանդիսանալ թե` տարածաշրջանի և թե` Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների շուկաներ առավել շահավետ ձևով դուրս գալու համար:

Անկախ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Արաբական Միացյալ Էմիրություններ

1612133_10202205232844729_879290648_oՇարժայի կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիի հրավերով աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուվարի 30-ին այցելեցին Շարժայի Ամերիկյան համալսարան, որտեղ տեղի ունեցավ Շարժայի կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիի պարգեւատրման արարողությունը, որին ներկա էին ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, բարձրաստիճան հյուրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ: ԱԺ նախագահը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից Շեյխին հանձնեց ՀՀ պատվո շքանշան` ՀՀ եւ ԱՄԷ միջեւ բարեկամական կապերի ամրապնդման եւ տնտեսական համագործակցության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց.
«Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալվել Շարժայում, որը համարվում է Արաբական Միացյալ Էմիրությունների մշակութային մայրաքաղաքը: Առավել ևս պատվաբեր է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի անունից պետական պարգև հանձնել մի անվանի գիտնականի և պետական գործչի, ով ոչ միայն լեցուն է այդ մշակույթով, այլև գնահատում է մշակույթը և ամեն ինչ անում այն հարստացնելու և արժանապատվորեն պահպանելու համար: Ընդ որում, խոսքը վերաբերում է ինչպես արաբական, այնպես էլ հայկական մշակույթին:
Արաբական աշխարհի հետ Հայաստանի և հայ ժողովրդի ջերմ բարեկամության խոսուն վկան է մեր բազմադարյան ընդհանուր պատմությունը, որի հիմքի վրա այսօր հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները:
Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների հետ և,առաջին հերթին, անշուշտ, բարեկամ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների զարգացմանը:
Մեծարգո դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ-Կասիմի,
Հայերը, ինչպես և արաբները շատ թանկ են գնահատում ընկերությունն ու բարեկամությունը և ամեն կերպ ձգտում պահպանել այն: Հայ – արաբական բարեկամական հարաբերությունների պատմությունը ոչ միայն երկու ժողովուրդների հոգևոր կապի ու հավատարիմ զգացմունքների մասին է վկայում, այլև մշակույթների ու կրոնների միջև երկխոսության ու համերաշխության փայլուն օրինակ է:
Շարժայում վեր խոյացող հայկական հիասքանչ եկեղեցին կարծես մարմնավորում է այն ջերմ վերաբերմունքը, որ կա հայերի հանդեպ Շարժայում և, առաջին հերթին, Ձեր կողմից, մեծարգո Շեյխ:
Սիրելի ներկաներ,
Պատիվ եմ ունեցել 2005 թ. սեպտեմբերին Շարժայի վսեմաշուք Էմիր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ-Կասիմիի՝ Հայաստան այցի օրերին միասին այցելել Հաղարծին: Հատկապես հուզիչ էր այն պահը, երբ կարեւորելով վանական համալիրի պատմական նշանակությունը սերունդների համար` Շեյխ Կասիմին առաջարկեց ֆինանսական ամբողջական օժանդակություն այն վերականգնելու համար: Հայաստանը երախտապարտ է Ձեզ՝ հայկական պատմամշակութային կոթող հանդիսացող միջնադարյան հայկական վանական համալիրի՝ Հաղարծինի վերականգնման աշխատանքները հովանավորելու համար: Հաղարծինի ուսումնագիտական կենտրոնը հիշատակվում է XIII-րդ դարի՝ աշխարհի առաջատար մշակութային օջախների շարքում:
Հայ ժողովրդի և Հայաստանի իշխանությունների անունից ընդունեք, խնդրեմ, մեր խորին երախտագիտությունը:
Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեր ջերմ ու անկեղծ վերաբերմունքի համար և վստահություն հայտնել, որ մեր հարաբերություններն ու բարեկամությունը դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու՝ հանուն մեր ժողովուրդների բարեկեցության և Հայաստանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների բարօրության»:
ՀՀ ԱԺ նախագահը ՀՀ իշխանությունների անունից Շարժայի կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիին հրավիրեց Հայաստան:
Ներկաներին ողջունեց եւ ելույթ ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Շարժայի էմիր Շեյխ Սուլթան Բին Մուհամմադ Ալ Կասիմին իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ ՀՀ պետական պարգեւին արժանանալու եւ Հայաստան այցելելու հրավերի համար եւ պատրաստակամություն հայտնեց այսուհետ եւս աջակցել Հայաստան-ԱՄԷ բարեկամական կապերի հետագա զարգացմանը եւ ամրապնդմանը: Նա բարձր գնահատեց հայ եւ արաբ ժողովուրդների դարավոր ջերմ բարեկամությունը եւ անհրաժեշտ համարեց այդ բարեկամությունը ամրապնդել տարբեր բնագավառներում՝ կոնկրետ ծրագրեր իրականացնելով եւ առկա համագործակցությունը տարբեր ուղղություններով ավելի խորացնելով եւ ընդլայնելով:
ՀՀ ԱԺ նախագահը գրառում կատարեց համալսարանի պատվավոր հյուրերի գրքում:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Անկախ 

«Պատերազմ ու նրա դասերը. հարատև խաղաղության որոնումը» թեմայով քննարկում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

մակՀունվարի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ քննարկում` «Պատերազմ ու նրա դասերը. հարատև խաղաղության որոնումը» խորագրով, որն անդրադարձավ խաղաղ և անվտանգ հասարակություններ և հարաբերություններ ապահովելու համար կանխարգելման, հաշտեցման, ճշմարտության մեխանիզմների կիրառման հարցերին: Նիստը նախագահում էր ՄԱԿ-ում Հորդանանի մշտական ներկայացուցիչ` արքայազն Զեիդ Ալ-Հուսեյնին: Քննարկմանը մասնակցեին ու ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը, ինչպես նաև անդամ պետությունների շուրջ վեց տասնյակ ներկայացուցիչներ:

Իր ելույթում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը նշեց, որ հաշտեցման գործընթացը չի ենթադրում միայն պայմանագրերի ստորագրում: Որպեսզի հաշտեցումը լինի տևական, անհրաժեշտ է ընդունել անցյալը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հաշտեցման հարցում հաջողության հասած ժողովուրդներն ու ազգերն անցել են արդարության վերականգնման ճանապարհով, որը ներառում է նաև նմանատիպ ոճիրների հետևանքների վերացում: Իր ելույթի մեկ այլ բաժնում դեսպան Նազարյանը կարևորեց նաև, որպեսզի միջազգային հանրությունը միաձայն դեմ արտահայտվի պատմության աղավաղմանն ու ժխտողականությանը:             

«Զանգվածային դաժան հանցագործությունների անպատժելիության վերացումը էական է արդարության վերականգման համար»,- նշեց դեսպանը ու հավելեց, որ «այսօր էլ ցեղասպանության հանցագործությունները կրկնվում են աշխարհր տարբեր մասերում` պատճառ հանդիսանալով հսկայական մարդկային կորուստների, քաղաքական ու տարածաշրջանային հուզումների»: Դեսպան Նազարյանն ընդգծեց, որ ամեն մի հասարակություն պետք է առերեսվի իր անցյալի հետ, և այս գործընթացում իրենց դերակատարումն ունեն նաև միջազգային կազմակերպությունները, խորհրդարանները, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցները, քաղաքական ու հոգևոր առաջնորդները, պատմաբանները, ուսուցիչները և այլն:

Հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է բազմաթիվ պետությունների, միջազգային կառույցների (ներառյալ` ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի ու դրա Փոքրամասնությունների պաշտպանության և խտրականության վերացման ենթահանձնաժողովի) կողմից` նա իր ելույթի վերջում կոչ արեց ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ու շարունակելու մարդկության դեմ կատարված այդ հրեշավոր ոճիրի ճանաչման ու դատապարտման գործընթացը:

Անկախ

Նոր խթան հայ-իտալական համագործակցության զարգացման համար

հայ-իտալական համագործակցությունՍ.թ. հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն պարոն Ջովաննի Ռիչուլիին և նորանշանակ ռազմական կցորդ, գեներալ-մայոր Ջովաննի Արմենտանիին /նստավայրը` ք. Մոսկվա/:

Պաշտպանության նախարարը շնորհավորեց դեսպանին և ռազմական կցորդին նշանակումների կապակցությամբ` հույս հայտնելով, որ հայ-իտալական ռազմական համագործակցությունը կշարունակի մոտ ապագայում նոր ձեռքբերումներ գրանցել: Ակնկալվում է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կազմում իտալական զորախմբի կազմում Լիբանան գործուղել մեկ հայկական դասակ, ինչի կապակցությամբ ստացվել է ՄԱԿ-ի համաձայնությունը, իսկ իտալական կողմի հետ առաքելության մանրամասները գտնվում են համաձայնեցման վերջնական փուլում:

Իտալական կողմը նշեց, որ Իտալիայի զինված ուժերում տեղյակ են հայ խաղաղապահների մասնագիտական պատրաստվածության և փորձի մասին և ակնկալում են համատեղ առաքլությունը սկսել մոտ ապագայում: Այս առաքելությունը նոր խթան կհանդիսանա այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Անկախ

Ստորագրվել է հայ-վրացական ռազմական համագործակցության 2014թ. ծրագիրը

հայ-վրացական համագործակցությունՍ.թ. հունվարի 28-ից-29ը Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Միխեիլ Դարչիաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը մասնակցել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի հետ:  Վրաստանի ՊՆ պատվիրակությանը ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը ընդլայնելու հնարավորությունները, քննարկվել են նաև բազմակողմ շրջանակներում համագործակցության հեռանկարները:

Վրաստանի ՊՆ պատվիրակության այցի ընթացքում կողմերն ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության 2014թ. ծրագիրը:

Ծրագիրը ներառում է ինչպես կողմերի տարբեր մակարդակների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ, այնպես էլ համագործակցություն ու փորձի փոխանակում պաշտպանական քաղաքականության, խաղաղապահության, լեռնային պատրաստության, ռազմական կրթության, ռեսուրսների կառավարման և այլ բնագավառներում:

 Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով կմենկի Չեխիա

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանը, Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանի հրավերով, այսօր պետական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն: Պրահայում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Նախագահ Զեմանի հետ: Երկու երկրների նախագահների առանձնազրույցին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին նախատեսվում են մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը և բանակցությունների արդյունքների վերաբերյալ նախագահներ Սերժ Սարգսյանի և Միլոշ Զեմանի համատեղ մամուլի ասուլիսը: Հայաստանի և Չեխիայի նախագահները կմասնակցեն նաև հայ-չեխական գործարար համաժողովին:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Չեխիայի սենատի նախագահ Միլան Շտեխի, վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի, խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի, Պրահայի քաղաքապետ Տոմաշ Հուդեչեկի, Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի Կարդինալ-արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ:

Հանրապետության Նախագահը հանդիպում կունենա նաև Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Բառացիորեն օրեր առաջ մենք վկան եղանք մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորի սխրանքին

images (1)Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որտեղ մասնավորապես ասվում է.

“Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:

Երբ հայ ժողովուրդը տևական ընդմիջումից հետո վերականգնում էր իր անկախությունը, հայոց բանակն առաջին կայացած պետական կառույցը դարձավ: Հայաստանի զինված ուժերի ստեղծումը մեր երկրի առաջին և մեծագույն ձեռքբերումն էր: Սա արդեն պատմական փաստ է և անհերքելի ճշմարտություն: Բայց դա չի նշանակում, որ բանակաշինությունը կորցրել է իր արդիականությունը:

Բառացիորեն օրեր առաջ մենք վկան եղանք մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորի սխրանքին, ով իր կյանքի գնով կատարեց իր առաջադրանքը՝ պաշտպանելով այն ամենը, ինչը սուրբ ու նվիրական է բոլորիս համար: Այսօր մեր աչքի առջև նոր սերունդը շարունակում է մեր բանակի և զինվորականության լավագույն ավանդույթները, որոնք դեռևս ձևավորվել են Արցախյան հերոսամարտի օրերին՝ մարտի դաշտում:

2014 թվականի մայիսին կլրանա զինադադարի ստորագրման 20-րդ տարին: Արդեն երկու տասնամյակ է, ինչ մեր բանակը և ողջ հասարակությունը ապրում են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում: Սա առանձնահատուկ բարդ վիճակ է ցանկացած բանակի և առանձին վերցրած՝ յուրաքանչյուր զինվորի ու սպայի համար, բայց այս ընթացքում մեր բանակը պատվով է կատարում իր առաքելությունը:

Այսօր՝ մեր հաղթական բանակի օրը, մեծ տոն է, և առիթ՝ հիշելու նրանց, ովքեր Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանությունը կազմակերպեցին և իրականացրեցին անհավանական թվացող ճիգերի գնով, իսկ հարկ եղած դեպքում՝ նաև կյանքի գնով: Նրանք դարձան օրինակ և չափանիշ հետագա սերունդների համար, ինչպես նրանց համար օրինակ ու չափանիշ էին եղել իրենց հայրերն ու պապերը երկրորդ աշխարհամարտի օրերին: Մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, ովքեր պարտադրված գոյապայքարը վերածեցին փառահեղ ազատամարտի: Նրանք դեռ բանակ չէին, և իրենց համեստորեն կոչում էին «ինքնապաշտպանության ուժեր»՝ ի տարբերություն այն հրոսակախմբերի, որ իրենց «բանակ» էին հորջորջում, բայց մեր ջոկատների կեսը չարժեին:

Մեր ժողովրդի բոլոր հատվածները միասին ձևավորեցին մեր բանակը ո՛չ թե թղթի վրա, այլ կռվի դաշտում: Իրավական ձևակերպումը եկավ ավելի ուշ, բայց ճիշտ ժամանակին: Դա այն պահն էր, երբ մենք ամենայն իրավունքով և հպարտությամբ մեզ կարող էինք կոչել Հայաստանի Հանրապետության զինված ուժեր: Հայոց բանակը և՛ պատերազմի դաժան օրերին, և՛ զինադադարի 20-ամյա ժամանակահատվածում ապացուցել է և ամեն օր ապացուցում է, որ հակառակորդի հոխորտանքները ոչինչ չարժեն, որովհետև սահմանին կանգնած է պատրաստված և գիտակից հայ զինվորականը: Եվ կանգնելու է: Քսան տարին մեր պատմության համար նույնիսկ ակնթարթ էլ չէ: Մենք կանգնելու ենք այնքան, որքան անհրաժեշտ է:

Հայաստանի զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը դեռևս իրենց ձևավորման պահին ասացին հակառակորդին և բոլորին մի պարզ բան. Արցախի ազատությունը վեր է ամեն ինչից, մենք գիտակցում ենք, որ մեզ ոչ ոք ազատություն չի նվիրելու, բայց մենք պատրաստ ենք պայքարի: Եվ մենք հաղթեցինք:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս պանծալի տոնի առթիվ: Մենք վստահորեն նայում ենք առաջ, որովհետև ունենք հուսալի պաշտպան՝ ի դեմս հայկական բանակի: Մաղթում եմ բոլորիս խաղաղություն և բարօրություն”:

 

Անկախ 
 

Բանակի օրվա առթիվ մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ արժանացել են ՀՀ պետական բարձր պարգևների

5196_bԲանակի օրվա առթիվ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ ս. թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձը փոքրաթիվ ուժերով կասեցրած և հակառակորդին հետ մղած զորամասի զինծառայողները Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել են պետական բարձր պարգևներով:

5199_bՀանրապետության Նախագահի հրամանագրերով, Բանակի օրվա առթիվ և Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության ու անձնական խիզախության, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ ևս պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով:

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ և նրանց ներկայությամբ Բանակի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձը հղել մեր հայրենակիցներին:

Անկախ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

տարոն մարգարյանՍիրելի հայրենակիցներ,

Այսօր մեր ժողովուրդը նշում է  Հայոց բանակի օրը:

Բանակ, որի ձևավորումը ճակատագրի բերումով ընթացավ պատմական մեր հայրենիքի մաս կազմող Արցախ աշխարհի ազատագրման համար մղվող մարտական գործողություններին զուգահեռ: Թերևս նաև դա է պատճառը, որ հաղթանակած մեր բանակն այսօր տարածաշրջանի ամենամարտունակ բանակի պատվաբեր համարումն ունի, իսկ նրա տոնը՝ մեր ժողովրդի ամենանվիրական տոներից մեկն է:

Բանակի կայացումն, անշուշտ, մեր անկախ պետության ամենանշանակալի ձեռքբերումներից մեկն է, որի բոլոր օղակների շնորհիվ է՝ լինի շարքային զինվոր թե հրամանատար,  որ այսօր կայուն իրավիճակ ու խաղաղություն է ոչ միայն մեր երկրում , այլև ողջ տարածաշրջանում: Եվ փառք ու պատիվ բոլոր ազատամարտիկներին, որ իրենց անշահախնդիր լուման բերեցին Հայոց բանակի կայացման գործում: Փառք նաև բոլոր այն նվիրյալների, ովքեր անձնվիրաբար մարտնչեցին ու կյանքի գնով վերանվաճեցին թե’ մեր պատմական հայրենիքի մի մասը, և թե’ Հայոց հաղթական բանակի համբավը։

Սիրելի զինվորներ, պարոնայք սպաներ,

Ձեզ էլ շնորհավորելով մաղթում եմ, որ ռազմական ձեր գիտելիքներն ու կարողությունները հնարավորինս ցուցաբերեք միայն զորավարժությունների ժամանակ՝ խաղաղ ու անամպ երկնքի ներքո: Քաջառողջություն, ուժ ու կորով ձեզ՝ հանուն հայրենիքի և մեր ժողովրդի անվտանգության ու բարօրության գիշեր ու զօր տարվող ձեր պատասխանատու և պատվաբեր ծառայության գործում։

 

Երևանի քաղաքապետ
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Անկախ

Բանակի օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

եռաբլուր պանթեոնԲանակի օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ու Հայոց հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Անկախ

ԱԳ նախարարն ընդունեց Շվեյցարիայի ԱԳՆ պետքարտուղարին

Էդվարդ ՆալբանդյանՀունվարի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության պետքարտուղար Իվ Ռոսյե,Էդվարդ Նալբանդյան,ին։

 

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորել է ԵԱՀԿ շվեյցարական նախագահության նախաձեռնություններն՝ ուղղված կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը և հայտնել Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության առաջադրած օրակարգի իրականացմանը։

 

Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկhալտերի`ամռանը Հայաստան նախատեսվող այցին։

 

Էդվարդ Նալբանդյանը պետքարտուղար Ռոսյեին է ներկայացրել Հայաստանի և միջազգային հանրության ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ողջունել շվեյցարական նախագահության մոտեցումը`սատարելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրանացվող միջնորդական առաքելությանը:

Անկախ

 

Դեսպան Վարդանյանը մասնակցեց «Հայրենի գարուն» միջոցառմանը

Չոնգ Տանգ Սանգ,ՀՀ դեսպան Ռաիսա ՎարդանյանՀունվարի 23-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը մասնակցեց ՎՍՀ ԱԳՆ, Հանոյի քաղաքապետարանի և Վիետնամի հանրային հեռուստաընկերության կազմակերպած ամանորյա «Հայրենի գարուն» տոնակատարությանը: Արարողությանը պաշտոնական ելույթ ունեցավ ՎՍՀ Նախագահ Չոնգ Տանգ Սանգը:

Միջոցառման ընթացքում դեսպան Վարդանյանը կարճատև զրույց ունեցավ Վիետնամի Նախագահի հետ:

Անկախ

Էդվարդ Նալբանդյանը համանախագահներին պատմել է Ադրբեջանի սադրանքների մասին

 

23. Minister Nalbandian met  with OSCE MG co-chairmen and Azerbaijani FM - 24.01.2014Հունվարի 24-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները սկզբում առանձին հանդիպումներ ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների հետ, ապա բանակցությունները շարունակվեցին ընդլայնված ձևաչափով` արտգործնախարարների, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ։

Հիմնվելով նոյեմբերի 19–ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա և ի շարունակություն դեկտեմբերի 5–ին Կիևում ԱԳ նախարարների հանդիպման` քննարկվեցին խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ ամսվա առաջին կեսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցելելու վերաբերյալ:

Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում լարվածության շեշտակի մեծացման և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, Արդբեջանում ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ և Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարությունների վրա, որոնք ակնհայտ սադրիչ բնույթ են կրում և լուրջ հարված են հասցնում բանակցային գործընթացին: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ դրանք նվազեցնում են հիմնախնդրի կարգավորման և խաղաղության հասնելու հեռանկարները և ակնհայտ արհամարանք են եռանախագահ երկրների ղեկավարների կողմից բազմիցս արված կոչերին` ձեռնպահ մնալու հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը տարածաշրջանում և հանգեցնել իրավիճակի էսկալացիայի:

Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների`հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչումը՝ որպես սադրանքների կանխարգելման հնարավոր մեխանիզմ:

 Անկախ

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար անձնակազմի հետ

սոցապ նախարարություն,Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ աշխատանքի և զբաղվածության, հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչություններում, աշխատակիցների հետ զրուցել նրանց կողմից իրենց գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին, հետաքրքրվել աշխատանքային պայմաններով ու առկա խնդիրներով, այնուհետև նախարարության խորհրդակցությունների դահլիճում ղեկավար անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:

Խորհրդակցության ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, նախարարի տեղակալները, սոցիալական ապահովության պետական ծառայության պետը և աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, խնդիրների ու զարգացման ծրագրերի մասին:

Նախարար Արտեմ Ասատրյանը Նախագահին ներկայացրել է 2013թ. նախարարության գործունեության հիմնական արդյունքները, իրականացվող ծրագրերի ընթացքը, խոսել նաև առկա խնդիրների և առաջիկա անելիքների մասին: Նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը զեկուցել է աշխատանքի և զբաղվածության, սոցիալական աջակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին, անդրադարձել ժողովրդագրության խնդիրներին և նախարարության գործառույթների շրջանակներում դրանց լուծմանը միտված ծրագրերին: Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և տարեցների սոցիալական պաշտպանության հարցերի ուղղությամբ աշխատանքներն ու առաջիկա անելիքները ներկայացրել է նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը: Նախարարի մեկ այլ տեղակալ Սոնա Հարությունյանը զեկուցել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի մոնիթորինգի և արդյունավետության գնահատման համակարգի ներդրման ընթացքն ու հետագա աշխատանքները: Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի, գենդերային քաղաքականության, թրաֆիքինգի դեմ պայքարի և բարեգործական ծրագրերի մասին զեկուցել է նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանը ներկայացրել է «էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգը, դրա առավելություններն ու արդյունավետությունը, որից հետո աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը հանդես է եկել նախարարության աշխատակազմի կառուցվածքի, մարդկային ռեսուրսների և ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքների ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ զեկույցով:

Ղեկավար անձնակազմի զեկույցները լսելուց հետո, Նախագահն առանձին խնդիրների վերաբերյալ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, իր խոսքում անդրադարձել նախարարության առաջիկա խնդիրներին և գործունեության գերակա ուղղություններին, խոսել նաև իրականացվող բարեփոխումների մասին: Հանրապետության Նախագահը կարևորել է սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումները հանրությանը հանգամանորեն և մատչելի ներկայացնելը, ինչը, նրա համոզմամբ, հատկապես արդիական է կենսաթոշակային համակարգի բարեփոխումների պարագայում: Ըստ Նախագահի, մարդկանց հետ խոսելիս և աշխատանքը ներկայացնելիս հաճախ կարելի է լսել, որ իրենք չգիտեին այդ մասին, ժամանակ չեն ունեցել ընթերցելու, լսելու կամ դիտելու օրեր առաջ արված իրազեկումները: Այդ դեպքում ևս, Սերժ Սարգսյանի խոսքով, անհրաժեշտ է, որ բոլոր պատասխանատուներն առանց զլանալու և համբերատարությամբ շարունակեն մարդկանց ներկայացնել, բացատրել հասարակության համար այս բարեփոխումների կարևորությունը, արդիականությունն ու արդյունավետությունը, նշեն, թե դեպի ուր է այն տանելու մեր երկիրն ու հասարակությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ սոցիալական ոլորտում բարեփոխումները լայն ընթացք ունեն, և իրավունք չունենք այս ընթացքը դանդաղեցնելու: Կենսաթոշակային համակարգի բարեփոխման հետ կապված՝ Նախագահն ընդգծել է. «Ես համոզված եմ, որ այս բարեփոխումն այն համալիր ծրագիրն է, որ հետո կոչելու են պատմական. անցնելու են տարիներ, և այսօրվա ձեր կատարած աշխատանքը միայն ու միայն հարգանքի և շնորհակալության է արժանանալու: Ակնհայտորեն և՛ ձեզ, և՛ ինձ համար արդյունքները միգուցե տեսանելի չեն լինելու կամ քչերիս համար են տեսանելի լինելու: Այդուհանդերձ, եթե մենք այսօր լծվել ենք այս աշխատանքին ու խորապես համոզված ենք, որ այս բարեփոխումը ճիշտ է, և սա այն ծրագրերից մեկն է, որ միտված է մեր երկրի ապագային, ապա, նորից եմ կրկնում, պետք է համբերատար, առանց զլանալու բացատրել բոլորին: Մենք պատասխանատու ենք բոլորի համար: Պատասխանատու ենք նաև այն մարդկանց համար, ովքեր այսօր կամ չեն հասկացել այդ բարեփոխման տրամաբանությունը, կամ էլ ընդհանուր դժգոհության ֆոնին ուղղակի չեն ընդունում, չեն ընկալում նաև այս բարեփոխումը: Սակայն, միևնույն է այս մարդիկ էլ են օգտվելու այդ բարեփոխման արդյունքներից: Ուստի, մեկ անգամ ևս, պարո՛ն նախարար, պետք է մոբիլիզացնել ոչ միայն նախարարության ողջ անձնակազմը, այլև տարբեր փորձագետների, տարբեր մարդկանց, մեր համախոհներին, որպեսզի մանրամասն բացատրեն ռեֆորմի էությունը, նշանակությունը, նպատակները: Սա չափազանց կարևոր է»:

Նախագահը միաժամանակ ընդգծել է, որ սոցիալական ոլորտի բարեփոխումները մեր քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման բաղկացուցիչ մասն են: Ըստ նրա, ակնհայտ է, որ մարդկանց սոցիալական վիճակը հիմնականում կախված է տնտեսական աճից, ցածր գնաճից, որը և հնարավորություն է տալիս աշխատավարձերը բարձրացնել, տարբեր ծախսեր և ներդրումներ անել: Մարդիկ պետք է ուղղակիորեն իրենց կյանքում, կենցաղում զգան տնտեսական աճի ազդեցությունը: «Այս պահին մենք մեր հիմնական ուշադրությունը դարձնելու ենք տնտեսական աճի աշխուժացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը, առավել ևս, որ տարիների ընթացքում իրագործվել են ծրագրեր, որոնք գրեթե հասնում են իրենց եզրափակիչ փուլին, և այս տարի գործարկվելու են մի քանի ձեռնարկություններ, որոնք էական ազդեցություն են ունենալու մեր տնտեսության վրա»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ փոփոխվող տնտեսության կառուցվածքին համահունչ, նախատեսված ծրագրերը մշտապես ունենալու են շարունակական ֆինանսավորում: Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ նախարարությունը հաստատակամ է լինելու իր կողմից իրականացվող բարեփոխումներում:

Խորհրդակցության ավարտին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ Աղավնի Ասատրյանը, հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը, կենսաթոշակային ապահովության վարչության պետի տեղակալ Ռոզա Մկրտչյանը, հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Կարմեն Պետրոսյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:

Նախարարությունում Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, մեր երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը:

Մասնավորապես այն հարցին, թե ժամանակ առ ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություններ է անում պատերազմ սկսելու վերաբերյալ, մամուլում հրապարակումներ են լինում, որ Ադրբեջանը սպառազինվում է, նույնիսկ գնահատական է տրվել, որ վերջին 4-5 տարիների ընթացքում մոտ 3 մլրդ դոլարի սպառազինություն է գնել, այդ դեպքում որքանո՞վ են իրատեսական նախագահ Իլհամ Ալիևի հոխորտանքները Ղարաբաղի հարցը ուժի դիրքերից լուծելու առումով, և ի հակակշիռ այդ սպառազինության ի՞նչ է անում մեր պետությունը՝ Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ձեր կարծիքով, որքա՞ն ժամանակ է, որ Ալիևն այդպես խոսում է: Եթե կարող է, ինչու՞ չի անում: Եվ եթե պիտի անի, ինչո՞ւ է դրա մասին խոսում: Գիտեք, ես չեմ կարող նույնիսկ այսպիսի միջավայրում բացառել և ասել, որ ռազմական գործողություններ չեն լինելու, որովհետև մեր երկրում առնվազն երկու մարդ՝ Նախագահը և պաշտպանության նախարարը երևի պետք է համարեն, որ հենց վաղը կարող են ռազմական գործողություններ սկսվել: Բայց ես դեռևս տեսանելի ապագայում չեմ տեսնում ռազմական գործողությունների սկսում, սակայն եթե մեզ պարտադրեն, մենք ստիպված ենք լինելու կռվել: Դուք ասում եք՝ ի՞նչ եք անում: Անում ենք այն, որ Բաքվից ժամանած հատուկ նշանակության ջոկատի մարտիկները՝ թվով 3-4 անգամ ավելի, չեն կարողանում իրենց առջև դրված խնդիրը կատարել և, փաստորեն, ձախողվում են՝ կրելով ավելի շատ կորուստներ, քան դիրք պահող մեր զինվորները: Սա՝ մեկ: Ուզում եմ ասել, որ մեր բանակի մարտական պատրաստվածությունը բավականաչափ բարձր մակարդակի վրա է: Երկրորդ՝ մեր դիրքերի կահավորվածությունը համապատասխանում է այսօրվա իրավիճակին: Եթե ձեզնից որևէ մեկը լինի մեր առաջապահ դիրքերում, կտեսնի, թե մեր հրամանատարները և զինվորները ինչպիսի հմտությամբ են կահավորում իրենց դիրքերը՝ տարբեր թակարդներ լարելով, ահազանգման միջոցներ հնարելով, տարբեր խորամանկություններ կիրառելով: Եթե հիշում եք, երկու տարի առաջ դիվերսիոն գործողության այսպիսի փորձը հաջողություն ունեցավ: Պատահական չէ, որ հիմա ձախողվեց: Այսինքն, դրանից հետո միջոցներ ենք կիրառել՝ մենք մեր հերթին, ավագ հրամանատարներն իրենց հերթին, կրտսեր հրամանատարներն իրենց, բայց որ շատ կարևոր է՝ նաև մեր շարքային զինվորներն իրենց հերթին: Երրորդ՝ մենք համալրում ենք, և որևէ մեկից ոչ պակաս ենք համալրում մեր զինանոցները, մեր ռազմական պահեստները, մեր սպառազինությունը, զինամթերքը, մեր տեխնիկան: Եվ ամեն անգամ զանգվածային կիրառման զինատեսակների հետ զուգահեռ մենք ձեռք ենք բերում նաև ժամանակակից և հատուկ դեպքերում կիրառվող զինատեսակներ: Մենք որևէ մեկից այդ մասով հետ չենք մնում: Այո, գումարները, որ դրված են մեր բյուջեում, այդքան շատ խոսուն չեն, միլիարդների չեն հասնում, բայց ես ձեզ հավատացնում եմ, որ մեր բանակը զենք-զինամթերքի շատ մեծ պակաս չունի: Ասում եմ՝ շատ մեծ պակաս չունի, որովհետև աշխարհում քիչ կան բանակներ, որոնց ղեկավարությունն ամբողջովին բավարարված է եղած զենք-զինամթերքով: Բանակն այն օրգանիզմն է, որ ամեն անգամ պահանջում է նոր զենք, նոր զինամթերք: Սա էլ բնորոշ գիծ է բոլոր բանակների համար: Մենք պատերազմ չենք ուզում, ակնհայտ է, որ չենք ուզում, բայց եթե մեզ պարտադրեն, մենք այլ ճանապարհ չունենք: Մյուս կողմից՝ ամեն ինչ անելու ենք, որպեսզի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծենք»:
Անկախ

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյորը

Սերժ Սարգսյան,դեսպան Ջոն ՔյորՆախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյորը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է ընդգծվել, որ հայ-կանադական հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում դինամիկ զարգանում են: Նախագահը նշել է, որ որոշակի աշխուժություն կա նաև առևտրատնտեսական հարաբերություններում: Սերժ Սարգսյանը և դեսպան Քյորը համակարծիք են եղել, որ հիմնական հարցերի շուրջ երկու երկրները էական տարաձայնություններ չունեն և արդյունավետ փոխգործակցում են միջազգային կառույցներում: Այդ ամենը, նրանց համոզմամբ, նաև բարեկամ հայ և կանադացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող փոխադարձ համակրանքի, Կանադայի հասարակական-քաղաքական կյանքում իր որոշակի ներդրումն ունեցող կանադահայ համայնքի շնորհիվ է:

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու և հայ-կանադական հարաբերություններն առավել ամրապնդելու հնարավորությունները: Այդ գործում Նախագահը մեծապես կարևորել է նորանշանակ դեսպան Ջոն Քյորի դերը և հաջողություններ մաղթել նրան իր պատասխանատու աշխատանքում:
Անկախ

«Ֆիթչ»-ի փորձագետները հանդիպեցին ֆինանսների նախարարի հետ

ֆիտչ փորձագետներ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հունվարի 24-ին ընդունեց «Ֆիթչ» (Fitch Ratings) վարկանիշային միջազգային կազմակերպության փորձագիտական խմբի անդամներին: Խումբը Հայաստանում հանդիպումներ ու քննարկումներ է անցկացնում մեր երկրի սուվերեն վարկանիշը գնահատելու նպատակով:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին տեղեկացնում են, որ նախարարի հետ քննարկումների առանցքում պետական ֆինանսների կառավարման համակարգն էր՝ իր առաջնահերթ ուղղություններով ու հիմնական ֆինանսական ցուցանիշներով: Փորձագետների հետ զրույցում անդրադարձ եղավ այն բոլոր գործոններին, որոնք հաշվի են առնվում սուվերեն վարկանշման գործընթացում:

Նշենք, որ վարկանիշային այս կազմակերպությունը արտարժույթով եւ ազգային արժույթով Հայաստանի` որպես թողարկողի երկարաժամկետ վարկանիշը գնահատել է կայուն կանխատեսմամբ BB-: