Բնապահպանության նախարարը ցավակցական հեռագիր է հղել Կարեն Շահինյանի մահվան կապակցությամբ

1992 Karen

«Նշանակալի է Կարեն Շահինյանի ներդրումը հայրենի բնաշխարհի կենսաբազմազանության պահպանման գործում: Լինելով Հայաստանի Հանրապետության բնապահպանական գերատեսչության առաջին ղեկավար կազմի ներկայացուցիչը՝Կ. Շահինյանն իր հարուստ գիտելիքները և փորձը ներդրել է պետության առաջ ծառացած բնապահպանական խնդիրների լուծման կարևոր գործում:

Մեծ և ուսանելի է նաև նրա թողած գիտական ժառանգությունը, ինչը դեռ սերունդներ կկրթի: Կարեն Շահինյանն իր մարդկային բարձր հատկանիշներով, հարուստ գիտելիքներով և աշխատասիրությամբ մեծ հարգանք է վայելում իր գործընկերների, գիտնականներիև հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների մոտ:

Խորին ցավակցություն եմ հայտնում Կարեն Շահինյանի հարազատներին, գործընկերներին և մերձավորներին»,-ասված է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ցավակցական հեռագրում:

Վարչապետն այցելել է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների խնամքի կենտրոն

11466_am_2

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ուղեկցությամբ այսօր այցելել է «Փրկություն» հասարակական կազմակերպության՝ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ու երիտասարդների ցերեկային խնամքի և առօրյա զբաղվածության կենտրոն:
Հովիկ Աբրահամյանը շրջել է հաշմանդամ երեխաների կենտրոնի սենյակներով, ծանոթացել ստեղծված պայմաններին և հնարավորություններին, զրուցել երիտասարդների հետ: Ապա վարչապետը հանդիպել է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ծնողներին, ովքեր ներկայացրել են իրենց հուզող խնդիրները: Դրանք վերաբերում էին կենտրոնի տարածքի ընդլայնմանը, շահառուների տեղափոխման համար ևս մեկ տրանսպորտային միջոցի տրամադրմանը, երեխաների ամառային հանգստի կազմակերպմանը, շենքի վերանորոգմանը, կոմունալ և պահպանման ծախսերի փոխհատուցմանը և այլն: Անհատապես լսելով բոլոր ծնողներին՝ կառավարության ղեկավարը խոստացել է լուծում տալ բարձրացված հարցերին և հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

11466_am_1 11466_am_3 11466_am_4 11466_am_5 11466_am_6

 

 

 

 

 

Այցի ավարտին հաշմանդամ երիտասարդներից մեկը վարչապետ Աբրահամյանին է հանձնել իր կողմից պատրաստված կավե հուշանվերը:
1999 թ. ստեղծված այս կենտրոնի առաքելությունն է նպաստել հաշմանդամ երեխաների և երիտասարդների կրթական, առողջապահական ու սոցիալական հիմնախնդիրների լուծմանը՝ ուսուցման, խորհրդատվության և բուժծառայությունների տրամադրման միջոցով: Կենտրոնի 65 շահառուն մասնագիտական որոշակի հմտություններ է ձեռք բերում արվեստի տարբեր խմբակներում և օգտվում հոգեբանի, լոգոպեդի, սոցիալական աշխատողի, էրգոթերապիստի, հատուկ մանկավարժի ծառայություններից: Երեխաների տեղափոխումը տանից կենտրոն և հակառակ ուղղությամբ իրականացվում է «Փրկություն» ՀԿ-ի մեկ միկրոավտոբուսով: Կենտրոնի 24 աշխատակցի աշխատավարձը համաֆինանսավորման սկզբունքով վճարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: 1999 թվականից Շենգավիթ համայնքի թաղապետարանը, իսկ 2012 թվականից՝ Երևանի քաղաքապետարանը «Փրկություն» ՀԿ-ին անհատույց հատկացրել են 900 քմ տարածք ծրագրերն իրականացնելու համար:

Հայկ Հարությունյանը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Վարչապետի որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Հայկ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ։
***

Հայկ Հարությունյան

 


Հայկ Հարությունյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1986 թ. 9 օգոստոսի, ք. Երևան

Կրթություն 
1998 -2002 թթ. – Անանիա Շիրակացու անվան ճեմարան
2002-2004 թթ. – Ռիջենթս Սքուլ (Թայլանդ), միջազգային բակալավրի դիպլոմ
2004-2007 թթ. – Լանկաստերի համալսարան (Միացյալ Թագավորություն), քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, բակալավրիատ
2007-2009 թթ. – Քեմբրիջի համալսարան (Միացյալ Թագավորություն), միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, մագիստրատուրա
2012-2014 թթ. – Սկոլկովո մենեջմենթի դպրոց (Ռուսաստան)

Աշխատանքային գործունեություն
2007-2010 թթ. – ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչություն, փոխգործակցության սպա
2010-2011 թթ. – ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի աշխատակազմ, շտաբային սպա
2011 թ.- «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ
2011-2014 թթ. – «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
2012-2013 թթ. – «Արմաունթ Գրուպ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
2014 թ. – «Բի-Բի Գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն
2014 թ. օգոստոսի 5-ից՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
Զինապարտ է, կապիտան: 2010 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է Վազգեն Սարգսյանի մեդալով: Տիրապետում է անգլերենի, ռուսերենի, գերմաներենի:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է:

Հանրապետությունում ընթացքի մեջ է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը

հացահատիկային մշակաբույսեր

Հանրապետության տարածքում գրեթե բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի մասով ընթանում են բերքահավաքի աշխատանքները։

2014թ. հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել է՝ 187,8 հազար հեկտար, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը  9,5 հազար հեկտարով։ Օգոստոսի 5-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով,  հնձվել է շուրջ 89 հազար հեկտար հացահատիկ ապահովելով շուրջ 282 հազար տոննա համախառն բերք։

Արարատի և Արմավիրի մարզերում կատարված հացահատիկային մշակաբույսերի 13600 հա ցանքատարածության վրա բերքահավաքն գրեթե ավարտվել է, օպերատիվ տվյալներով ապահովելով համապատասխանաբար 44,3 և 38,8 ց/հա միջին բերքատվություն, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը։

Հանրապետության մյուս մարզերում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքներն ընթացքի մեջ են։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Սերգո Կարապետյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է

Համաշխարհային  բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների  կառավարման  և  մրցունակության»  ծրագրի  գյուղի  զարգացման  մասնագետ  և  թիմի  ղեկավար  Նիկոլաս  Ահուիսուսիին,  Բանկի  կայուն ռազմավարության  դեպարտամենտի գյուղատնտեսության     արտադրության  տնտեսագետ   Բեքզոդ  Շամսիևին  և    Համաշխարհային բանկի հայաստանյան  գրասենյակի  պատասխանատու  Արուսյակ Ալավերդյանին:

Հանդիպման  նպատակն  իրականացվող  ծրագրի ընթացքի  դիտարկումների  արդյունքներին ու նոր ծրագրի թիրախային առաջարկներինծանոթանալն է:

“Բարձր եմ  գնահատում Համաշխարհային բանկի՝ ոլորտին ցուցաբերվող աջակցությունը, մասնավորապես,  արոտավայրերի բարելավման  առաջին  ծրագրի շրջանակներում, ինչը  նպաստել է  հանրապետությունում անասնագլխաքանակի աճին և   ֆերմերների եկամուտների ավելացմանը:  

Հույս ունեմ, որ երկրորդ ծրագիրը ևս արդյունավետ կլինի և կապահովի շղթայի ամբողջականությունը“,-ողջունելով հյուրերին նշել է նախարարը:

Նիկոլաս  Ահուիսուսին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար  և տեղեկացրել է նախարարին, որ  դրական  միտումները կայուն  նախադրյալներ  են ապահովում «Համայնքների   գյուղատնտեսական  ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ  ծրագիրն իրականացնելու համար:  Նա նաև  նշել է,  որ  Բեքզոդ  Շամսիևը  հանդիսանալու  է «Համայնքների գյուղատնտեսական  ռեսուրսների  կառավարման  և մրցունակության» երկրորդ ծրագրի համակարգողը:

Երկրորդ  ծրագրիրը կընդգրկի հետևյալ բաղադրիչները՝  նոր  համայնքների ներգրավում, զարգացման արժեշղթայի բոլոր օղակների հստակեցում,ինչպես նաև աջակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝   Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գործում:

Նախարարը գոհունակություն է հայտնել  նոր ծրագրի մեկնարկի առթիվ և  ներկայացրել է առաջարկներ, որոնք ցանկալի կլիներ  ընդգրկելծրագրում: “Հանրապետությունում զգալիորեն ավելացել է գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը և ստեղծվել են մսի ևմսամթերքի արտահանման իրատեսական  նախադրյալներ, անհրաժեշտ է ծրագրի միջոցներով կառուցել մի քանի  սպանդանոց, կաթի վերամշակման արտադրամասեր,  կերարտադրության  բարձր մակարդակ ապահովելու և կերային բազան ավելացնելու համար  ձեռքբերել հացահատիկահավաք կոմբայններ, ինչպես նաև վերամշակող  արդյունաբերության բնագավառում ներդնել նորտեխնոլոգիաներ“,- նշել է նախարարը:

ՀԲի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել  քննարկել  վերոգրյալ  առաջարկներն ու հնարավորինս օժանդակել նոր ծրագրումդրանք  ընդգրկելու գործում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

հասարակայնության հետ կապերի բաժին

 

Սերժ Սարգսյանը դեսպաններ նշանակելու մասին որոշում է կայացրել

սերժ սարգսյանՂեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է Ավետ Ադոնցին ազատել Բելգիայի Թագավորությունում և, համատեղության կարգով, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պարտականություններից:

Մեկ այլ հրամանագրով Ավետ Ադոնցը նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ):

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Թաթուլ Մարգարյանը նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Բրյուսել):

Վերջինս համատեղության կարգով, նշանակվել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը` Բրյուսել):

ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության համատեղ մամուլի հաղորդագրությունը

загруженноеՕգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրադրությունը: Թե՛ ՀՀ պաշտպանության նախարարը, թե՛ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խորը մտահոգություն են հայտնել վերջին շրջանում լարվածության սրացման վերաբերյալ և դիտարկել են իրավիճակը լիցքաթափելու ուղիները՝ նախևառաջ Մինսկի խմբի գործընթացի միջոցով: Դեսպան Հեֆերնն իր ցավակցություններն է փոխանցել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին և կոչ արել լիցքաթափել իրավիճակը բոլոր կողմերին:

 

Նախագահը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին

100 ամյակ

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին:

Դեռատիզացիոն աշխատանքները մայրաքաղաքում կակտիվացվեն

001

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով կանաչապատման աշխատանքներին, վարչական շրջանների
ղեկավարներին և համապատասխան ստորաբաժանումներին սիզամարգերի խնամքն ապահովելու նպատակով հանձնարարվել է խստորեն հետևել աշխատանքներին և կարճ ժամկետում շտկել թերությունները:

Մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերում առնետները ոչնչացնելու ուղղությամբ տարվող դեռատիզացիոն աշխատանքների հետ կապված, հաշվի առնելով բնակիչների դժգոհությունները, վարչական շրջանների ղեկավարներին խստորեն հանձնարարվել է համատիրությունների հետ համատեղ ակտիվացնել աշխատանքներն ու աղբախցերի կանոնավոր ախտանում իրականացնել:

 

Հատուկ հսկողություն աշխատանքների կատարման ժամկետների, ինչպես նաև որակի ապահովման նկատմամբ

Երևանի քաղաքապետարան

Շախմատի դպրոցների շինարարական աշխատանքների, ինչպես նաև մանկապարտեզներում, երաժշտական և  արվեստի դպրոցներում ընթացող վերանորոգման հետ կապված՝ Երևանի քաղաքապետարանում  հրավիրված  աշխատանքային հերթական խորհրդակցության  ժամանակ հանձնարարվել է  հատուկ  հսկողություն սահմանել ժամկետների, ինչպես նաև որակի ապահովման նկատմամբ: Քաղաքապետարանի, ինչպես նաև միջազգային կառույցների հետ համագործակցությամբներդրումային ծրագրերով իրականացվող այգիների կառուցման աշխատանքների հետ կապված՝ հանձնարարվել է արագացնել շինարարության ընթացքն ու այգի-պուրակները շահագործման հանձնել հնարավորին շուտ:

Անդրադառնալով փողոցների հիմնանորոգման և ասֆալտապատման ընթացքին՝հանձնարարվել է փողոցների երթևեկելի հատվածներում և մայթերում «Երևան ջուր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներն աշխուժացնել և սահմանված ժամկետում ավարտել:

Հանձնարարվել է գծանշման աշխատանքներ իրականացնել արդեն իսկ ասֆալտապատված և հիմնանորոգված փողոցներում:

Իրադրությունն առաջնագծում. ԼՂՀ ՊՆ

Թեև օգոստոսի 3-ին և այսօր առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր չեն ձեռնարկվել, այնուամենայնիվ, իրավիճակն առաջնագծում եղել է լարված, քանի որ ադրբեջանական զինուժը շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հիմնականում կիրառելով հրաձգային, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներ:
ԼՂՀ ՊՆ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8500 կրակոց:

ՊԲ առաջապահ ուժերը վստահորեն տիրապետում են իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը

Բունդեսթագ

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 4-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի պատվիրակությանը, որի կազմում էին Քրիստոնեա-դեմոկրատական միության խմբակցության անդամներ Մանֆրեդ Գրունդը և Ալբերտ Վայլերը:
Ողջունելով գերմանացի պատգամավորներին՝ ԼՂՀ ԱԺ նախագահը կարևորել է Արցախի և Գերմանիայի օրենսդիրների միջև  համագործակցության զարգացումը՝ վկայակոչելով ս.թ. ապրիլի 2-ին և 3-ին Բեռլինում,  ԳԴՀ Բունդեսթագում իր ունեցած հանդիպումները:
Պատգամավորներ Մ.Գրունդը և Ա.Վայլերն իրենց գոհունակությունը հայտնեցին Ստեփանակերտ կատարած այցի առթիվ, նշելով, որ տարածաշրջանի մասին տեղեկություններն ամբողջական չեն առանց Արցախ այցելելու:
Պատասխանելով գերմանացի խորհրդարանականների՝ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին հարցին՝ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն անում է ամեն ինչ՝ բանակցային գործընթացը տապալելու համար:  Արցախի ԱԺ նախագահի համոզմամբ շփման գծում առկա լարվածությունը  պայմանավորված է նախորդ ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների խախտումների, ռազմատենչ քարոզչության, զանգվածային սպառազինման հանդեպ միջազգային կառույցների անհամարժեք արձագանքների և դրա հետևանքով պաշտոնական Բաքվի անպատժելիության զգացումով:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության  հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, ԼՂՀ փոխարտգործնախարար Ֆելիքս Խաչատրյանը և  Գերմանիայում ՀՀ դեսպանության  խորհրդական Աշոտ Սմբատյանը:
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը արիության մեդալով պարգևատրելու մասին

Արիության մեդալ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ  ե մ.

Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար զորամասի կրտսեր սերժանտ Սարգիս Արմենի ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Արիության մեդալով:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Նոր Նորք վարչական շրջան աշխատանքային շրջայցի մասին

Տարոն Մարգարյան

Ս․թ․ օգոստոսի 5-ին, ժամը 13։00-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կլինի Նոր
Նորք վարչական շրջանում, որտեղ կծանոթանա 2014թ․ ծրագրերով իրականացվող
աշխատանքների ընթացքին։
Շրջայցին մասնակցել ցանկացող լրագրողները կարող են ժամը 12։15-ին լինել
քաղաքապետարանի մուտքի մոտ, որտեղից կտրամադրվի տրանսպորտային միջոց։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 51-42-40

ՏԵՂԵԿԱՆՔ
 Այգիների բարեկարգման «ԳԵՂԵՑԻԿ ԵՐԵՎԱՆ» ծրագիր
Քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի (ՄԱԶԾ) Հայաստանյան գրասենյակի
հետ համատեղ այգիների բարեկարգմանն ուղղված «ԳԵՂԵՑԻԿ ԵՐԵՎԱՆ» ծրագրի շրջանակում
այժմ վերակառուցվում է նաև Նոր Նորք վարչական շրջանի Միկոյան և Գալշոյան փողոցների
խաչմերուկին հարող այգին:
Այդ տարածքը կազմում է շուրջ 4300 քմ: Այստեղ շինբարեկարգման աշխատանքները
ներառում են նոր անցուղիների և ճեմուղիների կառուցում, ոռոգման ներքին ցանցի նորոգում ևընդլայնում, արտաքին լուսավորության անցկացում, խաղահրապարակի և մանկական
ավազամանի կառուցում, նախատեսվում է զրուցարանների, նստարանների, աղբամանների
տեղադրում:
Այգին հարմարեցված և մատչելի է լինելու հաշմանդամների և հատուկ կարիքներ ունեցող
բնակիչների համար: Այգու կանաչապատման նախագծի համաձայն առավելագույնս
կպահպանվեն առկա ծառատեսակները և թփերը, միաժամանակ կտնկվեն նաև նոր
ծառատեսակներ, թփեր և ծաղկատեսակներ: Կանաչ մակերեսը կկազմի այգու 70-75%:
Աշխատանքների համար նախատեսված է 34 մլն ՀՀ դրամ, որի 50 տոկոսը տրամադրվել է
Երևան քաղաքի համայնքային բյուջեից, 50 տոկոսը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի
կողմից:
Շինարարական աշխատանքներն այստեղ նախատեսվում է ավարտել սեպտեմբերին:
 Գայի պողոտայի և «Ջրաշխարհի» հարևանությամբ տեղակայված այգու
վերականգնման ծրագիր
2013թ. հոկտեմբերին Երևան քաղաքի ավագանին հավանություն է տվել ավագանու ՀՀԿ
խմբակցության անդամ Հովհաններս Թոքմաջյանի Գայի պողոտայի և «Ջրաշխարհի»
հարևանությամբ տեղակայված շուրջ 5.637 հա. անխնամ տարածքը որպես այգի վերականգնելու
և բարեկարգելու վերաբերյալ առաջարկին: Նախագիծը Երևան համայնքի համար
պատրաաստել են Երևանի ճարտարապետության և շինարարության պետական
համալսարանի երիտասարդ դասախոսները: Այգին, ըստ նախագծի, կունենա կանաչ
ամֆիթատրոն և կանաչ լաբիրինթոս: Տարածքում կտեղադրվեն զրուցարաններ, նստարաններ,
կկահավորվի մանկական և թենիսի խաղահարթակներով: Շատրվանից բացի այգում կլինեն
նաև ցայտաղբյուրներ: Ամբողջ տարածքը կլուսավորվի ինքնատիպ լուսամփոփներով: Կգործի
նաև սանհանգույց:
Այգին նախագծված է հաշվի առնելով հասարակության հատուկ կարիքներ ունեցող
բնակիչների համար անհրաժեշտ պայմանները։ Այգում նախատեսվում է նաև լրացուցիչ 2500
ծառ տնկել և իրականացնել կանաչապատման այլ աշխատանքներ։ Կանաչ տարածքների
պահպանումն ու խնամքն ապահովելու նպատակով նախատեսվում է անցկացնել 10 կմերկարությամբ ոռոգման ցանց: Այգում առկա հուշաքարերը և փոքր ճարտարապետական
ձևերը կնորոգվեն և բարետես վիճակի կբերվեն։
Նախագծի իրականացման համար Երևան համայնքի բյուջեից հատկացվել է 227.000.000
դրամ: Աշխատանքների ավարտը նախատեսվում է սույն թվականի նոյեմբերին:

 Քաղաքապետարան – երիտասարդություն համագործակցություն
Երևանի քաղաքապետին կից գործում է երիտասարդության հարցերի խորհուրդ, որի
կազմում ներգրավված են շուրջ 30 հասարակական, ուսանողական կազմակերպություններ և ոչ
ֆորմալ խմբեր: Խորհրդի հիմնական առաքելությունը երևանյան երիտասարդության
հիմնախնդիրների վերհանումն ու դրանց լուծման նպատակով առավել ակտիվ
երիտասարդական միավորումների համախմբումն է:
Խորհրդի կազմում տարբեր ուղղվածությունների կազմակերպությունների առկայությունն
ապահովվում է երիտասարդությանը հուզող հիմնախնդիրների մասին համակողմանի
տեղեկատվության հավաքագրումը և նպաստում՝ դրանց լուծման առավել արդյունավետ
ուղիների մշակմանը:
Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագերում մշտապես ներգրավվում
են խորհրդի կամավորները:
Խորհուրդն իրականացնում է ամենշաբաթյա ընթացիկ ծրագրեր, որոնք ուղղված են
երիտասարդների տարբեր հմտությունների զարգացմանը, հետաքրքիր ժամանցի
կազմակերպմանը: Այդ ծրագրեից են «Երբ բանավիճում են երիտասարդները» բանավեճի
ակումբը, որում ընդգրկված է 60 թիմ՝ 240 մասնակցով, անգլախոսների ակումբը (30 անդամ),
«Հայ երիտասարդ մտածողներ» ընթերցասերների ակումբը: 150 երիտասարդ մասնակից է Հայ
կամավորների մասնագիտացված բանկի, ովքեր իրենց պրակտիկան անցնում են շուրջ 50
պետական և ոչ պետական կառույցներում:

Բակային տարածքների բարեկարգում
Մայրաքաղաքի համաչափ զարգացման 2014թ. ծրագրերով Նոր Նորք վարչական շրջանում
նախատեսվում է կառուցապատել և բարեկարգել 47 բակային տարածք։ Զուգահեռաբար վարչական շրջանի այգիներում, փողոցներում ու բակային տարածքներում կտեղադրվեն նոր
զրուցարաններ, նստարաններ ու աղբամաններ։ Վարչական շրջանի ծրագրերով բարեկարգման
աշխատանքներ են ընթանում ևս 42 բակային տարածքում, որտեղ կասֆալտապատվի 14850 քմ և
կսալիկապատկվի 6500 քմ տարածք:
Զուգահեռաբար կիրականացվեն նաև նկարազարդման աշխատանքներ։ Բարեկարգման
աշխատանքներին զուգահեռ բակային տարածքներում իրականացվում են նաև
կանաչապատման, ինչպես նաև լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքներ:

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Հովհաննես Բարսեղյանի մահվան կապակցությամբ

Սերժ Սարգսյան

«Հովհաննես Բարսեղյանը մեր ավագ սերնդի այն նվիրյալ հայերենագետներից էր, ով տասնամյակներ շարունակ իր գործունեությամբ մեծ ավանդ բերեց թե՛ հայոց լեզվի ուսումնասիրության և թե՛ մայրենիի բարձրորակ մասնագետների պատրաստման գործին:

Խորին ցավակցություն եմ հայտնում վաստակաշատ լեզվաբանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Անկախ

Նախագահը հրամանագիր է ստորագրել

Սերժ ՍարգսյանԱյսօր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության կարգը:

Երկրի ղեկավարի հաստատած փաստաթղթով առաջին անգամ իրավական կարգավորման են ենթարկվում թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործառույթները, թեկնածուների ընտրության մրցույթի անցկացման և թեկնածուների առաջադրման ընթացակարգերը, ինչպես նաև դրանց հետ կապված մի շարք այլ հարցեր:

Նշված կարգի կիրառումը կոչված է ապահովել մեր պետության ստանձնած միջազգային պարտավորություններին և դրանցից բխող իրավական չափանիշներին համահունչ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների արդար, թափանցիկ և հրապարակային ընտրությունը:

 Անկախ

ՀՀ Նախագահի հրամանագրերը

սերժ սարգսյանԱՐԻՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը պատշաճ կատարելու համար զորամասի շարքային Նորայր Միքայելի ՔԱՄԱԼՅԱՆԻՆ պարգևատրել Արիության մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2014թ. Օգոստոսի 2
Երևան
ՆՀ-197-Ա

Անկախ

Նախագահը ներկա է գտնվել բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցված բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի բացմանը

7707_bՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում ներկա է գտնվել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և սպորտսմեններին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցված բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի պաշտոնական բացման արարողությանը:

Հանրապետության ղեկավարը շրջել է շենքային համալիրում, այցելել շահառուների բնակարաններ, ծանոթացել կատարված աշխատանքներին և բնակության պայմաններին:

Նշված բնակարանաշինական ծրագրի շրջանակում բնակարան ձեռքբերելու հնարավորություն են ստացել թվով 338 շահառուներ՝ 98 լրագրողներ, 112 բժիշկներ, 115 մանկավարժներ և 13 մարզիկներ: Բնակարանները շուկայականից զգալի ցածր գներով տրամադրվել են վերոհիշյալ թիրախային խմբերի երիտասարդ մասնագետներին: Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/8 և 55/11 հասցեներում 2012թ. մեկնարկած շենքային այս համալիրի կառուցապատման ընդհանուր մակերեսը կազմում է 48131քմ: Համալիրի հարակից տարածքը՝ շուրջ 11700 քմ. ընդհանուր մակերեսով, ամբողջությամբ բարեկարգվել է, կառուցվել են նոր կոմունիկացիոն համակարգեր, իրականացվել են կանաչապատման աշխատանքներ:

Շրջայցի ընթացքում ծրագրի պատասխանատուները Նախագահին ներկայացրել են նաև տարածքում նախատեսված առաջիկա անելիքները: Նշվել է, որ աշնանը կմեկնարկեն շենքերի հարակից տարածքում քաղաքային պուրակի ձևավորման և ծառատնկման աշխատանքները, որտեղ կկառուցվեն նաև մանկական խաղահրապարակներ և ծառուղիներ:

Բնակարանաշինական ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 5.864.923.000 ՀՀ դրամ: Ծրագրի իրականացման ընթացքում ստեղծվել է ավելի քան 900 աշխատատեղ:
 Անկախ

ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

3411_hqՀուլիսի 31-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Պորտուգալիայից և այլ երկրներից ժամանած «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին` համաձայն արդեն իսկ ձևավորված ավանդույթի:

Հանդիպման ընթացքում ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների, հայկական կառույցների ղեկավարներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարբեր երկրների և տարածաշրջանների հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը, տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը, Հայաստան-Սփյուռք կապերի առավել ամրապնդմանն ուղղված քայլերը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադառձավ նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Հանդիպման ավարտին փոխնախարար Կարեն Նազարյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Անկախ

ՀՀ վարչապետ. «Ամենակարևորը Հայաստան-Սփյուռք-Արցախ համատեղ ծրագրերի միջոցով մայր հայրենիքի հետ կապերի պահպանումն ու ամրապնդումն է»

Հովիկ ԱբրահամյանՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում հյուրընկալել է «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին: Դպրոցը կազմակերպվում է Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու հզորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-ների գործունեությանը և հայ համայնքների ինքնակազմակերպմանն աջակցելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Երկրի վարչապետը ողջունել է ամառային դպրոցի ներկայացուցիչներին, կարևորել դրա շարունակականությունը և ընդհանրապես նմանատիպ միջոցառումների պարբերական անցկացումը: «Նման ծրագրերը մեր երկրի համար շատ կարևոր են. ամենակարևորը, որ դրանց միջոցով պետք է փորձենք ամրապնդել կապը մայր հայրենիքի հետ և ակտիվացնել նման այցերը, առիթներ ստեղծենք, որպեսզի դուք կարողանաք այցելել հայրենիք», – դիմելով ներկաներին՝ նշել է գործադիրի ղեկավարը: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս կաջակցի Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդմանը նպաստող այսպիսի ծրագրերի իրականացմանը:
«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետին և ՀՀ սփյուռքի նախարարին ջերմ ընդունելության և ծրագրով նախատեսված միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու համար: Այնուհետև ծավալվել է անկաշկանդ զրույց, որի շրջանակում Հայաստանի վարչապետը պատասխանել է սփյուռքահայ հայրենակիցներին հուզող հարցերին: Կառավարության ղեկավարը ներկաների խնդրանքով անդրադարձել է ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության գերակայություններին, տնտեսական զարգացման առաջնահերթություններին, սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ ծրագրերի իրականացմանը, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի սերտացմանն ուղղված համահայկական ծրագրերի ֆինանսավորման ավելացմանը և այլ խնդիրների:
Եզրափակելով խոսքը՝ վարչապետ Աբրահամյանը հորդորել է ամառային դպրոցի մասնակիցներին շարունակել Մայր հայրենիքի սահմաններից դուրս հայապահպանության դժվարին ու պատվաբեր գործը:
«Սփյուռք» ամառային դպրոց ծրագիրն իրականացվում է 2012 թվականից Երևանի պետական համալսարանի հետ համատեղ: Այս տարի դասընթացներն իրականացվում են վեց ուղղությամբ՝ «Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթաց», «Սփյուռքի լրագրողների դասընթաց», «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց», «Հայոց լեզվի (արևմտահայերեն և արևելահայերեն) արագացված դասընթացներ», «Ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց» և 2014 թվականից նաև՝ «Սփյուռքի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների և աշխատակիցների վերապատրաստման դասընթաց»: Դպրոցը մեկնարկել է հուլիսի 7-ին՝ հայոց լեզվի դասընթացով, կեզրափակվի օգոստոսի 2-ին՝ համայնքային գործի կազմակերպիչների դասընթացով: Ընդհանուր առմամբ դպրոցի դասընթացներին մասնակցում է Սփյուռքից ժամանած շուրջ 250 մասնակից:

Անկախ